34.
Մեծ դժվարությամբ զանգեց Արցախ. գծերը ծանրաբեռնված էին: Լուրերը լավը չէին: Ողջ սահմանագծով թշնամին աննախադեպ հարձակման էր անցել: Վատագույն սպասումներն իրականանում էին: Հայոց բանակը կատաղի մարտեր էր մղում Օմարից մինչև Հորադիզ: Ստեփանակերտում ապրողները դեռևս հստակ չէին տիրապետում տեղեկություններին, սակայն բոլորն էլ լի էին կռվելու և հաղթելու վճռականությամբ:
Միքայելը սպասեց մինչև ծնողներն արթնանան: Միասին լսեցին ռադիոյի կցկտուր լուրերը: Գրեթե իրեն ստիպելով, որ մոր սիրտը չկոտրի, Միքայելը մի բաժակ սուրճ խմեց, մի բան գցեց բերանը և իրեն Երևան գցեց: Չնայած կիրակի օրվան՝ մայրաքաղաքն արդեն եռուզեռի մեջ էր: Համավարակի մասին ասես մոռացել էին: Պատերազմը մարդկանց մեջ էր՝ հայացքներում, մտքերում, ապրումներում… Ապրիլյան ընդհարումից ընդամենը չորսուկես տարի անց ամեն ինչ կրկնվում էր՝ ավելի դաժան սցենարով:
Ծովի ալիքների պես է կյանքը: Թվում է, թե հաղթահարեցիր մի ալիքը, բայց դրանից հետո երկրորդն է գալիս, հետո՝ երրորդը… Ամենասոսկալին իններորդ ալիքն է: Հետո մի պահ խաղաղություն է տիրում, և քեզ թվում է, թե փրկվեցիր, կարող ես շունչ քաշել: Բայց դա փոթորկին նախորդող խաղաղությունն է, ու զգում ես, որ ալեկոծումը չի ավարտվում: Ծովն ինքը շունչ է քաշում, և ամեն ինչ կրկնվում է նոր ուժով…
Միքայելը հիշեց պապիկին: «Երջանիկ մարդ էր, որ չտեսավ այս ամենը»:
Շտապեց երեխաների մոտ: Տղան ոգևորված էր.
– Պապ, թուրքերին ջարդելու ենք, չէ՞:
– Իհարկե ջարդելու ենք: Չկասկածե՛ս, տղաս:
Աղջիկն ավելի լռակյաց էր, բայց ի վերջո ասաց.
– Ես չեմ ուզում պատերազմ: Պատերազմում մեր տղաներն են զոհվում:
– Ավաղ, դստրիկս, պատերազմն առանց զոհերի չի լինում… Երբ հաղթենք՝ ամենայն սիրով ու հարգանքով կհիշենք մեր նահատակված զինվորներին: Այսօր կիրակի է, վաղն ավելի շատ լուրեր կունենանք: Դուք շարունակեք ձեր դասերը սովորել: Դա է հիմա ձեր գործը: Ամեն մեկը հիմա իր տեղում պիտի իր գործն անի ու լա՛վ անի: Դա կլինի մեր հաղթանակի գրավականը: Լա՞վ:
– Լավ, լավ, – հաստատեցին տղան ու աղջիկը:
– Դե լավ է: Մաթեմատիկա պարապե՞նք:
– Չէ՜, միայն թե ոչ այսօր:
– Դե լավ, ուրեմն՝ ես գնամ: Դեռ մի քանի հանդիպումներ ունեմ: Ձեզ լավ կպահեք և մամային կլսեք:
– Դու էլ լավ եղիր, պապ, – ասացին զավակները:
Գրկախառնվեցին, և Միքայելը դուրս եկավ: Քայլում էր հաստատ քայլերով, բայց մտքերը տակնուվրա էին լինում: «Էրեխեք, ախր ես չէի ուզում, որ դուք պատերազմ տեսնեք… Այնքա՜ն չէի ուզում… Ես տեսել եմ առաջին պատերազմը, սովն ու ցուրտը: Ես երազում էի, որ դուք այդ ամենը չտեսնեք… Ներեցե՜ք ինձ… Ներեցե՜ք, եթե կարող եք…»:
Սեպտեմբերյան հրաշագեղ երեկո էր, սակայն Միքայելի աչքին բան չէր երևում, իսկ ականջում պատերազմի ձայներն էին: Ասես լսում էր Արցախից հասնող զինվորների ձայները՝ կռվող, մաքառող, վիարվորվող ու արցունքի միջից իրենց մայրերին կանչող… Սիրտը տակնուվրա եղավ: Հասավ տուն: Մի բաժակ կոնյակ խմեց, որ շատ խնայողաբար էր օգտագործում: Բայց այսօր պետք էր խմել: Պարզապես հանգստանալու և շունչ քաշելու համար:
Զանգեց Գարեգինին: Հեռախոսը չէր պատասխանում: Տագնապ մտավ սիրտը: Նայեց պատից կախված Հայաստանի և Արցախի քարտեզին ու ասես տեսավ պայթյուններն ու կենդանի մարդկանց: Երևի կոնյակի ազդեցությունն էր…
Պետք էր սթափվել և հասկանալ անելիքը: Առջևում պատերազմն էր: Ներքին պատերազմին լրացնելու էր եկել արտաքին պատերազմը: Իսկ ցանկացած պատերազմում լոկ մի երազանք և նպատակ կա՝ հաղթել:
35.
Գարեգինի հեռախոսը համառորեն չէր պատասխանում: Միքայելը զանգեց Սպարտակին: Նա էլ լուր չուներ: Որոշեցին ինչ-որ ձևով գտնել Գարեգինի կնոջ հեռախոսահամարը և նրանից մի բան իմանալ:
Քաղաքում եռուզեռ էր: Ամեն մեկն իր գործին էր: Երիտասարդությունը կամավորական հիմունքներով ամենուր օգնության կետեր էր բացել: Հավաքում էին ամեն ինչ՝ չփչացող սնունդ, ջուր, քաղցրեղեն, փող… Ամեն մեկն օգնում էր ինչով կարող էր: Շատերն իրենց վերջին լուման էին տալիս՝ զինվորին ինչ-որ բան հասցնելու համար: Սրճարաններն էլ էին լիքը: Կոնստանդնուպոլիսը գրաված Մեհմեդ սուլթանի պես բազմած և ջրամորճ քաշող ջահել տղաները քննարկում էին պատերազմական լուրերն ու «խելացի» խորհուրդներ հղում Պաշտպանության նախարարին և զինվորականներին, թե ինչպես է պետք կռվել թշնամու դեմ և որտեղ հասցնել ռազմավարական հարվածները:
Միքայելը գրեթե նողկանքով անցավ նրանց կողքով ու շտապեց Համալսարան: Դասերը, կարծես թե, նորմալ հունի մեջ էին, սակայն բացակայող ուսանողների թիվը մեծ էր: Շատերը հավաքագրվել էին ամենազանազան օգնություն իրականացնող տարերային ջոկատներում: Դասախոսները քննարկում էին վերջին դեպքերը:
– Անօդաչուներ են օգտագործում, – հասավ Միքայելի ականջին: – Որ ժամանակին ասում էինք՝ մեզ լսող չկար:
Այո, ասողին լսող է պետք, բայց հիմա ասելու ժամանակը չէ: Պետք է մի բան անել: Միքայելը դուրս եկավ Համալսարանից և արագ քայլերով գնաց դեպի Գարեգինի տան կողմը: Տեղը հստակ չգիտեր: Ի վերջո հարևանների օգնությամբ գտավ մուտքը և դուռը, սակայն տանը մարդ չկար: Մի երկտող գրեց՝ խնդրելով զանգել իրեն առաջին իսկ հնարավորության դեպքում: Սիրտը լավ բան չէր գուշակում, իսկ տագնապն աճում էր րոպե առ րոպե:
Զանգեց Սպարտակը.
– Միքայել, Զինկոմիսարիատից եկել են տղայիս՝ Սիմոնի հետևից: Գիտես՝ պահեստի սպա է:
– Գիտեմ, Սպարտակ, գիտեմ… Ի՞նչ ասեմ: Բարով գնա ու բարով վերադառնա:
– Շնորհակալ եմ: Գարեգինից լուր դեռ չկա՞:
– Չկա: Երկտող եմ թողել: Հուսամ՝ կինը կզանգի ինձ կամ քեզ:
– Հուսանք: Ես էլ փորձում եմ իմ ավտոբուսով օգտակար լինել՝ զինվորներին տեղափոխել, նորակոչիկներին, ցանկացած օգնություն՝ ինչ էլ որ պետք լինի:
– Կեցցե՛ս: Դե պինդ կաց: Հաղթելու՛ ենք, չկասկածե՛ս:
– Երբեք չեմ կասկածում: Լավ եղիր: Կապի մեջ:
Այդ գիշեր Միքայելը տարօրինակ երազ տեսավ: Խորին ու կիսամութ մի կիրճ էր: Ամեն կողմից տառապանքի ու ցավի ձայներ էին հասնում, բայց մթության մեջ ոչ ոք չէր նշմարվում: Քայլում էր գետի բերանով, իսկ կիրճը գնալով խորանում ու մթնում էր, իսկ ձայները՝ դառնում հուսահատ և սրտաճմլիկ: Ճամփան թեքվեց դեպի ավելի նեղլիկ և թփերով սքողված մի արահետ, որ վերջում քարանձավի մուտք էր: Միքայելը ներս մտավ: Գրեթե ոչինչ չէր երևում: Ամենահեռվից մի թույլ ձայն կանչեց նրան: Մոտեցավ և վիրավոր մի զինվորի տեսավ: Զինվորը, հոգեվարքի մեջ, մեկնեց արյունոտ ձեռքը: Միքայելը բռնեց զինվորի ձեռքը և սառնություն զգաց: «Ես քեզ կօգնեմ, – երազում ասաց Միքայելը, – Միայն թե դիմացիր, եղբայր…»: Գրկեց զինվորին ու զարմացավ նրա թեթևությունից: Հետո նկատեց, որ ոտքերը չկային: «Խնդրում եմ, գտիր ոտքերս և ինձ հետ թաղիր, խնդրում եմ…»: Հետո հայտնվեց ինչ-որ սպիտակ շինության մեջ: Հասկացավ, որ հիվանդանոց է, քանի որ լռություն էր և երբեմն սպիտակազգեստ մարդիկ էին երևում: Դռան ետևում վիրահատում էին իր զինվորին՝ իր եղբորը… Հուսահատ սպասումից անհանգիստ՝ Միքայելը բացեց վիրահատարանի դուռը, սակայն մյուս կողմում ոչ թե իր սպասած վիրահատարանն էր, այլ փոթորկվող ծովը…
Արթնացավ սառը քրտինքի մեջ: Իրեն ստիպելով սառը ջրով լվացվեց, որ սթափվի երազի տպավարությունից, սակայն վիրավոր զինվորի և խռովահույզ ծովի պատկերներն ամբողջ օրը հետապնդում էին նրան:
36.
Լուրերը թերթելիս աչքին ընկավ արցախցի աղջկա՝ Սրբուհու հետ հարցազրույցը: Հայրը դեռ առաջին պատերարզմին է մասնակցել: Հետո ամուսնացել է: Երեք տղա և մի աղջիկ ունեցել՝ Սրբուհուն: Սեպտեմբերի 27-ից բոլորը կռվի մեջ են՝ հայրը, երեք ուստրերը և միակ դուստրը՝ հոր կողքին: Զինվորական շորերով, հրազենը կրծքին… Սրբուհու դեմքը հոգնած էր, բայց վճռականությամբ լի: Գրական հայերենով էր խոսում, բայց խոսքի մեջ հաճախ անցնում էր Հադրութի բարբառին.
– Կռվել ենք, կռվում ենք և կռվելու ենք: Մենք զիջելու հայրենիք չունենք: Մեր հայրենիքը մեր տունն է, մեր հողը… Ես, հայրս և երեք հալալ եղբայրներս… Եթե մորս մնա՝ ինքն էլ կկռվի: Մենք թուրքին տալու հող չունենք: Դու պետք է պահես քո հողը, և կապ չունի՝ դու տղա ես, թե աղջիկ: Առանց դժվարության հաղթանակի չես կարող հասնել: Դժվարությունը տեսնելով ես միայն ձգտում հաղթահարել դա և հասնել հաղթական ավարտին: Մենք պիտի թշնամուն խաղաղություն պարտադրենք: Իսկ դրանից հետո ինչով ուզենք, դրանով էլ կզբաղվենք: Ես ինքս տնտեսագետ եմ և լուսանկարիչ: Հիմա ապաստարաններում մարդկանց եմ օգնում՝ հաց եմ թխում մինչև որ կանչեն և գնամ դիրքեր: Տրամադրությունս մարտական է: Ցանկությունս՝ որ խաղաղություն լինի: Հիմա դա միակ ցանկությունս է: Ամեն ինչ լավ է լինելու, քանի որ այլ տարբերակ չկա:
Միքայելի սիրտը միաժամանակ հալվեց ու մղկտաց: Այս գեղեցկուհի աղջիկն ամեն ինչ ասաց: Մենք հաստա՛տ կհաղթենք: Հիրավի, հնարավոր չէ հաղթել մի ազգի, որը բանակ է դարձել:
Սրբուհի… Առյուծասիրտ հայուհի… Փառանձեմ թագուհու արյունն է հոսում քո երակներում: Ի՜նչ լավ կլիներ, եթե քո տեսակն ավելի շատ լիներ մեր մեջ… Մեզ հաղթանակ է պետք, միայն հաղթանակ… Սրբուհու հետ և հանուն Սրբուհու…
37.
Աստիճանավանդակի վրա հարևանուհին էր: Մի տեսակ հանդիմանությամբ նայեց Միքայելին ու հարցրեց.
– Այս ի՞նչ արեցիք: Սա էի՞ք ուզում:
– Ի՞նչը, – չհասկացավ Միքայելը: – Ի՞նչ էինք ուզում:
– Այս պատերազմը: Մեզ այդ անիծյալ համավարակը քիչ էր, հիմա էլ՝ պատերազմ:
– Պատերազմը մեզ պարտադրված է: Ոչ ոք պատերազմ չէր ուզում:
– Հա՜, – հեգնանքով ասաց կինը: – Ձեր ձայնը տաք տեղից է գալիս. բանակ ուղարկելու տղա չունեք, դարդ ու ցավ չունեք…
Միքայելն անգամ չցանկացավ պատասխանել, բայց հարևանուհին չարացած շարունակեց.
– Մեզ պատանդի տեղ են պահում: Սահմաններն էլ փակել են, որ մարդիկ չգնան:
– Երևի ուզում էիք ասել՝ «չփախչեն», հա՞:
– Ոնց ուզում եք ասեք: Փաստը մնում է փաստ, որ մեզ պատանդ են պահում ու մեր երեխաներին ուղարկում կոտորվելու չգիտեմ ինչի համար:
– Ուղարկում են Հայրենիքը պաշտպանելու: Եվ չեն ուղարկում: Տասնյակ հազարավոր տղաներ ինքնակամ են մեկնում: Անգամ սփյուռքից են գալիս, որ կռվեն Հայրենիքի համար:
– Ի՜նչ լավ բառ է՝ Հայրենիք… Ի՜նչ բարձր է հնչում, – հեգնեց հարևանուհին:
– Լռե՛ք, – հանդիմանությամբ ասաց Միքայելը: – Դա իմ սրբությունն է:
– Իսկ իմ սրբությունը իմ տղան է: Ես մատաղ անելու համար չեմ տղա մեծացրել:
– Իսկ Հայրենիքը Ձեզ համար ի՞նչ է:
– Մեզ պետք չեն ոչ այդ Ձեր Կարաբախը, ոչ էլ Ձեր պատերազմը: Մենք մի՛ փրկություն ունենք՝ Ռուսաստանի կազմ մտնելը: Հենց սահմանները բացվեն, ես տղայիս կվերցնեմ և հայդա Եվրոպա կամ Կանադա…
– Այսինքն, Դուք ուզում եք, որ մենք մտնենք Ռուսաստանի կազմ, իսկ դուք մեկնեք Կանադա: Ճի՞շտ հասկացա:
Հարևանուհին գրեթե ֆշշացրեց ատամների արանքից.
– Ձեզ հետ խոսելն անհնար է: Ինձ թվում էր, թե Դուք մտավորական մարդ եք:
– Մտավորակա՞ն, – Միքայելն այլայլվեց: – Դա ի՞նչ է: Ինձ կբացատրե՞ք:
– Մտավորականը նորմալ մտածող մարդն է, այլ ոչ թե դեմագոգիայով զբաղվողը: Մտավորականներ են մեր երաժիշտները, դերասանները, նկարիչները…
– Այ այստեղ Դուք սխալվեցիք, տիկին: Մտավորական է այն մարդը, ով անձնական պատասխանատվություն է ստանձնում հանուն իր Հայրենիքի, հանուն իր մեծ տան՝ մի կողմ դնելով իր նեղանձնական բարօրությունը: Դա՛ է մտավորականը: Մոնթեն ու Վազգենն էին մտավորական, Պետոն ու Շահենը, Թաթուլն ու Վարդանը, այն տղաները, ովքեր այսօր կռվում են Արցախում: Սրբուհի անունով աղջիկը, որն իր հոր և երեք եղբայրների կողքին կռվում է, Երևանում, Վանաձորում, կիսաքանդ Հալեպում ու Բեյրութում, Գյումրիում ու Տորոնտոյում և ամենուր հայ զինվորի համար փող, հաց ու ջուր հավաքող տղաներն ու աղջիկները, այն չորացած տատիկը, որն իր վերջին լուման տվեց, որ մեր ռազմիկը կռվի ու գիշերները ցրտից չդողա… Անքուն գիշերներ անցկացնող մեր բժիշկները, այն հարյուրավոր ու հազարավոր մարդիկ, որոնք առանց շինծու ինքնագովազդի իրենց ունեցած-չունեցածն են ներդնում ով ինչպես և ինչքան կարող է:
– Դե ինչ, հաջողություն եմ մաղթում Ձեզ, – չարացած ասաց հարևանուհին ու ցուցադրաբար շրջվեց դեպի իր դուռը:
Միքայելը ցանկացավ ինչ-որ բան էլ ավելացնել, սակայն միտքը փոխեց ու մտավ տուն: Երկար ժամանակ չէր հանդարտվում: Մի քիչ կոնյակ խմեց: Հետո բացեց Զարյանի հատորյակն ու իրեն ստիպելով սկսեց կարդալ: Ու ափսոսաց, որ Զարյանն ու Նժդեհը դպրոցական պարտադիր ծրագրերում չկան: Երեխաները հաստատ այլ կերպ կընկալեին աշխարհն ու իրենց տեղն այդ աշխարհում, որը Հայրենիք է կոչվում…
38.
Քնելու հույս անգամ չուներ: Մտքերը փոթորկվում էին: Միքայելը պարզապես վերկացավ, լվացվեց, սափրվեց ու ճանապարհ ընկավ ծնողների մոտ: Մայրուղին ևս եռուզեռի մեջ էր՝ Հայաստանից անվերջանալի հոսքով Արցախ էին մեկնում զինվորական տեխնիկան, զինվորներին և աշխարհազորին տեղափոխող բեռնատարները, անձնական օգտագործման ավտոմեքենաները: Հակառակ ուղղությամբ դեպի Հայաստանի տարբեր մարզեր էին տեղափոխվում կանայք, երեխաները, փախստականներն ու վիրավոր զինվորները: Պատերազմական մեքենան թափ էր հավաքում:
Ծնողները շատ մտահոգ էին: Որդուն տեսնելով՝ մի քիչ սրտապնդվեցին:
– Ի՞նչ է կատարվում, Միքայել:
– Պատերազմ է, սիրելիներս, պատերազմ:
– Երանի շուտ ավարտվի, ապրիլյանի պես:
Միքայելը չպատասխանեց: Սիրտը վկայում էր, որ այս պատերազմն արագ չի ավարտվելու: Նույնն էին պնդում նաև ռազմական վերլուծաբանները: Ինչքա՞ն կդիմանա Հայաստանը գրեթե լիակատար շրջափակման մեջ և, ըստ էության, միայնակ երկու ահեղ պետությունների դեմ կռվելով:
– Ամեն դեպքում անհասկանալի վիճակ է, – նկատեց հայրը:
– Ցանկացած անհասկանալի իրավիճակում պետք է թեյ խմել, – առաջարկեց մայրը:
Խոսել չէր ստացվում: Հեռուստացույցի հաղորդավարի պաթոսախառն ձայնի տակ թեյ խմեցին: Տպավորությունն այնպիսին էր, որ բոլոր պատկան մարմինները հրաշալի են կատարում իրենց պարտականությունները:
– Իսկ աշխարհը լուռ է, չէ՞, – նկատեց հայրը:
– Ինչու՞ է լուռ, – հեգնեց Միքայելը: – Բոլոր առաջատար երկրները և միջազգային հանրությունը խորապես մտահոգված են և քննադատում են…
– Երկերեսանի անամոթներ, – չդիմացավ մայրը: – Տաք տեղում նստած մտահոգվում և քննադատում են…
– Սփյուռքն ի՞նչ է ասում, – խոսակցության թեման փոխեց հայրը:
– Չկա սփյուռք, այլ կա Հայաստան և հայ: Հիմա հայությունը, հիրավի, ազգ-բանակ է դարձել: Ամբողջ երկրագնդով մեկ փորձում են իրենց երկրներին ստիպել կոնկրետ քայլերի դիմել: Մեծ դրամահավաք է սկսել: Շատ հայ տղաներ են գալիս Հայաստան՝ կռվելու: Մերօրյա մոնթեներ են ծնվում:
– Այո, ափսոս, որ համավարակն է խանգարում: Թուրքերը պահը շատ լավ են ընտրել՝ համավարակ, Ամերիկան խառն է իր ընտրություններով, Եվրոպան էլ ասես ծակուռը մտած վածեցած առնետ լինի: Որևէ ցանկություն չունեն իրենց հարմարավետության զոնայից մի քայլ իսկ դուրս անելու:
– Այո, անգլիական նավերը Հայաստանի լեռները չեն կարող բարձրանալ, – մայրն էր:
– Ի դեպ, նման բան ոչ ոք երբեք չի ասել: Հնարովի բառեր են: – Ասաց Միքայելը: – Տակնուվրա ենք արել համացանցն ու տպագիր նյութերը. այդ մեջբերումը կեղծ է:
– Իրո՞ք: Մեզ միշտ դա են պատմել:
– Մեզ ինչ ասես պատմել են… Անհեթեթություն է: Բայց ես լսում եմ աշխարհի գաղտնի ուղերձը մեզ:
– Ի՞նչ ուղերձ: – Հայրն էր:
– Ասում են՝ սա ձեր անկախության պատերազմն է: Դուք ձեր անկախության համար չեք կռվել, դուք այն նվեր եք ստացել: Մի գիշերվա մեջ, երկնագույն ափսեի մեջ: Ուզու՞մ եք անկախ լինել՝ կռվեք և աշխատեք հաղթել կամ գոնե չպարտվել: Մեզ պետք է կռվել: Մեզ պետք է հաղթել:
– Ախր այնքան տղաներ են զոհվում, – մղկտաց մոր սիրտը:
– Խոնարհվում ենք և շարունակում կռվել: Մենք այլ տարբերակ կարծես թե չունենք:
– Արդեն չունենք: Եթե կռվի մեջ ես մտել՝ պիտի կռվես:
– Զոհեր լինելու են: Դա անխուսափելի է պատերազմի ժամանակ: Բայց այդ զոհերը պիտի հաղթանակի զոհասեղանին դրվեն, այլ ոչ թե պարտության: Քո սիրտը ցավում է մեր տղաների համար, և դա շատ բնական է: Բոլորիս սիրտն է ցավում: Բայց դուք Երկրորդ աշխարհամարտն եք տեսել: Քանի՞ մասնակից է տվել Հայաստանը:
– Շատ:
– Այո, ավելի քան 600.000: Իսկ քանի՞ զոհ է տվել Հայաստանը այդ պատերազմում:
– Շատ…
– Մոտավորապես 300.000 զոհ: 300 հազար հայ ջահել տղա, որ կարող էին ամուսնանալ և ընտանիք կազմել: Նույնքան հայ աղջիկ չի ամուսնացել կամ էլ այլազգիների հետ են ամուսնացել: Մոտ մեկուկես միլիոն երեխա, հա՛յ երեխա, չի ծնվել: Այսօր այդ տղաների սերունդը երևի արդեն երկուսուկես միլիոն կլիներ: Եվ ի՞նչ, ի՞նչ ստացանք մենք: Ոչի՛նչ: Չորս մարշալ, հարյուրից ավել գեներալ… Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք այդքան հպարտանում դրանով: Երկու մարշալ մեկ գյուղից, որը ռուսները դարձյալ նվիրեցին թուրքերին: Քանի՞ թիզ ավելացավ մեր հողը:
– Ոչ մի թիզ…
– Բայց հպարտ ենք, չէ՞: Իսկ այսօր, երբ մեզ պետք է կռվել հենց մե՛ր հայրենիքի համար, տատանվում ենք ու տարակուսում…
Ծնողները լուռ էին: Հետո հայրը մեջբերեց Վազգեն սպարապետի բառերը.
– Ամեն ժողովուրդ իր կռիվը մի անգամ մինչև վերջ պետք է տա:
– Այո, դու ճիշտ ես:
– Վազգենն էր ճիշտ:
– Վազգենը ճիշտ էր: Վանոն էլ էր ճիշտ, երբ ասում էր, որ մենք չենք սիրում մեր իրական հայրենիքը, որի համար պետք է կռվել, կառուցել ու շենացնել: Մենք մեր պատմական հայրենիքն ենք սիրում որի համար ուրիշներն են կռվել, մեծացրել, ծաղկացրել ու երկիր սարքել: Մեզ պետք է վերջապես մեր երկիրը երկիր սարքել: Ես հավատում եմ մեր երիտասարդ սերնդին, որի մեջ չկան մեր վախերը, բայց կա մեր հերոսների գենը: Մենք հաղթելու ենք: Այլընտրանք չկա: Այլընտրանքը մահն է:
Ծնողները լռեցին. դժվար էր հակադարձել Միքայելի խոսքերին: Առավել ևս՝ Վազգենի բառերին:
– Պապիկն ասում էր (լույս իջնի գերեզմանին) որ կռիվը մշտական է: Հաղթանակն էլ, պարտությունն էլ մեր մեջ են: Որ ծառը ջրեցիր, նա էլ կմեծանա ու պտուղներ կտա:
– Պապիկը միշտ էլ ճիշտ էր, – հառաչեց մայրը ու դուրս եկավ այգի:
Պատուհանից անդին գեղեցիկ աշուն էր՝ անհաղորդ աշխարհի ու մարդկանց ցավերին: Կանաչ տերևների արանքից դեղին ու կարմիր խնձորներն էին աչքով տալիս: Հայաստանյան չքնաղ հոկտեմբերն էր:
39.
Պատերազմական մեքենան ահավոր ոռնոցով շարունակում էր թափ հավաքել: Արդեն պարզ էր, որ ապրիլյան բախման սցենարը չի կրկնվում, երբ անգամ չհասցրեցինք ուշքի գալ և զգացմունքներից անցնել տրամաբանության: Այս մեկը լայնածավալ և ահարկու պատերազմ էր: Եվ այդ մահվան մեքենայի պտուտակները հիմնականում հայ զինվորը, սպան և կամավորականն էին՝ իրենց քաջակորովությամբ և հայրենիքի համար անգամ կյանքը տալու անխոնջ պատրաստակամությամբ: Սկսել էր զորակոչը: Առաջին հերթին կանչում էին կարևոր զինվորական մասնագիտություն ունեցող և համեմատաբար երիտասարդ սպաներին ու զինվորներին: Զինկոմիսարիատներում հերթեր էին: Բոլորը, չնչին բացառությունները չհաշված, ցանկանում էին մեկնել առաջնագիծ և կռվել: Շատ էին նաև մարտաշունչ աղջիկները, որոնք, եթե իրենց թույլ տային, ևս կմեկներին առաջնագիծ: Հերթական անգամ ազգը ողջ աշխարհով մեկ մի բռունցք էր դարձել: Հայը բացահայտում էր ինքն իրեն:
Վերջապես կնոջ միջոցով լուր ստացվեց Գարեգինի մասին: Ռազմաճակատում կռվողները խուսախում էին օգտվել հեռախոսից, որ չմատնեն նրանց կոորդինատները: Գարեգինը հենց սեպտեմբերի 27-ին մեկնել էր Արցախ: Սոթք-Քարվաճառ ճանապարհից ռազմական ոստիկանությունը նրան հետ էր դարձրել, ուստի շրջանցիկ ճանապարհով՝ Քարվաճառի լեռներով մի կերպ հասել էր Հադրութ, գտել Նիկի զորամասը և հենց Նիկին: Ներկայացել էր հրամանատարին, զորագրվել ու միացել Նիկի դասակին՝ որդու կողքին կռվելու համար: Գարեգինի կինը միայն այդքանը գիտեր ու նաև այն, որ ահավոր ռմբակոծությունների տակ էին՝ հիմնականում թշնամու անօդաչու թռչող սարքերի կողմից:
Ո՞վ կարող է պատմել հոր և միակ որդու հոգու անտեսանելի թելերի մասին: Այն անտեսանելի ալիքների, որոնք հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ծնողին տանում են որդու մոտ, երբ զգում է, որ ինքը պետք է նրան, որ իրենք իրականում մի հոգի են, թեև տարբեր մարմինների մեջ: Եվ ո՞վ կարող է պատմել տանը մնացած մոր ապրումները, երբ նրա ամուսինն ու որդին կողք-կողքի կռվում են՝ ամեն րոպե զոհվելու մղձավանջի մեջ:
Միքայելն անջատեց հեռախոսը, բայց շարունակում էր նայել մթնող էկրանին: Պատկերացրեց, որ ի՛ր որդին հիմա գործող բանակում լիներ… Մի՞թե կարող է ինքը նայել որդու աչքերին, եթե հիմա վախկոտություն ցուցաբերի: Մի՞թե այդ բեռը ինքը պիտի թողնի իր զավակների ուսերին: Թվում էր, թե Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթեի և Պետոյի սերունդն այն իր վրա էր վերցրել, որ այս ջահելները կյանքի այլ՝ խաղաղ ճակատներում կռվեն՝ գիտության, արվեստի, շինարարության… Բայց՝ ոչ: Կյանքն այլևս շուռ էր եկել, իսկ կյանքի հրամայականի դեմ ոչինչ անել չես կարող: Մեր ներսում կռիվն ու խաղաղությունը հաջորդում են իրար, բայց պատերազմը երբեք չի վերջանում: «Մինչև վերջին դահեկանը…»
Միքայելը մոտեցավ բակ նայող պատուհանին: Ինչպես և սպասում էր՝ բակում ոչ ոք չկար: Միայն մի տարեց մարդ, կարծես պարապությունից, թափված տերևներն էր հավաքում և կրակին տալիս: Դեղին ծուխը բարձրանում էր վեր ու խառնվում աշնանային երկինքներին…
Վերցրեց անձնագիրը, զինգրքույկը, նայեց դաշնամուրի վերևում կախված սևուսպիտակ լուսանկարին, դուրս եկավ տանից ու քայլեց դեպի զինկոմիսարիատ:
40.
Սպարտակի կինը, ներկաներին անտես արցունքն աչքերին, տղայի ուսապարկն էր դասավորում՝ տաք գուլպաներ, փոխնորդ, սափրվելու պարագաները, սրբիչ, ատամի խոզանակ և մածուկ, ուտելիք, ինչ որ ձեռքն էր ընկնում…
– Մամ, այդքան ուտելիք մի՛ դիր, – խառնվեց Սիմոնը, – մեզ կերակրելու են: Կարկանդակները հանիր, խնդրում եմ: Երեխաներին կտաս:
– Երեխաներին էլ կտամ: Շատ եմ սարքել: Մայր ծնողիդ մի՛ հակաճառիր:
– Չեմ հակաճառում: Պարզապես ափսոս է, փչանալու են ճանապարհին:
– Չեն փչանա, ընկերներով կուտեք:
Սիմոնը չշարունակեց: Վերցրեց փաստաթղթերը, մի քիչ փող: Մնացածը գաղտագողի դրեց հոր դարակը:
– Դե, արդեն պիտի դուրս գամ: Ժամանակ չկա:
– Նստենք մի րոպե ու դուրս գանք, – ասաց Սպարտակը: Բոլոր ծնողներն էլ սնահավատ են:
Նստեցին: Լուռ էին՝ ամեն մեկն իր մտքերին:
– Ափսոս տղայիդ չհասցրեցիր տեսնել, – ասաց Սիմոնի եղբայր Էդգարըը:
– Ոչինչ: Գնամ-վերադառնամ՝ կտեսնեմ: Հիմա քնած կլինի: Չեմ ուզում արթնացնել: Համ էլ՝ չեմ հասցնի: Իմ կողմից կգրկեք նրան: Գնացինք:
Հավաքակայանում ահագին մարդ կար: Շուտով մոտեցավ ավտոբուսը: Բոլորը նստեցին: Սիմոնը բացեց պատուհանը, որ հայրը տեսնի իրեն:
– Տեղ հասնես՝ լուր կտաս, – ասաց Սպարտակը:
– Լավ, պապ, անպայման կտամ: Մի՛ անհանգստացեք: Տղայիս կգրկես՝ մինչև որ գամ ու ինքս գրկեմ:
– Անպայման կգրկեմ… Լուր կտաս…
Ավտոբուսը շարժվեց: Ասացին, որ հանդերձանքն ու զենքն ավելի ուշ կբաժանեն՝ ճանապարհին:
Երբ ավտոբուսը շարժվեց՝ Սպարտակի աչքերը լցվեցին: Սիմոնի և կնոջ ներկայությամբ իրեն թույլ չէր տվել արտասվել, բայց հիմա չդիմացավ: Մի քիչ էլ կանգնեց, զրուցեց մյուս ծնողների հետ ու գնաց տուն: Չէր ցանկանում կնոջը մենակ թողնել: Գիտեր, որ սիրտը կտոր-կտոր է լինում: Իր սիրտն էլ էր անասելի մղկտում: Ախր ինչու՞ չի դասավորվում իր որդու կյանքը… Ամուսնալուծություն, հիմա էլ՝ ռազմաճակատ… Մի բան հաստատ սխալ է այս կյանքում…
Մտքերը ցրելու համար ճամփան ծռեց դեպի մանկապարտեզ: Գրկեց ցերեկվա քնից նոր զարթնած թոռանը ու թաքցրեց երեսը, որ աշխարհը բացահայտող երեխան չտեսնի պապի արցունքները…
41.
Զինկոմիսարիատում ասեղ գցելու տեղ չկար: Ոչ դրսում, ոչ էլ ներսում: Միքայելը նկատեց նաև մի քանի սփյուռքայահ տղաների, որոնք եկել էին Հայրենիքի համար կռվելու և տենչում էին օր առաջ հասնել առաջնագիծ: Բոլորի տրամադրությունը բարձր էր: Զրուցում էին, ծխում և բակում տեղադրված ավտոմատ սարքից սուրճ խմում: Աղբարկղը բերնեբերան լիքն էր: Դիմակով գրեթե ոչ ոք չկար: Մի տեսակ ամաչելով՝ Միքայելն էլ հանեց դիմակը: Ինքը խորապես վստահ էր, որ ոտքի վրա արդեն տարել է գարշելի վարակը, և հիմա վախենալու բան չունի:
Մի քանի ժամից հասավ Միքայելի հերթը: Հերթապահ սպան առանց Միքայելին նայելու անշտապ աչքի անցկացրեց նրա անձնագիրն ու զինգրքույկը:
– Ի՞նչ զինվորական մասնագիտություն ունեք, – վերջապես հարցրեց նա:
– Հակաօդային պաշտպանության օպերատոր եմ եղել՝ երրորդ և չորրորդ սերնդի տեղորոշիչ կայանների վրա: Նաև աշխատել եմ հրթիռների նախագծման ծրագրում:
Սպան զարմանքով բարձրացրեց հայացքը և ուշադիր նայեց Միքայելին:
– Դուք քանի՞ տարեկան եք, – մի տեսակ զարմանքով հարցրեց նա:
– Դա էակա՞ն է, – ընդդիմացավ Միքայելը:
– Պատասխանե՛ք հարցիս, – չոր հրամայեց սպան:
– Քառասուներկու:
– Քառասուներկու, – ինքն իրեն կրկնեց սպան, ինչ-որ նշում արեց սեղանին դրված թերթիկում, ապա վերկացավ տեղից ու ասաց.
– Մի րոպե սպասեք: Հիմա կգամ:
Սպան անհետացավ երկար միջանցքի սենյակներից մեկում: Մի քանի րոպե անց վերադարձավ և նստեց իր տեղը:
– Հիմա կգրանցեմ ձեր անձնական տվյալները: Ձեր հասցեն, հեռախոսը…
Միքայելը պատասխանեց բոլոր հարցերին: Սպան նրան վերադարձրեց անձնագիրն ու զինգրքույկը և ասաց.
– Պատրաստ եղեք: Մենք ձեզ կզանգենք և կկանչենք: Ազատ եք: Հաջո՛րդը:
Միքայելն իր տեղը զիջեց հաջորդ կամավորականին և դուրս եկավ շենքից:
– Հը, ի՞նչ ասացին, – հետաքրքվեցին բակում հավաքված տղաները:
– Ասացին՝ սպասեք, կկանչենք, – պատասխանեց Միքայելը:
– Հա, մեզ էլ նույնն ասացին:
Միքայելը մոտեցավ սուրճի ապարատին, նետեց հարյուր դրամանոցն, ու կախարդական մեքենան մի քանի վայրկյան անց նրան տաք սուրճ հրամցրեց: Մի գլանակ վառեց ու նստեց ազատ անկյունաքարին: Կում արեց տաք սուրճից ու վառեց լեզուն: «Դե ինչ, Միքայել, դու էլ զորագրվեցիր, – մտածեց ինքն իրեն: – Հիմա զինվիր համբերությամբ և սպասիր»:
Մի տղա մոտեցավ, բարևեց ու կրակ խնդրեց: Միքայելը մեկնեց իր գազայրիչը: Տղան շնորհակալություն հայտնեց ու վերադարձավ ընկերների մոտ: Միքայելը կրկին մենակ մնաց: Զինկոմիսարիատի բակում վառվեցին լույսերը: Երևանի վրա հոկտեմբերյան չքնաղ երեկոն էր իջնում:
42.
Դժվարությամբ կապ հաստատեց Ստեփանակերտի հետ: Վարդանի ձայնը նվաղած էր և հուսահատ:
– Ո՞րտեղ, ես Վարդան: Ո՞նց եք:
– Նկուղում ենք բոլորս: Ստեփանակերտին անդադար հարվածում են հրթիռներով: Փողոց դուրս ենք գալիս միայն մութն ընկնելուց հետո:
– Ընտանիքդ ինչպե՞ս է:
– Ընտանիքս Հայաստան եմ ուղարկել: Գառնի գյուղում են: Մի հյուրատուն սենյակ է տրամադրել և սնունդ: Նորմալ են, ապրում են:
– Ինչի՞ կարիք ունեն:
– Երևի թե ոչ մի բանի: Շնորհակալ եմ, եղբայր:
– Իսկ դու՞: Դու ինչի՞ կարիք ունես:
– Խաղաղության, Միքայել… – Վարդանի ձայնը հուսահատ էր: – Խաղաղության և առողջության: Այս նկուղում հասցրեցի այդ զզվելի վարակով էլ հիվանդանալ: Ոտքի վրա անց եմ կացնում: Թեև հիմա դրա մասին չենք էլ մտածում:
– Եթե չես կռվում՝ արի Հայաստան: Հիվանդ ես, քեզ կարելի է:
– Չէ, չեմ կարող թողնել տունս ու քաղաքս: Չեմ կարող…
Լռություն տիրեց… Միքայելի ականջին պայթյունի խուլ ձայն հասավ:
– Վարդա՞ն: Ի՞նչ եղավ:
– Ռումբ պայթեց: Բայց բան չկա, նկուղում ապահով ենք:
Միքայելը սրտնեղությամբ հասկացավ, որ արցախցիների համար ռումբերի պայթյունը սովորական բան է դարձել:
– Վարդան, ես զորագրվել եմ: Երևի շուտով կգամ: Չուզեցի ինքնագլուխ գալ: Դիմեցի զինկոմիսարիատ:
– Չգիտեմ, Միքայել… Սա քո իմացած պատերազմը չէ: Սա ուրիշ պատերազմ է: Քեզ դժվար կլինի կռվել: Հիմա տեխնիկան է կռվում:
– Հեքիաթ մի պատմիր: Կռիվը կռիվ է: Կգամ-կհասնեմ: Այստեղ տեղս չեմ գտնում:
– Ոնց կասես, – Վարդանի ձայնը կտրտվում էր… – Այսօր թուրքերը Ֆիզուլին են գրավել: Գրեթե առանց դիմադրության: Հադրութում էլ վիճակը վիճակ չէ: Ձեռքից ձեռք է անցնում: Ինքնապաշտպանական ջոկատները արդեն չեն դիմանում թշնամու ճնշմանը:
– Ո՞նց թե «ինքնապաշտպանական ջոկատները»: Բա մեր կանոնավոր բանակն ու՞ր է: Զորքն ու՞ր է:
– Չգիտեմ… Ցաքուցրիվ են և անկազմակերպ: Հատկապես զորակոչվածներն ու աշխարհազորը: Այնպիսի տպավորություն է, որ տղերքը շոուի էին եկել, բայց այլ բան ստացան: Սա քո իմացած պատերազմը չէ, Միքայել:
– Գառնիկից ի՞նչ կա: Լուր ունե՞ս: – Հարցրեց Միքայելը: Գառնիկը նրանց ընդհանուր ընկերն էր, որն առաջին օրվանից կռվում էր:
– Գառնիկից լուր չունեմ: Վերջին անգամ մի քանի օր առաջ եմ խոսել: Թեժ կռիվների մեջ էին: Հիմա…
Կապն ընդհատվեց… Միքայելը կարկամեց: Հետո բացեց քարտեզը: Ո՞նց թե Հադրութը չկա… Ո՞նց թե Վարանդան չկա… Դա հնարավոր չէ: Թշնամուն հաջողվե՞լ է ճեղքել հարավային թևը… Ինչու՞ մեզ բան չեն ասում: Ինչու՞ են մեր գլխի տակ փափուկ բարձ դնում… Ու՞ր է Գառնիկը… Արյունը խփեց Միքայելի գլխին: Միացրեց հեռուստացույցը: «Հաղթելու ենք…»: Անջատեց: Հաղթելու համար պետք է կռվել…
Ինքն էլ չիմացավ, թե ինչպես անցկացրեց գիշերը…
43.
Ամեն րոպե սպասում էր կանչի: Գնաց երեխաներին հրաժեշտ տալու: Տղան հուզվեց, բայց միայն հարցրեց.
– Պապ, մենք հաղթելու ենք, չէ՞:
– Երբեք չկասկածես, տղաս: Մենք միշտ կռվել ենք: Հիմա էլ պիտի կռվենք: Կռվենք և հաղթենք: Ի դեպ, պատմությունից անցել եք: Եկեք միասին թվենք, թե հայերն ում դեմ են կռվել:
– Դե, թուրքերի, գերմանացիների… – ծոր տվեց աղջիկը:
– Սպասիր, սկզբից սկսենք: Համացանցից եմ հանել: Ուրեմն՝ պատմության ընթացքում հայոց զորքը կռվել է Բաբելոնի դեմ, Եգիպտոսի թագավորության դեմ, Ասորեստանի դեմ, Սկույթների դեմ, Խեթերի դեմ, Մարաստանի դեմ, Աքեմենյան Պարսկաստանի դեմ, Մակեդոնական կայսրության դեմ, Սելևկյան կայսրության դեմ, Պարթևական թագավորության դեմ, Կապադովկիայի թագավորության դեմ, Հռոմեական կայսրության դեմ, Սասանյան Պարսկաստանի դեմ, Բյուզանդական կայսրության դեմ, Արաբական խալիֆայության դեմ, Վրացական թագավորության դեմ, Սելջուկյան կայսրության դեմ, Շահարմենների թագավորության դեմ, Իկոնիայի սուլթանության դեմ, Մոնղոլական խանության դեմ, Եգիպտոսի սուլթանության դեմ, Հալեպի սուլթանության դեմ, Խաչակիների դեմ, Անտիոքի դքսության դեմ, Եդեսիայի կոմսության դեմ, Երուսաղեմի թագավորության դեմ, Օսմանյան կայսրության դեմ, Սեֆյան Պարսկաստանի դեմ, Վրացական հանրապետության դեմ (20-րդ դար), Խորհրդային Ադրբեջանի դեմ (20-րդ դար), Խորհրդային Ռուսաստանի դեմ (20-րդ դար), Թուրքիայի հանրապետության դեմ (20-րդ դար), Ադրբեջանի հանրապետության դեմ (21-րդ դար)։ Ընդ որում, այս ցուցակը կարելի է դեռ լրացնել:
– Փաստորեն, բոլորի դեմ, – զարմացավ դուստրը:
– Սպասիր, սիրելիս: Այլ բանակների կազմում հայկական զորամիավորումները մարտնչել են՝ Միջին Ասիայում քուշանների դեմ (Սասանյան Իրան), Աֆրիկայում, Եվրոպայում, Միջագետքում (Հռոմեական կայսրություն, Բյուզանդիա), Պաղեստինում, Միջագետքում (Մոնղոլական խանություն), Բալկաններում (Մոլդովա), անգլիացիների դեմ (Հնդկաստան), Եվրոպայում խաչակիրների դեմ (Լեհաստան, Գրյունվալդի ճակատամարտ), Պաղեստինում թուրքերի դեմ (ֆրանսիական զորքի կազմում), գերմանացիների, ֆինների, ռումինացիների, ճապոնացիների, կորեացիների դեմ (Խորհրդային Միության կազմում)։ Այնպես որ, մենք միշտ կռվել ենք և հիմա էլ կռվելու ենք:
– Փաստորեն, 21-րդ դարում միայն ազերների դեմ, – կրկին նկատեց դուստրը:
– Այո: Ռուսներն այդ պետությունը միայն մի նպատակով են ստեղծել՝ Հայաստանը մշտապես արնաքամ վիճակում պահելու և հարկ եղած դեպքում ոչնչացնելու համար: Բայց այս մեկը մե՛ր պատերազմն է, մե՛ր սուրբ հողի վրա: Մենք պետք է կռվենք և պետք է հաղթենք:
– Անպայման, – ոգևորվեց տղան: – Ես էլ կմիանամ քեզ, պապ: Ես էլ եմ ուզում կռվել:
– Սպասիր, ժամանակդ կգա՝ կկռվես: Քո պատերազմը դեռ չի սկսվել: Ողջ կյանքդ կռվելու ես… Ես ձեզ խնդրում եմ՝ լուրջ լինել և լսել մամային: Տեղ հասնեմ՝ լուր կտամ: Վարդանն ու տղաները սպասում են ինձ:
Դուստրը փարվեց Միքայելին ու չէր կարողանում բաժանվել հորից: Որդին ավելի զուսպ էր: Հորը նվիրեց իր ուսապարկն ու ասաց.
– Ես հպարտ եմ, որ դու իմ հայրն ես: Դու աշխարհի ամենալավ հայրն ես:
Միքայելը վերցրեց ուսապարկն ու դուրս եկավ: Կինը խոհանոցից մի բաժակ ջուր բերեց ու լցրեց նրա հետևից.
– Ջրի պես գնաս, ջրի պես գաս… Հիշիր, որ զավակներ ունես:
Միքայելը ժպտաց, շուռ եկավ ու գրեթե զինվորական քայլքով իջավ աստիճաններով:
44.
Զինկոմիսարիատից չէին զանգում: Միքայելն ինքը զանգեց: Մի կերպ միացավ հերթապահին: Հեռախոսի միջից լսվեց զինվորականի հատու ձայնը.
– Ասել ենք սպասեք, ուրեմն՝ սպասեք: Մենք ձեզ կզանգենք…
Թերթեց լուրերը: Նորությունները տարաբնույթ էին և հակասական: Մի տեղ կարդաց, որ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները քողարկիչ ցանց են հյուսում առաջնագծի զինվորների համար: Սիրտը մղկտաց հուսահատությունից՝ մի՞թե Հայաստանի ֆիզիկայի փառապանծ սերունդն այլ բան չի կարող անել բանակի համար, քան ցանց հյուսելը… Անհեթեթություն է… Գիտությունը կարծես իսպառ վերացել է Հայաստանից…
Իջավ փողոց: Պաստառների վրա ամենուր Ալբերտի նկարն էր՝ «Հաղթելու ենք» խրորտ և անսասան կոչով: Միքայլն ասես լսեց երիտասարդ հերոսի բառերը՝ «Համազարկով՝ կրակ»… Քաղաքում ամենուր նույն եռուզեռն էր. ջահելությունը սնունդ, ջուր, տաք շորեր, դեղորայք և այլ բաներ էր հավաքում ռազմաճակատի համար: Ավելի ձեռներեցները զինվորական զրահաբաճկոններ, ուսապարկեր, ճտքակոշիկներ և պարզապես զինվորական հագուստ էին գնում մասնավոր խանութներից՝ պատերազմի դաշտ ուղարկելու համար: Սա ահավոր դուր չեկավ Միքայելին, սակայն նախընտրեց աչք փակել:
Կենտրոնում հանդիպեց ընկերոջը՝ Ավետիսին: Գրկախառնվեցին ու միասին քայլեցին: Միքայելը պատմեց, որ զանգի է սպասում, որ մեկնի ռազմաճակատ: Ավետիսը ոչինչ չասաց, բայց շատ բան կար այդ լռության մեջ: Քայլեցին դեպի Ազատության հրապարակ: Նրանց առջև հառնեց Օպերայի շքեղ շենքը:
– Սա էլ կքանդվի, – ցածր ձայնով ասաց Ավետիսը:
– Ինչու՞ պիտի քանդվի, – զարմացավ Միքայելը: Օպերայի շենքը նրան միշտ Արարատի պես անսասան էր թվում:
– Եթե խփեն Երևանին՝ առաջինը հենց այս շենքին են հարվածելու: Հետո՝ Կասկադին, Մատենադարանին, Հանրապետության հրապարակին:
– Կարծում ես՝ բանը դրա՞ն կհասնի, – սրտնեղվեց Միքայելը:
– Ոչինչ չեմ բացառում: Եթե որոշեն Նախիջևանից երկրորդ ճակատ բացել, ապա հենց Երևանին են խփելու:
– Աստված չանի…
– Չգիտեմ, Միքայել, չգիտեմ…
Թեման փոխելու համար Միքայելը հարցրեց.
– Դու ինչու՞ դիմակով չես, Ավետիս:
– Իսկ ինչու՞ պիտի դիմակով լինեմ, – գրեթե զարմացավ ընկերը:
– Համավարակի պատճառով…
– Հա՜… Համավարակի… Լսի՛ր, ոչ մի համավարակ էլ չկա: Աշխարհը փոխվում է, օդը փոխվում է… Դու նկատե՞լ ես, որ մարդկանց մարմնի նորմալ ջերմաստիճանն իջել է: Ուր մտնում ես՝ չափում են, չէ՞: 36.3-ից բարձր երբեք չի լինում: Իսկ հիշու՞մ ես ինչքան էր մեր մարմնի ջերմաստիճանը, երբ փոքր էինք:
– Իհարկե, 36.6: Եթե մի քիչ բարձրանում էր՝ մայրիկները սկսում էին ազնվամորով թեյ տալ:
– Այո, այո… Իսկ հիմա այդպես չէ: Ջերմաստիճանը նկատի ունեմ: Պարզապես օդը փոխվել է: Ավելի ճիշտ՝ փոխվել է օդի կառուցվածքը: Ով հարմարվեց՝ կդիմանա և կապրի: Ով չդիմացավ՝ շատ ափսոս… բայց դրա դեմ ոչինչ չես կարող անել:
– Հետաքրքիր է: Ուրեմն՝ դու հարմարվել ես:
– Բնականաբար: Եվ դու էլ ես հարմարվել: Այնպես որ կարող ես հանգիստ սրտով դեն նետել այդ դիմակդ և ցույց տալ դեմքդ: Ամաչելու բան չունես՝ դեռ սիրուն տղա ես, – ժպտաց Ավետիսը:
Միքայելը մի տեսակ քաշվելով հանեց դիմակը և ագահորեն ներքաշեց աշնանային սառնորակ օդը՝ մի բան, որին կարոտել էր այդքան ամիս դիմակ կրելուց հետո:
– Մի բան չուտե՞նք, – առաջարկեց Ավետիսը: – Այսօր բերանս բան չեմ դրել: Միայն ծխել եմ:
– Իհարկե, արի ուտենք: Վաղուց միասին հաց չենք կերել:
Քայլեցին ու մի էժանագին սրճարան գտան, ուր համեղ լահմաջո և թան էին տալիս:
Ուտելու ընթացքում Ավետիսին զանգեցին: Մի քանի րոպե նա ուշադիր լսում էր անհայտ խոսակցին: Հետո անջատեց հեռախոսն ու դիմեց Միքայելին.
– Թուրքերը գրավել են Ջրականն ու Կովսականը: Թեժ մարտեր են Սանասարի մատույցներում… Մենք հազարներով կորուստներ ունենք: Զորքը հարավում խուճապահար նահանջում է:
Ոտելիքը կանգնեց Միքայելի կոկորդում: Ավետիսը ցածր ձայնով ավելացրեց.
– Դրախտիկն էլ չկա, եղբայրս… Թուրքերի ձեռքին է…
45.
Կցկտուր լուրեր էին հասնում Գարեգինից: Հեռախոսով կապ հաստատելը շատ վտանգավոր էր, ուստի փոքրիշատե հավաստի տեղեկությունները հասնում էին հիմնականում թիկունք վերադարձած ընկերներից ու ծանոթներից:
Հայր և որդի կողք-կողքի կռվում էին: Բայց ազատ րոպեիներին Գարեգինն իր տարերքի մեջ էր՝ երիտասարդ զինվորներին հայոց պամություն և զինվորական գործ էր պատմում: Երբեմն էլ ինքն էր թափառում տեղանքում, երբ թշնամու անօդաչուները ժամանակավոր դադար էին տալիս: Մտնում էր հին, չգործող եկեղեցիները ու զմայլվում դրանց քարերի դարավոր քնքշությամբ…
Զորքը հոգնել էր. փոխարինող չկար, որ գոնե մի քանի օր հանգստանան, լողանան, շունչ քաշեն, քրքրված հագուստն ու կոշիկները փոխեն, տնեցիների հետ խոսեն… Այդ ամենն անհաս երազանք էր դարձել: Հարվածային ալիքից երկուսն էլ գիտակցության ժամանակավոր կորուստ էին ունեցել: Բայց դա ամենաահավոր չէր: Ահավորը տագնապն ու խուճապն էին, որ համավարակի պես վարակել էին զորքին: Հյուսիսում և արևելքում հնարավոր եղավ հաղթահարել խուճապը և կանգնեցնել թշնամուն՝ անգամ մահաբեր ռմբակոծության տակ: Ասես մետաղական կարկուտ էր տեղում: Բայց հարավային ճակատում վիճակը դառնում էր օրհասական: Գարեգինը կատաղությունից տեղը չէր գտնում: Անգամ փոքրաթիվ ուժերով հնարավոր էր ոչ միայն կասեցնել թուրքերի առաջխաղացումը, այլև ջարդ տալով հետ շպրտել, բայց չգիտես ինչու դա չէր արվում: Ամենասարսափելին Ջրականի հակագրոհն էր՝ վատ կազմակերպված, որ հետևանքով հայկական կողմերը հսկայական կորուստներ էր կրել և խուճապահար նահանջել՝ թշնամուն թողնելով հսկայական քանակությամբ զինվորական սպառազինություն:
Արցախի և Հայաստանի ղեկավարության հայտարարություններն օր-օրի ավելի ու ավելի դառնահեծ էին դառնում… Բայց Գարեգինը շարունակում էր կռվել՝ հանուն իր որդու և հանուն իր պապերի և իր ապագա թոռների հողի և այդ հողի վրա ապրող իր քույրերի ու եղբայրների:
Վերջին լուրը Շուշիի մոտից էր՝ զորքը տեղից տեղ գնալով ի վերջո հասել էր Բերդաքաղաքի մատույցներին, որտեղ թշնամին կարողացել էր հսկայական զորք կուտակել՝ ճամփաբաժանի երկու կողմերում: Հայկական կողմի դիմադրությունը գրեթե էպիզոդիկ էր, մինչդեռ կարելի էր մի հզոր հարվածով ջարդել թշնամական հրոսակները և հետ մղել մինչև Արաքսի ափերը: Այդ ամենը շատ անհասկանալի էր: Հերթական անգամ բանակը նահանջում էր՝ ռազմաքաղաքական էլիտայի անհեռատես քաղաքականության և տեղում ամենապարզ փնթիության պատճառով: Կային նաև դավաճանության դեպքեր, բայց դրանց դեմ պայքարը չգիտես ինչու կիսատ-պռատ էր, ինչպես և շատ ուրիշ բաներ Հայաստան երկրում…
Փաստն այն էր, որ թշնամին գրեթե առանց դիմադրության Հորադիզից հասել էր Քարինտակ և Շուշի: Նախ վախվորած էին գալիս, ապա ավելի ու ավելի լկտիացան, և հիմա Բերդաքաղաքի մատույցներում մի քանի հազարանոց զորք էին կուտակել՝ ազերիներ, թուրքեր, իսլամիստներ… Մարտավարական հրթիռի մի հարվածով կարելի էր ոչնչացնել այդ գորշ զանգվածը, բայց հարվածն ուշանում էր: Անգամ սովորական ականանետներով կարելի էր ջարդել ոսոխին Դժոխքի ձորում, սակայն դա էլ չկար… Գարեգինը հասկանում էր, որ թշնամին ևս հյուծված է: Նույնն էին վկայում նաև հետախուզության տվյալները: Թվում էր՝ ևս մի զարկ, և հայոց փառապանծ բանակը կրկին ցույց կտա իր բազկի ուժը՝ այս անգամ մինչև Քուռ և Արաքս, բայց…
Դրությունը դառնում էր հուսահատական… Անհասկանալի ամեն բան բան հուսահատություն է ծնում…
46.
