1.
– Արի գնանք Իտալիա:
Էլիզան շփոթվեց և շիկնեց: Միանգամից չպատասխանեց: Նայեց Միքայելի աչքերին՝ ասես այնտեղ փնտրելով իր պատասխանը, հետո ժպտաց ու հարցրեց.
– Իսկ ինչու՞ հենց Իտալիա:
Միքայելը սպասում էր այդ հարցին: Մի կում արեց սառող սուրճից, անձեռոցիկով սրբեց շուրթերն ու անթաքույց հաճույքով պատմեց.
– Այնտեղ մի քաղաք կա, փոքրիկ մի քաղաք Ադրիատիկ ծովի ափին: Անունը՝ Ռիմինի: Այդ փոքրիկ քաղաքում մի մեծ մարդ է ծնվել և ապրել՝ Ֆեդերիկո Ֆելլինի անունով: Միգուցե տեսե՞լ ես նրա ֆիլմերը:
– Ո՞ր մեկը:
– Օրինակ՝ «Քաղցր կյանքը»: Մարչելո Մաստրոյանին է խաղում:
– Չէ, չեմ տեսել, – ծոր տվեց Էլիզան: – Բայց կնայեմ:
– Անպայման նայիր:
– Ահա: Կարծեմ մեր Փելեշյանին անվանում են վավերագրական կինոյի Ֆելլինի, չէ՞:
– Այո, բրավո, Էլիզա: Բայց խոսքս Ֆելլինիի մասին չէր: Եվ ոչ էլ Մաստրոյանիի: Այդ քաղաքում մի գաղտնիք կա: – Միքայելը լռեց՝ խորհրդավոր ժպիտը երեսին, ու կրկին մի կում արեց արդեն սառած սուրճից:
– Ի՞նչ գաղտնիք, – անկեղծորեն հետաքրքրվեց Էլիզան: Նրան հաստատ դուր էին գալիս գաղտնիքները և, հատկապես, դրանք բացահայտելը:
Միքայելն ավելի լայն ժպտաց.
– Մի հրաշք…
– Դե ասա՛, ինձ մի՛ տանջիր:
– Չէ, այսպես չեմ ասի: Պիտի գնանք, որ մեր աչքով տեսնենք:
Աղջիկը լռեց: Չգիտեր ինչ պատասխանի Միքայելին, որ նրա սիրտը չկոտրի, բայց և հույսեր չտա:
– Չգիտեմ: Կապրենք-կտեսնենք: Իսկ դու եղե՞լ ես Իտալիայում և այդ Ռի… Ռի…
– Ռիմինիում:
– Այո, Ռիմինիում:
– Ոչ, դեռ չեմ եղել: Բայց կլինեմ: Ու շատ եմ ուզում հենց քեզ հետ լինել:
Էլիզան ժպտաց ու ինքն էլ կում արեց կապուչինոյի բաժակից: Հետո հարցրեց.
– Իսկ որտեղի՞ց գիտես այդ քաղաքի և այդ հրաշքի մասին, եթե ինքդ չես եղել:
– Պապիկս է պատմել:
– Պապի՞կդ:
– Այո, պապիկս:
– Նա եղե՞լ է Իտալիայում:
– Այո, եղել է:
– Հետաքրքիր է…
– Այո, հետաքրքիր և տխուր մի պատմություն է: Una storia d’amore…
– Ի՞նչ, – զարմացավ աղջիկը:
– Իտալերեն է՝ Մի սիրո պատմություն:
– Մերժված սիրո մասի՞ն:
– Սիրո մասին… Տխուր մի պատմություն սիրո մասին:
– Ես չեմ ուզում տխուր պատմություն լսել: Ինձ ուրախ բաներ պատմիր:
– Լավ, պատմեմ: Այդ քաղաքում մի հին կամար կա: Ասում են՝ ժամանակին Օգոստոս կայսրն է կառուցել:
– Հենց կայսրն անձա՞մբ:
– Չեմ կարծում: Թևավոր խոսք է: Շինարարներն են կառուցել՝ կայսեր հրամանով:
– Աա՜, – գլխով արեց Էլիզան, -հիմա պարզ է:
– Բայց խոսքս այդ կամարի մասին չէ: Կամարից ոչ հեռու մի հին սրճարան կա, որտեղ շատ համեղ պաղպաղակ են մատուցում:
– Երևի կայսեր բաղադրատոմսով: – Էլիզան, ինքն իր հումորից հրճված, ծիծաղեց՝ ցուցադրելով մարգարտաշարի պես գեղեցիկ ատամները:
Միքայելն ինքն էլ ծիծաղեց ու շարունակեց.
– Այդ մեկը չգիտեմ: Հավանական է: Բայց անգամ պաղպաղակն էական չէ: Էականն այն է, որ այդ սրճարանում մի հրաշք կա:
– Է՜, չես ասում ինչ հրաշք: Դարձյալ տանջում ես ինձ:
– Ես ինքս չգիտեմ: Պապիկս գիտի, բայց ինձ էլ չի ասում: Միայն տխուր ժպտում է և ասում՝ կգնաս և կտեսնես: Բայց ես չեմ ուզում մենակ գնալ: Արի միասին գնանք և տեսնենք այդ հրաշքը: Չէ՞ որ դու սիրում ես հրաշքներ:
– Սիրում եմ: Շատ եմ սիրում, բայց… չգիտեմ: Կներես…
– Մի տխրիր, խնդրում եմ: Ես չեմ հայտնվել, որ դու տխրես: Ես հայտնվել եմ, որ քո տխրությունը հօդս ցնդի և այլևս երբեք չվերադառնա:
Էլիզան տխուր նայեց հեռուն ու դանդաղ ասաց…
– Չգիտեմ… Ինձ շատ են տխրեցրել… Ես այլևս չեմ ուզում տխրել և տառապել… Կներես ինձ…
Միքայելը ոչինչ չասաց: Ցուցամատով շատ զգուշորեն հպվեց Էլիզայի ցուցամատի ծայրին ու զգաց, որ աղջկա մարմնով ալիք անցավ… Էլիզան հետ քաշեց ձեռքն ու հազիվ կմկմաց.
– Կներես, ես արդեն պիտի գնամ: Ժամանակն է…
– Այո, իհարկե: Ես քեզ կուղեկցեմ:
– Միայն մինչև փողոցի անկյունը:
Փողոցի անկյունում՝ լուսացույցի կարմիր լույսի հետադարձ հաշվարկին մի քանի վայրկյան էր մնում: Միքայելը, ասես պատահաբար, կրկին զգուշորեն դիպավ Էլիզայի մատներին: Աղջիկն օդի մեջ ժպտաց ու շտապեց անցնել փողոցը: Փետրվարյան օրը մեկեն հարյուրավոր արևներով լցվեց ու ասես հազարավոր սոխակների դայլայլը պարուրեց հնամենի քաղաքի:
Միքայելը երկար նայեց էլիզայի հետևից՝ մինչև վերջինս կորավ տեսադաշտից: Ապա դանդաղ քայլերով չափեց մի ակնթարթում սիրելի դարձած գորշ մայթը, որի վրա ամենուր աղջկա անտեսանելի ոտնահետքերն էին:
2.
Էլիզային ճանապարհելուց հետո Միքայելը քայլեց դեպի եկեղեցի: Սրտի խռովքն ու գաղտնիքը բառերով պատմելու մի աննկարագրելի պահանջ էր զգում: Կիսախավարի մեջ մի քանի մարդկանց և մոմավաճառ տիկնոջը նկատեց: Հանեց գլխարկն ու անձայն քայլեց դեպի աչքից հեռու իր սիրելի անկյունը: Խունկի բույրը նրան դաշտի ծաղիկները հիշեցրեց ու տարօրինակ մի գլխապտույտ զգաց: Նստեց փայտե աթոռին ու իջեցրեց հայացքը:
Եկեղեցուց դուրս եկավ և գնաց գրասենյակ: Ընդմիջման ժամն արդեն ավարտվել էր, սակայն ղեկավարությունը սովոր էր Միքայելի ազատ աշխատաոճին: Տեղավորվեց համակարգչի մոտ ու սկսեց արագորեն աչքի անցկացնել վերջին լուրերն ու նամակները: Գրեթե բոլորը նույն թեմայով էին՝ համավարակ: Քթի տակ ժպտաց. նման հեքիաթների ինքը չէր հավատում: Մարդիկ սիրում են տագնապների տրվել, բայց դա, հաստատ, իր համար չէ: Համավարակ քսանմեկերոդ դարում… Մի քիչ անհավանական է հնչում: Հետո աչքի անցկացրեց չվերթները: Դեպի Իտալիա երկու նոր չվերթ կար՝ գրեթե ծիծաղելի ցածր գներով: Հռոմ և Միլան… Հռո՞մ: Թե՞ Միլան… Բացեց քարտեզը: Երևի Հռոմ: «Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ»: Դարձյալ ժպտաց: Երբ քայլում ես ճակատագրին ընդառաջ՝ ճակատագիրն էլ քեզ է ընդառաջ գալիս: Հռոմից կարելի է գնացքով հասնել Ռիմինի: Երևի կարելի է: Կամ էլ՝ ավտոբուսով: Երկուսն էլ լավն են: Բայց գնացքով կարծես ավելի հետաքրքիր է: Կարելի է սուրճ վերցնել և վայելել պատուհանից դուրս սփռված պատկերները… Եվ Էլիզան՝ իր կողքին… Լսել նրա զրնգուն ձայնը և հիանալ նրա գեղեցկությամբ: Երևի անգամ իտալուհիները կնախանձեն նրա հմայքին… Հասնել Ռիմինի, գտնել Օգոստոսի կամարը, սրճարանը: Երկու գավաթ կապուչինո պատվիրել և սպասել հրաշքին…
«Դե լավ, ժամանակից առաջ մի ընկիր, – ինքն իրեն հանդիմանեց Միքայելը: Հանգստացիր: Դեռ փետրվար է: Դու կարող ես ճամփորդել լավագույն դեպքում հոկտեմբերին: Էլի վատ չէ: Բայց պետք է պատրաստվել: Մի քիչ իտալերեն պարապել և, որ կարևորն է, դարձյալ խոսեցնել պապիկին: Թող պատմի հրաշքի մասին, որը միայն Ռիմինիում է լինում և միայն Օգոստոսի կամարի հարևանությամբ… Հանուն դրա հաստատ կարելի է գնալ Իտալիա…»:
Օրվա մնացած մասը Միքայելն անցկացրեց նամակներին պատասխանելով և արտասահմանյան գործընկերներին հանգստացնելով: Հայաստանում համավարակ չկա: Ամեն ինչ բաց է, և հյուրընկալ հայերը սիրով սպասում են օտարերկրացի զբոսաշրջիկներին: Համեցեք, զմայլվե՜ք և վայելե՜ք… Կյանքը հիասքանչ է: Ինչպես Ֆելլինին կասեր՝ La dolce vita… Հիրավի, քաղցր է կյանքը, այնքան քաղցր ու թանկ, երբ գիտես, որ մի աղջիկ հիմա քո մասին է մտածում… Տեսնես ի՞նչ է մտածում… Երևի ինքն իրեն հարցնում է՝ «Բայց ախր ինչպե՞ս… Ո՞վ ես դու, Միքայել: Ինչու՞ դու հայտնվեցիր իմ կյանքում…»:
3.
Աշխատանքից դուրս գալով՝ Միքայելը մտավ գրախանութ: Նա ընդհանրապես խանութներ չէր սիրում: Սպառողական հոգեբանությունը բացարձակապես խորթ էր նրան: Սակայն երկու խանութ կային, որ հաճույքով էր մտնում՝ գրախանութ և գործիքների խանութ: Վերջինս ավելի հեռու էր: Բացի այդ, ցանկանում էր ինչ-որ գրքույկ նվիրել պապիկին: Նոր գործիք գնելու իմաստ չկար. պապիկը վաղուց իր բոլոր գործիքները նվիրել էր Միքայելին՝ իր մոտ պահելով միայն մի ծալովի դանակ, որը դարձյալ Միքայելն էր նվիրել Ամանորի առիթով:
Սկսեց աչքի անցկացնել գրքերը: Հերման Հեսսե, Նիցշե, Մակիավելլի… Ռիչարդ Բախ, Թումանյան, Բորխես… Բորխե՞ս… Հմմ… Մարկես, Ջեք Լոնդոն… Կարելի է, Լոնդոնը միշտ էլ լավն է: Քամյու՝ «Ժանտախտը»… Երևի ոչ: Ջորջ Օրուել՝ «1984», Կոստան Զարյան… Դոստոևսկի, Չեխով… Հեմինգուեյ… Դանտե, «Ռոբինզոն Կրուզո», Դովլաթով… Ոչ, հաստատ ոչ: Էքսյուպերի՝ «Փոքրիկ Իշխանը»… Հմմ… Անգլիական ժամանակակից արձակ… Ոչ… Հեմինգուեյ, Չինական պոեզիա…Մուրակամի… Ոչ…
Միքայելի աչքերը շլացան: Գրքերի բազմազանությունը միշտ էլ հիացնում էր նրան, սակայն ընտրություն կատարելը տառապանքի պես մի բան էր: Հատկապես որ ամեն գիրք մի գոհար էր: Վերադարձավ շարքի սկիզբը: Բորխես՝ «Բաբելոնյան գրադարան»… Իր սիրած գրքերից էր, սակայն պապիկի համար բարդ կլինի: Զարյա՞ն: Զարյանն ապրել և ուսանել է Իտալիայում: Միգուցե պապիկին հետաքրքիր լինի… Մի րոպե… Հեմինգուեյ՝ «Ծերունին և ծովը»… Պարզ և հանճարեղ մի պատմություն ծեր ձկնորսի, ծովի և մեծ ձկան մասին: Պապիկը պատմել էի, որ ջահել ժամանակ նաև ձկնորսությամբ է զբաղվել… Հաստատ, «Ծերունին և ծովը»: Հրաշալի գործ է:
Միքայելը վերցրեց գիրքը և մոտեցավ դրամարկղին: Թթված դեմքով աղջիկը ոչ առանց ափսոսանքի ցած դրեց ձեռքի հեռախոսը, զննեց գիրքը, ինչ-որ բան նայեց համակարգչի մեջ ու հարցրեց.
– Զեղչի քարտ ունե՞ք:
– Ավա՜ղ…
– Երկու հազար դրամ:
Միքայելը վճարեց, վերցրեց գրքույկն ու ուղևորվեց պապիկի տուն:
Դուռը զանգ տալու կարիք չեղավ. Միքայելը բանալին վաղուց էր պատճենահանել: Պապիկը՝ մոր հայրը, բազկաթոռի մեջ թիկն տված, հեռուստացույցով կենդանիների մասին հաղորդում էր նայում:
– Բարի երեկո, պապիկ, – բարձր ձայնով ասաց Միքայելը դեռ միջանցքից, որ ծերունին հանկարծակիի չգա:
– Աա՜, Միքայել, բարև, տղաս, բարև… Ներս արի՝ տեսնեմ:
Միքայելը համբուրեց պապիկի գլուխը և ասաց.
– Տես, քեզ նվեր եմ բերել: – Հանեց գրքույկն ու արտիստիկ հանդիսավորությամբ մեկնեց պապիկին:
Ծերունին ճապոնացու պես երկու ձեռքով վերցրեց գիրքն ու չորացած մատներով սկսեց շոշափել գրքի բարակ շապիկը: Միշտ այդպես էր անում և սովորեցնում Միքայելին.
– Գիրքը նախ պիտի շոշափես, հետո՝ հոտ քաշես: Վատ գրքից վատ էլ հոտ է գալիս: Հետո պիտի անակջ դնես: Լավ գրքից լավ ձայներ են գալիս: Ու դրանից հետո միայն սկսես աչքերով կարդալ: Ափսոս, որ համը տեսնել չի լինում, – ասում էր ու ինքն էլ ծիծաղում իր հումորի վրա:
Միքայելը հանեց վերարկուն, լվացվեց ու տեղավորվեց պապիկի կողքին: Վերջինս փոխեց ակնոցն ու ցածրաձայն կարդաց վերնագիրը.
– «Ծերունին և ծովը»… – Ապա դիմեց Միքայելին.
– Լավ գիրք է երևում: Այս սպիտակահեր մարդը հեղինա՞կն է:
– Այո, պապիկ:
– Հմմ, լավ մարդ է երևում:
– Հաստատ: Անունը Էռնեստ Հեմինգուեյ է: Ինքն էլ էր սիրում ձուկ բռնել, ծխել և կոնյակ խմել: Ասում են՝ նաև գեղեցիկ կանանց էր սիրում:
Վերջին բառերի վրա պապիկը ժպտաց, անջատեց հեռուստացույցը, հանեց ակնոցն ու կրկնեց.
– Գեղեցիկ կանանց… – ասաց ու լռեց: Ինչ-որ տխրություն անցավ նրա կնճռոտ դեմքի վրայով:
– Ի՞նչ եղավ, պապիկ, ի՞նչ հիշեցիր:
– Ես քեզ պատմե՞լ եմ Իտալիայի մասին: – Փոքր դադարից հետո հարցրեց ծերունին:
– Այո, իհարկե: Բայց կրկին պատմիր: Ես սիրում եմ այդ պատմությունը:
Պապիկը խունացած աչքերը հառեց սևակն պատուհանից դուրս, լռեց, ու սենյակում նրա ծանր շնչառությունը տարածվեց: Ակնդետ հայացքով պատուհանին էր նայում: Հետո կրկին շոյեց գրքույկն ու ասաց.
– Պատերազմի ժամանակ ես հայտնվեցի Իտալիայում՝ պարտիզանական ջոկատում: Տարբեր ազգի մարդիկ կային մեջ ջոկատում՝ ռուսներ, իտալացիներ, իսպանացիներ, անգամ մի խափշիկ տղա՝ չգիտեմ որտեղից:
– Երևի ամերիկյան զորքից էր դուրս մնացել:
– Չգիտեմ: Երևի… Հետո ամերիկացիները եկան, ու գերմանացիները հեռացան: Բոլորը ցնծում էին, պարում ու երգում: Ուտելիք շատ չկար, բայց ամերիկյան գլանակներ կային և իտալական գինի: Դու իտալական գինի խմած կա՞ս:
– Իհարկե, այստեղ բերում են: Խմել եմ:
– Չէ՜, իտալական գինին պիտի Իտալիայում խմես: Իրենց գյուղերում պատրաստում են: Անմահական բան է: Կամ էլ, միգուցե, ջահել էինք, և ամեն ինչ մեզ հրաշքի պես էր թվում:
– Ինձ կպատմե՞ս հրաշքի մասին:
– Սպասիր, կպատմեմ: Բայց քեզ մի այլ բան եմ ուզում պատմել: Այդ գյուղում, որն ազատագրեցինք գերմանացիներից, մի գեղեցկուհի աղջիկ կար: Անունը՝ …Աստված հիշողություն տա… Հա, հիշեցի, անունը Սիլվիա էր:
Պապիկը լռեց: Միքայելը մի քիչ սպասեց ու հարցրեց.
– Հետո՞:
– Էլ ի՞նչ հետո… Սիլվիան սիրահարվեց ինձ: Ես էլ նրան: Երևի գինուց էր կամ էլ ազատության օդից…
– Հետո ի՞նչ եղավ:
– Հետո մեզ տարան Ռիմինի, որ նավով ճանապարհ դնեն: Սիլվիան լաց էր լինում: Ասաց՝ մնա: Միքելե, resta con me, Michele… Ռիմինիում էր: Աղջիկը լաց էր լինում, իսկ ես չգիտեի ինչ անեմ: Ես սիրեցի նրան, շատ սիրեցի, բայց Հայաստանս շատ էի կարոտել… Նրան ասացի՝ արի գնանք Հայաստան: Լաց եղավ աղջիկը: Ասաց՝ ծնողներս չեն թողնի… Ու այդպես, երկուսս էլ լաց լինելով հասանք կամարի մոտ՝ Ադրիատիկի ափին: Մի սրճարան կար, ուր համեղ պաղպաղակ էին տալիս: Նստեցինք, ու հենց այդտեղ տեսա հրաշքը:
– Պատմիր, խնդրում եմ:
– Այդ կետը խորհրդավոր կետ է, Միքայել: Այդ կետում ժամանակը կանգ է առնում: Այդ կետում դու ամեն ինչ ես տեսնում… Մայրամուտը կանգ էր առել ինչպես նկարչի կախարդական մի նկարում: Սիլվիան արդեն լաց չէր լինում, բայց արցունքը մնացել էր նրա այտին ու ցած չէր սահում…
Պապիկը լռեց: Միքայելն էլ լռեց, որ ծերունուն ավելորդ անգամ ցավ չպատճառի: Մի քանի վայրկյան անց պապիկն ինքը շարունակեց.
– Դե մնացածը գիտես, պատմել եմ: Սիլվիան մնաց Իտալիայում, իսկ ես վերադարձա Հայաստան: Բայց սիրտս մնաց այնտեղ… Հայաստան չհասա: Դատեցին որպես իտալական լրտեսի: Կես ժամ չտևեց: Սահմանից բոլորիս ուղիղ Սիբիր քշեցին: Տասը տարով…
Սենյակում լռություն տիրեց: Այնպիսի տպավորություն էր, կարծես լսվում էր, թե դրսում տեղացող ձյան փաթիլներն ինչպես են նստում պատուհանագոգին: Պապիկը կրկին շոյեց գրքույկն ու դիմեց թոռանը.
– Միքայել, կգնաս Ռիմինի, կնստես այդ սրճարանում ու մի բաժակ գինի կխմես: Ինձ էլ կտեսնես, երբ ժամանակը կանգ առնի: Սիլվիային էլ… Նա այնքան գեղեցիկ ատամներ ուներ…
Պապիկը միացրեց հեռուստացույցը՝ երևի ծանր մտքերը ցրելու համար: Բոլոր ալիքներով համավարակի մասին էին խոսում:
– Այս ի՞նչ են ասում, տղաս: Այս ի՞նչ վարակ է:
– Ինչ-որ նոր վարակ է, պապիկ: Ասում են շատ արագ է տարածվում:
– Հա՜, վարակ… Աստված է՛լ բեթարից ազատի, Միքայել: Ոչ մի բանից չվախենաս, տղաս: Գնա, հոգնած կլինես:
– Լավ, պապիկ: Բայց գիրքը կկարդաս:
– Կկարդամ տղաս, անհոգ եղիր:
– Բարի գիշեր, պապիկ: Լավ եղիր:
Պապիկը չպատասխանեց: Հայացքն իջեցրած շոշափում էի Հեմինգուեյի հատորյակը:
Միքայելը բանալիով կողպեց դուռն ու իջավ ներքև: Բակի լույսի տակ երազկոտ խաղով ցած էին թափվում ձյան ճերմակ փաթիլները:
4.
Շաբաթ առավոտ էր: Զգուշորեն բացեց դաշնամուրի կափարիչը: Մի քանի օր չէր նվագել: Մատները խանդաղատանքով դրեց ստեղներին՝ առանց սեղմելու: Նայեց դաշնամուրի վերևում կախված լուսանկարին: Հետո հիշեց, թե ինչպես էր պապիկն ուսումնասիրում իր նվիրած գիրքը: Տանը մենակ էր, ուստի չվախեցավ, որ իրեն խելագարի տեղ կդնեն: Կռացավ և հոտ քաշեց ստեղներից, ապա, ասես ինքն իրենից ամաչելով, լեզուն հպեց սև նոտաներից մեկին: Շոյեց ստեղնաշարը, ու ջերմ մի սարսուռ անցավ մարմնով: Վերցրեց իր սիրած տոնայնություններից մեկը՝ մի բեմոլ մինորը, ապա սահուն անցում կատարեց դո դիոզ մինորի: Երկար վայելում էր բեթհովենյան տոնայնության լուսնաքող հմայքը մինչև որ ութ նոտայանոց ակորդի հնչունները տարալուծվեցին սենյակի պատերի ու առաստաղի մեջ: Հետո երկար վարժանք էր անում, որ ընդդարմացած ու սառած մատները լիովին զգան ստեղների հպումն ու դինամիկան: Բարձացավ ու իջավ՝ ընդգրկելով բոլոր ութսունութ ստեղները: Երկու ժամ անց որոշեց փոքրիկ ընդմիջում անել: Գնաց խոհանոց ու մի գլանակ վառեց: Սենյակում չէր ծխում, քանի որ այնտեղ մի սիրելի թուփ ուներ: Հազվագյուտ բույս էր՝ չինական անհասկանալի և անարտասանելի անունով, բայց չինական պեզիայի պես նուրբ ծաղիկներով և փոքրիկ նարնջագույն պտուղներով:
Բացեց նեղլիկ պատուհանը ու թոքերի ծուխն ուղարկեց փետրվարյան երկնքին: Բակում ոչ ոք չկար: Միայն տասը-տասներկու տարեկան մի փոքրիկ աղջնակ, որ երևի դպրոցից տուն էր վերադառնում, ուսապարկը դրել էր բակի նստարանին ու ժլատ ձյան կույտերից փորձում էր ձնեմարդ պատրաստել: Բայց ձյունը կպչուն չէր, և ձնեմարդ սարքել չհաջողվեց: Աղջնակը սկսեց ինքն իր հետ ձնագնդի խաղալ: Միքայելի ականջին հասավ նրա զրնգուն ծիծաղը: Մի պահ մտածեց, թե ինչ հաճույքով հիմա կիջներ բակ և կխաղար այդ երեխայի հետ, բայց և միանգամից իրենից վանեց այդ միտքը: Հիշեց իր երեխաներին՝ տղային և աղջկան: Տխրությունը սահեց նրա դեմքով ու մնաց ճակատի կնճիռների մեջ: Հանգցրեց գլանակը, վերցրեց հեռախոսը, որ զանգի աղջկան բայց միտքը փոխեց ու անջատեց զանգը:
Այդ պահին բակում խաղացող աղջիկը վերջացրեց իր խաղը, վերցրեց պայուսակը ու արագ քայլերով գնաց տուն: Երևի մայրը կամ տատիկն արդեն անհանգստանում էին:
Միքայելը վերադարձավ սենյակ: Դարակից հանեց նոտաների տետրը, բացեց «Լուսնի սոնատի» էջն ու մատները զգուշորեն հպեց ստեղներին: Սենյակը լցվեց Բեթհովենով և աստվածային տրամադրությամբ…
Միայն երեկոյան կարողացավ կտրվել դաշնամուրից: Մոտեցավ պատուհանին: Երկնքում արդեն լուսինն էր երևում, չնայած արեգակը դեռ լրիվ մայր չէր մտել: Առանց դաշնամուրի կափարիչը փակելու, հագնվեց ու դուրս եկավ փողոց: Մեծ քաղաքն անցնում էր գիշերային կյանքին: Մեքենաների անտանելի հոսքն ասես մրցակցում էր մայթերով ճեմող մարդկանց խմբերի հետ: Եվ միայն խաչմերուկների եռագույն լույսերն էին մի պահ հաշտեցնում նրանց:
Քայլեց իր սիրելի մայթով՝ ամենուր Էլիզայի ոտնահետքերը փնտրելով:
5.
Էլիզան մի քիչ այլայլված էր: Ընկերուհին դա, իհարկե, նկատել էր, սակայն չէր շտապում հարցեր տալ: Խոտաբույսերով թեյ պատրաստեց, ինչ-որ չրեղեն և կոնֆետներ դրեց սեղանին: Էլիզան ձեռքերով գրկեց տաք բաժակը, փոքրիկ կում արեց անուշաբույր հեղուկից ու ասաց.
– Լավ թեյ է: Ինչո՞վ ես սարքել:
– Սարերի խոտաբույսերով՝ ուրց, դաղձ և էլի ինչ-որ բաներ, որ ձեռքիս տակ ընկան:
– Շատ համեղ է: Այս ցուրտ եղանակին ավելի լավ բան հնարավոր չէր համտեսել:
– Բայց այնքան էլ ցուրտ չէ, – նկատեց Մարինան:
Էլիզան չպատասխանեց: Դարձյալ մի կում արեց, ցած դրեց բաժակն ու առանց աչքերը բարձրացնելու ասաց.
– Չգիտեմ: Իմ մեջ ցուրտ է: Ես չգիտեմ ինչ անեմ, Մարինա: Չգիտեմ… Նա այնքան լավն է, այնքան հոգատար ու զգայուն: Նա ինձ լրիվ զգում և հասկանում է: Անգամ բանաստեղծություն է նվիրել: Կուզե՞ս կարդամ մի հատված:
– Իհարկե: Եթե շատ անձնական չէ՝ կարդա:
Էլիզան բացեց հեռախոսը, գտավ Միքայելի հաղորդագրությունների էջն ու նազանքով կարդաց.
– Գարունը տաք՝ քո կրծքի տակ,
Անձրևն լացող՝ մազերիդ ցող,
Աչքերդ ջինջ՝ ինչպես հակինթ,
Մաշկդ թավիշ՝ ինչպես հաշիշ…
Էլիզան փակեց հեռախոսը: Վերցրեց թեյի բաժակը, սակայն առանց խմելու հետ դրեց սեղանին:
– Ես չգիտեմ ինչ անեմ: Միքայելն այնքա՜ն լավն է: Երևի շատ կանայք կերազեին նման սիրո մասին… Բայց ես չգիտեմ: Չեմ կարողանում կողմնորոշվել: Ես դեռ հիշում ու երազում եմ նրա մասին: Ինչու՞ նա ինձ թողեց, ինչու՞…
– Հանդարտվիր, Էլիզա: Թող անցյալում այն, ինչն արդեն անցել է:
– Բայց ես անընդհատ նրա մասին եմ մտածում: Անընդհատ: Ես երևի հիվանդ եմ:
– Կոչվում է սիրո հիվանդություն: Ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը:
– Այնքա՜ն լավ էր նրա հետ: Աշխարհն ասես իմն էր: Ես երջանիկ էի, շատ երջանիկ:
Մարինան ժպտաց.
– Իսկ ի՞նչ է երջանկությունը, Էլիզա:
– Երջանկություն չկա: Կան միայն երջանիկ պահեր, և այդ պահերով է պետք ապրել:
– Մի քիչ համաձայն չեմ քեզ հետ: Երջանկություն կա: Համենայն դեպս՝ կարող է լինել: Ես դա գիտեմ: Դու գիտես իմ կյանքի պատմությունը:
– Գիտեմ, իհարկե, գիտեմ…
– Իսկ ինչպե՞ս հայտնվեց Միքայելը:
– Այդպես առաջին ձնծաղիկներն են հայտնվում՝ հանկարծ ու հրաշքով: Մի քիչ նամակագրվեցինք: Հետո ինձ հրավիրեց սրճարան: Ես շատ քիչ ժամանակ ունեի և, ինչպես միշտ, ուշացա: Նա դռան մոտ ինձ էր սպասում: Ես քսան րոպեի էի տրամադրվել, բայց համարյա մեկուկես ժամ նստեցինք ու զրուցեցինք: Նրա հետ այնքան հետաքրքիր է: Կարելի է անվերջ լսել նրան ու շատ բաներ սովորել: Իսկ այսօր նա ինձ հետաքրքիր առաջարկություն արեց:
– Մի՞թե ամուսնության, – զարմացավ Մարինան:
– Չէ՜, – Էլիզան շիկնեց, և նրա այտերին փոսիկներ հայտնվեցին: – Առաջարկեց միասին Իտալիա գնալ: Խոստացավ ինձ այնտեղ մի ինչ-որ հրաշք ցույց տալ:
– Ե՞վ, դու ի՞նչ պատասխանեցիր:
– Իսկ ի՞նչ պետք է պատասխանեի: Ասացի՝ Չգիտեմ, կմտածեմ: Հետո փախա:
– Փախա՞ր:
– Դե՜ ոչ այդ իմաստով: Պարզապես շտապեցի հեռանալ, քանի որ չգիտեի ինչ պատասխանել: Նա շատ լավն է, նրա հետ շատ հետաքրքիր է: Նրա հետ հեշտ է և ապահով: Ես ինձ լրիվ պաշտպանված եմ զգում, երբ նա կողքիս է, բայց…
– Ի՞նչը բայց:
– Չգիտեմ… Մի բան պակաս է: Ես սեր չեմ զգում: Ես ուրիշով եմ ապրում, թեև նա արդեն չկա:
– Իսկ միգուցե սերը հենց սա՞ է:
– Ես չգիտեմ… Ես պետք է ինքս զգամ… Իսկ ես միայն ուրիշին եմ հիշում և զգում:
– Գիտես, ես քեզնից մեծ եմ, ուստի կարող եմ քեզ մի խորհուրդ տալ:
– Այո, ասա՛: Ես հենց դա եմ ուզում:
– Նույն գետը երկու անգամ չեն մտնում: Ինչ եղել է՝ անցել է: Առա՛ջ նայիր: Դասավորիր կյանքդ: Եվ մի՛ շտապիր: Հանդիպիր, զրուցիր, շփվիր: Բանը բան ցույց կտա:
– Երևի ճիշտ ես, – Էլիզան մի կում էլ արեց ծոտաբույսերով թեյից և ասաց: – Ես արդեն գնամ, ուշ է: Առավոտյան պիտի համալսարանում լինեմ:
– Լսիր, իսկ այս համավարակի հետ կապված ի՞նչ են ասում համալսարանում:
– Ոչ մի կոնկրետ բան: Ասում են՝ հերթական բլեֆն է: Համենայն դեպս մեզ դա չի սպառնում: Երևի շուտով կանցնի:
– Երանի բլեֆ լինի:
– Այո, դե ես թռա: Շնորհակալ եմ, Մարինա:
– Լավ եղիր: Գետի մասին չմոռանաս:
Էլիզան ժպտաց, հագավ վերարկուն և դուրս թռավ:
6.
Ծնողների մոտ միշտ էլ լավ է: Անգամ երբ նրանք արդեն ծերանում են: Բայց, քանի դեռ կա պապիկը, նրանք ջահել են թվում: Միքայելը սիրում էր այցելել ծնողներին, որոնք քաղաքից դուրս էին ապրում: Նրանց սիրած ուտելիքներից էր գնում, այն, ինչը գյուղում չես գտնի, նստում մեքենան և, երաժշտություն վայելելով, քշում քաղաքից դուրս:
Ծնողների մոտ ոչինչ չէր փոխվել: Նույն այգին ու արահետը, հնամենի տունն ու անկոչ կատուն: Տարիքի հետ մարդիկ սկսում են մերժել փոփոխությունները: Միգուցե այն պատճառով, որ հիշողությունն է թուլանում, և մարդիկ նախընտրում են ամեն ինչ թողնել իր տեղում՝ լինեն դրանք առարկաները կամ մտքերը:
Մայրը համեղ ճաշ ուներ: Ձմեռային օրով տաք տնական ճաշը շատ տեղին էր: Քանի որ որոշել էր գիշերը մնալ ծնողների մոտ, Միքայելը գնաց մառան և վերադարձավ տնական օղու շշով: Հայրը՝ ուրբաթախոս մի մարդ, հրաժարվեց օղուց: Միայն հարցրեց.
– Սա ի՞նչ օղի է:
– Թթի օղի է: Դրախտիկից:
– Մեր Դրախտիկի՞ց:
– Այո, Արցախի հանրապետության Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից…
Հայրը չպատասխանեց, բայց մայրը կարծես հենց այդ պահին էր սպասում:
– Հայրիկիդ հետ ուզում ենք ամռանը գնալ Արցախ և անպայման Դրախտիկ այցելել:
– Առաջ Աստված: Միասին կգնանք: Ես էլ եմ կարոտել մեր Արցախ աշխարհը:
– Հա՞: Դու մեզ կտանե՞ս:
– Իհարկե կտանեմ: Լավ երաժշտություն կմիացնենք ու կվայելենք ճանապարհը: Քարվաճառում էլ սուրճ կամ թեյ կխմենք, կլողանք տաք ջրերում, կմտնենք Դադիվանք ու կշարունակենք: Երեկոյան արդեն Ստեփանակերտում կլինենք:
– Դրախտիկում, – ուղղեց հայրը:
– Դրախտիկում, – համաձայնեց Միքայելը:
Մայրը գոհունակությամբ ժպտաց ու սկսեց սեղանը հավաքել: Ապա անցավ ամանները լվանալուն:
Սենյակում մնացին Միքայելն ու հայրը: Սովորություն դարձած լռությունը խզելու համար Միքայելը միացրեց ամենափրկիչ հեռուստացույցն ու հարցրեց հորը.
– Ի՞նչ ես մտածում այս նոր վարակի մասին:
– Ի՞նչ պիտի մտածեմ: Մենք դրա միջով անցել ենք: «Իսպանկա» էր կոչվում: Ահավոր բան էր: Մորդ փոքր եղբայրն էլ է դրանից մահացել՝ երկու տարեկանում:
– Հա, լսել եմ այդ պատմությունը: Հույս ունեմ շուտով ալիքը կանցնի, ու մարդիկ ավելի հետաքրքիր բաներով կզբաղվեն:
– Չի՛ անցնի, – կտրուկ ասաց հայրը:
– Ինչու՞ ես այդքան վատատես:
– Վատատես չեմ: Իրատես եմ: Սա ծրագիր է: Երկու տարի աչքիդ առաջ ունեցիր, տղաս: Երկու տարի:
Միքայելը զարմացավ.
– Այնպես ես ասում, իբր տեղյակ ես մանրամասներին:
– Տեղյակ չեմ: Բայց զգում եմ, որ աշխարհը պիտի փոխվի: Մի՛ կարծիր, թե քաղաքից հեռու այս սարերում ծվարած ես չեմ զգում ժամանակի շունչը: Աշխարհը պիտի փոխվի: Դու էլ զգույշ եղիր: Երեխաներիդ լա՞վ են:
– Հա, լավ են: Աղջիկս արդեն օրիորդ է: Տղաս էլ արդեն բանակ գնալու է պատրաստվում:
– Ո՜նց թռան տարիները, – ծոր տվեց հայրը: – Թոռս արդեն բանակ պիտի գնա: Երանի իրեն, որ Հայոց բանակում է ծառայելու:
– Գիտե՞ս որտեղ է ուզում ծառայել:
– Չգիտեմ:
– Արցախում: Եթե հաջողվի՝ Դրախտիկի մոտ:
Հայրը ժպտաց.
– Դու մեզ իրո՞ք կտանես Անցախ:
– Անպայման: Խոստանում եմ: Ինքս էլ եմ ուզում:
– Լավ կլինի… Շատ եմ կարոտել: Տասնվեց տարեկանում դուրս եմ եկել Արցախից ու եկել Երևան: Պատկերացնու՞մ ես… Հա, մոռացա հարցնել՝ պապիկն ինչպե՞ս է: Տեսե՞լ ես:
– Այո, մի քանի օր առաջ մոտն էի: Գիրք նվիրեցի: Խոստացավ կարդալ:
– Ի՞նչ գիրք:
– Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը»: Գիտես՝ իր ձևով վերցրեց, հոտոտեց, շոշափեց չորացած մատներով ու խոստացավ կարդալ:
– Դե լավ է: Միքայել, երեխաներիդ լավ կնայես: Տեսնու՞մ ես նրանց:
– Իհարկե, պապ, շաբաթը երկու-երեք անգամ: Ինչքան հասցնում եմ:
– Ապրես: Դա շատ կարևոր է և՛ նրանց համար, և՛ քեզ համար: Մաման շատ է անհանգստանում քեզ համար քո ամուսնալուծությունից հետո: Չի ուզում, որ մենակ մնաս… Իր համար այս ամենն անհասկանալի է:
Խոհանոցից լսվեց մայրիկի ձայնը.
– Ցանկացած անհասկանալի իրավիճակում պետք է թեյ խմել:
– Լավ միտք է, – բարձր ձայնով նկատեց հայրը, ապա ավելի ցածր ավելացրեց, – Փաստորեն ամեն ինչ լսում է: Մայրիկներն ամեն ինչ լսում են:
Միքայելը հասկացավ, որ հայրը հարցը շուռ է տալիս մոր վրա, բայց իրականում ինքը պակաս մտահոգ չէ որդու ճակատագրով:
– Մի՛ անհանգստացեք, պապ: Ամեն ինչ լավ կլինի: Համ էլ՝ ես մենակ չեմ: Ես իմ երաժշտության հետ եմ:
– Հա, գիտեմ, գիտեմ… Ժամանակին ինքս էլ մի քիչ ծնգծնգացրել եմ Պոլիտեխնիկի սիմֆոնիկում…
– Ուրեմն՝ ինձ լրիվ կհասկանաս:
– Հասկանում եմ, տղաս, հասկանում եմ… – Հայրը լռեց ու բարձրացրեց հեռուստացույցի ձայնը: Աշխարհը համավարակի մասին էր խոսում:
7.
– Արի այնպիսի սրճարան ընտրենք, որտեղ ծխելը դեռ չի արգելվում, – Գարեգինի միտքն էր:
– Արի, – համաձայնեց Միքայելը:
Երկուսն էլ սիրում էին ծխել: Մի քանի անգամ թողել էին ծխելը, բայց ամեն անգամ սիրով ու կարոտով կրկին վերադարձել էին այդ արատավոր հաճույքին:
– Գիտե՞ս ինչու, – հարցրեց Գարեգինը, երբ երկու սուրճ վերցրած տեղավորվեցին սեղանիկի մոտ: – Դա ինձ պետք է: Երբ սկսում եմ նկարել՝ չեմ նկատում, թե ժամանակն ինչպես է անցնում: Բայց մեկ էլ դադարի պահ է գալիս, ու պետք է լինում մի բանով լցնել այդ պաուզան: Ինչո՞վ լցնես: Սուրճը բավարար չէ: Հո գիրք չե՞ս կարդա այդ ընթացքում:
– Կարող ես երաժշտություն լսել:
– Չէ, ես լռության մեջ եմ նկարում: Այսինքն՝ անունն է լռություն: Դրա մեջ ամեն ինչ կա, ինչ որ ինձ պետք է: Հա, ի՞նչ էի ասում: Այդ դադարները պետք է մի բանով լցնել: Միակ լուծումը ծխելն է: Ես չեմ հավատում չծխող արվեստագետներին: Էլ չեմ խոսում առավոտյան այգում վազող արվեստագետներին: Կեղծ բան կա դրանում: Չե՞ս գտնում:
– Հավանաբար: Ես էլ չեմ սիրում սպորտն իր բոլոր դրսևորումներով:
– Պետք է քայլել սարերում կամ գոնե Զանգվի կիրճում, չնայած լրիվ հարամել են բնական գեղեցկությունը: Բայց էլի կարելի է: Մի տեղ կանգ առնել, գլանակ կպցնել ու տրվել խոհերին:
– Հասկանում եմ քեզ: Ինձ մոտ էլ լրիվ նույն վիճակն է: Դադարի պահերը նկատի ունեմ:
– Բայց դու չես նկարում, չէ՞:
– Ես նվագում եմ:
– Այո, այո: Մոռացել էի: Ի՞նչ ես նվագում:
– Շատ տարբեր՝ ջազ, դասական…
– Դասականից ի՞նչ ես նվագում:
– Հիմա Բախին եմ բացահայտում:
– Բախ… Երաժշտության աստվածը:
– Ճիշտ ես: Աստվածն է: Ես ավելի լավ բնորոշում էլ եմ լսել՝ եթե Մոցարտը վարդի թուփ է, ապա Բախը դարավոր կաղնի է:
– Լավ է ասված: Ու՞մ միտքն է:
– Չեմ հիշում: Բայց հաստատ ճիշտ է ասված:
– Միանգամայն, – հաստատեց Գարեգինը և մի կում արեց սուրճից:
– Անհամ սուրճ է, մեր մեջ ասած:
– Համաձայն եմ: Լավ սուրճի համար պետք է Իտալիա գնալ, – ժպտաց Միքայելը:
– Իտալիա… – Ծոր տվեց Գարեգինը: Ես էլ եմ երազում: Ճի՞շտ է, որ հիմա էժան տոմսեր կան դեպի Իտալիա:
– Այո, նոր ավիաուղի է մտել շուկա: Քառասունութ եվրոյով կարող ես թռչել Հռոմ և վերադառնալ…
– Հմմ… Լավ բան ես ասում: Իսկ դեպի Ֆլորենցիա թռիչք չկա՞:
– Չկա: Կարծեմ Ֆլորենցիայում օդանավակայան էլ չկա: Բայց վստահ չեմ:
– Պետք է գնալ: Թափառել Ֆլորենցիայում, մտնել Ուֆիցի թանգարան, տեսնել Միքելանջելոյի «Դավիթին»…
– Եվ լավ սուրճ խմել, – ծիծաղեց Միքայելը:
– Հաստատ, դա առաջնային կենսական պահանջ է:
Երկուսն էլ ծիծաղեցին ու միաժամանակ մի-մի նոր գլանակ վառեցին:
– Գարեգին, տղադ ինչպե՞ս է: Ասացիր՝ որտե՞ղ է ծառայում:
– Արցախում: Հադրութում:
– Տեսակցության չե՞ս գնում:
– Չեմ կարող, արգելված է: Այս անիծյալ համավարակի պատճառով ամեն տեղ կարանտին է հայտարարված:
– Բայց մի՞թե այդքան լուրջ է վիճակը:
– Չգիտեմ: Ամեն դեպքում ռիսկի դիմել պետք չէ: Հեռախոսով խոսում ենք: Ասում է՝ ամեն ինչ լավ է:
– Դե լավ է: Տղային պետք է ծառայել:
– Համաձայն եմ: Երանի ես էլ Հայոց բանակում ծառայեի:
Միքայելը երկար նայեց ընկերոջը: Ոչինչ չասաց: Առաջինը խոսեց Գարեգինը.
– Չգիտեմ, Միքայել, ինչ-որ ներքին անհանգստություն կա մեջս: Չեմ կարող բացատրել: Բայց մի բան այն չէ: Ինձ դուր չի գալիս այս ամենը:
– Ի՞նչը, – հարցրեց Միքայելը:
– Այս ամենը… Ես հեղափոխություններ չեմ սիրում: Ես կայունության կողմնակից եմ: Զարգացումները պիտի բնական լինեն: Թռիչքներին ես չեմ վստահում: Ռուդոլֆ Շտայներ կարդա: Օսֆալդ Շպինգլեր… Շատ բան քեզ պարզ կդառնա:
– Լավ:
– Ես քեզ կտամ: Շտայներ կարծեմ ունեմ, եթե չեն տարել: Ես չեմ սիրում, երբ իմ գրքերը տանում են և չեն վերադարձնում:
– Ես կվերադարձնեմ, – ժպտաց Միքայելը:
– Ես քեզ նկատի չունեի, – իր հերթին ժպտաց Գարեգինը:
– Լավ, մեր կյանքի սուրճն ըմպված է, և գլանակները՝ ծխված: Քայլե՞նք:
– Քայլեցինք: Գնամ Սպարտակի մոտ: Վաղուց չեմ տեսել:
– Բարևներս կփոխանցես:
– Այո, անպայման: Բայց նախ պիտի պատկերասրահ գնամ: Կգա՞ս հետս: Որպես գիտաշխատող՝ անվճար մուտքդ երաշխավորում եմ:
– Մի ուրիշ անգամ սիրով կգամ: Չեմ սիրում շտապելով նայել արվեստի գործերը: Հիմա պիտի վերադառնամ աշխատանքի: Պի՛նդ կաց, Գարեգին:
– Պինդ եմ: Չկասկածե՛ս: Բարի օր քեզ:
Ընկերները հրաժեշտ տվեցին իրար և քայլեցին տարբեր կողմեր:
8.
Որդուն հանդիպեց փողոցում: Սովորության համաձայն գրկախառնվեցին, և Միքայելը զգաց, թե որքան խոր և անբացատրելի է իր և որդու կապը:
– Ոտքերդ չե՞ն մրսում այդ կոշիկներով:
– Չէ, պապ, նորմալ է: Տաքերն էլ ունեմ, բայց այսօր չհագա: Արդեն ցուրտ չէ:
– Արևով մի խաբվիր: Դեռ ձմեռ է, փետրվար:
– Լավ է, մի անհանգստացիր:
«Եթե արդեն կարողանում է կարգավորել իր հագուկապը, ապա արդեն հասուն է» – մտածեց Միքայելը:
– Պապ, էս վարակի մասին լսե՞լ ես:
– Իհարկե լսել եմ: Ամբողջ օրը հենց դա եմ լսում:
– Եվ ի՞նչ ես մտածում:
– Մտածում եմ, որ հնարովի բան է: Ամեն դեպքում պետք չէ այդքան մեծ նշանակություն տալ դրան: Գրիպի համաճարակներ միշտ էլ եղել են և կլինեն: Սա նորություն չէ: Պապիկդ էլ է նույն կարծիքին, բայց ասում է, որ սա երկու տարվա ծրագիր է:
– Երկու տարվա՞: Իսկ ո՞վ է ծրագրել:
– Ի՞նչ իմանամ… Աշխարհի տերերը:
– Հարուստները:
– Միգուցե և հարուստները:
– Բայց նպատակը ո՞րն է: Լսե՞լ ես՝ Եվրոպայում ու Չինաստանում սահմանները փակվել են, մարդկանց արգելում են շփվել, խմբերով հավաքվել:
– Մի՛ անհանգստացիր: Հույս ունեմ, որ լուրջ բան չի լինի: Մարդիկ սիրում են սենսացիաներ: Մի քիչ կաղմկեն ու կհանգստանան:
– Բայց այսօր դպրոցում ասացին, որ դասերը կարող են հեռավար դառնալ:
– Հեռավա՞ր, թե՞ հեռահար, – փորձեց կատակի տալ Միքայելը:
Տղան ժպտաց ու ասաց.
– Դրանից իմաստը չի փոխվում:
– Հաստատ չի փոխվում, – ժպտաց Միքայելը: – Քույրիկդ ո՞նց է:
– Լավ է: Դասեր, ընկերուհիներ, փսփսոցներ, դաշնամուր…
– Իրար հետ շա՞տ եք կռվում:
– Երբ ներվայնացնում է…
– Համբերատար եղիր: Դու մեծն ես:
– Պապ, ես արդեն զզվել եմ մեծը լինելուց:
– Լավ, այսպես ասեմ՝ դու տղա ես: Հուսամ տղա լինելուց չես զզվել, չէ՞:
– Չեմ զզվել: Տղա լինելը լավ է: Ես չէի ուզի աղջիկ լինել:
– Նույնն էլ քույրիկդ է ասում:
– Որ չէր ուզի աղջիկ լինե՞լ:
– Որ չէր ուզի տղա լինել: «Ամեն ինչ ձգտում է մնալ իր ձևի մեջ»: Կարծեմ Սպինոզան է ասել:
– Հաստատ: Երկերի լիակատար ժողովածու, երկրորդ հատոր, էջ 27, վերևից ութերորդ տողը: Անցանք փիլիսոփայությա՞ն:
Միքայելը ծիծաղեց. սիրում էր տղայի հումորը:
– Չէ, պարզապես հիշեցի: Ե՞րբ կգաս, որ ֆիզիկա և մաթեմատիկա պարապենք:
– Երևի վաղը: Քեզ հարմա՞ր է:
– Կհարմարեցնեմ: Փող ունե՞ս:
– Ունեմ, պապ, շնորհակալություն: Բայց մարտի ութի համար քեզնից ուզելու եմ:
– Իհարկե, մամային ու քույրիկիդ ծաղիկներ պիտի նվիրես:
– Եվ ոչ միայն մամային ու քույրիկին, – տղան բազմանշանակ ժպտաց:
– Հետաքրքիր նորություն է:
– Երևի…
– Անպայման կտամ: Մի բան կուտե՞ս:
– Չէ, սոված չեմ հիմա: Պիտի գնամ պարապելու: Դասերս շատ են:
Միքայելը գրկեց տղային, ու դարձյալ նույն լրջացնող ջերմությունն անցավ մարմնով:
– Ե՞րբ էր, որ փոքրիկ տղա էիր: Քեզ գրկում ու ձեռքերիս վրա ման էի ածում…
– Գնացի, պապ: Դու էլ քեզ լավ նայիր: Չմրսես: Հաջողություն և ամենայն բարիք աշխատանքային ասպարեզում:
«Տղայիս հումորը տեղ էր, ուրեմն՝ տրամադրությունը լավ է», – մտածեց Միքայելն ու հրաժեշտ տվեց տղային:
9.
Սրճարանում ասեղ գցելու տեղ չկար: Միքայելը հատուկ շուտ էր գնացել, որ տեղ ճարի: Նկատեց, որ մի զույգ արդեն պատրաստվում է հաշիվն ուզել: Մատուցողին խնդրեց պահել այդ տեղն իր համար, իսկ ինքը դուրս եկավ փողոց՝ Էլիզային դիմավորելու: Վերջինս գրել էր՝ «Հինգ րոպեից կլինեմ», բայց եկավ քսանհինգ րոպե անց: Ինչպես միշտ՝ արագ քայլերով և շնչակտուր, բայց այս անգամ նա բժշկական դիմակով էր: Մտան ներս ու տեղավորվեցին արդեն ազատված սեղանիկի մոտ: Փետրվարյան ցուրտ երեկոյին շատ հաճելի էր սրճարանի տաքուկ անկյունը:
– Դու ինչու՞ ես միշտ ծանր շնչում, – հարցրեց Միքայելը:
– Ասթմա ունեմ, խեղդվում եմ:
– Իրո՞ք, – զարմացավ Միքայելը: – Գիտե՞ս՝ ժամանակին ես էլ ունեի:
– Բա ի՞նչ եղավ, – հարցրեց Էլիզան:
– Անցավ:
– Ինչպե՞ս:
– Ես հասկացա, որ չեմ կարող դրանով ապրել: Ու հաղթեցի նրան:
– Ես էլ եմ ուզում, որ անցնի: Ինչ ասես փորձել եմ: Ոչինչ չի օգնում: Սկսում եմ խեղդվել, ու միակ փրկությունս այս դեղն է: – Էլիզան ինչ-որ փչովի սրվակ հանեց պայուսակից, իջեցրեց դիմակն ու սրվակից փչեց բերանի մեջ: Հետո խոր շունչ քաշեց ու կրկին դիմակը բարցրացրեց, որ ծածկի քիթն ու բերանը:
– Դիմակը քեզ սազում է, – կատակեց Միքայելը: – Ասես Զոռոյի աղջիկ տեսակը լինես:
Էլիզան ծիծաղեց՝ ցուցադրելով ճերմակ ատամնաշարն ու ասաց.
– Ես շատ եմ վախենում այս վարակից: Եթե ես վարակվեմ՝ հաստատ ոտքերս կձգեմ: Իմ ասթմայով ինձ չի կարելի վարակվել: Կներես, որ դիմակով եմ, բայց ուրիշ տարբերակ չունեմ:
– Խնդիր չէ, բայց սուրճն ինչպե՞ս ես խմելու:
Էլիզան կրկին ծիծաղեց: Նրան հետաքրքիր և հաճելի էր Միքայելի հետ: Ընդամենը երկրորդ կամ երրորդ հանդիպումն էր, բայց ամեն ինչ շատ անբռնազբոսիկ էր: Ասես հարյուր տարվա ծանոթ լինեին:
– Աղջիկդ ինչպե՞ս է, – հարցրեց Միքայելը:
– Լավ է, հիմա կզանգի: Այս ժամին ինձ անպայման զանգում է: Կարոտում է…
– Նա Երևանում չէ՞:
-Ոչ, Գյումրիում է:
– Ինչ հետաքրքիր է… Միշտ երազել եմ Գյումրի գնալ ու ֆայտոնով թափառել:
– Ֆայտոնո՞վ:
– Ահա, հենց ֆայտոնով: Չարենցի նման:
– Չարենցը ֆայտոնո՞վ էր թափառում:
– Երևի: Հիշու՞մ ես՝ «Ֆայտոն նստած անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես…»:
– Հա՜, լավ բանաստեղծություն է:
– Ավելի ճիշտ՝ տաղ է: Այսինքն՝ երգ: Միակ երգն է, որ երգում եմ՝ «Կուզեմ հիմի փչե զուռնեն…»
– Կերգե՞ս:
– Այստե՞ղ: Չէ, այստեղ չեմ երգի, բայց մի օր քեզ համար կերգեմ: Երբ Չարենցի չափ հարբած լինեմ:
– Իսկ դու երգու՞մ ես, – հարցրեց Միքայելը:
– Ե՞ս, – Էլիզան գրեթե քրքրջաց: – Եթե ես երգեմ՝ ագռավները կհավաքվեն:
– Ոչինչ, սրճարանի դռները փակ են, – իր հերթին կատակի տվեց Միքայելը:
Սուրճը համեղ էր, կրուասանները՝ ֆանտաստիկ: Իսկ երեկոն ջերմիկ էր և անկեղծ:
Չնկատեցին, թե ինչպես թռավ ժամանակը: Էլիզայի աղջիկը զանգեց, հետո՝ մայրիկը, հետո՝ ընկերուհին: Գնալու ժամանական էր:
– Ես քեզ կուղեկցեմ, – ասաց Միքայելը: – Եթե դեմ չես, իհարկե:
– Չէ, ոչ այս անգամ: Հիմա ընկերուհուս մոտ եմ գնում:
– Մինչև ընկերուհուդ մոտ:
– Չէ, կներես… Ավելի լավ է մենակ գնամ:
Միքայելը հասկացավ, որ Էլիզան քաշվում է: Մի աննշան կասկած անցավ մտքով, բայց վանեց և ասաց.
– Ինչպես կամենաս: Կարևորը՝ չմրսես: Իրոք ցուրտ է:
– Ես երբեք եղանակին համապատասխան չեմ կարողանում հագնվել, – խոստովանեց Էլիզան:
Հագնվեցին և դուրս եկան: Քանի որ ամեն ինչ բացեիբաց ասել չէր համարձակվում, որոշել էր գրել: Մի անհասկանալի տետրակ էր ճարել ու գրի առել իր զգացմունքներն ու մտքերը:
– Վերցրու այս տետրակը:
– Սա ի՞նչ է, – զարմացավ Էլիզան:
– Տանը կկարդաս:
Միքայելը երկար նայեց Էլիզայի հետևից: Ու մի օդային համբույր ուղարկեց նրան՝ վստահ լինելով, որ աղջիկը դա չի նկատի: Քայլեց դեպի տուն՝ մտքում Էլիզան, սուրճը և կրուասանները: Տերյանական երեկո էր քաղաքում և նրա սրտում.
Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման…
10.
Էլիզան հասավ տուն: Արագ հանեց վերարկուն և կոշիկները, հեռախոսը դրեց լիցքավորման, փռվեց բազմոցին ու բացեց Միքայելի նվիրած տետրակը: Աչքերը կանգ առան սովորական շարադրանքից իր ձևով տարբերվող տողերի վրա.
Չարենցի հետ սեղան նստեի, ու նա հարցներ՝ Սերը ի՞նչ է:
Գինի խմեինք լուռ արցունքով, ու նա լացեր՝ խելքըս քի՜չ էր…
Իրար գրկած մենք արտասվեինք ցուրտ ու դատարկ գինետնում,
Ու դուդուկը տխուր երգեր՝ Ձեր դարդը խոր, անափ լիճ է…
Ասեի՝ Եղի՜շ, դու հո գիտես՝ այս երգը իմ սրտի ճիչն է,
Նրան գտի՛ր, ասա՝ «Էլի՜զ, Միքայելը մի քիչ գիժ է…»
Գինի՛ լցրու, որ ես խմեմ… Սիրտըս պապագ չի՜ դիմանում…
Չարենցը լուռ ուսըս գրկեր ու մեղմ ասեր՝ սերըդ ջինջ է…
Էլիզան կրկին կարդաց Միքայելի տաղը… Չէր կարողանում ի մի բերել մտքերը… «Երջանիկ է այն կինը, որին այսպես սիրում են», – կրկին մտածեց նա: «Բայց… ես չգիտեմ… ես չեմ կարող… ես ուրիշին եմ սիրում, Միքայել, հասկանու՞մ ես: Ուրիշին եմ սիրում… Որիշին, որն ինձ ամենազզվելի ձևով խաբել է… Բայց ես հիվանդ եմ սիրո հիվանդությամբ… Ես չեմ կարող… Ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել: Դու այնքան լավն ես: Դու արժանի ես մեծ սիրո…»
Նկատեց, որ հեռախոսին կարճ հաղորդագրություն է եկել: Միքայելից էր՝ «Քնա՞ծ ես»: Մատներով արագ տկտկացրեց հեռախոսի ստեղնաշարին: Հետո ջնջեց գրածը: Հետո էլի գրեց ու էլի ջնջեց… Լույսն անջատեց ու մոտեցավ պատուհանին: Մի պահ թվաց, թե Միքայելը ներքևում կանգնած իր պատուհանին է նայում, բայց հասկացավ, որ դա խաբկանք է: Պարզապես ինքն ահավոր էր զգում Միքայելին: Եվ Միքայելն իրեն պարզապես ընտրություն չէր տալիս՝ քայլ առ քայլ առաջ էր գալիս ու գրավում իրեն: Դիմադրելն անհնար է… Բայց ինքը չի ուզում, չի՛ ուզում… Ինքն ուրիշին է սիրում: Երազում է, որ նա կվերադառնա, ու կրկին միասին կլինեն… Ինչու՞ է այսքան զզվելի կյանքը, ինչու՞ հնարավոր չէ վերադարձնել հինը, որ ամեն ինչ լինի առաջվա պես…
Էլիզան կրկին ձեռքն առավ հեռախոսն ու պատասխան գրեց Միքայելին՝ «Ահա, համարյա…»: Վերջինիս պատասխանը չուշացավ՝ «Քեզ բարի երազներ: Դու քնքուշ և զարմանալի աղջիկ ես…»:
Էլիզան չպատասխանեց: Սիրտը լցված էր, իսկ մտքերը խառնվել էին իրար: Ինչու՞ է ամեն ինչ այսքան բարդ, ինչու՞ հայտնվեց Միքայելը… «Ոչ, ես չեմ կարող… Ես կգնամ Հայաստանից, որ ամեն ինչ մոռանամ…»:
Առանց լույսը վառելու և առանց հանվելու Էլիզան փռվեց հյուրասենյակի բազմոցին ու բարձով ծածկեց դեմքը՝ասես ոչինչ չտեսնելու համար… Բարեբախտաբար շատ հոգնած էր, և քունը շուտով հաղթեց նրան: Մտքերը դարձան անձև երազներ…
11.
Համավարակն ահագնանում էր: Աշխարհն աստիճանաբար անցնում էր կարանտինային վիճակի: Բոլոր համաճարակաբանները դրա մասին էին խոսում: Շատերի համոզմամբ անհանգստանալու կարիք չկար, սակայն խուճապն անում էր իր սև գործը: Սկսեցին փակվել ավիաուղիները, հյուրանոցները, ռեստորաններն ու սրճարանները: Մարդիկ վախենում էին փողոց դուրս գալ: Դիմակները և պաշտպանիչ միջոցները դարձան ամենապահանջված ապրանքը: Իրավիճակը հատկապես աղետալի էր Իտալիայում: Այնպիսի տպավորություն էր, որ այդ մարդիկ մենակ են մնացել իրենց ճակատագրին հանդիման: Հեռուստացույցով տարբեր ֆիլմեր էին ցուցադրում համավարակի մասին, իսկ Ալբեր Քամյուի «Ժանտախտը» կրկին դարձավ ամենաընթերցվող գրքերից մեկը:
Ամեն դեպքում իրավիճակը գնալով բարդանում էր, և այդ ամենից լավ հոտ չէր գալիս: Հայաստանում էլ հայտնվեցին առաջին վարակվածները: Բժշկական համակարգը արագորեն բերվեց տագնապի բարձրագույն վիճակի: Ոստիկանությունն էլ սկսեց ուժեղացնել հսկողությունը: Փողոցներում հայտնվեցին և շատացան դիմակավոր մարդիկ: Օրհասից խուսափելու նպատակով Կառավարությունը Հատուկ դրություն հայտարարեց և մարդկանց սկսեց հորդորել խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին: Մարդիկ, համենայն դեպս, հնդկաձավար և արևածաղկի ձեթ սկսեցին ավելի շատ գնել:
Մարտ ամսին պարզ դարձավ, որ զբոսաշրջությունը լրջորեն վտանգված է: Իսկ Հայաստանում գրեթե բոլորը այս կամ այն չափով առնչվում էին զբոսաշրջությանը՝ որպես դրսից եկող եկամտի հիմնական աղբյուր: Աստիճանաբար փակվեցին հյուրանոցները, ռեստորանները, թանգարանները… Գարունը շատ ծանր էր սկսվում:
Զբոսաշրջության հսկայական մեքենան աչքի առաջ քանդվում էր: Մեծ դժվարությամբ կատարված ամրագրումները հիմա պետք էր նույնքան ջանասիրությամբ չեղարկել:
Միքայելն այնպիսի զգացողություն ուներ, թե իր ձեռքով և սիրով կառուցած տունը հիմա հենց ինքն իր ձեռքով պիտի քար առ քար քանդի: Կամ էլ՝ իր ձեռքով տնկած, խնամած և աճեցրած ծառը, որը վերջապես սկսել էր պտուղ տալ, իր իսկ ձեռքով պիտի կտրի ու կրակը նետի կամ, լավագույն դեպքում, պահեստավորի հետագայում վառելու համար: Դա շատ ծանր զգացողություն է: Արդեն պարզ էր, որ իր հիմնական գործը, համենայն դեպս այս տարի, եկամուտ չի բերելու: Պետք էր որևէ այլ բանով զբաղվել և փող աշխատել: Գաղափարները շատ էին, իրագործումը՝ դժվար: Փորձեց մաթեմատիկայի և ֆիզիկայի դասեր տալ, սակայն շուտով հասկացավ, որ հեռավար պայմաններում դա անհեթեթություն է: Խաբել չէր ցանկանում ոչ երեխաներին, ոչ էլ նրանց ծնողներին:
Գաղափար էր պետք, իսկ գաղափար չկար: Բայց կար հույս, և կար գարնան հասնող ջերմությունը: Կյանքը շարունակվում էր, և պետք էր ապրել: Կային երեխաները, կային ծնողներն ու պապիկը, կային իր լավ ընկերները, և կար Էլիզան: Այդքանը նրան բավական էր: Իսկ Իտալիան կսպասի: Իտալիան ոչ մի տեղ չի կորչի՝ Ռիմինի քաղաքը և Ադրիատիկ ծովի ափին ծվարած հնամենի կամարն ու անշուք սրճարանը:
12.
Սանդղավանդակի վրա Միքայելը հանդիպեց հարևանուհուն:
– Բարև, Միքայել: Ի՞նչ կա: Ո՞նց եք:
– Լավ եմ, շնորհակալություն: Դու՞ք ինչ կասեք:
– Ի՞նչ պիտի ասեմ: Երկիր չդարձանք էլի… Մի հիմար հիվանդությունն ի՞նչ է, որ չեն կարողանում հախից գալ:
– Փորձում են: Հիվանդության հախից բոլորս միասին կարող ենք գալ: Առանձին-առանձին կամ միայն իշխանությունների ջանքերով ոչինչ չի ստացվի: Այ, դուք էլ եք առանց դիմակ:
– Սուտ բան է այս դիմակը, Միքայել:
– Առայժմ ավելի լավ բան ոչ ոք չի առաջարկել: Ամեն դեպքում ինչ-որ պաշտպանություն ապահովում է…
– Չգիտեմ… Կարևոր բաները թողած՝ դիմակների հետևից են ընկել… Մարդկանց անձնական տվյալներն են վերցնում… Չէ, անհույս վիճակ է:
– Անհույս բան չկա: Պարզապես բոլորով պիտի պայքարենք: Սա այդ դեպքն է:
– Չգիտեմ, չգիտեմ… – ծոր տվեց հարևանուհին ու փոխեց խոսակցության թեման.
– Ձեր տղային ե՞րբ են բանակ տանում:
– Հաջորդ ամառ: Դեռ տասնյոթ տարեկան է:
– Հա՜… Իսկ իմ տղային շուտով կտանեն: Արդեն տասնութ է: Թարսի պես սահմաններն էլ փակել են, այլապես կուղարկեի Ռուսաստան՝ մերոնց մոտ:
– Ինչի՞ համար, – չհասկացավ Միքայելը:
– Ես գող ու ավազակի երկրի համար տղա չեմ մեծացրել: Գիշեր-ցերեկ աղոթք եմ անում, որ գոնե Արցախ չընկնի:
– Ինչու՞, – ավելի այլայլվեց Միքայելը:
– Ամեն տղա պիտի իր հայրենիքում ծառայի:
– Իսկ Արցախը մեր հայրենիքը չէ՞…
– Ինչո՞վ: Ոչ եղել եմ ու, անկեղծ ասած, ոչ էլ ուզում եմ լինել:
– Մի անգամ գնացեք: Ամեն տարի Ռուսաստան ու Եգիպտոս եք գնում: Մի անգամ գնացեք Արցախ: 2-3 օրով: Դրանից հետո ձեր կարծիքը կփոխեք: – Միքայելը նախընտրում էր ճանապարհ ցույց տալ, քան վիճաբանել: Բայց հարևանուհին անդրդվելի էր.
– Դե լավ, չեմ վիճի: Գիտեմ, որ արմատներով Արցախից եք… Կներեք… Ամեն դեպքում՝ անձնական մի ընդունեք:
– Սխալվում եք: Այս ամենը շատ անձնական է: Դա իմ կյանքն է, իմ զավակների կյանքը, իմ Հայրենիքի ապագան: Ինչպե՞ս կարող եմ անձնական չընդունել:
Հարևանուհին չպատասխանեց:
Միքայելն այլայլված դուրս եկավ փողոց: Տրամադրությունը փչացած էր: Ավաղ, հարևանուհու նման մտածողները քիչ չէին Հայաստանում… Անգամ անկախության տասնամյակները մարդկանց մեջ պետականամետ մտածողություն չծնեցին: «Կոստան Զարյանը ճիշտ էր. մեզ երևի ներքին, բարոյական մի Գողգոթա է պետք, որ խելքի գանք ու վերջապես ազգ դառնանք…», – դառնությամբ մտածեց Միքայելը ու կրկին հիշեց, որ Զարյանն էլ է Իտալիայում ապրել և առաջին գործերը հենց իտալերեն է գրել:
Այդ պահին կողքից նայող մեկը կկարծեր, թե Միքայելը ցնդել է: Այլայլված դեմքին մեկեն ժպիտ եկավ, երբ հիշեց Իտալիան, Ռիմինին և Օգոստոսի կամարն ու անշուք սրճարանը: Հիրավի, գերագույն հաճույք է երազելը՝ քնած, թե հարթմնի…
13.
Ճանապարհին մտավ եկեղեցի: Դրսում Տեր հորը հանդիպեց:
– Աստված օգնական, հայր սուրբ:
Տեր հայրը ձեռքը դրեց Միքայլեի գլխին և օրհնանքի բառեր ասաց:
Եկեղեցում մարդիկ դիմակներով էին: Մոտեցավ իր սիրած անկյունին ու, սյան հետևում թաքնված, կիսաձայն շշնջաց.
«Տեր իմ, օրհնյալ լինի քո անունը և օրհնյալ լինեն քո գործերը: Թող քո արքայությունը շուտ գա, և թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է…»
Մի պահ թվաց, թե եկեղեցու մյուս անկյունում Էլիզան է, սակայն շուտով հասկացավ, որ աչքին է երևացել:
«…Ինձ իմ մեղքերը ներիր, խնդրում եմ, և ինձ հեռու պահիր չարի փորձություններից: Ես քեզ եմ հավատում և քեզ եմ ապավինում: Ինձ կամք տուր, ուժ և կորով տուր, որ կարողանամ հաղթահարել այս դժնի ժամանակները…»
«…Եվ եթե նա քո կամքով հայտնվեց իմ կյանքում, ապա խնդրում եմ դու ինձ առաջնորդիր և տար ինձ այն ճանապարհով, որը դու ճիշտ ես համարում: Ես երկար, շատ երկար եմ սպասել նրան… Եվ դու լսեցիր իմ աղոթքները ու բերեցիր նրան…»
Դուրս եկավ ու քայլեց պապիկի տուն: Վերջինս դարձյալ նստած էր իր սիրած բազմոցին ու հեռուստացույց էր նայում: Սեղանին թեյի դատարկ բաժակն էր և Հեմինգուեյի վիպակը:
– Բարև, պապիկ: Ո՞նց ես: Գիրքը կարդացի՞ր:
Պապիկը թեթևակի շրջվեց դեպի թոռը:
– Հա՜, դու՞ ես: Բարով ես եկել: – Պապիկն անջատեց հեռուստացույցի ձայնը: – Միքայել, այս հեռակառավարման վահանակը մարդկության մեծագույն գյուտերից է: Առաջներում պիտի տեղիցդ վեր կենայիր, որ ձայնն իջեցնեիր կամ անջատեիր:
– Հաստատ, պապիկ: Իսկ գիրքը կարդու՞մ ես:
– Կկարդամ: Դեռ դրսից եմ ուսումնասիրում: Ի՞նչ կա-չկա:
– Սովորական: Համավարակ է: Դու միառժամանակ տանից դուրս մի արի, հա՞: Ինչ որ պետք է՝ ես կբերեմ:
– Ու՞ր պիտի դուրս գամ: Դուրս գալու բան չունեմ, տղաս:
– Իսկ ինչ ես անում ամբողջ օրը:
– Ի՞նչ են անում ծեր մարդիկ: Հուշերիս եմ տրվում: Քեզ պատմե՞լ եմ Իտալիայի մասին:
– Այո, պատմել ես, բայց կրկին պատմիր: Ես սիրում եմ քո իտալական արկածները:
– Իտալիան հրաշք է: Տոսկանան շատ գեղեցիկ է: Իսկ Ադրիատիկի ափին մի փոքրիկ քաղաք կա: Այնտեղ Սիլվիա անունով մի աղջիկ է ապրում: Ապրում էր: Երևի հիմա տարիքն առած պառավ է: Ես շատ դժվարությամբ բաժանվեցի նրանից, բայց պիտի վերադառնայի…
– Իսկ, եթե իմանայիր, որ հետագա տասը տարին Սիբիրում ես անցկացնելու, կվերադառնայի՞ր:
– Երևի այո: Հայրենիքն էր կանչում: Սիբիրը դրա գինն էր:
Պապիկը խորամանկ հայացքով նայեց թոռանը և ասաց.
– Եթե ես չվերադառնայի՝ երևի դու չէիր լինի:
Միքայելը ժպտաց: Միտքն իրեն դուր եկավ: Իրոք, անհնար է պատկերացնել, թե հիմա ինչ կլիներ, եթե տասնամյակներ առաջ պապիկը Իտալիայից չվերադառնար:
– Գիտես, գերի էի ընկել գերմանացիներին: Նստեցի նրանց ճամբարում: Հետո փախա ու լեռներով անցա Իտալիա: Ինքս էլ չգիտեի, թե ուր եմ գնում: Ոչ լեզու գիտեի, ոչ էլ տեսքս էր մի բան: Չսափրված, պատառոտված ցնցոտիներով… Հետո միացա իտալացի պարտիզաններին ու սկսեցի կռվել գերմանացիների դեպ: Հետո եկան ամերիկացիներն, ու մի օրում ամեն ինչ ավարտվեց: Հենց այդ ժամանակ էր, որ հանդիպեցի Սիլվիային ու սիրեցի նրան…
– Դու նրան կարոտու՞մ ես:
Պապիկը չպատասխանեց հարցին: Ձեռքն առավ Հեմինգուեյի հատորյակն ու մատներով շոշափեց կազմը: Հետո ասաց.
– Երբ դժվարության մեջ հայտնվես՝ գնա լեռները: Կասեի՝ գնա ծովափ, բայց մենք ծով չունենք: Գնա լեռները, թափառիր ու խոսիր միայնակ կանգնած ծառի հետ: Մատներով շոյիր դաշտի ծաղիկները: Նրանք ամեն ինչ գիտեն, ամեն ինչ հիշում են ու հասկանում…
Երկուսն էլ լռեցին: Պապիկն անջատեց հեռուստացույցը: Հետո փակեց աչքերն ու տրվեց ցերեկվա նիրհին: Միքայելը բրդե ծածկոցը շուռ տվեց ծերունու ոտքերին ու դուրս եկավ:
14.
Տան ճանապարհին մտավ թատրոն: Վաղուց էր երազում թատրոն գնալ ու շարունակ չէր ստացվում: Նամակ գրեց Էլիզային՝ «Բարև: Թատրոն կգա՞ս»: Շուտով կարդաց պատասխանը՝ «Այո, ես շատ եմ սիրում թատրոն»:
Երկու տոմս գնեց ու քայլեց դեպի տուն: Բակում խաղում էին երեխաները: Աչքերով փնտրեց մանկահասակ աղջնակին, բայց չտեսավ: Տանը ամեն ինչ նույնն էր՝ բաց կափարիչով դաշնամուրը և չինական անսովոր անունով թուփը:
Նստեց դաշնամուրի առջև: Բախ… Երաժշտության աստվածը… Հե՞շտ է եղել նրա կյանքը: Հաստատ ոչ: Կորցրել է ծնողներին, առաջին կնոջը, քսան երեխաներից միայն ինն են կենդանի մնացել: Հետո սկսել է կորցնել տեսողությունը… Բայց ապրել է մարդը: Ապրել է և ստեղծագործել: Սիրել է և սիրվել: Հասել է փառքի գագաթնակետին և ապա իսպառ մոռացվել… Հետո վերածնվել է և դարձել երաժշտական արվեստի աստվածը…
Միքայելի մատները մեղմիկ սահեցին սևուսպիտակ ստեղների վրայով: Կենտրոնացավ ու մի պահ դադար առավ: Նայեց պատուհանից դուրս: Դրսում շողում էր մարտի արևը:
– Արևը տաք՝ քո կրծքի տակ, – ցածրաձայն մրմնջացին շուրթերը:
Հետո հայացքը կրկին հառեց ստեղներին ու հիշեց իր ուսուցչի ցուցումը, թե հենց առաջին նոտան է, որը պատռում է լռության շղարշը… Աջ ձեռքի միջնամատով վերցրեց երկրորդ օկտավայի Մի հնչյունը: Բարձր և զրնգուն: «Ինչպես Էլիզայի ծիծաղը», – մտածեց ու մտքում ժպտաց: Արդեն կանգ առնել հնարավոր չէր: Մատները վազում էին՝ դաշնամուրի ստեղներից կորզելով Բախի երկրորդ Անգլիական սյուիտի ելևէջները: Ինքնամոռաց նվագում էր: Էլիզան, գարունը, երեխաները, ծնողներն ու պապիկը, համավարակն ու ամեն ինչ թողնելով միայն ենթագիտակցության հեռու մի անկյունում: Աշխարհը Բախ էր դարձել, և Բախը տալիս էր բոլոր հարցերի պատասխանները: Անգամ չարտասանված հարցերի: Անգամ այն հարցերի, որոնք նրա ուղեղում դեռ չէին վերածվել հարցերի, այլ ալեկոծվում էին փոթորկուն ծովի խռովահույզ ալիքների պես: Այդ մտքերը երբեք հարց չեն դառնում: Եթե հարց դառնային՝ երևի հեշտ կլիներ դրանց պատասխանները գտնելը: Բայց ալեկոծվում էին ու մաշում նրա միտքը ու հեղհեղում հոգին ու սիրտը: Եթե այս աշխարհում ամեն ինչ Բախի պես պարզ ու կատարյալ լիներ…
Ինքն էլ չնկատեց, որ արևն արդեն մայր էր մտնում: Մի քանի ժամ շարունակ նվագում էր: Մատները չէին հոգնել, միայն մեջքն էր բռնվել՝ նույն դիրքում երկար նստելուց: Վերկացավ ու մոտեցավ պատուհանին, որն իրականում հսկա մի դուռ էր՝ հատակից սկսող և գրեթե բարձր առաստաղին հասնող: Մայթերով կինոհերոսների պես դիմակավորված մարդիկ էին անցնում՝ փորձելով պատսպարվել գիժ ամսվա ձյունախառն անձրևից:
Վերցրեց հեռախոսն ու տեսավ Էլիզայի նամակը՝ «Իսկ ի՞նչ ներկայացում է»: «Չեմ հիշում: Մի՞թե դա էական է ☺», – պատասխանեց Միքայելը: «Իրոք որ: Էական չէ: Կգնանք-կտեսնենք ինչ էլ որ լինի», – հետևեց Էլիզայի հակիրճ պատասխանը:
Միքայելը շատ էր սիրում թատրոն: Եվ, ինչպես պարզվեց, Էլիզան ևս: Երկուսն էլ վաղուց չէին գնացել: Բաներ կան, որոնք քթիդ տակ են, բայց շարունակ հետաձգում ես: Հետաձգում ես լեռներ բարձրանալը: Հետաձգում ես հանգստանալը: Հետաձգում ես ապրելն ու սիրելը… Դա, հաստատ, սխալ է: Պետք է ապրել: Պետք է բարձրանալ լեռները: Պետք է գնալ Իտալիա և տեսնել պապիկի հրաշքը: Եվ պետք է սիրել…
Չէ՞ որ սա հրաշքի պես է: Նա հայտնվեց հանկարծ, չնայած ինչ-որ մի տեղ շատ վաղուց կար: Հայտնվեց փոթորկի պես ու տակնուվրա արեց իր հոգին: Մի՞թե սա նախախնամության գործը չէ: Չէ՞ որ ինքը վաղուց դադարել էր փնտրել, երբ բոլոր հույսերը ցնդել էին անհետ: Եվ ահա, հունվարյան մի ցուրտ օր նա հայտնվում է և բարձրանում, բարձրանում ու փայլում… Այդ քնքուշ և զարմանալի աղջիկը…
Միքայելը կրկին մոտեցավ դաշնամուրին: Վառեց անկյունի գիշերային գողտրիկ լամպը: Մի րոպեի չափ նայում էր ստեղներին, բայց մյուսներից առանձնանում էր հենց երկրորդ օկտավայի Մի նոտան: Դա նշան էր, ուստի չհապաղեց: Դարձյալ մատով հարվածեց այդ նոտային, ու սենյակըդարձյալ լցվեց Բախի հնչյուններով… Մատների հպումը ստեղներին նշանակում է մի ամբողջ կյանք ապրել, նշանակում է զգալ Բախին, նշանակում է աղոթել, նշանակում է սիրել և սիրվել, նշանակում է՝ կյանքդ անիմաստ չի անցել… Նշանակում է՝ դու կաս, և կա տիեզերքը, եթե անգամ ժամանակն ու տարածությունը հարաբերական են դարձել:
15.
Վիճակն ահագնանում էր: Այդպիսի բան անգամ ծանր ու մղձավանջային երազում հնարավոր չէր պատկերացնել: Նմանատիպ սցենարով ֆիլմեր կան, որոնք նայում ես բազմոցին փռված, ադիբուդի ուտելով, բայց ներքուստ հանգիստ ես, քանի որ ի սկզբանե գիտես, որ դա ընդամենը ֆիլմ է, և անձամբ քեզ ոչինչ չի սպառնում: Հիմա ամեն ինչ կվերջանա, կվառվեն սրահի լույսերը և դու հանգիստ կհորանջես ու կպատրաստվես քնելու:
Բայց սա ֆիլմ չէր: Սա իրական մղձավանջ էր: Եվ ոչ էլ երազ էր, այլ իրականություն, որի հետ պարտավոր ես առերեսվել: Աշխատանք չկա, փող չկա, ապագան անորոշության մեջ է, թունելի վերջում լույս դեռ չի նշմարվում: Համենայն դեպս, աշխարհն այլևս երբեք այնպիսին չի լինի, ինչպես առաջ էր՝ թիթեռնիկի ճախրանքի պես գույնզգույն և անհոգ:
Զանգեց ընկերը՝ Արան.
– Լսիր, Միքայել: Երազումս քեզ եմ տեսել: Լա՞վ ես:
– Փորձում եմ լավ լինել: Դու՞: Ի՞նչ ես տեսել:
– Ես էլ եմ փորձում… Պատկերացնու՞մ ես՝ երազումս քեզ տեսա մայթով արագ անցնելիս: Ինձ տեսար, կանգ առար ու ասացիր՝ Հա՛ց առեք, ծանր տարի է լինելու:
Միքայելը տխուր ժպտաց.
– Հացը չգիտեմ, բայց հնդկաձավար ու ձեթ հաստատ պետք է գնել:
– Կարծում ես լու՞րջ է:
– Էլ լուրջը պոզով-պոչո՞վ է լինում:
– Ամեն դեպքում, պիտի դիմանանք, Միքայել: Փորձություն է:
– Համաձայն եմ, Արա, փորձություն է: Գիտե՞ս ինչ տպավորություն ունեմ: Ասես երազի մեջ եմ:
– Իսկ ես հակառակն էի մտածում: Սա իրականությունն է, իսկ երազը մինչ այդ էր: Զարթնեցինք ու այլևս քնել հնարավոր չէ: Ամեն դեպքում, լավ եղիր:
-Դու էլ…
Միքայելը անքթիթ նայում էր սուրճի բաժակի մեջ: Անգամ սուրճ գնելը նրա համար դժվարին մի բան էր դարձել: Գործ չկար, և, հետևաբար, աշխատավարձ էլ չկար: Գրասենյակը փակվելու եզրին էր: Փող չկար կամ գրեթե չկար: Եղածն էլ շատ արագ հալվում-գնում էր: Դեռ պետք էր մտածել երեխաների մասին, նրանց կերակրելու և հագցնելու մասին, ուսման վարձի և տղայի բանակ գնալու մասին, մանկահասակ աղջկա մասին, որն արդեն իր նյութական պահանջներն ուներ: Միքայլելը ցանկանում էր լավ հայր լինել: Նաև ցանկանում էի լավ որդի լինել իր ծնողների և պապիկի համար: Ցանկանում էր լավ ընկեր լինել: Ցանկանում էր Էլիզային հրավիրել թատրոն և սրճարան…
«Սթափվի՛ր, այ տղա, – մտածեց ինքն իրեն, – քեզ սառը ցնցուղ էր պետք, չէ՞: Ահա, ստացար այդ ցնցուղը: Մտածիր՝ ինչ որ պիտի անես: Մարդիկ քեզ են նայում և սպասում քո խոսքին և գործին»: Սակայն ուղեղը որևէ արդյունքի չէր հասնում: Մոտեցավ դաշնամուրին, բայց չկարողացավ նվագել: Մատները չէին հնազանդվում իրեն: Վերադարձավ խոհանոց, ուր միշտ ավելի լավ էր մտածում:
Համավարակի ոչ միայն վերջը չէր երևում, այլև դեռ հաստատ սկիզբն էր: Այնպիսի տպավորություն էր, որ քեզ երկու ամսով տանում են զինվորական պատրաստության բարձրացման, հետո ասում են՝ կներես, երեք ամիս է: Հետ դա դառնում է կես տարի, հետո՝ մի տարի, երկու տարի… Մի օր էլ ասում են՝ կմնաս այնքան, ինչքան պետք լինի… Մի խոսքով՝ հիմար վիճակ… Լրիվ կորցնում ես ժամանակի և տեմպի զգացողությունը:
Ջրիկ սուրճից կում արեց ու հայացքը հառեց պատուհանից դուրս: Մանկահասակ աղջնակն այնտեղ էր ու դարձյալ մենակ: Փորձում էր թաց ձյունից գնդակներ ծեփել, սակայն ձյունը քիչ էր և ցեխախառն: Շուտով աղջնակը հիասթափվեց այդ խաղից, վերցրեց ուսապարկն ու դանդաղ քայլերն ուղղեց դեպի տուն:
Անելանելի մտքերը ցրելու համար Միքայելն արագ հագնվեց և դուրս եկավ տնից: Փողոցում անհասկանալի եղանակ էր՝ անձրև, ձյուն, հետո՝ արև, հետո կրկին անձրև… Երկինքն ու երկիրը խառնվել էին իրար, և ինչպես աշխարհաստեղծման սկզբին, անհնար էր գտնել դրանց եզրը:
16.
Պապիկը նստած էր նույն դիրքում: Այնպիսի տպավորություն էր, որ նա երբեք իր տեղից վեր չէր կենում: Նույն շորերով էր, սակայն Միքայելն ավելի շուտ զգաց, քան նկատեց, որ ինչ-որ բան, համենայն դեպս, փոխվել է:
– Բարի օր, պապիկ: Ինչ-որ բան է փոխվել, որ չեմ նկատում:
Պապիկը նայեց թոռանը ու ժպիտի պես մի բան հայտնվեց նրա երեսին:
– Սափրվել եմ, – վերջապես ասաց նա և իջեցրեց հեռուստացույցի ձայնը:
– Աա՜, – Միքայելն ինքն էլ ժպտաց: Հաճելի և ջերմացնող էր այն միտքը, որ ութսունն անց ծերունին հետևում է իրեն:
– Հո ժամադրության չե՞ս: – Կատակի տվեց Միքայելը:
– Ժամադրության եմ, – լուրջ ասաց պապիկը:
– Եվ ո՞վ է այդ երջանիկը:
– Քո այդ Հեմինգուեյը: Մտածեցի, որ անկարող եմ այս կարևոր գիրքն առանց սափրվելու կարդալ:
Միքայելը հիշեց, որ պապիկն, իրոք, ինչ-որ կարևոր բան անելուց առաջ անպայման սափրվում էր և կոկիկ հագնվում:
– Ասում ես՝ ինչի՞ մասին է այս գիրքը:
– Մի ծերունու, ծովի և մեծ ձկան մասին: Բայց կարծեմ մի տղա էլ է մասնակցում դեպքերին, միայն թե՝ կողքից:
– Դա էլ, երևի, դու ես, հա՞, – ծերունին ակնոցի տակից ժպտաց:
– Հմմ, չէի մտածել: Լավ համեմատություն է: Սկսե՞լ ես կարդալ:
– Սպասիր, մի՛ շտապեցրու ինձ: Այս գործը հանգիստ է սիրում, իսկ ես ոչ մի տեղ չեմ շտապում: Իսկ դու կարդացե՞լ ես այս գիրքը:
– Իհարկե, դեռ դպրոցական տարիքում: Պարտադիր ընթերցանության ցանկում էր:
– Մի բան ասա ինձ: Այս գրքի ծերունին կռվի՞ է գնում:
– Կռվի՞… Հմմ… Կարելի է և այդպես ասել: Այո, նա կռիվ է տալիս ձկան համար: Ահեղ մի կռիվ…
– Այդպես էլ գիտեի: Բայց ի վերջո նա հաղթու՞մ է, թե պարտվում:
– Դժվար է ասել: Չի հաղթում, բայց չի էլ պարտվում: Ավելի լավ է՝ ինքդ կարդաս:
– Դա արդեն կռիվ չէ, որդիս: Դա պատերազմ է: Պատերազմում ոչ ոք չի հաղթում: Հաղթում են կռվում:
Պապիկը լռեց: Միքայելը փորձեց ըմբռնել պապիկի խոսքերի իմաստը: Թերևս նա ճիշտ է՝ պատերազմն ու կռիվը տարբեր բաներ են:
– Մարդը միշտ է կռվում՝ ծնված օրվանից: Ամեն ապրած օրը մի ճակատամարտ է և մի հաղթանակ, եթե հանգիստ խղճով ես գլուխդ բարձին դնում:
Միքայելը լուռ լսում էր, իսկ պապիկը շարունակեց.
– Երբեք չվախենաս, Միքայել: Ո՛չ պատերազմից, ո՛չ կռվից, ո՛չ մահից… Ո՛չ մի բանից: Վախեցիր միայն ինքդ քեզ կորցնելուց: Դա, հիրավի, ահավոր բան է: Այլևս ոչինչ աչքիդ չի երևա:
Միքայելը լուռ էր, իսկ պապիկը շարունակեց.
– Ես գիտեմ, թե ինչ է կռիվը և գիտեմ, թե ինչ է պատերազմը: Իմ կյանքում մի օր անգամ չի եղել առանց կռվի ու առանց պատերազմի: Ես դա լավ գիտեմ: Պատերազմները միշտ եղել են, կան և լինելու են: Պատերազմները ամենից առաջ հենց մեր մեջ են: Հաթանակներն էլ: Պարտություններն էլ: Գաղթն էլ, աքսորն էլ, սովն էլ… ամեն ինչ: Այս գիրքը, որ երևի կկարդամ, հենց դրա մասին է: Մի ծերունի մարդ ամեն օր կռվի է դուրս գալիս: Դա իր կյանքի պատերազմն է: Նա ոչ հաղթում է, ոչ էլ պարտվում: Իսկ գիտե՞ս նա ինչ է անում:
– Ի՞նչ է անում: Ասա՛ ինձ:
Պապիկը նայեց ուղիղ Միքայելի աչքերի մեջ ու դանդաղ արտասանեց.
– Նա ապրում է:
Հետո բարձրացրեց հեռուստացույցի ձայնը և ձև արեց, թե նայում է: Ապա հայացք նետեց դեպի Միքայելն ու ասաց.
– Գնա՛, տղաս: Հաստատ շատ գործեր ունես: Գնա՛ և ապրի՛ր: Չմոռանա՛ս լեռների մասին:
17.
Փողոցում հանդիպեց ընկերոջը՝ Սպարտակին, որն արտասահմանյան զբոսաշրջիկներին սպասարկող վարորդ էր: Երկուսն էլ սրտանց ուրախացան: Միասին քայլեցին: Հետո պատսպարվեցին էժանագին մի սրճարանում:
– Ի՞նչ կա, ո՞նց ես: Ծնողներդ, երեխաներդ, պապիկդ…
– Սովորական, – պատասխանեց Միքայելը: – Ապրում ենք:
– Լսիր, Միքայել, դու կիմանաս, ինչքա՞ն է շարունակվելու այս համավարակը: Ի՞նչ են ասում վերևներում:
Միքայլեը սրտանց ծիծաղեց.
– «Վերևներում» ասելով ի՞նչ նկատի ունես:
Սպարտակն ինքն էլ ծիծաղեց և շտապեց պարզաբանել.
– Կառավարությունում:
– Դե դա այնքան էլ վերև չէ, – դարձյալ ծիծաղեց Միքայելը: – Բանն այն է, որ ոք ոչ ոչինչ չգիտի այս անիծյալ համավարակի մասին, բայց հայրս մի բան ասաց, որն ինձ դուր չեկավ:
– Ի՞նչ ասաց:
– Ասաց՝ երկու տարի աչքի առաջ ունեցեք: Մի քիչ այս կողմ կամ այն կողմ:
– Հայրդ իմաստուն մարդ է: Երևի մի բան գիտի:
– Ավելի շուտ՝ զգում է: Նա երբեք զգացմունքներին չի տրվում: Փորձում է սթափ գնահատել վիճակը: Ասում է՝ նման լուրջ քայլին հաստատ լավ պատրաստվել են: Ուրեմն՝ նպատակները լուրջ են, իսկ, եթե նպատակները լուրջ են, ապա պիտի հասցնեն ավարտին: Իսկ ավարտին հասցնելու համար ամենաքիչը երկու տարի կպահանջվի: Դրանք լուրջ մարդիկ են, երբեք կատակ չեն անում:
– Ո՞վքեր:
– Քո ասած՝ վերևներում: Ես կասեի՝ շատ վերևներում: – Միքայելը ձեռքով բարձրերն ընդգրկող մի շարժում արեց:
– Բայց ի՞նչ են ուզում մեզանից, հասարակ մարդկանցից: Թող իրենց հարցերն իրար մեջ լուծեն: Ախր մեզ պես մարդիկ մեղկ են: Առանց գործ ու առանց փող ո՞նց պիտի ապրենք…
– Չգիտեմ, Սպարտակ, չգիտեմ… Դուք ո՞նց եք ապրում:
– Դե ո՞նց ենք ապրում: Մի քիչ փող ունեմ հետ գցած: Հիշում ես տղայիս՝ Սիմոնին: Որոշել էինք նրա համար բնակարան գնել: Առաջին կանխավճարի գումարն է: Հետո Աստված ողորմած է:
– Այո, Աստված ողորմած է:
– Երբ մի դուռը փակվում է՝ մյուսն է բացում: Մի բան կանենք: Եթե քեզ գումար պետք լինի՝ ինձ կասես: Այդ փողից կծախսենք մինչև որ մի բան լինի: Երեխաներ ունես, ծնողներ… Չքաշվես, խնդրում եմ:
– Շնորհակալ եմ, եղբայր: Շնորհակալ եմ, – Միքայելը հուզվեց Սպարտակի բառերից: Գիտեր, որ մինչև վերջ անկեղծ ու մաքուր է այդ մարդը: Սակայն փորձեց փոխել թեման.
– Տղադ ինչպե՞ս է:
– Դե ինչպե՞ս պիտի լինի… Աշխատում է, երեխայի հետ շփվում…
– Ծա՞նր է տանում ամուսնալուծությունը:
– Իհարկե… Ինքը հաստատ չէր ուզում, որ այսպես լիներ: Փոքրիկ տղա ունի՝ իմ անունով և անհասկանալի մի կին… Թող Աստված ինձ ների: Չգիտեմ, Միքայել, կապրենք-կտեսնենք: Աստված մեծ է, այսպես չի մնա: Ցավն էլ է մարդու համար:
– Այո, ցավն էլ կանցնի: Միայն թե սպին է մնում: Մնում է ու ցավացնում…
Ընկերները լռեցին: Քիչ անց Սպարտակն ասաց.
– Տես, չամաչես, ինձ անպայման կասես, երբ փող պետք լինի: Ես գնամ արդեն: Կինս սպասում է: Մենակ չեմ ուզում երկար թողնել: Լավ եղիր: Ամեն ինչ լավ է լինելու:
– Չեմ կասկածում, – ժպտաց Միքայելն ու սեղմեց ընկերոջ մեծ և տաք ձեռքը:
18.
Նստեցին փոքրիկ խոհանոցում: Միքայելը պահարանից հանեց շիշը, մատնոցաչափ մի բաժակ գտավ ու դրեց սեղանին:
– Հերթով սկսեցին գնալ… Միգուցե և համավարակը չէր պատճառը: Ո՞վ է գլուխ հանում: Ամեն ինչ խառնվել էր իրար: Առաջինը Վահրամն էր՝ սիրելի երաժիշտն ու ընկերը: Մի մարդ, ով հազարավոր երգեր էր գրել: Ով միայնակ պայքարել էր Պանթեոնի հարևանությամբ դելֆինարիում սարքելու դեմ: Երգեց ու երգով էլ գնաց:
– Ինչի՞ մասին էին երգերը, պապ, – հետաքրքրվեց որդին:
– Երգե՞րը: Բոլոր երգերը սիրո մասին են, տղաս: Երգել նշանակում է սիրել: Եվ սիրել նշանակում է երգել: Սիրո մասին էր երգում Վահրամը:
– Ո՞նց է, որ ես երբեք չեմ լսել…
Հաստատ լսել ես: «Մոգական լապտերիկը գլանակ է կախարդ…»
– Դա Վահրամ Թաթիկյանի՞ երգն է, – զարմացավ տղան:
– Այո, այո…
– Չգիտեի: Իհարկե գիտեմ: Կարծում էի Հարութի երգն է:
– Չէ, Վահրամինն է: Հետո մյուսները գնացին՝ Սամվել Կարապետյանը, լուսանկարիչ Գերմանը, Կարեն Վարդանյանը, Արտակ Մովսիսյանը… Հիրավի արժանավոր մարդիկ: Եվ ուրիշները… Լցրու…
Տղան կոնյակ լցրեց փոքրիկ բաժակի մեջ:
– Ողորմի բոլորին, -ասաց Միքայելն ու գլխին քաշեց կեղծ կոնյակը:
Տղան չգիտեր, թե ինչ պատասխան են տալիս նման դեպքերում: Միքայելն օգնության եկավ.
– Ողջ լինենք, տղաս: Աստված մեծ է և, հաստատ, մեզնից շատ ավելի իմաստուն: – Ապա, մռայլ տրամադրությունը ցրելու համար հարցրեց.
– Ի՞նչ կա-չկա: Ընկերուհիդ լա՞վ է:
– Լավ է, պապ: Ինքն էլ է պարապում: Ուզում է բժշկուհի դառնալ:
– Լավ բան է մտածել: Բժիշկները հրեշտակների պես են: Թող դառնա: Քույրիկդ ի՞նչ է անում, ի՞նչ է մտածում:
– Ես ի՞նչ իմանամ: Ով գիտի, թե տասնչորս տարեկան աղջիկն ինչ է անում ու մտածում:
– Լրիվ պապիկիդ պես պատասխանեցիր:
– Բա էլ ու՞մ պես պիտի պատասխանեի, – տղան ևս ժպտաց: Ապա ավելացրեց.
– Պապ, ես նոր զենք եմ ուզում ստեղծել: Մեր բանակին հաստատ պետք կգա:
– Լավ բան ես մտածել: Իհարկե, ստեղծի՛ր: Սկսիր մտածելուց:
– Արդեն մտածում եմ: Հիշու՞մ ես, որ ինձ տետրակ էիր նվիրել: Կապույտ, մեքենայի պատկերով: Այդ տետրակում նշումներ եմ անում, որ չմոռանամ:
– Ճիշտ ճանապարհի վրա ես: Իսկ ապագա մասնագիտությանդ մասին ի՞նչ ես մտածում:
– Ուզում եմ Ճարտարագիտական ֆակուլտետ ընդունվել:
– Հրաշալի բան ես մտածել:
Տղան հայացքն իջեցրեց:
– Ի՞նչ կա, ասա՛: Ես քո հայրն եմ և քո ընկերը:
– Ուսման վարձը…
– Դա իմ խնդիրն է: Դու լավ պարապիր, որ անպայման ընդունվես: Իսկ ուսման վարձը թող ինձ: Ի՞նչ էի ուզում հարցնել… Հա, մաման ո՞նց է:
– Լավ է: Ապրում է: Ամբողջ օրը տանն է: Իրենց գրասենյակն էլ փակվեց:
«Կենացները քաղցրացան», – մտածեց Միքայելը, սակայն բարձրաձայն ուրիշ բան ասաց.
– Ավելի լավ: Ավելի շատ կլինի քո և քույրիկիդ հետ: Դրանից լավ բան չկա:
– Երևի ճիշտ ես…
– Այո, մի օր կհասկանաս, որ ճիշտ եմ:
– Մի բան ասե՞մ:
– Իհարկե, ասա:
– Ես քեզ շատ սիրում եմ: Դու հրաշալի հայր ես:
Միքայելը հուզվեց որդու անսպասելի անկեղծությունից: Միայն ասաց.
– Ես էլ քեզ, տղաս: Շա՜տ…
Այդ պահին ամպամած երկնքում ասես արև ծագեց ու հազարավոր սոխակներ երգեցին: Միքայելը ձեռքն առավ կեղծ կոնյակի բաժակն ու ցածր ձայնով երգեց.
– Կուզեմ հիմի փչե զուռնեն, հարբած ըլիմ մինչև էգուց…
Հետո ընդհատեց ու դիմեց տղային.
– Բոլոր երգերը սիրո մասին են: Սա միշտ հիշիր…
19.
Էլիզան շատ հուզված էր:
– Ես չգիտեմ, մամ, ես չգիտեմ… Շարունակ նույն բանն ես ասում: Այո՛, նա շատ լավն է, բայց ես չեմ սիրում նրան, չեմ սիրում: Դու գիտես, որ ես ուրիշին եմ սիրում ու միշտ նրա մասին եմ երազում:
Մայրը լուռ էր: Արդեն հարյուր անգամ խոսել էին նույն թեմայով, և թվում էր՝ լուծում չկա: Ինքն ամեն ինչ հասկանում էր և ընդամենը մի բան էր ցանկանում՝ որ աղջիկը երջանիկ լինի: Միքայելի մասին վերջերս էր իմացել: Մի օր, երբ տանը երկուսով էին, Էլիզան բացել էր սիրտն ու ամեն ինչ պատմել:
– Միգուցե մի օր նրան հրավիրես մեր տուն: Կգա, կծանոթանանք, կզրուցենք: Հետո բանը բան ցույց կտա:
– Ո՛չ, եթե հրավիրեմ՝ բոլորդ կմտածեք, որ ես արդեն համաձայն եմ: Բայց ոչ: Ես ուրիշին եմ սիրում և չեմ կարող ինքս ինձ խաբել:
– Նրան, ով կոտրեց քո սիրտը:
– Միգուցե, բայց ես նրան եմ սիրում:
– Կապ ունե՞ք:
– Վերջերս գրել էր: Հարցնում էր ինչպես եմ:
– Պարզ է… Իսկ չե՞ս վախենում, որ պատմությունը կկրկնվի:
– Ես արդեն ոչնչից չեմ վախենում: Այսինքն վախենում եմ միայն մի բանից՝ ինքս ինձ կորցնելուց: Իսկ առանց նրա ես ես չեմ: Ես կես մարդ եմ:
– Դու լրիվ հիվանդ ես, Էլիզա:
– Միգուցե և հիվանդ եմ, բայց ես չեմ կարող խաբել իմ սրտին: Չե՛մ կարող:
– Բայց Միքայելը քեզ առաջարկությու՞ն է արել:
– Ոչ, ի՞նչ ես ասում: Ի՞նչ առաջարկություն: Դեռ մի քանի անգամ ենք հանդիպել:
– Միգուցե շարունակես հանդիպել, շփվել…
– Միգուցե, բայց միայն որպես ընկեր: Ես զգացմունքներ չունեմ…
– Դու պարզապես փակվել ես, և թույլ չես տալիս, որ զգացմունքներ ծնվեն:
– Միգուցե և փակվել եմ: Բայց ես միայն մեկին եմ սիրում և ոչ ինքս ինձ, ոչ էլ քեզ խաբել չեմ պատրաստվում: Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ ինչ արած… Այսպես էլ կապրեմ:
– Ես քո մայրն եմ: Ուզում եմ, որ երջանիկ լինես և մենակ չմնաս, երբ մի քիչ էլ մեծանաս:
– Ես սիրում եմ մենակությունս: Ես արդեն սովորել եմ դրան, և ինձ շատ հաճելի է:
– Ես ուզում եմ դու երջանիկ լինես, աղջիկս:
– Ես էլ եմ ուզում, բայց քեզ մի բան ասեմ: Երջանկություն չկա: Կան միայն երջանիկ պահեր: Պետք է ապրել այդ պահերով:
– Ինքդ քեզ համար առած ես հորինել ու անընդհատ դա ես կրկնում: Ես քեզ հակառակը կասեմ: Երջանկություն կա՛: Պարզապես մի կարծիր, թե հեքիաթի կամ մուլտիկի պես է: Դրա համար պետք է պայքարել, ձգտել, հասնել ու պահել: Այո, ամեն ինչ էլ լինում է կյանքում, բայց պետք է կարողանալ հաշտվել ու լուծումներ գտնել:
– Այո, ես կհաշտվեմ նրա հետ, և մենք միասին լուծում կգտնենք:
– Նորից նույնը…
– Կամ էլ կգնամ Հայաստանից: Կգնամ, որ ամեն ինչ մոռանամ: Նոր կյանք կսկսեմ:
– Միամիտ աղջիկ… Եվ ու՞ր պիտի գնաս:
– Չգիտեմ: Չինաստան կգնամ: Մի քանի տարով:
– Չինաստան, մի քանի տարով… Երբ ճանապարհները փակ են:
– Կբացվեն:
– Երևի: Չգիտեմ:
– Մամ, ես ինքս ինձ խաբել չեմ կարող: Պապային էլ նույնն ասա: Եվ ինձ հանգիստ թողեք, խնդրում եմ… Ես այսպես չեմ կարող ապրել:
– Ինչպես կուզես: Դու ես, քո կյանքը: Միևնույնն է՝ չես լսում մեծերի խորհուրդները: Ես քեզնից շատ փորձ ունեմ: Գիտեմ ինչ եմ ասում:
– Ես էլ գիտեմ, թե ինչ եմ ասում: Ամեն ինչ սրտից է գալիս: Սրտին խաբել և ստիպել հնարավոր չէ: Ես երբեք չեմ սիրել Միքայելին: Նրա հետ հետաքրքիր է և հաճելի, բայց ոչ ավել: Ես ուրիշին եմ սիրում:
– Դե ինչ ասեմ: Դու գիտես: Եվ Աստված քեզ հետ, աղջիկս:
Մայրը դուրս եկավ սենյակից: Էլիզան մոտեցավ պատուհանին: Դրսում ձյունախառն անձրև էր: Էլիզան վերցրեց հեռախոսն ու փռվեց բազկաթոռին: Մի քիչ նայեց, մտածեց ու գրեց Միքայլեին՝ «Բարև, ո՞նց ես: Երևի թատրոն գնալը չստացվի: Ես վախենում եմ այս վարակից: Կներես…» Ուզեց էլի ինչ-որ բան գրել, բայց փոշմանեց և սեղմեց «Ուղարկել» կոճակը: Այդ պահին տուն մտավ աղջիկը: Էլիզան գրկեց նրան, համբուրեց ու ասաց.
