Աղջիկն ու Ծիրանենին

Սիրում եմ ես այս այգին: Երբ փոքրիկ աղջնակ էի` պապիկս հաճախ էր ինձ բերում այստեղ: Պապիկիս մեծ ու տաք ձեռքը բռնած` ես զբոսնում էի ծառերի տակ ու լսում նրա հեքիաթները: Հետո ես ու պապիկս բռնոցի էինք խաղում ու պտտվում այս մեծ Ծիրանենու շուրջը: Այդ պահին իմ փոքրիկ փափուկ մատները սահում-անցնում էին նրա կեղևի վրայով, իսկ մազերս քսվում-շոյվում էին նրա կախված ճյուղերին:

Երբ պապիկս արդեն չկար, քայլերս հաճախ էին ինձ բերում այստեղ: Ես նստում էի մեծ Ծիրանենու տակ ու հիշում պապիկիս ու իմ բռնոցին: Ու թափված ոսկեզօծ ու ծիրանագույն տերևների տակ ես իմ ու նրա ոտնահետքերն էի փնտրում: Իսկ ծառի սոսափյունը մանկությանս բազմագույն հեքիաթներն էր պատմում: Պապիկս ասում էր, որ ժամանակին այս ծառին Կոմիտաս Վարդապետն է կռթնել ու երգել Սոնա-յարի սերը… Այս սոսափյունն էլ ասես նրա ծորացող երգը լինի:

Վերջերս հաճախ եմ գալիս այստեղ: Երբ հոգնում եմ քաղաքի փոշոտ փողոցներից, հոգիս փնտրում է Ծիրանենու հոգեպարար սոսափյունը, ու սիրտս խլրտում է նրա կանչող ծփանքով…

* * *

…Հիմա նորից այստեղ եմ: Հենվել եմ ծառին, ու շուրջբոլորս ամեն ինչ մանկությանս հեքիաթներով է հարբած: Կարծես ես էլ հարբած լինեմ Ծիրանենուց ճառագող ոսկեգույն բուրմունքով: Շա՜տ տարիներ առաջ այս նույն ծառին Կոմիտաս Վարդապետն է կռթնել ու կանչել` Սոնա-յար, Սոնա-յար…Ու երևի հարբել է ծառը այդ կարոտի երգով ու Սոնա-յարի գեղեցկությամբ: Ու դաղ է ընկել նրա ջանը: Կեղևի վրայով ծորացած խեժն էլ երևի նրա կարոտի արցունքներն են ու սիրո պտուղները: Ես փակում եմ աչքերս ու համբուրում այդ մեղրահամ կաթիլները: Սրտիս միջով մի ջերմ քամի է անցնում: Հոլանի մատներովս գրկում եմ պիրկ բունը ու լիզում սաթահոտ խեժը: Լեզվիս ծայրով խաղում եմ այդ կաթիլի հետ ու պատռում նրա չորացած թաղանթը: Ու ներսի թաց խեժը հոսում է լեզվիս ու շուրթերիս վրայով: Ես կուլ եմ տալիս այդ տաք կաթիլը ու մի քաղցր դող է համակում մարմինս: Իսկ Ծիրանենին մեղմաձայն երգում է ականջիս տակ.

Ես մի չոր ծառ էի, դու գարնան արև,
Քո սիրով ծաղկեցավ իմ ճյուղն ու տերև,
Վայ-վայ-վայ վառվում եմ…

Չընկնելու համար ես գրկում եմ Ծիրանենու ձիգ ու ամուր բունը ու ծարավ մարմնովս փարվում նրան: Մի ամսահման ջերմություն ու ուժ է հառնում նրանից: Ասես կենդանի մարմին լինի նա, ու հիմա որ թե ես եմ լեզվով ու մատներով խաղում նրա մեղրահոտ ու սաթահամ կեղևի հետ, այլ ծառի խեժածոր ճեղքն է գրկել ու համբուրում շուրթերս: Ծիրանենու երգով հարբած` ես պատռում-հանում եմ շորերս ու ոտքերով փաթաթվում նրա տաք բնին, որին ժամանակին Կոմիտաս վարդապետն է կռթնել ու երգել Սոնա-յարի սերը… Խեժի կաթիլից ծնված ալիքն արդեն փոթորիկ է ծնում իմ մեջ, ու ես վառվում եմ այդ փոթորկի հրով: Նրա ալիքների ծփանքն անցնում է ինձ, ու մարմինս սկսում է ծառի վրա պար գալ` կրկնելով այդ կախարդական ծփանքի վայրի ռիթմը: Իսկ փոթորիկը գնալով ահագնանում է, և դրա հետ մեկտեղ մարմնիս հևացող պարն է ծառս գալիս Ծիրանենու վրա ու թացանում նրա շաղով… Ներսովս ասես խեժի բորբ լավա է հոսում: Ու իմ ակունքն էլ ծորում է խեժով: Ես ավելի սիրով եմ մերձենում Ծիրանենուն ու իմ երջանկության կարմիրը ներկում է մայր հողից ելնող հրա հզոր բունը: Ու բար է տալիս Ծիրանենին, Ճղներն է իրար տալիս… Եվ այդ պահին, երբ ծառից ինձ անցած տենդը իններորդ ալիքն է ծնում, պատռվում է նրա հևացող կեղևը, ու իմ ներսում հրաբուխ է ժայթքում մեղրահոտ խեժով…

* * *

Սիրում եմ ես այս այգին: Երբ փոքրիկ աղջնակ էի` պապիկս հաճախ էր ինձ բերում այստեղ: Հիմա պապիկս չկա, ու ես մենակ եմ գալիս: Ու, երբ նստում եմ Ծիրանենու տակ, մի ջերմ անդորր եմ զգում սրտիս մեջ ու մի խլրտոց եմ լսում որովայնիս խորքում, որ քամու պես արձագանքում է մարմնովս մեկ: Այդ պահին ծառի ճյուղերը, քամու սոսափյունով մկրտված, իջնում են վրաս ու բար անում հոգիս: Ու ականջովս ծորում է Ծիրանենու սիրո երգը.

Արև դիպավ Մասիս սարին,
Կարոտ մնացի ես իմ յարին…

Ասում են` ժամանակին Կոմիտաս Վարդապետն է կռթնել այս ծառին ու երգել Սոնա-յարի սերը…