Վագր նկարելու արվեստը

Ես վագր նկարող եմ: Դա իմ մասնագիտությունը չէ, որովհետև դրա վարձատրությունը նյութական չէ: Եվ արհեստ էլ չէ, քանզի ես դա միայն մի անգամ եմ անելու և երբեք չեմ կրկնելու: Ուրեմն` դա արվեստ է, քանի որ ես ոչ այլ ինչ եմ, եթե ոչ մի հայելի, որի մեջ պիտի բյուրեղանա Տիեզերքում սփռված անսկիզբ ու անվերջ Քաոսը:

Այո, ես արվեստագետ եմ և, ինչպես բոլոր արվեստագետները, ես էլ ունեմ ինձ բացահայտելու նախընտրած ձևն ու մոտեցումը: Նախ ես ինձ ենթարկում եմ Ֆուրիե ձևափոխության` ստանալով Տիեզերքի բոլոր պատկերները` ցրված Լույսի ու Ստվերի բազմությունների մեջ: Այսպիսով իմ ներքին յուրաքանչյուր հարմոնիկին համապատասխանության մեջ եմ դնում Տիեզերքի լոկ մի պատկեր, բայց քանի որ ես, որպես իդեալական հայելի, արտացոլում եմ Տիեզերքն իր բոլոր մանրամասներով և գերնուրբ երանգներով, իմ ստեղծագործությունը զննող յուրաքանչյուր ոք կարող է նայել և տեսնել ի՛ր Տիեզերքը` ալֆայից մինչև օմեղա:

Որպես նյութ ես ընտրել եմ Լույսն ու Ստվերը, ուստի ակնհայտ է, որ հետադարձ արտացոլման համար պետք է համապատասխան անցում կատարել այնպես, որ լրացվի սևի ու սպիտակի միջև ընկած լուսային ամբողջ գամման: Եվ քանի որ թե՛ իմ տիեզերքը, թե՛ նկարվելիք վագրը փակ համապարփակ բազմություններ են, կասկածից վեր է, որ լիովին համապատասխանում են մեկը մյուսին:

Ես վերցնում եմ ածխացած փայտի կտորը և փակվում ճերմակ պատերով, առաստաղով ու հատակով սենյակում, որից այլևս դուրս չեմ ելնելու, քանի որ մինչ այսօր ես կոփել եմ սիրտս, հոգիս, միտքս ու մկաններս` պատրաստվելով վագր նկարելուն, և այս րոպեից սկսած նյութականացնելու եմ իմ կոչումը և նկարելու եմ իմ տիեզերական վագրը:

* * *

Նախ բնազդով, որ դեռ ինչ-որ տեղ նստած է մեջս, ես սպիտակափառ առաստաղի վրա գտա այն կուսական ակունքը, որը համապատասխանում է Տիեզերքի բևեռին: Ածուխը սեղմեցի այդ կետին և, պտտեցնելով ճերմակ առաստաղի, պատերի և հատակի վրայով, բերեցի-միացրեցի առաստաղի սկզբնակետին` ստանալով փակ օղակ: Սա եղավ այն հիմնական հաճախությունը, որը Տիեզերքի` առաջին հայացքից անընդհատ ու միասնական ռիթմի մեջ համապատասխանում է մոդուլացնող, այն է` տանող հաճախությանը: Համաշխարհային Քաոսի սիմֆոնիայի մեջ սա խմբավարի փայտիկի տատանումներն ընդօրինակող այն զարկերակն է, որի ալիքների վրա, ինչպես մկանները կմախքի վրա, միահյուսվում ու հավաքվում են մյուս բոլոր հարմոնիկները` կազմելով Տիեզերքի համաչափությունը, միասնությունը և կատարելությունը: Այս հիմնական օղակի հեզաճկուն գալարները ճերմակ պատերի վրա իմ հոգու տատանումների արձագանքն են երկչափ տարածության մեջ:

Հիմնական հարմոնիկը նկարելուց հետո ես անցա մյուս հաճախությունների արտապատկերմանը: Այն զուգամետ բազմությունից, որը ես ստացել էի Տիեզերքը որպես իր բոլոր պատկերները միավորող մի անվերջ շարք ներկայացնելով, ես հերթով հավաքեցի ամենակարևոր գծերը և դրանք արտացոլեցի ճերմակ առաստաղի, պատերի և հատակի վրա: Քայլ առ քայլ սկսեց ամբողջանալ վագրի պատկերը: Ես չարհամարհեցի տիեզերական անդաստաններում սփռված և ոչ մի հաճախություն: Եվ աստիճանաբար այդ համբերատար գծերի լաբիրինթոսը, որի մեջ պատկերված են Տիեզերքի բոլոր լեռներն ու մարդիկ ու աչքերը ու ձիերը ու ծովերը ու երգերը ու խաղերը ու նշանները, վերածվեց սևուսպիտակ վագրի` ամփոփված վեց ճերմակ հարթությունների մեջ: Բուրգ կառուցող եգիպտացու եռանդով, ճգնավոր մանրանկարչի բծախնդրությամբ ու ծաղկողի նրբագեղ ձեռքով ես փոխանցեցի տիեզերական անվերջությունների նրբին հյուսերը իմ վեցանիստ կտավի ճերմակ դաշտերին:

* * *

Երբ դրեցի վերջին շտրիխը` խոր շունչ քաշեցի և ծխեցի: (Ես շատ եմ սիրում ծխել, շա՜տ…): Ծխի քուլաները ցրվեցին ճերմակ առաստաղի, պատերի ու հատակի վրա ու ձուլվեցին իմ նկարած վագրի սևուսպիտակ բծերին: Հետո բացեցի սենյակիս դուռը, որ մարդիկ գան ու տեսնեն այս հրաշալի գործը, որի վրա կյանքս եմ սպառել: Ու թեև շատերին կանչեցի` քչերը եկան: Ու նրանցից է՛լ ավելի քչերը նայեցին ու տեսան իմ նկարած վագրը: Ու է՛լ ավելի քչերը այդ հայելում տեսան Տիեզերքի անվերջ բազմությունները: Ու, երբ վերջին այցելուն դուրս եկավ, ես անձայն ծածկեցի դուռը ու նույնչափ անձայն ձուլվեցի իմ նկարած վագրի սևուսպիտակ Տիեզերքին…