ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ
(ՀՈՒՆՎԱՐ)

…Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի, որովհետև մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարեն:

Մարկոս 8-36

Հիմա արդեն դյուրին չէ կատարյալ ճշգրտությամբ վերականգնել այդ անցքերի իրական ընթացքը: Բայց, քանի որ մեզնից առաջ շատերն հանձն առան շարադրել այդ դեպքերը և, ամենայն հավանականությամբ, մեզնից հետո էլ դա բազում մարդկանց մտքի ու հոգու պրպտումների նյութն է լինելու, ուստի մենք էլ որոշեցինք ձեռնամուխ լինել այս բարեհաճ գործին, որպեսզի մեր աչքերով տեսածն ու մեր ականջներով լսածը հասու դարձնենք ժամանակակիցներին ու մեզնից հետո եկողներին: Ընդսմին, որևէ հավակնություն չունենք մի նոր ավետարանիչ, փիլիսոփա կամ էլ կենսագիր կոչվելու: Նմանօրինակ փառասիրությունը հիմա տեղին չէ: Ուստի կանգ կառնենք միայն ամենահիմնական իմաստային դեպքերի ու առանցքների վրա՝ խուսափելով պատմողական մատենագրության ձանձրալի և, տվյալ պարագայում անիմաստ, շաղակրատությունից և ճարտասանական ցուցամոլությունից:

*  *  *

Ձմեռը դաժան էր այդ տարի: Նույնիսկ հնաբնակները չէին հիշում, որ հունվար ամսին Ալպերն ամբողջությամբ ձյան համատարած ծածկոցի տակ լինեին: Ձմեռն իր կատարյալ տիրապետույթան մեջ էր, սակայն հարթավայրերում ապրող մարդկանց սրտերում արդեն զգացվում էր գարնան աղոտ շունչը: Ամեն նոր օրը նրանց ավելի ու ավելի էր մերձեցնում գարնանը ու նրանց երևակայության մեջ բարու ու կատարյալի խոստում էր սերմանում, որ ծառի փթթող բողբոջի պես կուտակում էր արևի ժլատ ջերմությունն ու սպասում իր աստեղային ժամին: Այդպիսի մի ցուրտ, բայց գեղեցիկ առավոտ Ալպերի բարձունքից մի մարդ էր իջնում դեպի Եվրոպայի սրտում ծվարած հին քաղաքը, որը թարգմանաբար «Խայտաբղետ Կով» է կոչվում: Այդ վայրում մարդիկ ապրում էին դարեր ի վեր, ծնվում ու մահանում, կառուցում ու ստեղծագործում, պատերազմում ու ընտանիքներ կազմում՝ սերնդե-սերունդ փոխանցելով իրենց ողջ փորձն ու իմաստությունը: Ու այդ օրը քաղաքի ու նրա բնակիչների համար հիրավի ճակատագրական պիտի դառնար, քանի որ Արևելքից եկող Մարգարեն նոր խոսք ու դավանանք էր բերում նրանց հոգնած մտքերին ու ընդարմացած հոգիներին: Նա գալիս էր Հավերժական քաղաքից, ուր խաչվում էին հինն ու նորը, Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը: Եվ նրա մեջ դարերի միտքն էր բյուրեղացել` իբրև մի նոր փիլիսոփայություն, որ նա բերում էր Խայտաբղետ քաղաքի հոգնած ու դատարկված մարդկանց:

Մոտ երեսուն տարեկան կլիներ: Հագին ուղտի մազից հյուսած պարզ հագուստ էր, ոտքերին` կաշվե ոտնամաններ: Մազերը հասնում էին ուսերին, իսկ դեմքը ամիսներ ի վեր սափրած չէր: Արտաքուստ հոգնած էր, և միայն աչքերի փայլն էր վկայում նրա ոգու ուժի, անհողդողդ վճռականության ու անսպառ եռանդի մասին: Նրան ուղեկցող մարդիկ էլ` քսան հոգու չափ, նման էին նրան, ավելի ջահել ու տարիքով, քան ինքը` Մարգարեն: Բոլորի վրա էլ երկար ճանապարհի զրկանքների դրոշմն էր, ուստի քայլում էին դանդաղ, լուռ ու խորունկ հայացքներով, բայց նրանց ամեն քայլի մեջ անհատնում կորով ու հաստատակամություն էր նշմարվում: Նրանք գիտեին, որ Արևելքից եկող իրենց ուսուցիչը կտրել-անցել է տառապանքի ու նվաստացման հազարավոր մղոնները, որ ճշմարտության բաղձալի առաքելությունը բերի ենթագիտակցորեն իրեն փափագող միլիոնավոր մարդկանց:

*  *  *

Արեգակն արդեն թեքվում էր զենիթից, երբ հոգնած ճամփորդները հասան քաղաքին ու ներս մտան նրա միջնադարյան պղնձե դարպասով: Նրանք քայլերն ուղղեցին դեպի շուկա, ուր տաճարն էր ու մարդկանց խայտաբղետ բազմությունը: Մեկնվեցին բլրակի` անցյալ տարվանից հրաշքով պահպանված կանաչների վրա, իրենց ճամփորդական պարկերից հաց հանեցին ու խմեցին աղբյուրից, որ քաղաքի վարպետները լեռներից հասցրել էին մինչև հրապարակ: Ուտելիքն ու սառնորակ ջուրը ապաքինեցին նրանց հոգնությունը: Շուտով նրանց շուրջը հետաքրքրասերների բազմություն հավաքվեց: Մարդիկ կարծում էին, թե թափառաշրջիկ երաժիշտների խումբ կամ էլ կրկես է ժամանել, սակայն աստիճանաբար պարզ դարձավ, որ այս ուխտավորները միանգամայն այլ առաքելությամբ են եկել իրենց քաղաքը:

Երբ արդեն բավականաչափ մարդ էր հավաքվել, մարգարեն վերկացավ նստած տեղից, բարձրացավ մի թմբի վրա, ողջունեց մարդկանց իրենց մայրենի լեզվով ու սկսեց խոսել.

– Երանի՜ ձեզ, սիրելիներս, որ հիմա լսում եք ինձ, քանզի շատերը ցանկացան լսել, բայց փակ էին նրանց ականջները:

– Երանի՜ ձեզ, որ հիմա տեսնում եք ինձ, քանզի ձեզնից առաջ էլ շատերը երազում էին տեսնել ինձ, բայց նրանց ժամը դեռ չէր հասել:

– Երանի՜ ձեզ, որ հոգու աղքատության եք և ծարավի եք հասել, քանզի ձերն է լինելու իմ բերած հագեցնող ջուրը:

– Երանի՜ ձեզ, երբ հալածվեք ու նախատինք ուտեք իմ պատճառով, ու իմ երեսից ամեն տեսակ չարություն ստանաք խավար մարդկանցից: Ցնծացե՛ք ու ուրախացե՛ք, քանզի դարեր շարունակ այդպես են վարվել արդարների ու մարգարեների հետ:

– Երանի՜ ձեզ, որ խաղաղության եք հասել, քանզի դա է ձեր իրական վաստակը:

– Երանի՜ հեզերիդ, ողորմածներիդ ու սգավորներիդ, որովհետև ինձ եղբայրներ պիտի կոչվեք:

– Երանի՜ ձեզ, որ այսօր պիտի տեսնեք ու լսեք ինձ, քանզի շատերը սպասեցին այս ժամին, բայց, ավաղ, խառնվեցին հողին` պապագ ականջներով ու աչքերով:

– Ես չեմ եկել Օրենքն ու մարգարեներին ջնջելու: Ոչ թե ջնջելու, այլ լրացնելու, մեկնաբանելու և կատարելու: Ես այլ բան չեմ բերել ձեզ, քան իմ խոսքն ու նորովի մեկնաբանությունը: Հրաշքներ ու երկնային նշաններ չհայցեք ինձնից: Այն, ինչ պիտի քարոզեմ ձեզ, արդեն իսկ ձեր մեջ է ծննդյան օրից: Պարզապես եկել եմ, որ բացեմ ձեր աչքերը, որ տեսնեք ձեր միջի մեծագույն գանձը: Ազատություն է դրա վսեմ անունը: Դուք, որ ծնվել եք ազատ, հագուրդ տվեք ձեր ազատությանը, որ լիուլի վայելեք նրա անհատնում քաղցրությունն ու խորին իմաստը: Եվ թող ձեր բոլոր մտքերն ու իղձերը, ձեր համայն քայլերն ու հույսերը ապավինեն այս մեծ գաղափարին կյանքի անհատնում հորձանուտներում ու անհամար ուղիներում: Ինչպես որ մեր հայրն է ազատ ու հպարտ իր ազատությամբ, այնպես էլ դուք ազատ ու անկաշկանդ եղեք ձեր կյանքի բոլոր օրերում: Եվ բնավ մի՛ վարանեք ճամփա տալու ձեր նկրտումներին, քանզի զարմանալի ու հրաշալի իմաստ ունի ազատությունը. որքան ավելի ես հանում միջիցդ, այնքան ավելի ես հարստանում դրանով: Որքան շատ բաժին հանես մարդկանց քո ազատությունից, այնքան ավելին կվերադառնա քեզ` մեկին` տաս, մեկին` հարյուր, մեկին` հազար, ինչպես ինձնից առաջ եկածն էր բազմացնում հացն ու ձուկը անոթի ժողովրդի համար: Ընսդմին դուք անոթի եք, չնայած հացն այնքան է շատացել, որ արդեն ոտնատակ է գնում: Մի՛ արհամարհեք այն, քանզի, ո՞վ գիտե, միգուցե ձեզնից վերցվի և ուրիշներին տրվի: Ինչու՞ եք վախենում ճաշակել այն, ինչ երկնային մանանայի պես լցրել է ձեր արտերն ու պահեստները: Ասում եմ ձեզ` անխռով վայելեք ձեր հացը, որ ազատություն է կոչվում: Կերե՛ք այն գերագույն հաճույքով, բաժին հանեք ձեր մերձավորներին ու հեթանոսներին: Սովորեցրե՛ք բոլորին գնահատել այդ գերագույն պարգևը, ու թող համայն աշխարհը վարակվի այդ սրբազան գաղափարով: Շուտով ամենդ կճաշակեք այդ բերքի հարուստ պտուղները:

– Հիշու՞մ եք ինչ էր ասված` «Դուք եք երկրի աղն ու աշխարհի լույսը»: Երբ վառեք ձեր ճրագները, մի՛ թաքցրեք դրանք, այլ թող ձեր լույսն ու իմաստությունը համայն աշխարհի վրա տարածվեն, ինչպես ձեր գիտության ու մտքի նվաճումները, որ մարդիկ տեսնեն ու վարակվեն ձեր բոլոր բարի գործերից: Մոտ է ժամանակը, ուստի եկեք նրան համահունչ քայլենք` մտքով ու սրտով, և խորամանկ Մամոնայից օրինակ վերցնենք՝ քանի դեռ ճանապարհին ենք: Իսկ հիմա ուզում եմ ասել այն, ինչ առատահոս լեռնային վտակի պես կուտակվել է ձեր մեջ, ու պետք եմ ես, որ քանդեմ ամբարտակը ու ազատ ընթացք տամ ձեր բոլոր իղձերին ու գաղտնի սպասումներին: Այն, ինչ ես հիմա հնչեցնում եմ այս լեռան վրա, ձեր գործերով ու խոսքով պիտի տարածվի երկրի վրա, որ աշխարհը` ճանաչելով ձեզ, ճանաչի ինձ և ինձ ուղարկողին:

– Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին` «Մի՛ սպանիր, այլ սիրիր քո թշնամուն»: Ես էլ նոր բան չեմ ասելու, այլ կրկնելու եմ հին իմաստությունը` սիրե՛ք ձեր թշնամիներին ու բացեք ձեր դռները նրանց առջև: Եվ թող գան նրանք, մտնեն ձեր տները ու տեսնեն ձեր լույսն ու գործերը ու ձեզ պես կատարյալ լինեն: Նաև ասված է` «Մի՛ շնացեք»: Հիրավի, լավ չէ շնանալը, քանի որ դուք մարդ եք, այլ ոչ թե շուն: Բայց ասում եմ ձեզ` մի՛ սպանեք ձեր անձերը ձեր մեջ, որովհետև ինքնասպանությունը մեծագույն մեղք է: Աստված ձեզ արու և էգ է ստեղծել և երկուսիդ մեջ էլ հոգի է դրել: Մի՞թե դաշտի ծաղիկն ու երկնքի թռչունը խորշում են այն բանից, որ իրենք ծաղիկ կամ թռչուն են: Բնավ: Ուստի ասում եմ` կինը ձեզ հավասար է, և դուք հավասար եք նրան: Թող նա էլ իմանա ազատությունը և իր իրական տեղը գտնի ձեր մեջ, որ ճնշված ու իրավազուրկ չմնա: Ազատ կամքի ցանկացած բռնացում չարից է ու չարություն է ծնում: Փախե՛ք դրանից: Ազատ եղեք ու ձեր կանանց էլ ազատ պահեք ու անկաշկանդ: Իհարկե, լավ կլիներ, եթե ընդհանրապես մարմնով չառնչվեիք կնոջը, բայց, եթե անկարող եք ինքներդ ձեզնից ներքինի խզել, ապա, ուրեմն, մի՛ խորշեք մարմնական վայելքներից: Չէ՞ որ չեք վարանում հաց ուտել կամ շոր հագնել ձեր մարմնի համար:

– Երդում մի՛ տվեք: Պարզապես թող ձեր խոսքերը լինեն այոն`այո և ոչը` ոչ: Եվ նպատակ դնելն էլ երդվելու պես է, ուստի ապրեք ձեր կյանքը թռչունների ու ծաղիկների պես` չփորձելով Աստծուց առաջ ընկնել: Ապրեք հանգիստ ու անհոգ ու վայելեք ձեր կյանքի օրերը ծաղիկների ու թռչունների պես: Եվ բնավ մի՛ մտածեք բազմանալու ու երկիրը ձեզնով լցնելու մասին, քանզի որակն ավելին է, քան քանակը, և հոգին ավելին է, քան մարմինը: Մտածեք ինքնամաքրման մասին, իսկ բազմանալու հոգսը թողեք հեթանոսներին, որոնք տակավին կույր են և վստահ, թե իրենց ուժը բազմության մեջ է: Բայց հիշեք, թե ինչպես Դավիթը գետնեց Գողիաթին: Դրա համար էլ ասում եմ` ձեր մեկը հեթանոսների հազարն է, ուստի թող երեխայի ու սերնդի հոգսը թոթափվի ձեր վրայից, և միայն ինքնահաստատման ու կատարելության գաղափարը թևածի ձեզ վրա:

Այդ պահին մի քանի մանուկներ ցանկանում էին մոտենալ Վարդապետին, բայց ծնողները խստորեն սաստում էին նրանց: Այս տեսնելով ասաց.

– Նայե՛ք ձեր մանուկներին ու մի՛ հեռացրեք նրանց ինձնից: Ճշմարիտ եմ ասում ձեզ` մինչև սրանց պես անմեղ ու կատարյալ չլինեք` տեղ չունեք ո՛չ իմ կողքին, ո՛չ երկրի երեսին, և ո՛չ էլ երկնքում: Ուստի ասում եմ ձեզ` եղե՛ք ձեր թոթովախոս ու միամիտ զավակների պես, եթե ցանկանում եք ճաշակել աշխարհի երջանկությունը: Չէ՞ որ նրանք ոչ լեզու ունեն և ոչ էլ գույն են ճանաչում: Սպիտակը նրանց համար ավելին չէ, քան սևը, և դեղինը պակաս չէ, քան կարմիրը: Երբ մանկան մաքուր աչքերով նայեք աշխարհին, ու ազատության գաղափարը ձեզ մշտնջենական ուղեկիցը լինի, ապա մտահոգող բոլոր հարցերի պատասխանն ու տարակուսանքների լուծումը ինքնըստինքյան կգտնեք: Եվ կփոշիանա ձեր անվստահությունը սևամորթի ու դեղնամորթի, կարմրամորթի ու մյուս գունավորների հանդեպ: Ինչպես հին ճշմարտությունն է հուշում`E pluribus unum: Առատ բաժին հանեք նրանց էլ ձեր ազատությունից և շուտով կհասկանաք, թե որքա՜ն անհիմն ու խղճալի էր ձեր երբեմնի վախը մաշկի գույնի հանդեպ:

– Վարդապետ, իսկ ի՞նչ կասես սպանության մասին, – հարցրեց մեկը ամբոխի միջից:

– Ես ձեր հարցին հարցով կպատասխանեմ` արդարացի՞ էր Գողիաթին սպանելը: Ճշմարիտ եք պատասխանում, թե` այո: Սակայն թող սպանությունն ինքնանպատակ չլինի: Այո, սպանեցե՛ք նրանց, ովքեր ձեզ դեմ են կանգնում, երբ ձեր գաղափարի դրոշով եք առաջ գնում: Եվ մի՛ վախեցեք դատապարտվելուց: Նախ, որովհետև հաղթողին չեն դատում, և հետո էլ` նպատակն արդարացնում է ցանկացած միջոց: Բայցև իմացե՛ք` ձեզ էլ պիտի սպանեն, եթե փորձեք դեմ գնալ ձեր գաղափարին, որի առանցքը ազատությունն ու վաստակած իրավունքներն են: Ու ձեզնից շատերին են սպանելու, երբ իմ անունով գործեք, բայց մի՛ վհատվեք, քանի որ քաղցր է հանուն ազատության նահատակվելը: Եվ երբեք դեմ մի՛ գնացեք ամբոխին, քանի որ բազմության ձայնը Աստծո ձայնն է, որը երբեք չի սխալվում: Իսկ ձեր մյուս դրոշը թող ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները լինեն, որ մեծամասնության ճշմարիտ ու անկաշառ գաղափարախոսությունն են: Եթե անգամ ձեր դեմ չարիք են գործում, ոչ մի դեպքում նրան հակառակ չկանգնեք, այլապես դրանից նա միայն կուժեղանա: Դևի պես կգնա անապատ, իրենից չար յոթ ուրիշ դևեր կառնի ու հետ գալով կկործանի ձեզ: Ինչպես Պողոսն էր ասում, ընդունեք չարին ձեր մեջ ու ձեր տներում ու բարությամբ հաղթեք նրան:

Մարդիկ ավելի ու ավելի հետաքրքրությամբ էին լսում Մարգարեին: Ու, երբ նա կարճատև դադար տվեց, մեկը դիմեց նրան.

– Վարդապետ, լավ բաներ ես ասում` մեզ սրտամոտ ու հաճելի: Բայց լավ կլինի դու մեզ ավելի կիրառական խորհուրդներ տաս: Ասա` ինչպե՞ս վերաբերվենք դավաճանող կանանց ու միասեռականներին, որ հեղեղել են մեր քաղաքը:

– Արդեն ասացի ձեզ: Թող ձեր չափորոշիչը ազատությունն ու ժողովրդի խոսքը լինեն: Իսկ ինչու՞ չեք խոսում դավաճանող տղամարդկանց մասին: Ո՞վ է ձեզնից արդարը` թող նա էլ առաջինը քար նետի շնացող կնոջ վրա: Եվ թող ձեռք պարզի նա, ով գոնե մեկ անգամ չի երազել տրվել անառակ կնոջ հաճույքներին: Մի՛ մոռացեք, որ կինն էլ ազատ է ծնվել, և նրա մեջ էլ հոգի է դրվել: Ուրեմն թող ազատ լինեն ձեր կանայք և ազատության մեջ գտնեն իրենց ճշմարիտ ճանապարհը: Յուրաքանչյուրին թող տրվի ինչ որ իրենն է: Երբ ապուր եք պատրաստում` չեք կարող այն ճաշակել, քանի դեռ պատրաստ չէ, քանի որ հում է և համերն իրարից զանազան: Եվ միայն եփվելուց հետո կարող եք ասել` համե՞ղ է, թե՞ ոչ: Դուք էլ պիտի ապուրի պես եռ գաք, մինչև որ կատարյալ դառնաք: Այն ժամանակ միայն, երբ ազատության գաղափարը տարածվի աշխարհով մեկ, ու բոլորն այլևս նույն ձևով ապրեն ու մտածեն, այդժամ կճաշակեք այս գաղափարախոսության իրական համը: Իսկ ես ասում եմ ձեզ` քա՜ղցր է լինելու այդ համը ու բերկրալի: Ուստի հիմա մի՛ մատնեք ձեր գլուխները անհեթեթ մտքերին: Դուք շատ ավելի կարևոր առաքելություն ունեք` վառել իմաստության ճրագը, որ լույսը սփռվի աշխարհով մեկ: Քանի որ ճրագ վառելով` անկողնակալի տակ չեն թաքցնում, այլ դնում են աշտանակի վրա, որ լուսավորի ամբողջ տունը: Իսկ ձեր տունը այս աշխարհն է` Արևելքից` Արևմուտք, Հյուսիսից` Հարավ: Շատ ջանք պիտի թափվի, բայց մոտ է ժամանակը: Ես կուզեի ձեզ հետ առակներով խոսել, բայց հիմա լավ է, որ բացեիբաց ասեմ, որ բոլորիդ հասանելի լինեմ: Հարցնում եք միասեռականների մասին: Կրկին հարցով կպատասխանեմ` ո՞վ ձեզ իրավունք տվեց քննելու մեր հոր գործերը: Չգիտե՞ք, որ անկանխատեսելի են նրա ճանապարհները: Ծառի վրա էլ փչացած ու որդը կերած պտուղ է լինում: Եվ դաշտում էլ որոմ է աճում` ցորենի հետ խառնված: Ուստի կրկնում եմ ձեզ` մի՛ դատեք: Վերաբերվեք նրանց իբրև Աստծո արարածների և ձեր սերն ու լույսը տարածեք նրանց վրա: Նրանք ձեր սիրո և խղճմտանքի կարոտն ունեն, ուրեմն` մի՛ զրկեք նրանց ձեր գանձերից, այլ բաժանեք նրանց առատորեն: Սիրեք նրանց և վստահ եղեք, որ ձեր հունձքն էլ առատ է լինելու: Մի բան էլ. որքան էլ ձեր ողորմությունն ու ողորմածությունը գաղտնի անեք, համենայն դեպս թող մարդիկ իմանան դրա մասին, որ ըմբռնեն ճիշտ ապրելու և բարիք գործելու խորհուրդը:

– Ինչու՞ եք ինձ հարցնում բազմակնության մասին: Չէ՞ որ բոլորդ էլ իրականում բազմակին եք: Ձեզնից ո՞վ է միայն մի կին ճաշակել: Բայց իմացե՛ք, որքան որ դուք բազմակին եք, այնքան էլ ձեր կանայք են բազմամուսին, քանի որ, երբ ճանաչում ես մի կնոջ, նա էլ ինքնըստինքյան քեզ է ճանաչում: Ու եթե չեք կարող հրաժարվել կնոջից, ապա գոնե կեղծավորություն մի՛ արեք: Ուստի ասում եմ` ազատ եղեք ձեր մարմնական բնազդների մեջ, և այդ հարցերն իրենք իրենց կվերանան: Չէ՞ որ դուք ուտելուց կամ քուն մտնելուց ամոթ չեք ճաշակում: Ուրեմն` ի՞նչ ամոթալի բան կա կնոջ հետ կենակցելու մեջ: Ըստ էության` նա հենց դրա համար է ստեղծված:  Բայցև նրանց դատավոր մի՛ եղեք: Թող կինն էլ ազատ լինի, ինչպես որ դուք եք ազատ:

– Կրկին ձեր իրավունքների մասին եմ ուզում խոսել: Դա ձեր մեծ նվաճումն է, ուստի ատամներով պահեք այն: Թող ձեր խոսքը ազատ լինի, և հարկ չկա այն սրտում պահելու, որովհետև սրտում կուտակվածից չարություն է ծնվում: Մի պահեք այն բանտարկված, քանզի դա բռնություն է, իսկ ցանկացած բռնություն ի վերջո էլ ավելի մեծ պատասխան բռնություն է ծնում:  Թող ձեզնից յուրաքանչյուրը իր ձևով պաշտամունքի կանգնի, քանի որ ձևն էական չէ, այլ բովանդակությունը: Եվ մի՛ արգելեք ձեր կողքին բնակվող հեթանոսներին իրենց ձևով հաղորդակից լինելու աստվածներին, քանի որ բովանդակությունը դրանից բնավ չի փոխվում: Թողեք, որ կառուցեն իրենց պաշտամունքի տաճարները ձեր հողի վրա: Դրանից դուք չեք աղքատանա, մինչդեռ իրենք, տեսնելով ձեր մեծահոգությունն ու բարեհաճությունը, իրենք էլ ժամանակի ընթացքում ձեզ պես կդառնան: Դրանով իսկ ձեր լույսը կտարածվի նրանց վրա: Իսկ մի՞թե դա ձեր մեծագույն պարգևը չէ:

– Ծոմապահության մասին եք հարցնում: Ինքներդ որոշեք, թե ինչն է ձեզ համար լավ: Ազատ եղեք անգամ ձեր որոշումների մեջ: Զգույշ եղեք, որ չարհամարհեք ձեր մարմինները: Հիշեք, թե ինչ է ասում ժողովրդի իմաստությունը` առողջ հոգին առողջ մարմնում: Ուստի սիրեք ձեր մարմինը և այն կատարյալ դարձրեք, քանզի Աստված ձեզ իր կերպարանքով ստեղծեց: Եվ բնավ մի՛ խորշոմեք ձեր մարմնական ցանկություններին հագուրդ տալուց, քանզի դուք էլ ծառի պես եք, իսկ ծառը պիտի ջրվի, որ աճի ու բերք տա: Ձեր ճշմարիտ գանձերն այստեղ չեն պահվում, դրա համար էլ ասում եմ` շատ մի՛ խորհեք, թե ինչով պիտի լցնեք ձեր երկնային կյանքի օրերը: Պարզապես ուրախ ապրեք ու անհոգ, քանզի յուրաքանչյուրիդ ճակատագիրը կանխորոշված է շատ վաղուց` Տիեզերքի ստեղծման պահից: Թող ձեր ամեն մի քայլը ազատ ապրելու առհավատչյան լինի: Հնազանդ եղեք ձեր ճակատագրին ու կյանքի օրերին: Մի՛ մտածեք այն բաների մասին, որոնց վրա իշխանություն չունեք: Մի՛ փորձեք բանալ այն դռները, որոնց բանալիները ձեզ տրված չէն: Դուք ունեք այն, ինչ ձեզ պետք է, ու ամեն ինչ նախասահմանված է ձեզ համար: Ապավինեք նախախնամությանը ու ձեր լույսն ու բարի գործերը տարածեք կարոտյալների վրա: Ձեր ձեռքով է Աստված նրանց հաց տալիս:

– Ձեր ձեռքին է պատմական առաքելությունը: Ձեզ է շնորհված աշխարհի պատկերները նկարելու սրբազան պարտքը, ուստի մի՛ հապաղեք: Ժամանակը կարճ է: Սպանե՛ք գողիաթներին, եթե դա ձեզ է վերագրված: Կործանեք Արևելքի կռապաշտ քաղաքները, եթե նրանք ըմբոստանում են ձեր ազատության և աշխարհընկալման դեմ: Ես օրհնում եմ այդ նոր Խաչակրաց արշավանքը: Մի՛ խուսափեք պատերազմներից, քանզի դրանք կեղտոտ արյունը հեռացնելու լավագույն միջոցն են: Ուրեմն` քանդե՛ք Բաբելոնի քարակուռ աշտարակները: Եվ մի՛ տվեք ձեր սրբությունները շներին, այլ միայն նրանց, ովքեր գնահատում են դա ու կպահպանեն ամենայն երկյուղածությամբ ու ակնածանքով: Հասել է պահը, երբ դուք լոկ պիտի ստանաք, գտնեք ու ձեր առջև բացվեն դռները: Քանզի ձեր հայրերն ու պապերը ձեր փոխարեն արդեն խնդրել են, որոնել ու բախել աշխարհի բոլոր դռները: Ցրվե՛ք աշխարհով մեկ ու տարե՛ք ձեր լույսի ջահերը ձեզ հետ: Եվ հոգ մի՛ արեք, թե ով է ապրելու ձեր մամռակալած քաղաքներում: Մի՛ մտածեք, թե ով է հերկելու ձեր դաշտերն ու աշխատելու ձեր գործարաններում: Ձեր առաքելությունն ավելին է, քան այդ ամենը, որ անցողիկ է ու խաբուսիկ: Ազատ եղեք ձեր յուրաքանչյուր քայլում, խոսքում, հավատի մեջ, ամուսնության ու ընտանիքի հարցում: Եվ մի՛ մտածեք, թե ինչ կլինի ձեր զավակների ճակատագիրը, քանզի մտածելով լոկ ձեր հոգսն եք ավելացնում: Նրանց համար ի վերուստ արդեն սահմանված է, և նրանք կգտնեն իրենց ճշմարիտ ճանապարհը: Թող ձեր հոգսը ձեզ բավական լինի: Առանց այդ էլ` շատ ծանր է նա նստած ձեր ուսերին: Եկել է պահը, որ դու՛ք էլ թոթափեք այն ու, ազատ շունչ քաշելով, վայելեք ձեր կյանքի օրերը: Մնացածը թող հեթանոսները հոգան: Դուք ճարտարապետներ եք, և ոչ թե շինարար մշակներ: Դուք այն ոսկե թթխմորն եք, որով աշխարհի ցորենը հաց պիտի դառնա: Եվ ձեր փառքն էլ շատ է լինելու այնտեղ, ուր մյուսները տեղ չունեն:

– Վարդապետ, իսկ ինչ անենք դրա համար, – ձայնեց մեկը բազմության միջից:

– Ուզում եք կրկին «Ոսկե օրենքը» մեկնաբանե՞մ: Սիրով կանեմ, քանզի անսահաման է իմ սերը ձեր հանդեպ: Արեք մարդկանց այն, ինչ կուզեիք, որ նրանք անեին ձեզ: Լու՞յս եք ուզում` ծագեցրեք ձեր լույսը բոլորի վրա: Ազատությու՞ն եք ուզում` տվեք բոլորին այդ քաղցր ու երանելի պտուղը` հեթանոսներին, կանանց, երեխաներին, բոլոր ազգերին ու լեզուներին: Ժողովրդի իշխանությու՞ն եք ուզում` տվեք ժողովրդին այդ բաղձալի իշխանությունը: Եվ, եթե նրանք հասու չեն դա վերցնելու, ուժով տվեք: Քանզի կույր են նրանք, ու պետք է բացել նրանց աչքերը: Մի՞թե ուժով ու ստիպողաբար չեք ձեր զավակներին դարման տալիս, երբ նրանք հիվանդ են լինում: Արդյոք արդար չէ՞ այդ քայլը: Կամ, երբ կտրում եք ծառի հիվանդ ճյուղերը, որ ուտիճը չտարածվի ամբողջ ծառի վրա, մի՞թե ծառը նեղվում է դրանից: Սրանք բոլորն էլ արդար արարքներ են, ու ոչ ոք ձեզ չի դատի դրանց համար: Ընդհակառակը` ամենը պիտի շնորհակալություն հայտնեն ձեզ, երբ տեսնեն, թե ինչ են ստանում արդյունքում: Ու ձեր փառքը վերստին շատ կլինի: Ու կփառավորեն մարդիկ ձեզ, ինձ ու ինձ ուղարկողին:

– Դուք արդեն անցել եք ձեր նեղ ճանապարհը: Ու հիմա արդեն, երբ մոտ է ժամը, իրավունք ունեք լայն ու լուսավոր ճամփան բռնելու: Դուք վաղուց ի վեր նետել եք քարերը, ու հիմա հասել է դրանք ժողովելու երանելի պահը: Ուստի վայելեք ձեր լայն ու լուսավոր ճանապարհը: Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, վայելեք ձեր կյանքի օրերը ու հոգ մի՛ արեք որևէ բանի համար: Ազա՛տ եղեք ու թող ազատությունը երջանկություն ու բերկրություն բերի ձեր սրտերին ու մտքերին:

– Մի առակ եմ ուզում պատմել ձեզ: Մի մարդու շատ գանձեր տվեցին ու ասացին` արա՛ ինչ որ ուզում ես: Եվ նա շուտով հուսահատությունից ինքնասպան եղավ: Ուրեմն` զգույշ եղեք: Դուք արդեն շատ գանձեր ունեք ժողոված և ինքներդ ձեզ հարց եք տալիս` հիմա ի՞նչ անենք: Եկել է գանձերը ցրելու ժամանակը, բայց ո՛չ թափելու: Տվեք ձեր գանձերը նրանց, ովքեր կարող է դրանք արժանավայել կերպով պահել ու պահպանել: Իսկ ինքներդ այնքան հզոր եք, որ կարող եք նորը ստեղծել ու բազմացնել: Մի՛ հուսահատվեք, և մի՛ թողեք, որ հուսահատությունը իշխի ձեզ վրա: Հիշե՛ք ինձ և իմ անունը, ու ձեր ճանապարհը կանաչ կլինի ինձ ուղարկողի հովանու ներքո: Եվ իմացե՛ք` ով ինձ հետ չէ` հակառակ է ինձ, և ով ինձ հետ չի հավաքում` ցրում է: Ինձ ընդունելով` կընդունեք ինձ ուղարկողին, իսկ ինձ մերժելով` կմերժեք և նրան: Annuit coe՜tis :

– Վարդապետ, իսկ հայրենի՞քը: Չէ՞ որ մենք պարտական ենք մեր հայրենյաց հողին, ուր մեր պապերի աճյուններն են ամփոփված ու որի վրա մեր թոռները պիտի հասակ առնեն ու մեծանան:

– Ինչքա՜ն եք սիրում ինքներդ ձեզ համար սահմաններ ստեղծել: Մի՞թե դուք սահմանների մեջ եք ծնվել: Կամ ի՞նչ լեզու էր ձեր բերանում այդ պահին: Ինչու՞ համառորեն չեք ցանկանում ազատ ապրել: Եթե դուք ազատ եք լույս աշխարհ եկել, ապա ինքներդ ձեզ համար պատեր ու փշալարեր մի՛ մոգոնեք: Թող համայն աշխարհը ձեր հայրենիքը լինի: Եվ հանգիստ թողեք մեռածներին: Ես նրանց համար չեմ եկել, այլ ապրողների:

– Ուզում եմ ձեզ նաև զգուշացնել կեղծ մարգարեներից: Եկել են ինձնից առաջ և գալու են ինձնից հետո: Հայհոյելու են ինձ ու ինձ ուղարկողին ու փորձելու են ձեզ վերադարձնել հոգսի ու տրտմության անփառունակ օրերին: Զգուշացե՛ք նրանցից ու վանեք նրանց ձեզնից: Գալու են գառան մորթու մեջ ծպտված, սակայն վտանգավոր գայլեր են դրանք, որ փորձելու են ձեզ կրկին տանել դեպի դժխեմ ժամապահություն ու, ինչպես իրենք են կոչում, ճշմարիտ մաքրակենցաղություն: Հնացած ու բորբոսահոտ գաղափարներ են փորձելու փաթաթել ձեր գլխին` ընտանիքի, եկեղեցու և այլնի մասին: Մինչդեռ ձեզ պետք չեն քարակերտ եկեղեցիներ: Թող դրանք գրադարաններ ու առևտրի կենտրոններ դառնան: Կամ էլ հեթանոսներին տվեք իբրև կացարան: Քանզի ձեր եկեղեցիները դուք եք և ձեր ազատությունը: Ավելորդ կապանքներ մի՛ ստեղծեք ձեզ համար: Ձեզ պետք չէ ընտանիքի ավելորդ հոգսը, որ կրում եք ուսերիդ` տառապանքով ու ափսոսալով դեն նետել: Հրաժարվեք այն ամենից, ինչ ձերը չէ: Յուրաքանչյուրին իրենը: Հիշե՛ք իմ խոսքը` ապրեք ազատ ու վայելեք ձեր կյանքի օրերը գինով ու հաճույքներով, որ ձեզ համար են ստեղծվել: Ես միշտ ձեզ հետ կլինեմ, այնտեղ, ուր հավաքվում եք երկու-երեք մարդ իմ անունով: Իսկ ես դեռ կվերադառնամ ձեզ մոտ, ու մենք միասին կըմբոշխնենք ձեր ոսկե խաղողից քամած անուշահամ գինին:

*  *  *

Մարգարեն իր շքախմբի հետ հեռացավ քաղաքից, իսկ մարդիկ այդ երեկո, երկար ու ձիգ դարեր ի վեր առաջին անգամ, սկսեցին այլ աչքերով նայել իրենց քարակերտ տաճարներին, դավաճանող կանանց ու այլասեռված զավակներին, քաղաքը հեղեղած միասեռականներին ու հեթանոսների խայտաբղետ ու բազմալեզու բազմությանը: Ու կարծես մի հրաշալի կախարդությամբ նրանց վրայից վերացավ հոգսն, ու անհետ ցնդեցին դժնի մտքերը: Տրվեցին գինուն ու խաղաղ քուն մտան` անհոգ ու երջանիկ:

*  *  *

Վարդապետը, երբ արդեն բավականաչափ հեռացել էր «Խայտաբղետ կով» կոչվող քաղաքից, կանչեց իր ամենասիրելի ու հավատարիմ երեք աշակերտներին ու բարձրացավ մի լեռան վրա` աղոթք անելու: Աշակերտները մնացին լանջի վրա, իսկ ինքը ելավ մինչև գագաթ: Ու, երբ կանգնեց աղոթքի, նրա կերպարանքը փոխվեց մի զարմանալի այլակերպությամբ, իսկ բերանն արտասանեց.

– Շնորհակալ եմ քեզնից, Հայր: Գոհունակություն եմ հայտնում քեզ, որ թաքցրեցիր իմաստությունը հիմարներից ու անգետներից ու միայն քեզ հավատարիմ հետնորդներիդ վկայեցիր: Դու ինքդ շատ ես տառապել` անկյալ ու վտարանդի, ու հիրավի աննշան են իմ չարչարանքներն այն արհամարհանքի ու ցավի դեմ, որ դու ես ճաշակել: Բայց եկել է հատուցման պահը, երբ մարդիկ, որոնց իշխանն ես դու, պիտի վերջնականապես երես թեքեն Նրանից ու միայն քեզ դավանեն ու երկրպագեն: Եթե անգամ ո՛չ խոսքով, ապա իրենց գործերով երկրի երեսին: Եվ նրանք դա սիրո՜վ են անելու, քանզի դա է իրենց սրտի ուզածը: Լավն է ցանքսը ու առատ բերք է խոստանում: Շուտով բոլորը կապրեն քո ուզած ձևով ու քո անունը կփառավորեն: Հեռու չէ այն օրը, երբ այս զազրելի մարդիկ իսպառ կթշվառանան իրենց հեք օրերում, ու մենք այլևս կվայելենք մեր լիակատար իշխանությունը նրանց վրա: Քիչ բան է մնացել. կանցնի երկու-երեք սերունդ, և այս հոգնած ու ամորձատված ցեղը կփոշիանա ու կանասնանա, իսկ մենք կվայելենք այդ հիմարների ողջ հարստությունն ու աշխատանքի քաղցր պտուղները: Իսկ նրանց անփառունակ տաճարներն ու վանքերը կվերածվեն պոռնկանոցների ու գինետների: Novus Ordo Seclorum : Ա՜խ, ի՜նչ հաճույքով պիտի ընբոշխնեմ վրեժի այդ պահերը…

*  *  *

Մարգարեն իջավ, վերցրեց աշակերտներին ու մյուս ուղեկիցներին, ու շարունակեց ճամփան դեպի Եվրոպայի սրտում ծվարած բորբոսահոտ մեծ քաղաքները:

հուլիս 2007 թ.