Օվկիանոսի խորքում թաքնված կղզու մասին

Նա սպասում է ձեզ: Միայն թե չփորձեք այնտեղ կրկին մարդկանց փնտրել, որովհետև շատ շուտով կհայտնվեք այն վիճակում, որից փախել եք և կկորցնեք այդքան բաղձալի մենությունը: Բայց մինչև ճամփա ընկնելը մի պահ նստեք, մաքրեք ուղեղներդ ձեզ կեղեքող մտքերից ու փորձեք մի պարզ հարցի պատասխանել՝ դուք պատրա՞ստ եք հեռանալ մարդկանցից: Այն մարդկանցից, որոնք, ըստ ձեզ, ձեր բոլոր մեղքերի ու տառապանքների պատճառն են եղել: Թե՞ կրկին կարոտելու և փնտրելու եք նրանց: Ասում եմ ձեզ՝ եթե վստահ չեք, ճամփա մի՛ ընկեք, քանզի չկա ավելի վատ ուղեկցորդ, քան անվստահությունը: Այս զազրելի ու խայթող մարդիկ ձեզ նաև ձեզ անհրաժեշտ ապահովություն են պարգևում, իսկ միայնակ կղզու վրա դուք մեն-մենակ պիտի մնաք, այլապես ամեն ինչ կկորցնի իր իմաստը՝ թե՛ հեռավոր ճամփա բռնելը, թե՛ մենակ մնալու բաղձանքը: Ուրեմն, նախ այստեղ՝ մարդկանց մեջ գտեք ձեր մենությունը և զգացեք դրա այրող համբույրը: Դրանից հետո որոշում կընդունեք՝ գնա՞լ, թե՞ մնալ:

Հուդայի համբույրը երկու տեղ է տանում՝ մեկին դեպի մահ, մյուսին դեպի անմահություն: Ընտրությունը ձերն է: