Ոչ ոք չնկատեց, թե ինչպես մառախուղը գրավեց քաղաքը: Մարդիկ երեկոյան անհոգ քուն մտան իրենց տաքուկ բնակարաններում, իսկ առավոտյան, երբ արթնանալու բնազդը ցրեց նրանց գիշերային պատրանքներն ու երազները, կաթնագույն մշուշի ծանր ու անթափանց քուլաներն արդեն լցրել էին ամբողջ տարածությունը շենքերի միջև:
Հասարակական կյանքը միանգամից կաթվածահար եղավ: Մեքենաները մնացին այնտեղ, ուր կայանվել էին նախորդ երեկոյան, ռադիոն ու հեռուստատեսությունը դադարեցին ակոսել եթերը, քանի որ աշխատակիցները պարզապես անկարող էին տեղ հասնել: Նույն պատճառով մոռացության մատնվեցին թերթերն ու ամսագրերը, չնայած գրելու նյութ էլ չկար. միակ նորությունն այն էր, որ մառախուղը չի պատրաստվում նահանջել: Խանութները փակվեցին: Միայն որոշ մթերային բաժիններ ուտելիք էին բաց թողնում իրենց մշտական հաճախորդներին կամ էլ զբաղվում պարզ ապրանքափոխանակությամբ ինչպես համայնական կարգերի օրոք: Սկզբում խանութատերերը նախ մթերքը փոխանակվում էին պետական վճարման միավորների հետ, որն առաջներում փող էր կոչվում, ապա, կարծես ուշքի գալով ու ենթարկվելով արթնացող բնազդներին, անցան առավել վստահելի միջոցի՝ թանկագին մետաղների և գոհարների: Սակայն այս ձևն էլ շուտով կանգ առավ, քանի որ խանութպանները մտահոգվեցին, թե ինչով պիտի կերակրեն իրենք իրենց, երբ վերջանան կուտակած պաշարները: Պաշարված քաղաքը դրսից ոչինչ չէր ստանում:
Պատկերացում անգամ չկար, թե երբ են նահանջելու մշուշի հորդաները, և մարդիկ աստիճանաբար ընկան հուսահատության գիրկը՝ փարատվելով լոկ աղոթքներով ու ապավինելով միստիկ մեկնաբանություններին: Ժամանակը տրոհվեց երկու կեսի՝ մինչև մառախուղը և մառախուղի տիրապետության օրերը: Մարդիկ նույնիսկ չէին խոսում մառախուղից հետո օրերի մասին: Իսկ եթե մտածում էլ էին, ապա միայն իրենց երևակայության սահմաններում:
* * *
Այդ օրերին կենարար թթվածնի պես էր ընկերներիցս մեկի առաջարկը՝ թքել ամեն ինչի վրա ու տեղափոխվել իր ակումբ-հյուրանոցը, որ շատ հեռու չէր իմ բնակարանից: Ես հիշեցի Պոյի հերոս Իշխան Պրոսպերոյին, որը, մերձավորներին կարմիր ժանտախտի մահացու ճիրաններից փրկելու համար, բոլորին կանչեց իր դղյակը ու զոդել տվեց երկաթե դարպասները, որ ո՛չ միայն դրսից որևէ մեկը չհամարձակվի ներխուժել ապահովության իր տիրույթները, այլև ինքնըստինքյան օտարի դղյակից դուրս փախչելու ամեն մի հուսահատ փորձ: Ի՞նչ թաքցնեմ, ես նույնիսկ ուրախացա, որ տակավին ծանրաբեռնված չէի երեխաների հոգսով, այլապես պարզապես չէի կարող ընդունել ընկերոջս առաջարկը: Վերցրեցի երիտասարդ կնոջս ու ամենաանհրաժեշտ իրերի ճամպրուկը, կողպեցի բնակարանիս դուռը ու, մառախուղի լաբիրինթոսի մեջ խարխափելով ու ձեռքերս քսելով շենքերի պատերին, ի վերջո հասանք ակումբի դռներին: Մշուշը, կարծես, ավելի էր թանձրացել՝ դառնալով կապարագույն: Փողոցում միայն հատուկենտ անցորդների վախվորած ձայներն էին լսվում՝ ավելի ու ավելի հուսահատ, քանի որ տեսողության պարտադրված կորուստը մարդկանց խեղճ ու հնազանդ էր դարձրել: Խեղճ՝ սեփական անզորությունից ու հնազանդ՝ մառախուղի անսահման իշխանության հանդեպ:
Ակումբում փայլատակում էին բազմաթիվ լույսերն ու ջահերը: Արդեն ահագին մարդ կար ներսում, որոնց մեծ մասին մենք ծանոթ էինք, քանի որ դրանք հիմնականում մոտակա թաղամասերի ու շենքերի բնակիչներ էին կամ էլ գոնե տեսել էի այս ակումբում ու այլ սրճարաններում, ուր սովորություն ունեի ժամանակ անցկացնել ամիսը երկու-երեք անգամ:
Ինչևիցե, իմ նորամուծությունը խանդավառությամբ ընդունվեց, և շուտով բոլոր հյուրերը ակումբատիրոջը պարզապես Պրոսպեր էին կոչում: Վերջինիս խնդրանքով ես համառոտ պատմեցի Պոյի նովելի բովանդակությունը, որ գրեթե անգիր գիտեի: Ընկերս ինքն էլ ոգևորված էր իր նոր անվանակոչությամբ և ժպտում էր ամեն անգամ, երբ նրան նոր անունով էինք դիմում: Միայն ակումբի աշխատակիցները նրան Իշխան Պրոսպեր էին կոչում՝ տուրք տալով ենթակայության պահանջին: Այս փոքրիկ փառասիրության դրսևորումը սակայն ամենևին չէր նսեմացնում Պրոսպերի կերպարը: Նա կենսուրախ ու մեծ սրտի տեր մարդ էր և նույնիսկ մեզնից որևէ վարձատրություն չէր ակնկալում իր աննախադեպ հյուրասիրության դիմաց, այլ պարզապես խնդրեց, որ բոլորս սիրով մասնակցենք նոր համայնքի կյանքին ու մեր առավելագույն նվիրումը բերենք ուրախության և ոգևորության օջախին, որն այլևս «Պրոսպերի ակումբ» էր կոչվում: Եվ քանի որ մեր մեջ օր-օրի բարակում ու կտրվում էին արտաքին միջավայրին կապող ֆիզիկական ու հիշողության բոլոր թելերը, մենք շուտով լիովին մերվեցինք մեր նոր տանը ու սիրեցինք այն՝ գրեթե մոռանալով մշուշի թագավուրության մասին ակումբի պատերից դուրս:
* * *
Հրավիրվածների մեծ մասը երիտասարդներ էին կամ էլ միջին տարիքի մարդիկ՝ հիմնականում հասարակության միջին խավերից ելած արվեստագետներ, գործարարներ, անորոշ զբաղմունքի տեր մի քանի անհատ, որոնք, սակայն, շատ սիրված էին բոլորիս կողմից: Հիմնականում զույգեր էին, բայց կային նաև միայնակներ: Պրոսպերը չէր մոռացել նաև մի քանի գեղեցիկ աղջիկներ հրավիրել, որոնց վարքի մասին շատերս կամ տեղյակ էինք կամ էլ, գոնե, կռահում էինք: Նրանք էլ շատ արագ սիրված դարձան բոլորիս կողմից: Նույնիսկ մեր կանայք, որ սկզբում անվստահությամբ ու շինծու արհամարհանքով էին փորձում վերաբերվել այդ աղջիկներին, բառացիորեն երկու օր անց մերվեցին նրանց՝ որպես հաճելի զրուցակիցների և որոշ հարցերում նույնիսկ գաղափարակիցների:
Պրոսպերը մի քանի անգամ փորձեց որոշել իր հյուրերի ճշգրիտ քանակը, բայց այդպես էլ հաջողության չհասավ: Մի անգամ ստանում էր հարյուր տասներկու, մյուս անգամ՝ հարյուր տասներեք: Նա ցույց էր տալիս, թե ահավոր ներվայնանում է դրանից, բայց անկարող էր ինչ-որ բան անել: Մենք էլ, կրակի վրա յուղ լցնելով, առաջին դեպքում խորհուրդ էինք տալիս իրեն էլ հաշվել, իսկ երկրորդ դեպքում՝ մեկնումեկին վռնդել ակումբից՝ հաշիվը չխառնելու համար: Շնորհիվ իր պարզ ու անկեղծ բնավորության՝ Պրոսպերը միշտ էլ հումորով էր ընկալում մեր դիտողությունները, իսկ մենք էլ լիովին վստահում էինք նրան, քանի որ մեզ ղեկավար էր պետք, որ մեր նրբացած բազմությունը պարզապես չայլասերվի ու վերածվի հղփացած ու տարաբղետ ամբոխի:
Մառախուղը մոռանալու ու անվերջանալի միատեսակ օրերը լցնելու համար նա գրեթե ամեն երեկո մի նոր բան էր հրամցնում մեզ՝ խնջույք կամ դիմակահանդես, խելակորույս պարեր կամ էլ նրբամիտ խաղեր: Եվ ինքն էլ ուրախանում էր ու զվարճանում բոլորիս հավասար: Կարծես իր աստեղային ժամն էր ապրում: Միայն երբեմն գաղտագողի մոտենում էր պատուհանին, ետ քաշում թանձր վարագույրի ծայրը, մի քանի վայրկյան ինքնամփոփ դուրս նայում, ապա վերադառնում հյուրերի գիրկը: Եվ միայն ամենաուշադիրներն էին նրա մտահոգ հայացքից կռահում, որ մշուշն ու խավարն են դեռ թագավորում պատերից դուրս: Բայց մեր մտահոգությունը մի քանի վայրկյան էր տևում միայն, և բոլորս կրկին միահամուռ ու նոր եռանդով տրվում էինք գինուն ու զվարճալիքներին:
* * *
Կյանքն ակումբում առավել հետաքրքիր ու արկածային դարձնելու համար, Պրոսպերը մեզ առաջարկեց հետևել իր օրինակին ու նոր անուն ընտրել յուրաքանչյուրիս համար: Մեզ շատ գրավեց այն նոր խաղը: Ես, ենթագիտակցորեն շարունակելով զուգադիպությունների շղթան, ընտրեցի Էդգար անունը, քանի որ չափազանց շատ էին ընդհանրությունները Պոյի ստեղծագործության հետ, և կարծես մի անհայտ ուժ ինձ ստիպում էր գնալ արկածներին ընդառաջ: Կինս նախընտրեց Հեղինե անունը: Կային Կլեոպատրա և Լոլիտա, Հոմերոս և Կալիգուլա: Կային նաև առավել համարձակները, և քանի որ որևէ սահմանափակում չէր կիրառվում, որոշ տղամարդիկ կանանց անուններ վերցրեցին, իսկ որոշ կանայք ցանկացան առժամանակ տղամարդու դեր խաղալ: Սա մեզ շատ գրավեց, և ընդամենը մի քանի օր անց բոլորս միմյանց արդեն նոր անուններով էինք դիմում: Պրոսպերն իր տարերքի մեջ էր: Նրան կարծես երկրորդ շունչ կամ էլ երկրորդ ջահելություն էր այցելել: Եվ չնայած ամուրի էր ու տարիքով բոլորիցս մեծ, զվարճանում էր բոլորիս հավասար՝ նոր եռանդ ու ոգևորություն հաղորդելով բոլորիս:
Մի երեկո նա հետաքրքիր մրցույթ կազմակերպեց, որն, իր արտաքուստ անմեղությամբ հանդերձ, տակնուվրա պիտի աներ իմ հետագա օրերն ու փոշիացներ հոգուս անդորրը: Բոլորիս խնդրեց սիրային նամակներ գրել մեր սրտի ընտրյալներին: Լավագույն սիրային խոստովանության հեղինակը դառնալու էր երեկոյի թագավորը կամ թագուհին՝ ինքնակալ իշխանության անսահմանափակ իրավունքով: Բոլորիս թուղթ ու գրիչ բաժանեցին ու երեսուն րոպե ժամանակ հատկացրին: Արվեստագետ հյուրերն իրենց տարերքի մեջ էին, մինչդեռ գործարարներն ու մյուսները լարվել էին՝ իրենց զգացմունքները թղթին հանձնելու համար: Երբ ժամանակը սպառվեց, մատուցողները ժողովեցին բոլոր նամակներն ու սկուտեղի վրա հանձնեցին Պրոսպերին: Համարյա մի ժամ էլ անցավ, մինչ նա ինքն իրեն ընթերցեց բոլոր նամակները, ու, լավագույններից ընտրելով լավագույնը, մի կողմ դրեց: Որևէ մեկս չէինք կասկածում նրա գեղարվեստական ճաշակին ու անաչառությանը, ուստի երբ նա, ի նշան ուշադրության, դանակով երեք անգամ հարվածեց գինու բաժակին, բոլորս լռեցինք, որպեսզի հետամուտ լինենք նրա որոշմանը:
Նա մի ումպ գինի խմեց կոկորդը թրջելու համար ու սկսեց կարդալ շահած նամակը.
