Գարնանային արևի պայծառ շողերը ողողել էին Հանրապետության հրապարակն ու ավելի էին ընդգծում դեղին և վարդագույն շենքերի գեղեցկությունը: Հիրավի, մեր գլխավոր հրապարակը կարող է մրցել աշխարհի լավագույն հրապարակներ հետ և հաղթող ճանաչվել: Շատրվանները դեռ չէին միացրել. հին սովորությամբ դրանք միացվում էին մայիսի 1-ին: Սակայն, նույնիսկ առանց երգող շատրվանների, հրապարակը հառնում էր իր ողջ վսեմությամբ: Գարնանային արթնացնող տրամադրությունը համատարած էր թվում:
Գերմանիայից ժամանած ներդրողների խումբը, նախքան հյուրանոց մտնելը, կանգնել էր մայթին ու հիանում էր աչք շոյող պատկերներով: Մի քանիսը ծխում էին, մյուսները՝ հապճեպ լուսանկարում կառավարական շենքերն ու հյուրանոցը: Նրանց ամեն ինչ հետաքրքիր էր մեր երկրի մայրաքաղաքում: Անգամ անցորդներն ու մեքենաները, այգին ու յոթակնանի ցայտաղբյուրը, որի նմանն աշխարհում հաստատ չկա:
Մենք մի քիչ ակնածանքով նայում էինք մեր հյուրերին ու ինքներս էլ վարակվել էինք արևոտ առավոտվա երջանկությամբ: Գարունը միշտ էլ ուրախություն է, հատկապես՝ երկարատև ու ցուրտ ձմեռվանից հետո: Գարունը ջերմություն է, հույս ու հավատ: Իսկ առջևում ամառն է՝ իր կանաչ և փթթող առատությամբ:
Բնության զարթոնքի հրճվանքին միախառնվել էր նաև մեր անձնական գործարար խանդավառությունը: Երկարատև բանակցություններից հետո ի վերջո հաջողվել էր գերմանացի ներդրողներին համոզել, որ Հայաստանը հրաշալի հնարավորություններ է ընձեռում հեռանկարային ներդրումների համար: Ու հիմա նրանք վերջապես ժամանել էին, որպեսզի տեղում դիտարկեին առաջիկա քայլերը, նախնական բանակցություններ տանեին ու, եթե ժամանակ լիներ, նաև մի քիչ ծանոթանային մեր տեսարժան վայրերին, որոնց մասին, իրենց իսկ խոստովանությամբ, առաջներում երբեք չէին լսել: Հայաստանի մասին նրանք միայն ցեղասպանությունն ու Շառլ Ազնավուրի միջոցով գիտեին: Վերջինիս երգերը նրանք ի սրտե սիրում էին: Զբոսավար-թարգմանիչը, որն ուղեկցել էր հյուրերին օդանավակայանից մինչև Երևանի կենտրոն, մեր խորհրդով նրբանկատորեն շրջանցել էր գերմանացի ռազմագերիների կողմից կառուցված Սարալանջի փողոցի պատերի թեման: Գիտեինք, որ նրանց համար դա տխուր հիշողությունների առիթ պիտի հանդիսանար:
* * *
Ճաշից հետո ազատ ժամանակ կար: Գերմանացիները նստել էին հյուրանոցի ճեմասրահում: Մի մասը հայկական սուրճ կամ գարեջուր էր փորձում: Մի քանիսը ծխում էին, իսկ մեկը հաճույքով ծխամորճ էր քաշում՝ զարմանալով, որ հյուրանոցի փակ տարածքում թույլատրվում է ծխել: Իր ասելով՝ Գերմանիայում դա ընդունված չէ: Ոչ այնքան օրենքի տառի պահանջով, որքան չծխող մարդկանց անհարմարություն չպատճառելու և դժվարությամբ օդափոխվող տարածքում օդը չապականելու նպատակով:
Զբոսավարի փորձված աչքը նկատեց, որ հյուրերից մեկը դուրս է եկել հյուրանոցին հարող մայթ ու, մյուսներից ներողություն հայցելով, ինքն էլ դուրս եկավ նրա մոտ. միգուցե հյուրը որևէ օգնության կարիք ունենար: Գերմանացիները չառարկեցին. նրանք առանց թարգմանչի էլ իրենց հրաշալի էին զգում՝ փափուկ, հսկա բազկաթոռների մեջ ընդդարմացած:
Միայնակ գերմանացին կանգնել էր հրապարակ մտնող փողոցի խաչմերուկում ու չորս կողմն էր նայում: Դժվար էր միանգամից բացատրել նրա վարքագիծը: Կանգնել էր անցումի մոտ, սակայն չէր պատրաստվում փողոցն անցնել: Լուսացույցը հերթով փոխում էր գույները՝ կանաչ-դեղին-կարմիր-կանաչ, իսկ նա կանգնել էր ու մնացել իր տեղում: Անհանգստացած զբոսավարը մոտեցավ հյուրին, ժպտաց ու հարցրեց.
– Կարո՞ղ եմ ձեզ օգնել: Ինչ-որ բանի կարիք ունե՞ք:
Գերմանացին մի պահ հայացքը կտրեց փողոցի պատկերներից, նայեց զբոսավարին ու պատասխանեց.
– Մենք ուշանո՞ւմ ենք հանդիպումից:
– Ոչ, դեռ բավականաչափ ժամանակ ունենք: Ուրեմն՝ օգնության կարիք չունե՞ք:
– Ոչ, շնորհակալություն:
– Կներեք, եթե իհարկե գաղտնիք չէ, ի՞նչն եք այսպես կլանված ուսումնասիրում այս աղմկոտ խաչմերուկում:
– Որևէ գաղտնիք չկա: Ես օտար քաղաքներում միշտ այսպես կանգնում ու ուսումնասիրում եմ փողոցների անցուդարձը: Դա ինձ շատ հետաքրքիր է և նաև ուսանելի:
– Հետաքրքիր և ուսանելի՞…
– Այո, այո… Գիտեք, նայելով մարդկանց ու մեքենաների անցուդարձին՝ ես կարողանում եմ եզրակացության գալ առաջիկա ներդրումների նպատակահարմարության մասին: Նման դիտարկումների և դրանց վերլուծության մասին մեր համալսարաններում հատուկ ծրագիր է մշակվել: Մոտավորապես կարող եմ ձևակերպել այսպես՝ մարդկանց վարքագծային ուսումնասիրությունների դերը գործարարության ասպարեզում…
– Շա՜տ հետաքրքրիր է,– զարմացած արտահայտվեց զբոսավարը:– Իսկ ո՞րն է դրա գործնական նշանակությունը:
– Պատկերացրեք, որ սրանք զուտ վերացական ու տեսական մոտեցումներ չեն: Մենք բավական հաճախ ենք նման ուսումնասիրություններ կատարում, ապա դրանք համադրում վիճակագրական և այլ տվյալների հետ, ամփոփում ու, ի վերջո, որոշում կայացնում: Սա շուկայավարության, սոցիոլոգիայի և հոգեբանության համատեղ կիրառության լավ օրինակ է: Գիտությունը վերջին ժամանակներում հենց այսպիսի տարբեր եզրագծերի հատման տեղերի վրա է կենտրոնանում ու, հավատացեք ինձ, բավականաչափ հաջող արդյունքներ տալիս:
– Արդեն կարողացե՞լ եք ինչ-որ եզրակացություն անել:
– Դեռ շարունակում եմ: Սա րոպեական գործ չէ:– Գերմանացին նույնիսկ ժպտաց:
– Դե լավ, ուրեմն՝ չխանգարեմ ձեզ: Մենք հյուրանոցի սրճարանում ենք: Երբ վերջացնեք՝ կարող եք միանալ մեզ, որպեսզի գնանք հանդիպման:
* * *
Քաղաքապետարանի նոր շենքը ևս հպարտության առարկա էր: Գերմանացիներն իրոք հիացած էին թե՛ շինության արտաքինով, թե՛ ներքին տեսքով, որ ավանդական և ժամանակակից ճարտարապետության մի հրաշալի համադրություն էր: Զբոսավարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց սեպագիր արձանագրության վրա, որը թարգմանաբար հայտնում էր, որ մեր քաղաքամայրը գրեթե երկու հազար ութ հարյուր տարեկան է: Ու կրկին չրթչրթացին ֆոտոապարատները՝ հավերժացնելով հազարամյա բազալտի սեպագիր տառերը:
Ընդունելությունը հրաշալի էր կազմակերպված: Մեզ ընդունեց քաղաքապետի տեղակալներից մեկը, որը պատասխանատու էր ներդրումների և հողահատկացումների համար: Ներկա էին մարդիկ նաև նախարարությունից: Հանդիպումների համար նախատեսված սրահը կահավորված էր ժամանակակից տեխնիկայի վերջին խոսքով և բոլոր հարմարություններով:
Քաղաքապետի տեղակալը հակիրճ հայտնեց իր պատրաստակամությունը՝ ամեն կերպ օժանադակելու արտասահմանյան ներդրողներին.
– Մենք ողջունում ենք ձեզ մեր հյուրընկալ հողում: Մեր երիտասարդ երկիրն իր հնամենի մայրաքաղաքով անչափ հետաքրքրված և շահագրգռված է գերմանական կապիտալի մուտքով: Որքան ինձ հայտնի է՝ ձեզ առավելապես գրավում է հյուրանոցային և հարակից ծառայությունների դաշտը: Այս առումով ձեր ներդրումները միանգամայն արդարացված կլինեն, քանի որ մեր երկիրը լուրջ հաջողություններ է գրանցում զբոսաշրջության ոլորտում, և մենք, հիրավի, կարիք ունենք ժամանակակից հյուրանոցների, որպեսզի ամենաբարձր որակի ծառայություններ մատուցենք մեր օտարերկրյա հյուրերին: Զուգակցելով հայկական ավանդական հյուրասիրությունը, բնական և պատմամշակութային հուշարձանների առատությունը և ձեր ներդրումները՝ մենք բոլորս միայն կշահենք այս ձեռնարկից: Քաղաքապետը (որն, իհարկե, տեղյակ է ձեր այցելության մասին, սակայն այս օրերին բացակայում է քաղաքից) հանձնարարել է մեզ առավելագույնս աջակից լինել ձեզ:
Գերմանացիներին շատ ոգևորեց պաշտոնյայի ելույթը: Մի քանի ներածական խոսքերից հետո նրանք անցան բուն թեմային, որի իմաստն այն էր, որ իրենք, նախապես ուսումնասիրելով երկրի առանձնահատկությունները, կցանկանային հողային մի քանի տարբերակներ դիտարկել քաղաքի մեծ կենտրոնի սահմաններում: Միաժամանակ նշեցին, որ որևէ խոսք չի կարող լինել կանաչ տարածքների կամ այգիների հաշվին շինարարություն կատարելու մասին, ավելին՝ իրենք իրենց կողմից պատրաստ են նաև ծառատնկումներ իրականացնել և հենց այդ նպատակով Գերմանիայից հատուկ տնկիներ բերել, որոնք շատ հարմար կլինեն մեր կլիմայական պայմաններին:
Լսելով մեծ կենտրոնի մասին՝ քաղաքապետի տեղակալը փոքր-ինչ այլայլվեց, սակայն դիվանագիտական նրբանկատությամբ պատասխանեց.
– Մենք, իհարկե, հասկանում ենք ձեր ցանկությունը՝ հյուրանոցը կառուցել քաղաքի առավել բանուկ հատվածներից մեկում, սակայն այս պահին մենք կարող ենք հողահատկացում կատարել հետևյալ մասերում:
Նա վեր կացավ, մոտեցավ պատին փակցված հսկա քարտեզին ու ձեռքի լազերային փայտիկով մի քանի տարածքներ մատնանշեց, որոնք բոլորն էլ ծայրամասերում էին:
Գերմանացիները խնդրեցին իրենց տրամադրել քարտեզի փոքրացված պատճենը՝ նշելով առաջարկված տարբերակների տեղերը նրա վրա, որ կարողանան տեղում դիտել և եզրակացություն անել:
Եվս մի քանի սիրալիր խոսք փոխանակելուց և մոտ օրերս կրկին հանդիպելու ցանկություն հայտնելուց հետո հյուրերը վեր կացան: Քաղաքապետի տեղակալը վերջում ասաց, որ ուրախ կլինի մեզ բոլորիս երեկոյան տեսնել իր նորաբաց ակումբում: Արդեն դրսում գերմանացիները զարմացած հարցնում էին՝ դա պաշտոնյայի անձնակա՞ն ակումբն է, թե՞ հենց քաղաքապետարանի: Չցանկանալով անախորժ տրամադրություն ստեղծել՝ մենք նշեցինք, որ դա, իհարկե, քաղաքի ակումբն է, և քաղաքապետի տեղակալը հենց դա նկատի ուներ: Սակայն վստահ չեմ, որ մեր պատասխանը համոզեց գերմանացիներին: Անախորժ մի ստվեր անցավ նրանց երեսներով, որն աստիճանաբար փոխվեց թերահավատության ու այդպես էլ չանցավ մինչև նրանց մեկնելը:
* * *
Գերմանացիները հատ-հատ ուսումնասիրեցին առաջարկվող տարածքները, որոնք բոլորն էլ քաղաքի արվարձանային ու անհրապույր մասերում էին: Ամենուրեք զգացվում էր աղքատության, անբարեկարգության շունչը՝ հավելված տափաստանային մերկ բնապատկերներով, կենցաղային ու շինարարական աղբի կույտերով, լքված ու թալանված գործարաններով ու մեկը մյուսից անճաշակ շինություններով:
Հյուրերը բացահայտորեն հիասթափված էին: Հնարավոր տարբերակներից մեկն էլ՝ մայրաքաղաքից դուրս ներդրում անելու հնարավորությունն էր, ուստի մյուս օրը մեր խումբը մեկնեց հեռավոր մարզերից մեկը: Այստեղ վիճակն այլ էր: Մարզպետարանի ներկայացուցիչը չուներ մայրաքաղաքային գործընկերոջ բանախոսական վարպետությունը և հարցերին ավելի կտրուկ և գործնական էր վերաբերվում: Ու, չնայած համատարած աղքատության և լքվածության պատկերներին, հանդիպումներն անցան առարկայական մթնոլորտում՝ առանց դիվանագիտական շաղակրատանքների և ետին մտքերի: Մարզպետարանի առաջարկը շատ հստակ էր: Նրանք պատրաստ են օժանդակել թե՛ հողային, թե՛ մյուս հարցերում, սակայն հյուրանոցի փայաբաժնի քսանհինգ տոկոսն իրենց պատկանելու պայմանով միայն:
Ամենից դժվարը գերմանացիներին համոզելն էր, որ նման առաջարկը քննարկման նյութ կարող է դառնալ: Նախ՝ պետական պաշտոնյաները հստակորեն կօժանդակեին բոլոր հարցերում, նաև իրենց միջոցներով և կապերով կարող էին բավականաչափ զբաղվածություն ապահովել ապագա հյուրանոցի համար: Ի վերջո, ներդրողները դժվարությամբ և դժկամությամբ համակերպվեցին այդ մտքին և համաձայնեցին ևս մեկ հանդիպում ունենալ մարզպետարանի պատասխանատու աշխատակցի հետ՝ նախապես հետաքրքրվելով, թե ինչու մարզպետն անձամբ չի ընդունում իրենց: Ի պատասխան պաշտոնյան ասաց, որ վերջինս խիստ կարևոր և անհետաձգելի գործեր ու հանդիպումներ ունի, ուստի հայցում է հյուրերի ներողամտությունը:
Սակայն անսպասելին դեռ առջևում էր: Հաջորդ հանդիպման ժամանակ մարզպետարանի նախապես առաջարկված քսանհինգ տոկոսը, որին գերմանացիները կարծես համակերպվել էին, հանկարծ դարձավ հիսունմեկ: Թարգմանչից լսելով այդ թիվը՝ գերմանացիները տարակուսած իրար նայեցին և խնդրեցին կրկնել այն: Կրկին լսելով նույն չարաբաստիկ թիվը՝ նրանք լուռ հայացքներ փոխանակեցին, ապա մի մարդու պես վեր կացան ու լքեցին հանդիպումների սենյակը՝ տանտերերի զարմացած հայացքների ներքո: Միայն մարզպետի տեղակալը մրմնջաց.
– Մի հատ «ցտեսություն» էլ չասացին: Հետո թողնես՝ մեզ պարկեշտության ու լավ վարվեցողության կանոններ սովորեցնեն այդ եվրոպացիները…
* * *
Ճանապարհին կանգնեցինք, որ սուրճ ու թեյ խմենք: Հաց ուտելու տրամադրություն չկար: Այդ պահին մոտակա անտառից կրակոցներ լսվեցին:
– Մարզպետն է, բեզաորյան այծի որս է անում ընկերների հետ,– բացատրեց հացատան աշխատողը՝ մեր տագնապը ցրելու համար:– Որ մի քիչ ոտներդ կախ գցեք՝ հաստատ ձեզ էլ բաժին կհասնի: Շա՜տ հյուրասեր մարդ է մեր մարզպետը…
Մինչ մենք կհասցնեինք ընդհատել նրան կամ որևէ կերպ փրկել դրությունը՝ միամիտ թարգմանիչն արդեն թարգմանել էր մատուցողի բառերը: Գերմանացիները տխուր հայացքներով մեզ չափեցին ու իրար մեջ ինչ-որ բան քրթմնջացին, որից միայն հասկացանք, որ իրենք հիմա հասկանում են մարզպետի խիստ զբաղվածության պատճառը և թե ինչու են բեզաորյան այծերն ընդգրկված մեր Կարմիր գրքում:
Հեռուներից դեռ լսվում էր պաշտոնյաների կրակոցների ձայնը, որ արձագանքում էր մատղաշ կանաչով պարուրված սարերում ու ձորերում:
Վերադարձի ճանապարհն անցնում էր Սարալանջի փողոցով: Վաթսունհինգ տարի առաջ գերմանացի ռազմագերիների կողմից կառուցված պատը կանգնած էր՝ կարծես երեկ էին ավարտել: Ոսկերչական մանրակերտությամբ հղկված ու ձև ստացած բազալտե քարերը շարված էին զինվորների պես կուռ շարքերով: Ոչ մի ճեղք, ոչ մի աղճատում… Իսկ շարունակությունը մեր վարպետներն էին շարել, ու տարիների ընթացքում քարերն իրարից հեռացել էին, առաջ ու ետ ընկել, տեղ-տեղ էլ քանդվել ու թափվել, իսկ հետո սվաղվել անշուք շաղախով… Ու կարծես վախվորած նայում էին իրենց գերմանացի հարևաններին, որ լուռ հպարտությամբ կրում էին ժամանակի փորձությունը:
* * *
Հետո քաղաքապետարանի պատասխանատուն գերմանացիներին կրկին հրավիրեց իր մոտ և, վերջիններիս լսելուց հետո ասաց, որ քաղաքն, ավաղ, ավելի հարմար հողեր չի կարող առաջարկել: Բայց դուրս գալիս, երբ պաշտոնական մասն արդեն ավարտվել էր, մոտեցավ գերմանացիների գլխավորին և, կարծես իմիջիայլոց, հայտնեց, որ ինքն անձամբ մի քանի հրաշալի տարածքներ ունի քաղաքի կենտրոնական մասերում, որոնք, սակայն, շուկայական գին ունեն և չեն կարող օտարվել կադաստրային սովորական արժեքներով:
Գերմանացիների ավագը ոչինչ չպատասխանեց: Ակնոցի վրայից մի քանի վայրկյան նայեց խոսակցին, ասես՝ նրան ավելի լավ հասկանալու կամ գաղտնի մտքերը կարդալու համար, ապա դժկամությամբ հրաժեշտ տվեց ու հեռացավ:
Երբ մեր խումբը դուրս եկավ քաղաքապետարանից՝ գերմանացիների ավագը խնդրեց իրեն միանգամից օդանավակայան հասցնել: Մեր զարմացած հարցին նա հեգնանքով պատասխանեց.
– Շտապ պիտի տուն վերադառանամ: Կարևոր հանդիպումներ ունեմ:
– Իսկ ձեր ուղեբե՞ռը, ճամպրուկնե՞րը,– փորձեց իրավիճակը փրկել զբոսավար-թարգմանիչը:
– Հետո կուղարկեք ինձ: Ես կվճարեմ:
* * *
Օդանավակայանում առանձնապես մարդ չկար: Հրաժեշտից առաջ, ավելի շուտ մի որևէ բան ասելու համար, զբոսավարը դիմեց սոցիոլոգիական ուսումնասիրություն անցկացնող գերմանացուն.
– Դուք կարողացա՞ք ամփոփել ձեր հետազոտության արդյունքները:
– Այո, հասցրեցի: Մի քանի անգամ էլ կանգնեցի նույն տեղում, զննեցի ու ավարտեցի դիտարկումս: Ես, գիտեք, հիմնականում մարդկանց ու մեքենաներին էի նայում: Թեև քաղաքը բավականաչափ կեղտոտ է, բայց աղբը մեծ քաղաքներում մի տեսակ նորմալ երևույթ է: Ես դրան առանձնակի ուշադրություն չդարձրեցի:
– Իսկ ի՞նչ արձանագրեցիք:
– Չնայած գործող լուսացույցին՝ ո՛չ մարդիկ, և ո՛չ էլ մեքենաների վարորդները դրանց չէին նայում, այլ անցնում էին՝ ով երբ ուզում էր և որտեղով ուզում էր, առանց իրար զիջելու և առանց իրար հարգելու: Դրա հիման վրա ես գրեցի իմ եզրակացության մեջ, որ այս երկրում ներդրումներ կատարելն առայժմ նպատակահարմար չէ:
* * *
Համալսարանի անցկացրած հարցախույզն իրոք արդիական նշանակություն ուներ: Փորձ էր արվում՝ պարզել մարդկանց վերաբերմունքն իրենց երկրի՝ հայրենիքի հանդեպ: Այն հարցին, թե ո՞ր երկրում կցանկանային ապրել հարցվածները, եթե ոչ Հայաստանում, ճնշող մեծամասնությունը տվել էր Գերմանիայի անունը: Իսկ քառասուն հարցից վերջինն էր. «Եթե դուք հայ չլինեիք և Հայաստանում չապրեիք՝ կայցելեի՞ք Հայաստան իբրև զբոսաշրջիկ»: Հարցվածների տասներկու տոկոսը հարցին դրական պատասխան էր տվել: Ինը տոկոսի պատասխանն էր. «Միգուցե այլ երկրներ այցելելուց հետո միայն»: Յոթանասունինը տոկոսը պատասխանել էր. «Ոչ»:
Համալսարանի ղեկավարությունը որոշեց վերջին հարցի արդյունքները չընդգրկել պաշտոնական հրապարակման մեջ: Անկախության քսանամյակի և ընտրությունների շեմին նման պատասխաններն առնվազն անհարիր կհնչեին: