Երբ լույս տեսավ պատմվածքներիս առաջին՝ «Զրադաշտի անտիպներից» ժողովածուն, երջանկահիշատակ քեռիս կարդաց ու առանց ոգևորության նշույլի խորհուրդ տվեց.
– Լավ կլինի Օ’Հենրիի ոճով գրես: Լուսանկարչական խցիկի պես, որը բացվում է, ինչ-որ պատկեր դրոշմում ու կրկին փակվում:
Այն ժամանակ ես որոշեցի, որ երբեք Օ’Հենրիի ոճով չեմ գրի: Ընդհանրապես ոչ մեկի ոճով չեմ գրի, այլ միայն իմ սեփական: Ի՞նչ իմաստ ունի գրականությամբ զբաղվել, եթե ուրիշի գրելաոճը պիտի նմանակես:
Սակայն, երբ տպագրության հանձնելուց առաջ վերընթերցեցի այս ժողովածուն, զարմանքով նկատեցի, որ այն հիշեցնում է Օ’Հենրիի գրվածքները. բացվում ու փակվում է լուսանկարչական խցիկը. ու մի պատկեր է մնում մեր մտքում՝ ինչ-որ հին, սևուսպիտակ լուսանկարի պես: Ու երբեք չի մոռացվում, քանի որ պարզապես մեր հիշողության մեջ չէ, այլ ինչ-որ ուրիշ մի տեղ…
Հուսամ՝ ինձ ոճագողության մեջ չեն մեղադրի: Ի վերջո, պտուղներից է ճանաչվում ծառը:
Հեղինակ