«Իմ Հեղինե,
Դու երևի ատում ես մառախուղը, որ անվերապահորեն տիրել է մեր հոգնած քաղաքին, բայց ես ամեն գիշեր աղոթք եմ անում անտեսանելի աստվածներին, որ նա չցրվի, այլապես ես կզրկվեմ ամեն օր քեզ տեսնելու ու քեզնով ապրելու վայելքից:
Ես կասեի, որ սիրում եմ քեզ, բայց վախենամ, որ դու դա չես հասկանա: Ասեմ, որ ցանկանու՞մ եմ քեզ… Ո՛չ, դա էլ ճիշտ չի արտահայտի իմ զգացմունքների հույզը, թեև ըստ էության ճիշտ է: Ես ուզում եմ ապրել քեզնով ամեն վայրկյան ու ամեն վայրկյան երջանիկ տեսնել քեզ՝ սիրո լուսապսակով թագադրված: Այս գիշեր ես կրկին աղոթք կանեմ, որ երբեք չվերջանա մառախուղը, որ քեզ նվիրեց ինձ:
Մնամ քո՝ Մշուշապաշտ»:
Պրոսպերի ընթերցանության ժամանակ քար լռություն էր տիրել: Նա վերջացրեց կարդալը, սակայն ոչ ոք չէր համարձակվում խախտել պահի խորհրդավոր կատարելությունը: Մի քանիսը շրջվել ու նայում էին իմ ու կնոջս կողմը: Սեղանի տակ Հեղինեն բռնեց ձեռքս: Նրա մատները դողում էին: Նայեց ինձ. կարծես պատասխան էր փնտրում աչքերիս մեջ: Ես տակավին լուռ էի, ու նա հասկացավ, որ նամակի հեղինակը ես չեմ: Չգիտեմ ինչ զգաց, բայց իջեցրեց հայացքը: Հիմար վիճակ էր: Ինձ կարծես մերկ էի զգում այդքան մարդկանց աչքի առջև: Բայց ինձ առավել ցավ էր պատճառում այն միտքը, որ նույն զգացումը կինս ունի: Արյունը խփեց գլխիս, ու ես սառը կատաղությունից քրտնեցի: Հայացքս դարձրի Պրոսպերին: Նա էլ արտաքուստ կաշկանդված էր, թերևս ափսոսալով, որ բարձրաձայն կարդաց այդ նամակը: Բայց շատ արագ տիրապետեց իրեն ու գտավ ճիշտ ելքը այդ փակուղային վիճակից: Նա ժպտաց ու հայտարարեց.
– Իսկ հիմա ես բեմ եմ հրավիրում այս տողերի հեղինակին, որը կթագադրվի ու կդառնա երեկոյի տիրակալը:
Հնչեցին ծափահարություններ, սակայն որևէ մեկը չմոտեցավ բեմին: Ծափերը կամաց-կամաց նոսրացան ու լռեցին սրահում: Պրոսպերը ծիծաղեց ու կրկնեց իր հրավերը.
– Դե, ո՞վ է մեր հերոսը: Ավելի համարձակ: Չէ՞ որ սա ընդամենը խաղ է:
Սակայն «հերոսն» այդպես էլ երևան չեկավ: Պրոսպերը մի քանի վայրկյան էլ հայացքը տարուբերեց աջից ձախ, ապա հայացքով նշան արեց երաժիշտներին, ու երեկոն կրկին ընկղմվեց վայելքների գիրկը:
Հեղինեն շուտով ցանկություն հայտնեց քնելու՝ պատճառ բռնելով գլխացավը, ու բարձրացավ մեր սենյակը: Ես էլ, կնոջս ուղեկցելով, մի քիչ էլ թրև եկա հյուրերի մեջ, մի քանի բառ փոխանակեցի Պրոսպերի հետ ու ինքս էլ բարձրացա վեր: Մի օձ մտել էր սիրտս ու բուն էր հյուսում իր համար:
Կինս կամ քնած էր կամ էլ քնած էր ձևանում: Ես զգուշորեն պառկեցի նրա կողքին: Լուսամփոփի աղոտ լույսի տակ նրա շեկ մազերը շողում էին բարձի ճերմակության վրա: Ես զգուշորեն շոշափեցի դրանք ու, մոտեցնելով երեսիս, զգացի դրանց հարբեցնող բույրը: Վաղուց չէի ունեցել նման ապրում: Այդ բույրն իմ մեջ միանգամից հազարավոր հիշողություններ զարթնացրեց: Հիշեցի մեր առաջին հանդիպումները քաղաքային այգու ծառուղիներում: Ես սիրահարված էի, ու շուրջբոլորս ամեն ինչ գարունով էր բուրում՝ ծառերը, ծաղիկները, անգամ հողն ու աստղալից երկնակամարը: Հենց այդտեղ կնոջս առաջարկություն արեցի: Նա փարվեց ինձ, ու նրա մազերի բույրը հարբեցրեց ինձ: Ու՞ր է հիմա այդ գարունը: Ինչու՞ այդքան արագ գոլորշացավ իմ գարնանային տրամադրությունը, որ պիտի օր-օրի ծաղկեր ու կանաչեր, բայց փոխարենը դարձավ առօրեական ու հասարակ: Եվ միայն այս զավեշտական պատմությունը պիտի ինձ ակամայից օգներ վերհիշել ոչ այնքան վաղ անցյալի հրաշք օրերը…
Ո՞վ կարող է լինել այդ «մշուշապաշտ» երկրպագուն: Ես խանդու՞մ եմ: Չգիտեմ, վստահ չեմ, քանի որ երբևէ խանդի զգացում չեմ ունեցել: Կանայք շատ են եղել իմ կյանքում, բայց երբեք նրանց կորցնելու վախ չեմ ունեցել, և, երբ հեռացել են ինձնից միառժամանակ կամ մեկընդմիշտ, որևէ ցավ կամ խանդ չեմ ունեցել: Սակայն հիմա պատկերն ուրիշ է: Հեղինեն իմ ընկերուհին չէ, այլ կինը: Եթե ես նույնիսկ բավականաչափ ուշադիր չեմ եղել նրա հանդեպ, ապա կորցնել էլ չեմ ցանկանում: Այս տարօրինակ երկրպագուն կարծես բացեց իմ աչքերը: Մինչև այսօր ես կարծես ենթագիտակցորեն վստահ էի, որ կինս իմն է և ես նրա ինքնակալ տերն եմ: Ինձ նույնիսկ թվում էր, որ երրորդ որևէ մեկը չի էլ կարող թափանցել այն գաղտնի ու անձնական տիրույթները, որ միայն իմն էին ու կնոջինս: Սա էր, թերևս, պատճառը, որ որևէ հիմք չունեի խանդի կասկածներին կուլ գնալու համար: Երևի հիմա էլ պարզապես պետք է այս ամենը մի հիմար դիպված համարել ու ավելորդ հոգևոր էներգիա չծախսել դրա վրա: Փորձեցի խոր շունչ քաշել ու հանգստանալ… Սակայն սրտիս միջի օձը շարունակում էր կրծել միտքս ու հոգիս: Միգուցե ոչ այնքան խանդի ուրվականը, որքան երկրորդը լինելու ատելի վիճակը: Ինչում-ինչում, բայց կնոջս սիրո հարցում ես պետք է առաջինը լինեմ: Լինի դա անկողինը, թե պարզապես սիրային խոստովանությունը:
Եվ ահա, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Հայտնվում է մեկը, որն ավելի հզոր ու, միաժամանակ, բանաստեղծական հույզեր է արտահայտում իմ կնոջ հասցեին, քան ես կարողացա անել: Ո՞վ կարող էր գրել այդ նամակը: Այդքան տարօրինակ սիրային խոստովանություն, որը ոչ միայն պատասխան քայլ, այլև պատասխան խոսք չի կարող ակնկալել: Կամ, միգուցե, հույս էլ չունի որևէ պատասխանի: Ես փորձեցի մտովի վերհիշել բոլոր տղամարդկանց, որ ակումբի ակամա հյուրերն էին կամ գերիները: Միտքս մի վայրկյան Պրոսպերի վրա կանգ առավ: Նա նրբաճաշակ էր ու ինտրիգների սիրահար, սակայն բոլորս էլ լավ գիտեինք, որ նա անտարբեր է կանանց նկատմամբ: Իսկ եթե խաղու՞մ է ինձ հետ: Հազիվ թե: Չէ՞ որ նա իմ ընկերն է և լավ գիտի, որ նման խաղը ցավից բացի ուրիշ բան չի բերի ո՛չ ինձ, ո՛չ էլ Հեղինեին: Ո՛չ, դա հաստատ Պրոսպերը չէ: Ուրիշ մեկի վրա միտքս նույնիսկ կանգ չառավ: Դրսի մարդ չէր կարող լինել: Ակումբի դռները փակ էին ինչպես Պոյի նովելի դղյակինը: Խելագարվել կարելի է…
Եվ ինչու՞ այս բանը հենց մառախուղի օրերին եղավ: Երևի պետք էր, որ մենք փակ տարածության մեջ լինեինք: Անվերջանելիորեն բաց տարածություններում միանգամայն այլ բնույթի օրենքներ են գործում, քան փակ բազմություններում: Այստեղ կարող է ճիշտ լինել այն, ինչ դրսում սխալ է, և հակառակը: Դրսի աշխարհում անտրամաբանական թվացող անցքերը այստեղ բացարձակ այլ մեկնաբանություն են ստանում: Եվ, որպեսզի որևէ անհավատալի կամ նույնիսկ անհնար թվացող բան իրականություն դառնա, պետք է որոշ դռներ փակ պահել… Այս մտքերի վրա էլ քունը մշուշի պես պարուրեց ինձ՝ ամեն ինչ դարձնելով երազների ֆանտասմագորիկ մի քաոս:
* * *
Հետագա օրերը ոչնչով չէին հիշեցնում «սիրո խոստովանություն» խաղի հետ կապված կնճռոտ պատմությունը: Նույնիսկ Հեղինեն ու ես, կարծես, մոռացանք այն, կամ էլ ցանկացանք մոռանալ, քանի որ գիտակցության լաբիրինթոսներում անօգուտ թափառող մտքերը հոգնեցրել էին մեզ: Բոլորս վայելում էինք ակումբատիրոջ անհատնում երևակայության պտուղները: Շնորհիվ որոշ ունևոր հյուրերի առատաձեռնության՝ Պրոսպերը նույնիսկ բացել էր հազվագյուտ գինիների իր հավաքածուն, ու մենք ամեն օր ըմբոշխնում էինք ֆրանսիական, իտալական, պորտուգալական ու կալիֆորնիական գինիների բարկ ու նրբագեղ համը:
Նվագախումբն ու մեծավարպետ դաշնակահարը, որին Պիտերսոն էինք կոչում, կարծես էքստազի մեջ նորանոր երաժշտական աշխարհներ էին բացում մեզ համար: Ավագ խոհարարը, իհարկե Պրոսպերի ուշադիր հայացքի ներքո, նորանոր համադամական գյուտեր էր անում՝ թե՛ պատրաստման, և թե՛ մատուցման ասպարեզներում հասնելով անժխտելի կատարելության: Առավել նրբացած հյուրերն առանձնանում էին հատուկ սիգարների ու սուրճերի վայելման համար նախատեսված փոքրիկ սենյակներում:
Թղթախաղի սիրահարները տրվել էին բրիջի, պոկերի ու պրեֆերանսի անհատնում մոլուցքին: Իսկ ուշ երեկոյան հավաքվում էինք մեծ սրահում՝ Պրոսպերի հերթական զվարճալիքներին մասնակից լինելու ոչ պարտադրված ցանկությամբ: Մարդիկ կարծես նույնիսկ մոռացել էին մառախուղի գոյությունը, և միայն Պրոսպերն էր զգոն ժամապահի պես շարունակում պարբերաբար ստուգել ներսի և դրսի աշխարհների սահմանի անձեռնմխելիությունը: Մշուշն ու մեգը դեռևս գահի վրա էին:
* * *
Տարօրինակ նամակի պատմությունը համարյա մոռացվել էր, և ես արդեն պատրաստ էի դա իբրև անհաջող կատակ կամ ճակատագրի զավեշտ ընդունել, սակայն մի երեկո մեզ կրկին անակնկալ էր սպասում: Մոտենալով ընթրիքի սեղանին՝ մենք նրա վրա մի կիսածալված թուղթ տեսանք, որի վրա կնոջս անունն էր: Հեղինեն դողացող մատներով վերցրեց նամակը, կարդաց ու ինձ մեկնեց այդ նոր գրությունը: Դժկամ հետաքրքրասիրությամբ ես ընթերցեցի այն.
«Սեր իմ, ինչու՞ ես դու տխրում: Աշխարհիս բոլոր գանձերն ու վայելքները աչքերիդ խորքում ծվարած թախիծն ու այտերիդ դալկությունը չարժեն: Սիրի՛ր և ապրի՛ր: Եվ թող կյանքի տարիները քեզ լոկ բերկրանք ու երջանկույթյուն բերեն: Ինձ թող քո ցավը: Ես այն կտանեմ ուրախությամբ ու հեզությամբ: Քո Մշուշապաշտ»:
Ես երկու անգամ կարդացի նամակ-երկտողն, ընկալելով այն ավելի շուտ զգայարաններով, քան բանականությամբ, ծալեցի ու անխոս դրեցի սեղանին: Ինձ համար գինի լցրեցի, մի ումպով դատարկեցի բաժակը ու դրեցի ծալված նամակի վրա: Նայեցի Հեղինեին. նա լուռ էր ու շվարած: Ավելի շուտ մի բան ասած լինելու, քան պատասխան ստանալու ակնկալիքով դիմեցի նրան.
– Եվ ի՞նչ, սիրելիս, ի՞նչ ես կարծում: Ո՞վ է քեզ նման սիրատոչոր ուղերձներ հղում:
– Պատկերացում անգամ չունեմ: Նույնիսկ չեմ էլ կարողանում կասկածել որևէ մեկին: Բայց ինձ թվում է, թե սա ինչ-որ մեկի հանելուկային խաղն է ավելի շուտ քեզ հետ, այլապես նա կփորձեր նամակներն ինձ գաղտնի և անձամբ փոխանցել:
– Շատ նուրբ դիտարկում է, իհարկե, – զգուշորեն հեգնեցի ես, – այդ մարդը հրաշալի գիտի, որ, եթե անգամ նրան հաջողվի քեզ առանձին ինչ-որ գրեր հանձնել, դու վերջ ի վերջո դրանք ցույց ես տալու ինձ: Ուստի ավելորդ քայլեր չի անում: Նրա համար, առաջին հայացքից, նույնիսկ էական չէ՝ ես կարդու՞մ եմ սրանք, թե՞ ոչ: Ավելին ասեմ՝ այդ մարդը նույնիսկ ցանկանում է, որ ես կարդամ քեզ հասցեագրված բոլոր խոստովանությունները: Սա ավելի, քան տարօրինակ է: Ուրեմն՝ դու որևէ մեկին չե՞ս կասկածում: Բազմանշանակ մի հայացք, գաղտագողի հաճոյախոսություն, կամ, նույնիսկ, ոչ միանշանակ ընկալվող խոսք…
– Ոչ: Նման բան չի եղել, և ես ոչ մեկին չեմ կարող անհիմն կասկածել:
– Լավ, մի հատ խոսեմ Պրոսպերի հետ: Հավանական է, որ նրա մատը խառն է: Համենայն դեպս, բացառված չէ, որ հենց նա լույս սփռի այս մութ պատմության վրա:
Հեղինեին պատվիրելով ոչ մի դեպքում սեղանից չհեռանալ և իմ տեսադաշտից դուրս չգալ, ես վերցրի երկտողն ու գնացի-գտա խոհանոցում ինչ-որ բանով զբաղված ակումբատիրոջը: Բարեբախտաբար նա մենակ էր: Ուշադիր լսեց ինձ, ապա դրեց ակնոցն ու, հայացքով թույլտվություն հայցելով, կարդաց նամակը: Ապա ինձ հրավիրեց իր սենյակը, կողպեց դուռն ու ցույց տվեց գրասեղանի անկյունում կիտված թղթերի կույտը:
– Հիմա մենք միասին կստուգենք ձեռագիրը: Երևի պետք էր սրանով ավելի շուտ զբաղվել: Չէի կարծում, որ այս պատմությունը որևէ շարունակություն կունենա: Հիմա ամեն ինչ կպարզվի: Բոլոր նակակներն այստեղ են: Եվ, եթե չեմ սխալվում, բոլորն էլ ինչ-որ բան գրել են: Այդ թվում՝ ես և դու:
Մենք հերթով հաշվեցինք նամակները: Հարյուր տանսերեք հատ էին: Հետո ուշադիր զննեցինք առանձին-առանձին: Մի քանիսը կասկածելի էին, սակայն առավել մանրազնին քննությունը ցույց տվեց, որ ձեռագիրը միայն մի դեպքում է կրկնվում՝ «Մշուշապաշտի» նախորդ նամակում, որ Պրոսպերը խնամքով պահել էր: Փոխադարձ կասկածներից փարատվելու ու ետին մտքերով չտարվելու համար, մենք նաև աչքի անցկացրինք Պրոսպերի և իմ նամակները: Ձեռագրերի տարբերությունն ակներև էր:
Ես դանդաղ ոտքի ելա: Պրոսպերը, շարունակելով նստած մնալ, ակնոցի վերևից նայեց ինձ.
– Դու ինքդ որևէ մեկին կասկածու՞մ ես:
– Պրոսպեր, ինքդ էլ գիտես, որ ոչ: Ու՞մ կարող եմ ես կասկածել և ի՞նչ հիմքով:
– Իսկ Հեղինե՞ն:
– Ոչ մեկին:
– Հըմ… Իսկ սրա մեջ որևէ վտանգ տեսնու՞մ ես:
– Չգիտեմ: Ամեն դեպքում սա ինձ դուր չի գալիս: Այնպիսի զգացողություն ունեմ, թե մեկը շարունակ հետևում է ինձ ու կնոջս: Դա հյուծում է ինձ էլ, Հեղինեին էլ: Առաջին օրերի անհոգությունից հետք անգամ չի մնացել: Եթե առաջին նամակը ես արդեն համարյա պատրաստ էի ի միջի այլոց ընդունել, ապա այս մեկը կրկին տակնուվրա արեց ինձ: Կինս էլ առանձին է տանջվում: Նա կարծում է, որ ես իրեն ինչ-որ բանում մեղադրում եմ, թեև դա, իհարկե, այդպես չէ: Այսօր Հեղինեն պաշտպանության կարիք ունի ավելի, քան ես: Մտածում եմ վերադառնալ բնակարան:
Վերջին խոսքիս վրա Պրոսպերը ոտքի ելավ հուզումից: Ես հենց այդ էլ ուզում էի: Նրա համար դա գետին տապալող հարված կլիներ, ուստի ամեն ինչ կաներ ինձ օգնելու համար:
– Մոռացի՛ր դա: Իմ տիրապետության սահմաններում ես լիովին պատասխանատու եմ հպատակներիս բարօրության և հոգեկան անդորրի համար:
– Ուրեմն, ի՞նչ ես պատրաստվում անել:
– Համենայն դեպս, ոստիկան չեմ կանչելու: – Պրոսպերն ինքն իր կատակից կարծես հանգստացավ: Ապա, արդեն հանգստացած, ավելացրեց.
– Լսիր, Էդգար: Քո բնակարանում շարունակելու ես տանջվել առանց մի բան հասկանալու: Մի բան պարզ է. շան գլուխն այստեղ է թաղված՝ ակումբում: Սպասենք մի քիչ էլ ու կտեսնենք, թե ինչ է լինում: Մի օր օձը գլուխը պիտի բնից հանի, երբ զգա, որ արև է ծագում իր համար: Օձերն այդպես են: Ես լավ գիտեմ դրանց:
– Դու, թերևս, ճիշտ ես, – համաձայնեցի ես: – Սակայն առայժմ իմ սրտի օձն է միայն ակտիվ:
– Զինվիր համբերությամբ: Մի՛ թող, որ ուտեն քեզ: Հասկացիր, որ Հեղինեին կողքին հիմա ուժեղ մարդ է պետք: Նա քեզնից պակաս չի տանջվում: Հիմա վերադարձիր հյուրերի ու կնոջդ մոտ ու վայելիր երեկոն: Դե գնա՛, ես շատ շուտով կմիանամ ձեզ: Միայն՝ վերնաշապիկս փոխեմ:
Սրահում գրեթե բոլորը վալս էին պարում: Հեղինեն նույն դիրքում նստած սպասում էր ինձ՝ հայացքն ինչ-որ հեռու տեղ բռնած: Այդ վայրկյանին ես նկատեցի, թե որքան գեղեցիկ է նա: Իր ընտրած անվանը համապատասխան: Չգիտեմ էլ, դա միտումնավոր էր ընտրել, թե պարզապես հաճելի զուգադիպություն էր: Մի ակնթարթում հասկացա, թե որքան հուսահատ է եղել Պարիսի սերն ու անսպառ նրա ցանկությունը, որ այդպիսի ճակատագրական քայլի է գնացել՝ հանուն մի կնոջ սիրո կործանելով մի զորավոր թագավորություն…
Հեղինեն փայլում էր իր ոչ մարդկային վեհության մեջ: Կատարյալ թագուհի… Շքեղ երեկոյան զգեստը հազիվ ծածկում էր նրա կուրծքը, իսկ ուսերն ու պարանոցը շողշողում էին՝ հարյուրավոր լուսարձակների ճառագայթներն անդրադարձնելով: Ինձ մի պահ նույնիսկ թվաց, թե ինքս էլ հրաշքի մեջ եմ: Մի՞թե սա իմ կինն է՝ գեղեցկուհի Հեղինեն: Շագանակագույն վարսերը՝ թեթև ալիք տալով, իջնում էին մարմարյա ուսերին: Արտևանունքները թվում էին անսահման երկար: Նշաձև աչքերի բիբերում կարծես կրակներ բոցկլտային, իսկ հայացքը վեհ էր ու միաժամանակ կանչող: Ես հմայվածի պես նրան էի նայում ու չէի համարձակվում մոտենալ: Հետո տիրապետեցի ինձ ու որքան կարող էի վստահ քայլերով մոտեցա նրան: Բռնեցի ձեռքն ու հայացքով հրավիրեցի պարի: Եվ տարօրինակ չէ, որ իմ բացակայությամբ ոչ ոք չէր համարձակվել մոտենալ նրան: Ես ինքս էլ մի քիչ քաշվում էի: Նրա աստվածային գեղեցկության ու կատարելության հանդեպ մարդկային արժեքները պարզապես նսեմանում ու խամրում էին: Սիրո աստվածուհին էր կարծես ծվարել Հեղինեի կերպարում…
* * *
Գիշերը կրկին մտածում էի կնոջս մասին: Ու կարծես նորովի էի հայտնաբերում նրան ինձ համար: Ամեն ինչ չէր հարթ ու միանշանակ մեր հարաբերություններում: Նա երեխա էր ուզում, իսկ ես ինձ պատրաստ չէի զգում հայրական հոգսերով ծանրաբեռնվելու: Հետո մի բան սառեց մեր մեջ: Կարծես մոռացա թե՛ ծառուղում ասված սիրո խոսքերը, թե՛ նրա մազերի թովիչ բուրմունքը: Նույնիսկ մեր ինտիմ հարաբերություններն ավելի շուտ պարտականություն էին հիշեցնում, քան սիրո հաճույք: Ես Հեղինեին համարում էի իմ կինը, եթե չասեմ՝ սեփականույթյունը, և ինձ առանձնապես հաշիվ չէի տալիս, թե ինչ է ակնկալում նա իր ամուսնուց:
Եվ ահա, մառախուղը տիրում է քաղաքին, ու մի անհայտ երկրպագու սկսում է կնոջս սիրային նամակներ հղել: Իսկ ինչպիսի՞ն էր ի՛մ նամակը: Ես փորձեցի մտաբերել ու հասկացա, որ դա ընդամենը գեղեցիկ բառերի մի շարան էր՝ հաճոյախոսքերով համեմված: Դրանով կարելի է գայթակղել դպրոցական աղջնակին, բայց երբեք ո՛չ կայացած ու սերը ճանաչող կնոջը: Ես չգիտեմ, թե ինչ էր զգում Հեղինեն Մշուշապաշտի խոսքը լսելիս, սակայն ես ամաչեցի իմ տղայական նամակի բառերի ու իմաստի համար: Ու նախանձեցի այդ մարդուն, քանզի ինքս կցանկանայի նման կախարդական բառերով հյուսել իմ սիրո խոստովանությունը: Կցանկանայի նման բառերով սեր բացատրել կնոջս: Մի բան, որ երբեք չեմ արել: Նույնիսկ չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ նրան ասել, որ սիրում եմ իրեն: Կատաղությունս համարյա անցել էր, ու անշառ հետաքրքրասիրությունն էր տիրել ինձ: Ո՞վ և ի՞նչ ունակությամբ կարող էր այդքան պարզ` աստվածայինին հասնող պարզությամբ, ու այդքան համարձակ, ավազակի հանդգնությանը հասնող համարձակությամբ, արտահայտել իր զգացմունքները մի կնոջ հանդեպ: Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում Հեղինեն այդ երկրպագուի մասին… Ի՞նչ է մտածում նա իմ մասին… Ի՞նչ է մտածում Մշուշապաշտը… Երևի աղոթք է անում, որ մառախուղը չցրվի: Այս երեկո նա կրկին տեսել է իմ կնոջը, և հնարավոր չէ, որ Հեղինեի աստվածային գեղեցկությունը նոր ոգեշնչում բերած չլինի նրան: Ինչևէ, սպասենք մի քիչ էլ: Պրոսպերն այդ հարցում միանշանակորեն ճիշտ է. ժամանակը ցույց կտա, թե ինչն ինչոց է:
Ես ետ քաշեցի ծանր վարագույրն ու դուրս նայեցի: Ապակուց անդին նույն մոխրագույն ու թանձր մշուշն էր: Նույնիսկ փողոցային լապտերներն անկարող էին ցրել այն: Հայացքս շրջեցի դեպի Հեղինեն ու ցանկություն զգացի: Սիրո ալիքն անցավ մարմնովս մեկ: Մոտեցա ու զգուշորեն համբուրեցի նրա ուսը, բայց չհամարձակվեցի արթնացնել քնած գեղեցկուհուն: Մենք վաղուց սիրով չէինք զբաղվել, և ամեն մի նոր օրը ավելի ու ավելի էր օտարացնում մեզ: Նոր սիրային խաղն ավելի դժվար կլիներ, քան մեղրամսի առաջին գիշերը: Աթոռը տեղադրեցի մահճակալի կողքին ու հայացքով սկսեցի շոյել նրա մազերը, ուսերը, պարանոցն ու բարակ ձեռքերը մինչև քունը տիրեց ինձ…
* * *
Ինձ արթնացրեց Հեղինեն: Նա հայացքով ցույց տվեց դռան կողմը: Դռան տակից թղթի սպիտակ ուղղանկյունու եզրն էր նշմարվում: Արագ հայացք նետեցի ժամացույցին՝ արդեն առավոտ էր: Ակնթարթորեն կողմնորոշվելով՝ վեր թռա տեղիցս ու թափով բացեցի սենյակի դուռը: Միջանցքում, իհարկե, ոչ ոք չկար: Հետո բարձրացրի թուղթը ու, նրա վրա տեսնելով կնոջս անունը, մեկնեցի Հեղինեին:
– Ո՛չ, ո՛չ, դու՛ կարդա: – թախանձեց կինս:
Ես բացեցի քառապատիկ ծալված թուղթն ու կարդացի.
-«Արթնացրու՛ քո սերը: Քեզ միայն դա է պետք»:
Ձեռագիրը որևէ տարակարծություն չէր հարուցում. նույն Մշուշապաշտ անծանոթն էր:
Հեղինեն վախվորած ինձ էր նայում՝ սպասելով, թե ինչ եմ նախաձեռնելու կամ ասելու: Գիտեի՞: Որոշում կայացնելը հեշտ չէր, սակայն նամակագիրն ավելի ու ավելի հանդգնորեն էր գործում, ուստի պետք էր առավել վճռական քայլի դիմել՝ հատկապես, որ կինս հենց դա էր ակնկալում ինձնից:
– Դու ցանկանու՞մ ես հանդիպել նրան, – հարցրի անկողնում պառկած Հեղինեին:
Նա հանկարծակիի եկավ իմ հարցից: Երևի չէր սպասում դեպքերի նման շրջադարձի:
– Ինչի՞ համար… Չեմ կարծում, թե նա ձգտում է դրան: Նրա զգացմունքները մարմնական չեն: Համենայն դեպս՝ դատելով նամակների տոնից և բառերից: Բայց ինչ-որ բան պետք է ձեռնարկել: Այլևս չի կարելի նստել ու սպասել:
– Իսկ եթե սա ծուղա՞կ է:
– Ի՞նչ նկատի ունես:
– Չգիտեմ: Հնարամիտ մի ծուղակ: Գեղեցիկ բառերով հրապուրել քեզ, ապա տիրանալ, եթե բանականությունդ տեղ տա սիրո ցանկությանը:
– Ինչե՞ր ես ասում: Ես երբեք չեմ գնա այդ քայլին: Մի՞թե դու կհամաձայնես դրան:
– Իհարկե ոչ: Ես չգիտեմ, թե ինչ է այդ մարդու մտքինը, բայց քեզ երբեք վտանգի չեմ ենթարկի: Ամենավտանգավոր բաները ամենագեղեցիկ ձևով են մատուցվում: Բայց բացառված չէ, որ նրա համար դու խայծ ես: Նրա նպատակն այլ է, քան պարզապես քեզ սիրահետելը:
– Իսկ ի՞նչ ես մտածում անել: Նա շարունակում է սիրային նամակներ ուղարկել ինձ: Ամենայն հավանականությամբ մի բան է ցանկանում մեզ հասկացնել, բայց բացահայտ չի ասում:
Այդ վայրկյանին ես գտա անելիքս: Ի՞նչ ունեի կորցնելու:
– Գիտե՞ս ինչ, արի ընդունենք նրա խաղի կանոնները: Նա քեզ, կամ էլ մեզ, իր խաղն է առաջարկում: Եվ սա, կարծես, պարտադիր պահանջ է: Առանց խաղի մեջ մտնելու մենք ոչինչ չենք հասկանա:
– Բայց դա շատ վտանգավոր խաղ է: Ես վստահ չեմ, որ նույնիսկ քո բացատրություններից հետո պատրաստ եմ հանդիպել այդ մարդուն: Ես կյանքում միայն մի տղամարդ եմ ունեցել՝ քեզ, և նույնիսկ մտքումս տեղ չկա երկրորդի համար:
– Ես դա գիտեմ, սիրելիս: Եվ ինձ թվում է, թե քո երկրպագուն էլ դա շատ լավ գիտի, այլապես կփորձեր առավել բացահայտ գործել: Բայց նա նախընտրում է մշուշի մեջ մնալ: Մենք էլ պիտի մտնենք մշուշի մեջ, որ տեսնենք նրան: Նա վախենում է բաց և թափանցիկ տարածություններից:
– Իսկ դու ինքդ վստա՞հ ես, որ ցանկանում ես հանդիպել նրան: Ավելի լավ է՝ վերադառնանք մեր բնակարանը ու մոռանանք այս անհաճո պատմությունը:
– Դրանով մենք հանգստություն չենք շահի, Հեղինե: Բացառված չէ, որ բնակարանում էլ նա շարունակի հետապնդել մեզ, քանի դեռ շարունակվում են մշուշն ու մառախուղը: Դա նրա տարերքն է: Պետք է հարցերի պատասխանները փնտրել այստեղ՝ նրա աշխարհում, նրա մշուշի մեջ, այլապես մենք ողջ կյանքում կտանջվենք այս հանելուկային պատմության արձագանքից:
– Դու շատ լավ ես զգում նրա հոգեվիճակը:
– Այո, կարծես կարդում եմ նրա մտքերը:
– Իսկ կոնկրետ ի՞նչ ես առաջարկում:
– Առայժմ չգիտեմ: Սպասենք մի քիչ էլ: Նա զգուշորեն շոշափում է մեր զարկերակը, և, երբ զգա, որ պահը հասունացել է, առավել կոնկրետ ու համարձակ քայլերի կդիմի: Ես վստահ եմ: Ամեն ինչ դրան է գնում: Առայժմ նա քեզ ընդամենը սիրային նամակներ է գրում առանց որևէ առաջարկի: Ի՞նչ է նրա մտքինը: Ի՞նչ է նա ուզում: Որտե՞ղ փնտրենք նրան: Ակումբի հյուրերի ու անձնակազմի մեջ, թերևս: Մինչև հիմա նա ընդամենը մի բան է հուշել՝ «Մշուշապաշտ»: Ուրեմն՝ նա մշուշի մեջ է ու լույսի մեջ չի երևում: Կամ էլ, որ շատ հավանական է, մեկն է, որ միշտ մեզ հետ է, մեր կողքին: Դա էլ թաքնվելու հրաշալի վայր է: Բայց ինձ կրկին թվում է, որ նա ցանկանում է, որ մենք ի վերջո անպայման ճանաչենք իրեն: Նա կարդում է մեր մտքերը և ձգտում է, որ մենք էլ իրենը կարդանք, բայց նա շատ նրբամիտ ու, չեմ վարանում ասել, տաղանդավոր անձնավորություն է, ուստի նրան խորթ են սովորական տափուկ վիճակները: Նա եթերի մեջ է գործում՝ անտեսանելի ալիքներով լցնելով ամբողջ տարածությունը:
Հեղինեն ուշադիր ինձ էր լսում: Երբ խոսքս ավարտեցի՝ միայն մի բան ասաց.
– Ուրեմն՝ նա սպասում է:
– Այո, ինձ կամ քեզ:
– Կներես կրկնվելուս համար: Դու վստա՞հ ես, որ դա Պրոսպերը չէ:
– Իննսունինը տոկոսով միայն: Այս պարագայում հարյուր տոկոսի մասին խոսելը վտանգավոր մոլորություն կլիներ: Պարզապես ես չեմ կարծում, թե Պրոսպերը կցանկանար այս կերպ կոտրել մեզ: Եթե մենք պարզապես լքենք ակումբը, դա նրա համար ահավոր հարված կլինի: Չեմ կարծում, որ նա գնա այդ քայլին, քանի որ լավ է ճանաչում ինձ:
– Իսկ, միգուցե, լավ է ճանաչում քեզ և հենց դրանո՞վ է վստահ իր քայլերին:
– Չգիտեմ, Հեղինե: Ամեն դեպքում չեմ կարող բացառել նրան: Ինչևէ, եթե չեմ սխալվում՝ վաղ թե ուշ Մշուշապաշտը մեզ հանդիպում է առաջարկելու: Պետք է դրան պատրաստ լինել և նշաններով ցույց տալ, որ մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը: Պետք է մտնել ճակատամարտի մեջ, իսկ այնտեղ արդեն կերևա, թե ինչ անենք: Հագնվիր, իջնենք նախաճաշի: Պրոսպերը երևի սպասում է:
– Ես կուզեի քնել: Դու դեմ չե՞ս:
– Իհարկե՝ ոչ, սիրելիս: Ես պարզապես վար կիջնեմ մի գավաթ սուրճ խմելու ու մեր հյուրասեր տանտիրոջը տեսնելու: Խնդրում եմ, ոչ մեկի առջև չբանաս դուռը: Ամեն դեպքում՝ պետք չէ գայթակղություն դնել սոված գազանի առջև: Քեզ համար թեյ ու թխվածք կբերեմ:
Ես արդեն ցանկանում էի բացել դուռը ու դուրս գալ, սակայն մի աներևույթ ուժ պահում էր ինձ: Նայեցի Հեղինեին. նրա աչքերը լիքն էին կարոտով ու քնքշությամբ: Գրեթե բնազդորեն մոտեցա մահճակալին, կքվեցի ու զգուշորեն համբուրեցի նրա մեղրահամ շուրթերը: Ինքս էլ ակամայից մի պահ կարկամեցի. ասես բացվեցին բոլոր զգայարաններս, ու սենյակը կայծերով ու շշուկներով լցվեց:
Հիմա արդեն մի բան ստիպում էր ինձ դուրս փախչել: Կախարդվածի պես, առանց կնոջս աչքերին նայելու, դուրս եկա սենյակից, կողպեցի դուռը, ստուգեցի: Մի քանի վայրկյան էլ կանգնած մնացի դռան առջև, ապա իջա հյուրասրահ, որտեղից սուրճի արթնացնող բույրն էր տարածվում:
* * *
Դիմակահանդեսը սկսեց Խաչատրյանի փառահեղ վալսով և լույսերի շլացուցիչ բոցավառությամբ: Չգիտեմ՝ դրսի խավարն էր իր դյութական հակասությամբ սրել լուսավորության ուժգնությունը, թե Պրոսպերն էր իր հերթական մոգական հնարքը բանացրել, բայց սրահը թվում էր արևով ողողված` ինչպես քաղաքի փողոցները օգոստոս ամսին, երբ արևը զենիթում է: Ասես՝ երկնակամարում հարյուրավոր արեգակներ շողալիս լինեին: Տարբեր անկյուններից մարդիկ հավաքվում էին մեծ սրահում, սակայն բոլորն էլ անծանոթ էին ինձ: Պրոսպերի պայմանն էր դա՝ այնպես դիմակավորվել, որ անճանաչելի դառնանք: Ես միայն կնոջս էի ճանաչում, քանի որ տեսել էի նրան զգեստափոխվելիս: Նա էլ հաստատ միայն ինձ էր զանազանում հյուրերի խայտաբղետ բազմության մեջ:
Հեղինեն իր գեղեցկության հանճարի մեջ էր՝ աստվածային կամ, եթե կուզեք, դիվական կատարելությամբ փայլատակող: Եթե ես նույնիսկ ժուժկալության ուխտ կերած ուղղափառ քահանա լինեի, ապա հազիվ թե դիմագրավեի նրա օլիմպական գեղեցկությանը: Հիրավի, անզուգական էր նա՝ աստվածուհու դիմակի տակ թաքնված: Այդ դիմակը, կարծես, ոչ թե սքողում էր նրա դեմքը, այլ ընդհակառակը՝ բացում իր ողջ հարստությամբ: Կայծակի պես մի բան անցավ մարմնովս, որ ուշքի բերեց ինձ, ու ես հասկացա… որ սիրահարված եմ կնոջս: Ես երևի կույր եմ եղել այսքան տարի, ու միայն մառախուղն օգնեց, որ բացվեն աչքերս…
Ես ինքս ծպտվել էի կենտավրոսի կերպարի մեջ: Մեջքիս լայնալիճ աղեղ ու նետեր էին: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը ճանաչեց մեզ, սակայն բոլորն էլ մի պահ այսահարվում էին, երբ նրանց հայացքը կանգնում էր Հեղինեի վրա: Կային շեղանկյունի շորերի ու սրածայր գույնզգուն գլխարկների ու ոտնամանների մեջ թաքնված խեղկատակներ ու խամաճիկներ, թագակիր արքաներ ու զրահապատ ասպետներ, ողորմելի մուրացկաններ ու սևազգեստ քահանաներ, շախմատային զանազան ֆիգուրներ ու ճերմակ տոգաներով վեստալուհիներ, շեղ աչքերով գեյշաներ ու անսեռ ներքինիներ, մկանոտ դարբիններ ու թռչնի գլխով միջնադարյան բժիշկներ, սևազգեստ սատանաներ ու երկնային ձյունաթույր սրբեր… Պրոսպերը բացել էր հատուկ դիմակահանդեսների համար ստեղծված իր հարուստ հանդերձարանը, ու բոլորս հերթով մտել ու ընտրել էինք մեզ համապատասխան հանդերձանքը: Պայմանը մեկն էր՝ անճանաչելի դառնալ: Միայն դաշնակահարի կերպարը կասկած չէր հարուցում, չնայած վերջինս էլ Բախի ճշգրիտ պատճենն էր, և միայն նրա վարպետ կատարումն էր մատնում, թե ով է թաքնված մեծ երգահանի դիմակի տակ: Պրոսպերն ինքն էլ անճանաչելի էր, սակայն ես փոքրիշատե ծանոթ էի նրա ճաշակին ու նախասիրություններին, ուստի կարծում եմ, որ Թութանհամոնի կամ Կաղանդ Պապի ներսում մեր հյուրընկալ տանտերն էր:
Երաժշտությունը կախարդական սրինգի պես բոլորիս ստիպում էր պարել: Կատուների տեսքով երաժիշտները վալսից անցնում էին լատինաամերիկյան սամբայի, ապա ջազի, հետո ավանգարդից անցում կատարում դասականին, ապա տանգոյից թռչում ֆոքստրոտի… Եվ դա այնքան վարպետորեն էր արվում, կարծես մի երգը մյուսի շարունակությունը լիներ, ու բոլորս ուրախությամբ թռչկոտում էինք այդ հեքիաթի մեջ: Կեսգիշերի մոտ ինձ մի «գեղջկուհի» փախցրեց, ու մինչ ես պտտվում էի վալսի երեք քառորդի տակ, հայացքիս ծայրով նկատեցի աստվածուհու կերպարանքով Հեղինեին, որն ինձ էր փնտրում ամբոխի մեջ: Հետո պտույտներն արագացան ու ես, մի կերպ ազատվելով զուգընկերուհուցս, նախ անօգուտ շուռումուռ եկա պարողների մեջ, ապա վազեցի դեպի բեմ, որ վերևից գտնեմ կնոջս: Ավելի շուտ վեցերորդ զգայարանով, քան հայացքով, գտա նրան բազմատարազ ամբոխի մեջ: Նա դահլիճի կենտրոնում էր ու ակնհայտորեն ինձ էր փնտրում: Ես մի կերպ ճեղքեցի ռոք պարող բազմությունը, ձեռքով հրեցի մի «տորեադորի» ու մոտեցա Հեղինեին: Նրա աչքերում արցունքներ էին: Հազիվ կմկմաց.
– Ու՞ր էիր դու: Ես կարոտում էի քեզ: Դու ինձ այնքան պետք էիր…
– Ներիր, սիրելիս, ինձ պարզապես գողացել էին: Բայց ինչու՞ ես ցնցվում մարմնով: Չէ՞ որ հիմա ես քո կողքին եմ:
– Երբ դու չքվեցիր, ծաղրածուի կերպարանքով մեկը շշնջաց ակաջիս, որ ինձ սիրում է…
– Այսօր դա սարսափելի չէ: Որքան հասկանում եմ՝ հիմա բոլորը բոլորին սեր են բացատրում, իսկ ամեն տասներորդը ծաղրածուի նման է: Կարծեմ Պրոսպերն իր բոլոր սպասավորներին այդպիսի շորեր և դիմակներ է պատվիրել հագնել, քանի որ դրանք ամենաշատն էին հանդերձարանում: Անհոգ եղիր:
– Դա դեռ բոլորը չէ: Հետո մեկ ուրիշը շշնջաց ականջիս. «Ուրբաթ գիշեր, ժամը երեքին քո սիրած ծառի տակ»: Ես անմիջապես շրջվեցի, բայց չնկատեցի, թե ով էր: Դու էլ արդեն մոտենում էիր: Դու չտեսա՞ր:
– Ավա՜ղ ոչ… Նա չափազանց զգույշ է գործում և շատ ուշադիր է: Հաստատ նկատել է իմ հեռանալը և անմիջապես շտապել է մոտենալ քեզ: Բայց կրկնում եմ՝ անհոգ եղիր: Չկա չարիք առանց բարիքի: Մեզ հենց սա էլ պետք էր: Նույնիսկ պետք էր, որ ես հեռանայի, որ նա աներ այդ քայլը: Ես ճիշտ էի՝ նա մեզ, կամ ավելի ճիշտ՝ ինձ, հանդիպում է նշանակել: Չէ՞ որ մենք հենց սա էինք ուզում: Ես ընդունում եմ նրա մարտահրավերը: Ես կգնամ այդ հանդիպմանը:
– Խնդրում եմ՝ զգույշ եղիր: Իմ բնազդները, որ միշտ այդքան հզոր են եղել, այս անգամ ոչինչ չեն հուշում: Չգիտեմ ինչ սպասել այդ հանդիպումից: Այդ մարդը շատ լավ է ճանաչում մեզ, եթե նույնիսկ մեր սիրած ծառի մասին գիտի: Զգույշ եղիր: Ամենամեծ վտանգը միշտ մերձավորներից է գալիս, ում չես էլ կասկածում:
– Այո, դու ճիշտ ես: Բայց դա թող ի՛մ հոգսը լինի: Հիմա արի գինի խմենք ու պարենք:
– Ես կաղոթեմ քեզ համար…
Եվ այդ վայրկյանին ես ասացի այն, ինչ երկուսս էլ, թերևս, ամենից քիչն էինք սպասում.
– Ես քեզ սիրում եմ, Հեղինե…
Դիմակահանդեսն իր տարերքի մեջ էր…
* * *
Ես որևէ ցանկություն չունեի օտարներին մասնակից դարձնելու իմ անձնական կյանքին ու ներքին ապրումներին, ուստի նույնիսկ Պրոսպերին հարկ չհամարեցի զգուշացնել իմ նախաձեռնության մասին: Մի անգամ էլ նայեցի կնոջս քնած դեմքին: Նրանից մի անսովոր լույս էր ճառագում: Անջատեցի լուսամփոփը: Չհամարձակվեցի դիպչել նրան, նույնիսկ մազերին, որ այդքան սիրում էի: Անձայն բացեցի պատուհանը ու ջրհորդանի վրայով զգուշորեն ցած իջա՝ մառախուղին ու արկածին ընդառաջ:
Թեև համատարած մշուշը որոշ անհարմարավետություն էր ստեղծում, ինձ համար այնքան էլ դժվար չէր ճամփան գտնելը: Մանկությանս տարիներին այս քառակուսի շենքերի մեջ խաղացած պահմտոցին ու պատանեկությանս անքուն գիշերները, ինչպես նաև դուրս գալուց առաջ խմածս մի բաժակ թունդ գինին ինձ օգնեցին ճիշտ ուղղել քայլերս դեպի այն ծառուղին, ուր հանդիպում էր նշանակել խորհրդավոր Մշուշապաշտը: Մի կերպ նայեցի ժամացույցիս՝ երեքին տաս էր պակաս: Ահա և այն ակացիան, որ կնոջս սիրած ծառն էր: Ես լավ գիտեի այդ ծառը, ուստի մատներով շոշափեցի բունը ու հասկացա, որ ճիշտ կետում եմ:
Մշուշն անթափանց էր: Ինչ-որ տեղ շներ էին կաղկանձում ու հաչում, սակայն հանելուկը վերջնականապես պարզելու մարմաջս այնքան մեծ էր, որ վախ կոչվածը լքել էր ինձ: Հենվեցի ծառին ու մի գլանակ վառեցի՝ ոչ այնքան ծխելու, որքան այդ աղոտ լույսով տեղս մատնելու համար: Համատարած թանձր մշուշը կարծես անդրադարձնում էր մտքերս, ուստի տրվեցի մտորումներին ու հուշերին: Հիմա ես շատ կուզեի կնոջս կողքին լինել: Զմայլվել նրա գեղեցկությամբ ու շոյել շիկաթույր մազերը: Փարվել նրա լուսաշող մարմնին ու համբուրել սիրաբույր մաշկը: Բայց պետք է մնալ այստեղ ու պարզել գաղտնիքը: Եթե որոշել եմ ընդունել այս խաղի կանոնները, ուստի իմ կողմից առնվազն անխոհեմություն կլինի փոխել դեպքերի տրամաբանական ընթացքը: Եվ Հեղինեին էլ է սա անկասկած անհրաժեշտ: Անպատասխան հարցերն ու անորոշությունը միայն ջլատում են մարդու հոգին ու միտքը: Հետո՝ նաև մարմինը: Իսկ ես չեի կարող համակերպվել այն մտքին, որ իմ կնոջ փայլը պակասի:
Ահա հասել է պահը, ու մենք շուտով կիմանանք, թե ով է բանաստեղծական արտառոց ձիրքով օժտված այդ մարդը: Ուր որ է նա կհայտնվի և նա, անկասկած, գիտի, որ Հեղինեին այստեղ չի գտնելու: Լավագույն տարբերակում նա հույս ունի այս ակացիայի տակ ինձ ու կնոջս մեկտեղ տեսնել, իսկ, որ առավել հավանական է` միայն ինձ: Չէ՞ որ հենց ինքն է մոգոնել խաղն այսքան հմտորեն: Ես պարզապես խաղում եմ, թեև վստահ չեմ, թե հիացած եմ դրանով: Պարզապես այլ տարբերակ չեմ տեսնում: Ընդսմին, ճշմարտությունը պահանջում է խոստովանել, որ այդ մարդը տաղանդաշատ հոգեբան է և այնպես է հաշվարկել բոլոր քայլերը, որ մենք, կարծես ինքնըստինքյան, անցնում ենք նրա նախանշած ուղիներով: Բայց, վերջիվերջո, ո՞վ է նա: Մեկը, որ տեսնում է մեզ: Ընդհանրապես, ի՞նչ է ուզում մարդը: Խոսքն, իհարկե, անհույս իդեալիստի մասին չէ, այլ իրատես մեկի` դատելով նրա խորաթափանցությունից ու հղկված քայլերից: Մարդը ցանկանում է այն, ինչ տեսնում է` լինի դա տուն, կին, իշխանություն կամ նման մի բան: Ուրեմն այդ մարդը տեսնում է իմ կնոջը: Սա կասկածից վեր է: Պետք է նրան փնտրել ակումբի հյուրերի կամ էլ, որ բացառված չէ, անձնակազմի մեջ: Սա նման է նավարկության մի նավով, երբ դրսից որևէ միջամտություն բացառված է: Փակ համակարգում օրենքների բնույթը փոխվում է: Կա մի տղամարդ, որը տեսնում է իմ կնոջը ու նրան պարբերաբար ուղերձներ է հղում ինչ-որ նպատակով: Եթե առաջնորդվեմ բացառման սկզբունքով, ապա, թերևս, կնեղացնեմ որոնումներիս դաշտը: Նախ մի կողմ դնելով կանանց, ապա… Այստեղ արդեն տրամաբանական հաջորդականության շղթան կտրվում է: Որևէ այլ բացառում հնարավոր չէ անել:
Այդ վայրկյանին մի տհաճ միտք էլ այցելեց ինձ: Իսկ ինչու՞ եմ ես նրան տղամարդ պատկերացնում: Իսկ եթե դա կին է, որ քողարկվել է լեսբուհու դիմակի տակ, կամ էլ` տորեադորի… Այս միտքն այնքան անսպասելի էր, որ ես ակամայից բռնվեցի ծառի ճյուղից: Զգացի, որ հուզմունքից ցնցվում եմ: Միանգամից հարյուրավոր ածանցյալ մտքեր սղոցեցին ուղեղս: Չէ՞ որ մենք չենք ստուգել կանա՜նց ձեռագրերը: Բայց գոնե Պրոսպերը պիտի չբացառեր այդ վարկածը: Չէ՞ որ նա մարդկային հոգեբանության հարցում շատ ավելի փորձառու ու նրբանկատ է, քան ես: Իսկ եթե նա էլ է խաղի մե՞ջ: Միգուցե մենք գործ ունենք ոչ թե մեկ մարդու, լինի դա տղամարդ կամ կին, այլ խմբի՞ հետ: Իսկ եթե բոլորն են խաղի մե՞ջ: Այսինքն բոլորը միասին որոշել են մի լավ զվարճանալ իմ հաշվի՞ն: Իսկ Հեղինե՞ն: Կարո՞ղ եմ ես հարյուր տոկոսով վստահել նրան…
Իսկ եթե կինս էլ է խաղում ինձ հե՞տ: Բայց ես տեսնում եմ նրա տանջանքը և նա էլ, կարծում եմ, չէր ցանկանա ինձ այսքան տառապանք բերել: Նույնիսկ անկում ապրող մեր հարաբերությունների պայմաններում: Իսկ եթե դա հուսահատության մի ճի՞չ է: Վիճակը փրկելու մի հուսահատ փորձ… Գոնե շուտ հայտնվեր այդ Մշուշապաշտը: Հետաքրքիր է` ո՞րը կլինի իմ առաջին քայլը, երբ ես տեսնեմ նրան: Եվ ընդհանրապես, ի՞նչ զգացում եմ ես տածում այդ մարդու հանդեպ: Վա՞խ: Ո՛չ: Ատելությու՞ն: Թերևս` ոչ: Խա՞նդ: Հնարավոր է: Երբ ես լսում էի նրա սիրո առաջին խոստովանությունը, ինձ երկու բան էին կեղեքում` նախանձն ու ոչ լիարժեքության բարդույթը: Նախանձում էի նրա սիրո բառերին, քանի որ դրանք սրտից ծնված բառեր էին: Իսկ ոչ լիարժեքության աղբյուրը սեփական անկարողությունս էր: Ես ինձ տկար ու ամուլ էի զգում: Միայն հզոր զգացմունքներ ունեցող մարդը կարող է նման պարզությամբ արտահայտել իր սերը:
Կրկին նայեցի ժամացույցիս: Հանդիպման ժամից արդեն տասնհինգ րոպե անցել էր: Սա մի քիչ տարօրինակ էր, քանի որ հանդիպում նշանակողը նա էր: Չեմ կարծում, թե ինձ տեսնելով կարկամել է: Նա պատրաստ էր ինձ հետ հանդիպելուն: Ուրեմն ինչու՞ է ուշանում: Երևի մառախուղն է խանգարում տեղ հասնել: Կամ էլ` արդեն վաղուց այստեղ է ու քիչ այն կողմ կանգնած ինձ է զննում: Եթե նա իրոք այդքան մտերիմ հարաբերությունների մեջ է մշուշի հետ, ապա բացառված չէ, որ նրա հայացքը հասնում է ինձ` ի հեճուկս օպտիկայի բոլոր օրենքների: Անձամբ ես զգում էի նրա ներկայությունը շատ մոտիկ, բայց անկարող էի որոշել դիրքը տարածության մեջ: Կարծես ամպի պես պարուրած լիներ ինձ բոլոր կողմերից: Իսկ եթե նա հենց մառախու՞ղն է: Դե լա՜վ, պետք չէ միստիկայի գիրկն ընկնել: Նա իրական անձնավորություն է, որը հիմա շատ մոտիկ է ինձ: Ես չդիմացա ու բարձրաձայն կանչեցի.
– Հե՛յ, ու՞ր ես դու: Ես գիտեմ, որ այստեղ ես ու հիմա տեսնում ես ինձ: Գոնե մի ձայն հանիր: Չէ՞ որ սա քո՛ նշանակած հանդիպումն է, և դու հրաշալի գիտեիր, որ միայն ինձ ես հանդիպելու այստեղ: Թե՞ հույս ունեիր կնոջս գտնել այստեղ: Դե՛, ձա՛յն հանիր վերջապես…
Լռություն էր: Բայց ինձ թվում էր, թե մշուշի ամեն մի կետից ձայներ են հասնում ինձ ու երգեցողության հնչյուններ: Իրականության զգացումը չկորցնելու համար (այդ պահին դա ինձ համար կարող էր ճակատագրական լինել) ես կրկին շոշափեցի ակացիայի բունը: Այստեղ մենք հանդիպում էինք, և հենց այս ծառի տակ ես առաջին անգամ համբուրեցի Հեղինեին: Բայց, գրողը տանի, որտեղից գիտի դրա մասին «մշուշապաշտը»: Երևի հետևել է մեզ: Բացառված չէ, որ դա Հեղինեի ծանոթներից մեկն է, որի մասին ես չգիտեմ, սակայն որին կինս անզգուշորեն վստահել է իր գաղտնիքները և դրանով իսկ ինչ-որ կախվածության մեջ ընկել նրանից, որի մասին ամաչում կամ վախենում է ինձ հայտնել: Իսկ եթե կինս պարզապես նենգաշորթության կամ սպառնալիքի զո՞հ է: Նաև հնարավոր է, որ անծանոթը պարզապես կռահել է, որ անպայման մի ծառ պիտի լիներ մեր հարաբերություններում ու հետևել է ինձ: Նման անսահման երևակայություն ունեցողի համար դա այնքան էլ դժվար եզրահանգում չպետք է լիներ: Բայց ինչու՞ նա չի հայտնվում…
Ես կարոտում եմ կնոջս: Վերջին տարիներին ես ինձ առանձնապես հաշիվ չէի տալիս, թե ինչ եմ զգում Հեղինեի հանդեպ: Նրա ներկայությունը իմ կյանքում մի տեսակ սովորական էր դարձել թե՛ մարմնիս, թե՛ աչքերիս ու մյուս զգայարաններիս համար: Նույնիսկ նրա մաշկի բույրը, որ առաջներում պարզապես խենթացնում էր ինձ, հիմա ես հաճախ չէի էլ որսում: Իսկ հիմա, այս գաղտնի սիրահարի ոչ միտումնավոր օգնությամբ, ես կրկին սկսել եմ քնքուշ զգացմունքներ տածել կնոջս հանդեպ: Ես ուզում եմ, որ նրա ամեն մի րոպեն երջանկության ու ներդաշնակության մեջ լինի: Ինձնով կամ առանց ինձ: Դա հիմա նույնիսկ էական չէ, թեև կցանկանայի ինքս լինել այդ հրաշքի հեղինակն ու ականատեսը: Ես ուզում եմ, որ նրա կյանքի օրերը տոն դառնան մեկընդմիշտ: Որ արեգակը նրա հետ զարթնի ու նրա հետ էլ քուն մտնի: Որ նրա մաշկը, աչքերն ու վարսերը բուրան սիրո ճաճանչներով… Ինչու՞ եմ ես կույր եղել այսքան ժամանակ: Ինչու՞ ենք մենք կորցրել այս տարիները: Մի՞թե այս մառախուղը պիտի գար, որ բացեր սրտիս դռները: Ու հիմա ես հասկանում եմ ու զգում, որ սիրում եմ Հեղինեին…
– Ով էլ դու լինես, խորհրդավոր Մշուշապաշտ, ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել: Մշուշը փակեց մեր մարմնի աչքերը, սակայն նպաստեց, որ մեր սրտի ու հոգու աչքերը բացվեն: Դու օգնեցիր, որ ես կրկին գտնեմ իմ սերը, որի կորստի մասին անգամ չէի կռահում: Ես շնորհակալ եմ քեզնից, իսկ հիմա ներիր ինձ: Քանի որ դու ինձ չես մոտենում, ես լքում եմ քեզ, որ վերադառնամ կնոջս մոտ, քանզի կարոտում եմ նրան անսահման… Ցտեսություն, կամ էլ` մնաս բարով:
Ես նույն ճանապարհով վերադարձա «Պրոսպերի ակումբ», ջրհորդանով վեր մագլցեցի ու սողոսկեցի պատուհանից ներս: Հեղինեն քնած էր ժպիտը դեմքին: Լուսաբացի ժամն էր:
* * *
Ինձ արթնացրեց կնոջս տաք համբույրը:
– Սե՜ր իմ…
Կարծես բոլոր բջիջներս դողացին նրա համբույրից: Փակ աչքերով` ասես վախենալով, որ կկորցնեմ այդ հարթմնի երազը, ես գրկեցի նրա մատներն ու մոտեցրի շուրթերիս:
– Գիշերը… – փորձեցի խոսել ես, սակայն Հեղինեն մատով փակեց բերանս:
– Մի՛ ասա ոչինչ: Գիշերը հրաշք էր` անուշ ու հեշտագին…
Ես համբուրելով մի կողմ տարա նրա մատներն ու հարցրի.
– Դու կախարդական երազնե՞ր ես տեսել այս գիշեր, սիրելիս…
– Երազնե՞ր… Թերևս… Այո, դա երազի պես էր: Դու վաղուց, եթե չասեմ` երբեք, այդքան քնքուշ ու միաժամանակ ուժեղ չէիր եղել քո սիրո մեջ: Ես կարծես հարբած լինեի, ու ողջ աշխարհը կառուսելի պես պտտվում էր իմ շուրջը: Քո ուժն ու ջերմությունը հրաբուխի պես պարուրել էին ինձ ներսից ու դրսից: Ես այնքա՜ն երջանիկ էի: Ես կրկին զգացի սիրո հրաշքը…
Զարմանքը պատեց ինձ:
– Բայց ես համարյա մինչև լուսաբաց դրսում եմ եղել` մեր սիրո ծառուղում: Մոռացե՞լ ես: Չէ՞ որ ես հանդիպման էի գնացել: Դու իրոք որ երազ ես տեսել, սիրելիս:
Հեղինեն բաց թողեց ձեռքս ու կիսանստեց անկողնում: Միանգամից չխոսեց: Ապշահար ինձ էր նայում:
– Դու դրսու՞մ ես եղել: Բայց չէ՞ որ մենք ողջ գիշեր սիրով ենք զբաղվել: Դու ինչպե՞ս կարող էիր դրսում լինել: Դու նույնիսկ կծել ես իմ ուսը: Ահա՛, տե՛ս:
Նա առաջ բերեց աջ ուսը, ու ես տեսա ատամների թարմ հետքը նրա ճերմակ մաշկի վրա:
– Իսկ ես քեզ ինչ էի ասում գիշերը:
– Ոչինչ, ոչ մի բառ: Դու երբեք չես խոսում սիրո պահերին:
Կարծես կայծակ պայթեց գլխումս: Որևէ բան ասելու անկարող` ես նայում էի Հեղինեի աչքերին: Ասելու բան էլ չկար: Ես ընկել էի Մշուշապաշտի հյուսած խորամանկ թակարդը: Հանդիպման պատրվակով ինձ հեռացնելով Հեղինեից` նա ներկայացել էր որպես կնոջս ամուսին ու տիրացել նրան իմ բացակայության ժամանակ:
Անզորությունից ուժասպառ` ես փակեցի աչքերս ու լսեցի Հեղինեի խուլ հեկեկոցը:
* * *
Հետագա օրերը անվերջանալի ծանր երազի նման էին` դանդաղ ու դժխեմ: Մառախուղն ավելի էր խտացել: Ես ամեն ինչի նկատմամբ անտարբեր էի դարձել: Պրոսպերի հետ ստուգեցինք կանանց գրած նամակները: Ապարդյուն: Միակ մխիթարությունս գինու մեջ էի գտնում` փորձելով ոչնչի մասին չմտածել: Հեղինեն էլ օրերով ներքև չէր իջնում` պատճառ բռնելով հոգնությունն ու հիվանդությունը, սակայն ես լավ գիտեի, որ իմ հեռանալուց հետո արցունքներով հեղեղում է բարձը: Վիճակն անելանելի էր դարձել: Կարծես մառախուղը թափանցել էր պատերից ներս ու հիմա էլ մեր ներսում էր թանձրանում: Եվ դրա դեմը ոչ մեկը չէր կարող առնել: Միայն հրաշքը կարող էր փրկել մեզ կործանումից:
Միգուցե ինձ պետք է կրկի՞ն այցելել ծառուղի… Բայց ի՞նչ պիտի գտնեմ այնտեղ: Նոր մտքե՞ր, թե՞ մտատանջումներ: Մտքիս ծանրության հետ մեկտեղ զգայարաններս սրվել էին ծայրաստիճան: Ահավոր դյուրագրգիռ էի դարձել: Կարծես քայլում էի անդունդի եզրով` ամեն վայրկյան հավասարակշռությունս կորցնելու ու մթին տարտարոսը գահավիժելու գրեթե ցանկալի սպառնալիքով: Քար առ քար, խորանարդիկ առ խորանարդիկ բարձրացրած մեր սիրո տաճարը, որ հեքիաթի էր նման, փլուզվեց խաղաթղթերից շինած տնակի պես: Բայց ես սիրում էի Հեղինեին ու անկարող էի նրան մենակ թողնել իր վշտի մեջ: Մի կողմ հրելով գինու բաժակը` վերկացա ու օրորվելով բարձրացա մեր սենյակը: Նա նստած էր հայելու առջև, բայց հայացքը դատարկ էր: Զգուշորեն գրկեցի նրան ու համբուրեցի ականջի ետևը: Նա շրջվեց ու գուրգուրանքով փարվեց ինձ` դեմքը թաքցնելով կրծքիս մեջ:
* * *
Ուշքի եկա կուրացնող լույսից ու ահավոր գլխացավից: Կարծես հազարավոր արևներ էին փայլում աչքերիս մեջ: Մի կերպ տարբերեցի չորս կողմս խմբված մարդկանց դեմքերը: Ամենամոտիկը Պրոսպերն էր` գիշերային թասակով: Հետո նկատեցի կնոջս վախեցած աչքերը:
– Դե ուշքի՛ արի, տարաբախտ սիրահար, – ժպտալով ասաց Պրոսպերը: – Այս ի՞նչ խաղ էիր խաղում մեր գլխին:
Դանդաղ, ասես դարեր անցան, գիտակցությունս տեղն եկավ: Ինչ-որ կցկտուր բաներ սկսեցի հիշել` մութ էր… Ես քայլում էի, հետո ընկա…
– Եվ վաղու՞ց ես դու լուսնոտությամբ զբաղվում, – Պրոսպերի հանգստացնող հանդիմանանքն էր:
– Ե՞ս… Լուսնոտությա՞մբ… Ինչե՞ր ես դուրս տալիս…
– Դե լավ, հանգստացիր, բայց խորհուրդ եմ տալիս այսուհետև գիշերները քնել և ոչ թե քայլել տանիքների վրայով: Լավ է` ժամանակին լսեցինք ազատ անկումիդ թրմփոցը: Այ թե դժվար էր մարմինդ այստեղ քարշ տալը: Առաջիկայում քեզ պետք է մի լավ նիհարել: Գոնե` ի սեր ընկերներիդ: Ես խոհարարին կասեմ, որ քեզ համար հատուկ ճաշացուցակ կազմի:
Պրոսպերն ամեն կերպ փորձում էր դրական լիցք տալ թե՛ ինձ, թե՛ Հեղինեին ու մյուսնեին, որ դեռ կանգնած էին շուրջանակի: Ինքս ընկողմնացած էի հյուրասրահի մեծ բազմոցի վրա: Հետո կիսանստեցի: Հեղինեն տեղավորվեց կողքիս` ձեռքս ամուր գրկած: Ինչ-որ մեկը վազեց կոնյակ ու շոկոլադ բերելու: Պրոսպերն ուշադիր ինձ էր նայում: Մի քանի վայրկյան լուռ էր, ապա դիմեց աշխատողներից մեկին.
– Հապա թռի՛ր ու թուղթ ու գրիչ բեր այստեղ: Մեկ էլ` գրասեղանիս անկյունում դրված թղթերի կապոցը: Արա՛գ:
Մի րոպե անց սպասավորը վերադարձավ` բերելով ինչ որ պատվիրված էր:
– Դե, սիրելիս, հիմա խմդրում եմ մի փոքրիկ ծառայություն մատուցես, – ինձ դիմեց Պրոսպերը ավելի լուրջ տոնով, – գրիր, որ իմ դեմ որևէ բողոք չունես և ստորագրիր:
Ես դեռ բավականաչափ թույլ էի նման անհեթեթ պահանջից զարմանալու համար:
– Դե լա՜վ, Պրոսպեր, վա՛զն անցիր: Ի՞նչ կատակի ժամանակ է:
– Դե ո՛չ, այս անպատեհ ժամին ես կատակ չեմ անում, այլ պահանջում տանտիրոջ իրավունքով: Ահա քեզ թուղթ և գրիչ: Հույս ունեմ գրելը չես մոռացել:
Ճար չկար: Ես ձեռքս առա գրիչը ու արագ-արագ սկսեցի գրել: Նկատեցի, որ Պրոսպերը դեռ ուշադիր ինձ է նայում: Վերջացրի ու թուղթը մեկնեցի նրան:
Նա նախ կարդաց գրածս, խորամանկ ժպտաց, ապա նամակների տրցակից դուրս քաշեց մի այլ գրություն, դրեց առաջինի կողքին ու սկսեց ուշադիր դիտարկել երկու թղթերը:
– Ես այդպես էլ գիտեի: Ավելի ճիշտ` կասկածում էի: Ափսո՜ս, որ ուշ գլխի ընկա ու դրանով իսկ խեղճ Հեղինեին թողեցի մի քանի օր ավել տանջվել: Թեև, ո՞վ գիտի, միգուցե բարին էլ հենց այդ է: Նեղ ճանապարհն է փրկության տանում… Ահա՛, հիացե՛ք: Թույլ տվեք ներկայացնել` Մշուշապաշտ և խորհրդավոր սիրահար, ձախլիկ և լուսնագար, մի խոսքով՝ Էդգար:
Անհավատալի էր: Ես խլեցի թղթերն ու համեմատեցի ձեռագրերը: Որևէ տարբերություն չկար, հատկապես վերջին պարբերությունում: Ես ընդհանրապես աջով եմ գրում, սակայն հոգեկան էքսցեսների պահերին, ինչպես հիմա, հրաշալի կարող եմ նաև ձախով գրել: Ընդ որում, աջ և ձախ ձեռքով գրածներս բավականաչափ տարբեր են: Կարելի է ասել` տարբեր մարդկանց ձեռագրեր են:
– Լա՜վ տանուտեր ես, – կատակով հեգնեցի Պրոսպերին, – նախ պետք է քո անունը փոխել Էրքուլ Պուարոյի, իսկ հետո բարի եղիր այնպիսի պայմաններ ստեղծել, որ հյուրերդ երկրորդ հարկից դուրս փախչելիս վայր չընկնեն:
– Ասում ես` երկրորդ հարկի՞ց: Սիրելիդ իմ Էդգար, երկրորդ հարկի բոլոր պատուհանները, այդ թվում քո սենյակինը, վանդակաճաղերով են պատված: Կատուն անգամ չի կարող գլուխն անցկացնել: Երբ նախանցյալ տարի ինձ թալանեցին, որոշեցի ոչ միայն առաջին, այլև երկրորդ ու երրորդ հարկի բոլոր պատուհանները փակել ճաղերով:
– Դա անհնար է, Պրոսպեր, ես մի շաբաթ առաջ այդ պատուհանից գիշերը դուրս եմ եկել:
Ի պատասխան Պրոսպերը ժպտաց.
– Երևի թիթեռ էիր դարձել, հա՞: Ոչ միայն պատուհանից, այլ նույնիսկ դռնից դուրս չես եկել: Տեսախցիկները միշտ նկարում են միջանցքները: Ուզում ես ի՞նքդ նայել ժապավենը:
– Տեր իմ աստված, ուրեմն ի՞նչ է պարզվում: Ես իմ սենյակից դուրս չե՞մ եկել:
Պրոսպերը խորամանկորեն ժպտաց.
– Որքա՞ն հիմար պիտի լինի տղամարդը, որ գիշերը մենակ թողնի գեղեցկուհի Հեղինեին ու դուրս փախչի տանիքների վրայով քայլելու: Դու երբեք գիշերները դուրս չես եկել քո սենյակից, ուստի այնքան էլ անուղղելի չես:
Ես նայեցի Հեղինեին: Այս անգամ նրա աչքերում երջանկության արցունքներ էին, իսկ շուրթերը շշնջում էին.
– Դու… Դու…
* * *
Ամեն ինչ պարզ դարձավ մի ակնթարթում. ես ինքս էի գրել սիրային նամակներն ու կենակցել կնոջս հետ: Վերկացա, բռնեցի նրա ձեռքն, ու քայլեցինք դեպի ակումբի հաստաբուն դուռը:
– Այդ ու՞ր, մառախուղ է, ախր: Ետ եկեք, հիմա սուրճ կխմենք:
Դանդաղ շրջվեցի դեպի ակումբատերն ու ասացի.
– Գիտե՞ս ինչ, Պրոսպեր, ես սիրում եմ այս մառախուղը: Մի՛ մոռացիր, որ մշուշապաշտ եմ: Հենց նա՛ օգնեց, որ մենք գտնենք մեր սերը: Նա բացեց մեր սրտի դռներն ու հոգու աչքերը: Մենք այլևս կույր չենք, և դա շնորհիվ մառախուղի և նաև քեզ, իհարկե: Շնորհակալ եմ երկուսիցդ էլ:
Ակումբատերը միայն հասկացող հայացքով գլխով արեց:
Ես ու Հեղինեն քայլեցինք դեպի մեր ծառուղին: Շուտով նկատեցինք մշուշի մեջ թաքնված ակացիայի ծառը: Հեռվում եկեղեցու զանգերը կանչում էին ժամերգության:
Հեղինեն փարվել էր ինձ ու ինքն իրեն կիսաձայն շշնջում էր.
– «Դու երևի ատում ես մառախուղը, որ անվերապահորեն տիրել է մեր հոգնած քաղաքին, բայց ես ամեն գիշեր աղոթք եմ անում անտեսանելի աստվածներին, որ նա չցրվի, այլապես ես կզրկվեմ ամեն օր քեզ տեսնելու ու քեզնով ապրելու վայելքից: Ես կասեի, որ սիրում եմ քեզ, բայց վախենամ, որ դու դա չես հասկանա: Ասեմ, որ ցանկանու՞մ եմ քեզ… Ոչ, դա էլ ճիշտ չի արտահայտի իմ զգացմունքների հույզը, թեև ըստ էության ճիշտ է: Ես ուզում եմ ապրել քեզնով ամեն վայրկյան ու ամեն վայրկյան երջանիկ տեսնել քեզ՝ սիրո լուսապսակով թագադրված: Այս գիշեր ես կրկին աղոթք կանեմ, որ երբեք չվերջանա մառախուղը, որ քեզ նվիրեց ինձ»…
* * *
Ոչ ոք չնկատեց, թե ինչպես մառախուղը ցրվեց քաղաքից: Մարդիկ երեկոյան քուն մտան իրենց տաքուկ բնակարաններում, իսկ առավոտյան, երբ արթնանալու բնազդը ցրեց նրանց գիշերային պատրանքներն ու երազները, կաթնագույն մշուշի ծանր ու անթափանց քուլաներն անվերադարձորեն լքել էին հին քաղաքն ու մարդկանց սրտերը:
հունվար 2006