Հանդիսավոր էսկորտ

Հարազատների երեսին նայել չէր լինում: Վեհաշուք դագաղում երիտասարդի դիակն էր: Անգամ այդ վիճակում կյանքի կարոտն էր զգացվում նրանից: Եվ ինչպե՞ս չզգացվեր. մի քանի տարի առաջ թողել էին տասնամյակների ընթացքում Պարսկաստանում կուտակած ամեն ինչ ու տեղափոխվել Հայաստան՝ հայրենիքում նոր կյանք սկսելու փափագով: Ու սկսել էին հաջողությամբ՝ շնորհիվ իրենց աշխատասիրության ու կամքի: Ամուսիններ և երեք զավակ՝ երկու տղա ու մի աղջիկ: Եվ ահա՝ տղաներից մեկն այսքան անժամանակ իր մահկանացուն էր կնքել՝ ուժերի ծաղկման շրջանում, երբ կյանքը դեռ նոր պիտի իր ճանապարհները փռեր նրա առջև: Իսկ դաժան իրականությունը միայն մի վերջին ճանապարհ էր հրամցրել նրան: Ճանապարհ, որ փակուղի էր դարձել նրա ու նրան ուղեկցող գեղեցկուհու համար: Սևան-Երևան մայրուղում հսկայական արագությամբ բախվել էին շրջադարձ կատարող մեկ այլ մեքենայի, ու բոլորը տեղում զոհվել էին: Միանգամից, առանց ցավերի: Առանց բժիշկների ու մերձավորների անհույս հայացքների: Ավանդել էին հոգիները, իսկ մարմինները մենք պիտի հանձնեինք հայրենիքի հողին:

* * *

Մենք ծով չունենք: Սևանա լիճն է մեր ծովը, ուստի մեկը՝ մի տեսակ համակերպված, մյուսը՝ սիրով, այնտեղ ենք անցկացնում տոթակեզ ամառվանից հափշտակված շաբաթ-կիրակի օրերը: Հետո վերադառնում ենք Երևան, որ երկուշաբթի առավոտյան գնանք մեր գործերին ու կրկին երազենք Սևանի մասին: Կիրակի երեկոյան Սևան-Երևան մայրուղով երթևեկությունը գրեթե միակողմանի է դառնում, քանի որ բոլորը վերադառնում են Երևան, և միայն հատուկենտ մեքենաներ են, որ հակառակ ուղղությամբ են գնում: Երևան վերադարձողները շտապում են: Ավելի ջահելների նյարդերը չեն դիմանում ժամում իննսուն կիլոմետր արագությանն, ու նրանք սեղմում են արագացման ոտնակը: Հատկապես, որ լայն ու ընդարձակ մայրուղին էլ տրամադրում է դրան: Միայն մի տեղ, արդեն համարյա Երևանի մատույցներում, մեքենաները դանդաղեցնում են ընթացքը, քանի որ անցնում են Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտով: Անախորժություններ ոչ ոք չի փնտրում: Շատ վարորդներ էլ թեթևակի գինովցած են լինում, իսկ ոստիկանները կանգնեցնում են միայն օրինազանցներին:

Բայց քանի՜ կյանք է տարել Սևան-Երևան մայրուղին կիրակի օրերին… Միգուցե ինչ-որ մեկն ունի այս դաժան վիճակագրության տվյալները: Իսկ մենք միայն տեսնում ենք ժամանակ առ ժամանակ մայրուղու այս կամ այն կետում դրված ծաղկեպսակները որպես հիշատակ անժամանակ կտրված կյանքերի… Ու ամեն անգամ ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ինչո՞ւ ճանապարհային ոստիկանությունը կիրակի երեկոները հսկողություն չի սահմանում ողջ մայրուղու երկայնքով, որն իրականում այնքան էլ երկար չէ՝ մոտ վաթսուն կիլոմետր… Ոստիկանների ներկայությունը կզգոնացներ վարորդներին, ու դժբախտ պատահարներն անկասկած ավելի քիչ կլինեին…

* * *

Այդ երեկո ես էլ վերադառնում էի նույն մայրուղով: Կնոջս հետ հիշեցինք վերջերս այստեղ զոհված մեր ծանոթին ու թարմ ծաղկեպսակներ տեսանք… Սակայն, ի զարմանս մեզ, գրեթե կիլոմետրը մեկ ոստիկանության մեքենաներ էին կանգնած կամ դանդաղ գլորվում էին դեպի Երևան:

– Տեսնո՞ւմ ես,– ուրախացած ասացի կնոջս,– վերջապես մեր ոստիկանները որոշեցին հսկել ճանապարհն ու կանխել պատահարները: Գիտես չէ՞, որ այս ժամին մարդկանց մոտ հավկուրություն է սկսում, և ուշադրությունը կտրուկ նվազում է: Մայրուղին էլ լուսավորված չէ…

– Այո,– հաստատեց կինս:– Տես՝ ինչ դանդաղ են բոլորն ընթանում: Այս արագությամբ հաստատ որևէ վթար չի լինի:

Այդ պահին ետևից շչակների ձայն լսեցի: Հայելու մեջ տեսա հսկայական արագությամբ մեր ետևից հասնող մի շարասյուն՝ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ: Արագորեն փոխեցի գիծս դեպի աջ, որ նրանց ճանապարհ տամ: Մի քանի վայրկյանից տասի չափ մեքենաներ քամու պես սլացան մեր կողքով ու շուտով միայն նրանց կարմիր լույսերը մնացին մթնշաղին ձուլված: Ես հասցրեցի նկատել նախագահական մեքենան իր մթնեցված ապակիներով… Դրանից հետո ասես մի հրաշքով բոլոր ոստիկանական մեքենաները սուրացին դեպի Երևան՝ հոգնած վարորդներին թողնելով սեփական ողջամտությանն ու արգելակներին ապավինած… Իսկ ոստիկանության հենակետի մոտ օրենքի պաշտպանները իր դարն ապրած մի հին մեքենա էին կանգնեցրել: Մեքենայի տերը՝ ալեհեր մի ծերունի, փորձում էր ինչ-որ բան բացատրել կարմրաթուշ երիտասարդ ոստիկանին, սակայն վերջինս դանդաղ ու օրենքի տառին համապատասխան վճռական շարժումներով տուգանային թերթիկն էր լրացնում: Մեքենայի միջից նրանց էին հետևում ծերունու պառավ կինը, հարսն ու մի կույտ թոռները:

Ոստիկանությունն ինչպես միշտ իր բարձրության վրա էր: Ո՛չ թե օգնող ու կանխարգելող, այլ խանգարող ու պատժող…

Մեկ շաբաթ անց կրկին անցնում էի Հայաստանի գլխավոր մայրուղով: Աջ կողմում, հանրահայտ Թեյատնից քիչ ներքև, թարմ ծաղիկներից հյուսած նոր պսակ էր խոնարհվել…