Առավոտյան զանգեց Սպարտակը.
– Միքայել, ես գնում եմ Գորիս: Սիմոնից լուր չկա արդեն ինչքան ժամանակ է… Ես այստեղ չեմ կարող նստել և սպասել: Պիտի գնամ…
– Հասկանում եմ… Գա՞մ քեզ հետ:
– Չէ, դու մնա ընտանիքիդ կողքին: Եթե բան պետք լինի՝ կասեմ… Այսօր Եռաբլուր էի գնացել… Դա պատմելու բան չէ, Միքայել… Դրանից առաջ էլ հիվանդանոցում էի: Մի տղա էին բերել այդ պահին: Ոտքերն ու մի ձեռքը չկային: Անգամ չհասկացա՝ նա ուրա՞խ էր, որ ողջ է մնացել, թե՞ ոչ: Մարմնի ցավի՞ց էր ոռնում, թե՞ հոգու… Այդտեղ ես զգացի մահվան հոտը: Ամենաահավոր հոտն է, որը մտնում է մարդու մեջ ու էլ դուրս չի գալիս…
Միքայելը զգաց, թե ինչ ահավոր հոգեվիճակում է ընկերը: Արդեն երկու շաբաթ տղայից լուր չկա… Հիվանդանոցներ, դիահերձարաններ… Երևի ճիշտ է անում, որ գնում է: Գոնե մի քիչ կցրվի ճանապարհին… Ի՞նչ խորհուրդ կարող ես տալ… Ոչ մի խորհուրդ էլ չես կարող տալ, որովհետև չունես… Ամենահավոր բանն է, երբ հարազատդ սրտատրոփ սպասում է, որ մի լավ բան ասես, բայց չես կարողանում բառերն իրար կապել… Անգամ սուտ խոսել չես կարողանում: Թեև ի՞նչ սուտ այդ վիճակում…
Սպարտակը շարունակեց.
– Էլ տեղ չմնաց, որ զանգեմ՝ բոլոր հիվանդանոցներում, դիահերձարաննում ինձ արդեն անգիր գիտեն… Ծառայակիցների հետ եմ խոսել… Վերջին անգամ Հադրութի մոտ են տեսել: Վիրավոր զինվորներին էր հանում առաջնագծից: Դրանից հետո ոչ ոք ոչինչ չի տեսել… Իմ մեքենայով չեմ գնա: Շատ մեքենաներ են գնում: Մեկն ու մեկով կգնամ: Հեչ սիրտ չունեմ ոչ քշելու, ոչ էլ խոսելու…
– Խնդրում եմ՝ ինձ հետ կապի մեջ կլինես: Եթե որևէ բանով կարող եմ օգնել՝ ինձ անպայման ասա: Ես Հադրութում ազգականներ ունեմ… ունեի… Ստեփանակերտում էլ…
– Կասեմ, իհարկե կասեմ:
– Հույսդ չկորցնես: Միգուցե անտառներում է, կապ չունի… Մի օր էլ կհայտնվի մեր Սիմոնը…
– Այդ հույսով ենք… Աստված մեծ է:
– Պինդ կաց եղբայր, գրկում եմ:
– Շնորհակալ եմ, Միքայել… Գնացի: Ողջ եղեք:
47.
Գառնիկը սեպտեմբերի 27-ից կռվում էր: Տղաներն իրար ճանաչում էին, բոլորն էլ իրենց ժամանակին ծառայել էին և զինվորական գործին հմուտ էին: Հիմնականում Հադրութում էին: Սկզբում ամեն ինչ համեմատաբար լավ էր՝ չնայած թշնամու անօդաչուների և հրետանու աներևակայելի թանձր ռմբակոծություններին: Շատերը զոհվեցին: Ավելի քչերին հաջողվեց գիշերով դուրս բերել մարտի դաշտից և արնաքամ մի կերպ հիվանդանոց հասցնել:
Գառնիկից տասներեք օր լուր չկար: Ամբողջ դասակից լուր չկար: Ոչ հրամանատարությունը, ոչ էլ նրացից քիչ հեռու կռվող աշխարհազորայինները որևէ լուր չունեին: Մայրը հուսահատության մեջ էր: Հուսահատություն, որից մինչև խելագարություն մեկ քայլ է: Միայն հրաշքը կփրկեր Գառնիկին: Հրաշքը և մոր աղոթքը:
Առավոտյան զանգեց Անահիտը՝ Գառնիկի մայրը.
– Միքայել, Գառնիկը գտնվել է: Ողջ է… – հազիվ ասաց մայրն ու արցունքները խեղդեցին նրան: Մի քիչ հանգստացավ, երևի ջուր խմեց ու շարունակեց.
– Պատկերացնու՞մ ես՝ տասներեք օր մեն-մենակ, ուսից ու ոտքից վիրավոր, սոված ու ծարավ թափառել է Հադրութի անտառներում: Ցերեկները թաքնվել է վայրի կենդանիների բներում, իսկ գիշերները սողալով առաջ է գնացել: Բարեբախտաբար տեղանքին լավ ծանոթ է եղել. ամբողջ մանկություն ու պատանեկությունն այդ անտառներում է անցկացրել: Սնվել է ինչով պատահի ու երբ պատահի: Մի քանի անգամ աղբյուրի է հասել՝ ձայնով է գտել: Հետո մի հին ու կիսավեր ժամ է հանդիպել: Մտել է ու աղոթք արել: Հենց այդտեղ էլ մի քանի ժամից նրան գտել են մեր հատուկջոկատայինները: Թեև նույն հաջողությամբ կարող էին թուրքերը գտնել: Միքայել, պատկերացնու՞մ ես ինչ հրաշք է: Իմ աղոթքը տեղ հասավ…
– Հիմա որտե՞ղ է Գառնիկը:
– Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցում:
– Դե փառք Տիրոջը: Իսկ Վլադից լուր ունե՞ս:
Վլադը Անահիտի փեսան էր:
– Վլադը կռվում է… Այսօր խոսել ենք… Միայն թե զինամթերք չունեն և կապի խնդիր կա:
– Հեռախոսայի՞ն:
– Ոչ, զինվորական կապն էլ է ահավոր վիճակում: Իրենք էլ այդ հսկա սարքն ամեն օր տեղից տեղ են տանում, որ չհայտնաբերվեն և տպավորություն ստեղծվի, թե մի քանիսն ունենք: Իրականում միակն է: Մյուս յոթը Սիսիանից Արցախ մեկնելիս ոչնչացվել են թուրքերի անօդաչուների կողմից: Ի՞նչ է լինելու, Միքայել: Ի՞նչ պիտի անենք…
– Անահիտ, սրտապնդվիր: Տղադ ողջ է, փեսադ ողջ է: Երևի լավ կլինի…
– Աստված առաջ… Աստծո անունը տալով ենք ապրում ամեն րոպեն… Քեզ չե՞ն կանչել:
– Դեռ ոչ: Սպասում եմ…
– Չգիտեմ, Միքայել, չգիտեմ… Ինչ-որ բան սխալ է այս անգամ: Առաջին պատերազմի ժամանակ ամեն ինչ հասկանալի էր, անգամ մեր ժամանակավոր պարտությունները: Այս անգամ ուրիշ է… Անհասկանալի…
Կապն ընդհատվեց կամ, միգուցե, Անահիտը հատուկ անջատեց: Միքայելը մոտեցավ դաշնամուրին, բացեց կափարիչն ու մատներով շոյեց ստեղները… Սեպտեմբերի 27-ից այս կողմ չէր նվագել: Հիշեց Բախի «Անգլիական երկրորդ սյուիթը», հետո՝ Շոպենի «Սգո քայլերգը»… Բախից հետո ուրիշ ոչինչ չես կարողանում նվագել: Հասկանալ Բախին, նշանակում է հասկանալ համայն տիեզերքը: Այն տիեզերքը, որն այնքան մեծ է ու երբեմն էլ՝ այնքան փոքր՝ ամփոփված մի ծաղկի, անձրևի մի կաթիլի կամ մի չասված բառի մեջ…
Միքայելն առանց նվագելու փակեց դաշնամուրը, նայեց դաշնամուրի վերևում կախված սևուսպիտակ լուսանկարին և տխուր ժպտաց…
48.
Քաղաքից բացակայելը դժվարացել էր: Միքայելը մեքենայով գնաց և ծնողներին մի կերպ համոզեց ժամանակավորապես տեղափոխվել իր մոտ՝ մայրաքաղաք: Նոյեմբերի առաջին օրերն էին: Ամբողջ ճանապարհին դեպի Արցախ ուղևորվող ռազմական տեխնիկա էր: Խոսք կար, որ մերոնք վերջապես մեծ հակագրոհ են կազմակերպում՝ կանոնավոր բանակի ներգրավմամբ: Հույսի նշույլ շողաց Միքայելի հոգում: Մի տեղ կանգ առավ: Հանդիպակաց բեռնատարի մեջ նկատեց առաջնագիծ մեկնող զինվորներին: Ժպտաց ու մատներով հաղթանակի նշան ցույց տվեց տղաներին: Ի պատասխան նրանք իրենց ինքնաձիգները ցույց տվեցին և գոռացին.
– Հաղթելու՛ ենք…
Այնքան էր ուզում հավատալ տղաներին… Այսինքն՝ տղաներին հավատում էր: Ուզում էր հավատալ նրանց հաղթական կոչին: Մեր տղաները, անկախության սերնդի նորօրյա հերոսները, որոնք պատրաստ են կռվել ու հաղթել՝ ապրելու և ապրեցնելու համար:
Բակը դատարկ էր: Երեխաներ ընդհանրապես չէին երևում: Մեքենան կայանեց, և բարձրացան տուն: Մայրն անցավ խոհանոց, իսկ հայրը շրջեց մեծ սենյակում, մոտեցավ դաշնամուրին, նայեց պատի լուսանկարին ու հարցրեց.
– Նվագու՞մ ես:
– Չէ, պապ, սիրտ չկա նվագելու…
Հայրը հառաչեց, ապա մոտեցավ պատուհանին:
– Անհասկանալի եղանակ է, – ասաց նա:
– Ցանկացած անհասկանալի իրավիճակում պետք է թեյ խմել, – խոհանոցից լսվեց մոր ձայնը: Միամտություն է կարծել, թե կանայք չեն լսում տղամարդկանց խոսակցությունը:
– Թեյը լավ բան է, կարելի է, – մի բան ասած լինելու համար նկատեց հայրը: Ապա ձայնն իջեցրեց ու դիմեց որդուն.
– Միքայել, այն աղջիկը կա՞:
– Չէ, պապ, չկա… Իմ կյանքում չկա: Երևի այսպես ավելի ճիշտ է:
Հայրը ոչինչ չասաց: Նայում էր թանձրացող ամպերին: Այդ պահին պայթեց որոտն ու շուտով անձրև սկսվեց:
– Հիմա լեռներում ձյուն է գալիս, – ասաց հայրը: – Եթե մերոնք մինչև ձյուն դիմանան, արդեն ավելի հեշտ կլինի: Ձյունը վատ է անկոչ հյուրերի համար: Միքայել, մի հարց ունեմ: Բայց անկեղծ պիտի պատասխանես:
– Իհարկե, ասա:
Հայրն ակնդետ նայեց որդու աչքերին և հարցրեց.
– Դրախտիկը չկա՞:
Հոր ծակող հայացքից խուսանավելու որևէ տարբերակ չկար:
– Չկա… Այսինքն՝ կա… Թուրքերի ձեռքին է…
Լռեցին: Այնքա՜ն ծանր էր այդ անվերջ թվացող լռությունը… Չպայթած արկի պես ծանր և անկանխատեսելի: Բայց հայրը հավաքեց իրեն ու ասաց.
– Արի թեյ խմենք: Մաման երևի ճիշտ է: Կանայք ավելի ռացիոնալ են մտածում: Ցանկացած անհասկանալի իրավիճակում, իրոք, պետք է թեյ խմել… Բայց մամային բան չասես: Նա դեռ պատրաստվում է Արցախ գնալ և Դրախտիկից մեղր բերել:
– Դեռ կգնանք, պապ, – ասաց Միքայելը:
– Երևի: Չգիտեմ… Դուք կգնաք…
Այդ պահին խոհանոցից սենյակ մտավ մայրը և ասաց.
– Միքայել, ես ու հայրիկդ մի խնդրանք ունենք: Չէ, չվախենաս, ամուսնանալու հետ կապ չունի: Ուզում ենք, որ մեզ օգնես Համահայկական հիմնադրամին փող փոխանցել: Մենք ձևը չգիտենք:
– Այո, իհարկե, ինչքա՞ն եք նախատեսում:
– Մեր մեկ ամսվա կենսաթոշակն ամբողջությամբ: Ուրիշ բան չենք կարող անել: Գոնե այս կերպ մի բանով օգնած լինենք…
Միքայելը հեռախոսով բացեց համապատասխան էջն ու կատարեց ծնողների խնդրանքը:
– Եղավ: Գումարը փոխանցված է հիմնադրամի հաշվին:
Ծնողները թեթևացած շունչ քաշեցին՝ հուգու պարտքը կատարած մարդու երջանիկ զգացողությամբ: Հետո գրեթե անխոս թեյ խմեցին ու անկողին մտան: Միքայելը անսահման հոգնած էր, սակայն քունը դարձյալ անհույս փախել էր: Մտքերը տակնուվրա էին լինում և փոթորկվում: Լսեց հոր ծանր շնչառությունը: «Տեր իմ, միայն դու կարող ես օգնել… Ամեն փրկություն միայն քեզանից է», – մտքում ասաց Միքայելը ու փորձեց որևէ այլ բանի մասին մտածել: Միտքն եկան իր զավակները, ժպտադեմ զինվորներն ու բակում միայնակ խաղացող աղջիկը: Այդ հուշերի վրա էլ մղձավանջից չտարբերվող քունը հաղթեց նրան: Երազում պատերազմ էր…
49.
Լուրը Սպարտակից եկավ: Գրեթե վազելով գնաց հիվանդանոց: Հերթապահ բուժքրոջ օգնությամբ մի կերպ գտավ մասնաշենքն ու հիվանդասենյակը: Մութն արդեն իջել էր: Հատուկենտ բժիշկների նկատեց: Ասենք՝ Երևանում բժիշկները պակասել էին: Սպիտակ բանակի մեծ մասն Արցախում և Գորիսում էր:
Գարեգինը և Նիկը պառկած էին փոքրիկ հիվանդասենյակում: Հայրը և որդին քառասուն օր կողք-կողքի կռվելուց, խրամատներում անքուն գիշերներ անցկացնելուց հետո հիմա դարձյալ իրար կողքի էին՝ երևանյան հիվանդանոցում պառկած էին: Երկուսն էլ վիրավոր էին: Միքայելը նկատեց, որ ընկերն ակնդետ ջրի շշին է նայում: Վերցրեց շիշն ու մեկնեց Գարեգինին: Վերջինս մի քանի կում արեց ու վերջապես խոսեց.
– Գիտե՞ս ամենաշատն ինչի՞ն էի կարոտել: Ջրին: Լրիվ ջրազրկվել էինք այնտեղ:
Պատմությունը կարճ էր ու դրամատիկ: Կռվելով Հադրութից հասել էին Շուշի: Վերջին գիշերը՝ նոյեմբերի 7-ին երկուսն էլ բեկորային վիրավորում էին ստացել: Շուշիից Ստեփանակերտ տանող ճանապարհին շտապօգնության մեքենաներն ընկել էին թշնամու խաչաձև հրաձգության տակ: Երեք մեքենայից միայն մեկն էր հասել Ստեփանակերտ: Մյուս երկուսը հրդեհվել և վառվել էին ճանապարհին: Իրենց մեքենան մաղ էր դարձել: Մի գնդակ անցել էր Նիկի ափի միջով, ծակել հեռախոսը, ապա անցել ոտքերի միջով ու դուրս եկել: Բարեբախտաբար ներքին օրգաններն ու ոսկորները չէին վնասվել: Հետո նրանց տեղափոխել էին Երևան և տեղավորել հիվանդանոցում:
Գարեգինը հոգնեց խոսելուց: Այդ պահին մտավ հերթապահ բժիշկը՝ բուժքրոջ ուղեկցությամբ: Զննեց վերքերը և երկուսին էլ թարմ վիրակապեր դրեց: Բժշկական աշտանակից կախված թափանցիկ հեղուկը կաթում էի հոր և որդու երակների մեջ:
Գարեգինը մի քիչ հանգստացավ և շարունակեց իր պատմությունը.
– Մի գիշեր քսանհինգ կիլոմետր քայլեցինք: Ոտքերս արդեն չէի զգում: Ինչ-որ տեղից ինչ-որ կոշիկներ էի հայթայթել, որ ոտքովս չէին: Քառասուն օր դրանցով էի: Միշտ ծարավ ու անասելի հոգնած: Զինվոր լինելը նախ աշխատանք է՝ ամենօրյա քրտնաջան աշխատանք: Կռիվն էլ է աշխատանք դառնում… Մահն էլ դառնում է սովորական… Ավաղ… Թուրքերը կարողացան յոթանասուն կիլոմետր անարգել առաջ գալ: Գրեթե անարգել… Հորադիզի մոտ էին, Հադրութի տակ: Հետո՝ Ջրական, Կովսական… Մեկ էլ տեսանք, որ Քարինտակում են՝ Շուշիի մատուցներում: Կռվող գրեթե չունեինք, լուրջ զենք չունեինք, հրամանատար չունեինք, կապ չունեինք, ջուր չունեինք… Հատուկ նշանակության ջոկատը, թվով երկու հարյուր տղա, հիմարաբար թե դավադրաբար վստահեց թուրքերին ու չեղած տեղը հարյուր քսան զոհ տվեց… Միքայել, ես բան չեմ հասկանում…
Միքայելը զգուշորեն բռնեց ընկերոջ ձեռքը՝ հասկացնելով, որ շատ չխոսի և խնայի ուժերը:
– Ծխելու բան ունե՞ս, – հարցրեց Գարեգինը:
– Ունեմ, բայց քեզ ծխել չի կարելի…
– Ոչինչ, արի քայլենք: Կօգնե՞ս՝ խալաթս հագնեմ:
Միքայելն օգնեց վիրավոր ընկերոջը, որ հագնի հիվանդանոցային խալաթն ու հողաթափերը: Քայլեցին կիսադատարկ միջանցքով ու զուգարանի հարևանությամբ մի մութ անկյուն գտան: Լուռ ծխեցին, հետո Գարեգինն ու ասաց.
– Իրոք որ սա անփոխարինելի է դատարկ պահերը լցնելու համար: Ոչ միայն ժամանակի, այլև հոգու դատարկ անկյունները լցնելու համար:
Միքայելը տխուր ժպտաց: Հետո հարցրեց.
– Սիմոնից լուր չկա՞:
– Չէ, չեմ տեսել: Հազար մարդու եմ հարցուփորձ արել: Ոչ ոք լուր չուներ: Ես էլ քեզ էի ուզում հարցնել:
– Արդեն քսան օրից ավել է, որ լուր չկա: Հույսը կամաց-կամաց մարում է:
– Պատկերացնում եմ Սպարտակի և կնոջ վիճակը…
– Պատկերացնելու բան էլ չէ… Մեռած են՝ թաղած չեն: Առավոտյան եմ խոսել հետը: Գորիսում էր: Ասաց, որ հյուրանոցները դատարկում են ռուսական զորքի համար:
– Ռուսական զորքի… – Ծոր տվեց Գարեգինը… – Ի՞նչ է կատարվում, Միքայել:
– Չգիտեմ, ես ոչինչ չեմ հասկանում:
– Իսկ ես մի բան հասկանում եմ: Գիտե՞ս ինչ:
– Ի՞նչ:
– Թե ինչ է կատարվել Հայաստանում ուղիղ հարյուր տարի առաջ: Թե ինչպես է ընկել Կարսը 1920-ի հոկտեմբերի 30-ին… Հենց այսպես: Զորք կար, բայց չկռվեց: Գրեթե չկռվեց:
– Այս անգամ կռվեցինք, Գարեգին:
– Կռվեցինք, բան չունեմ ասելու: Բայց վա՜յ այդ կռվելուն: Մեզ չի՛ կարելի պարտվել, չի՛ կարելի: Դա աղետ կլինի բոլոր առումներով: Միգուցե դեռ մի բան փոխվի: Ասում ես՝ ռուսները գալի՞ս են:
– Այո, անդադար օդանավեր են իջնում: Արցախի օդն էլ արդեն երկու օր փակ է:
– Մեր ռուս եղաբայրները… Ես չգիտեմ… Փաստորեն օդը հնարավոր էր փակել:
– Փաստորեն…
– Մեզ խաբել են, և մենք թույլ ենք տվել, որ մեզ խաբեն:
– Գիտե՞ս որն է ամենադառնալի կորուստը, Գարեգին: Հավատի կուրուստը: Շա՜տ ժամանակ է պետք հավատը վերականգնելու համար: Անասելի երկար ժամանակ…
– Մի բան մեզ տարբերում է 1920-ից: Այն ժամանակ Նժդեհ կար: 1992-ին Վազգենը կար: Հիմա չկան, կամ էլ՝ ես չեմ տեսնում… Ամենուր շոու է, անհեթեթ բեմականացում… Իսկ Շուշիում թուրքերն են, Միքայել, թուրքե՛րը: Մե՛ր չքնաղ Շուշիում… Դու պատկերացնու՞մ ես: Մեր Բերդաքաղաքում…
Ընկերները լռեցին: Խոսելը ծանր էր:
– Ես գնամ Նիկի մոտ, – ասաց Գարեգինը: Դու էլ գնա: Մենա՞կ ես:
– Ծնողներիս բերել եմ ինձ մոտ:
– Կբարևես իմ կողմից: Սպարտակից լուր ունենաս՝ ինձ ասա:
– Անպայման: Դե՝ բարի գիշեր: Փորձիր քնել:
– Դու էլ: Ինձ մի քանի գլանակ թող և գազայրիչդ: Չէ, ամբողջ տուփը մի՛ տուր: Շնորհակալ եմ: Բարի գիշեր: Հուսանք՝ առավոտը բարի լուր կբերի:
– Աստված առաջ, եղբայր…
Գարեգինը դուրս եկավ հիվանդանոցից: Ցուրտ, մութ և դատարկ մայթով քայլեց դեպի տուն: Երանի թե առավոտը բարի լուր բերեր… Ամեն դեպքում հույսը վերջինն է մեռնում:
50.
Նման տագնապ մեկ էլ քառասուչորս օր առաջ էր ունեցել՝ սեպտեմբերի 26-ի, լույս 27-ի գիշերը: Այն մի քանի ժամը, որ հաջողվում էր քնել, մոռացության հրաշալի ժամեր էին: Ասես՝ այլ իրականության մեջ: Բայց վերջերս քունը դարձել էր մղձավանջ, ուստի դժվար էր ասել, թե որն է ավելի տանելի՝ իրականությունը, թե գիշերային անվերջանալի և անտանելի խռովքը:
Միացրեց հեռախոսը: Բոլոր հնարավոր ալիքներով վերջին նորությունն էր եռակողմ համաձայնագրի մասին: Աչքի անցկացրեց տեքստը: Զգաց, որ մարմինը սառը քրտինքով է պատվում, իսկ ուղեղը մի պահ մթագնեց և իրեն չէր ենթարկվում:
«Երանի քնեի ու քնած մնայի առհավետ», – անցավ Միքայելի մտքով: Անհնար էր ընկալել նման իրականությունը, բայց պետք էր մի բան անել…
Այդ պահին զանգեց Գարեգինը.
– Լսե՞լ ես, – կարճ հարցրեց նա:
– Այո, նոր կարդացի:
– Միքայել, ես չեմ կարող քայլել… Մի բան արեք, դա մահ է, դանդաղ մահ: Գոնե Քարվաճառը պետք է պահել: Դա մեր սիրտն է: Սևանը Քարվաճառից է սնվում: Դա մեր ողնաշարն է… Մի բան պետք է անել… – Գարեգինը երևի լաց կլիներ, եթե ուժը հերիքեր, և որդին կողքին չլիներ:
Միքայելը փորձեց հավաքել իրեն: Բառեր չէր գնում:
– Ի՞նչ անեմ, ի՞նչ անենք, Գարեգին… Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Արաքսի ափը… Կապանն ու Գորիսն արդեն սահմանային քաղաքներ են…
– Ի՞նչ միջանցքի մասին են ստորագրել:
– Մեղրիով…
– Ախր դա չի՛ կարելի թույլ տալ… Դա մեր մահն է: Նժդեհը դրա համա՛ր չէր կռվում, որ հարյուր տար անց այսպես հանձնեն: Դա չի՛ կարելի, դա անհնա՛ր է…
– Ես հիմա կհանդիպեմ տղաներին: Չգիտեմ… Քեզ տեղյակ կպահեմ…
Միքայելն անջատեց հեռախոսը: «Միգուցե սա երա՞զ է: Այն երազներից մեկը, որն անգամ հիշել չես ուզում: Արթնանում ես և ուրախանում, որ ընդամենը երազ էր…»:
Բայց ավաղ, երազ չէր… Սենյակ մտավ հայրը:
– Ի՞նչ է եղել, Միքայել: Երեսիդ գույն չկա…
Հորը հետևեց մայրը ու վախեցավ տղայի տեսքից:
– Ի՞նչ է եղել, մի բառ ասա:
– Կապիտուլյացիա… Ամեն ինչ կորցրինք… Հադրութը, Շուշին, Քարվաճառը…
Երկար լռություն տիրեց: Մայրը քայլեց դեպի խոհանոց ու միացրեց թեյը:
«Երանի քնեի ու չզարթնեի… Բայց զավակներս, ծնողներս… Ես ինչպե՞ս եմ նայելու նրանց աչքերին… Ի՞նչ պիտի ասեմ… Տե՜ր իմ, ի՞նչ է լինելու… Երանի երբեք չզարթնեի…»:
Հայրը մոտեցավ պատին կախված քարտեզին: Նա միշտ ավելի զուսպ էր: Կյանքն էր սովորեցրել: Միայն կնճիռները կարծես մի վայրկյանում ավելի խորացան, ու Միքայելը դրանց մեջ հոր ցավը տեսավ…
Առանց թեյ խմելու արագ հագնվեց ու վազեց դուրս:
Քաղաքում անհասկանալի վիճակ էր: Արտաքուստ ամեն ինչ նման էր մյուս օրերին՝ մեքենաներ, սրճարաններում նստած ջահելություն, դասի կամ աշխատանքի շտապող մարդիկ… Փողոցներում՝ մեծ պաստառների վրա ամենուր Ալբերտի լուսանկարն էր՝ «Հաղթելու ենք» խրոխտ կոչով: Բայց մի բան այն չէր: Ու այդ վայրկյանին Միքայելը հասկացավ, որ այն չնչին հույսերը, թե մի օր կյանքը կփոխվի, և ամեն ինչ առաջվա պես լավ կլինի, արդեն անհույս ցնդել են… Կյանքն արդեն երբեք նույնը չի լինի: Հրադադարը պատերազմի դաշտում էր: Մարդկանց ներսում պատերազմը շարունակվում էր: Անդադար, ուժերն ու սիրտը ջլատող, հոգին սպանող պատերազմը…
51.
Միայն հեռախոսի համարից Միքայելը ճանաչեց, որ զանգը Սպարտակից է: Զինադադարից հետո վերջինս մեկնել էր Արցախ՝ որդուն գտնելու: Ձայնը հազիվ էր դուրս գալիս փորից.
– Սիմոնին գտել ենք… Դիակը: Հադրութի տակ, երկրորդ խաչմերուկի մոտ: Մի թուրք ցույց տվեց տեղը: Ասաց՝ Orada, torpağın altında cəsədlər var: Այս մեկ ամսում դրանց լեզուն էլ քիչ թե շատ սովորեցի… Փորեցինք ու գտանք… Յոթ դիակ մի փոսի մեջ: Երևի ռումբի պայթյունից էր հող լցվել վրաները կամ էլ մեր զինվորներն էին լցրել: Այդպես էլ չիմացանք… Գրպանում անձնագիրն էր և որդու նկարը: Դրանից ճանաչեցինք… Մյուսների մոտ անձը հաստատող ոչինչ չկար:
Միքայելը պապանձվել էր: Խոսքերը լռվել էին կոկորդում… Սպարտակը շարունակեց.
– Բերել ենք Գորիս: Հետո կբերենք Երևան՝ դիահերձարան: Արտակարգ իրավիճակների նախարարությունից ասացին, որ անպայման ԴՆԹ-նույնականացում պիտի արվի: Դա ժամանակ կքաշի… Առանց նույնականացման արգելվում է թաղել:
Երկար լռություն տիրեց՝ մի ամբողջ հավերժություն:
– Միքայե՞լ: Լսու՞մ ես:
– Լսում եմ…
– Գարեգինից ու Նիկից լուր ունե՞ս:
– Ունեմ, Երևանում են՝ հիվանդանոցում: Երկուսն էլ վիրավոր են, բայց կյանքներին վտանգ չի սպառնում: Բացի այդ, վիրուսով են վարակվել:
– Վիրուսը՝ հեչ: Հիմա դրա մասին ո՞վ է մտածում: Դու իրենց կասե՞ս Սիմոնի համար:
– Կասեմ, իհարկե կասեմ: Դու մի անհանգստացիր: Սիմոնով զբաղվիր:
– Հա, անպայման ասա, որ էլ չփնտրեն: Շատ տանջեցի բոլորիդ…
Միքայելը զարմացավ Սպարտակի ոգու ամրության վրա. մարդ ինչքան ուժեղ պիտի լինի, որ այդ արհավիրքի մեջ էլ մտածի ընկերոջ հոգսը թեթևացնելու մասին:
– Միքայե՞լ: Լսու՞մ ես:
– Այո, լսում եմ քեզ:
– Տղաս հերոսի մահով է ընկել: Մինչև վերջին պահը փորձել է փրկել իր զինվորներին: Մեկին հանել է ու բերել խրամատ: Երկրորդի վրա խփել են երկուսին էլ…
– Որդիդ հերոս է, եղբայր… Քաջ հերոս… Գրկում եմ քեզ: Պինդ կաց…
– Շնորհակալ եմ: Դու էլ… Երևանում կհանդիպենք:
Միքայելն անջատեց հեռախոսը: Կյանքն այլևս երբեք նույնը չի լինի: Սիմոնը չկա: Նրա որդին անհայր է մեծանալու: Բաներ կան, որ բառերով ասելու չեն: Միայն մտքումդ ես զգուշությամբ ձևակերպում: Երևի լավ է, որ գտել են Սիմոնին, քանի որ շատ մայրեր անգամ իրենց որդիների գերեզմանների տեղը չեն իմանալու… Խելագարվելու բան է… Ինչպե՞ս նայես այդ մայրերին աչքերին, ի՞նչ բառերով փորձես սփոփել նրանց անհուն վիշտը… Եվ ինչպ՞ես սփոփես ինքդ քեզ: Դա, երևի, ամենադժվարն է: Կյանքը հաստատ արդեն երբեք նույնը չի լինելու, քանի որ չկա Սիմոնը, և չկան հազարավոր այլ քաջորդիները… Հազարավոր տների օջախների ծուխը կմարի, և հազարավոր աղջիկներ չեն մայրանա իրենց սիրած տղաներից… Ներեցե՜ք մեզ, տղերք, եթե կարող եք…
Միքայելը նայեց պատուհանից դուրս: Դատարկ բակում գիժ քամին տերևաթափ էր սարքել: Ծառերից մեկին մի տասնյակի չափ ագռավներ էին թառել: «Ինչպես թուրքերը Շուշիում», – տխուր մտածեց Միքայելը և քաշեց թանձր վարագույրը:
52.
Շատ քիչ ժամանակ կար. մինչև դեկտեմբերի վերջ հայկական կողմը պիտի թողներ 26 տարի իր զբաղեցրած տարածքները: 26 տարի և հազարամյակներ…
Մարդիկ մի կերպ հասնում էին Դադիվանք՝ մի մասը Սոթքով ու Քարվաճառով, մյուսները՝Բերձորով ու Ստեփանակերտով: Մի մասն՝ ավտոբուսներով, մի մասը՝ ավտոմեքենաներով… Այնպիսի տրամադրություն էր, ասես քո օգնությանը կարոտ ընկերոջդ, ծնողիդ, հարազատիդ թողնում ես թշնամու հոշոտմանը ու հեռանում: Անտանելի է այդ ցավը: Ուզում ես ամոթից ու հուսահատությունից գետինը մտնել: Այն գետինը, որը ներծծված է հայ նահատակների արյունով: Ինչքա՜ն ցավ են ապրել այս պատերը… Ահա, Հիսուսն ավետարան է մատուցում Դավիթ Սքանչելագործին: Իսկ այս խցում, միգուցե, Մխիթար Գոշն ավարտել է իր «Դատաստանագիրքը»… 2000 տարի առաջ Դադեն հիմնել է Խութավանքը, օրհնել և, երևի, պատվիրել պահել ու պահպանել Հիսուսի դավանանքն ու հայոց լեզուն: Եվ փոքր ընդմիջումներով երկու հազար տարի հայ զինվորն ու քահանան պահել ու շենացրել են Դադիվանքը: Երկու հազար տարի կամ ութսուն սերունդ: Քանի՜ հայ ուխտավոր է այցելել այս վանքը, քանի աղոթք է կարդացվել այստեղ, քանի ցավ է բուժվել այդ աղոթքի արդյունքում… Որ այսքան տարի անց առանց մի կրակոցի հանձնվի թուրքերի հոշոտմա՞նը… Որ այն կրկին անասնագոմի վերածե՞ն…
Վերջին ուխտավորները համբուրում էին Դադիվանքի պատերն ու խաչքարները: Շատ երեխաներ ու անգամ մեծահասակներ կնքվեցին ու Տեր Հովհաննեսի օրհնանքը ստացան: Զինվորներն էլ կանգնած էին լուռ ու սգավոր… Միքայելը երբեմնի ժայռի պես աներեր Տեր Հովհաննեսի աչքերում արցունքներ տեսավ… Մի քանի տղաներ օգնում էին Հայաստան տեղափոխել հնամենի խաչքարները, որ չպղծվեն ու մի հրաշալի օր կրկին վերադառնան Խութավանք:
Միքայելն ինքն էլ համբուրեց խաչը, մի րոպեի չափ լռելյայն կանգնեց ու մոտեցավ ընկերոջը:
– Շարժվե՞նք, – հարցրեց Ավետիսը:
– Երևի… Սիրտս կտոր-կտոր է լինում: Դիմանալն անհնար է:
– Անհնար է… Մենք չզգացինք ու չգնահատեցինք այն, ինչ ունեինք: Մենք 26 տարի ոչ թե ապրելու և հաղթելու ենք պատրաստվել, այլ պարտության… Մենք չհասկացանք, որ Արցախը մեր Եդեմն է, մեր դրախտավայրը՝ իր Դրախտիկ գյուղով, Խաչենի հովտով, աղբյուրներով ու անտառներով… Հադրութի բարբառով, որը մեզ մինչև Ս.Մաշտոց է հասցնում: Երևի նա էլ է առավոտյան արթնացել, արել իր աղոթքը, ապա նայել աղբյուրի ջրով լվացվող արցախցի մի գեղեցկուհու ու ասել. «Ճուրը զիրանով տվավ…»: Մեր դրախտավայր Արցախը, Գրիգոր Լուսավորչի հիմնած Ամարասը, մեր Շուշին… 123 բնակավայր, քանդված տներ, 123 լքված հայկական դպրոց ու նույնքան մանկապարտեզ, պղծված ու շնի փայ դարձած գերեզմաններ ու սրբություններ… Ամեն սիրտ չի դիմանա սրան…
Վերադարձի ճանապարհին թեքվեցին դեպի Քարվաճառ և հասան Ջերմաջուր: Հայկական շեներից մարդիկ լքում էին իրենց օջախները: Եղած-չեղածը անսիրտ ու անփութորեն լցնում էին բեռնատարները, կտրում հնամենի ընկուզենիներն ու վերջում կրակին տալիս իրենց տները, որ թուրքի բաժին չդառնան… Կա՞ավելի ծանր բան, քան սեփական ձեռքով ու սիրով կառուցած տունդ, որտեղ կինդ է հղացել քեզնից ու քո զավակներն են լույս աշխարհ եկել, առաջին քայլերն արել ու խաղացել, իրենք էլ սիրահարվել ու գիշերները գաղտագողի Տերյան ու Սևակ կարդացել, որտեղ տնական ճաշի ու նոր թխած լավաշի բուրմունքն է տարածվել, որտեղ մայրը բոլորից գաղտնի իր աղջկա համար օժիտ է հավաքել, այդ տունդ, որ օջախ է կոչվում, մի օր քո ձեռքով կրակին տաս, որ գարշելի թուրքը չգա և չպղծի: Հայի շենացրած ամեն մի օջախ մի Դադիվանք ու Ամարաս է: Շուշին ու Տիգրանակերտը հենց մենք ենք՝ մեր հոգին… Ո՞նց ապրես, երբ հոգիդ չկա…
– Միքայե՛լ, ախր ո՞նց ենք ապրելու… Ասա՛, Միքայել, մի բան ասա… Ո՞նց ենք ապրելու, – գրեթե լացակումած գոռաց Ավետիսը:
– Ապրելու ենք, Ավետիս: Պիտի ապրենք: Ոնց որ ապրեցինք 1915-ից հետո, 1921-ից հետո, 1988-ից հետո… 1915-ից ընդամենը երեք տարի անց Սարդարապատ եղավ ու պետություն կերտվեց: Պիտի ապրենք: Պիտի կռվենք ու պիտի հետ բերենք… Չգիտեմ ինչպես, բայց պիտի ապրենք: Քանի՜ զույգ աչք մեզ է նայում… Պիտի ծնողներիդ ու զավակներիդ աչքերին նայես ու պատասխաններ գտնես նրանց անգամ չարտասանված հարցերին… Պիտի ապրես, երբ անգամ ամեն ինչ կորցրել ես: Հոբի պես պիտի ապրես… Ի՜նչ հեղհեղուկ է երջանկությունը… Երեկ թվում էր, թե ամեն ինչ ունես, իսկ այսօր հասկանում ես, որ միանգամից այդ ամենը կարող ես կորցնել: Ինչու՞ չենք գնահատում մեր երջանկությունը, երբ այն ունենք: Ինչու՞ չենք պահում ատամներով ու կռիվ տալիս դրա դեմ ելած չարքերի դեմ: Ինչի՞ն ենք սպասում: Պատուհասի՞ն: Սառը ցնցուղի՞ն, թե՞ ապտակին: Երանի թե այս ապտակը ոչ թե սպանի մեզ, այլ խելքի բերի:
– Երանի, Միքայել, Երանի…
– Ի վերջո, ո՞վ ենք մենք: Ի՞նչ ենք ուզում: Ու՞ր ենք գնում… Ինչու՞ ենք շարունակ կույրի պես խարխափում…
– Երևի ամեն ինչի հիմքը մեր խորքային տգիտությունն է… Իսկ թե ինչն է դրա հիմքում՝ դժվարանում եմ ասել:
Մութ ճանապարհը Սոթքից իջնում էր դեպի Վարդենիս: Հետևում Արցախն էր, առջևում՝ անհայտությունն ու ամպամած գիշերով հեռավոր աստղի պես առկայծող հույսը:
53.
Եռաբլուրում ահագին մարդ կար: Կես ժամը մեկ երեք թաղում էր: Այսօր հողին կհանձնեն Սիմոնի աճյունը: Միքայելը քայլեց թարմ գերեզմանների արանքով: Ամեն գերեզմանից մի հերոս էր նայում նրան, օջախի մի ծուխ, ընտանիքի մի լույս, չկայացած մի սեր ու մի լավ ընտանիք… «Ալբերտ Արտակի Հովհաննիսյան, 2001-2020», – կարդաց Միքայելը, խոնարհվեց ու համբուրեց սառը քարը: Քիչ այն կողմ կանգնած վշտաբեկ մի մարդ նկատեց Միքայելին, մոտեցավ ու հարցրեց.
– Դուք որդուս ընկե՞րն էիք:
– Ավա՜ղ, – հառաչեց Միքայելը: – Պատիվ չեմ ունեցել Ձեր որդու ընկերը լինել: Բայց խոնարհվում եմ… Խաղաղություն Ձեր որդու շիրիմին, խաղաղություն մեր Հայոց աշխարհին… Խաղաղություն Ձեր և Ձեր տիկնոջ հոգիներին…
Միքայելի հայրը միայն գլխով արեց: Հետո կիսաձայն հարցրեց.
– Դուք զոհեր ունե՞ք:
– Ունեմ…
– Շա՞տ:
– Շա՜տ… 5.000 եղբայր ու որդի ունեմ զոհված…
– Ողորմի, եղբայր, բոլորին ողորմի… Լույս իջնի բոլորի շիրիմներին:
– Ներեք մեզ, տղերք, ներեք, որ դուք անմահացաք, իսկ մենք մնացինք…
Բաներ կան, որ պիտի անես: Պարզապես չես կարող չանել, ինչքան էլ ծանր և անտանելի լինեն: Պիտի անես ու շարունակես ապրել, կռվել, պայքարել և փորձել հաղթել:
Միքայելը լռելյայն սեղմեց Ալբերտի հոր ձեռքն ու քայլեց դեպի Սիմոնի վերջին հանգրվանը: Քահանան կարդաց իր աղոթքը ու «Ի վերին Երուսաղեմ» երգեց: Ցինկապատ դագաղն իջեցրին խոնավ փոսի մեջ: Հարազատները ձեռքով մի-մի բուռ հող լցրին: Հետո գործի անցան բահերով բանվորները: Միքայելը գրկեց Սպարտակի ուսը: Երկու ամսում ծերացած ու սպիտակած ընկերը, աչքերը՝ հողով լցվող փոսին, ասաց.
– Գիտե՞ս, հիմա ավելի հեշտ է: Ամեն բահ հողի հետ թեթևություն է իջնում վրաս: Կարծես որդուս հոգին հանգստացավ վերջապես: Ահավոր բան է սպասումը… Սպասումն ու անհայտությունը մարդուն ներսից են սպանում…
Պատվո պահակները համազարկ տվեցին: Մարդիկ սկսեցին ցրվել դեպի մեքենաները: Սպարտակը շնորհակալություն հայտնեց բոլորին իր ցավը կիսելու համար և հրաժեշտ տվեց: Ապա կրկին դիմեց Միքայելին.
– Սիմոնի տղային ե՛ս պիտի մեծացնեմ: Իմ անունն է կրում թոռս: Մեր մխիթարությունն է լինելու:
– Մխիթարիչն ու Ճշմարտության հոգին, – մեջբերեց Միքայելը:
Սպարտակը գրեթե ժպտաց.
– Շնորհակալ եմ բոլորիդ, որ ինձ հետ եղաք այս օրերին: Աստված ոչ մեկի առաջ չբերի այս ցավը: Որդի կորցնելուց ծանր բան չկա, Միքայել…
– Մխիթարվիր և քաջալերվիր, եղբայր: Որդիդ հերոսի մահով գնաց՝ մաքուր սրտով ու հոգով: Հիմա նա երկնային արքայության մեջ է: Թոռնիկդ էլ քեզ մխիթարություն և հույս կդառնա:
Գերեզմանների և Հայոց եռագույնների հետևում, մշուշի մեջ պատսպարվել էր Արարատը՝ հայության խորհրդանիշը, ցավերի լուռ վկան և ապագայի հույսը:
– Ներեք մեզ, տղերք, ներեք մեզ, որ դուք ընկաք, իսկ մենք ապրում ենք… Հազար վայ այսպես ապրելուն…
54.
Հանդիպեցին փողոցում: Որդին անշտապ քայլերով դասից տուն էր վերադառնում: Միքայելին, որը միշտ շատ արագ էր քայլում, դուր չէր գալիս որդու դանդաղկոտությունը: Հեռվից նայում էր մոտեցող որդուն ու այդ պահին գյուտ արեց. որդին դանդաղ է քայլում, բայց արագ է մտածում: «Դա, հաստատ, ավելի լավ է, քան հակառակը», – մտածեց Միքայելն ու ողջագուրվեց որդու հետ:
– Պապ, մազերդ սպիտակել են, – նկատեց տղան, երբ հայրը մի պահ հանեց գլխարկը:
– Ոչինչ, կներկեմ, – փորձեց կատակի տալ Միքայելը:
– Դե ճաշակով գույն կընտրես՝ կանաչ, նարնջագույն…
– Լավ, – ժպտաց Միքայելը: – Լսիր, ոտքերդ չե՞ն մրսում այդ կոշիկներով:
– Արդեն հարցրել էիր: Նորմալ է: Հիմա բավականին տաք է: Առջևում էլ գարունն է:
– Արևով մի խաբվիր: Դեռ ձմեռ է, փետրվար:
– Լավ է, Ինձ համար մի՛ անհանգստացիր:
– Ինչի կարիք ունե՞ս: Ձեռքիդ փող կա՞:
– Մի քիչ կա, բայց մարտի ութն է մոտենում:
– Հասկացա: Այս երկու օրը կտամ: Մի բան կուտե՞ս:
– Հիմա չեմ կարող: Պիտի տուն գնամ պարապեմ: Դասերս շատ են: – Տղան զգաց, որ հայրն այնքան դրամ չունի, որ դրսում հաց ուտեն:
Միքայելը գրկեց տղային, ու դարձյալ նույն լրջացնող ջերմությունն անցավ մարմնով: «Ինչքան է մեծացել, – մտածեց: – Այս անիծյալ պատերազմը երեխաներին միանգամից հասունացրեց: Չթողեց, որ վայելեն իրենց մանկությունը… Գրողի ծոցը գնա այս պատերազմը…»:
– Ե՞րբ էր, որ փոքրիկ տղա էիր: Քեզ գրկում ու ման էի ածում:
– Հա՜, լավ ժամանակներ էին, – ժպտաց տղան:
– Իսկ շուտով բանակ ես գնալու… Լսիր, ես մի որոշ ժամանակով բացակայելու եմ քաղաքից: Փողից բացի ինչ-որ բանի կարիք ունե՞ս:
– Չէ, պապ, ամեն ինչ նորմալ է:
– Լավ, դե քեզ լավ կնայես: Մամային ու քույրիկին էլ:
– Անպայման: Դու անհոգ եղիր:
– Երանի թե… Մարդ հոգս չունենար… Աշխատեր, ապրեր, այ այսպես իր որդու հետ շփվեր, լավ բաներից խոսեր… Ինչ-որ չի ստացվում:
– Ոչինչ, պապ: Դեռ ամեն ինչ լավ է լինելու: Հավատա ինձ:
– Դե որ ասում ես՝ իհարկե հավատում եմ:
– Բայց ես այնքա՜ն հարցեր ունեմ այս պատերազմի հետ կապված…
– Դա ավելի լավ է, քան բնավ հարցեր չունենալը, – հառաչեց Միքայելը:
– Կուզեի մի օր քննարկեինք միասին…
– Կքննարկենք, տղաս, անպայման կքննարկենք…
Միքայելը գրկախառնվեց որդու հետ, որն արդեն իրենից բարձր էր: Հետո նայեց որդու աչքերին ու դանդաղ ասաց.
– Ներիր ինձ, խնդրում եմ… Ներիր ինձ…
– Ինչի՞ համար, – զարմացավ տղան:
– Ես չհասցրեցի… Պարզապես չհասցրեցի… – ասաց Միքայելը, շրջվեց ու քայլեց հակառակ ուղղությամբ:
«Տուն կառուցել եմ, ծառ տնկել եմ, որդի ունեցել եմ, – մտքում տխուր խոստովանեց Միքայելը: – Կարելի է ասել, որ իմ առաքելությունն այս կյանքում արել եմ… Անհեթեթություն…»: Հետո ինքն իր մեջ գոռաց՝ «Հիմա՜ր, ամբարտավան հիմա՜ր… Դեռ պիտի կռվես, տունդ պաշտպանես, ծառդ ջրես ու փայփայես ու ոտքի կանգնեցնես որդիներիդ: Մի՞թե կարծում էիր, թե կարող ես վաստակած հանգստի անցնել ու Բախի երաժշտությունը վայելել… Գնա՛, փրկիր տունդ, ծառդ և որդիներիդ»:
Մայրաքաղաքում ամենուր հանրահավաքներ էին: Փետրվարյան երկնքում շողում էր լուսնի պես դժխեմ ու սառն արևը:
55.
Դարձյալ հանդիպեցին ու դարձյալ աստիճանավանդակի վրա: Այնպիսի տպավորություն էր, որ հարևանուհին անգամ փողոց դուրս չի գալիս:
Միքայելն, առանց պատասխան բարևի ակնկալիքի, բարևեց և բացեց իր տան դուռը: Այդ պահին հարևանուհին ասաց.
– Ձեզ մի բան հարցնեմ, եթե հարմար է:
Միքայելը շրջվեց դեպի կինը:
– Հարցրեք, իհարկե:
– Դուք կիմանաք՝ սահմաններն արդեն բա՞ց են: Կարո՞ղ ենք այս երկրից վերջապես մեկնել: Այստեղ ոչ կյանք կա, ոչ էլ ապագա: Միայն մեկնելը կփրկի:
– Ուզում էիք ասել՝ «Գաղթե՞լ», – չդիմացավ Միքայելը:
– Ինչ ուզում եք ասեք: Այո, ես կգաղթեմ: Տղայիս կվերցնեմ ու կգաղթեմ: Կյանքը մեկ անգամ է տրվում, և մենք պարտավոր չենք այս աղբի ու կեղտի մեջ ապրել այդ միակ կյանքը:
Միքայելը նայեց հարևանուհու աչքերին. այնքան մաղձ ու ատելություն կար այդ կնոջ հայացքում: Բայց Միքայելը նաև վախ նկատեց:
– Միքայել, Դուք լավ մարդ եք: Դուք էլ գնացեք: Մեղկ են Ձեր զավակները: Եվ Դուք էլ եք մեղկ: Դուք լավ կյանքի եք արժանի…
Միքայելը շարունակում էր ակնդետ նայել հարևանուհու աչքերին: Մի քանի պահ անց ասաց.
– Գաղթեք, եթե ուզում եք գաղթական լինել: Ես մնում եմ: Ես ապրելու եմ, կռվելու եմ և հաղթելու եմ: Որդուս կողքին, ընկերներիս կողքին: Հանուն Եռաբլուրում ննջող մեր հերոս տղաների, հանուն իմ զավակների, հանուն Ձեզ և Ձեր որդու, հանուն Արարատ սարի…
– Ինչպես կուզեք… Ես Ձեր լավն էի ուզում… Երբ այս երկիրը նորմալ ու խելքը գլխին երկիր դառնա՝ կվերադառնանք:
– Չի՛ դառնա: Երկիրն ինքն իրեն նորմալ ու խելքը գլխին երկիր չի դառնում: Նորմալ ու խելքը գլխին երկիր այդ երկրում ապրող մարդիկ են սարքում՝ օր-օրի, քարը քարի վրա դնելով, ծառ տնկելով ու խնամելով, ամուսնանալով ու երեխաներ ունենալով, երեխաներին հայ դաստիարակելով ու հպարտանալով, որ իրենց երեխաները հայոց բանակում են ծառայում:
– Ի՞նչ ասեմ, մնացեք ու արեք: Դուք ինձ դատելու իրավունք չունեք:
– Յուրաքանչյուրին իրենը, – ասաց Միքայելն ու փակեց դուռը:
56.
Ամեն ինչ իր ժամանակն ունի: «Կա քարերը նետելու ժամանակ և կա քարերը հավաքելու ժամանակ»: Միքայելը զգաց, որ պետք է վերջակետ դնել ու մաքրել հաշիվները: Այն, ինչ ունի սկիզբ, պետք է նաև վերջ ունենա: Ձեռքն առավ հեռախոսը, գտավ Էլիզայի էջն ու գրեց.
«Բարև: Շնորհավորում եմ անցած տարեդարձդ և ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել»:
Էլիզան գրեթե անմիջապես պատասխանեց.
«Բարև: Շնորհակալություն: Բայց ինչի՞ համար ես դու՛ ինձ շնորհակալություն հայտնում»:
«Դու ինձ շատ լավ բաներ ես տվել»:
«Դու էլ ինձ…»
«Երջանիկ եղիր: Դու արժանի ես երջանկության»:
«Դու էլ… Դու հրաշալի մարդ ես… Եվ կներես, եթե ցավացրել եմ քեզ»:
«Անհոգ եղիր: Ամեն ինչ նորմալ է»:
«Դու լա՞վ ես: Չնայած այս ամենից հետո այս հարցն անիմաստ է հնչում»:
«Փորձում եմ: Պետք է ապրել: Հանուն զավակների, հանուն ամեն ինչի և ի հեճուկս բոլոր պատերազմների պետք է ապրել»:
«Դու ճիշտ ես: Երջանիկ եղիր»:
«Դու էլ…»
Միքայելը ցած դրեց հեռախոսը, մոտեցավ դաշնամուրին ու բացեց կափարիչը: Շոյելով անցավ ստեղների վրայով և գրեթե անձայն վերցրեց երկրորդ օկտավայի Մի հնչյունը… Միայն այդքանը: Ապա փակեց կափարիչն ու նայեց դաշնամուրի վերևում կախված սևուսպիտակ լուսանկարին: Գրեթե ժպտաց ու ինքն իրեն ասաց. «Քարերը հավաքելու ժամանակն է, Միքայել»:
57.
«Ես 42 տարեկան եմ, ալեխառն մազերով, աչքերումս` փայլ, հայացքումս` հանդարտություն, վստահություն, հոգնություն: Ժպիտ է սառել դեմքիս:
Մայրամուտ է: Գյուղը ծխում է: Հրդեհներն արդեն մարել են: Բնակիչներից ոչ ոք չկա, միայն մեր դիվերսիոն-հետախուզական դասակի տղաներն են անշտապ չափչփում գյուղի փոշոտ փողոցները: Ես զրահաբաճկոնով եմ, առանց գլխարկի, զինվորական ճտքակոշիկներով, ինքնաձիգը` կրծքիցս կախ, ձեռքերս` վրան: Քայլում եմ վերջին տան մոտով ու նայում ինչ-որ անորոշ տեղ: Ժպիտ է սառել դեմքիս: Ես 42 տարեկան եմ, ալեխառն մազերով, աչքերումս` փայլ, հայացքումս` հանդարտություն, վստահություն, հոգնություն…
Ինձ համար ամեն ինչ ավարտված է: Ջահելությունս անցած է, սերերս չկան՝ ուրիշների կանայք են վաղուց… Չկա ֆիզիկան, և միայն կարոտն է մնացել: Սեպտեմբերյան արևով ողողված լսարանները և բարձրագույն մաթեմատիկայի առաջին դասը… Ոչ ոք չգիտի իմ մասին այնտեղ` Երկրում: Դասակի տղաներն էլ իմ իսկական անունը չգիտեն: Ջահելներն «Ամի» են ասում, ավելի մեծերը՝ «Ամիգո», որն իմ մարտական ծածկանունն է:
Ոչ ոք չի սպասում ինձ: Հայրս և սիրելի մայրս երևի չկան արդեն: Հարազատներիս համար ես մանկության մի հուշ եմ, որը հաճախ կորչում է առօրյա հոգսերի մշուշում: Նամակ վերջին տարում չեմ ստացել և ինքս էլ չեմ գրում: Ումի՞ց, ու՞մ… Մի աղջիկ կար, որին այստեղ մեկնելուցս առաջ նվիրեցի թալիսմանս… Բայց ի՞նչ գրեմ նրան… Գրելու բան էլ չկա…
Գարունը տաք՝ քո կրծքի տակ…
Ես 42 տարեկան եմ, ալեխառն մազերով, աչքերումս` փայլ, հայացքումս` հանդարտություն, վստահություն, հոգնություն:
Ժպիտ է սառել դեմքիս…»
58.
Երևանում ձյուն էր տեղում: Գիշերն էր սկսել ու արդեն ահագին նստել էր:
Աղջիկը զգուշորեն անցավ ճեմուղով, նստարանին դրեց դպրոցական ուսապարկը, կռացավ ու խանդաղատանքով ձեռքերի մեջ առավ ճերմակ ձյունը: Մի ձնագնդի սարքեց ու նետեց: Հետո մյուսը… Այդ պահին նրա հասակակից մի տղա հայտնվեց, ինքն էլ մի ձնագնդի սարքեց ու գնդակի պես նետեց աղջկան: Աղջիկը զրնգուն ձայնով ծիծաղեց ու ընդունեց մարտահրավերը: Ծնողները պատուհաններից նայում էին իրենց անհոգ երեխաներին ու ժպտում: Հետո երեխաները հոգնեցին ու, առանց իրար հրաժեշտ տալու, ցրվեցին տներով՝ տաք ճաշ ուտելու, հանգստանալու և դասերը սովորելու:
Շենքերից անդին փայլում էր Արարատը՝ մեր անհաս փառքի, ցավերի ու հույսերի լուռ մարմնացումը:
ՎԵՐՋ