– Ես քեզ շատ եմ սիրում: Գիտե՞ս: Շատ-շատ…
20.
«Բարև, պապ: Ազատ րոպե ունեի և որոշեցի այս անգամ նամակ գրել քեզ: Ծառայությունս նորմալ է անցնում: Սկզբում էր մի քիչ բարդ: Դե գիտես՝ նոր պայմաններ, կազարմա, անսովոր սնունդ… Մի անգամ հիվանդացա, դիմեցի բժշկին, և նա ինձ հիվանդանոց ուղարկեց: Հիմա լրիվ առողջ եմ և վերադարձել եմ շարային ծառայության: Ընկերներս լավն են, բայց ընդհանուր մակարդակը շատ ցածր է: Գրեթե ոչ ոք ոչ մի գիրք չի կարդում կամ կարդացել: Երևի միայն «Ռոբինզոն Կրուզոն» ☺ Ավելի վատ է այն, որ չեն էլ ուզում կարդալ: Բայց, երբ նրանց տարբեր գրքերից հետաքրքիր բաներ եմ պատմում, ուշադիր լսում են: Բայց հիմնականում շատ լավ տղերք են: Երբեք չեմ ափսոսում, որ այստեղ եմ ծառայում: Ծառայությունը բարդ է, բայց հետաքրքիր: Ափսոս, որ զինատեսակները հիմնականում հին են: Բայց դրա մասին չի կարելի գրել: Միգուցե նորագույն զինատեսակներն այլ զորամասերում են պահվում, ոչ առաջին գծում:
Հրամանատարներն էլ հիմնականում լավ մարդիկ են, բայց մի տեսակ զինվորականի շնորհք չունեն: Ավելի շատ սիրում են խմել ու զրուցել անհետաքրքիր թեմաներով: Բայց դե շատ լավ սպաներ էլ կան: Իսկական նվիրյալներ: Շատ հաճախ զորավարժական տագնապներ են լինում, որ ամեն ինչի պատրաստ լինենք: Սահմանները շատ լավ հսկվում են: Այնպես որ դուք Երևանում կարող եք հանգիստ քնել ☺
Մի տարին թռավ: Ասում են՝ դժվարն առաջին երեք ամիսն են ու վերջին երեքը: Արդեն մտածում եմ, թե ոնց եմ շարունակելու ուսումս: Լիքը պլաններ ունեմ: Բայց, երբ զորացրվեմ, առաջին հերթին պիտի մի լավ հանգստանամ: Մի շաբաթ քնելու եմ: Հետո՝ էլի մի շաբաթ ☺
Գալու կարիք չկա: Միգուցե ես ինքս արձակուրդ գամ սեպտեմբերի վերջերին: Հրամանատարս ինձ շատ է սիրում: Կապրենք-կտեսնենք:
Արցախն, իրոք, դրախտավայր է: Սկզբում չէի ընկալում, բայց հիմա ամեն մի քարն ու թուփը հարազատ են դարձել: Էլ չեմ խոսում անտառներում (տեղացիները «ծմակ» են ասում) կորած եկեղեցիների մասին: Մոտենում ես, շոյում տաք քարերը ու փշաքաղվում: Այստեղ դրախտային կլիմա է: Երեկոյան կողմ արևելքի կողմից՝ Մուղանի դաշտավայրից տաք օդն է բարձրանում դեպի Հադրութ, դեպի Դիզափայտ և Ազոխի քարանձավ, այնպես որ երբեք սառնամանիք չի լինում: Միայն այստեղ ես հասկացա և զգացի, թե ի՜նչ հրաշք է Արցախը: Թե ի՜նչ թանկ է այս հողը…
Դե, այսքանով ավարտեմ: Մեկի հետ նամակս կուղարկեմ, որ արագ հասնի ձեզ: Գրկում եմ: Մամային կհամբուրես իմ կողմից:
Որդիդ՝ Նիկ
Հադրութ, Արցախ»:
21.
Միքայելին աղջկա հետ շատ նուրբ թելեր էին կապում: Մի բան է, երբ աղջիկդ փոքրիկ երեխա է, և լրիվ ուրիշ բան է, երբ արդեն ջահել օրիորդ է: Սիրում էին հեծանվային զբոսանքեր կատարել Երևանում: Ինքն էր աղջկան հեծանիվ քշել սովորեցրել, իսկ հիմա հետևից հազիվ էր հասնում:
Ծննդյան տարեդարձին աղջիկը մի նկար էր նվիրել: Իրենց ընտանիքն էր՝ մանկական անկեղծ ու պարզ գծերով նկարված: Կողքին իտալերեն գրել էր՝ La mia famiglia: Դպրոցում իտալերեն էր սովորում:
– Սիրու՞մ ես իտալերենը, – հարցրեց Միքայելը:
– Շատ, ամենագեղեցիկ և ամենաերգեցիկ լեզուն է:
– Հայերենից հետո:
– Իհարկե, հայերենից հետո, – հաճոյացավ աղջիկը:
– Կուզե՞ս Իտալիա գնալ:
– Շա՜տ…
– Իսկ ի՞նչ կուզես տեսնել Իտալիայում:
– Նախ՝ Հռոմը: Հետո՝ Ֆլորենցիան և Վենեցիան:
– Վենետիկը:
– Այո, Վենետիկը:
– Իսկ ի՞նչ կանես Վենետիկում:
– Չգիտեմ, երևի կթափառեմ, պաղպաղակ կուտեմ: Ասում են այնտեղ շատ համեղ է պաղպաղակը: Գիտե՞ս իտալերեն պաղպաղակին ինչ են ասում:
– Չգիտեմ, – ժպտաց Միքայելը: – Ասա:
– Gelatto, – հպարտությամբ ու մի տեսակ համով ասաց աղջիկը:
– Գիտե՞ս, մեծ պապիկդ եղել է Իտալիայում:
– Այո, պատմել ես: Կարծեմ ինքն էլ է պատմել:
– Ասում է՝ Ռիմինի քաղաքում մի հին կամար կա՝ հին քաղաքի կենտրոնում: Այդ կամարի մոտ մի սրճարան կա: Այդ սրճարանում ամենահամեղ պաղպաղակն են մատուցում:
– Անպայման կփորձեմ, – խոստացավ աղջիկը:
– Նաև ասում է, որ այդ սրճարանում հրաշք կա:
– Գիտե՜մ, երկար քթով Պինոկիոն, – ուրախացավ աղջիկը:
– Ոչ, ոչ, Պինոկիոն հեքիաթի հերոս է, հրաշք չէ: Մեծ պապիկդ իրական հրաշքի մասին է պատմում:
– Պապ, բայց հրաշքներ չկան, չէ՞:
– Կան, իհարկե կան: Ես հավատում եմ:
– Մի օրինակ կբերե՞ս:
– Իհարկե: Դու իմ հրաշքն ես, – ժպտաց Միքայելը:
– Է՜, չէ, ես իսկական հրաշքների մասին եմ հարցնում, – մի տեսակ հիասթափված ասաց աղջիկը:
– Ես էլ: Մի՞թե դու իսկական չես:
– Լավ, պապ, արի հեծանիվ քշենք: Մեր մեծ շրջանն անենք դեպի Թումո և Մանկական երկաթուղու մոտով վերադառնանք կենտրոն: Համ էլ՝ մանկական գնացք կնստենք:
– Բայց զբոսայգին փակ է այս համավարակի պատճառով…
Աղջիկը տխրեց, բայց ելք գտավ վիճակից.
– Իսկ կապուչինո կխմե՞նք:
– Կապուչինո կխմենք, բայց իմ տանը: Սրճարանները փակ են:
– Ափսոս…
– Ոչինչ: Տնական կապուչինոն ավելի համեղ է, – ժպտաց Միքայելը: – Իսկ ամենահամեղ կապուչինոն գիտե՞ս որտեղ է:
– Որտե՞ղ:
– Իտալիայում: Կապուչինո նշանակում է գլխարկով սուրճ:
– Այո, իտալերեն մոտավորապես այդպես է: Բայց գլխարկը սերուցքից է: Երևի մեծ պապիկը դա նկատի ուներ, երբ պատմում էր հրաշքի մասին:
– Երևի: Ինքդ կտեսնես…
– Չգիտեմ երբ… Ասում ես՝ ճանապարհները փակ են:
– Մի օր անպայման կգնաս, կխմես ու կհիշես մեծ պապիկիդ:
– Քեզ էլ կհիշեմ, – ասաց աղջիկը: – Կամ էլ՝ միասին կգնանք:
Միքայելը միայն ժպտաց, Իսկ աղջիկը հարցրեց՝
– Իսկ Իտալիայում ուղտեր կա՞ն:
– Ուղտե՞ր, – զարմացավ Միքայելը: – Երևի միայն կենդանաբանական այգիներում:
– Իսկ դու գիտե՞ս, որ ուղտերին անվանում են անապատի նավեր:
– Չգիտեի…
– Իսկ, երբ անապատի մարդիկ առաջին անգամ նավ տեսան, գիտե՞ս նրանց ինչ անվանեցին:
– Ի՞նչ:
– Ծովի ուղտ:
Միքայելը սրտանց ծիծաղեց, իսկ աղջիկը դադար չէր տալիս.
– Ասում ես՝ ո՞վ է ծնվել Ռիմինիում:
– Մեծ կինոբեմադրիչ Ֆեդերիկո Ֆելլինին:
– Նրա համա՞ր են մեր Փելեշյանին անվանում վավերագրական կինոյի Ֆելլինի:
– Այո, բրավո, – անկեղծորեն հիացավ Միքայելը, իսկ աղջիկն ավելացրեց.
– Դպրոցում ենք անցել: Փաստորեն Ֆելլինին էլ գեղարվեստական կինոյի Փելեշյանն է:
Միքայելը քրքրջաց աղջկա սրամտության վրա: Հետո նստեցին հեծանիվներն ու սլացան դեպի Հրազդանի կիրճը: Եվ ո՞վ է ասել, թե աշխարհում երջանկություն չկա…
22.
Միքայելն ընկերոջը հրավիրեց տուն. սրճարանները տակավին փակ էին: Մի կտոր հաց կերան, հետո սուրճ դրեց:
– Շատ մտահոգ ես, – նկատեց Ավետիսը: – Ի՞նչ է եղել:
– Ավետիս, ոչինչ չի ստացվում… Ոչինչ չեմ կարողանում անել:
– Հա՜, – հառաչեց Ավետիսը, – կյանքը լրիվ շուռ եկավ: Բայց ոչինչ, կհարմարվենք:
– Դու ո՞նց ես ապրում:
– Չգիտեմ: Իրոք չգիտեմ: Աստված է պահում: Ես մի բան եմ հասկացել: Դու կարող ես ամիսը մի միլիոն դոլար ունենալ, այդ միլիոնով ապրել ու մի կերպ ծայրը ծայրին հասցնել: Բայց և կարող ես, օրինակ, հարյուր դոլար ունենալ և էլի ծայրը ծայրին կհասցնես: Կարևորը՝ իմանաս, թե ինչքան ունես և ըստ այդմ ապրես: Սուրճ էլի կխմես: Միայն թե ոչ թե հազար դրամանոց, այլ՝ հարյուր: Կծխես էլ, բայց ոչ թե հազար դրամանոց, այլ ավելի էժան: Կարևորն այն է, որ օդը, ջուրն ու արևը մնում են անվճար:
Ավետիսը ժպտաց ու մի գլանակ վառեց: Միքայելը հետևեց նրա օրինակին: Մի րոպեի չափ լուռ էին՝ ամեն մեկն իր մտքերին: Առաջինը խոսեց Ավետիսը.
– Ի՞նչ եղավ այն աղջկա հետ:
– Ոչինչ, – մի տեսակ անտարբեր պատասխանեց Միքայելը:
– Աղջիկը քեզ չսիրեց, – նկատեց Ավետիսը:
– Չսիրեց, Ավետիս…
– Խոսե՞լ ես հետը:
– Փորձում եմ: Չի ստացվում: Արդեն չգիտեմ ինչ անեմ: Լսիր, իսկ միգուցե նրան ուղիղ հարցնեմ, թե ինչ է ուզում:
– Աղջկան չպետք է հարցնես, թե ինչ է ուզում: Հաստատ կխճճվես… Պարզապես պիտի նրա վստահությունը ձեռք բերես, հետո ձեռքը բռնես ու տանես քո ճանապարհով, որը նաև նրանը կդառնա: Դրանից հետո կդառնա ձեր ճանապարհը:
– Լավ ես ասում…
– Այո, ասելը հեշտ է: Ինչ-որ մեկին ուզում ես քո ծովը նվիրել, բայց նա ուրիշի պղտոր առվակում է երջանիկ… Դու պիտի քայլ անես: Կանայք սիրում են, երբ տղամարդը քայլ է անում:
– Ես չհասցրեցի, Ավետիս… Պարզապես չհասցրեցի… Ինձ գոնե մեկ հանդիպում էլ էր պետք, որն այդպես էլ չկայացավ: Միգուցե նա էլ էր զգում դա, ուստի ամեն կերպ խուսափեց այդ հանդիպումից… Ես պարզապես հանդգնեցի մի փոքրիկ անձնական երջանկության մասին երազել… Երևի չի կարելի երազել: Կանայք սրտով են առաջնորդվում: Սերը սրտով է, և ոչինչ չես կարող անել դրա դեմ:
– Հասկանում եմ… Դժվար հարցեր են սրտի հարցերը: Ամենադժվարը: Իսկ սերը, լավ է, թե վատ, սրտով է, միայն սրտով: Վա՜յ այն սիրուն, որը գլխով է: Բայց ես քեզ մի բան եմ ուզում ասել, Միքայել:
– Ասա:
– Դու ասում էիր, որ պատահական չէր նրա հայտնվելը: Շատ նշանների մասին էիր պատմում: Եթե այդպես է, ապա դեռ մի մեծ նշանի սպասիր: Ավելին ասեմ, միայն թե հանգիստ տար, նա հայտնվել է մի կարևոր նպատակով: Բայց նա ընդամենը կամուրջ է լինելու: Այդ կամուրջը քեզ մի այլ կարևոր բանի է հասցնելու: Նա ընդամենը տրամպլին է: Նպատակն այլ է:
– Ո՞րն է նպատակը:
– Անկանխատեսելի են Տիրոջ ճանապարհները: Ես որ հաստատ չգիտեմ: Բայց կիմանաս, երբ գա ժամանակը: Կտեսնես և կհասկանաս:
– Կարծու՞մ ես:
– Վստահ եմ: Մի՛ սրտնեղվիր: Իտալիա դեռ կգնաս: Ո՞վ գիտե, միգուցե աղջկադ հետ: Դրանից հրաշալի բան ես ինքս չեմ պատկերացնում:
Միքայելը ժպտաց: Իրոք որ, հրաշալի բան կլիներ իր դստրիկի հետ Իտալիա գնալը և Ֆլորենցիայի փողոցներում թափառելը…
– Ժպիտ եկավ երեսիդ: Ուրեմն՝ դեռ հույս կա, – նկատեց Ավետիսը:
Միքայելը գրկեց ընկերոջը: Ինչ լավն է աշխարհը, երբ Ավետիսի պես հրեշտակներ կան քո կյանքում…
23.
Կինը հարմար պահ ընտըրեց ու դիմեց ամուսնուն.
– Ես անհանգիստ եմ Միքայելի համար: Միգուցե զանգե՞ս:
Ամուսինն, ասես չցանկանալով, շրջվեց կնոջ կողմը.
– Զանգեմ ի՞նչ ասեմ:
– Հարցրու՝ Ո՞նց ես, ինչ կա-չկա…
– Առանց զանգելու էլ գիտեմ ինչ պիտի ասի՝ Ամեն ինչ նորմալ է, մի՛ անհանգստացեք, ձեզ մոտ ի՞նչ կա-չկա:
– Ախր այդպես ինչպես կլինի…
– Ի՞նչը:
– Ուֆֆ, չգիտեմ, – կինը խոր հոգոց հանեց:
– Մեծ տղա է: Իր տեղը կգտնի: Երեխա չէ, որ անհանգստանաս:
– Ինչքան էլ մեծ լինի՝ իմ երեխան է մնում: Իսկ դու չե՞ս անհանգստանում:
– Անհանգստանում եմ… Գիտես, որ անհանգստանում եմ:
– Ամբողջ օրը վազվզում է: Չգիտեմ էլ՝ ինչպես է փող աշխատում: Ուզում էի առաջարկել մեր թոշակներից, բայց մերժեց: Միգուցե դու՞ առաջարկես:
– Իսկ ինձ չի՞մերժի:
– Այնպես տուր, որ չմերժի:
– Կփորձեմ…
– Չգիտեմ, անհանգիստ եմ: Ի՞նչ է անում, ի՞նչ է ուտում… Ամբողջ օրը վազքի մեջ է:
Ամուսինը չպատասխանեց: Ինքն էլ շատ ծանր էր տանում որդու չստացված կյանքը, բայց նախընտրում էր դրա մասին չխոսել: Վստահ էր, որ մի օր մի դուռ պիտի կբացվի: Այսպես երկար մնալ չի կարող, որովհետև պարզապես այսպես երկար մնալ չի կարող:
– Մի՛ մտածիր: Լավ կլինի: – Ասաց կնոջը:
– Ո՛չ, – ընդվզեց կինը, – ո՛չ, որպեսզի լավ լինի՝ պետք է մտածել: Միգուցե խոսես հետը, որ փորձի մեկին գտնել:
– Ես դրա մասին չեմ խոսի: Թող ինքը որոշի: Բայց ասում էիր՝ մեկը կա, չէ՞:
– Չգիտեմ: Ենթադրում եմ: Խոսիր, խնդրում եմ: Ամեն ինչ իրեն ես թողնում:
– Ես այդպիսի պատասխանատվություն ինձ վրա չեմ վերցնի: Իսկ եթե լավ բան չստացվի՞: Դրա մասին մտածե՞լ ես:
– Դու պարզապես հուշիր: Թող որոշումն ինքը կայացնի:
– Հուշելու բան չկա:
Երկուսն էլ լռեցին: Հեռուստացույցով ինչ-որ հաղորդում էր համավարակի մասին, բայց ամուսինները չէին լսում տաղտկալի փորձագետին:
– Թեյ կխմե՞ս, – կինն էր:
– Կխմեմ:
– Ինչո՞վ կուզես:
– Դրախտիկի մեղրից մնացե՞լ է:
– Դեռ մի քիչ կա:
– Ուրեմն՝ մեղրով: Դու էլ խմիր:
Կինն անձայն գնաց խոհանոց, որ ամուսինը չտեսնի իր արցունքները: Քիչ անց վերադարձավ՝ ձեռքին թեյի սկուտեղը: Դրեց սեղանին ու դիմեց ամուսնուն.
– Միգուցե մե՛նք գնանք նրա մոտ:
– Ջահել տղա է: Պետք չէ խանգարել:
– Մի երկու օրով: Գնանք, մի համով ճաշ սարքեմ: Անգործ-անփող նստած է:
– Իսկ վարակվելուց չե՞ս վախենում:
– Չեմ վախենում: Ես ոչ մի բանից չեմ վախենում: Արի գնանք:
– Լավ, – ասաց ամուսինը: – Արդեն ապրիլն է մոտենում: Գնանք ու մի երկու օրից վերադառնանք: Այգում շատ գործ կա անելու: Ծառերն է պետք ջրել, էտել, փչել…
– Երբ գնանք՝ մի քիչ զրուցիր հետը: Գրեթե չես խոսում տղայիդ հետ: Չե՞ս զգում, որ տանջվում է հոգով:
– Ինչի՞ մասին խոսեմ:
– Ինչի մասին ուզում ես: Պարզապես զրուցիր: Խոսքը խոսք կբացի:
– Արցախ գնալիս կզրուցենք:
– Մեկը մյուսին չի փոխարինում: Այստեղ էլ զրուցիր, Արցախում էլ:
– Լավ: – Կարճ կապեց ամուսինը: – Արի թեյը խմենք: Սառում է:
– Այո, ցանկացած անհասկանալի իրադրության մեջ պետք է թեյ խմել, – տխուր նկատեց կինը:
Երեկոն անցավ համաճարակաբանի տաղտկալի ձայնի ներքո: Մոտենում էր գիշերը՝ Սևանի քամով և լեռների սառը շնչով:
24.
Չէր սիրում հեռախոսով Էլիզայի հետ խոսել: Զրույցը մի տեսակ անկեղծ չէր ստացվում: Հեռախոսով չես կարող մարդու աչքերի մեջ նայել, իսկ բաներ կան, որ բառերով չես ասի, այլ միայն աչքերով: Հայացքով ու մտքով, անտեսանելի էներգետիկ լեզվով, որը հազար բառ արժե: Բայց հանդիպումն ուշանում էր: Էլիզան գնացել էր ծնողների մոտ ու չէր շտապում վերադառնալ: Գործը հեռավար էր՝ համակարգչով, իսկ տնից դուրս գալ վախենում էր, որ հանկարծ չվարակվի:
Միքայլեն անգամ ուզում էր ինքը գնալ Էլիզայի մոտ, սակայն գրեթե միանգամից հասկացավ, որ դա անհույս և անգամ հուսահատ քայլ կլինի: Միևնույնն է՝ հանդիպել չի ստացվի: Էլիզան կարծես խուսափում կամ վախենում էր հանդիպումից: Ուրեմ, մնում է սպասել: Սպասել և հուսալ, ինչպես Մենտո Քրիստոն էր ասում:
Թատրոնի տոմսերը վերադարձրեց և ստացավ գումարը: Թատրոնը ևս փակվել էր համավարակի պատճառով:
Միքայելը մոտեցավ պատից կախված Հայաստանի քարտեզին: Կարոտով նայեց ու պատկերացրեց առաջիկա ճամփորդությունը ծնողների հետ: Կգնան Սևանա լճի ափով, ընդ որում՝ արևելյան ափով: Այդ ճանապարհին մեքենաներ գրեթե չկան, թեև շրջակայքը շատ ավելի գեղատեսիլ է, քանի արևմտյան ափը: Հետո կհասնեն Քարվաճառի հեքիաթային կիրճին, մի տեղ կանգ կառնեն և սուրճ կխմեն: Սոթքով կմտնեն Դադիվանք, ապա Սարսանգի ափով կիջնեն դեպի Ստեփանակերտ: Կգիշերեն Ստեփանակերտում, իսկ մյուս օրը կգնանք Դրախտիկ՝ Հադրութի շրջանում: Անպայման գերեզմանոց էլ կայցելեն… Երևի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Դա ամենալավ ժամանակն է՝ դեռ տաք է, բայց Արցախ աշխարհում արդեն նշմարվում է չնաշխարհիկ աշունը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կերգեր Տերյանն աշնան գեղեցկությունը, եթե ծնունդով ոչ թե Ջավախքից լիներ, այլ Արցախից:
Պետք է աշխատել: Ֆիզիկա և մաթեմատիկա պարապել դպրոցականների հետ: Բայց ինչու՞ միայն դպրոցականների: Բոլոր ցանկացողների հետ: Անգամ հումանիտար մասնագիտություն ունեցողների: Չէ՞ որ մաթեմատիկան այնքան գեղեցիկ է… Իսկ ֆիզիկան՝ շատ ավելի: Գրեթե արվեստ… Միգուցե լավ է, որ քչերն են հասկանում մաթեմատիկայի էսթետիկ գեղեցկությունը: Չէ՞ որ Բախին էլ քչերն են հասկանում: Մարդիկ ավելի շատ թեթև երաժշտություն են սիրում, թեթև մասնագիտություններ, թեթև աշխատանք, թեթև հարաբերություններ, թեթև գրքեր… Մարդիկ չեն սիրում իրենք իրենց նեղություն տալ և կոմֆորտի անգամ թվացյալ գոտուց մի քայլ դուրս դնել: Պարզ և հասարակ շուոներ առանց բովանդակության: Գրքեր, որոնք մի քանի տարի անց թղթի թափոն են դառնալու: Գռեհակաբանությամբ լի ներկայացումներ և հեռուստահաղորդումներ, որոնք մարդկանց զոմբի են սարքում: Ոչ թե արվեստ, այլ սելֆիներ արվեստի ֆոնի վրա…Իսկ, միգուցե, խելացի գյուղատնտեսությա՞մբ զբաղվի… Չէ, դա իրենը չէ: Սրճարանում դաշնակահար դառնալ: Բայց սրճարանները փակ են: Թարգմանություններ անել, թեև հիմա լեզու իմացող բոլոր մարդիկ այդ գործն են անում: Երևի միայն մի տարբերակ է մնում՝ դասավանդել: Այդ մեկը սիրում է և կարող է անել: Պետք է զանգել ծանոթներին ու մի բան գտնել…
Իսկ Էլիզան… Միքայելը կրկին կարկամեց: Անհանգստության որդը կրծում էր սիրտը: Զգում էր, որ աղջիկը մի տեսակ սկսել է խուսափել իրենից: Տասը հաղորդագրությանը մի կարճ ժպիտով էր պատասխանում… Դրանից հետո ինքն էլ սկսեց ավելի ու ավելի քիչ գրել:
Մոտեցավ բակի պատուհանին ու նայեց դատարկ խաղահրապարակին: Բակում էրեխաներ այլևս չէին երևում: Բոլորը տանն էին: Տեղից տեղ միայն մեքենայով էին գնում: Բոլորը վախեցած էին:
– Կյանքը լրիվ շուռ եկավ: Հիրավի, երանի ամեն ինչ մնար առաջվա պես: Զարթնեիր ու հասկանային, որ ընդամենը վատ երազ ես տեսել: Գնայիր-պատմեիր ջրին, որ տաներ դեպի մոռացություն: Բայց կյանքը երազ չէ: Պետք է ապրել, հաղթահարել, սպասել, տոկալ, գլուխը պատերով տալ, ժպտալ, երբ սիրտդ լալիս է, հույս տալ նրանց, ովքեր սպասում են դրան: Պետք է ապրել… Քնքուշ և զարամանալի աղջկան սպասելով, լավ օրերին սպասելով…
Ապրիլն էր, ապրելու ամիսը, սակայն կյանքն ասես կանգ էր առել…
25.
Պապիկը կրկին սափրվել էր: Թոռան այցից ուրախացած՝ սկսեց պատմել.
– Հա, լավ կյանք եմ ապրել, որդիս: Չեմ դժգոհում: Գիտես, թե երբ եմ ծնվել: Քիչ բան եմ հիշում այդ տարիներից: Հիմնականում սոված էինք: Ծնողներիս չեմ էլ հիշում: Որբանոցում էի, հետո գիշերօթիկ դպրոց ուղարկեցին: Սովորեցի, ավարտեցի: Ես սիրում եմ կյանքը: Մտածում էի ուսումս շարունակել, բայց չստացվեց: Պատերազմը սկսվեց: Ինձ էլ տարան: Մի քանի ամսից գերի ընկա գերմանացիներին: Տարան համակենտրոնացման ճամբար: Այնտեղ երկար մնացի, բայց գերմանացիների հետ կարծես լեզու գտա: Դեռ դպրոցից մի քիչ գերմաներեն գիտեի: Հետո Նժդեհը եկավ մեզ այցելության:
– Անձամբ Գարեգին Նժդե՞հը:
– Այո, հենց ինքը: Մտածում էի կամավորագրվել, բայց մյուս օրը մեզ տարան հարկադիր աշխատանքների: Նժդեհին այլևս չտեսա: Անգամներից մեկում, չարաշահելով գերմանացիների վստահությունը, փախա: Մենք ավելի մոտ էինք Իտալական սահմանին, որն այնքան էլ չէր հսկվում: Լեռներով հասա Իտալիա ու միացա պարտիզաններին: Կռվում էինք, պայթեցնում: Քիչ ու միչ իտալերեն սովորեցի: La lingua italiana… Հետո վիրավորվեցի ու ինձ մի տուն տարան: Այդտեղ մի գեղեցիկ աղջիկ կար՝ Սիլվիա անունով… Պատմել եմ, չէ՞:
– Պատմել ես, բայց էլի պատմիր: Ես սիրում եմ այդ պատմությունը:
– Դե որ պատմել եմ՝ էլ ի՞նչ ավելացնեմ: Սիլվիան սիրահարվեց ինձ: Ես էլ նրան: Ջահել էինք… Ամեն երեկո իտալական գինի էինք խմում և գյուղական պանիր ուտում: Հացն էր քիչ… Հետո եկան ամերիկացիները: Ինձ առաջարկեցին Ամերիկա գնալ, բայց Սիլվիան ուզում էր, որ մնամ Իտալիայում: Երբ երկու գարբերակ ունես՝ միշտ երրորդն ես ընտրում, ամենավատը: Բայց չեմ փոշմանել: Սիլվիան ինձ Ռիմինիում մի սրճարան տարավ՝ Ադրիատիկ ծովի ափին: Ասաց՝ մնա, միասին Վենետիկ կգնանք, այնտեղ քո հայրենակիցներն են ապրում, մի գործ կգտնես: Չմնացի: Հայրենիքը կանչում էր… Գիտես՝ վերադարձա: Այսինքն՝ ցանկանում էի վերադառնալ, բայց սահմանին ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Ինձ ձերբակալեցին որպես ամերիկյան, թե իտալական լրտեսի: Իբր դատեցին ու միանագամից քշեցին հայդա Սիբիր… Դու Սիբիրում եղե՞լ ես:
– Չեմ եղել, պապիկ: Կուզեի տայգան տեսնել…
– Տայգան… Տայգան գեղեցիկ է… Տասը տարի վայելել եմ այդ գեղեցկությունը: Գիտե՞ս ինձ ինչը փրկեց մահից:
– Ի՞նչը:
– Երկու բան: Առաջինը՝ կյանքի հանդեպ սերը: Երկրորդը՝ գերմաներենի իմացությունս: Շատ գերմանացի ռազմագերիներ կային, և ես միակ թարգմանիչն էի: Գրեթե բոլորը մահացան ցրտից, սովից, դաժան վերաբերմունքից և հիվանդություններից… Տասը տարի անց վերադարձա ու ամուսնացա: Մի տեսակ գաղտագողի: Սովորել արդեն չէի կարող, ուստի անցա աշխատանքի… Այդպես… Մնացածը գիտես:
– Գիտեմ…
– Երբ գնաս Իտալիա՝ անպայման կայցելես Ռիմինի ու կգտնես այդ սրճարանը: Այնտեղ հրաշք կա…
– Չես ասում ինչ հրաշք է:
– Ինքդ կտեսնես: Այդ կետում ժամանակը կանգ է առնում ու, եթե շատ ցանկանաս, կարող ես տեսնել ամեն ինչ: Անգամ այն, ինչի մասին պատկերացում անգամ չունես:
– Սիլվիային էլ կտեսնե՞մ:
– Սիլվիայի հետ ի՞նչ գործ ունես, – պապիկը ժպտաց, – Սիլվիան իմն է, իմ հուշը: Դու քո սերը կտեսնես, այն ինչը քոնն է:
– Լավ, պապիկ: Իսկ գիրքը կարդացի՞ր:
– Կկարդամ, որդիս, անհոգ եղիր: Հիմա ավելի լավ է շախմատ խաղանք:
Միքայելը դարակից հանեց հնամենի շախմատն ու սրբեց փոշին: Շարեց ֆիգուրները: Պապիկն արեց առաջին քայլն ու ասաց.
– Շախմատն էլ է կռիվ: Սիբիրում մի ճապոնացի կար: Ինձ սովորեցրեց Գո խաղալ: Մայրու փայտից էր տաշել-սարքել: Դու Գո խաղացած կա՞ս:
– Ոչ: Հետաքրքի՞ր է:
– Ամենահետաքրքիր խաղն է: Եթե շախմատը կռիվ է, ապա Գոն պատերազմ է: Կյանքի պես: Աշխատիր հաղթել: Կյանքն այնքան գեղեցիկ է, երբ դու հաղթող ես…
26.
Արդեն մայիս էր՝ կանաչ գորգերով ու հեքիաթային գեղեցկության վարդերով:
Էլիզան չէր պատասխանում: Հետո կարճ հաղոդագրություն ուղարկեց՝ «Կներես, շատ զբաղված եմ»: Կարճ և կոնկրետ: Հետո հաղորդագրություն եկավ անծանոթ համարից՝ «Միքայել, ես Էլիզայի ընկերուհին եմ… Դուք պետք է մոռանաք նրան: Մի՛ գրեք նրան և մի՛ անհանգստացրեք: Նա ուրիշի հետ է, և Ձեզ հետ իր ապագան չի տեսնում: Աշխատեք երջանիկ լինել…»
Իսկ ո՞վ է Էլիզան իր համար: Արդյոք ճանաչու՞մ է այդ աղջկան: Ճանաչել մեկին՝ նշանակում է իմանալ նրա երազանքները: Իսկ ինքը տեղյա՞կ է Էլիզայի երազանքներից… Երևի թե՝ ոչ… Չնայած, միգուցե, ամեն ինչ ավելի պարզ է, քան ինքն է կարծում: Բոլորն էլ ի վերջո ձգտում են երջանկության, պարզ, մարդկային երջանկության՝ սեր, ընտանիք, ապահովություն, առողջություն… Ամեն ինչ պարզ է, բայց արի ու տես, որ այդ պարզությունը երբեմն այնքան բարդ է ու անհասանելի…
Միքայելը մոտեցավ բաց կափարիչով դաշնամուրին, սակայն չկարողացավ նվագել: Մատներն իրեն չէին ենթարկվում: Մտքերը ցրելու համար առավ հեծանիվն ու դուրս եկավ: Շենքի պատին ինչ-որ մեկը խզմզել էր՝ «Ես ամեն օր խեղդվում եմ այս անծով քաղաքում»: Միքայելը գրեթե ժպտաց՝ «Լավ է ասված…Իսկը ինձ համար…»
Մետրոյով բարձրացավ մինչև «Բարեկամության» կայարան՝ հեծանիվի համար ևս հարյուր դրամ վճարելով, ապա Կիևյան փողոցով սլացավ վար՝ մինչև Թումոյի այգի: Այդտեղ մի փոքր դադար տվեց՝ զմայլվելով վարդերի թփերով և երեխաների նախագծած գրեթե կախարդական շատրվաններով: Մի պահ ցանկացավ սովորության համաձայն հրաշագեղ վարդերը նկարել և ուղարկել Էլիզային, սակայն զսպեց իրեն: Իր վարդերը Էլիզայի համար ոչինչ էին: Վարդերի նկարն ուղարկեց իր դստրիկին: Ապա Հրազդանի կիրճով, Չռռիկի և բացօթյա մարզումներ անողների մոտով հասավ մանկական երկաթուղու կայարան: Միանգամից մտավ ստորգետնյա թունել և շուտով հայտնվեց քաղաքի կենտրոնում: Մաշտոցի պողոտայով բարձրացած դեպի Մատենադարան և մի քանի րոպեից վերադարձավ տուն:
Առանց լվացվելու և շորերը փոխելու՝ Միքայելը նստեց դաշնամուրի առջև: Հայացքն ընկավ դաշնամուրից վերևում կախված սևուսպիտալ լուսանկարին: Մի քանի վայրկյան անշարժ էր: Մտքում շշնջաց՝ «Գարունը տաք՝ քո կրծքի տակ…» Հետո աջ ձեռքի միջնամատով հարվածեց երկրորդ օկտավայի երրորդ ստեղնին, ու սենյակում կրկին հորդաց Բախի Անգլիական երկրորդ սյուիթը…
Բախն ամեն ինչի պատասխանը տալիս է: Բախն աստվածային է: Բախն ինքը աստված է: Նրա հետ կարելի է զրուցել: Նրա հետ կարելի է անգամ լռել: Եվ նրա հետ կարելի է ապրել ողջ կյանքն անգամ այս հոգնած ու անծով քաղաքում…
27.
Ընկերները հանդիպեցին Հրազդանի կիրճում: Գետի ափին մի հարմար տեղ գտան ու նստեցին: Գարեգինը թերմոսով սուրճ էր բերել և պլաստիկ բաժակներ:
– Այս երաջանկությանը միայն ծխախոտն է պակասում:
– Ես ունեմ, – ասաց Միքայելն ու գրպանից հանեց էժանագին տուփը: – Համեցիր:
– Այո, այս մաքուր օդին մեղք է չծխելը, – կատակեց Գարեգինը:
Երկուսն էլ ծխեցին և կում արեցին տնական տաք սուրճից:
– Սիրում եմ այս կիրճը, – խոստովանեց Գարեգինը: – Ժամանակին այստեղ զբոսաշրջիկներ էի բերում: Բոլորն էլ զարմանում և հիանում էին, որ Երևանում այսպիսի տեղ կա: Ափսոս, որ ռեստորանները ապականել են ամեն ինչ, աղբն էլ մի կողմից… Մարդու զզվանք է գալիս:
– Հիրավի, – գլխով արեց Միքայելը, – աղբը մեր հանապազօրյա…
– Բայց նկատե՞լ ես, որ Արցախում աղբ չկա: Ի՜նչ մաքուր է Ստեփանակերտը: Մի քիչ աղքատիկ, բայց մաքուր: Տեսնես ինչի՞ց է:
– Կարծում եմ այն հազվագյուտ տեղերից է, որտեղ հայերը բնիկ են՝ սկսած Հայկ նահապետից: Մյուս տեղերում վստահ չեմ: Երևի շուտ կամ ուշ բոլորն էլ ներգաղթածներ են:
– Իսկ Երևա՞նը: Չէ՞ որ առաջ Երևանն այսպիսին չէր, – նկատեց Գարեգինը:
– Երևանն էլ նույնն է: Մեր անծով քաղաքը… Երևանում երևանցի չի մնացել: Մարդիկ չեն սիրում իրենց երկիրը, իրենց քաղաքը: Ամեն ինչ շոու է դարձել՝ միայն էկրանին երևացող տաղավարն է կարևոր, իսկ կուլիսները լի են աղբով:
– Հա, տխուր է… – հառաչեց Գարեգինը: – Փողով կարելի է եկեղեցի կառուցել, բայց հավատ առնել հնարավոր չէ:
Ընկերները լռեցին՝ վայելելով վարարած Հրազդանի քչքչոցը, սուրճն ու ծխախոտի ծուխը: Առաջինը խոսեց Գարեգինը.
– Երկու օր առաջ զարմանալի երազ եմ տեսել: Դու հետաքրքրվում էիր երազներով, չէ՞:
– Այո, քո և Շտայների շնորհիվ, – Միքայելը փորձեց կատակի տալ:
– Հա, ի դեպ, գիրքը բերել եմ: Չմոռանամ քեզ տալ, որ կարդաս: Բայց լսի՛ր երազս: Ուրեմն՝ Արցախում եմ: Հրաշալի, տաք եղանակ է: Մի գեղատեսիլ կիրճում եմ: Երևի Հունոտի կիրճն էր: Տեսնում եմ մեր ընդհանուր ընկերոջը՝ Դավիթին: Կիրճի բերանով նեղ ճանապարհ է ձգվում: Այդ հողային ճանապարհով անընդհատ զինվորական տեխնիկա է անցնում՝ տանկեր, հրանոթներ կապած բեռնատարներ, զորք՝ լրիվ սպառազինությամբ, նաև քաղաքացիական մարդիկ… Պատկերացնու՞մ ես՝ անվերջ շարքով: Դավիթին հարցնում եմ, թե դա ինչի համար է: Ասում է՝ դեպի Դրախտիկ են գնում, պատերազմ է սկսել… Ու այդ պահին երազում հիշում եմ, որ տղաս էլ է այնտեղ: Շտապում եմ հասնել նրան ու վազում եմ: Բայց, ինչպես հաճախ երազներում լինում է, վազում եմ, վազում, բայց առաջ չեմ գնում… Այդ պահին արթնացա ու միանգամից զանգեցի Նիկին…
– Ամեն ինչ նորմա՞լ է, – անհանգստացավ Միքայելը:
– Այո, այո, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք:
– Հրաշալի տղա ունես, Գարեգին: Կարող ես հպարտանալ նրանով:
– Դու էլ, Միքայել: Ի ղեպ, քո տղա՞ն ոնց է: Շատ մտահոգ ես երևում:
– Լավ է, շնորհակալություն: Ինքն էլ եկող տարի բանակ կգնա: Արդեն տասնյոթ տարեկան է: Ուզում է Արցախում ծառայել՝ Դրախտիկին մոտ:
– Մեր հեքիաթային Հադրութում…
– Այո, մեր դրախտային բնօրրանում…
Կրկին լռեցին ու հայացքներն հառեցին գետի կողքով անցնող ճանապարհին, որով մի աղմկոտ բեռնատար էր անցնում:
– Երևի քայլենք, հա՞, – առաջարկեց Գարեգինը:
– Իհարկե, քայլենք, – համաձայնեց Միքայելը:
Ընկերները վերցրին թերմոսը, ծխախոտի մնացորդներն ու քայլեցին ձորով: Մի քանի րոպեից երևաց Սուրբ Սարգիսը, իսկ ավելի հեռվում, Հաղթանակի կամրջից անդին, շքեղափայլ Արարատն էր՝ ժամանակին և աշխարհի բոլոր վարակներին անհաղորդ գեղեցկուհին:
– Մեր անհաս փառքի ճամփան, – ասես ընկերոջ մտքերը կարդաց Գարեգինը:
– Մեր անհասանելի երազանքների մարմնացումը…
28.
Արցախից ընկերն էր եկել՝ Վարդանը: Նստեցին Միքայելի տանը, Վարդանի բերած ժենգյալով հացը կերան ու տնական թթի օղին խմեցին:
– Ի՞նչ կա Ստեփանակերտում, – հետաքրքրվեց Միքայելը:
– Սովորական: Մարդիկ աշխատում են, երեխաները՝ սովորում կամ մանկապարտեզ գնում: Շուտով վերջին զանգն է: Երբ գաս՝ քեզ տանելու եմ Հունոտի կիրճ: Այնտեղ մի հրաշք կա:
Միքայելն ակամայից հիշեց պապիկի պատմությունը Ռիմինիի մասին, ժպտաց ու հարցրեց.
– Ի՞նչ հրաշք…
– Մի անշուք տեղ… Անգամ ռեստորան չեմ կարող անվանել: Հաց են տալիս՝ մատներդ հետը կուտես: Ամեն ինչ շատ պարզ ու հասարակ է: Երկու միատեսակ ափսե կամ բաժակ կամ անգամ պատառաքաղ չես գտնի: Չկա… Բայց այնքան համով «աղ տիրած» ու կուրկուտ են տալիս, որ էլ չասած… Կփորձես ու կասես՝ ես ճիշտ եմ, թե՞ ոչ:
– Լավ, կփորձենք, – ժպտաց Միքայելը: Երևի սկսեմ հաճախ գալ, երբ տղաս ծառայության անցնի բանակում:
– Արդեն որոշվա՞ծ է որտեղ պիտի ծառայի:
– Դեռ ոչ, դա վերջին պահին է արվում, բայց ինքը հաստատ Արցախում է ուզում ծառայել: Ավելին՝ Հադրութում:
– Երևի Դրախտիկում, հա՞, – ժպտաց Վարդանը:
– Կռահեցիր:
Ընկերները մի-մի բաժակ էլ խմեցին ու հրաժեշտ տվեցին իրար՝ պայմանավորվելով հաջորդ անգամ հանդիպել Արցախում ՝ իսկական կուրկուտի սեղանի շուրջը:
29.
Ամառն իր կիզակետում էր: Երևանում շոգ էր: Համավարակը չէր նահանջում, բայց մարդիկ ակնհայտորեն հոգնել էին սահամանափակումներից և միապաղաղությունից: Բացօթյա սրճարանները սկսեցին լցվել, փողոցներում մարդիկ շատացան, իսկ բակում կրկին խաղում էին աղմկոտ երեխաները:
Միքայելը որոշեց պապիկի հորդորով քայլարշավի գնալ դեպի լեռները: Առաջարկը ֆանտաստիկ էր թվում՝ Խուստուփ լեռը՝ գիշերակացով: Քաղաքն արդեն սպառել էր իրեն: Երեխաները պապիկ-տատիկի մոտ էին: Ուրեմն՝ Խուստուփ, այն լեռը որը Նժդեհն իր անառիկ ամրոցն էր դարձրել, երբ ազատագրում էր Սյունիքը:
Ճանապարհը երկար էր, բայց հետաքրքիր՝ Արարատյան դաշտավայով դեպի Վայք, հետո դեպի Գորիս, Կապան, որոնք Հայաստանի խոր թիկունքում էին: Արարատյան դաշտավայրից հետո եղանակը հրաշալի էր՝ Բակունցի նկարագրածի պես: Գիշերակացը մի գողտրիկ թմբի վրա էր՝ վրաններում: Ավելի ակտիվները ձեռնամուխ եղան կրակ վառելուն և ընթրիքի պատրաստություն տեսան: Միքայելը հաճույքով կերավ կրակի վրա պատրաստված լոլիկով ձվածեղն ու ականջ դրեց արշավային ընկերների ուրախ զրույցներին: Էլիզայի մասին աշխատում էր չմտածել: Նայում էր կրակի շեղջերին ու մի միտք հիշեց՝ «Անվերջ կարելի է երեք բան անել՝ Բախ լսել, նայել կրակին և…»: Երրորդն այդպես էլ չհիշեց ու ինքն իրեն ժպտաց՝ երրորդ բանը կարող էր ամեն ինչ էլ լինել՝ վարդի թփից հոտ քաշել, խաղալ երեխաների հետ, լեռները բարձրանալ, երազել… Այո, երազել… Անմեղ մի զբաղմունք, որին յուրաքանչյուր ոք կարող է տրվել: Բոթհովենն էլ է երազել, Մոցարտն էլ, Բակունցն էլ, Չարենցն էլ, Կոմիտասն էլ… Եվ երևի բոլորը երազում են օվկիանոսի խորքում թաքնված միայնակ կղզու մասին…
Գիշերը քնել գրեթե չկարողացավ, իսկ առավոտյան 4-ին ճամբարում սկսեցին պատրաստություն տեսնել: Մեկ ժամից արդեն ճանապարհին էին: Սյունիքի լեռներում լույսը նոր էր բացվում: Առանց արկածների, մի քանի անգամ դադար տալով, հասան Խուստուփի փեշերին: Վերջին վերելքից առաջ որոշեցին հանգստանալ: Միքայելը պառկեց ալպիական կանաչ խոտերին ու փակեց աչքերը: Մեղվի և այլ միջատների բզզոցը խառնվում էր արշավական ընկերների ուրախ ձայներին… Երբ պառկում ես խոտերին՝ սկսում ես երեխաների պես ընկալել աշխարհը՝ նրանց բարձրությունից: Միքայելին էլ մի պահ թվաց, թե «աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ…»
Քիչ անց հաղթահարեցին վերջին քարակերտ բնական բարձունքն ու հայտնվեցին Խուստուփի գագաթին: Այստեղ Նժդեհն իր ուխտն է արել՝ կռվել ու պաշտպանել իր հայրենիքը: Անտեսելով խմբի ուղեկցորդի խեթ հայացքը՝Միքայելը մի գլանակ վառեց, նստեց արևից տաքացած քարերին ու հայացքն ուղղեց հեռուները: Դիմացը Սյունյաց աշխարհն է, աջից՝ Արցախն է սկսվում, հետևում Նախիջևանն է, ավելի հեռվում՝ Պարսկաստանը… Ի՞նչ է զգացել և մտածել Մեծն Նժդեհը հարյուր տարի առաջ… Ձախ թևի վրա, ավելի հեռվում, Երևանն է՝ Հայաստանի մայրաքաղաքն ու իր տունը…
Մարդ դարդ ու ցավ չունենար… Աշխատեր, սիրեր ու սիրվեր, երեխաների ու ընկերների հետ շփվեր, լեռները բարձրանար ու Բակունց կարդար… Մենք կարծես միշտ պատրաստվում ենք ապրել, բայց չենք հասցնում ապրել այսօրվա օրը: Սա՛ էլ անեմ, նա՛ էլ անեմ, մի քիչ էլ փող կուտակեմ, բայց կյանքի օրերն անցնում են անվերադարձ: Մե՛ր կյանքի օրերը: Ինչու՞ չենք ապրում հենց այսօր: Ինչու՞ ենք սպասում, որ շաբաթ-կիրակին գա, մյուս շաբաթը, հաջորդ ամիսը, գալ տարին… Ախր կյանքը հենց սա է՝այս լեռները, այս ծաղիկներն ու միջատները, այս օդն ու այս հրաշալի արշավական երիտասարդներն՝ իրենց պարզ ու հասարակ խոսակցություններով ու հոմորներով… Ինչու՞ ենք սպասում ուրիշ ժամանակների: Չէ՞ որ ժամանակը հենց սա է, և այլ ժամանակ չի տրվելու: Տրվում է այնքան, ինչքան որ քեզ պետք է: Ոչ ավել, բայցև ոչ էլ պակաս…
Վայրէջքն արագ տևեց: Հասան ճամբար, հավաքեցին վրաններն ու ճանապարհ ընկան դեպի Երևան: Գիշերով Միքայելը մտավ տուն: Չնայած հոգնածությանը՝ երջանկության զգացում ուներ: Ագահորեն ջուր խմեց և անկողին մտավ: Պապիկը ճիշտ էր՝ լեռներն ու դաշտերը երկու մեծ բժիշկներ են…
30.
Առավոտը բացվեց դշխեմ լուրով՝ մահացել էր պապիկը: Համավարակը նրան էլ հասավ: Բժշկական համակարգն աշխատում էր իր ողջ լարումով: Սակայն անգամ մեկուսացումը չփրկեց պապիկին: Արդեն անիմաստ էր փորձել պարզել, թե ինչպես էր վարակվել կամ վարակվե՞լ էր արդյոք… Մահացածին հարևանուհին էր գտել, որը երբեմն մտնում էր և օգնում կենցաղում:
Միքայելը զգուշորեն քայլեց փոքրիկ սենյակում: Պապիկի դին արդեն տարել էին, բայց ամենուր նա էր, և նրա խոսքերը: Այս բազմոցին նստած հեռուստացույց էր նայում և ննջում: Այս սեղանիկի մոտ թեյ էր խմում և հաց ուտում: Այստեղ սիրում էր կանգնել և պատուհանից դուրս նայել: Պապիկը մի տեսակ հոգնել էր քաղաքից, ուստի վերջերս անգամ պատուհանից դուրս չէր նայում: Պատուհանը գրեթե միշտ վարագույրով փակ էր լինում:
Սեղանիկին Հեմինգուեյի հատորյակն էր՝ «Ծերունին և ծովը»: Միքայելը թերթեց էջերը. մի քանի թերթեր իրար կպած էին: Պապիկը հաստատ չէր կարդացել գիքը: Եվ, թերևս, կարդալու կարիք էլ չուներ: Նա ինքը մշտապես ծովի դեմ կռվող ծերունին էր: Եվ այդ կռիվը մրա համար ընդամենը կյանքի անվերջանալի պատերազմի դրվագներից մեկն էր: Նա, միգուցե, չհաղթեց, բայցև չպարտվեց: Իսկ այս դաժան կյանքում չպարտվելը հավասարազոր է հաղթանակի: Նա հաղթանակած գնաց: Գնաց՝ կյանքի հանդեպ սիրով լցված ու հեռավոր Իտալիան ու Սիլվիային կարոտելով:
Միքայելը հիշեց պապիկի վերջին բառերը՝ «Կյանքն այնքան գեղեցիկ է, երբ դու հաղթող ես…»: Տխուր ժպտաց ու դուրս եկավ դատարկված սենյակից:
31.
Օգոստոս էր: Շիկացած արևն այրում էր Երևանը:
Միքայելը Վաղարշապատ գնալու անհագուրդ ցանկություն զգաց: Շիկացած ասֆալտով կես ժամում հասավ Սուրբ Գայանե: Կայանեց մեքենան ու մտավ վանքի տարածք: Քայլեց գերեզմանների արանքով՝ Դանիել Բեկ-Փիրումյան, Սարդարապատի հերոսը, Սամսոն Տեր-Պողոսյան, նույն ինքը Խենթը, Լուսինե Զաքարյան, Հայաստանի սոխակը… Մտքով տասնամյակներ ու հարյուրամյակներ հետ գնաց: Անցավ այգով ու մտավ եկեղեցի, որտեղ այդ պահին միայն քահանան և մոմավաճառ կինն էին:
Կողային դռնակից անդին խաղողի այգին էր՝ ծառերի արանքից արևի ծիկրակող շողերով:
Մտքերը չէին ժողովվում: Անգամ Տերունական աղոթքը թռել էր մտքից: Միայն մի պարբերություն հիշեց Ավետարանից. «Եթե մեկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրավախոհ կանխավ. Գուցե նա քեզ դատավորին հանձնի, և դատավորը՝ դահճին, և դու բանտ նետվես… Այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին դագեկանը…»
Հիրավի, պետք է վճարել բոլոր մեղքերի համար… Վճարել մինչև վերջ… Եվ միայն այդ դեպքում շանս կունենաս նորից սկսելու: Ընդ որում, ոչ միայն քո սեփական մեղքերի, այլև նրանց մեղքերի համար, որոնք դու, ինչպես Էքսյուպերիի աղվեսն էր ասում, ընտելացրել ես…
Վերադարձին Միքայելը կանգ առավ մի շոգ սրճարանում: Սուրճ պատվիրեց, մի գլանակ կպցրեց: Օգոստոսյան արևից մեծ քաղաքն ասես հալվում և գոլորշանում էր նրա աչքի առջև: Սիսի գագաթի ձյունը հալվել էր: Արարատյան դաշտից մինչև Հադրութ շուտով խաղողի այգեկութը կսկսվի: Ու խաղողը գինի կդառնա, որպես Հիսուսի արյան և սիրո առհավատչյա: Ու Աշոցքից մինչև Դրախտիկ, Արտաշատից մինչև Ոսկեպար հարսանիքների զուռնան ու դհոլը կհնչեն՝ հայկական անմահական գինով օծուն…
Հեռախոսի հաղորդագրությունը ոչ մի լավ բան չէր գուժում՝ «Արցախում մասնակի մոբիլիզացիա է: Զինակոչային տարիքի տղամարդկանց արգելված է լքել երկիրը…»
32.
Ոլորապտույտ ճանապարհը ձգվում էր Ծովագյուղից մինչև Շորժա, ապա հասնում Վարդենիս: Օգոստոսյան արևն այրում էր Արարատյան դաշտավայրը: Ամեն ոք, ով թեկուզ փոքրիկ հնարավորություն ուներ, ձգտում էր փախչել Երևանից: Շատերը գնում էին Լոռի ու Տավուշ: Մի մասն էլ նախընտրում էր Հայաստանի գոհարը՝ Սևանա լիճը:
Ավետիսն ու Միքայելը լուռ էին: Մեքենայի ապակիներից ներսխուժող տաք քամին հաճելիորեն այրում էր նրանց դեմքերը և փոթորկի պատրանք ստեղծում: Ծանրացող լռությունը ցրելու համար Միքայելը միացրեց երաժշտությունը: Բլեքի Wonderful Life երգն էր: Երկուսն էլ հոգեպարար երջանկության զգացողություն ստացան: Ավետիսը նայում էր լճակի փիրուզագույն հայելուն, ապա ասաց.
– Երանի կյանքն այսպես էլ մնա… Մենք շա՜տ երջանիկ ենք, շա՜տ… Պարզապես դա չենք ընկալում… Երջանիկ լինելու համար իրականում այնքա՜ն քիչ բան է պետք…
Միքայելը միայն խոր հոգոց հանեց… Ասես իրականությունից դուրս լիներ՝ ինչ-որ մի այլ մոլորակի վրա, ուր ժամանակն ու տարածությունն ուրիշ են… Մեքենայի մթնեցված ապակիների հետևից ամեն ինչ կապարագույն երանգ էր ստացել՝ Սևանը, ճանապարհը, լեռներն ու ծաղիկները… Անգամ հատուկենտ երևացող մարդիկ ասես այլմոլորակայիններ լինեին…
Երանի թե ամեն ինչ այդպես էլ մնար՝ Տարկովսկու ոճի մեջ: Սևանը, ճանապարհը, «Կիլիկիա» առագաստանավն ու Արտանիշը… Երանի թե կյանքը Բլեքի երգի պես լիներ՝ պարզ, թեթև, անմիջական… Եվ տխրությունն էլ այդքան տանելի և հաղթահարելի լիներ…
– Երանի, Ավետիս… Երանի…
33.
Սեպտեմբեր էր: Երևանում շատ անելիք չուներ: Շաբաթական երկու օր դասավանդում էր Համալսարանում: Կես դրույքն առայժմ բավական էր: Միքայելն ավելի շատ նախընտրում էր ինքն իր գլխի տերը լինել և ավելի շատ ազատ ժամանակ ունենալ: Նվագում էր օրական մի քանի ժամ, հեծանիվ քշում, երբեմն հանդիպում էր զավակներին և ընկերներին: Հետո որոշեց այցելել ծնողներին. համավարակի պատճառով նրանց խնդրել էր խուսափել Երևան գալուց:
Դարպասի դուռը բաց էր: Հայրը այգին էր ջրում, մայրը ազնվամորի էր հավաքում: Որդուն տեսնելով՝ երկուսն էլ ուրախացան և կիսատ թողեցին իրենց գործերը:
Պապիկի մահի հետ արդեն ինչ-որ չափով հաշտվել էին: Նրանից մնացած մի քանի իրերը, այդ թվում Հեմինգուեյի գրքույկը, Միքայելը բերել էր ծնողների տուն, իսկ տունը վարձով էր տվել: Դրանով էլ ապրում էր:
– Ի՞նչ կա-չկա Երևանում, – հետաքրքրվեց հայրը:
– Սովորական, – կարճ պատասխանեց Միքայելը:
– Երեխաներդ լա՞վ են: Դու աշխատու՞մ ես:
– Լավ են: Աշխատում եմ, նվագում…
– Դա լավ է, – նկատեց հայրը: – Համավարակի մասին ի՞նչ են խոսում:
– Դեռ ամեն ինչ անհասկանալի է: Շատերն ասում են, թե սովորական գրիպի պես մի բան է, մյուսները պնդում են, թե չի կարելի կորցնել զգոնությունը… Ալիքներն իրար հետևից գալիս են: Երևի պիտի իններորդ ալիքին սպասենք: Մի խոսքով՝ անհասկանալի վիճակ է:
– Ցանկացած անհասկանալի վիճակում պետք է սուրճ խմել, – նկատեց մայրը:
Սուրճի սեղան դրեցին: Զով այգում, ծառերի տակ դա դրախտային մի հաճույք էր: Մայրիկի եփած սուրճ, թարմ ազնվամորի, պաղպաղակ և շոկոլադ…
– Միքայել, երկու օր առաջ ռադիոյով լսեցի, թե Ամերիկայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է Արցախ չգնալ և, ընդհանրապես, հեռու մնալ սահմանային գոտիներից: Դա ի՞նչ է նշանակում:
– Չգիտեմ: Ամեն դեպքում լավ հոտ չի գալիս:
– Միայն թե պատերազմ չլինի, – գրեթե հառաչեց մայրը:
– Գիտե՞ք որն է անկախության տարիների մեր ամենամեծ ձեռքերումը, – հարցրեց Միքայելը և ինքն էլ անմիջապես պատասխանեց, – մեր բանակը: Հայ զինվորի ոգին անկոտրում է: Ես գիտեմ, որ մեր դիվանագիտությունը կաղում է, կրթությունն ու գիտությունը կաղում են, առողջապահությունը, ինչպես տեսնում ենք, կաղում է, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը կաղում են… Բայց մեր բանակն ամուր է: Դա մեր, թերևս, միակ նշանակալի ձեռքբերումն է: Թուրքը լավ է ճանաչում հայ զինվորին, որոնցից ամեն մեկը մի Մոնթե է և Պետո, Թաթուլ Կրպեյան և Շահեն Մեղրյան, Դուշման Վարդան և Սիմոն Աչիկգյոզյան, Ռոբերտ Աբաջյան և անհայտ անունով մի քաջորդի…
Ծնողները լուռ էին: Միքայելը մի գլանակ վառեց:
– Շա՞տ ես ծխում, – հարցրեց հայրը:
– Ես չեմ ծխում, դատարկ պահերն եմ լցնում, – կատակի տվեց Միքայելը:
– Խնայիր քեզ: Դու դեռ պետք ես զավակներիդ…
Երեկոն անցավ դանդաղ ու միապաղաղ: Ընթրիքից հետո հեռուստացույցով ինչ-որ անհասկանալի ֆիլմ նայեցին, որից հետո Միքայելը բարձրացավ իր ննջարանը: Լուսնկա գիշեր էր: Սևանից փչող քամին ոռնում էր Հրազդանի կիրճում: Ծառերը խելագար մի պար էին բռնել: Ասես չար ոգիների խրախճանքն էր երկրի վրա: Պատուհանի ճաղերով բարձրացող խաղողի որթերը սենյակի պատին մի զարմանալի խաղ էին նկարել՝ ստվերների չինական թատրոնի պես: Միքայելը մեկեն իր մանկությունը հիշեց, երբ անքուն և անհոգ գիշերներին անկողնում պառկած զմայլվում էր փողոցով անցնող մեքենաների լույսերի խաղով իր պատի և առաստաղի վրա: Տեսնես ե՞րբ կվերադառնան այդ անհոգ օրերը, որ գոնե իր զավակները վայելեն այս հրաշալի կյանքը…
Լուսաբացն արդեն մոտենում էր, երբ քունը վերջապես կլանեց նրան: Վերջին պատկերը Էլիզան էր… Ու քնեց՝ աղոթքը մտքում և ժպիտը երեսին: Քամին հանդարտվել էր, և վարդերի բույրն էր տարածվում չորսբոլորը:
Արթնացավ ներքին տագնապից: Սիրտն անհանգիստ տրոփում էր: Ձեռքն առավ հեռախոսը ու նայեց լուսավորված էկրանին՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ն էր, առավոտյան 07:10: Գրեթե մեխանիկորեն միացրեց հեռախոսակապը, և անմիջապես աչքով ընկան առաջին կցկտուր լուրերը՝ Արցախում լայնածավալ պատերազմ էր սկսվել: