ԿՐԿՆՎՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԸ
(ՀՈՒՆԻՍ)

Գիտական թեզս պաշտպանելու համար արդեն հսկայական աշխատանք էր արվել: Դա ինձ համար առանձնապես դժվար էլ չէր: Անխոնջ ու կենսուրախ գիտական ղեկավար ունենալով, որ ճակատագիրն էր պարգևել ինձ, ես ինքնըստինքյան դատապարտված էի շատ արագ վեր մագլցելու գիտության բուրգի աստիճաններով, որը շատերի համար տատասկոտ մի ճանապարհ էր, մինչդեռ ինձ համար՝ պարզապես մի հաճելի զբոսանք: Անհոգ քայլում-անցնում ես սոսիների ու ծփիների երկար պուրակներով, ըմբոշխնում թռչունների դայլայլը, տերևների սոսափյունը հունիսյան մեղմ քամուց, զմայլվում սկյուռների սիրային խաղով ու թոքերդ ու ուղեղդ լցնում թարմության ու անապականության հորդացող զովությամբ: Երկար օրերը կյանքով են շնչում, և բնության մեջ ամեն ինչ իր վայելքի մեջ է՝ ջրերը, կանաչը, կենդանիները, մարդիկ: Նույնիսկ տեղ-տեղ հանդիպող թափառական շները մելամաղձության չար մտքեր չեն ծնում, այլ հայտնվում ու մնում են իբրև մայր բնության զավակներ: Երանելի ներդաշնակություն…

Այդ զբոսանքներից մեկի ժամանակ ղեկավարս ինձ էր հրամցնում գիտության մինչ այդ ինձ անհայտ նրբությունները: Մենք քայլում էինք լորենիների պուրակով, ու մեղուների քաղցրահունչ բզզյունից զատ ոչինչ չէր մատնում բնության անտեսանելի շարժումը: Տասը րոպեի չափ մենք լուռ էինք՝ ամեն մեկս իր մտքերով տարված: Ղեկավարս, որն արդեն բազմավաստակ պրոֆեսոր էր ֆիզիկայի ամբիոնում, ամբողջովին տարված էր շուրջբոլորը սփռված տեսարանով և միայն երբեմն ոտքերի տակ էր նայում, որ շրջանցի հունիսյան հորդառատ ու կարճատև անձրևից մնացած ջրափոսերը, իսկ ես մտովի վերլուծում էի նրա գիտական եզրահանգումները՝ միաժամանակ փորձելով համընթաց քայլել տարիքն առած գիտնականին:

– Տես, – հանկարծ խախտեց մեղուների սիմֆոնիան ուղեկիցս, – պատահական չէ, որ այս վայրկյանին մենք հենց ա՛յս ծառուղում ենք գտնվում: Մեր շրջապատում հարյուրավոր լորենիներ են, բայց այդ բազմության մեջ իրականում չկան երկու միատեսակ ծառեր: Հազարավոր մեղուներ են սիրաբանում ծաղկաբույլերի վրա, բայց այդ մեղուների մեջ էլ չկա երկու միատեսակը: Էլ չեմ խոսում տերևների ու մյուս առավել ստորադաս երևույթների մասին: Բայց հատկանշական է, որ մենք դրանց անվանում ենք ծառ, մեղու կամ տերև և հասկանում ենք մի խիստ որոշակի բան, առանց խորանալու տեսակի առանձնահատկությունների մեջ: Սա պարզ է: Սակայն կա մի մոտեցում, կարող ենք դա անվանել աշխարհընկալում, որ մեզ թույլ է տալիս խոսել լորենու կամ մեղվի մասին որպես այդպիսին: Կա մի կրկնվող հատկանիշ կամ որակական չափ, որն ընդհանուր է դրանց համար:

– Դուք ուզում եք ասել, թե այդ առանձնահատկությունն ի հայտ բերողը կողմնակի դիտո՞րդն է, այսինքն՝ մե՞նք:

– Ոչ այնքան: Մենք կանք, թե չկանք՝ այս ծառուղին նույնը կլինի, և տերևները նույնը կլինեն, և մեղուները հաստատ նույնը կլինեն: Մեր ներկայությունը հնարավորություն է տալիս նկատել այդ փաստը, արձանագրել բառերի միջոցով և ապա փոխանցել մյուսներին:

– Ամեն մեկն էլ կարող է նկատել, – ըմբոստացա ես:

– Այո, ամեն մեկն էլ կարող է նկատել, սակայն գոյություն ունի դիտորդների երկու կատեգորիա, որոնք մեկը մյուսից տարբերվում են դիտման արդյունքներից հետևություն անելու ձևերով և ընդունակությամբ: Առաջին դասը բանաստեղծներն են, իսկ երկրորդը մենք՝ գիտնականներս:

– Ի՞նչ թաքցնեմ, պրոֆեսոր, ինքս էլ բավականին խզմզել եմ պատանի հասակում:

Պրոֆեսորը քթի տակ ժպտաց՝ կարծես մի բան հիշեց, սակայն չզարգացրեց մտքիս շեղումը:

– Կարևորը օրինաչափություն գտնելն է: Երբ զննում ես որևէ առարկա, միշտ ինքդ քեզ հարց տուր՝ «Ի՞նչ է սա»: Պարզվում է այնքան էլ հեշտ չէ այդ հարցը տալ և ապա փորձել պատասխանել դրան: Աշխատիր գտնել այն օրինաչափությունը, որի շնորհիվ այս խայտաբղետ շարքի առարկաները տարբերվում կամ նույնանում են: Եթե կարողանաս գտնել այդ օրինաչափությունները և դրանք հիմնավորել որևէ կերպ, ապա արդեն կարող ես ինքդ քեզ գիտնական համարել: Ի դեպ, Ֆարադեյը, որը միշտ տառապում էր ակադեմիական կրթության պակասից, հենց այս մոտեցման կողմնակիցն էր: Ի՞նչն է քեզ տարբերում Ֆարադեյից, – պրոֆեսորը թեքվեց դեպի ինձ, ժպտաց և ինքն էլ պատասխանեց, – գոնե ակադեմիական լիարժեք կրթությունը:

– Բայց բանաստեղծության մեջ էլ այդպես է: Ի՞նչ է անում բանաստեղծը: Դիտում է առարկաները, կատարում որոշ զգայական եզրահանգումներ և ապա դրանք հանձնում թղթին՝ ուրիշներին փոխանցելու համար:

– Կամ էլ չի հանձնում… – նորից քթի տակ ժպտաց պրոֆեսորը: – Ամեն դեպքում դա չէ էականը: Բանաստեղծն իր տեսածն ու զգացածը պրոյեկտում է սեփական աշխարհընկալման առանցքի վրա՝ առանց հաշիվ տալու, թե ինչ կմտածեն դրա մասին ընթերցողները: Դա նրա համար երկրորդական է: Գիտնականից փոքր-ինչ այլ բան է ակնկալվում՝ դա կիրառելի դարձնել, այսինքն՝ կրկնվող:

Սա ինձ համար խորհելու լուրջ թեմա էր, ու ես կրկին ընկղմվեցի մտքերիս մեջ: Այդ ընթացքում քայլերն մեզ բերեցին մի գողտրիկ բացատ՝ ծառերի շվաքում շարված նստարաններով: Ղեկավարիս առաջարկով մենք նստեցինք: Նա ծոցագրպանից փոքրիկ մետաղական տափաշիշ հանեց, կում արեց ու դրեց տեղը, իսկ ես հանդգնեցի ծխախոտ կպցնել, չնայած ակնածում էի պրոֆեսորի ներկայությունից:

Խոսակցությունը վերսկսեցի ես:

– Իսկ ի՞նչ կարծիքի եք դիտորդի մասին: Ո՞րն է նրա դերը: Մի՞թե ամեն ոք կարող է դիտորդ լինել:

– Հարցիդ պատասխանելու համար պիտի մի փոքրիկ երևակայական էքսկուրսիա կատարենք: Հիշի՛ր Հայզենբերգի անորոշությունների առնչությունը և Շրյոդինգերի սկզբունքը: Դիտորդը հենց միայն իր ներկայությամբ, կամա թե ակամա, արդեն իսկ ազդում է երևույթի վրա: Եթե մենք չանցնեինք ծառուղով, չէինք կարող վստահաբար ասել, որ քամին խաղում է լորենիների հետ, մեղուները բզզում են՝ ծաղիկներին թառած, իսկ երկու սկյուռ ճյուղից-ճյուղ են ցատկոտում: Դիտորդն ազդում է երևույթների բնական ընթացքի վրա:

– Բայց մենք կարող էինք դիտման սարքեր տեղադրել, – փորձեցի հակաճառել ես:

– Եվ դրանով իսկ ազդել ծառուղու կայացած ներդաշնակության վրա՝ փոխելով բնականոն ընթացքը: Դիտման սարքերը, որքան էլ որ դրանք աննշան ու արտաքուստ անտեսանելի լինեն, միանշանակորեն ազդում են առարկայական կապերի վրա: Մի տերև պոկիր ծառից, ու աշխարհում ամեն ինչ կփոխվի: Արտաքուստ աննշան այս գործողությունը չգիտես ինչ հետևանքների կհանգեցնի: Չէ՞ որ մենք չգիտենք, թե ինչ է երևում հայելու մեջ, երբ սենյակում ոչ ոք չկա: Եվ այս հարցն ինքնին անիմաստ է որպես սոփեստության դասական օրինակ: Եթե սենյակում, կամ այգում, կամ աշխարհում ընդհանրապես դիտորդ չկա, ապա միանգամայն անիմաստ է խոսել դիտման արդյունքների մասին:

– Բայց չէ՞ որ մենք պետք է դիտումներ կատարենք: Դա է գիտության հիմքերի հիմքը, այլապես ոչինչ տեսության տարտարոսից լույս աշխարհ դուրս չի գա: Դիտումներ, չափումներ, եզրահանգումներ…

– Կրկնվո՛ղ եզրահանգումներ, – ուղղեց ինձ ղեկավարս: – Անչափ կարևոր է հասկանալ օրինաչափությունը և ապա կարողանալ հայտարարել, որ այսինչ երևույթը, այսինչ պարագաներում, այսինչ գործոնների ազդեցությամբ կունենա այսինչ հետևանքը կամ կհանգեցնի այսինչ արդյունքին: Համենայն դեպս՝ փորձի ճշգրտության սահմաններում:

– Եվ մենք կարող ենք հարյուր տոկոսով վստահ լինե՞լ:

– Թերևս… Այստեղ տեղին է հիշել երկրորդ կարևոր սկզբունքը. մենք չենք կարող վստահաբար խոսել առարկայի տեղի և ապագա դիրքի մասին, այլ միայն որոշ հավանականությամբ: Հնարավոր չէ գուշակել ապագան… Պատկերացնում եմ` ի՜նչ մտավոր տանջանքների և սեփական աշխարհընկալման զոհաբերության գնով է ծերուկ Հայզենբերգը հանգել այս մտքին: Նա ինքն էլ շատ գոհ չէր այս առնչությունից, սակայն գիտության ամբողջ հետագա զարգացումը ցույց տվեց այս երկու պոստուլատների իրավացիությունը և, միգուցե, համարժեքությունը: Դիտորդը խախտում է իրերի բնականոն ընթացքը, և չի կարելի վստահաբար արձանագրել, թե ինչ կլինի հաջորդ պահին: Դա մեր թույլ տեղն է, տղաս: Վերջիվերջո, չէ՞ որ մենք աստվածներ չենք, այլ ընդամենը փիլիսոփա-գիտնականներ: Մտածիր կրկնվելու հավանականության մասին: Սա է լինելու քո թեզի կարմիր թելը: Փորձիր նորություն և թարմություն մտցնել դարավոր պատկերացումների մեջ, որ արդեն համարյա քարացել են… Հրաշալի է այստեղ, բայց վերադառնալու ժամն է: Վաղն առավոտյան անցիր ինձ մոտ՝ ամբիոն:

*  *  *

Ամբիոնում ինչպես միշտ եռուզեռ էր: Ներսուդուրս էին անում դասախոսներն ու գիտնականները, ասպիրանտներն ու ավարտական կուրսի ուսանողները: Անկյունի լուսամուտի մոտ դրված հսկայական հնաոճ սեղանի վրա կքված՝ ղեկավարս արագ-արագ ինչ-որ նշումներ էր անում: Ես մի րոպեի չափ ոտքս կախ գցեցի՝ չցանկանալով ընդհատել նրա մտքի թելը, որովհետև, համենայն դեպս իմ կարծիքով, գիտական մտքերն էլ մուսաների ժլատ պարգևներն են, և հարկ չկա խառնվելու մեզնից բարձր էակների ժամանակին ու տրամադրության ելևէջներին: Բացի այդ, շատ եմ սիրում նայել, թե ինչպես են աշխատում գիտնականները կամ արվեստագետները: Անձամբ ես միշտ նախընտրում եմ ոչ թե համերգներ հաճախել, այլ ներկա գտնվել նվագախմբի փորձերին, որն իրական ժամանակի ու ձևի մեջ է:

Այդ պահին ղեկավարս նկատեց ինձ ու ձեռքի շարժումով մոտ հրավիրեց՝ շարունակելով գրել: Ես նստեցի կաբինետային չոր աթոռին ու սկսեցի զննել չորս կողմս: Թվում էր՝ վերջին հիսուն տարվա ընթացքում այս սենյակում ոչինչ չի փոխվել: Նույնիսկ հնամենի սև հեռախոսը, որը մինչ այսօր զարմանալի կերպով կատարում էր իր ֆունկցիաները: Պատին հսկայական գրապահարանն էր՝ ծայրեծայր լի գիտական գրականությամբ և թղթապանակներով: Գրադարակների կենտրոնում ղեկավարիս փակցրած հայտարարությունն էր. «Այս սենյակից գիրք դուրս չհանե՛լ: Արդեն վերցրած գրքերը վերադարձնել ամենասեղմ ժամկետներում: Հիշե՛ք, որ անհրաժեշտ տեղեկությունը հե՛նց բացակայող գրքի մեջ է»:

Անկյունի սեղանին մի հնամյա նավագարկիչ էր դրված: Կողքին` ձայնասկավառակների կույտ: Ես դրանց բովանդակությունը անգիր գիտեի՝ դասական երաժշտություն ու երեսնականների ջազ: Առաջին տեղում, ուստի ամենալսելին, Վիվալդիի «Տարվա եղանակներն» էին՝ Հռոմի Վարպետների հիրավի անզուգական կատարմամբ: Մի անգամ ղեկավարիցս խնդրել էի տուն վերցնել այդ սկավառակը՝ մենության մեջ լսելու ցանկությամբ: Նա մատով ցույց էր տվել գրքերին վերաբերող հայտարարությունն ու ավելացրել. «Գիտես չէ՞, որ դա իմ սիրած ալբոմն է: Լսիր այստեղ որքան ցանկանում ես»: Ես էլ փակվում էի ամբիոնում ու վայելում մեծն իտալացու «Հունիսը»…

Ղեկավարս ավարտեց գրելը: Գրիչը զգուշությամբ դրեց ծոցագրպանը, հանեց ակնոցը ու մի քանի հերթապահ հարց տվեց թեզիս վերաբերյալ: Այդ պահին հնչեց դասամիջոցի ավարտն ազդարարող զանգը, ու բոլոր դասախոսներն ու ուսանողները դուրս եկան ամբիոնի սենյակից: Մնացինք ես ու ղեկավարս:

– Երեկվա մեր զրույցն ինձ խորհելու նյութ պարգևեց: Ինքս էլ հետաքրքրվեցի քո թեմայով, – ժպտալով ասաց նա: – Այո՛, մի՛ զարմացիր: Երբեմն այս գործը զուտ մեխանիկական է դառնում (կատակ բան չէ տարիներ շարունակ տասնյակ ասպիրանտների հետ գործ ունենալ), բայց ես ուզում եմ և կարծում եմ դու էլ դեմ չես, որ քո թեման և ինքը՝ թեզն ավելի կենդանի լինեն:

– Նկատի ունեք՝ արդիակա՞ն, – հարցրի:

– Բնավ, մեր գործում արդիականությունը երկրորդական է, և կան թեմաներ, որ ժամանակի առանցքի հետ որևէ կապ չունեն: Ես հենց «կենդանի» նկատի ունեմ: Ուզում եմ դա կապակցվի այն ամենի հետ, ինչ մենք տեսնում, լսում, զգում ենք մեր շուրջը՝ այս գրքերի, երաժշտության, պատուհանից բացվող հիասքանչ տեսարանի և այլնի հետ: Բացի այդ, շատ կարևոր է զուգահեռներ անցկացնելը: Իհարկե, կարելի է գրքերը քչփորել, նոր ամսագրեր կարդալ, Ինտերնետը փորփրել, բայց ես ինքս դրան կտրականապես դեմ եմ այն առումով, որ դա բավարար չէ: Կարևոր է կենդանի շփումը: Ուզում եմ քեզ գործուղել Պրինստոն, պրոֆեսոր Ա-ի մոտ:

– Հենց նրա՞, – հաճելիորեն զարմացա ես:

– Այո, ի՞նչ կա որ, Ա-ն իմ հին ընկերն է և նույնիսկ ջահելության տարիներիս համահեղինակը: Ես կխոսեմ նրա հետ ու նաև մի նամակ կուղարկեմ: Կարծում եմ երկու շաբաթը միանգամայն բավական է: Կապրես հանրակացարանում կամ էլ քեզ համար սենյակ կվարձես: Պրինստոնում դա շատ հեշտ է արվում: Մենք քեզ նաև փոքրիկ կրթաթոշակ կհատկացնենք՝ ընթացիկ ծախսերի համար:

– Իսկ ինչո՞վ եմ զբաղվելու այնտեղ:

– Ինչպե՞ս թե ինչով,- զարմացավ ղեկավարս, – զրուցելու ես Ա-ի հետ: Աշխատիր հնարավորին չափ շատ ժամանակ անցկացնել նրա հետ: Պարզապես խոսիր հետը կամ, որ ավելի լավ է, այնպես արա, որ նա խոսի, իսկ դու լսիր: Ճիշտ է՝ ես նրա որոշ գաղափարներին համամիտ չեմ, բայց դե դու էլ արդեն բավականաչափ հասուն ես, որ ծանրութեթև անես ու հետևությունների հանգես: Ուրեմն այսպես, հիմա անցիր ընդհանուր բաժին ու զբաղվիր թղթային հարցերով: Նրանք արդեն տեղյակ են:

Ես կանգնեցի, որ դուրս գամ:

– Հա, քիչ մնաց մոռանայի,  – իրար անցավ ղեկավարս, – այս ձայնասկավառակը կհանձնես Ա-ին իմ կողմից: – Նա շրջվեց, վերցրեց Վիվալդիի «Տարվա եղանակաները», խնամքով շոշափեց ձեռքերի մեջ ու մեկնեց ինձ: – Ինձ համար ես նորը կգնեմ: Ի դեպ, սա հենց նրա օրինակն է, որ տարիներ առաջ (ինչ-որ գիտաժողովի օրերին) մի շաբաթով վերցրել էի նրանից…

Նա դրեց ակնոցը, ապա հանեց ու ավելացրեց.

– Մի բան էլ, չմոռանաս Հայզենբերգ ու Շրյոդինգեր ծերուկներին, բայց հիշիր, որ գիտության, և ոչ միայն գիտության, մեջ սեփական կարծիքը միշտ պետք է մնա որպես ամենաբարձր հեղինակություն: Դե, ուրեմն, առա՛ջ:

Ես զգուշորեն բացեցի ամբիոնի ճռռացող դուռն ու դուրս եկա:

*  *  *

Պրինստոն հասա շաբաթ օրը՝ կեսօրին: Թեթև ճամպրուկն ու ձեռքիս պայուսակը թողնելով հանրակացարանում` գնացի քաղաքում թափառելու: Անսպասելի ու հորդառատ ամառային անձրևն ինձ ստիպեց վազել-մտնել առաջին իսկ պատահած սրճարանը, որոնցով լիքն են Ամերիկայի քաղաքները: Նստեցի լուսամուտի մոտ, որի ապակիներով հոսում էին անձրևի շիթերը: Համարյա անմիջապես ինձ մոտեցավ սիրունիկ ու ժպտերես մատուցողուհին՝ մեծ սրճամանը ձեռքին:

– Բարև: Սուրճ կուզե՞ք:

Սա այն է, ինչ ես սիրում եմ ամերիկացիների մեջ՝ անմիջական պարզությունը կամ, եթե ուզում եք, պարզ անմիջականությունը:

– Սիրով,- ժպտացի ես, – մի մեծ գավաթ տաք սուրճն ու ծխախոտը հենց այն են, ինչ ինձ հիմա օդ ու ջրի պես անհրաժեշտ է ու բավարար կատարյալ երջանիկ լինելու համար: Դուք շատ սիրալիր եք:

Աղջիկը, ժպիտն երեսին, ինձ համար սուրճ լցրեց:

– Հիմա մոխրաման էլ կբերեմ: Իսկ պիցցա չե՞ք ուզում: Մեր պիցցան շատ համեղ է:

– Իհարկե, իհարկե ուզում եմ,- ոգևորված պատասխանեցի ես,- ինձ թվում է՝ ամբողջ կյանքումս ես երազել եմ հենց ձեր պիցցան ճաշակել:

– Հրաշալի է,- կարծես ուրախացավ աղջիկը,- ո՞ր տեսակն եք նախընտրում: Մենք ունենք սնկով, խոզապուխտով…

– Իսկ Դուք ինքներդ ո՞րն եք սիրում,- կտրեցի նրա խոսքը ես: Ու մինչ աղջիկը փորձում էր ինքն իրեն պարզել, թե որ տեսակն է սիրում, ես ավելացրի.

– Բերեք ինձ, խնդրում եմ, Ձեր սիրած տեսակից մի մեծ կտոր:

– Իսկ Դուք վստա՞հ եք, որ կհավանեք դա:

– Իհարկե, ինչպե՞ս կարող եմ չհավանել այն պիցցան, որը Պրինստոնի ամենագեղեցիկ աղջիկն է սիրում, – հաճոյախոսեցի ես:

Աղջիկը թեթևակի շիկնեց:

– Իսկ Դուք ճանաչում եք Պրինստոնի բոլո՞ր աղջիկներին:

– Ոչ, իհարկե՝ ոչ, և կարծում եմ, որ չեմ էլ ճանաչի, եթե Դուք համաձայնեք դառնալ իմ զբոսավարը և ինձ ցույց տալ Պրինստոնի առավել տեսարժան վայրերը:

Աղջիկը նայեց աչքերիս մեջ ու մի քանի վայրկյան, մի քանի հրաշալի՝ անհայտ սպասումով լի վայրկյան, ոչինչ չասաց: Այդ պահերին ուղեղը չի որոշումներ ընդունում, այլ սիրտը: Հետո հարցրեց՝ կարծես ժամանակ շահելու նպատակով.

– Իսկ Դուք հեռվի՞ց եք եկել:

– Շա՜տ… Հմ… Ի՞նչից կռահեցիք:

– Առոգանությունից: Ձեր անգլերենն, իհարկե, անթերի է, սակայն որոշ բառեր անգլիական ձևով եք արտասանում:

– Ես անգլիացի չեմ: Ոչ ծագումով, և ոչ էլ, պատկերացրեք, բնավորությամբ: Մշուշոտ Ալբիոնի երկիրը խորթ է ինձ, և ինքս էլ, կարծում եմ, խորթ եմ նրան… Դե, ի՞նչ կասեք, ես երջանի՞կ եմ:

Նա ժպտաց, ու այտերին փոսիկներ հայտնվեցին:

– Վաղը երեկոյան յոթին եկեք այստեղ: Մինչ այդ ես շատ զբաղված եմ լինելու:

Պիցցան ինձ դուր չեկավ: Ձկան և արքայախնձորի համադրությունն իմ երևակայությունից դուրս է: Ավելի ճիշտ կլինի նախ մատուցել ձուկը, ապա արքայախնձորը՝ որպես աղանդ: Ամեն դեպքում, ես դա ընդունեցի որպես սիրո զոհաբերություն ու կերա մինչև վերջ:

*  *  *

Լիզան իմ առաջին հայտնագործությունն էր Պրինստոնում: Երկրորդ գյուտը ես արեցի մյուս օրը: Պարզվեց, որ կիրակիները տաղտկալի են աշխարհիս բոլոր ծայրերում, այդ թվում՝ Ամերիկայում: Կյանքն ամայանում է, ու մի անբացատրելի անձկություն է պարուրում քեզ ու չես կարողանում գտնել տեղդ բացօդյա կրկեսներով, գույնզգույն պաղպաղակներով ու փուչիկներով լի քաղաքում: Նույնիսկ հագուստդ օտար է թվում ու մարմնիդ խորթ: Ինչևէ, մի կերպ սպանեցի առավոտն ու կեսօրվա ժամերը ու, ըստ կայացած պայմանավորվածության, ժամը երկուսին թակեցի պրոֆեսոր Ա-ի դուռը:

Բացեց տարիքն առած աղախինը:

– Դուք պրոֆեսորի մո՞տ եք հրավիրված: Անցեք ներս, խնդրեմ, նա շուտով կմիանա Ձեզ:

Անցա հյուրասենյակ: Մինչ դիտում էի պատերին կախված նկարները, լսեցի տանտիրոջ ձայնը.

– Բարով եք եկել: Ձեր ղեկավարն ինձ արդեն հայտնել էր հեռախոսով, որ գալու էիք: Շատ ուրախ եմ: Ի՞նչպես է նա: Նույն անհանգիստ ու պրպտող մարդու՞կն է:

Ես բարևեցի ու նրան մեկնեցի ձայնասկավառակն ու ղեկավարիս նամակը:

Պրոֆեսորը դրեց ակնոցը, կարդաց, ու գոհունակության մի շող անցավ նրա դեմքով: Մոտեցավ նվագարկչին, միացրեց ու դրեց սկավառակը: Հետո բարձրացրեց ասեղն ու զգուշորեն դրեց վեցերորդ երգի վրա՝ «Հունիսն» էր: Կես րոպեի չափ կլանված ու, կարծես, իմ ներկայությունը չնկատելով, լսում էր, ապա անջատեց ու ասաց.

– Կներեք, ես սա սիրում եմ մենակ լսել: Այլ կերպ չեմ ընկալում: Եվ ամեն ամսին հենց իր մեղեդին:

Ես դա լավ էի հասկանում, ուստի ժպտալով տվեցի իմ համաձայնությունը:

Խոսակցության նյութը փոխեց պրոֆեսորը.

– Մենք պատրաստվում ենք ճաշել: Համեցեք ճաշասենյակ: Հիմա կինս կմիանա մեզ: Ի դեպ, եթե հաճոյախոսելու ցանկություն ունենաք, Ձեզ մի՛ զսպեք: Նա դա սիրում է, և, կարծում եմ, կարիքն ունի: Ես ծերանում եմ ու հաճախ մոռանում ձևականության կարևորությունը: Համեցե՛ք:

Մեծ, համարյա մինչև հատակը հասնող պատուհաններից բանաստեղծական տեսարան էր բացվում դեպի կանաչ ծառերով, բաղեղներով ու գույնզգույն ծաղիկներով լի ներքին այգին: Արևի վախվորած ցոլքերը նրբին քամուց տատանվող տերևների միջով ընկել էին սենյակի հատակին ու մեծ ճաշասեղանին: Դա զմայլելի տեսարան էր, ու ես մեկեն հասկացա, թե ինչու է պրոֆեսորը նախընտրում մենակ լսել Վիվալդիի դյութական ամիսերը…

Շուտով տանտիրուհին էլ մոտեցավ, ու մենք սեղան նստեցինք: Աղախինը, բերելով ուտելիքն ու գինին, հեռացավ: Մինչ տանտիրուհին տապակած միս ու բանջարեղեն էր հրամցնում մեզ, ես մեկնեցի ձեռքս, որ գինի լցնեմ բոլորիս: Այդ պահին սկսեց իմ տառապանքը:

– Ի դեպ, սիրելիս, Դուք գիտե՞ք, թե որ կողմից է պատշաճ լցնել գինին: Ա՞ջ, թե՞ ձախ, – տանիտիրուհին էր:

Ես կարկամեցի: Թեմաներ կան, որոնց մասին ես ոչ միայն չեմ մտածում, այլև գտնում եմ, որ դրանց մասին մտածելն իսկ հոգևոր էներգիայի անիմաստ վատնում է:

– Դե՜, – ծոր տվեցի ես,- ինձ թվում է, որ ճիշտ է աջ կողմից լցնելը, – ասացի ես մի  բան ասած լինելու համար: Ի՞նչ իմանայի:

Տանտիրուհին դանդաղ թարթեց աչքերը, բազմանշանակ ժպտաց ամուսնուն, սակայն ոչինչ չասաց:

Սա այն է, ինչ ես ատում եմ ամերիկացիների մեջ՝ շինծու սնոբիզմը: Դա չի սազում երիտասարդ ու կենսուրախ ազգին: Հաջորդ վայրկյանին մտաբերեցի, որ տանտերերը հին աշխարհի ներկայցուցիչներ են ու փորձեցի դուրս գալ հիմար վիճակից:

– Սովորեցրեք ինձ, խնդրում եմ: Ես անչափ երախտապարտ կլինեմ Ձեզ:

Պրոֆեսորը քթի տակ գոհունակությամբ ժպտաց: Իմ խնդրանքը հաճոյախոսություն էր տանտիրուհու հասցեին: Նա սկսեց բացատրել.

– Ընդհանրապես ընդունված է աջ կողմից: Այդ պահին գինի լցնողը, եթե դա մատուցողն է, մյուս ձեռքը պետք է դնի մեջքին ու աջ ձեռքով զգուշորեն լցնի բաժակի մեկ երրորդը: Ի դեպ, նախապես անպայման տիկնոջը, որպեսզի վերջինս ըմպի և գնահատի գինին, իսկ հետո՝ մնացած բոլորին՝ ըստ տարիքի, սկսելով ավագից: Մի՛ մոռացեք: Նման մանրուքները շատ կարևոր են կյանքում, ինչպես և բոլոր մանրուքները: Եվ ոչ մի պարագայում մատուցողը չպետք է ցույց տա իր արմունկը: Ընդունեք, որ դա աններելի անքաղաքավարություն է:

– Իսկ եթե մատուցողը ձախլիկ է,- ընդդիմացա ես,- չէ՞ որ դա երբեմն պատահում է:

Պրոֆեսորը համարյա փռթկաց, իսկ տանտիրուհին ժպտաց.

– Տեսնում եմ, որ Դուք ճարպիկ տղա եք և ցանկացած վիճակից ելք եք գտնում: Քսանից մեկ դեպքում Դուք ճիշտ եք: Ես իրավացի՞ եմ սիրելիս,- ամուսնուն դիմեց նա:

– Դա հավանականության տեսության խնդիր է,- ճաշն սկսելուց ի վեր առաջին անգամ խոսեց պրոֆեսորը: – Արժե մտածել այդ մասին:

– Սիրելիս, դու ամեն ինչի մեջ գիտություն ու մտածելու նյութ ես փնտրում: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է:

– Այո՜,- ծոր տվեց պրոֆեսորը, – հատկապես, որ ես որևէ էսթետիկական հաճույք չեմ ստանում ոչ հավանականության, և, թող ների ինձ Տեր Աստված, ոչ էլ քվանտային տեսությունից:

– Իսկ գինուց մենք բոլորս էլ մեծ բավականություն ենք ստանում, հատկապես երբ այն մատուցվում է տապակած մսի և բանջարեղենի հետ, – կես կատակ, կես լուրջ նկատեց տանտիրուհին:

Ճաշն անցավ բավականին զվարթ մթնոլորտում: Թե՛ պրոֆեսորը, թե՛ նրա կինը շատ հաճելի զրուցակիցներ էին ու անկեղծ մարդիկ: Որպես աղանդ մատուցեցին սուրճ և պաղպաղակ: Տանտիրուհին վերկացավ աղախնին օգնելու. նա նաև հրաշալի դիվանագետ էր: Վերջապես ես ու պրոֆեսորը կարող էինք զրուցել առանց վկաների:

Նա, սուրճի բաժակը ձեռքին, երկար նայում էր պատուհանից դուրս, ապա շրջվեց իմ կողմը, ու ես հանդգնեցի նկատել.

– Ձեր միտքն ուրիշ տեղ է, պրոֆեսոր:

– Մտածում էի, – այնքան իմաստ կար այդ մեկ հատիկ բառի մեջ:

– Ձեր նոր տեսության շու՞րջ:

– Քավ լիցի… Դրա համար անծայրածիր ու երկար գիշերներ գոյություն ունեն: Շատերին է թվում, թե Ա-ն միշտ մտածում է փիլիսոփայության տարրերի ու նոր տեսությունների շուրջ: Մինչդեռ ես շատ ավելի կարևոր բանի մասին էի մտածում՝ այս ծառերի ու ծաղիկների: Դրանք կատարյալ են, իսկ մենք ընդամենը ձգտում ենք հասնել դրանց կամ էլ ընդօրինակել, որը, հաստատ, ավելի լավ չէ: Իսկ ես երբեմն իրոք մտածում եմ, – ժպտաց պրոֆեսորը: – Ըստ էության, ի՞նչ է նշանակում մտածել: Երբ զգայարաններից եկող զգայությունների ազդեցությամբ երևակայության մեջ հայտնվում են հիշողության պատկերներ, դա դեռ չի նշանակում «մտածել»: Երբ այդ պատկերները շարք են կանգնում, և այդ շարքի յուրաքանչյուր անդամը գրգռում է հաջորդին, դա ևս դեռ մտածողություն չէ: Բայց երբ մի պատկեր հայտնվում է այդպիսի շատ շարքերում, ապա նա՝ շնորհիվ իր կրկնվելու, սկսում է ծառայել որպես կարգավորող էլեմենտ այդ շարքերի համար: Նման էլեմենտը կապում է այնպիսի շարքեր, որոնք ինքնին, թվում է, զուրկ են որևէ կապից: Այդ էլեմենտը դառնում է գործիք, դառնում է հասկացողություն: Ինձ թվում է, որ ազատ ասոցիացիաներից կամ երազանքներից անցումը դեպի մտածողություն բնորոշվում է հասկացողության քիչ թե շատ գերակշռող դերով: Ինքնին անհրաժեշտ չէ, որ հասկացողությունը միանա զգայությունների վրա ազդող և վերարտադրվող սիմվոլի հետ: Բայց, եթե դա տեղի ունի, ապա միտքը կարող է հաղորդվել այլ անձի: Եվ պատկերները սկսում են կրկնվել…

Լռություն տիրեց: Ինձ ժամանակ էր պետք այս արտաքուստ պարզ միտքը մարսելու համար:

– Իմ ղեկավարն էլ է կարևորում կրկնվելու գաղափարը:

– Իհարկե կկարևորի, – պատասխանեց պրոֆեսորը, – մենք շատ անքուն գիշերներ ենք ացկացրել այս թեմայի շուրջ բանավիճելով:

– Իսկ ի՞նչ կասեք տեսության գիտական կողմի մասին:

– Անձամբ ես գտնում եմ, որ կա երկու հիմնական օրենք՝ շարժման օրենքը և արտահայտություն պոտենցիալ էներգիայի համար:  Կյանքում էլ է այդպես՝ կա միտք, և կա ուղղություն, որով այդ միտքը զարգանում է:

– Իսկ Շրյոդինգերի և Հայզենբերգի առնչություննե՞րը: Դուք դրանք մերժու՞մ եք:

– Չասացի, թե մերժում եմ: Ասացի՝ չեմ սիրում այդ մեկնաբանությունները: Նույն երևույթը կարելի է տարբեր անուններով կոչել կամ տարբեր ձևերով մեկնաբանել, բայց դրանից նրանց էությունը չի փոխվում: Ի վերջո, նրանք երկուսն էլ նույն բանն են ասում՝ տարբեր տեսակետներից նայելով: Ճապոնիայում ապրողն ասում է, որ արևը մայր է մտնում, իսկ Պրինստոնի բնակիչը վստահ է, որ արևը նոր է ծագում: Ժամանակի նույն պահին երկուսն էլ ճիշտ են: Շատերն էլ ինձ սնահավատ են անվանում: Բայց Էդիսոնին էլ էին սնահավատ համարում, երբ նրա սեղանին պայտ տեսան: Մինչդեռ Էդիսոնը վստահ էր, որ պայտը հաջողություն է բերում անկախ նրանից՝ հավատու՞մ ես, թե՞ ոչ: Նույնն էլ ինձ մոտ է: Սիրեմ, թե չսիրեմ այդ նոր տեսությունները, դրանք, թերևս, ճիշտ են: Չէ՞ որ Աստված կա անկախ նրանից՝ մենք հավատու՞մ ենք, թե՞ ոչ:

Նորից լռություն տիրեց: Պրոֆեսորը վերկացավ սեղանի մոտից, անցավ մյուս սենյակ ու ձեռքն առավ Վիվալդիի ձայնասկավառակը: Ես գլխի ընկա, որ նա ցանկանում է մենակ մնալ, ուստի շնորհակալություն հայտնեցի հետաքրքիր զրույցի ու համեղ ճաշի համար ու շտապեցի հեռանալ: Հրաժեշտին նա ասաց.

– Հիշեք կրկնվող պատկերների մասին: Դա շատ կարևոր է: Երբ կրկին զրուցելու ցանկություն առաջանա՝ եկեք համալսարան: Ես ամեն օր այնտեղ եմ, միայն այսօր բացառություն արեցի հանուն Ձեզ և Վիվալդիի: Հուսով եմ Աստված կների ինձ: – Հետո նայեց աչքերիս, ժպտաց ու ասաց.

– Raffiniert ist der Herr Gott, aber boshaft ist ernicht.

*  *  *

Մինչ Լիզային հանդիպելը մեկ ժամի չափ ժամանակ կար, ուստի քայլերս ուղղեցի դեպի լճակի շուրջը ծվարած քաղաքային զբոսայգին: Հանեցի կոշիկներս, նստեցի կանաչ գորգ հիշեցնող սիզամարգին ու տրվեցի մտքերիս:

Մեր ենթադրությունները որքան պարզ են տրամաբանական տեսակետից, այնքան ավելի բարդ ու երկար է ելակետային դրույթներից դեպի արդյունքները տանող մտավոր շղթան: Արդյունքներ, որոնք կարող են հաստատվել կամ ժխտվել միայն փորձով, այսինքն՝ անմիջական գործողության ժամանակ: Ես գիտեմ, թե որտեղ կլինի Լիզան մեկ ժամ (կամ մոտավորապես այդքան) անց, բայց գաղափար իսկ չունեմ, թե որտեղ է նա հիմա: Եթե փորձեմ պարզել հենց այս պահին նրա գտնվելու վայրը, ապա դրանով իսկ, ամենայն հավանականությամբ, կխախտեմ դեպքերի տրամաբանորեն կառուցված հաջորդականությունը, և նա մեկ ժամ (կամ մոտավորապես այդքան) անց արդեն չի լինի այնտեղ, ուր ես ակնկալում եմ տեսնել նրան: Սա Հայզենբերգի փիլիսոփայության անկյունաքարն է՝ մարդկային լեզվի թարգմանված: Պրոֆեսոր Ա-ին դուր չի գալիս նման մոտեցումը և  նա փորձում է իրերի բնությունն այլ բառերով նկարագրել: Ես կասեի՝ ավելի պարզ բառերով: Ժամանակակից ֆիզիկայի (և մետաֆիզիկայի) պարադոքսը կայանում է նրանում, որ նա այդքան բարդ է թվում, քանի որ այդքան պարզ է: Մեզ պետք է վերանալ հիմնական, հաճախ վերացական թվացող ենթադրություններից, որի համար ստիպված ենք կատարել հեռավոր ճամփորդություն բարդ դատողությունների միջով, օղակ-օղակի ետևից, որպեսզի ի վերջո հենց այդ օղակներից հավաքենք այն շղթան, որը կապում է մեր նախադրյալները իրականության ու դիտումների հետ: Սրանում կարևոր ու նույնիսկ անհրաժեշտ է կրկնվող պատկերների դերը:

Յոթին քառորդ էր պակաս: Մտքերիս հետագա զարգացումը տեղափոխեցի ենթագիտակցության ոլորտ, հագա կոշիկներս ու շտապեցի սրճարան՝ գեղեցկուհի Լիզային հանդիպելու:

*  *  *

Նա մոտեցավ ինձ իր պարզ քայլվածքով: Հասարակ ու անպաճույճ: Համբուրեց այտիս ու շուրթերիս արանքը, թևանցուկ արեց ինձ, ու մենք քայլեցինք ուրախ ու զվարթ:

Պրինստոնը համալսարանական քաղաք է, և ամեն ինչ հարմարեցված է հենց դրան: Եթե մի կողմ դնենք համալսարանը, լաբորատորիաներն ու օժանդակ շինությունները, պրոֆեսորա-դասախոսական կազմի և աշխատակազմի տներն ու բնակարանները, ապա տակին համարյա ոչինչ չի մնա՝ մի քանի վարչական շենքեր, մի քանի փողոց` խանութներով ու ռեստորաններով, բնակելի թաղամասեր և վերջ: Նույնիսկ քաղաքային զբոսայգին համարվում է համալսարանական տարածք, չնայած այստեղ միայն համալսարանականները չեն այցելում, այլև տեղի բնակիչներն ու քաղաքի հյուրերը: Ուստի պատահական չէ, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի այգու խորքում ծվարած լճակը: Ճանապարհին մենք մի սրճարան մտանք: Ես համարյա կուշտ էի, իսկ Լիզան պատվիրեց վանիլի օշարակով բլիթներ և նարնջի լիկյորով սուրճ: Ես մտածեցի, որ պիցցայի պատմությունը կրկնվում է, սակայն ոչինչ չասացի: Բավարարվեցի «Աստղային դրամներ» տարօրինակ անունը կրող սուրճով, որը մատուցվում է առյուծի բաժիններով: Իմ հայրենիքում ես սովոր էի սուրճի առավել փոքրիկ քանակների:

Հետո մենք հասանք լճակին ու նստեցինք ծփիների տակ դրված նստարաններից մեկին: Տարվա ամենաերկար օրն էր: Լիզան երևի օծանելիք չէր գործածել, ուստի ես զգում էի նրա մարմնի բույրը հսկայական ծառերի տակ: Մենք նստել էինք իրար ձեռք բռնած ու երջանիկ էինք երեխաների պես: Արևն արդեն մայր էր մտնում, ու անսահման թվացող երկնակամարում արդեն նշմարվում էին նորալուսինն ու Մեծ Արջը: Աստիճանաբար, մութն ընկնելուն զուգընթաց, աստղերը բազմացան ու պայծառացան, իսկ լուսինը փոխեց իր դիրքն ու այլևս չէր արտացոլվում լճակի հայելուց: Այնպիսի տպավորություն էր, թե հյուսիսային երկնոլորտի բոլոր աստղերն այդ գիշեր որոշել էին դիմակահանդես կազմակերպել: Երկրից բարձրացող տաք օդը օպտիկական խաբկանք էր ստեղծում՝ կարծես աստղերը պարում էին: Չկար մի կետ երկնքում, որ լիքը չլիներ դողդողացող լուսատուներով: Ես ու Լիզան հիացած վեր էինք նայում ու խաղում մատներով: Հետո նա ասաց.

– Երբ ես փոքրիկ էի, ինձ մի հեքիաթ էին պատմում աստղերի մասին: Մի օր աստղերը դիմում են ծովի խորքում պատսպարված մարգարիտներին ու առաջարկում նրանց փոխվել տեղերով, քանզի շատ էին երազում ապարանջան ու վզնոց դառնալ գեղանի կանանց ձեռքերին ու պարանոցներին: Մարգարիտները սիրով համաձայնում են, քանզի իրենք էլ վաղուց երազում էին փայլատակել երկնքի անծայրածիր հեռուներում: Նրանք թույլտվություն են խմդրում Լուսնից, որը գիշերվա տերն էր: Լուսինը տալիս է իր համաձայնությունը մի պայմանով՝ աստղերն ու մարգարիտներն այլևս երբեք չեն կարողանա վերադառնալ հին տեղը: Ուրախությունից կուրացած՝ աստղերն ու մարգարիտները ընդունում են այդ պայմանը: Ու աստղերը սլանում են վար՝ դեպի ծովի խորքը, իսկ մարգարիտները թռչում են վեր ու ցողվում երկնակամարով մեկ: Միառժամանակ նրանք երկուստեք հրճվում են ու հիանում իրենց նոր տեղով ու դերով: Բայց գլորվում է ժամանակի անիվը, ու նրանք սկսում են թախծել: Մարգարիտները կրկին ցանկանում են վերադառնալ ծովի խորքը, իսկ աստղերը երազում են երկինք համբառնել: Սակայն անդրդվելի է մնում Լուսինը՝ հիշեցնելով նրանց ընդունած պայմանը: Ու տխրում են աստղերը ծովի խորքում, իսկ մարգարիտները՝ երկնքում: Լուսնկա գիշերներին նրանք նայում են իրար ու լուռ ողբում իրենց անփարատելի կարոտը: Միայն առավել հուսահատ ու անվեհեր մարգարիտները, որ արդեն աստղ էին դարձել, փորձում են ցած նետել իրենց, բայց անողոք Լուսինը բռնում է նրանց ու ետ վերադարձնում: Մի քանիսն էլ այրվում են կարոտից՝ երկիր չհասած…

Լիզան լռեց, հետո ասաց.

