Բարու և չարի մասին

Բարին և չարը դուք եք ստեղծում: Ասացեք ինձ՝ բարի՞ է այն ծառը, որ ձեզ գուրգուրում է իր շվաքում ամռան տապին և իր պտուղներից հրամցնում աշնանը: Իսկ եթե նրանից խաչ տաշեն ձեզ խաչելու համա՞ր… Ի՞նչ պիտի ասեք այդ ծառի մասին՝ նա բարի՞ է, թե՞ չար: Ահա և ասում եմ ձեզ՝ բարին կամ չարը դուք եք ստեղծում:

Մարդիկ սիրում են անուններ տալ՝ փորձելով իրենց համար բացատրել երևույթները: Հեռու մնացեք այդ մոլորությունից: Ծառը ծառ է, և նրան խորթ են նման որակումները: Ոգու ստեղծածը չի կարող չար լինել: Դա մարդկային մտքերն են չար դարձնում: Նույնպես և բարու համար կասեմ՝ ո՞վ է այն արդարամիտ դատավորը, որը կասի, թե ինչն է բարի: Եվ ինձ էլ բարի մի՛ կարծեք, քանզի ես ձեզ կռիվ ու հոգու փորձություն եմ բերում: Կրակ եմ բերում, որից շատերդ պիտի այրվեք, իսկ քչերդ՝ մաքրվեք: Ոսկին կմաքրվի, իսկ խարամը կկորչի-կգնա:

Ուրեմն՝ ոչ կեղծ կուռքեր ստեղծեք և ոչ էլ անուններ մոգոնեք դրանց համար: Կռվե՛ք ձեր չար սրտերի դեմ, կռվե՛ք ձեր գայթակղությունների դեմ, կռվե՛ք ձեր փոքրոգությունների դեմ: Այդ կռիվը հաստատ բարի է:

Ու թող քար դառնան չար սրտերը, որոնք ընդունակ չեն բարին ստեղծելու:

 

Առակ
[Մեծ քաղաքի մասին]

Մի անգամ աստվածները երկնքից խնձորի երեք կորիզ նետեցին ցած: Առաջին երկուսի ճակատագիրն անհայտ է, իսկ երրորդն ընկավ մի անծայրածիր տափաստանի կենտրոնում: Նա կլանեց արևի ջերմությունը, հողի ուժը, ջրի զովքը ու ծիլ տվեց: Շուտով այդ կորիզը փոքրիկ մի ծառ դարձավ: Հասակ առավ, ձգվեց վեր ու տարածեց սաղարթները դեպի արևելք ու արևմուտք, հյուսիս ու հարավ:

Ամռանը նրա ճյուղերին հուրհրատեցին ոսկեգույն պտուղները: Հեռվից անցնող ճամփորդը ծռեց իր ճամփան, ու խնձորենու կողքով մի արահետ ձգվեց: Հետո այդ արահետը լայնացավ ու ճամփա դարձավ: Այդ փոշոտ ճանապարհի վրա իր բախտը որոնող մի թափառաշրջիկ, երբ տեսավ բոցավառվող խնձորենին, հասկացավ, որ գտել է իր բախտը ու տուն կառուցեց ծառի կողքին: Քիչ ժամանակ անց ուրիշ բախտախնդիրներ էլ վերջակետդրեցին իրենց որոնումներին, տներ շարեցին խնձորենու շուրջբոլորը, կանայք առան ու երեխաներ ունեցան: Հետո նրանք մեհյան կառուցեցին ու աստվածներին ոսկեգույն խնձորներ զոհաբերեցին:

Երբ երեխաները մեծացան, մարդիկ դպրոց շինեցին, որ երեխաները հաղորդակից լինեն աստվածային իմաստությանը: Հետո այդ երեխաները առնականացան ու աղոթքով դիմեցին աստվածներին ու խնձորենու տակով երկաթգիծ անցկացրին: Ապա խանութներ բացեցին, գործարաններ ու համալսարաններ, պողոտաներ ու հրապարակներ փռեցին: Զորանոցներ, գրադարաններ, դպրոցներ, գերեզմանատներ, դատարաններ, նախարարություններ, ճաշարաններ ու խաղատներ հորինեցին: Երկնաքերներ կառուցեցին ու տիեզերանավեր մոգոնեցին: Փորփրեցին գիտությունն ու արվեստը ու փորձեցին իրենց իմաստությունը ստեղծել: Պոռնկանոց հիմնեցին խնձորենու ու մեհյանի հարևանությամբ ու անվանեցին իրենց քաղաքը Մեծ Քաղաք:

Հետո մարդիկ կտրեցին խնձորենին ու նրա փոխարեն քարե աշտարակ սկսեցին կառուցել:

Ու մոռացան աստվածներին ու կարծեցին, թե հենց իրենք են աստվածները:

Թախծեցին աստվածները, ու վերացավ նրանց օրհնանքը քաղաքի վրայից, ու բազմալեզու դարձան մարդիկ: Հետո պոռնկանոցը տիրեց քաղաքին, ու պոռնիկները սկսեցին իշխել մեհյանում քրմերի փոխարեն: Հետո նրանք մտան զորանոցներ, գրադարաններ, գերեզմանատներ, դատարաններ, նախարարություններ, սրճարաններ, խաղատներ ու գրավեցին քաղաքը:

Ու լռեցին երգերը, ճահճացան գիտությունն ու արվեստը, երկնքի սև խոռոչներում կորան տիեզերանավերը: Չորացան հրապարակների շատրվանները, ու փոշիացան ծաղիկները: Կանգնեցին գործարանները, փակվեցին խանութները, ամայացան համալսարանները: Երկաթգիծը ժանգոտվեց և խառնվեց հողին: Մարդիկ օտարացան աստվածային իմաստությանը ու քանդեցին դպրոցի պատերը, որ այդ քարերով շարունակեն աշտարակի կիսատ մնացած շինարարությունը:

Մեհյանում հարբեցին պոռնիկները, ու մամռակալեցին մեհյանի քարե աստիճանները: Հետո տները սկսեցին փլվել, ու մարդիկ կամաց-կամաց լքեցին քաղաքը՝ նոր դեգերումներին տրվելով: Վերջում քաղաքում մնաց միայն մի մարդ: Նա էլ վերցրեց թափառաշրջիկի ցուպն ու գնաց իր բախտը որոնելու: Արահետ դարձած ճանապարհը ծածկվեց խոտով ու կորավ տեսադաշտից: Աստվածները հողմեր ու քամի բերեցին ու ավազի ու փոշու տակ թաղեցին Մեծ քաղաքի ամոթալի ավերակները: Ու ամեն ինչ, որ հողից էր սերել, վերածվեց հողի…

Աստվածները երկնքից խնձորի երեք կորիզ նետեցին ցած: Մեկը՝ պատմողին, մյուսը՝ լսողին, իսկ երրորդն ընկավ մի անծայրածիր տափաստանի կենտրոնում…