Լեդան և Կարապը

Լեդան դուրս եկավ զբոսնելու, ու մի նոր քամի մտավ նրա սիրտը: Նա այլևս չվերադարձավ ծնողների մոտ: Անցավ կապույտ արահետի ծառերի տակով, ու Ափրոդիտեն ելավ նրա դեմ.

– Դու ի՞նչ ես փնտրում, կաթնաբույր աղջիկ…
– Օ՜, ես չգիտեմ, սեգ աստվածուհի…
Այսօր նոր քամի խաղաց իմ սրտում,
Ու կարծես մի բան պակաս է իմ մեջ…
Ասա՛ ինձ, դա ի՞նչ է, աղերսում եմ քեզ…
– Ես դա չգիտեմ, կաթնաբույր աղջիկ,
Բայց կտամ քեզ այն, ինչ կարող եմ տալ.
Երկնքի ծնունդ մարմինը իմ տաք`
Ձյունափայլ մաշկիս շաղերով ցողված…

Լեդան շարունակեց ճամփան կապույտ արահետի ծառերի տակով, ու հեռվից Թավջութակի սիրո երգը հասավ նրան.

– Դու ի՞նչ ես փնտրում, կաթնաբույր աղջիկ…
– Օ՜, չքնաղ գործիք, ես դա չգիտեմ…
Այսօր նոր քամի խաղաց իմ սրտում,
Ու կարծես մի բան պակաս է իմ մեջ…
Ասա՛ ինձ, դա ի՞նչ է, աղերսում եմ քեզ…
– Ես քեզ չե՛մ ասի, ինքդ կգտնես,
Բայց կտամ քեզ այն, ինչ կարող եմ տալ.
Գգվող լարերիս դողերոցքը տոթ…
Ցանի՛ր դա մոլի բջջիջներիդ մեջ,
Որ քո փնտրածը բողբոջներ բղխի…

Լեդան շարունակեց ճամփան կապույտ արահետի ծառերի տակով ու հասավ ծիծաղածուփ լճակին: Ալյակները խայտացին, ու Կարապը լողաց դեպի ափը.

– Դու ի՞նչ ես փնտրում, կաթնաբույր աղջիկ…
– Ես դա չգիտեմ, գեղանի Կարապ…
Այսօր նոր քամի խաղաց իմ սրտում,
Ինձ Ափրոդիտեն մարմինն իր տվեց,
Թավջութակն էլ իր դողէրոցքը տապ,
Բայց մի խենթ կրակ տոչորում է ինձ,
Ու կարծես մի բան պակաս է իմ մեջ…
Օգնի՜ր ինձ, Կարապ, աղերսում եմ քեզ…
– Օ՜, իմ հեք աղջիկ, դու ին՛ձ ես փնտրել,
Ուստի ես հիմա մկրտում եմ քեզ
Ծով ծաղիկների ծոփքով խուռներամ,
Սուրբ սոսիների սոսափյունով սարթ,
Երկինքներից կախ կապույտով կախարդ,
Աղբյուրների ջինջ ջրով պղպջուն,
Ափրոդիտեի փոթորկով փափագ
Եվ Թավջութակի թրթռոցով թեժ…

Կարապն առավ Լեդային իր քնքուշ թևերի մեջ ու գրկեց նրա քրքումնաթույր և կաթնահամ մարմինը իր ողջ ուժով: Ու Լեդայի սրտում խլրտացող անծանոթ քամին դուրս ժայթքեց այրվող շուրթերից.

– Ասա՛ ինձ, Կարապ, քնքուշ հրեշտակ,
Այդ ի՞նչ քամի էր մարմինն իմ կապել,
Այդ ի՞նչ կրակ էր սրտումս մխում…
Ինչու՞ եմ հիմա այսքան երջանիկ…
– Օ ՜, թովիչ աղջիկ, դու լցրիր այսօր
Պակասը միջիդ հաշիշով կապույտ,
Խենթ քամին ցրեց սպասումներդ սին,
Եվ փթթինազարդ ծաղիկների տակ
Ծարավ մարմինդ սիրով խնկարկվեց…