– Երբ նայում եմ աստղերին, նրանց տխրությունը թափանցում է իմ մեջ մինչև ոսկորներիս խորքը: Դու հավատու՞մ ես հեքիաթներին…

– Իհարկե հավատում եմ, – կամացուկ շշնջացի նրա ականջին ու համբուրեցի: – Ահա մի հեքիաթ է իմ կողքին:

Լիզան շրջվեց իմ կողմը, ու ես նրա աչքերում տեսա երկնքի աստղերը: Ու կամաց-կամաց, ասես երազում կամ հեքիաթում, համբուրեցի նրա տաք շուրթերը…

Մենք չնկատեցինք ինչպես ամպերը ծածկեցին երկինքը: Կայծակ ու որոտ սկսեց, ու երկնքից հորդառատ ամառային անձրև թափվեց: Տաք ու բարի: Ու մենք հենց ծփիների մեջ, անձրևի ջերմ շիթերի տակ տրվեցինք սիրուն…

Հետո, մինչև ոսկորներս ջուր դառած, քայլեցինք դեպի քաղաք: Լիզային ուղեկցեցի մինչև տուն, բայց գիտեի, որ ներս չեմ մտնելու: Նա բանալին մտցրեց փականի մեջ, շրջվեց իմ կողմն ու ասաց.

– Շնորհակալ եմ…

– Ինչի՞ համար: Ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ հրաշալի երեկոյի համար:

– Ո՛չ, ո՛չ, ծեծված բառեր մի՛ ասա: Ես շնորհակալ եմ քեզնից աստղերի, անձրևի ու հեքիաթի համար: Եթե ես քեզ չհանդիպեի, ո՛չ աստղերի առասպելը կհիշեի, և ո՛չ էլ կմաքրվեի ու կօծվեի այս անձրևով: Մի՛ ասա, թե դու դրանց հետ կապ չունես: Եթե դու չգայիր մեր այս հնամենի ու քարացած քաղաքը, ոչ աստղերը կլինեին, ոչ էլ անձրևը…

Ես լուռ լսում էի Լիզային ու հիշեցի ղեկավարիս խոսքերը դիտորդի դերի մասին երևույթների մեջ:

– Դու հավատու՞մ ես հեքիաթներին, – կրկին հարցրեց Լիզան:

– Ասացի, որ այո: Բայց մի՞թե սա հեքիաթ կամ պատահականություն է՞ր, թեև ես գտնում եմ, որ պատահականությունները շատ ճշգրիտ ու մանրազնին կերպով մշակված են Աստծո կողմից:

Լիզան ժպտաց.

– Իմ բարի հրաշագործ… Իսկ հիմա շրջվիր և գնա, խնդրում եմ: Եվ ետ չնայես, այլապես քարե սյուն կդառնաս…

– Իսկ ես քեզ կրկին կտեսնե՞մ: Մենք չհասցրեցինք դիտել Պրինստոնի տեսարժան վայրերը:

– Չգիտեմ… Միայն, եթե շատ փնտրես ինձ: Միգուցե… չգիտեմ… Բարի գիշեր…

– Քեզ էլ` անուշ երազներ:

Ես շրջվեցի ու քայլեցի փողոցն ի վար: Ու ետ չնայեցի, որ չկոտրեմ Լիզայի փխրուն երազը:

*  *  *

Պրինստոնի Համալսարանում, որն իրականում մի ամբողջ քաղաք է՝ իր շենքերով ու տարաբնույթ շինություններով, լաբորատորիաներով ու մարզադաշտերով, գրադարաններով ու բազմանշանակ այլ բավիղներով, հեշտ չէր գտնել տեսական ֆիզիկայի ամբիոնը: Միառժամանակ անօգուտ թափառելուց հետո ես հրաշալի միտք հղացա. առաջին իսկ պատահածին հարցրի ոչ թե ամբիոնի, այլ պրոֆեսոր Ա-ի տեղը: Հուրախություն մոլորյալիս՝ նա անմիջապես ուղեկցեց ինձ մինչև ամբիոնի դուռը ու, չգիտես ինչու շնորհակալություն հայտնելով, հեռացավ:

Աշխատասենյակի դուռը կիսաբաց էր: Հայացք նետելով ներս` ես տեսա այն, ինչ և ակնկալում էի տեսնել` գրադարակներով ծանրաբեռնված պատեր ու գրքեր ամենուր: Մի անկյունում գրատախտակ էր կախված՝ վրան Ա-ի գեղեցիկ ձեռագրով ինչ-որ նշումներ: Սենյակի մյուս մասում էլ գրասեղանն էր՝ գրքերով ու ամսագրերով լի: Ետևում պրոֆեսորի ճերմակ գլուխն էր: Նա ներկայանում էր որպես գիտնականի մի դասական օրինակ: Հիշեցի, որ մի անգամ, պատասխանելով այն հարցին, թե ով է ինքը, Ա-ն ներկայացել էր որպես բնորդ… Երևի հենց այս պատճառով է Ա-ն այդքան ճանաչելի ու, ինչու՞ ոչ՝ նաև սիրված իր պարզության համար, նույնիսկ գիտությունից շատ հեռու մարդկանց մեջ: Նա հենց այնպիսին էր, ինչպիսին մարդիկ պատկերացնում են նրան, կամ էլ կցանկանային պատկերացնել երևակայության բացակայության դեպքում:

Ինձ նկատելով` պրոֆեսոր Ա-ն ձեռքի թեթև շարժումով ինձ հրավիրեց ներս: Դեռ չէի հասցրել նստել նրա առաջարկած աթոռին, երբ հարցով դիմեց ինձ.

– Ի՞նչ եք կարծում, Տեր Աստված ընտրություն ունե՞ր, երբ տիեզերքն էր ստեղծում: Ես նկատի ունեմ՝ նա կարո՞ղ էր տիեզերքն այլ կերպ ստեղծել: Ոչ այս, այլ բոլորովին այլ՝ սրանից տարբերվող ձևով, ուր ֆիզիկական արագությունն անսահմանափակ կլիներ, օրը ոչ թե քսանչորս, այլ տասներկու ժամից բաղկացած կլիներ, և մենք ոչ թե ութսուն, այլ հարյուր վաթսուն տարի կապրեինք, ծառերը ոչ թե կանաչ կամ դեղին լինեին, այլ, ո՞վ գիտե, կապույտ, իսկ դինոզավրերը ցայսօր թափառեին անտառներում ու Պրինստոնի պուրակներում…

Ես ընկրկեցի հարցի անսպասելիությունից, իսկ պրոֆեսորը շարունակեց.

– Որքան ավելի եմ խորանում տեսության բարդ տարրերի մեջ, այնքան ավելի եմ համոզվում, որ ճշմարտությունը շատ ավելի պարզ է ու բառացիորեն քթներիս տակ, մինչդեռ մենք այն փնտրում ենք ատոմների խորքում կամ էլ աստղերի մեջ: Բայց մենք անխոնջ ճգնավորի անկոտրում մաքառումով շարունակում ենք փնտրել ու փնտրել… Երևի ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան փորձում ենք ներկայացնել ու պատկերացնել: Եթե ես դժբախտություն ունենայի մինչև համալսարան ընդունվելս կարդալ Դիրակի վերջին մենագրությունը, ապա, ամենայն հավանականությամբ, մեկընդմիշտ կհիասթափվեի «տեսություն» կոչվածից: Ջութակահարը երևի ավելի մոտ է տիեզերքի գաղտնիքներին, քան մենք՝ մեր օր ու գիշեր պրպտող ուղեղներով… Արդեն երեսուն տարի է տքնում եմ միացյալ տեսության վրա, սակայն ստիպված եմ խոստովանել, որ որևէ արդյունքի չեմ հասել, եթե, իհարկե, չհաշվենք, որ փակուղի տանող հազար ճանապարհ գիտեմ: Օր-օրի ինձ ավելի ու ավելի ժամանակավրեպ եմ զգում: Երևի դեռ ժամանակը չի եկել լուրջ գյուտ անելու համար: Երևի պետք էր երեսուն տարի առաջ թողնել գիտությունը ու լրջորեն երաժշտությամբ զբաղվել…

Վերջին խոսքի վրա պրոֆեսորը ժպտաց՝ բոլորիս էին հայտնի նրա սերն ու ունակությունները երաժշտության ասպարեզում: Նա շարունակեց.

– Ճշմարտությունը շատ ավելի մակերեսային է: Ինչու՞ պիտի ես որպես աքսիոմ, ասել է՝ անհերքելի և անապացուցելի հիմք, ընդունեմ քվանտային տեսության տարրերը, այլ ոչ թե պարզապես Աստծո գոյությունը: Չէ՞ որ դա ակնհայտ է… Կա ՏԵր Աստված և մի օր նա որոշեց տիեզերք ստեղծել: Եվ ստեղծեց հենց այս ձևով: Բայց այստեղ մի հարց բաց է մնում՝ նա ձևի ընտրություն ունե՞ր, թե սա միակ հնարավոր տարբերակն էր…

Ես շարունակում էի լռել: Մտքերի ու դատողությունների նման պարզության հասնելու համար երևի իրոք պետք է երեսուն տարի ճգնել գիտության տատասկոտ տարտարոսում:

Պրոֆեսորն էլ լռեց: Նայեց գրասեղանին դրված գեղեցիկ շրջանակով նկարին, որն ինձ չէր երևում, և ասաց.

– Երևի հիասթափեցրի Ձեզ…

Ես փորձեցի առարկել, բայց նա շարունակեց.

– Ձեզ պետք էր, որ ես խոսեի դաշտի տեսության զարգացման և հեռանկարների մասին և գոնե մի քանի տարվա համար Ձեզ գիտական վառելիքով ապահովեի, բայց, ինչպես տեսնում եք, իմ ուշքն ու միտքը լրիվ ուրիշ տեղ են թափառում՝ Վիվալդիի ու ծառերի մեջ: Ներողամիտ եղեք ծերուկիս հանդեպ: Եվ, գիտե՞ք, Ձեզ ինչ կառաջարկեմ: Մի քիչ էլ թափառեք Պրինստոնի այգիներում: Դրանից լավ բան չկա: Մեր այս փոքրիկ քաղաքում երեք լավ բան կա՝ ինքը համալսարանը, այգիները և, ասում են, աղջիկները:

Վերջին բառի վրա պրոֆեսորը կրկին ժպտաց: Դա ուրախ ու անկեղծ, բարի ու ազնիվ խորհուրդ տվող մարդու ժպիտ էր:

Ես սիրով սեղմեցի նրա ձեռքը ու շնորհակալություն հայտնեցի ամեն ինչի համար: Երբ արդեն դուրս էի գալիս աշխատասենյակից, պրոֆեսորն ասաց.

– Շնորհակալություն Վիվալդիի համար:

*  *  *

Ես չգիտեմ, թե ինչ է կարելի անել Պրինստոնում, բայց հստակ գիտեմ, թե ինչ հնարավոր չէ՝ գրադարանում պարապել: Մի քանի անհույս օրեր սպանեցի գրավոր ինֆորմացիայի այդ անսպառ շտեմարանում ու միակ բանը, որ հիշում եմ, պատուհանից երևացող կանաչ լորենիներն էին ու արևի չարաճճի ցոլքերը, որ ապակու փոքրիկ քառակուսիներից սպրդում էին գրադարանի հսկա դահլիճ: Մի կողմ թողնելով գրադարանում պարապելու անմխիթար հույսը` որոշեցի հետևել պրոֆեսոր Ա-ի խորհրդին՝ թափառել քաղաքի փողոցներով ու այգիներով: Քայլերս ինձ բերեցին այն նույն սրճարանը, ուր առաջին անգամ հանդիպել էի Լիզային: Նա չկար: Իմ հարցին պատասխանեցին, որ այլևս չի աշխատում, քանի որ մեկնել է քաղաքից:

Հետո զբոսնեցի լճակի ափին՝ նրան տեսնելու աղոտ հույսով, բայց կրկին ապարդյուն: Լիզան անհետացել էր: Ասես ձուլվել էր ինչպես ջուրը ջրի մեջ: Զգում էի նրա ներկայությունը, բայց բնավ ո՛չ հինգ զգայարաններիցս որևէ մեկով:

Մեկնելուս մնացել էր մեկ օր՝ կիրակի: Ինձ մխիթարելով շաբաթվա այդ օրվա համատարած ձանձրույթի անխուսափելիության մտքով` կինոթատրոնում և լճակի ափին մի կերպ սպանեցի այդ վերջին օրն էլ: Մյուս օրն առավոտյան կանուխ գնացի օդանավակայան և համարյա քսանչորս ժամ տևած թռիչքներից ու տարբեր սրճարաններում բազմատեսակ ու բազմահամ սրճեր խմելուց հետո, հասա տուն: Հունիսը վերջանալու վրա էր:

*  *  *

Գիտական թեզս շատ արագ պաշտպանեցի: Բայց, չնայած գիտական կոլեգիայի գրեթե համընդհանուր գոհունակությանը, ինքս հեռու էի բավարարվածության զգացումից: Այնպիսի տպավորություն էր, կարծես երշիկի գործարանում աշխատեի, որ միայն մի տեսակի արտադրանք է թողարկում: Արտաքուստ ամեն ինչ հրաշալի էր՝ երիտասարդ գիտնական, դաշտի տեսության համարձակ, նույնիսկ կարելի է ասել՝ հանդուգն մտքերով ու մեկնաբանություններով, մինչդեռ իմ ներքին աշխարհում ճահիճ էր: Մեծացնելով աշխարհընկալման թվացյալ շառավիղը` ես արդեն նկատում էի, որ հարցերիս դաշտը մեծանում է շառավղի քառակուսու օրենքով: Ամեն մի պատասխան` թվացյալ թե իրական, երկու նոր հարց էր ծնում: Փորձելով պատասխանել այդ հարցերին՝ չորս նոր տարակարծության էի հանդիպում:

Հանդիպեցի ղեկավարիս ու ներկայացրի հոգեվիճակս որքան կարող էի: Նա ուշադիր լսեց և ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Բոլորն էլ դրա միջով անցնում են: Պարզապես պետք է հետևողականորեն առաջ գնալ: Ու՞ր, մտածեցի ես, բայց ոչ բարձրաձայն:

– Ի դեպ,- ժպտալով ասաց ղեկավարս, – ես հիմա էլ շարունակում եմ «խզմզել», ինչպես դու էիր անվանում: Բանաստեղծությունն ու գիտությունը կողք-կողքի են, եթե չասեմ՝ իրար մեջ: Փորձիր արա՛գ անցնել այս շրջանը:

Այդ օրերին էր, որ կյանքումս առաջին անգամ գիշերային ակումբ մտա: Ավելի շուտ՝ քայլերս ինձ տարան այդտեղ, երբ թափառում էի քաղաքի կիսամութ ետնափողոցներում:

Արդեն ասել եմ, որ չեմ հավատում պատահականություններին. դրանք համակողմանիորեն և ամենաճշգրիտ կերպով հաշվարկված անցքեր են, որ պիտի տեղի ունենան միակ ճիշտ տեղում և միակ ճիշտ պահին: Ուստի, երբ պարուհիներից մեկն ինձ ծանոթ թվաց, ես չզարմացա: Պատրաստ էի ընդունել ճակատագրի մեկնած ձեռքը, քանի որ այդ պահին ինձ լիովին նրան էի հանձնել: Աղջիկը ժպտաց ինձ ու, ավարտելով իր համարը, մոտեցավ սեղանիս: Ես նրան հրավիրեցի նստել ու խմիչք առաջարկեցի: Բայց նա մանրախեցգետնով կոկտեյլ պատվիրեց, ու ես ակամայից հիշեցի ձկնով ու արքայախնձորով պիցցան հեռավոր Պրինստոնում: Պարուհին հարցրեց անունս: Ներկայացա, սակայն թույլ չտվեցի, որ հայտնի իր անունը՝ առաջարկելով կռահել: Խաղը նրան դուր եկավ, ու, ըմպելով իր գավաթից, հետաքրքրությամբ լի աչքերն հառեց ինձ:

– Ձեր անունը Լիզա է, – շուրթերս մոտեցնելով նրա ականջին շշնջացի ես: – Իրական անունը:

Աղջիկն ասես այսահարվեց: Բերանը բաց նայեց ինձ ու պատասխանեց.

– Դուք որտեղի՞ց գիտեք: Այս քաղաքում ոչ ոք իմ իրական անունը չգիտի: Ես միշտ, ինչպես Դուք նկատեցիք, մտացածին բեմական անունով եմ հանդես գալիս: Դուք կամ հրաշագործ եք, կամ էլ, որ քիչ հավանական է, ոստիկանությունից: Ես կռահեցի՞:

Իմ ժպիտն ու թեթև ծիծաղը ցրեցին աղջկա կասկածները երկրորդ տարբերակի վերաբերյալ: Առաջին վարկածն ավելի սրտամոտ էր թե՛ ինձ, թե՛, ինչպես ինձ թվաց, նրան: Պարզապես մթնոլորտը լիցքաթափելու և խոսակցությունը ճիշտ հունով տանելու համար հայտարարեցի.

– Իհարկե կռահեցիք: Ես հրաշագործ եմ, բայց շատ բարի:

Մենք շատ հաճելի ժամանակ անցկացրինք: Երբեք մտքովս չէր անցնի, որ գիշերային ակումբի պարուհին կարող է այդքան հաճելի ու նաև հետաքրքիր զրուցակից լինել: Կամ էլ իմ տրամադրությունն էր ինձ օգնում այդպես մտածել: Լիզան համարյա մինչև լուսաբաց իմ սեղանի հյուրն էր, միայն ժամանակ առ ժամանակ, անթաքույց դժկամությամբ, հեռանում էր պարելու՝ հայացքն ինձ վրա: Դրա համար էին վճարում նրան: Ես նայում էի ձողի շուրջը օձի պես գալարվող նրա նրբագեղ մարմնին ու ինքս ինձ զարմանում: Նմանությունը պրինստոնյան Լիզայի հետ ապշեցուցիչ էր, թեև ակնհայտ էր, որ աղջիկները տարբեր են: Սակայն նրանք կրկնվում էին, և դա փաստ էր:

Գիշերային ակումբի ծխի ու մշուշի մեջ, էրոտիկ երաժշտության թմրեցնող հնչյունների տակ Լիզան պարում էր ու ժպտում ինձ ինչպես, երևի, Սալոմեն երկու հազար տարի առաջ Հերովդեսի պալատում: Ո՞րն է լինելու այս պարի վարձը: Մի՞թե իմ գլուխը ոսկե սկուտեղի վրա: Ա՜խ, ու՞ր է Յոքանաան մարգարեն …

*  *  *

Մի օր առավոտյան, լույսը դեռ չբացված, նա եկավ ինձ մոտ իր գիշերային աշխատանքից հետո: Նրանից ծխախոտի ու գիշերվա հոտ էր գալիս: Ես միայն շշնջացի.

– Լիզա…

Նա ցուցամատով փակեց բերանս, որ չխոսեմ: Հետո փարվեց ինձ ու համբուրեց շուրթերս կարոտով ու հեշտագին: Ու քնեց իմ գրկում՝ ճռճռացող մահճակալի վրա՝ գինու փոշոտ շշերի կողքին: Լուսամփոփի տակ դրված էր դաշտի տեսությանը վերաբերվող իմ սիրած գրքերից մեկը, որ շաբաթներ ի վեր չէի էլ բացել:

Մեր սերն ինքնըստինքյան ստացվեց: Չեմ ուզում օգտագործել «պատահականորեն» բառը, քանի որ դրան չեմ հավատում: Ես Լիզային թողնում էի քնած ու գնում համալսարան՝ դասախոսելու ու ամբիոնում աշխատելու, իսկ երբ վերադառնում էի, նա արդեն գնացած էր լինում իր գիշերային ակումբը: Գրկում էի նրա բարձը ու մտածում կրկնվող պատկերների մասին, մինչ քունը հաղթում էր ինձ: Ու երազումս, չգիտեմ էլ ինչու, բուրգեր էի տեսնում ու ծովափին նստած մարդկանց, որ փակ աչքերով սպասում էին հեռու աշխարհներից տուն վերադարձող նավերին… Իսկ առավոտյան քնիս մեջ Լիզան վերադառնում էր, փարվում ինձ իր ծխահոտ ու տաք մարմնով ու խառնվում երազներիս բուրգերին ու նավերին…

Մենք երբեք չխոսեցինք: Միակ զրույցն առաջին հանդիպման ժամանակ էր՝ գիշերային ակումբում: Եվ խոսելու բան էլ չկար՝ ամեն ինչ պարզ էր ինչպես Վիվալդիի երաժշտությունը կամ կանաչ սիզամարգի մեջ թաքնված խատուտիկի ծաղիկը: Ես նույնիսկ վստահ չեմ՝ մենք երբևէ սիրով զբաղվեցի՞նք, թե՞ ոչ: Ամեն ինչ կարծես երազի մեջ էր: Առավոտյան նայում էի նրա քնած մարմնին ու հիշում Պրինստոնի լճակն ու մատուցողուհի Լիզայի հեքիաթը աստղերի ու մարգարիտների մասին:

Աղջիկները կրկնվում են: Նրանք շարք են կազմում ու դրանով իսկ դառնում կարգավորող տարր իմ մտքերի ու գիտակցության մեջ: Միգուցե նաև՝ երևակայությանս սահմաններում: Ահա և պրոֆեսոր Ա-ի փափագած ապացույցը: Այսուհետև ես աշխարհը պիտի մեկնաբանեմ, կամ գոնե՝ փորձեմ մեկնաբանել, հենց այս օրինաչափության միջոցով: Ես արդեն ամբողջովին դրանով եմ համակված: Բայց, գորղը տանի, ես դա չեմ ուզում: Ինձ շատ ավելի հոգեհարազատ կլիներ Վիվալդին կամ դեղին խատուտիկի ծաղիկը: Բայց ես ինչպե՞ս վերջ դնեմ նման առարկայական անմիջականությանը ու կապերին: Չէ՞ որ սա ընդամենը պատահականություն չէ, այլ Աստծո կողմից նախապես ամենամանրակրկիտ ձևով մշակված ու մտածված քայլ: Հիրավի, նա նրբացած է իր բազմաձևությամբ, բայց բնավ չար չէ: Իսկ միգուցե բարին հենց սա՞ է… Բայց ես ի՞նչ անեմ հիմա: Սպասեմ, մինչև որ իմ գլուխը ոսկե սկուտեղի վրա մատուցեն ճակատագրի զոհասեղանի՞ն: Պայքարե՞մ: Ինչի՞ դեմ: Սպանեմ այս քնած գեղեցկուհուն ու դրանով իսկ վերջ դնեմ ամեն տեսակ հոգեկան տվայտանքների՞ն: Բայց մի՞թե դա կօգնի ինձ: Չէ՞ որ լիզաներ արդեն շատ կան աշխարհում: Նրանք հերթով կմտնեն իմ մեջ որպես առաջնային կարգավորող տարր իմ զգայարանների ու գիտակցության համար: Եվ ի՞նչ մեղք ունի ծխաբույր մազերով այս քնած գեղեցկուհին: Չէ՞ որ նա ընդամենը գործիք է: Հրաժարվելով այս մեկից` ես մի օր կհանդիպեմ մեկ այլ Լիզայի՝ ծառուղում, լսարանում կամ էլ, ո՞վ գիտե, գիտական գրականության խանութում կամ էլ թատրոնում… Դը Բրոյլն ասում էր, որ ամեն ինչ այս աշխարհում երկակի դրսևորում ունի` ֆիզիկական և ալիքային: Աղջիկներն էլ կարող են ալիքների ձևով կտրել-անցնել տարածությունն ու ժամանակը և կրկին ու կրկին հայտնվել իմ կյանքում…

Ես նայում էի քնած Լիզային ու մատներով խաղում նրա վարսերի հետ, որ անձրևի կաթիլների պես հոսում էին հոլանի ուսերի վրայով: Հետո զգուշորեն համբուրեցի, որ հանկարծ չարթնանա ու դուրս եկա տնից: Կիրակի էր, հերթական անձուկ ու տաղտկալի կիրակին: Հասա օդանավակայան ու գնեցի մտքովս անցած առաջին ծովափնյա քաղաքի տոմսակ՝ մեկ ուղղությամբ: Փողը հրաշալի հատկություն ունի. նա կարող է դառնալ գինի կամ պիցցա, օդանավի տոմս կամ էլ ոսկե դրամ՝ գամված առագաստանավի կայմին՝ որպես հեգնանք ճակատագրին (կամ էլ նրա առհավատչյան)…

*  *  *

Մանկության տարիներին առած երաժշտության դասերն երբեք անօգուտ չեն լինում: Մեծ մասին դա օգնում է հասկանալ, որ իրենք որևէ առնչություն չունեն երաժշտությանը, իսկ մյուսների համար դառնում է Վիվալդիի ու ծաղկի փիլիսոփայություն:

Հիմա ես դաշնակահար եմ ծովափնյա մի հին քաղաքի սրճարաններից մեկում: Կարծում եմ այս քաղաքը խաչակիրներն ու առևտրականները վաղուց են մոռացել, ու նա դուրս է մնացել մետաքսի ու նավթի ճամփաներից: Միայն տեղաբնակների ձկնորսական նավակներն են երբեմն ակոսում ծովի համատարած անդորրը:

Ես սիրում եմ ճեմել ծովափին ու ծովախեցիներ հավաքել: Դրանց մեջ սիրենների կանչն է ու ծովի սիրո գաղտնիքը: Նրա խորքում մարգարիտներ են ապրում, որ իրականում կերպարանափոխված աստղեր են: Դրա մասին ինձ ինչ-որ մի աղջիկ է պատմել տարիներ առաջ: Հետո գնում եմ սրճարան, նստում դաշնամուրի առջև ու նրա սևուսպիտակ աշխարհից կորզում Վիվալդիի ամիսները: Ո՞վ գիտե, միգուցե մի օր, իմ երաժշտությունից գայթակղված, ներս կմտնի պրոֆեսոր Ա-ն, կնստի անկյունի սեղանի մոտ ու կխորհի աշխարհի ու դաշտի տեսության շուրջ: Ես շատ ուրախ կլինեմ կրկին տեսնել նրան:

Կամ էլ, որ պակաս հավանական է, ներս կմտնի Յոքանաան մարգարեն ու կտանի ինձ իր հետ… Չէ՞ որ մի անգամ նա արդեն տարել է իր հետ ձկնորսներին: Իսկ ձկնորսն ու դաշնակահարը, համենայն դեպս իմ կարծիքով, համարյա նույն բանն են:

Հոկտեմբեր 2005 թ.