Գործարանը

Սևով սպիտակի վրա գրված էր. «Հաշվի առնելով…. երբ մեր երիտասարդ հանրապետությունը կերտում է իր ապագան… հանուն հայ ժողովրդի բարօրության… գործարանի տնօրենին հայտարարել խիստ նկատողություն՝ կցելով անձնական գործին»: Կողքին մի քանի այլ հրամաններ էլ կային՝ հիմնականում խրախուսական և շնորհակալական բովանդակությամբ: Սակայն բոլորի ուշադրության կենտրոնում հենց առաջին հրամանն էր՝ միգուցե այն պատճառով, որ այն ամենատեսանելի տեղում էր փակցված:

Մարդիկ կարդում էին ու զարմանքից քար կտրում: Խիստ նկատողությո՞ւն: Կցելով անձնական գործի՞ն… Սա չլսված ու չտեսնված բան էր: Նույնիսկ չէին հիշում, թե երբ են վերջին անգամ նման բովանդակությամբ հրաման կարդացել:

Նախարարության ճեմասրահում հավաքվել էին հանրապետության գործարանների տնօրենները: Խումբ-խումբ կանգնած ծխում էին ու կիսաձայն զրուցում: Առաջին իսկ հայացքից կարելի էր երկու խումբ տարբերել՝ առավել տարիքավորներ, որոնք, այսպես կոչված, «հին գվարդիայի» անդամներն էին՝ դեռևս խորհրդային ժամանակներից եկող, բայց երիտասարդ հանրապետության ժամանակներին հասած տնօրեններ, և համեմատաբար ջահելներ, որոնք աչքի էին ընկնում շքեղ կոստյումներով, լաքած կոշիկներով ու ավելի մեծ հանգույցով գույնզգույն փողկապներով: Սրանք արտասահմանյան սիգարետներ էին ծխում: Հին գվարդիայի մարդիկ կամ չէին ծխում, կամ էլ բավարարվում էին հայրենական արտադրության գլանակներով: Տարեց տնօրենը, ում հենց նոր խիստ նկատողություն էին հայտարարել, կանգնել էր պատուհանի մոտ: Նրա հայացքը գամվել էր դրսի մռայլ պատկերներին: Մեկ ուրիշը, երևի նրա ծանոթներից, ցածր ձայնով ինչ-որ բան էր ասում, սակայն տնօրենը կարծես չէր լսում նրան: Հսկա ճեմասրահի պատուհաններից դուրս առատ ձյուն էր տեղում: Երկար ու անհույս ձմեռ էր մեր երիտասարդ երկրում:

Հնչեց զանգը, ու բոլորին հրավիրեցին դահլիճ: Արագ-արագ հանգցնելով գլանակները՝ տնօրենները շտապեցին զբաղեցնել իրենց տեղերը. նոր վարչապետը խիստ կարգապահության կողմնակից էր և ուշացումներ չէր տանում: Ու երբ նա՝ ընդգծված կարևորության արտահայտությունը դեմքին, մտավ նիստերի դահլիճ, բոլորը ոտքի կանգնեցին:

Վարչապետը, չփոխելով դեմքի արտահայտությունը, գլխով ընդհանուր բարև հղեց ներկաներին, ձեռքի շարժումով առաջարկեց նստել ու զբաղեցրեց իր տեղը նախագահության կազմում: Կողքին նրա հավատարիմ նախարարն էր, որն էլ, վարչապետի հետ ցածրաձայն մի քանի բառ փոխանակելուց հետո հայտարարեց, որ ելույթի համար ձայնը տրվում է պարոն վարչապետին: Ներկաներն ընդգծված ուշադրությամբ հայացքներով հետևեցին վերջինիս, մինչև որ նա տեղ զբաղեցրեց պետական զինանշանով օծված ամբիոնի ետևում:

Նրա ձայնը ազդու էր, առոգանությունը՝ արժանի Ցիցերոնին ու Բոնապարտին:

– Հարգելի պարոնայք տնօրեններ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք կարողացաք մի քանի ժամով կտրվել ձեր կարևոր գործերից և ժամանել այստեղ: Իմ խոսքը հակիրճ կլինի, քանի որ բոլորս էլ գործի մարդիկ ենք: Մեր հանրապետությունը վերածնունդ է ապրում: Չնայած բոլոր արհավիրքներին ու պատուհասներին, չնայած երկարող պատերազմին ու ձմռանը, մենք ակնհայտ հաջողություններ ենք գրանցում: Բնականաբար, հեշտ չէ անցում կատարել կենտրոնացված կառավարումից դեպի շուկայական տնտեսություն, սակայն դա ժամանակի հրամայականն է, և մենք փայլուն կերպով կիրականացնենք այդ անցումը՝ դառնալով նախ տարածաշրջանի, ապա և աշխարհի արդյունաբերական զարգացած կենտրոններից մեկը:

Դահլիճում ծափահարություններ հնչեցին, սակայն վարչապետը ձեռքի շարժումով կրկին խնդրեց դադարեցնել և շարունակեց.

– Այս ամենը լավ են հասկանում մեր նոր և խոստումնալից տնօրենները, որոնք պատրաստ են իրենց ավյունն ու եռանդը, գիտելիքներն ու ներուժը ներդնել հանուն մեր երիտասարդ հանրապետության բարգավաճման:

Վարչապետը մի պահ դադար տվեց, ըմպեց ամբիոնին դրված ջրի բաժակից, ապա շարունակեց.

– Ավաղ, ցավով պետք է նշեմ, որ որոշ տնօրեններ չեն ըմբռնում պահի կարևորությունը: Այս կարևոր, ես կասեի՝ ճակատագրական օրերին, երբ միայն միասնական ջանքը կարող է արդյունք տալ, այդ մարդիկ տուրք են տալիս անցյալի բարքերին, որոնց միանշանակ «ոչ» է ասել մեր ժողովուրդը հանրաքվեի արդյունքում: Մեր պարտքն է՝ նոր շունչ հաղորդել մեր տնտեսությանը և հնարավորինս արագ հրաժարվել անցյալի վարչահրամայական մեթոդներից: Միայն շուկայական տնտեսությունը կարող է ոտքի կանգնեցնել մեր երկիրը: Ոչ ոք թող չկասկածի, որ մենք դա կանենք: Եվ չե՛նք հանդուրժի որևէ ոտնձգություն մեր ժողովրդի լավագույն ապագայի հանդեպ:

Վարչապետը ևս մի քանի ընդհանուր մտքեր հայտնեց, խոսեց ծրագրային հեռանկարների մասին, ապա վերադարձավ իր աթոռին ու կարևորություն արտահայտող նույն հայացքով գրավեց տեղը՝ ներկաների ծափահարությունների ներքո:

Այնուհետև խոսեց նախարարը: Մի քանի մեջբերում անելով վարչապետի ելույթից և մի քանի խոսք էլ իր կողմից ավելացնելուց հետո դիմեց ներկաներին.

– Պարոնայք, ովքե՞ր են ցանկանում արտահայտվել: Խնդրեմ… Օգտագործե՛նք այս հարմար պահը և առավել արդյունավետ դարձնենք մեր հանդիպումը:

Նախ ձայն խնդրեց երիտասարդ տնօրեններից մեկն ու մի քանի բառով իր գոհունակությունը հայտնեց կառավարությանը այն ամենի համար, որ վերջինս անում է տնտեսության զարգացման համար: Բոլորը ծափահարեցին նրան, իսկ վարչապետի դեմքով պայծառ մի շող անցավ: Նա թեքվեց դեպի նախարարն ու ինչ-որ բան շշնջաց նրա ականջին:

Երիտասարդ տնօրենից հետո ձայն խնդրեց «հին գվարդիայից» մեկը: Նա ցանկանում էր տեղից ելույթ ունենալ, սակայն նախարարը նրան հրավիրեց առաջ գալ: Մի քիչ վախվորելով՝ տնօրենը մոտեցավ ամբիոնին: Հազաց բռի մեջ ու սկսեց ելույթը.

– Ընկերներ: Գրանցելով որոշակի հաջողություններ՝ մենք պետք է նաև ուշադրություն դարձնենք մեր խնդիրներին: Մենք մեծ տանջանքով արտադրանք ենք տալիս, բարձում բեռնատարները, որ հասցնենք Ռուսաստան ու վաճառենք, սակայն մեր հարևան երկրում մեր ապրանքը թալանվում է՝ մեզ կրկնակի վնաս պատճառելով: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հարց բարձրացնել, որպեսզի ներքին գործերի մինիստրությունը պահապան ջոկատներ հատկացնի՝ ապրանքն ու մարդկանց պաշտպանելու համար:

Դահլիճում անհարմար լռություն տիրեց: Հետո ներկաները սկսեցին քչփչալ իրար հետ ու նայեցին նախագահության կողմը: Վարչապետի երեսին ասես մութ ամպեր հավաքվեցին: Նա միացրեց իր սեղանին դրված խոսափողն ու ընդգծված շեշտադրությամբ ասաց.

– Մեր գործը չէ մանր-մունր, անգամ կասեի՝ մանկապարտեզային հարցերով զբաղվելը: Մենք զարգացման ուղղություններ ենք մշակում, իսկ դրանց հասնելու ձևերը ձեր խնդիրն է, պարոն տնօրեն: Ե՞րբ եք վերջապես հասկանալու, որ մենք շուկայական տնտեսության ենք անցել…

Ելույթ ունեցողը շփոթված ու իր նախաձեռնությունից փոշմանած՝ զբաղեցրեց իր տեղը նստածների մեջ: Հաջորդ հարցը բարձրացրեց ընդլայնված խորհրդակցությանը հրավիրված Պետական համալսարանի ռեկտորը: Սա էլ էր հին գվարդիայից՝ ալեհեր մի ակադեմիկոս:

– Ընկեր վարչապետ, ընկերներ…– խոսքը սկսեց նա:

– Պարո՛ն վարչապետ,– ընդգծված խստությամբ ուղղեց նրան նախարարը:

– Ներեցեք: Պարոն վարչապետ, ընկերներ: Մեր բարձրագույն ուսուցման համակարգն աղետալի վիճակում է հայտնվել: Պետական ֆինանսավորումը գրեթե զրոյացված է: Պրոֆեսորներն ու դասախոսները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Շենքերը չեն ջեռուցվում, լաբորատորիաները փակվել են: Մենք օրհասական վիճակում ենք…

– Կոնկրետ խոսեք, պարոն ռեկտոր,– անհամբերությամբ ընդհատեց նրան նախարարը:

– Խոսեմ: Ե՞րբ ենք մենք վերջապես աշխատավարձ տալու մեր աշխատողներին: Մարդիկ համբերում են, հասկանում, բայց ախր ապրելու փող չունեն…

Դահլիճում կրկին անհանգիստ շշուկներ բարձրացան, սակայն վարչապետը կտրուկ վեր կացավ տեղից ու ասաց.

– Ես նորից եմ կրկնում: Մոռացե՛ք այն, ինչ եղել է: Այսօր մենք նոր ձևով պիտի մտածենք ու գործենք: Կառավարությունը հստակ ծրագրեր է մշակել ու զարգացման հեռանկարներ առաջադրել: Բարձրագույն կրթության համակարգը պետք է առավելագույնս ակտիվ համագործակցի արտադրական ձեռնարկությունների հետ: Գործարանները պիտի ֆինանսավորեն կրթական համակարգը, իսկ վերջիններս պիտի բարձրորակ կադրեր պատրաստեն արտադրության մեջ աշխատելու համար: Այս մոտեցումը պետք է հստակ ու հասկանալի լինի: Մեր երիտասարդները պետք է մեր երկրում ամենաբարձր մակարդակի կրթություն ստանան, մասնագիտանան ու մեր երկրին ծառայեն:

Ռեկտորը ցանկանում էր ինչ-որ բանով հակաճառել, սակայն վարչապետը ձեռքով հիասթափական շարժում արեց՝ կարծես հասկացնելով, որ թեման սպառված է: Այլևս ոչ ոք ձայն չխնդրեց ելույթի համար: Խորհրդակցությունն ավարտված էր: Մարդիկ մի քիչ էլ թրև եկան ճեմասրահում, հետո նստեցին իրենց ծառայողական մեքենաներն ու ցրվեցին:

Միայն խիստ նկատողություն ստացած ալեհեր տնօրենն էր, որ տեղը չէր գտնում: Քայլեց իրեն քաջածանոթ միջանցքներով, մոտեցավ նախարարի ընդունարանին ու կարկամած կանգնեց դռան առջև: Ու մինչ տատանվում էր թակել ընդունարանի դուռը, թե ոչ, նրա կողքով անցավ վերջերս նշանակված փոխնախարարը, ու, նկատելով հին տնօրենին, նրան հրավիրեց իր սենյակը՝ ձեռքի շարժումներով հասկացնելով, որ լռություն պահպանի:

* * *

Գործարանը հանրապետության զարդն էր: Կամ գոնե՝ զարդերից մեկը: Հիրավի, արդյունաբերական զարկերակի ամենագեղեցիկ կետը: Մի անգամ մեր դասարանով էքսկուրսիա գնացինք այնտեղ: Ու, թեև մենք գնում էինք հերթական անգամ համոզվելու, որ մեր ապագան չենք կապելու մետաղի ու բանվորների հետ, բայց տպավորությունը միանգամայն այլ էր:

Դա պարզապես գործարան չէր՝ մեր իմացած գորշ պատկերներով ու անհայացք մարդկանցով: Դա մի փոքրիկ ու գեղեցիկ աշխարհ էր՝ հսկա վարդանոցով (վերջում բոլոր աղջիկներին ու ուսուցչուհուն հիասքանչ վարդեր նվիրեցին), մաքուր ու ասֆալտապատ ճանապարհներով, լուսավոր ու տաք արտադրամասերով, ուր համազգեստ հագած ու սափրված բանվորներ էին աշխատում: Ու նրանց հմուտ ձեռքերի տակ մետաղը դառնում էր տաշող կամ կտրող գործիք, որը հետո պիտի հասներ հեռավոր երկրներ ու պատիվ բերեր այն սարքողներին…. Իսկ պատերին կախված նկարներից իմացանք, որ հանրապետություն ժամանող բոլոր բարձրաստիճան հյուրերին պարտադիր այցելության էին բերում այդ գործարան: Ու հաճելիորեն զարմանում էին հյուրերը՝ անգամ շատ զարգացած երկրներից ժամանած մասնագետները… Եվ պատրաստակամորեն շարունակում էին գնել գործարանի արտադրած բարդ ու նուրբ գործիքները: Գործարանի արտադրանքը հասնում էր Եվրոպա, Ռուսաստան, Միջին Արևելք և այլուր՝ տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ բերելով խորհրդային երկրին ու բարձր պահելով մեր փոքրիկ հանրապետության պատիվը: Աշխատում էին մարդիկ, դրամ վաստակում, իսկ ամռան ամիսներին հանգստանում էին գործարանի հովանավորության տակ գործող հանգստյան տներում, իսկ նրանց զավակները մեծանում էին նույն խնամակալությամբ աշխատող մանկապարտեզում ու դպրոցում:

Ու մենք սիրահարվեցինք այդ փոքրիկ կղզուն, որ ասես Փոքրիկ Իշխանի մոլորակը լիներ անսահման ու դաժան տիեզերքում… Նույնիսկ մետաղի հոտը, ծխնելույզներից բարձրացող ծուխն ու հաստոցների աղմուկը սիրեցինք: Կախարդական մի աշխարհ էր դա: Մեր դասարանից էլ շատերը ցանկություն հայտնեցին հետագայում աշխատելու այդ գործարանում:

* * *

Փոխնախարարը վերջերս էր նշանակվել այդ պաշտոնում: Հին տնօրենն առաջներում հարյուրավոր անգամ եղել էր այդ սենյակում ամենատարբեր հարցերով: Սակայն հիմա միայն դրսի տեսարանն էր մնացել նույնը: Առանձնասենյակը կահավորված էր նորագույն կահույքով, որն իր համեստությամբ հանդերձ խոսում էր տիրոջ բարձր ճաշակի ու նախարարության մեծ հնարավորությունների մասին: Հաստատ արտասահմանից էր բերված:

Փոխնախարարը տնօրենին առաջարկեց նստել անկյունում տեղադրված բազկաթոռին ու ինքն էլ տեղավորվեց նրա դիմաց: Սակայն կահույքի փափկությունն ու բնական կաշվի հպումը տնօրենին ավելի զգաստացրին: Երբեք նման ճոխություն չէր տեսել: Երևի դա զգալով՝ փոխնախարարը նրան վիսկի առաջարկեց, սակայն տնօրենը մերժեց՝ բավարարվելով հասարակ ջրով:

Փոխնախարարը մի քիչ հեռվից սկսեց, խոսեց դեսից-դենից, ապա ինքն իր համար խմիչք լցրեց ու անցավ բուն նյութին.

– Իմաստ չունի հիմա նախարարի մոտ մտնել: Նա շատ զբաղված է պետական գործերով:

– Ախր այդպես ո՞նց կլինի: Ես քսանհինգ տարվա տնօրեն եմ ու դրվատանքից զատ այլ բան չեմ լսել: Իմ գործարանը միշտ կատարել է պլանները: Ու հիմա էլ կատարում է… Նույնիսկ այս ծանր պայմաններում…

– Դա մենք, իհարկե, գնահատում ենք,– պատասխանեց փոխնախարարը:– Սակայն պետք է ավելի աչալուրջ լինել ու կյանքին համահունչ քայլել:

– Այսի՞նքն, ի՞նչ է նշանակում համահունչ,– զարմացավ տնօրենը:

– Դե, դուք կյանք տեսած մարդ եք: Պիտի ինքներդ հասկանաք…,– փոխնախարարը չէր շտապում բացել բոլոր խաղաթղթերը:

– Ես մեծագույն դժվարությամբ հումք եմ բերում Ռուսաստանից, աշխատեցնում գործարանը, արտադրանք տալիս, անասելի դժվարությունների գնով ապրանքը նորից հասցնում արտասահման, վաճառում ու այդ փողը բերում մեր երկիր ու հազար բանվոր պահում իրենց ընտանիքներով, չհաշված մանկապարտեզն ու հիվանդանոցը, որ մեր գործարանի շնորհիվ են գոյատևում՝ լավ կամ վատ… Մի՞թե ես նման գնահատականի էի արժանի: Էլ ի՞նչ անեմ:

– Այ վերջին հարցը շատ տեղին էր,– ոգևորվեց փոխնախարարը:– Շատ տեղին ու արդիական:

Տնօրենը զարմացած խոսակցին էր նայում ու բան չէր հասկանում: Ի վերջո ասաց.

– Ախր մի հատ չորս կողմը նայեք՝ մատների վրա կարելի է հաշվել հանրապետությունում գործող գործարանները, որոնք քիչ թե շատ աշխատում են, արտադրանք տալիս, մարդկանց պահում… Ուրեմն՝ էլ ի՞նչ սպասելիք ունի կառավարությունն ինձանից ու իմ գործարանից:

Փոխնախարարը չպատասխանեց: Մոտեցավ պատուհանին, դուրս նայեց: Արդեն մթնում էր. ձմեռվա ամենակարճ օրերն էին: Հետո կտրուկ շրջվեց դեպի տնօրենն ու ասաց.

– Ես պիտի ներողություն խնդրեմ… Շտապ գործեր ունեմ: Մի քանի օրից եկեք կրկին անդրադառնանք այս խոսակցությանը: Հիմա՝ կներեք…

Տնօրենը հասկացավ, որ խոսակցությունն ավարտված է: Հագավ հին գորշ վերարկուն, դրեց ծանր գլխարկը, հաջողություն մաղթեց փոխնախարարին ու դուրս եկավ սենյակից:

Փոխնախարարը նստեց կաշվե բազկաթոռին, առանց շտապելու մի գլանակ կպցրեց, կում արեց բաժակից ու հայացքը կրկին հառեց պատուհանի սևացող ուղղանկյանը:

* * *

Տանը կիսամութ էր: Միայն հյուրասենյակի մեծ սեղանին մի մոմ էր թրթռում: Տնօրենը հանեց վերարկուն, գլխարկը, կոշիկներն ու սենյակ անցավ: Նախընտրեց տնային շորեր չհագնել, քանի որ հագի շորերով ավելի տաք էր: Սենյակում միայն կինն էր: Բարևեցին, նստեցին:

– Ո՞նց անցավ խորհրդակցությունդ,– հետաքրքրվեց կինը:

– Սովորական…

– Հաց դնեմ՝ կուտե՞ս:

– Հա, մի բան կուտեի… Ամբողջ օրը չեմ կերել:

Կինը շատ արագ սեղան գցեց: Քանի որ խոհանոցում ցուրտ էր՝ հիմնականում հյուրասենյակում էին ընթրում: Իսկ ճաշում էին՝ ով որտեղ պատահեր ու ինչպես պատահեր:

Ամուսինը ձեռքն առավ գդալն ու արդեն ցանկանում էր համտեսել ապուրը, երբ հնչեց հեռախոսի զանգը:

Շատ վաղուց որևէ լավ լուրի չէին սպասում: Հեռախոսը վերցրեց կինն ու կանչեց նրան.

– Քեզ են հարցնում:

Հին ծանոթներից մեկն էր: Առաջներում գործարանում էր աշխատում, իսկ հիմա նախարարությունում ինչ-որ անհասկանալի պաշտոնի էր:

Տնօրենը մի քանի րոպե լսեց անտեսանելի խոսակցին գրեթե առանց ընդմիջելու: Հետո հրաժեշտ տվեց, դրեց ընկալուչն ու վերադարձավ սենյակ: Նույնիսկ մոմի լույսի տակ զգացվում էր, որ երեսին գույն չկա: Կինը վախեցած նրան էր նայում:

– Լա՞վ ես: Դեղդ բերե՞մ:

Ամուսինը միանգամից չպատասխանեց: Գդալով ապուր վերցրեց, նայեց պարունակությանը, ապա գդալը դրեց ափսեի մեջ ու քթի տակ մռթմռթաց.

– Շուն-շան որդի…

Կինը փորձից գիտեր, որ ավելի լավ է՝ չընդհատել ամուսնուն:

– Պատկերացնո՞ւմ ես՝ ամաչել է երեսիս ասել ու դիմել է մեր ընդհանուր ծանոթին:

– Ո՞վ:

– Էլ ո՞վ: Փոխնախարարը: Ասում է՝ տարիքիցս է ամաչել ու չի կարողացել խոսքը մինչև վերջ հասցնել: Պարզվում է՝ այդ մարդիկ ամոթ էլ ունեն:

– Եվ ի՞նչ էր ուզում ասել, որ ամաչեց քեզ ասել:

– Նախարարի բառերը պիտի փոխանցեր: Իսկ նախարարն ասել էր. «Թքած ունեմ այդ գործարանի էլ, այդ հազար բանվորի վրա էլ: Թող ամիսը երեք հազար դոլար բերի, իսկ գործարանն ինչ ուզում է թող անի: Ուզում է՝ թող վաճառի, ուզում է՝ թող թողնի ու գնա… Գործ անել չգիտի՝ մենք գործ անող կգտնենք»:

Կինը մի պահ լռեց: Հետո շշուկով հարցրեց.

– Ի՞նչ գործ…

– Ի՜նչ գործ,– հեգնանքով արտասանեց ամուսինը:– Գործարանը ծախելը: Ուրիշ էլ ի՞նչ գործ: Չէ՞ որ նրանք «մանր-մունր» հարցերով չեն զբաղվում: Նրանք զարգացման ուղղություններ են մշակում: Նոր շուկայական հարաբերություններ… Թքե՛մ ձեր երեսին…

– Իսկ միգուցե իրո՞ք թողնես-դուրս գաս: Դու ես տանջվում…

– Հազար անգամ նստել եմ, որ գրեմ դիմումս: Բայց հազար անգամ մտածել եմ՝ բա բանվորներին ո՞վ կպահի: Չէ՞ որ այդ հազար ընտանիքը կկործանվի… Հազարավոր երեխաներ սոված կմնան… Մանկապարտեզն էլ կփակեն: Հիվանդանոցն էլ…

Էլ չկարողացավ ուտել: Կում արեց սառը թեյից ու անցավ ննջարան: Մի պահ կանգնեց դռների արանքում, շրջվեց դեպի կինն ու հարցրեց.

– Արմենից լուր չկա՞:

Արմենը կրտսեր որդին էր, որն անկարող հայրենիքում իր մասնագիտությամբ աշխատանք գտնելու՝ ճարահատյալ գնացել էր արտասահման՝ իր հաջողության ետևից: Արդեն մի քանի շաբաթ էր՝  նրանից լուր չկար: Երևի գործերը չէին ստացվում, ու անգամ զանգահարել չէր կարողանում:

Կինը լռելյայն տարուբերեց գլուխը: Ի՞նչ ասեր: Իր սիրտն էլ էր ցավից ու կարոտից մրմռում, բայց ցույց չէր տալիս, որ ամուսնուն լրացուցիչ ապրումներ չպատճառի:

Ամուսինը ծանր հառաչեց ու քաշվեց իր սենյակը: Կինը լուռ ու անքթիթ շարունակում էր նայել մոմի դողացող պատրույգին… Հետո վերցրեց ամուսնու սրտի դեղերը, փչեց-հանգցրեց մոմն ու ինքն էլ անցավ ննջասենյակ:

* * *

Երիտասարդն իր տեղը չէր գտնում… Մտովի փորձում էր ձևակերպել բառերը, սակայն ծայրը ծայրին չէր կպչում… Օգնության հասավ տնօրենը: Ժպիտը դեմքին դիմեց իր նախկին բանվորին.

– Դե մի ամաչիր, ասա: Ո՞նց ես, ի՞նչ ես անում: Ի՞նչ գործով ես եկել:

– Պարոն տնօրեն… Ընկեր տնօրեն…

– Ասա՛, ասա՛, մի՛ քաշվիր:

– Ախր ո՞նց ասեմ… Դե գիտեք, որ վերջերս աշխատանքի եմ անցել Ներքին գործերի նախարարությունում…

– Դա գիտեմ: Հուսամ՝ ավելի լավ ես վաստակում, քան գործարանում: Կինդ ու երեխաներդ ո՞նց են: Կինդ լրիվ բուժվե՞ց: Հո հիվանդանոցում փող չվերցրեցի՞ն վիրահատության համար:

Նախկին բանվորը կարկամեց: Չէր կարող ասել, որ հենց իրենք են փող առաջարկել բժշկին ու անմիջապես էլ բռնել նրան՝ դրամաշորթության մեղադրանքով: Նախընտրեց լռել: Մի պահ շունչ քաշեց ու որոշեց միանգամից շարադրել ասելիքը.

– Ընկեր տնօրեն, ես ձեզ մոտ նախարարության ցուցումով եմ եկել: Պահանջում են… Խնդրում են, որ ամեն ամիս հազար դոլար մուծեք, այլապես կսկսեն պարբերաբար ստուգումներ անցկացնել գործարանում ու հաստատ մի բան կգտնեն ու կկառչեն դրանից:

Հայացքը հառեց ներքև՝ ամաչելով նայել դիմացինի աչքերին: Ախր այս մարդուց այսքան տարիների ընթացքում միայն լավություն էր տեսել՝ բարձր աշխատավարձ, ծառայողական արտահերթ բնակարան նորակառույց շենքում, երեխաներին՝ մանկապարտեզ ու դպրոց, կինն աշխատում էր գործարանի բուֆետում… Ախր ինչո՞ւ են հենց իրեն ուղարկել այս հարցով…

Տնօրենն ուշադիր նրան էր նայում: Տարիների փորձը սովորեցրել էր նախքան որոշում կայացնելը գոնե մի քանի վայրկյան մտածել:

– Դա ո՞ւմ ցուցումն է,– հարցրեց վերջապես:

Նախկին բանվորը վերջապես բարձրացրեց հայացքն ու ասաց.

– Նախարարի: Ինձ իմ պետը փոխանցեց: Ներեցեք… Ես ինքս երբեք չէի գա ձեզ մոտ, բայց հրաման է: Չեմ կարող չենթարկվել…

– Հասկանում եմ… Լավ, գնա: Երկու օրից կանցնես մոտս՝ պատասխանի:

– Կներեք… Մի բան էլ ասացին, որ փոխանցեմ: Այդ դեպքում նրանք աչք կփակեն ամեն ինչի վրա: Որևէ խնդիր երբեք չեք ունենա…

Տնօրենը չպատասխանեց: Նախկին բանվորը, որ հիմա ոստիկանության պատասխանատու աշխատող էր, կամացուկ բացեց սենյակի դուռն ու չքվեց՝ կաս-կարմիր կտրած:

* * *

Շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Տնօրենի գործերը հանձնեցին դատախազություն: Ցուրտ ու ձնառատ մարտ ամսվա շեմին հանդգնել էր նախ բանվորների՝ ամիսներով չվճարված աշխատավարձի մի մասը տալ, ապա միայն պետական հարկերը մուծել, որ կլանում էր ամեն ինչ: Բայց դե իրավապահ մարմիններն էլ իրենց անելիքը լավ գիտեին, ուստի գործը շատ արագ հաստացավ ու կշիռ ստացավ: Հատկապես, որ տնօրենը հրաժարվել էր վճարել Ներքին գործերի նախարարության ամսական տուրքը: Խնդիրներից խուսափելու համար թերևս կվճարեր, բայց դրամ իրոք չկար… Վերահաս դատավարությունից միայն դիպվածը փրկեց. տնօրենը սրտի տագնապով հիվանդանոց ընկավ: Սպասում էին՝ դուրս գրվի, որ սկսեն դատավարությունը:

Այդ օրերին ձերբակալեցին տնօրենի ավագ որդուն: Ոստիկանության բաժանմունքում նրան ծեծում էին ու պահանջում, որ հայտնի հոր փողերի տեղը: Տղայի երեսին միտումնաբար չէին խփում, բայց այնքան ծեծեցին, մինչև որ սկսեց արյուն միզել: Երբ ասում էր, որ իրենք փող չունեն՝ ոստիկանները հռհռում էին ու նոր թափով շարունակում ծեծը: Տղան հիվանդանոց ընկավ: Հույս չկար, որ կապրի. երիկամները շարքից դուրս էին եկել… Մի քանի օրում մոր մազերը սպիտակեցին:

* * *

Բարեփոխումները հանրապետությունում շարունակվում էին: Առաջին անգամ աշխատանքային կոլեկտիվներին հնարավորություն էր տրվում քվեարկությամբ ընտրելու տնօրենին: Ցուցակում ընդամենը երկու թեկնածու էր՝ հին տնօրենն ու միջին տարիքի մի նորելուկ, որը ոչ հեռավոր անցյալում բանաստեղծ էր կամ էլ գրող, և գաղափար անգամ չուներ արտադրությունից: Վերջինս շատ լավ օգտագործեց իր հռետորական տաղանդը: Բանվորների մեծամասնությունը ձայնը տվեց վերջինիս՝ կուլ գնալով նրա անհիմն, բայց գունագեղ խոստումներին:

Մնացածը երկուսին գումարած երկուսի պես հեշտ էր: Շատ շուտով հազար բանվորից գործարանում մնաց հիսուն մարդ: Մյուսներին ուղարկեցին հարկադրված արձակուրդի՝ առանց աշխատավարձի պահպանման: Նոր տնօրենը շատ արագ մոռացավ իր խոստումները, իսկ անհաջողություններն առանց դժվարության պարտակեց ընդհանուր և ժամանակավոր դժվարությունների և մոտալուտ լուսավոր ապագայի բանաստեղծական պատկերներով: Առաջին երկու հաստոցի վաճառքը լիովին փակեց բոլոր ծախսված գումարները: Մնացածը մաքուր եկամուտ էր խոստանում՝ չհաշված անհրաժեշտ նվերներն ու մանր-մունր ամսական վճարները որպես վերաբերմունքի նշան և ապահովության երաշխիք:

Հետո գործարանը սկսեց մաս առ մաս վաճառվել: Նախ՝ թանկարժեք հաստոցները, ապա մնացած ամեն ինչ: Վերջում սկսեցին վաճառել նախկին տնօրենի ջանքերի գնով դրսերից բերված հումքը, որը կարող էր գործարանն ապահովել առնվազն տասը տարվա անխափան աշխատանքով: Նույնիսկ զարմանում էին, թե ինչպե՞ս կարելի էր սև և գունավոր մետաղների ու արտադրության համար անհրաժեշտ ամեն ինչի այդպիսի հսկայական պաշարներ կուտակել… Զարմանում էին ու վաճառում: Վաճառում էին ու հրճվում խշխշացող կանաչ դոլարների տեսքից ու հոտից: Բարդագույն գործիքներ արտադրող երբեմնի գործարանի արտադրամասերից մեկն էր միայն գործում, որտեղ կիսամթան մեջ ու ցրտից կուչ եկած մի քանի բանվոր ջուր եռացնող պարզագույն ինչ-որ սարքեր էին հավաքում օրվա առաջին կեսին: Հետո ցրվում էին տներն ու միանում այնտեղ ծվարած իրենց ընտանիքներին:

Հենց այդ օրերին էլ քաղաքից հանեցին Բանվորի արձանն ու փոխարենը գերեզմանատնից ծաղիկներ գողացող Կարաբալային դրեցին՝ խեղճ ու հուսահատ հայացքը դեմքին:

* * *

Վարչապետն անթաքույց ուրախությամբ մակագրեց տնօրենի հրաժարականի դիմումը: Զանգահարեց քարտուղարություն ու սուրճ պատվիրեց: Հատուկ սուրճ էր, որ հեռավոր մի երկրից էին բերել կառավարության անդամների համար:

Երբ քարտուղարուհին փոքրիկ սեղան գցեց ու հեռացավ՝ վարչապետը շրջվեց նախարարի կողմն ու ասաց.

– Հյուրասիրվիր: Հետո, համենայն դեպս, զանգիր Ներքին գործերի նախարարություն ու ասա, որ գործը կարճելու ժամանակն է: Լավ, թե վատ, շուտ, թե ուշ՝ համենայն դեպս մեզ ահագին օգուտ բերեց այդ գործարանը: Համ էլ՝ վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի քաղաքում… Թե չէ՝ ծուխ, թունավոր գազեր… Բայց վատ չէր լինի, որ այդ տնօրենին մի հատ էլ լավ թափ տային: Դրա հոգին խորն է երևում… Հա, ի դեպ, այս տարի ո՞ւր ես գնում հանգստանալու: Ասում են՝ Իսպանիայում հրաշալի տեղեր կան: Հրաշալի աղջիկներ… Երևի գործուղում ձևակերպեմ ու գնամ: Այսքան աշխատելուց հետո մի քիչ էլ հանգստանալ է պետք: Համաձայն չե՞ս, պարոն նախարար:

– Երևի այս տարի այստեղ մնամ, այս երկրում,– պատասխանեց վերջինս:

– Գժվե՞լ ես,– զարմացավ վարչապետն ու, սուրճից կում անելով՝ շարունակեց.– Արի՝ միասին գնանք: Կնոջդ կասես, որ պետական գործուղում է, իրեն չես կարող հետդ վերցնել: Ի դեպ, տոմսերը բիզնես-կարգով կանես: Այդ հիմարների հետ ինձ չնստացնես: Նորմալ երկրներում վարչապետն իր անձնական օդանավն է ունենում, իսկ մենք…

– Անպայման,– կմկմաց նախարարը:– Քանի չեմ մոռացել՝ փողը ձեզ առձե՞ռն տամ, թե՞…

– Փոխանցիր Շվեյցարիա: Գրպանի ծախսի համար դեռ ունեմ: Երկար ժամանակով չեմ կարող գնալ: Տասը հազարը երևի կհերիքի: Հա, մի մասն էլ տղայիս է պետք հասցնել: Գիտես՝ Լոնդոնի Բիզնես-դպրոցում է սովորում: Վերադարձին մի հատ կմտնեմ մոտը… Տեսնեմ՝ որտեղ եմ աշխատանքի տեղավորում: Ասում էր՝ Ամերիկայում ինչ-որ լավ հաստիքներ կան… Այն ծովափնյա առանձնատունն էլ իր հերթին է փող խմում: Չեն թողնում՝ մարդ առանց հոգսի ապրի…

* * *

Այգին արդեն բերք էր տալիս: Իրոք զարմանալի էր, որ ընդամենը հինգ հարյուր քառակուսի մետրից կարելի էր այդքան խնձոր, տանձ, բալ, հաղարջ ու այլ բարիքներ հավաքել: Փաստորեն սա միակ կապիտալն էր, որ մնացել էր համարյա քառասունհինգ տարվա անխոնջ աշխատանքից: Քաղաքի տունը վաճառել էին, որ փակեն պարտքերն ու դատական գործը:

Նախկին տնօրենն ու այսօրվա թոշակառուն ցած դրեց բահը, գնաց արհեստանոց ու շուտով վերադարձավ մի բարդ գործիք ձեռքին:

– Պապիկ, այդ ի՞նչ գործիք ես բերել,– մեջ ընկավ հետաքրքրասեր ու ամենահաս թոռը:

– Սա, բալես, մետաղ կտրող գործիք է: Շատ տարիներ առաջ իմ գործարանում են արտադրել:

– Իսկ հիմա չե՞ն արտադրում:

– Չէ, բալես, հիմա չեն արտադրում…

– Բայց ինչո՞ւ, պապիկ:

– Գործարանը չկա այլևս… գործարանը չկա…

– Բա մարդիկ որտե՞ղ են աշխատում:

– Մարդիկ… չեն աշխատում…

– Երևի քեզ պես իրենց այգին են ջրում:

– Երևի… Ամեն մարդ իր այգին է ջրում… Կամ էլ արտասահման են գնացել, դրսերում են աշխատում…

– Հայրիկիս պե՞ս:

Ծերունու ճակատով ու աչքերով մի ակնթարթ միայն ինչ-որ մութ ստվեր անցավ, բայց հաջորդ պահին հավաքեց իրեն. հո երեխային չէ՞ր ասելու իրականությունը:

– Հայրիկիդ պես… Դե, գնանք,– դիմեց թոռանը,– հիմա քեզ պիտի սովորեցնեմ մետաղ կտրել, քանի դեռ տատիկը չի կանչել ճաշելու: Կյանքում սա քեզ շատ է պետք գալու: Ասում ես՝ ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս:

– Ճարտարապետ, պապիկ: Կամ էլ՝ ճարտարագետ:

– Այ ապրե՛ս: Հրաշալի՛ մասնագիտություններ են: Հրա-շա-լի: Դե գնացինք:

* * *

Կառավարության շենքում հերթական հաշվետու խորհրդակցությունն էր: Ամբիոնին մոտեցավ նախարարը:

– Պարոնայք: Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ակտիվ աշխատանքի համար: Հիմա, երբ մենք անկախ ենք, և մեր տնտեսությունը տարեցտարի կայուն աճ է արձանագրում, դժվար է գերագնահատել մեր հաջողությունները: Այսօր մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր փոքրիկ լուման ունենք այս կարևոր և ազգանվեր գործում: Միայն մեր պղինձն ու մոլիբդենը կարող են ապահովել մեր բարեկեցիկ կյանքը առաջիկա տասնամյակների ընթացքում: Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ այս կարևոր ժամանակահատվածում, երբ մեր երիտասարդ հանրապետությունը ոտքի է կանգնում, չի՛ կարելի թերագնահատել բնապահպանական խնդիրները: Բարեբախտաբար հնարավոր եղավ վնասազերծել էկոլոգիապես վնասակար մի քանի ձեռնարկություններ: Այսօր մենք կարող ենք արդեն արձանագրել, որ մեր զավակները մաքուր օդ են շնչում ու առողջ մեծանում: Միաժամանակ կցանկանայի ընդգծել մեր հաջող համագործակցությունը մյուս, հատկապես՝ Ներքին գործերի նախարարության հետ: Մեր օրինապահների շնորհիվ հնարավոր եղավ բացահայտել և կանխել ապօրինի գործարարության տասնյակ դեպքեր: Մենք երբեք չենք հանդուրժի օրենքի որևէ խախտում մեր գործունեության մեջ: Մենք օրինապահ երկիր ենք կերտում, և այս գործում կարևոր է յուրաքանչյուրիս անձնական ներդրումը:

Վարչապետը գոհունակությամբ հայացք նետեց նախարարի կողմը, ապա նայեց ժամացույցին. մի քանի ժամից արդեն պիտի օդանավակայան մեկներ՝ Իսպանիա ուղևորվելու համար:

01 փետրվարի, 2012 թ.

(քսան տարի անց)