Արվեստագետը մեծ ընտրություն չունի: Ընդամենը մի քանի թեմաներ գոյություն ունեն՝ ծնունդ, սեր, աստվածներ, մարդ, կենդանիներ, օվկիանոսի մեջ թաքնված կղզի, մահ… Դրանք հաջորդում են իրար գարունից ամառ, աշունից ձմեռ: Ու տասներկու ամիսների տեսքով դառնում են մեր կյանքը:
Ընդհանրապես գոյություն ունի մեկ հիմնարար հարց՝ բանալիների և դռների հարցը: Գոյություն ունեն փակ դռներ, և պետք է գտնել դրանց բանալիները: Ու նաև գոյություն ունեն բանալիներ, և պետք է գտնել դրանց համապատասխանող դռները:
Բուդդան, Զրադաշտը, Քրիստոսը, Մուհամեդը և մի քանի այլ մարգարեներ մարդկանց պատմեցին դռների մասին և ցույց տվեցին բանալիների տեղը: Ավա՜ղ, որ քչերն են օգտվում այդ հնարավորությունից:
Երկրորդ դեպքին համար համապատասխան օրինակ բերելը հեշտ չէ: Սակայն մեր ամենօրյա գործերը հիմնականում հենց դրա դրսևորումն են: Մենք խարխափում ենք քսանչորս ժամվա մեջ, որոնք, ի վերջո գումարվելով, կազմում են մեր կյանքի տարիները, ու հաճախ չենք էլ հասկանում, թե ինչ կատարվեց: Ստեղծում ենք տեսություններ, փիլիսոփայություն, զանազան ուսմունքներ ու դպրոցներ, սակայն խնդրի էությունը բնավ չի փոխվում: Կա բանալի, և պետք է գտնել դուռը: Դա հեշտ խնդիր չէ, հատկապես, որ դռան մասին մենք հաճախ պատկերացում անգամ չունենք: Վա՜յ այն փնտրողներին, որոնք երբեք չեն գտնելու:
Այսպես կարելի է շատ երկար խոսել, բայց ես հեռու եմ այդ ինքնակործան և ուրիշների համար տաղտկալի զբաղմունքից: Թող ամեն մեկն իր փիլիսոփայությունն ունենա: Ես կխոսեմ ընդհանուր խնդրի մասին, այն է՝ դռների և բանալիների, իսկ ընթերցողը թող անձամբ հետևություններ անի: Դա նրա իրավունքն է:
Դավիթ Խաչիյան
Նվիրում եմ ծնողներիս`
իմ համբերատար և ներողամիտ ընթերցողներին: