Ժամը և ժամանակը հաշվելու մասին

Սրանք իրո՞ք ձեզ պետք են: Այդ ո՞ր ժամանակը պիտի չափեք: Ձեր ապրած օրե՞րը: Դա դուք արդեն գիտեք: Ձեր ապրելի՞ք օրերը: Այդ մեկը դուք երբեք չեք կարող իմանալ: Դրա համար էլ ասում եմ ձեզ՝ պարզապես ապրեք: Ապրեք և վայելեք ամեն մի օրը, որը Ճշմարտության Հոգին նվիրել է ձեզ: Հաշվելու պարտականությունը թողեք նրան: Նա հաստա՛տ ավելի ճշգրիտ է հաշվում: Իսկ ձեզ ժամացույց հաստատ պետք չէ: Երբ մայր կմտնի արևը, կգա գիշերը, իսկ դրան կհաջորդի վաղորդայնը՝ իմացեք, որ նոր օր է սկսում ձեզ համար:

Ուրեմն, այն իմացությամբ ապրեք, թե աշխարհը հատուկ ձեզ համար է պտտվում, և աստղերն ու արեգակը հատուկ ձեզ համար են ծագում: Բաց մի՛ թողեք պահը: Իսկ հետո, երբ տերևները կդեղնեն ու կթափվեն, ձյուներ կգան ու կհալվեն, և մեր սիրելի ծառերը կրկին կանաչ կհագնեն, ու կերգեն առվակները, իմացեք, որ մեկ տարի էլ գլորվեց: Թող բարի ու ամփոփ լինեն այդ մեկ տարին և դրա բոլոր օրերը, որ ձեր կյանքի օրերն են: Նայեք ծառերին. մի՞թե նրանք հաշվում են ժամերը կամ օրերը: Եվ դա նրանց չի խանգարում ապրել և վայելել կյանքը: Ուստի, մի՛ վատնեք ձեր հոգու և մտքի զորությունը նման անհեթեթության վրա:

Մեծագույն գայթակղություն է ժամանակն անիմաստ հաշվելը: Իսկ ամեն մի գայթակղություն չարից է: Միայն ասացեք՝ մեկ օր անցավ կամ մեկ տարի գլորվեց: Նմանվեք իմաստուն ծառերին: Նրանց բների մեջ էլ է գրված իրենց տարիքը, բայց դա իրենք չեն տեսնում, այլ միայն նրանց հատող փայտահատը:

Ցավալի է, որ դուք ժամանակ ունեք ամեն ինչի համար, բայց ժամանակ չեք գտնում Նրա համար, ով ձեզ տվել է այդ ժամանակը… Իմացե՛ք, որ ձեզ ճիշտ այնքան ժամանակ է հատկացված, որ կատարեք ձեր կյանքի առաքելությունը: Ո՛չ ավել և ո՛չ էլ պակաս: Տեղավորվե՛ք ձեր ժամանակի մեջ և ավելին մի՛ պահանջեք, քանի որ դուք չեք դրա տերը: