Երկու մարգարե

Լսարան էր մտնում վեհ ու խրոխտ կեցվածքով՝ հռոմեական սենատորի պես: Միայն սպիտակ տոգան էր պակասում, որ մենք նրան հենց այդպես էլ ընդունեինք, քանի որ ի սկզբանե նա մեզ համար հեղինակություն էր: Աստված է վկա՝ ազգանունը մոռացել եմ, բայց ֆակուլտետում նրան «Կոմիսար» էին անվանում՝ առավելապես ի պաշտոնե, բայց թերևս առաջին կուրսի ուսանողներիս համար նրա կատարածի կարևորության ընդգծման միտումով: Ժամանակներն էին այդպիսին: Նա Սովետական Միության Կոմունիստական Կուսակցության (ՍՄԿԿ) պատմության պրոֆեսոր էր՝ կցված Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետին: Մենք նրան հենց այդպես էլ անվանում էինք մեր մեջ՝ Կոմիսար:

Կոմիսարը բնածին հռետոր էր: Ամեն մի խոսքը կատարյալ էր, առանց պատահական և երկիմաստ բառերի, իսկ ամեն մի բառը մեխի պես խրվում էր մեր մատաղ ուղեղների ծալքերի մեջ ու դառնում անհերքելի ճշմարտություն: Երկու ակադեմիական տարի, այն է՝ չորս սեմեստր, նա մեզ պիտի հասունացներ գաղափարապես ու դարձներ հասարակարգին արժանի մարդ: Մեզ մասնագետ դարձնելը մյուս դասախոսների հոգսն էր: Իսկ Կոմիսարը մեզ պատմություն էր պատմում: Բայց ինչպե՜ս էր պատմում… Լսում էինք նրան հրապուրված ու կախարդված՝ ասես դերվիշի սրինգի ձայնից հիպնոսացած օձեր… Բայց մենք օձեր չէինք, այլ ընդամենը տասնվեց-տասնյոթ տարեկան մատղաշ ուսանողներ, որ ռադիոյից ու հեռուստացույցից անդին երբևէ իրական հռետորի ականատես չէինք եղել: Ու լսում էինք մենք, իսկ նա պատմում էր: Հետաքրքիր էր, քանի որ թեմաներն էլ հիմնականում վերաբերում էին մեր մեծ հայրենիքի ոչ վաղ պատմությանը՝ բնականաբար համեմված կուսակցական գաղափարախոսությամբ, որը նիկոտինի չնչին, բայց ազդեցիկ չափաբաժնով խառնվում էր մեր պապերի, հայրերի ու հիմա արդեն մեր ճակատագիրը ձևավորած ու ձևավորող անցքերին և դառնում իրականության միակ մեկնաբանությունը մեզ համար: Իսկ Կոմիսարը կարդում էր՝ ժամանակ առ ժամանակ խոսքը համեմելով Նարեկացու «Մատյանից» անգիր հատվածներով, որ, կարծում եմ, գիտեր ծայրից ծայր: Հավերժական արևի ճառագայթներով ողողված հսկա լսարանում հնչում էր մեծն ճգնավորի հազարամյա ձայնը.

Թող որ անվաստակ չմնամ

փոքր իմ այս աշխատանքից,

Ինչպես ժրաջան սերմնացուն՝

ամուլ, անբերրի հողի,

Թող չպատահի ինձ հանկարծ՝

երկնել, սակայն չծնել,

Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել,

Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել,

Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես,

Պաղատել, սակայն անտեսված մնալ,

Կողկողել, սակայն դու չողորմես,

Աղաչել քեզ, բայց չշահել ոչինչ,

Զոհեր մատուցել, բայց չճենճերել,

Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ…

Լսի՛ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միակ հզոր.

