Օդի մասին

Օդը պետք է, որ այրվեք: Քանզի առանց օդի ու առանց այրվելու անգամ շունչ չեք առնի: Վայելե՜ք այն հրաշալի պարգևը, որը կյանք է կոչվում: Լիաթոք ծծեք օդը ու հաճույքո՜վ այրվեք, քանզի դա է Ոգու ցանկությունը և լավագույնը ձեզ համար: Մի՞թե ավելի լավ ճակատագիր կարող եք պատկերացնել ինքներդ ձեզ համար: Ուրեմն՝ վայելեք օդի ամեն մի հյուլեն, որը մտնում է ձեր թոքերն ու խառնվում ձեր արյանը: Դարձյալ ասում եմ ձեզ՝ օրինակ վերցրեք ծառերից, որոնք օդ են շնչում և ապա իրե՛նք են օդ ստեղծում: Սա է բարձրագույն կատարելությունը:

Բայց դուք տակավին շա՜տ հեռու եք ծառերի կատարելությունից, ուստի բավարարվեք միայն օդ շնչելով, բայց ամեն շնչի հետ մի՛ մոռացեք օրհնել օդը և, հատկապես, օդը ստեղծողին: Եվ շնչելիս էլ ծառերի պես եղեք, որոնց կլանած օդը ոչ միայն իրենց ճյուղերին, տերևներին, բնին ու արմատներին է գնում, այլ նաև հողին է անցնում ու սնուցում հողի մեջ ապրող էակներին: Ուստի՝ ծառերի պես սիրեք և վայելեք օդը:

Եթե մի օր ձեզ այցելի բարձրագույն իմաստությունը, ծառերի օրինակով կկարողանաք նաև օդ արարել: