Անապատի կիզիչ ավազների վրայով արևադարձային քամին փշագնդեր էր գլորում: Նրանք մերթ կանգ էին առնում, կարծես չափելով իրենց անցած ուղին, ապա նոր պոռթկումով առաջ էին սլանում` ծովի անծայրածիր տիրապետության մեջ թաքնված կղզու վերիվարո շրջապտույտների միջով: Օգոստոսի անսահման արևը` իր անողոք ու հպարտ իշխանության մեջ բազմած, անիմաստ նսեմության էր մատնել փախուստի ամեն մի փորձ: Մի բանից կառչելու` փշագնդերի անհույս փորձերը միայն մի ակնթարթ ցանցոտ ստվեր էին նկարում ավազի վրա, որն էլ հաջորդ վայրկյանին ցրվում ու կորչում էր արևի բարբարոս հայացքի տակ: Թվում էր` ժամանակը կանգ է առել օվկիանոսի համատարած մերկությունը ընդգծող այդ կղզյակի վրա, ու միայն հոգոց հանող ծովափնյա քամին էր հիշեցնում, որ շարժումն ու կյանքը դեռ իսպառ չեն մեռել շիկացած ավազների վրա: Իսկ կղզու խորքից դեպի ծովափ ձգվող ոտնահետքերը մատնում էին մարդու վախվորած գոյությունը այս կորած ցամաքակտորի վրա, որն, ասես, պատահականության դրոշմը լիներ օվկիանոսի անսահման տիրապետության մեջ:
* * *
Մարդիկ վաղուց էին մոռացել այս կղզու գոյության մասին: Դարեր առաջ մի մոլորված ծովագնաց պատահաբար ափ էր իջել այստեղ, անօգուտ տարվել ջուր ու ոսկի փնտրելով, և, ոչ մեկը, և ոչ էլ մյուսը չգտնելով, անիծել էր կղզին ու հեռացել` մոռանալով անուն դնել նրան ու իր երկրի դրոշը ցցել նրա բոսոր ավազների վրա: Եվ այդպես էլ մնացել էր կղզին` լքված ու անանուն, մինչև այն օրերը, երբ այստեղ էին սկսել ժամանել աքսորյալները, ում բարոյական չափանիշներն ու հասարակական կեցվածքը անհնար էր դարձրել նրանց խաղաղ գոյակցությունը մեծ երկրի բնակիչների հարևանությամբ: Եվ աստիճանաբար կղզում բնակություն էին հաստատել զորավարներ ու կայսրեր, քստմնելի հանցագործներ ու համընդհանուր բարոյականության չափանիշներին չհամապատասխանող փիլիսոփաներ ու գիտնականներ, զազրելի աղանդավորներ ու հասարակության այլ թափթփուկներ, որոնց ներկայությունն անգամ մերժել էին մարդիկ իրենց հայրենիքում: Հետո, հայտնի չէ, նույն օտարացման նկատառումով, թե ի պատասխան կզղում ապաստանած թշվառների թախանձանքների, կամ էլ, միգուցե, դևերի հորինած այս ափին փոքր-ինչ նրբություն հաղորդելու միտումով, ծովագնաց առևտրականների բարի ձեռքով մի քանի կանայք հայտնվեցին այստեղ: Եվ, քանի որ տղամարդիկ արդեն հասցրել էին կատարելապես այլասերվել ու վայրիանալ, իսկ աստվածները մոռացել էին անգամ բարոյականության և ուղղափառության մի քանի ծիլեր նետել այդ կիզիչ ավազների վրա, և կամ էլ այդ սերմերն այրվել ու ամլացել էին արևի ամենասպան ճառագայթներից, այդ մի քանի կանայք շատ շուտով համայնական դարձան, ու ոչ ոք չէր ճանաչում և անգամ չէր ցանկանում ճանաչել կղզում թափառող երեխաների հայրությունը: Եվ ոչ ոք այդ հարցն անգամ չէր արծարծում, քանզի հարցերը սովորաբար տրվում են, երբ պատասխանի ակնկալիք կա, իսկ պատասխանները հնչում են որպես բանականության իմաստավորում: Մինչդեռ բանականությունը խորթ էր դևերի այս երկրին ու նրա բնակիչներին: Բարոյականության միակ առհավատչյան արեգակն էր` իր ամենահաս ճառագայթներով, իսկ տարրական համընդհանուր բարքերը մնացել էին շա՜տ հեռու` ծովից ու հորիզոնից անդին…
Չկար ընտանիք, և չկար օրենք, ու միակ իրական իշխանությունը, արեգակից ու ծովից հետո, կավատի ձեռքերում էր: Անփառունակ մի ոչնչություն, Միջերկրականի կղզիներից վտարված նախկին մի փիլիսոփա, որի ողջ բարոյահոգեբանական ուսմունքը հիմա հանգում էր իր հզոր բազուկներին ու խեթ հայացքին, որոնց շնորհիվ պատժել էր ըմբոստներին ու իրենով արել կանանց ու մասնավոր սեփականության առաջին ծիլերն էր ցանում այդ անիծյալ հողի վրա: Եվ քանի որ զորավարները հոգնել ու հիասթափվել էին պատերազմներից, իսկ այլախոհների փիլիսոփայությունը խեղճ էր ու ամուլ, և քանի որ կանայք էլ դեմ չէին թեկուզ այդպիսի տեր ունենալու բնական պահանջից: Կավատն ու իր շքախումբը շուտով դարձան բարոյականության միակ հենարանը այդ մոլորյալ կղզու վրա: Երբեմնի զորավարներն ու իմաստասերները ըմբռնումով էին մոտենում այն փաստին, որ կանանց ունենալու համար պետք է վճարել կավատին: Սովորական վարձը ծովից գողացաց մի մարգարիտ էր, սակայն որոշ դեպքերում դրան փոխարինում էին մի քանի արմավ կամ արմատ կամ էլ ձուկ: Եվ կանայք էլ կարծես ուրախ էին, որ ապրանքափոխանակությամբ սահմանափակված այդ հասարակության մեջ նրանք իրենց տեղն ունեն և կարող են ազատորեն զբաղվել մարմնավաճառությամբ` առանց անարգանք ուտելու և վիրավորական մակդիրների արժանանալու: Նրանցից յուրաքանչյուրին պարզապես «կին» էին անվանում:
* * *
Կղզում չկար արվեստագետի հոգին շոյող որևէ արժեք` ոչ հուշարձաններ, ոչ կոթողներ, և ոչ էլ անգամ բնության ստեղծած արտառոց մի պատկեր: Ամեն ինչ ձանձրալի էր տաղտկալիության աստիճան: Նույնիսկ մարդկանց դեմքերը մի տեսակ նմանվել էին իրար, և առաջին հայացքից անծանոթը կարող էր ընդամենը տղամարդուն զանազանել կնոջից: Ոչ ավելին: Նորաբնակ խենթերից մեկը մի անգամ փորձեց զմայլվել մայրամուտի ցոլքերով, բայց կղզում գերիշխող բարոյական սնանկությունը մյուս բնակիչներին դրդեց մահու աստիճան գանածել այդ տարաբախտին, քանզի նա հանդգնել էր տարբերվել մյուսներից: Արվեստը սպանվեց դեռ ծիլեր չտված: Դիակը նույնիսկ չթաղեցին, որ գերեզմանաթումբը կամ դրա տեղը որևէ հիշողություն կամ, որ ավելի սարսափելի էր, համակրանք և ընդօրինակելու ցանկություն չծներ մյուսների մեջ: Պարզապես մեռած մարմինը գլորեցին ջուրը, և խեցգետիններն ու ծովային մյուս արարածները արևի ու ջրի օգնությամբ շուտով չկայացած դժբախտ արվեստագետի մարմնից միայն սպիտակ ոսկորներ թողեցին, որ ծովը քշեց-տարավ անհետ:
Փորձեցին նավ պատրաստել, սակայն շուտով պարզվեց, որ գիտելիքներն էլ են այրվել արևի տակ ու քամու հետ փոշիացել անհետ, ու նրանց հանճարը լաստանավի գաղափարից այն կողմ չանցավ: Իսկ երբ փորձեցին ծովն իջեցնել այդ անճոռնի շինությունը` առաջին իսկ հզոր ալիքը ջարդուփշուր արեց արմավենու բներից շարված ու կեղևից հյուսված պարանով իրար բերած գերանները…
Կղզու բնակիչներին արտոնված միակ հոգեկան զեղումը հիշողություններն էին օվկիանոսից անդին թողած քաղաքակրթությունների մասին և այն կենարար հույսը, որ մի օր գալու են իրենց ետևից ու, փառքի պսակով օծած, վերադարձնելու են իրենց այդ երիցս երազած քաղաքակրթության գիրկը: Ու անրջում էին մարդիկ քնած ու հարթմնի` տրվելով կոկոսի հյութից ու ինչ-որ անհայտ բույսի տերևներից քամած շշմեցնող հեղուկի մոգական մղձավանջներին` հազիվ բոցկլտացող խարույկի շուրջը նստած ու պառկած: Մի քանի բարձրաձայն հուշերից ու սրտաճմլիկ հույսերից ուժասպառ՝ շուտով ամփոփվում էին յուրաքանչյուրն իր մեջ, ու միայն կրակի մարող ճարճատյունն ու ծովի ալիքների միապաղաղ խշշոցն էին իշխում ավազահատիկի չափ փոքրացած կղզու վրա: Տղամարդիկ նիրհում էին հանգչող կրակին մոտիկ, իսկ կանայք ու երեխաները` ավելի մեծ շրջանի վրա: Միայն Կավատն էր ժամանակ առ ժամանակ հայացք նետում կանանց խմբին, որ նրանցից մեկն ու մեկը հանկարծ չհամարձակվի տրվել սիրո արհեստին առանց իր գիտության: Սակայն այդ աչալրջությունն ավելորդ էր, քանզի անսկիզբ ու անվերջ օվկիանոսի մեջ սպրդած այս տարաբախտ հողակտորի վրա մայրամուտի ցոլքերի ու արմավենու ճյուղերից սարքած կրակի հանգչելուն զուգընթաթ` մարդկանց մեջ մեռնում էր տեղից շարժվելու ամեն մի ցանկություն: Հոգևոր այլասերությունը անտեսանելի շղթաներով կաշկանդել էր նրանց ոչ միայն ուղեղները, այլև մարմինները: Նրանց մտքերը մշտապես հեռավոր երկրներում էին, իսկ հայացքները` հորիզոնի գծի վրա` փրկարար նավը տեսնելու հույսով:
* * *
Մի ուրիշ խենթ որոշեց ատրուշան պատրաստել` աստվածներին հաղորդակցվելու ու նրանցից օգնություն թախանձելու գաղտնի տենչով: Արմավենու չոր ճյուղեր ու փայտեր դիզեց, կրակ տվեց ու, մինչ կհասցներ մի քանի բառ կարկամել ի լուր ամենակարող աստվածների, վազեվազ հասան կղզու մյուս բնակիչները ու այդ թշվառականին այրեցին իր իսկ մոգոնած ատրուշանի մեջ:
– Հիմա՛ր, – բղավեցին նրանք, – մի՞թե կարծում ես, թե աստվածները կենդանի են: Եթե նրանք մեռած չլինեին, մի՞թե կհանդուրժեին, որ մենք տառապեինք այս անիծյալ կղզու վրա: Իսկ եթե վստահ ես, որ նրանք կան ու անուշահոտ պատարագ են ակնկալում մեր տառապանքին դարման ուղարկելու համար, ապա թող հենց քո մարմինը նրանց պատարագ դառնա:
Ու այրեցին խեղճին, որը տրվեց կրակին մի տեսակ համակերպվածությամբ, քանզի ինքն էլ վստահ չէր ամենակարող աստվածների զորությանը: Այդ օրվանից կղզում լուր տարածվեց, որ աստվածները մեռել են:
* * *
Օգոստոսյան այդ օրը արևադարձային քամին կիզիչ ավազների վրայով կրկին փշագնդեր էր գլորում: Կղզու բնակիչները պատսպարվել էին արմավենու ճյուղերից հյուսած խղճուկ քողիկների տակ ու կիսաքուն երազում էին երեկոյի գալուստը` ծածկոցներից դուրս սողոսկելու համար: Ծովամերձ ծառերի տակ խաղում էին երեխաները: Հանկարծ նրանցից մեկը մատը պարզեց դեպի օվկիանոսը և բղավեց.
– Տեսե՛ք, այնտե՛ղ, ծովի մեջ…
Հաջորդ պահին նրանք, փոքր-ինչ վախեցած, քանի որ նախկինում երբեք նման բան չէին տեսել, սակայն հաճախ էին լսել մեծերից, ու նաև այդ նույն մեծերին արտասովոր նորությունը վայրկյան առաջ հաղորդելու պոռթկումով, սլացան դեպի արմավենիների պուրակը: Մեկ րոպե անց կղզու բոլոր բնակիչները խռնվել էին ափին ու անքթիթ նայում էին կապույտ ծովի խորքից մոտեցող սպիտակ կետին:
Մեկն առաջարկեց արմավենու ճյուղերից խարույկ վառել, որ անհայտ ծովագնացները որսան ծուխը ու մոտենան կղզուն: Ու մինչ մարդիկ տագնապահար այս ու այն կողմ էին վազում` չոր ճյուղեր, տատասկներ ու տերևներ ժողովելով, պարզ դարձավ, որ կրակ վառելու կարիք ամենևին չկա. նավն ուղիղ դեպի կղզին էր լողում: Նրա սպիտակ առագաստները փքվել էին հանդիպակաց քամու հորձանքից: Թվում էր` նավը ոչ թե լողում է, այլ նետի պես սլանում ծովի կապտականաչ մակերևույթի վրայով: Շուտով կղզու բնակիչները նկատեցին, որ նավի ցռուկի մոտ էլ մարդիկ են խմբված ու ուշադիր նայում են կղզու կողմը: Այլևս պարզ էր, որ նավը մոլորված չէր, այլ հստակ նպատակով էր ժամանում այստեղ: Որևէ հիմք չկար կարծելու, թե դրանք ուղղությունը կորցրած ու աստվածներին ապավինած ծովագնացներ են:
Կղզու բնակիչների մեջ շշուկներ տարածվեցին.
– Գալիս են մեզ տանելու…
– Երևի ճիշտ էր այն մարդը, որ զոհեր էր մատուցում աստվածներին…
– Ուրեմն` նրանք կան… Ես հոգուս խորքում միշտ հավատում էի նրանց գոյությանը…
– Փա՜ռք ձեզ, հավերժական աստվածներ: Մեր աղոթքներն ու տառապանքի ձայները հասան ձեզ…
Նավն իջեցրեց առագաստները, դանդաղեցրեց ընթացքը ու խարիսխ նետեց կղզուց անվտանգ հեռավորության վրա: Շուտով նավից մի մակույկ իջեցվեց ծովը, ու հյուսած շարժասանդուղքով նրա մեջ սկսեցին մարդիկ իջնել: Մակույկը պոկվեց նավից, ու, թիավարների հզոր շարժումներից արագանալով, լողաց դեպի ափը: Կղզու բնակիչներից շատերը մտան ջուրը, որ վայրկյան առաջ դիմավորեն բաղձալի հյուրերին: Տաք ավազներն ու կապույտ ջուրը կարծես մի ամբողջություն էին դարձել, ու մարդկանց թվում էր, որ իրենք քայլում են կոհակների վրայով: Հոգու տվայտանքից յուրաքանչյուրն իրեն աստված էր զգում…
Մի քանի րոպե անց, որ կղզու բնակիչներին հավերժություն թվաց, նավակը խրվեց ավազների մեջ ու կանգ առավ: Բոլորին քար լռություն էր համակել: Մարդկանց շուրթերից շշուկ իսկ չէր ելնում, թեև յուրաքանչյուրի ուղեղում փոթորիկ էր մոլեգնում: Միայն նվաղ ալյակների ճողփյունն էր մատնում, որ ժամանակը իսպառ կանգ չի առել: Ու մեկ էլ շիկացած ավազների վրայով գլորվող փշագնդերն էին կարծես աղերսում չմոռանալ իրենց անպաճույճ գոյությունը…
Նավակից մի քանի զինվորներ թռան ջուրը: Նրանք օգնեցին, որ մի քանի շղթայակապ արարածներ դուրս գան ափ, ապա նավակից դուրս ելավ ու դեպի կղզին քայլեց կարևոր մեկը. երևի նավի հրամանատարն էր կամ էլ մի այլ մեծավոր, քանի որ զինվորները պատկառանքով էին հետևում նրա բոլոր շարժումներին: Նորեկները մի թեթև հայացք նետեցին կղզու բնակիչների վրա, ու նրանց աչքերը կանգ առան կանանց խմբի վրա: Մի լկտի ժպիտ ուրվագծվեց նրանց հողմավառ դեմքերին: Բայց այդ պահին հրամանատարը ինչ-որ կտրուկ բառեր շպրտեց զինվորներին, ու նրանք փութացին դեպի շղթայակապ մարդիկ: Նիզակներով ու թրերով շրջապատած` նրանց տարան դեպի մոտակա ծառերը ու հրամայեցին նստել: Շղթայվածները, որ երեքն էին, հնազանդորեն կատարեցին զինվորների հրահանգը, ու, զնգացնելով իրենց ձեռքերի ու ոտքերի շղթաները, լուռ տքնումով տեղավորվեցին ավազների վրա` ժպիտներ պարգևելով կղզու բնակիչներին ու իրենց կեղեքիչներին:
Նավի հրամանատարն էլ հանեց բոսորագույն թիկնոցը, քանդեց կաշվե ու պղնձե զրահները, ու դրանք հանձնելով զինվորներից մեկին, փռվեց արմավենու ստվերի տակ:
– Ա՜խ, ի՜նչ հաճելի է ոտքերի տակ հող զգալը: Հոգնեցի՜ այս անիծյալ ալիքներից:
Զինվորներն էլ, համոզվելով, որ ո՛չ իրենց, ո՛չ իրենց հրամանատարին և ո՛չ էլ շղթայվածներին որևէ վտանգ չի սպառնում, խրեցին նիզակները գետնի մեջ, քանդեցին զրահները, նստոտեցին ավազներին ու իրենց վավաշոտ հայացքները կրկին հառեցին կանանց վրա:
Կղզու բնակիչներից մի քանի տղամարդ զատվեցին մյուսներից ու խոնարհաքայլ մոտեցան արմավենու ստվերում թիկն տված հրամանատարին:
– Մենք վաղու՜ց էինք սպասում ձեզ…
– Իրո՞ք, – զարմացավ հրամանատարը, – այդ դեպքում մեզ գոնե ջուր ու ուտելիք հրամցրեք, քանզի մեր կժերի ջուրը բորբոսնել է, իսկ գարու շիլայից սիրտս արդեն խառնում է:
Տղամարդկանց հրամանով կանայք ու մի քանի երեխա վազեցին կղզու խորքը ու քիչ անց վերադարձան ջրի, մրգերի ու արմավենու հյութից քամած ոգելից խմիչքի պաշարներով: Նորեկներն անհագորեն տրվեցին այդ բարիքներին ու շուտով, հոգնածությունից կամ էլ անկարող դիմադրել երկարատև ճանապարհորդությունից հետո առաջին անգամ թուլանալու պատեհությանը, խռմփացրին` ավազների վրա ցաքուցրիվ պառկած: Չհանդգնելով խանգարել թանկագին հյուրերի հանգիստը, կղզու բնակիչները լռելյայն խարույկ վառեցին, նստեցին շուրջանակի, բայց այդ գիշեր չտրվեցին բարձրաձայն խոհերին ու արմավենու խմիչքին, այլ յուրաքանչյուրն ամփոփվեց ինքն իր մեջ ու ներքուստ գոհունակություն հայտնեց աստվածներին, որոնց ընդամենը մի քանի ժամ առաջ մեռած էին համարում, իսկ հիմա նրանք ապացուցեցին իրենց գոյությունը այս հոյակապ հայտնությամբ: Միայն Կավատն էր ժամանակ առ ժամանակ շեղվում հոգեպարար մտքերից ու հայացք նետում կանանց կողմը` ստուգելով նրանց ներկայությունը: Նա մտքում գոհունակությամբ ժպտաց: Մեկ կամ երկու ամիս անց նա կրկին կհայտնվի քաղաքակրթության միջնաբերդում ու այս կանանց միջոցով շահութաբեր գործ կհիմնի: Ու իրեն ոչ թե չորացրած ձկնով կամ գարշահոտ արմատով կվճարեն, այլ պղնձե զրնգուն դրամներով: Ինքը կհարստանա ու ահավոր վրեժ կլուծի մարդկանցից ու, ինչու՞ ոչ, նաև աստվածներից, որ այսքան երկար ու ձիգ տարիներ դատապարտել էին իրեն հույսի ու այս ավազների գերին լինել…
* * *
Մթության միջից մի նվաղ ձայն լսվեց.
– Ջու՜ր տվեք մեզ, ջու՜ր…
Կրակի շուրջը նստած մարդիկ մի պահ սթափվեցին իրենց մտքերից ու հայացքները հառեցին դեպի ձայնը: Շղթայակապ գերյալներից մեկն էր դա, որոնց գոյությունը կարծես մոռացել էին: Կավատը, որի մեջ այդ վայրկյանին գթության մի չնչին շող էր ծագում, դարձավ մանկահասակ կանացից մեկին.
– Ջուր տուր դրանց:
Կինը կամացուկ ելավ տեղից ու գնաց կղզու խորքը: Մեկ-երկու րոպե անց նա վերադարձավ ջրով լի կուժը ձեռքին ու, խարույկի մոտ նստածներին շրջանցելով, մոտեցավ հեռավոր ծառի տակ տեղավորված դժբախտներին: Շղթաները զրնգացնելով` նրանք հերթով իրենց պապագ շուրթերը մոտեցրին կժի բերանին ու ագահորեն ըմպեցին տաք ու ավազահամ ջուրը: Երբ հագեցրին իրենց ծարավը, նրանցից մեկը, որի սպիտակ ատամնաշարը շողում էր մթության մեջ, հարցրեց կնոջը.
– Ի՞նչ է անունդ, բարի կին:
Կինը մի պահ կարկամեց, կարծես չէր սպասում շղթայակապ մարդուց հոդաբաշխ բառեր լսել, վախվորած նայեց կավատի կողմը ու, տեսնելով, որ վերջինս կրկին թաղվել է իր մտքերի մեջ, համարձակություն առավ ու պատասխանեց.
– Կին:
– Օ՜հ, – ժպտաց շղթայակապ անծանոթը, – ես չեմ հարցնում, թե ինչ ես դու, այլ` ի՞նչ է քո անունը:
Կինը կրկին ջուր առավ բերանը. նրան ոչ ոք երբեք անունով չէր դիմել, համենայն դեպս` այս կղզու վրա: Մի օր, մի դշխեմ օր, որն այնքան հեռու էր, որ համարյա անիրական էր թվում, նրան գողացել էին ծնողների աչքի առաջից ու բերել այս անիծյալ կղզին:
Անծանոթը, կարծես կարդալով նրա մտքերը, հարցրեց.
– Հիշու՞մ ես, թե ինչ էին քեզ կոչում ծնողներդ:
Կինը կրկին տրվեց ծանր հիշողությանը: Նրանց ընտանիքում շատ երեխաներ կային, և ինքը փոքրերից մեկն էր: Մյուսներից տարբերելու համար իրեն պիտի որ հատուկ անուն տված լինեին: Ու հանկարծ կայծակի պես մի լույս անցավ նրա ուղեղով: Նա ժպտաց ու մի քիչ ամաչելով ասաց.
– Ծնողներս ինձ Մարիամ էին անվանում:
Մթության մեջ կրկին փայլեց անծանոթի ատամնաշարը:
– Գեղեցիկ անուն ունես, բայց մոռացել ես:
– Այստեղ բոլորիս «կին» են անվանում, և ընդունված չէ որևէ մեկիս անունով դիմել: Մեր տերն ասում է, որ դա անբարոյական է, քանի որ աստվածները մարդկանց առանց անունի են ճանաչում ու դատում:
– Քո տերը աստվածաբա՞ն է:
– Դա ի՞նչ է, – չհասկացավ կինը:
– Քուրմ:
– Նա կավատ է, – անկեղծ հպարտությամբ հայտարարեց կինը:
Մի պահ լռություն տիրեց: Միայն ափին բախվող ալյակները, հանգչող կրակի ճարճատյունը ու քնած զինվորների խռմփոցն էին խախտում գիշերվա համատարած անդորրը:
– Իսկ դու ամուսին չունե՞ս, – հարցրեց անծանոթը:
Կինը մի պահ վարանեց ու ասաց.
– Այստեղ ոչ ոք ամուսին չունի: Բոլոր կանայք համայնական են: Մեր տերն ասում է, որ ամուսին ունենալն անբարոյական է: Բացի այդ, ես ընդամենը երեք լուսին առաջ եմ օրիորդ դարձել, և դեռ ոչ ոք չի մերձացել ինձ: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է տղամարդը: Միայն գիտեմ, որ նրանք ուժեղ են ու սիրում են տրվել հուշերին:
– Դարձիր իմ կինը, Մարիամ, – անսպասելիորեն առաջարկեց շղթայակապ անծանոթը, – ես քո տերն ու պաշտպանը կլինեմ:
Կինը շփոթվեց ու պապանձվեց: Նման առաջարկն անծանոթ էր նրան, բայց մանկությունից եկող երազային մի բան կար դրանում, ու շուրթերը նվաղեցին, սիրտը խլրտաց կրծքավանդակում, ու հարբեցնող մի դող անցավ մանկահասակ մարմնով: Նա ծնկի իջավ շղթայվածի առջև ու զգաց, որ մարմինն իրենից անկախ ձգվում է դեպի այդ տղամարդը: Եվս մի վայրկյան, ու նրա շուրթերը կհպվեին անծանոթի շուրթերին, բայց այդ պահին մի կոպիտ ձեռք բռնեց նրա մազերից, ու Կավատի բիրտ ձայնը սղոցեց սիրով բուրող գիշերվա երազը.
– Անբարոյական շու՛ն… Օձի վիժվածք… Մի պահ միայն աչքս կպավ, ու դու ցանկանում էիր օգտվե՞լ դրանից: Մի՞թե չգիտես, որ պետք է վճարել, քանի դեռ ես եմ քո տերը:
Արցունքները հորդացին կնոջ աչքերից: Կավատի ապտակը նրան նետեց արեգակի ջերմությունը տակավին փայփայող տաք ավազների վրա: Շղթայակապ անծանոթը փորձեց ինչ-որ բան ասել, սակայն կավատը նրա կողին ոտքի հուժկու հարված հասցրեց ու, իր խեթ հայացքը վրան հառելով, գոռաց.
– Կվճարես` կստանա՛ս: Դա՛ է մեր օրենքը:
Եվ, կնոջ թևից քարշ տալով, տարավ նրան մյուս կանանց մոտ ու պատվիրեց աչքները վրան պահել, որ հանկարծ թշվառականը անբարոյականությանը հագուրդ չտա:
Մի քանի րոպե անց կրկին լռություն իջավ կղզու վրա: Կավատի գոռոցից արթնացած զինվորներն ու մարդիկ հասկացան, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ու կրկին քնին ու երազներին տրվեցին: Հետո արմավենու ճյուղերից սարքած կրակը հանգավ, փոշիացավ ու ցնդեց, իսկ օվկիանոսի վրա համատարած խաղաղություն իջավ: Եվ միայն Մարիամ անունով մանկահասակ կնոջ խեղդված արցունքներն էին հուշում, որ կյանքը կանգ չի առել կղզու վրա: Հորիզոնի վրա երևացին արեգակի առաջին շողերը:
* * *
Վաղորդայնի գալստյան հետ կղզու բնակիչները բուռն գործունեության անցան. կարծես ամբողջ գիշեր դրան էին սպասում: Հյուրերը դեռ քնած էին` ծովային երկար ճամփան քամել էր նրանց բոլոր ուժերը: Շղթայվածները ևս ննջում էին` թիկն տված ափի մոտ աճող հաստաբուն արմավենու մազոտ բնին:
Կղզու բնակիչները որոշել էին լավագույնս պատվել այդքան սպասված փրկիչներին: Նախ մորթոտեցին բոլոր վայրի աղավնիներին, որոնց որսացել էին ամենասրամիտ միջոցներով: Մի քանիսը ծովում եռաժանիներով ձկներ էին որսում: Երեխաներին ուղարկեցին կղզու հանդիպակաց ափը` ավազի միջից կրիայի ձվեր ժողովելու և, եթե հաջողությունը ժպտա, նաև կենդանի կրիա բռնելու: Կանանց հանձնարարեցին աղբյուրից ջուր կրել ու մրգեր հավաքել: Արմավենիների ստվերի տակ կանաչ ոստեր փռեցին ու շուտով առատ սեղան բացեցին: Ափսեներին փոխարինում էին տափակ ծովախեցիները, իսկ բաժակներին` երկու կես արած ու եզրերը քարով հղկած կոկոսները:
Երբ հյուրերն ի վերջո արթնացան, բոլորին հրավիրեցին նախաճաշի, որը, սակայն, թե՛ ժամի, և թե՛ առատության առումով ավելի ճաշի էր նման: Ծովի ջրով լվացվելուց, ապա աղբյուրի քաղցրահամ ջրով պարզաջրվելուց հետո կղզու տղամարդիկ ու հյուրերը սեղան նստեցին: Կանանց ու երեխաներին, որ առանձին էին սնվում, հրամայեցին շատ չհեռանալ, այլ սպասարկել սեղանն ու հյուրերին, որ ոչ ոք ոչ մի բանի պակաս չզգա: Նավապետը հրամայեց նավից գինի բերել, որ կղզաբնակների համար հրաշքի պես մի բան էր: Երկար տարիներ նրանց խմածը լոկ արմավենու հյութից քամած թուրմն էր, որը թեև բթացնում էր մտքերը ու մեղմում հոգու տառապանքը, սակայն գինու պես ուրախություն ու անհոգություն չէր պարգևում: Եվ, քանի որ տարվա ամենաշոգ ամիսն էր, ու մարդիկ ետ էին վարժվել գինուց, առաջին իսկ բաժակից մարդկանց կատարը տաքացավ, ու շփումն ավելի անբռնազբոսիկ դարձավ: Կավատը բաժակաճառով դիմեց հյուրերին.
– Մենք վաղուց էինք սպասում ձեզ… Աստվածներն են վկա, որ այսքան տարիներ մենք հենց այդ հույսով ենք պահպանել մեր գոյությունը հուսահատության այս կղզում: Միայն հուշերն ու հույսն էին ուժ տալիս մեզ ապրելու ու մաքառելու համար: Մեզ հաճախ թվում էր, թե մեզ մոռացել են, սակայն մի գաղտնի ձայն հուշում էր, որ այս ամենն ընդամենը աստվածների փորձությունն է: Որ մի գեղեցիկ օր ծովի անվերջանալի դաշտը ճեղքելով մեզ մոտ է լողալու փրկարար նավը ու, ազատելով մեզ այս անիծյալ կղզու գերությունից, տանելու է քաղաքակրթության գիրկը…
Նավապետը նայեց զինվորների կողմը, կղզու բնակիչների համար աննկատելի հայացքով ինչ-որ նշան արեց նրանց ու դեմքը կրկին շրջեց դեպի խոսողը, որը շարունակեց.
– Եվ մենք կրակ վառեցինք ու պատարագ մատուցեցինք աստվածներին, ու նրանք անսացին մեր աղերսանքին և հանձինս ձեզ մեզ փրկություն ուղարկեցին…
Ի պատասխան նավապետը հեգնանքով ժպտաց ու հարցրեց.
– Ուրեմն դուք աստվածների՞ն էիք սպասում:
– Այո, – պատասխանեց Կավատը, – և նրանց կողմից եկող փրկությանը:
Նավապետը քմծիծաղ տվեց, ձեռքը պարզեց դեպի քիչ հեռու նստած շղթայակապ մարդիկ ու ասաց.
– Դե ի՞նչ… Ահա աստվածները: Ընդունեք նրանց, ու թող նրանք փրկեն ձեզ:
Մարդիկ զարմացած իրար նայեցին: Նավապետի խոսքերն ավելի քան տարօրինակ էին հնչում: Ի՞նչ կապ ունեն շղթայակապ այս թշվառները ամենազոր աստվածների հետ:
– Մի՛ զարմացեք, – շարունակեց իր խոսքը նավապետը` նկատելով կղզու բնակիչների համարյա ապշահար հայացքները, – սրանք իրոք աստվածներ են: Դուք հիրավի վաղուց լուր չունեք աշխարհից և չգիտեք, որ մարդիկ դատել են աստվածներին ու դատապարտել նրանց մահվան: Սրանք հայտարարում էին, թե իրենք են աշխարհի մեծամեծ բարիքների պատճառը և մեր մեջ էլ փորձում էին նույն ամուլ հավատը սնուցել: Բարեբախտաբար, մեր մեծերը ժամանակին հասկացան, որ այդ ամենն անհեթեթություն է, քանզի հենց մարդիկ են աշխարհի մեծամեծ բարիքները ստեղծողը, մինչդեռ սրանք ցանկանում էին մոլախոտի պես ծծել մեր քրտնաջան աշխատանքի պարարտ ծիլերը: Ու մենք որոշեցինք պատժել սրանց: Նախ ցանկանում էինք սպանել, բայց հասկացանք, որ դա չափազանց մեղմ պատիժ է նրանց համար: Աշխա՞րհ են ուզում կառավարել` թող կառավարեն որքան սիրտները կուզի, միայն թե ո՛չ մեր հողի վրա: Ուստի որոշեցինք արտաքսել սրանց մեր քաղաքակրթությունից մի այսպիսի մենավոր կղզի: Թո՛ղ կառավարեն… Տեսնեմ՝ ինչպե՞ս պիտի կառավարեն և, կամ, ում պիտի կառավարեն մարդկանցից կտրված…
Նավապետի խոսքերին ոչ ոք անմիջապես չարձագանքեց: Սեփական անզորությունից տառապող և մարդկային ուժի ու արժեքների իմաստը մոռացած կղզիաբնակներին առնվազն անհասկանալի էր, որ մարդը կարող է իրեն աստվածներից վեր դասել ու դատապարտել նրանց: Միայն զինվորները չարախնդորեն քմծիծաղ տվեցին ու մի քանի կիսաձայն հիշոցներ ուղղեցին շղթայված աստվածների հասցեին:
Ահագնացող լռությունը խախտեց Կավատը.
– Հիրավի արդար որոշում է… Թող իրե՛նց մաշկի վրա զգան թե ինչ են արտաքսումն ու աքսորը… Միգուցե դրանից հետո ավելի համբերատար լինեն մարդկանց հանդեպ:
– Դրանից հետո չի՛ լինելու, – վրա տվեց նավապետը, – այսուհետև մարդիկ են կառավարելու աշխարհը: Կանցնի մի քանի տարի և սրանց մասին իսպառ կմոռանան: Նույնիսկ գերեզմանաթումբ չի մնա նրանցից:
Մարդիկ նայեցին աստվածների կողմը: Նրանք նստած էին նույն տեղում ու ժպիտը երեսներին նայում էին ծովի հեռուն…
* * *
Գինին արեց իր գործը: Նավապետի խոսքերից հետո մարդիկ կրկին տրվեցին կերուխումին: Խոսեցին ու խմեցին, խմեցին ու քննեցին աստվածների բախտը: Երբ բոլորն արդեն բավականաչափ գինովցած էին, զինվորներից մեկը մոտեցավ Կավատին ու կամացուկ փսփսաց ականջին.
– Ասում են՝ այստեղ կանանց տերը դու ես:
Կավատն ի պատասխան գլխով արեց:
– Ինձ դուր է գալիս այն մեկը` մանկահասակը: Ի՞նչ է դրա գինը:
– Երկու դրամ, – խորամանկ աչքերը պտտեցնելով պատասխանեց Կավատը:
Զինվորը կարծես զարմանքից սթափվեց.
– Երկու դրա՞մ: Ախր դա թալան է: Աստված ունեցիր…
– Աստվածները շղթայված են և գրեթե մեռած: Եթե գտնում ես, որ թանկ է, ապա կարող ես մեկ դրամով վերցնել տարիքով կանանցից ցանկացածին, սակայն իմացիր, որ մեծ բան կորցրած կլինես: Այդ մանկահասակը տակավին կույս է:
Զինվորի աչքերը տռփանքից փայլեցին:
– Վերցնում եմ, – համաձանվեց նա, – այստեղ բեր դրան:
– Նախ վճարի՛ր, – հրամայեց կավատը ու հաճույքով մտածեց, որ, եթե զինվորը համաձայնի, ապա մեծ երկիր վերադառնալուց հետո ինքն արդեն մի փոքրիկ դրամագլուխ կունենա: Ո՞վ գիտի, միգուցե մյուս զինվորներն էլ սիրո համար վճարելու ցանկություն հայտնեն: Ու սրտում մի տաքություն զգաց:
Զինվորը ցուցադրական դժկամությամբ հանեց գոտուց կախված կաշվե քսակը, ցուցամատի ու բութ մատի շարժումով դուրս քաշեց դրամները ու մեկնեց կավատին: Վերջինս հրճվանքից դողացող ձեռքով վերցրեց դրամները, համարյա մոռացված բնազդով ատամներով ստուգեց դրանց իսկությունը ու լեզվի վրա զգաց մետաղի կախարդական համը: Ապա բացեց պարանոցից կախված տոպրակի բերանը, որ լիքն էր սպիտակ ու սև մարգարիտներով, դրամները գցեց մեջը, փակեց տոպրակը ու, շրջվելով կանանց կողմը, դիմեց մանկահասակ աղջկան.
– Մո՛տ արի:
Աղջիկը վախվխելով մոտեցավ ու գլխիկոր կանգնեց նրանցից երկու քայլ հեռու:
– Կգնա՛ս սրա հետ, – հրամայեց Կավատը:
Զինվորն իր կոպիտ ձեռքով գրկեց աղջկա ուսը ու ժպտալու պես մի բան փորձեց անել` ցուցադրելով փտած ատամները: Նրանք հեռացան կղզու խորքը, ուր արևի կիզիչ ճաճանչներն անկարող էին թափանցել:
Իսկ մյուսները շարունակեցին խնջույքը` խմելով մարդկանց կենացն ու նզովելով աստվածներին: Կին գնելու համար մի քանի զինվոր էլ մոտեցան կավատին: Մեկը փորձեց առանց վճարելու վերցնել կնոջը և ցույց տվեց իր սուրը, սակայն նավապետի խիստ հայացքն իսկ բավական եղավ, որ նա էլ ենթարկվի ընդհանուր կանոններին: Կավատը շահախնդրորեն վաճառեց իր ապրանքը և միայն նավապետին, որպես պատվավոր հյուրի, առաջարկեց անվճար օգտվել կանանց ծառայություններից: Այս արարքն ամենևին էլ անշահախնդրություն չէր, այլ ճիշտ հակառակը. նավապետի հետ լավ հարաբերություններ հաստատելով` նա ցանկանում էր առաջիկա շաբաթների ընթացքում, քանի դեռ մեծ երկիր չէին հասել, առավելագույնս օգտվել ճակատագրի մատուցած պատեհությունից: Իսկ ո՞վ կարող էր օգնել իրեն, եթե ոչ նավապետը…
Արևի թեքվելու հետ մարդիկ ցրվեցին կղզով մեկ ու շուտով ամենատարբեր տեղերից խռմփոցի ու հռհռոցի ձայներ էին լսվում: Միայն շղթայակապ աստվածներն էին անձայն գամված նույն տեղում: Նրանց արդեն ջուր էլ չէին տալիս: Արհամարհում էին կամ էլ մոռացել էին իսպառ:
* * *
Երբ լիալուսինը թաքնվեց ամպերի ետևում, ծովափնյա թփերի միջից խշխշոց լսվեց, ու մի ստվեր գաղտագողի մոտեցավ միայնակ կանգնած հաստաբուն արմավենուն: Նուրբ քայլվածքը մատնում էր, որ դա կին է: Նա աննկատ մոտեցավ շղթայված աստվածներին ու ձեռքի թեթևակի հպումով արթնացրեց նրանցից երիտասարդին: Վերջինս բացեց աչքերն ու ժպտաց.
– Դու՞ ես, Մարիամ:
– Այո: Եկել եմ, որ քո կինը դառնամ:
– Իսկ դու չե՞ս վախենում: Կավատը թույլ չի տա, որ դու անվճար տրվես ինձ: Իսկ ես շղթաներից զատ ոչինչ չունեմ:
Աղջիկը ծիծաղեց.
– Ոչինչ պետք չէ: Ահա քեզ մի պղնձե դրամ: Տուր Կավատին և ասա, որ ուզում ես ինձ:
– Իսկ որտեղի՞ց քեզ այս դրամը, – զարմացավ երիտասարդ աստվածը:
– Զինվորներից մեկը գնեց ինձ: Բայց չկարողացավ տիրանալ ինձ: Ասաց, որ ժուժկալությունից ու երկար ճամփորդույթունից է ամլացել: Ու այս դրամը տվեց ինձ` պատվիրելով, որ ոչ մեկին չպատմեմ իր անհաջողության մասին:
– Բայց դու պատմեցիր ինձ…
Աղջիկը ժպտաց.
– Ես հավատում եմ քեզ: Բայց ժամանակ մի՛ կորցրու: Կանչի՛ր Կավատին, քանի դեռ ինձ մեկ ուրիշը չի տարել:
Աղջիկը գողունի սահեց թփերի մեջ ու անհետացավ: Երիտասարդ աստվածը ափի մեջ շոշափեց պղնձե տափօղակը, նայեց ամպերի ետևում վազող հսկա լուսնին, քնած բախտակիցներին ու ձայնեց մոտիկ մարդկանցից մեկին` խնդրելով կանչել Կավատին:
Քիչ անց նա ներկայացավ` լկտի ու արհամարհական ժպիտը երեսին:
– Դե, ի՞նչ ես ուզում, թշվառական: Քեզ չասացի՞, որ անվճար ոչինչ չես ստանա:
– Ահա՛, վերցրու՛, – երիտասարդ աստվածը մեկնեց պղնձե դրամը:
Կավատը զարմանքով խլեց դրամը, ստուգեց ատամներով, ապա ուշադիր զննեց լուսնի լույսի տակ: Անվստահությամբ նայեց շղթայվածին ու ասաց.
– Լավ: Ես կարող էի մերժել քեզ, բայց չեմ ցանկանում խախտել իմ իսկ հիմնած օրենքը: Միայն թե` ոչ երկար: Ուրիշ սպասողներ էլ կան:
Վերջին բառերը սուտ էին, քանի որ բոլոր տղամարդիկ, այդ թվում զինվորներն ու նավապետը, վաղուց քուն էին մտել տաք ավազների վրա:
Մի րոպե անց կավատը բերեց աղջկան: Կրկին կասկածանքով ու արհամարհանքով չափեց շղթայվածին, թքեց ավազի վրա ու հեռացավ:
Աղջիկը սպասեց մինչև Կավատը ձուլվեց գիշերվա խավարին, ապա բռնեց շղթայվածի ձեռքն ու ասաց.
– Ես մի գաղտնի տեղ գիտեմ, որտեղից երևում են ծովն ու լուսինը: Այնտեղ մեզ ոչ ոք չի տեսնի:
Երիտասարդ աստվածը գրկեց շղթաները, որ քայլելիս չզրնգան, ու շարժվեց աղջկա հետքերով: Հանկարծ աղջիկը շրջվեց ու վախվորած հարցրեց.
– Դու աստվա՞ծ ես…
– Այդ դու ես ասում…
* * *
Առավոտյան կղզու բնակիչներն արթնացան անսովոր վայնասունից: Կավատը վազվզում էր ափով մեկ ու խելագար շարժումներով ու կատաղությունից փրփրած բերանով հայհոյանքներ սփռում աջ ու ձախ: Շուտով նորությունը շիկացած շամփուրի պես այրեց բոլորին. անսպասելիորեն հայտնված հյուրերը նույնքան անսպասելիորեն հեռացել էին կղզուց` իրենց հետ տանելով թե՛ շղթայակապ աստվածներին, թե՛ կավատի բոլոր գանձերը` սև ու սպիտակ մարգարիտներն ու զինվորներից մնացած պղնձե դրամները: Նրան կապել էին ծառին, բերանը փալաս խրել ու թալանել: Հեռանալիս ասել էին, թե աստվածներին տանում են մի անմարդաբնակ կղզի, իսկ այս մեկն ընդամենը ժամանակավոր հանգրվան էր. մարդկանց գոյությունը խախտել էր նրանց ծրագրերը: Իսկ ինչ-որ մեկին հետները մեծ երկիր տանելու մասին նրանք չէին էլ մտածում: Եվ խորհուրդ էին տվել բնավ հույս էլ չունենալ, թե մի օր կգան իրենց ետևից: Առանց իրենց էլ քաղաքները լի են հարճերով ու անբաններով:
Այս վայրագ լուրն առնելով` մի քանիսը փորձեցին ինքնասպան լինել և կլինեին անկասկած, եթե հուսահատությունն այդքան անտանելի չլիներ: Բոլորն ուղղակի թևաթափ էին եղել և շատ ավելի դժբախտ էին, քան մինչև նավի այցելությունը: Իսկ ի՞նչը կարող է հոգեկան ավելի ցավ ու հուսահատություն պատճառել, քան մի հրաշքով վաղուց երազած թևեր առնելը, և ապա դրանք մի վայրկյանում կորցնելը… Ու մարդիկ հայհոյեցին նավավարներին, բայց շուտով իրենց ողջ մաղձն ու ատելությունն ուղղեցին աստվածների հասցեին: Մեկը փորձեց նկատել, որ աստվածները մեղք չունեն. չէ՞ որ նրանք էլ էին բռնավոր, շղթայված ու մարդկանց կամքի գերին: Սակայն կղզիաբնակները խլացել էին ողջախոհության հանդեպ ու հակված էին իրենց ողջ դժբախտությունը վերագրելու միայն ու միայն աստվածներին:
Ժամանակը սպիացնում է վերքերը ու մեղմում ցավը: Անցան դառնավետ օրեր ու շաբաթներ, և կյանքը կղզում կամաց-կամաց իր հունը մտավ: Եթե նավի գալստյան օրերին նրանք ժամանակը տրոհում էին «մինչև նավի գալը» և «նավի գալուց հետո», ապա հիմա կրկին վերադարձան հին չափումներին ու կիսում էին «մինչև կղզի գալը» և «կղզի գալուց հետո»: Մարդիկ նորից սկսեցին ձուկ որսալ ու արմավներ հավաքել, իսկ, երբ հաջողվում էր ծովի հատակից մարգարիտ հայթայթել, ապա շտապում էին Կավատի մոտ` մարգարիտը կնոջ մարմնի հետ փոխանակելու՝ ավելի շուտ առօրյայի մեջ բազմազանություն մտցնելու, քան ի սեր մարմնական հաճույքների:
Կավատն ինքն էլ մի տեսակ անտարբեր էր դարձել իր զբաղմունքի հանդեպ: Նրա աչքերից այդպես էլ չցնդեց մոլեգին խելահեղության և աննպատակ հետաքրքրասիրության իրարամերժ արտահայտությունը: Ու մի օր էլ նա ինքն իրեն թագավոր հռչակեց: Մարդիկ անտարբեր ընդունեցին այդ նորությունը, քանզի նրանց կենցաղում դա որևէ փոփոխություն չէր ենթադրում, որովհետև Կավատն ի սկզբանե իշխում էր կղզու վրա, միայն թե ուրիշ անունով: Եվ, խոնարհվելով Կավատ արքայի առջև, մարդիկ շարունակեցին մերձենալ կանանց ու մի քանի տարի անց կղզում շատացան երեխաները: Նույնիսկ մի քանիսը կին վերցրին իրենց, ու ընտանեկան բարքերը մուտք գործեցին կղզի: Մինչդեռ մյուսները նախընտրեցին ապրել հին ձևով` արհամարհելով իրենց իսկ գոյությունը ու մարմնական սեր գնելու համար ծովում մարգարիտներ որսալով…
* * *
Անցավ մի քանի տարի: Կղզու բնակիչներն իսպառ մոռացան աստվածներին, ու քամին ցրիվ տվեց նրանց հույսի բեկորները, թե մի օր գալու են իրենց ետևից, որ տանեն մեծ երկիր: Իսկ երբ մեկնումեկը հոգոցով հիշում էր իր հին օրերը, նրան էին նայում զարմանքով իբրև մի խելագարի: Կավատ արքան նույնիսկ հրովարտակ արձակեց` ասելով, թե չկան ու, ի դեպ, երբեք էլ չեն եղել ո՛չ կորուսյալ երկիր, ո՛չ հույս, ո՛չ էլ աստվածներ: Միակ իրականությունը օվկիանոսն է, նրա կենտրոնում գտնվող այս կղզին ու մարմնական սերը: Ու մարդիկ հավատացին նրան, քանզի հենց այդ էր իրենց տեսածը և հեշտ էր այդպես ապրելը: Չկային հարցեր, ու չկային պատասխաններ: Չկային հարցեր, քանզի չկային դրանց պատասխանները: Եվ չկային պատասխաններ, քանի որ ոչ ոք հարցեր չէր տալիս: Կյանքը մտել էր ներդաշնակության մեջ, և աստվածների մասին ոչ ոք չէր հիշում ու մտածում:
* * *
Անապատի կիզիչ ավազների վրայով արևադարձային քամին փշագնդեր էր գլորում: Նրանք մերթ կանգ էին առնում, կարծես չափելով իրենց անցած ուղին, ապա նոր պոռթկումով առաջ էին սլանում` ծովի անծայրածիր տիրապետության մեջ թաքնված կղզու վերիվարո շրջապտույտների միջով…
Ափամերձ ծառերի տակ մի երիտասարդ կին էր նստած փոքրիկ տղայի հետ, ու երկուսով նայում էին հորիզոնի կապտականաչ գծին: Հանկարծ տղան դիմեց կնոջը.
– Մայրիկ, հայրիկն այնտեղի՞ց էր եկել, – ու ձեռքով ցույց տվեց ծովի հեռուն:
– Այո, սիրելիս, – շշնջաց մայրը:
– Իսկ նա այլևս չի՞ վերադառնա մեզ մոտ:
– Կվերադառնա, – կնոջ աչքերում մի փայլ հայտնվեց: – Երբ դու մեծանաս` նա կգա քեզ մոտ, քանի որ խոստացել է քեզ կարևոր բան հայտնել: Դու պետք է փրկես բոլորիս: Դու նոր օրենք պիտի ստեղծես ու թագավորես մարդկանց վրա:
– Կավատ արքայի փոխարե՞ն, – զարմացավ տղան:
– Այո, բայց դրա մասին ոչ մեկին մի ասա: Այդպես էր պատվիրել հայրդ: Նա ասաց` երբ ժամանակը գա, ամեն ինչ կիմանաք: Պարզապես` բարի եղեք և հավատացեք:
– Իսկ ես ի՞նչ անեմ, մայրիկ, – հարցրեց տղան:
– Բարի եղիր և հավատա: Վաղը ես քեզ կտանեմ հյուսնի մոտ, որ արհեստ սովորես: Դա շատ լավ արհեստ է` հետաքրքիր ու կարևոր: Հայրդ ասում էր, որ դու մի օր փայտից մի մեծ նշան ես կերտելու, և դա քո թագավորության խորհրդանիշն է դառնալու…
Տղան ոչինչ չպատասխանեց: Մի քանի վայրկյան մտածկոտ նայեց մորը, ապա հայացքը շրջեց հորիզոնի գծին ու ժպտաց լուսավոր ու բարի ժպիտով, որ շղթայակապ հորից էր ժառանգել:
Արեգակը մոտենում էր զենիթին…
Մարտ 2004 թ.