Մեղքերով ապրած օրերիս չափով

Անվճար թողած տույժն՝ հանցապարտիս

Նոր տանջանքներով վճարել մի՛ տուր:

Իսկ երբեմն էլ «Սասունցի Դավիթ» էպոսից էր հատվածներ մեջբերում՝ ի խրատ՝ մեզ անվանելով «Դանդալոշ Դավիթներ ու Ցռան Վերգոներ», որից մեր տասնվեցամյա ինքնասիրությունը փոքր-ինչ վրդովվում էր, իսկ հետո կարծես նոր ուժ էր ներարկվում մեր երակների մեջ, քանի որ ասվածը վիրավորելու համար չէր, այլ ճիշտ հետևություններ անելու: Մենք էլ կանչում էինք այլ ֆակուլտետներից մեր ընկեր-ընկերուհիներին, որ լսեն մեծն հռետորին, իրենք էլ հիանան և, ինչո՞ւ ոչ, մի քիչ էլ նախանձեն մեզ:

Իսկ Կոմիսարը շարունակում էր պատմել՝ Մարքսի, Էնգելսի, Լենինի, մի քիչ Ստալինի, ապա ավելի մանր առաջնորդների մասին, սակայն նրա կուռքը Լենինն էր, որի մասին կարող էր անվերջ ու հիացմունքով պատմել՝ ակամայից մեզ էլ դրդելով նրան համարել սրբության սրբոց ու միակ անսխալ հեղինակություն: Մենք այլ հեղինակություններ չունեինք և որտեղի՞ց ունենայինք: Մենք մեր ժամանակի պատանդներն էինք, ու այլ ճշմարտություն չկար մեզ համար: Իսկ Կոմիսարը շարունակում էր պատմել Ղազախստանի նվաճված խոպան հողերի մասին, որին ինքն էլ էր մասնակցել իբրև կոմերիտական հրահանգիչ կամ նման մի բան: Եվ ինչպե՞ս չհիանայինք պարզ ու հասարակ հագնված այդ մարգարեով, որն իր համեստ ավանդն ուներ անծայրածիր խոպանը ծաղկուն դրախտավայր դարձնելու հայրենանվեր գործում: Շատ տարիներ անց միայն կարդացի, որ այդ ծրագրի արդյունքում Ղազախստանի անծայրածիր անդաստաններին անդառնալի վնաս է հասցվել, ու հազարավոր տարիներ են անհրաժեշտ, որ վերականգնվի այն արոտավայրերի խոտը, որտեղ ոչխարներն ու ձիերը կրկին կարողանան արածել:

Կոմիսարի պատմություններից ամենազավեշտականը մեզ համար նրա տան պետքարանի նկարագրությունն էր՝ հասարակ, քաշովի ջրահեռացման համակարգով: Ու ամաչում էինք մենք, որ մեր տանն առավել ժամանակակից ջրահեռացման համակարգ ունեինք, քանի որ կյանքում դա չէ կարևորը, այլ հանուն վեհ նպատակների ապրելն ու պայքարելը, որոնք մեզ հստակորեն մատնանշում էր Կոմունիստական կուսակցությունն ի դեմս իր համեստ նվիրյալ Կոմիսարի:

Ձմեռային մի կարճ օր կրկին նրա դասախոսությունն էր՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին և Հայրենական մեծ պատերազմին: Եվ ինչպես միշտ պերճախոս էր մեր Կոմիսարը: Մի պահ ընդհատեց հիմնական նյութն ու այլ թեմայի անցավ՝ իր ծանոթներից մեկի տանը վերջերս տեղի ունեցած մի հավաքույթի մասին:

– Երբ արդեն մի քիչ խմել-կերել ու տաքացել էինք, մեկը սկսեց երգել.

Տրա-լա-լա, տրա-լա-լա, տրա-լա-լա-լա-լա-լա-լա…

Հարցրեցի, թե դա ի՞նչ երգ է: Ասաց, որ Հայկական առաջին հանրապետության բանակի ռազմական երգերից է: Ծիծաղս եկավ ու ասացի՝ այդ երգով է հայկական բանակը մարտի դուրս եկել ու դրա համար էլ պարտվել է: Բոլորը լռեցին, իսկ ես երգեցի.

– Вставай, страна огромная,

Вставай на смертный бой…

– Այս երգով պիտի կռվի դուրս գաս, որ հաղթես, թե չէ՝ «Տրա-լա-լա, տրա-լա-լա…»:

Ու ամբողջ լսարանը ծիծաղեց՝ մեկեն հասկանալով հայկական բանակի բոլոր պարտությունների իրական պատճառը: Հետո Կոմիսարը պատմեց «Առաջին տխրահռչակ հանրապետության ու Դաշնակցական ծախու կառավարության ու գեներալների» մասին: Հենց այդտեղ էր առաջին ու վերջին անգամ, որ ես փորձեցի բարձրաձայն ընդվզել.

– Բայց չէ՞ որ Սարդարապատում մենք հաղթեցինք:

Կոմիսարը մռայլվեց, սակայն նա խոսքի տակ մնացող չէր և այդ հարցի պատասխանը հաստատ նախապես ուներ.

– Սարդարապատում հաղթեց ոչ թե բանակը, այլ բանվոր-գյուղացիական աշխարհազորը:

– Բայց ես կարդացել եմ Աշոտ Հարությունյանի «Թուրքական ինտերվերնցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները» աշխատության մեջ, որ Սարդարապատին հայկական կողմից մասնակցում էր կազմակերպված բանակը՝ Նազարբեկյանի, Բեկ-Փիրումյանի, Սիլիկյանի գլխավորությամբ:

Կոմիսարի ճակատին ասես սև ամպեր հավաքվեցին: Թվում է՝ ոչ ոք երբեք չէր հանդգնել հակաճառել նրան: Նա խոժոռ հայացքով նայեց ուղիղ աչքերիս մեջ ու հատու բառերով ասաց.

– Քո այդ Հարությունյանը չարաչար սխալվում է ու հիմարություններ ասում:

Հետագա բանավեճն անիմաստ էր, նաև վտանգավոր: ՍՄԿԿ պատմություն առարկայից սև ցուցակում հայտնված ուսանողն ամենայն հավանականությամբ շուտով հրաժեշտ կտար համալսարանին, կոմերիտմիությանը և փոքրիշատե բարվոք ապագային: Դա լուրջ վտանգ էր, իսկ մենք պատրաստ չէինք նման վտանգների դեմ կրծքով կանգնելու: Որքան որ ուժեղ էր կուսակցությունն ու երկիրը, այնքան թույլ ու անկամ էինք մենք:

ՍՄԿԿ պատմության քննությունը պարզապես առարկային տիրապետելու ստուգատես չէր, այլ ընդհանրապես երիտասարդ ուսանողի հասարակական զարգացման մի ներկայացում: Ոչ միայն պետք էր հստակ պատասխանել քննատոմսի երեք հարցերին, այլև միանգամայն անհրաժեշտ էր այդ ամենին հավատալն ու դասախոսին հավատացնելը: Շատերս, լավ թե վատ, կարողացանք անցնել այդ փորձության միջով, սակայն անհաջողակներ էլ բավականաչափ շատ էին: Դրանցից մեկն էլ Պռոշյան սովխոզից Պետական համալսարան եկած Պետրոսն էր, որին պարզապես Պետո էինք կոչում: Նա ընդվզողներից մեկն էր:

Հիշում եմ՝ կոմերիտական մեծ ժողովներից մեկին մի աղջիկ իր ելույթը ռուսերեն սկսեց: Պետոն նստած տեղից հարցրեց, թե ինչո՞ւ հայերեն չի խոսում: Դա արդեն շատ լուրջ էր: Ոմն Գալոյան, որը համալսարանի հասարակական ու կուսակցական վերնախավից էր, շեշտակի ելավ նախագահության աթոռից, դաժան ու վճռական հայացքն ուղղեց Պետոյի կողմն ու գրեթե գոռաց հսկա դահլիճով մեկ.

– Իսկ ի՞նչ տարբերություն հայերե՞ն, թե՞ ռուսերեն:

Դա հռետորական հարց էր: Ոչ մեկս չհանդգնեցինք բարձրաձայն պատասխան տալ նրան: Թերևս պատասխան էլ չունեինք: Հետո, շատ տարիներ անց այդ ակտիվիստ Գալոյանը դարձավ պաշտոնատեր, անգամ Ազգային ժողովի պատգամավոր ինչ-որ կուսակցական ցուցակով: Ամեն անգամ նրա լպստած դեմքին նայելիս ես միայն ու միայն նրա այդ բացականչությունն էի հիշում: Մնացածն ինձ համար էական չէր: Եթե ինչ-որ հայի համար հայերենի և ռուսերենի միջև տարբերություն չկա, ուրիշ էլ ի՞նչ կարող է ասել այդ մարդը: Նույն հաջողությամբ, եթե հարցնեինք, թե ինչու են Արցախն ու Նախիջևանը Ադրբեջանի կազմում, այլ ոչ թե Հայաստանի, հաստատ կպատասխաներ.

– Իսկ ի՞նչ տարբերություն՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի: Բոլորս էլ խորհրդային հայրենիքի կազմում ենք:

* * *

ՍՄԿԿ պատմության տեսական նյութը լավ սերտելու համար պարբերաբար սեմինար պարապմունքներ էին անցկացվում: Դասախոսը, երբ իմացավ, որ մեզնից շատերը շուտով խորհրդային բանակ են զորակոչվելու, հայրական խորհուրդ տվեց մեզ.

– Երեխեք, բանակի միակ խերը Կուսակցության շարքերն ընդունվելն է: Կամ գոնե՝ թեկնածու դառնալը: Սա ականջներիդ օղ արեք: Մնացածը սուտ բան է:

Մինչդեռ մենք միամտաբար կարծում էինք, թե գնում ենք մեր հայրենիքի սահմաններն ու ժողովրդի խաղաղ կյանքը պաշտպանելու:

Իմ սիրած աղջիկն էլ նույն բանն ասաց հրաժեշտին.

– Անպայման կուսակցություն կընդունվես:

Իմ բերանը բաց մնաց: Ասելիք չունեի…

Ես կուսակցության շարքերը չընդունվեցի: Նույնիսկ չփորձեցի: Բարեբախտաբար, շուտով կուսակցությունն էլ գրեթե վերացավ, ինչպես խորհրդային ամեհի պետությունը, քանի որ իրականում նա հսկա էր կավե ոտքերի վրա: Եվ ընկավ մեծ կուռք Լենինը: Նրանից մնաց միայն մումիան՝ քարե դամբարանի մեջ: Չեն թաղում: Ինձ թվում է՝ հողը չի ընդունում նրա պիղծ մարմինը: Մեկ էլ նրա հատորները մնացին, որ ժամանակին զարդարում էին կուսակցական չինովնիկների սենյակները: Հիսուն հատոր, որոնցում անգամ հիշատակում չկա Հայոց ցեղասպանության մասին: «Մեծ հումանիստն ու համայն աշխարհի բանվոր-գյուղացիների առաջնորդը» անգամ մի բառ չի գրել մեր մեծ ողբերգության մասին: Էլ ո՞ւմ են պետք նրա հիսուն հատորները…

* * *

Մի գեղեցիկ շենք կա կենտրոնում՝ Բաղրամյանի պողոտայում: Լուսավոր, գեղեցիկ, վեհատեսիլ… Շենքը պատկանում էր Կոմունիստական կուսակցությանը: Իսկ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները նստացույց էին անում այդ շենքի դիմաց՝ պահանջելով այն հանձնել իրենց, քանի որ խոնավ, քանդված ու բորբոսահոտ սենյակներում այլևս հնարավոր չէր գեղեցիկ արվեստներ ուսանել ու ստեղծագործել: Ես էլ միացել էի իմ արվեստագետ ընկերներին՝ «Պետական համալսարանը սատարում է Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների պահանջին» մի քիչ անհամեստ ցուցապաստառով: Ուրախ էինք բոլորս, քանի որ արդար բանի համար էինք խմբվել մայթին: Ու այդ պահին ՍՄԿԿ պատմության դասախոսն էր անցնում մեր մայթով: Իր մռայլ ու գորշ հայացքով կարդաց մեր պաստառներն ու ավելի խոժոռվեց: Հիասթափական շարժումով թափ տվեց գլուխն ու դանդաղ հեռացավ: Հետո մենք էլ ցրվեցինք: Հիմա այդ շենքում Սահմանադրական դատարանն է: Իսկ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները նույն տեղում են:

* * *

Պետոն ոչնչով աչքի չէր ընկնում համալսարանում: Սովորական, միջակ ուսանող էր: Արտաքին նկատելի նշանը միայն իրար միացած խիտ հոնքերն էին ու նաև դեմքի՝ գրեթե մինչև աչքերը հասնող մազածածկույթը, չնայած խնամքով սափրվում էր, քանի որ սովետական բուհում ընդունված չէր բեղ-մորուքով ուսանող ունենալ:

Հետո սկսվեց Շարժումը: Պետոն առաջիններից էր, որ զգաց ու հասկացավ, որ իր ժողովրդի ցավը ի՛ր ցավն էր, ու մեկնեց սահման, հետո էլ՝ Արցախ: Ու դարձավ հերոս ու հերոսություն ներարկեց բոլորին: Շատ կռիվների մասնակցեց, շատ զինվորներ կոփեց ու զինվոր դարձրեց և մի օր էլ իր կյանքը տվեց՝ ռազմի դաշտում մնացած վիրավոր ընկերոջը փրկելու համար… Նրա մարմինը վերադարձավ Պռոշյան գյուղ, իսկ անմահ հոգին թևածում է Հայոց աշխարհի վրա ու վրեժի կոչ անում Հայ անունը կրողներիս:

Ու կռիվ էր գնում Պետոն ոչ թե «տրա-լա-լա» երգելով, այլ առյուծի պես մռնչալով.

– Կեցցե Զեյթունը, խրոխտ Սասունը,

Դաշնակցությունը բախտավոր օրեր պարգևեց հայուն…

* * *

Եթե ուզում ես քեզ հավատան՝ պիտի խաչվես: Դա է մեզ պատգամել Հիսուսը, հետո՝ Վարդանը, հետո՝ Նժդեհն ու Դրոն, հետո՝ Թաթուլն ու Դուշման Վարդանը, Մոնթեն ու Պետոն: Դրա համար էլ մենք հավատում ենք նրանց: Միգուցե նաև այն պատճառով, որ մեր երակներում նույն արյունն է հոսում, որ Հայկ Նահապետից ենք ժառանգել: Իսկ ՍՄԿԿ պատմության պրոֆեսորի ու նրա զինակիցների երակներում այլ հեղուկ է հոսում… Դա մեր արյունը չէ: Թող ների ինձ Աստված՝ ես անգամ չգիտեմ՝ նա հիմա կենդանի է, թե ոչ: Բայց ի՞նչ պատիժ է սպասում մանկական հոգիները գայթակղողներին: Հիրավի՝ ավելի լավ է նրանք ծովի անդունդը գնան, քանզի ահավոր է նրանց վախճանը… Ի՞նչ կարող է լինել առավել ստոր ու տմարդի, քան ուսուցչի կողմից մանուկներին միտումնավոր կեղծիք հրամցնելն իբրև միակ ու անհերքելի ճշմարտություն… Ու Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մեք» հայրենասիրական ներբողն իբրև «տրա-լա-լա» ներկայացնելը…

* * *

Հիմա երկուսն էլ գրանիտե քարի տակ են: Պետոն՝ հաստատ, իսկ ՍՄԿԿ պատմության պրոֆեսորը՝ թերևս:

Ամեն մարդ իր խոսքերով է դատվում: Քավ լիցի, ես դատավոր չեմ, սակայն, եթե լինեի, երևի թե հենց ՍՄԿԿ պրոֆեսորի խոսքերը պիտի իրեն հիշեցնեի, որ Նարեկացուց էր սերտել. «Անվաստակ մնացիր քո փոքր աշխատանքից, երկնեցիր, բայց չծնեցիր, ողբացիր, բայց չարտասվեցիր, խորհեցիր, բայց չհառաչեցիր, գնացիր ու չհասար…»:

Իսկ Պետոյի գերեզմանի մոտ խոսքերը լռում են իմ մեջ: Անձուկը խեղդում է կոկորդս: Միայն երգն է, որ կապում է իրար անցյալը, ներկան ու ապագան.

Քար եք դարձել գրանիտ,
Բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտերում, մեր մեջ եք,
Մենք ձեզ երբեք չենք մոռանա,
Ու միշտ կհիշենք…

Պետո ջան, սիրելի Պետրոս Ղևոնդյան, թող այս գրանիտե քարը փետուր լինի քո շիրիմին: Ու այն մանուկները, որ պատիվ ունեն քո անունը կրող դպրոցներում ուսանելու, թող տարբերեն սպիտակը սևից ու կարմիր արյունը՝ անգույն ջրից: Հավերժ փառք քեզ, Պետո ջան… Ապրելով ապրիր, մեր հավատով ու սրբերի աղոթքով: