Զգույշ և ուշադիր եղեք ձեր ցանկությունների հանդեպ, քանզի ինչ ուզեք՝ այն էլ ստանալու եք: Ինչ տաք, այն էլ վերադառնալու է ձեզ: Եվ ինչ որ տեսնեք ձեր դիմացինի մեջ՝ այն էլ դուրս է գալու նրանից: Հրեշտակ տեսնեք՝ հրեշտակ դուրս կգա: Օձ տեսնեք՝ օձ դուրս կգա: Ուրեմն՝ ձեր դիմացինի մեջ հրեշտակ տեսեք և օձերի փոխարեն ձեզ հրեշտակներով շրջապատեք: Ուշադի՛ր եղեք ձեր մտքերի և աղոթքների նկատմամբ: Բայց եթե ուզում եք, որ աղոթքը տեղ հասնի՝ ծառերի պես աղոթք արեք: Ծառը երբեք չի երազում այն բաների մասին, որոնք իրենը չեն: Նա աղոթում է, որ լավ ջուր, պարարտ հող, ջերմացնող արև ու հոգատար տեր ունենա: Ուրեմն՝ ծառի պես աղոթեք և նրա պես խնդրեք:
Ավելորդն ափսոսալու եք դեն նետել, և այն ձեզ բեռ է դառնալու ողջ կյանքի համար: Ուրեմն ասում եմ՝ վերցրեք այն, ինչը ձերն է, և մերժեք այն ամենը, ինչը ձեզ համար չէ: Հեռու մնացեք չարից և չար փափագներից, այլապես անհուսորեն կհեռանաք ինքներդ ձեզնից: Մերձեցեք ծառերին և հեռու կլինեք չարից: Ինչպես դուք եք տեսնում տիեզերքը՝ այնպես էլ նա է արտացոլում ձեզ, քանի որ ձեր ստացածը հենց ձեզանից դուրս եկածն է: Բարի հայացքով նայեք՝ բարություն կստանաք, չարությամբ նայեք՝ չարություն կստանաք: Տիեզերքն այն հայելին է, որն անդրադարձնում և վերադարձնում է մեր մտքերն ու ցանկությունները: Նաև իմացեք, որ նյութականանալու են ձեր բոլոր մտքերը՝ լինեն բարի, թե լինեն չար:
Հազա՜ր վայ չար մտքեր խորհողներին:
Առակ
[ցանկությունների մասին]
Մի անգամ մոլորյալ մի մարդ հրաշագործին հանդիպեց: Տեսնելով նրա սրտի տրտմությունն ու հոգու թախիծը՝ հրաշագործն ասաց նրան.
– Ո՜վ մարդ, տեսնում եմ, որ օգնության ես կարոտ: Ո՞րն է քո ցանկությունը: Ասա, և ես կկատարեմ այն:
– Ո՜վ հրաշագործ, ես ուզում եմ երջանիկ լինել, – պատասխանեց մարդը:
– Շատ լավ, հիմա կլինես,– ասաց հրաշագործը:
Հաջորդ վայրկյանին մարդը ձկնորսի կերպարանք առած հայտնվեց գետի մեջ՝ ուռկանը ձեռքին: Նա տարակուսանքով ու այլայլված դիմեց հրաշագործին.
– Բայց ինչու՞… Ինչու՞ հենց ձկնորս… Մի՞թե ես սա էի ցանկանում:
– Դու չասացիր, թե ինչ ես ցանկանում, այլ ասացիր, որ ուզում ես երջանիկ լինել: Իսկ երկրային կյանքում կա՞ ավելի մեծ երջանկություն, քան ձկնորս լինելը… Ուրեմն՝ համակերպվիր ու երջանիկ եղիր, զավակս, – պատասխանեց հրաշագործն ու հեռացավ: