Եղածը մի մեծ բան էլ չէր՝ ընդամենը մի ձնեմարդ, որ բակի երեխաներն էին ծեփել դասերից հետո՝ սրբել-հավաքելով բակում ու մերձակայքում տեղացած ժլատ ձյունը: Հազիվ մի մեծ փոր էին արել, վրան էլ գլխի տեղ մի կերպ տձև մի գունդ հարմարացրել, ցեխից աչք ու բերան արել և դրանով սահմանափակվել: Քիթ չէին արել՝ որևէ մեկը չփորձեց անգամ տնից կամ խանութից մի գազար բերել: Այդպես էլ կանգնել-մնացել էր խղճուկ ձնեմարդը: Հետո, երբ բոլորը բարձրացան տուն, այս ու այն պատուհանից ծիկրակում էին ու ուրախանում իրենց ստեղծագործությամբ: Ծնողներին էլ կանչում էին պատուհանների մոտ ու հպարտությամբ մատնացույց անում:
Իսկ առավոտյան տհաճ անակնկալ էր սպասում դպրոց շտապողներին. ինչ-որ մեկը ոտքով խփել-ջարդել էր ձնեմարդն ու վրան միզել: Կարծում էին, թե բակում ծվարած թափառական շներն են արել, սակայն երեխաներից մեկն ասաց.
– Սիմոնն է արել: Ես տեսա: Քնելուց առաջ մոտեցա, որ մեկ էլ նայեմ մեր ձնեմարդին ու տեսա: Իր մեքենայից իջավ, մոտեցավ ձնեմարդուն, ոտքով խփեց, հետո էլ միզեց վրան…
– Բա ինչո՞ւ պապայիդ չասացիր,– հարցրեց մեկ ուրիշը:
– Ասացի: Կանչեցի ու ցույց տվեցի, բայց բան չասաց:
Երեխաները մի քիչ էլ ժամավաճառություն արեցին ու անտրամադիր քայլեցին դեպի դպրոց՝ արդեն ուշանում էին:
Սիմոնը բոլորի աչքի փուշն էր: Դեռ փոքր հասակից երեսառած էր: Հայրը դատավոր թե դատախազ էր: Մայրը երբեք չէր աշխատել: Ինքն էլ միակ զավակն էր ու այդպես էլ մեծացել էր՝ դպրոց, համալսարանի իրավաբանական բաժին, մեքենաներ, աղջիկներ… Նույնիսկ պատերազմի տարիներին ինչ-որ ձևով խուսափեց բանակից՝ հայրը թուղթ էր դասավորել, որ տղան բնածին արատ ունի, բանակում ծառայելու համար պիտանի չէ: Բայց հետո, այդպես էլ չիմացանք, թե ինչպես, զինվորական գրքույկ ձեռք բերեց, որում գրված էր, որ նա ոչ ավել, ոչ պակաս՝ երկու տարի իր պարտքն է հատուցել հայրենիքին ու բանակին… Ու մինչ ուրիշներն իրապես ծառայում էին ու կռվում, Սիմոնի միակ բանուգործը ժամանակն արդյունավետ անցկացնելն էր: Տարին մի քանի անգամ Ռուսաստան էր գնում՝ հանգստանալու, հետո սկսեց ավելի հետաքրքիր տեղեր գնալ՝ Էմիրաթներ, Թուրքիա, Եվրոպա… Ձեռքի հետ ավարտեց համալսարանը, ասպիրանտուրա ընդունվեց, գիտությունների թեկնածու դարձավ ու հոր օժանդակությամբ գործի անցավ առևտրով զբաղվող միջազգային հարուստ մի ընկերությունում: Անգլերեն սովորեց ու շատ էր հպարտանում դրանով ու ծաղրում շրջապատի մարդկանց, որոնց իմացած միակ օտար լեզուն ռուսերենն էր:
Այդպիսին էր Սիմոնը, ու հարևաններն արդեն հաշտվել էին նրա գոյության հետ: Շատերն անգամ նախանձում էին երևի: Բայց մի երևելի բան չէր Սիմոնը, ու նրա արածն էլ մի երևելի բան չէր՝ ոտքով փշրել էր երեխաների կերտած ձնեմարդը, միզել վրան ու գնացել տուն: Բայց դե տխրել էին երեխաները: Ու ավելի շատ, թերևս, տխրել էին նրանց ծնողները: Ավելի շուտ՝ անկարողությունից, որ որևէ կերպ չեն կարող այդ զանցանքի համար պատժել սրիկա դրացուն:
* * *
Աշխատանք գտնելն ինձ համար մեծ մխիթարություն էր: Արդեն քանի տարի, ինչ փակվել էին հիմնարկները, անգործ էի ու շատ էի տառապում դրանից: Ու չնայած մենակ էի ապրում, բայց ծախսեր կային, որոնց մասին չէի կարող չմտածել: Արդեն մոտենում էր թոշակիս ժամանակը: Գոնե որ մի քիչ էլ ձգեի՝ կհասնեի սահմանված տարիքին ու օրինական թոշակ կստանայի: Ինքս շատ ծախս չունեի: Կնոջս մահից հետո նույնիսկ տունը չէի ջեռուցում: Ձմեռվա օրերին դուռ ու լուսամուտ ամուր փակում էի, ու տունը կիսատաք էր մնում: Վերարկուս էլ չէի հանում մինչև գարուն: Դրսում-տանը, միշտ դրանով էի: Միայն քնելիս էի հանում, ծալում ու դնում բարձիս տակ, որ միջի ջերմությունը չկորչի: Սիմոնն էլ, որ ինձ տեսնում էր, առիթը բաց չէր թողնում նույն հիմար կատակն անելու.
– Այ բիձա, վերջը քեզ այդ բուշլատով ենք թաղելու, որ հողի տակ չմրսես:
Ինքն ասում էր ու ինքն էլ ծիծաղում իր սրամտության վրա:
Դե ի՞նչ պատասխանեի նման հիմարին: Հո չէի բացատրելու, որ դա կնոջս վերջին նվերն է ինձ: Առանց ինձ ասելու փող էր ետ գցել ու մեռնելուց մի քանի շաբաթ առաջ ինձ նվեր արել…
Ուրիշ ծախսեր համարյա չունեի: Կերածս հիմնականում հաց էր, մի քիչ պանիր ու մեկ էլ կիսաքաղցր թեյ: Երբեմն՝ խաշած կարտոֆիլ: Հեռուստացույց չէի դիտում, ու, անկեղծ ասած, ցանկություն էլ չունեի: Երբեմն քաղաքային ցանցով ռադիո էի լսում, երբ լուրեր կամ էլ ոչ վաղ անցյալի երգեր էին հաղորդում: Հետո անջատում էի: Ավելի շատ մտածում էի: Կնոջս մասին, որդուս… Երկուսն էլ չկան: Տղաս պատերազմում զոհվեց: Ավելի ճիշտ՝ պատերազմի ժամանակ: Չորս տարի կռվելուց հետո երեք օրով արձակուրդ էր ստացել հրամանատարությունից: Եկել էր շրջկենտրոն, որ մեքենա գտնի ու գոնե մեկ օրով տուն գա՝ ծնողներին տեսության: Այդ ժամանակ պայթել էր գնդիկավոր ռումբը, ու բեկորը ծակել էր քունքը: Մի քանի մետր հասցրել էր սողալ ու մտնել շենքի մուտքը՝ երևի զինվորի բնազդով: Այդտեղ էլ սառել-մնացել էր իր արյան լճակի մեջ…
Կնոջս չէի ասել: Բայց նա այդ օրն առավոտվանից լաց էր լինում: Մոր սիրտն ուրիշ է: Գնացի զինկոմիսարիատ ու առա լուրը: Առանց տուն մտնելու գնացի կայարան ու ինձ մի կերպ գցեցի շրջկենտրոն: Տղայիս զինվոր ընկերներն օգնեցին: Դիակը տեղափոխեցի տուն: Կինս կարծես արդեն սպասում էր դրան: Շատ ձևեր չթափեց. միայն կիսաձայն հեկեկում էր ու խոսում տղայիս հետ: Հետո… Չէ, հերիք է, թող սա իմ մեջ մնա: Երեկոյան ուշ, երբ մարդ ու կին լռելյայն նստած էինք մեր դատարկված տանը, բակից բարձր երաժշտության ձայն լսվեց: Մոտեցա պատուհանին: Սիմոնն էր: Բացել էր մեքենայի դռները ու միացրել ռաբիս երաժշտությունը ողջ զորությամբ: Ինքն էլ կռթնել էր իր նոր մեքենային ու հիացած չորս կողմն էր նայում:
Պարզապես փակեցի պատուհանն ու դուռը և վերադարձա կնոջս մոտ: Գրկեցի նրա ուսը, և նա ազատություն տվեց արցունքներին:
* * *
Ընդունված կարգ է: Համ էլ՝ կինս ուզեց: Մի գեղեցիկ տնկի բերեցի ու տնկեցի բակում: Մեր աչքի առջև: Գարնանը կանաչեց, ոստեր տվեց: Կինս երկրորդ հարկից դույլով ջուր էր տանում ու ջրում: Ինքս էլ կարող էի, բայց հասկացա, որ կինս է ուզում ջրել: Մեր տղայի հիշատակին էր այդ ծառը: Երկու-երեք տարի անց արդեն մի գեղեցկուհի էր՝ կանաչ ու սլացիկ: Կարելի էր անգամ չջրել, քանի որ արմատները խորն էին գնացել, բայց կինս շարունակում էր գոնե շաբաթը մեկ մի դույլ ջուր տանել, ջրել ու զրուցել ծառի հետ…
Հետո ծառը չորացավ: Հարևանս ինչ-որ կասկած ուներ: Հոտոտեց հողն ու ասաց, որ քիմիական նյութի հոտ է առնում: Կարճ կապեմ՝ ինչ-որ թթու կամ աղ էին լցրել, որ ծառը չորանա: Ու չորացավ: Կինս այդ օրվանից բակ չէր իջնում: Եթե պետք էր լինում՝ մյուս մուտքով էր դուրսուներս անում, որ չտեսնի չորացած ծառը:
Մի օր էլ ծառի տեղում ավտոտնակ հայտնվեց: Սնկի պես, մի գիշերվա ընթացքում: Հետո իմացանք, որ Սիմոնենցն էր: Բակի միակ ազատ տեղն էր:
* * *
…Այնպես որ՝ ծախս համարյա չունեմ անելու: Ինչ-որ հնարավոր էր ծախել-ուտել, վաղուց էինք արել՝ ցուրտ ու մութ տարիներին: Բայց դե պարապ մնալն էլ մի բան չէ: Ավելի շուտ տնից դուրս գալու, քան փողի համար գնացի մի քանի տուն այն կողմ կառուցվող շինարարություն ու պահակ վարձվեցի: Աշխատավարձն այնքան ցածր էր, որ ընտանիքատեր մարդը հաստատ չէր համաձայնի: Բայց ես խնդիր չունեի: Նույնիսկ ցերեկներն էի գնում ու հետևում շինարարության ընթացքին: Մի քիչ օգնում էի սևագործ բանվորներին: Եվ ուրախանում էի, որ մեր քաղաքում մի նոր ու գեղեցիկ շենք է հառնում: Գիշերներն էլ մնում էի որպես պահակ ու առավոտյան գալիս տուն: Մեկ-երկու, և մեծավորս տեսավ, որ գիշերները չեմ քնում ու գողություն չեմ անում: Ինքն էլ հանգստացավ ու արդեն ուշադիր չէր հետևում ինձ: Վստահում էր:
* * *
Կնոջս տարին էր: Հարևանս եկավ, նստեցինք, մի-մի բաժակ օղի խմեցինք ու լռեցինք՝ ամեն մեկս մեր դարդին: Մեկ էլ հարևանս ասաց.
– Ամբողջ օրը տանն ես կամ էլ շինարարությունում: Նորություններն էլ չգիտես:
– Ինձ նորությունները չեն հետաքրքրում:
– Դե հա, գիտեմ, հարևան: Բայց քանի եկել եմ՝ ասեմ: Հիշո՞ւմ ես էն կողքի շենքում մի լավ ընտանիք կար՝ գիտնականներ էին մարդ ու կնիկ: Մի տղա ունեին ու մի աղջիկ: Սիրունիկ երեխեք էին՝ ծնողների պես:
– Իհարկե հիշում եմ,– ասացի:– Հայրն էլ բնակարանը ծախեց ու երկու սենյականոց վերցրեց կողքի մուտքում: Ինչ-որ ֆինանսական պրոբլեմներ ունեին կարծեմ…
– Այո՛, այո՛, ճիշտ ես: Այդ ժամանակ Սիմոնենք բոլորից փող էին հավաքում՝ բարձր տոկոսով: Հետո էլ ասացին, որ փողերը գողացել են, ու բոլորս մնացինք առանց մի բանի:
– Ես բան չեմ տվել:
– Ճիշտ էլ արել ես: Մի խոսքով՝ փողերը կորան ու մարդիկ իրենց բնակարանները ծախեցին, որ մի կերպ յոլա գնան: Այդ գիտնականների տղան էլ պատերազմում ոտքը կորցրեց: Հիմա անդամալույծ է, ամբողջ օրը պառկած է: Իրենք էլ՝ մի կտոր հացի կարոտ:
– Հետո՞: Ինչո՞ւ հիշեցիր:
– Մի քանի օր առաջ դրանց աղջիկը, էն սիրունիկ աղջիկը, գնացել էր Սիմոնի մոտ ու պահանջել իրենց փողերը, գոնե մի մասը: Սիմոնն էլ առիթից օգտվել էր ու… Դե հասկանում ես:
Ես զարմացած նայեցի հարևանիս: Չէի ուզում հասկանալ:
– Դե հա, այդպես… թիկնապահների հետ բռնաբարել էր աղջկան ու հետո դուրս արել գրասենյակից:
Ես շարունակում էի զարմացած նայել հարևանիս:
– Դե, հետո դիմել էին ոստիկանություն, դատախազություն… Եկան, իմացան, որ Սիմոնն է ու թողեցին-գնացին: Հետո էլ ասացին, որ աղջիկը զրպարտում է:
– Ի՞նչ է անում:
– Դե, իբր, սուտ է ասում: Նման բան չի եղել, վկաներ չկան, միանգամից չի դիմել բժշկական ստուգման, և այլն:
– Ու հետո՞…
– Էլ ի՞նչ հետո: Սիմոնի հայրն էլ տղային ուղարկել է արտասահման, թիկնապահներին ցրել, մինչև որ վիճակը հանգստանա: Հետո լեզու կգտնի հետները: Աղջիկն է ափսոս՝ ասում են խելքը շուռ է տվել…
Ես լուռ նայում էի պատից կախված նկարներին՝ կնոջս, տղայիս… Բան չունեի ասելու:
– Դե լավ, հարևան, ես գնամ: Ներող կլինես: Գնամ տեսնեմ ինչ եմ անում…
Ես նրան ճամփեցի մինչև դուռն ու վերադարձա սենյակ: Պատից ինձ էին նայում սպիտակած մազերով կինս ու վրիժառու տղաս: Օրն արդեն կիսվում էր, պիտի գնայի իմ գործին՝ շինարարություն: Օղու կիսատ շիշը դրեցի պահարանը, բաժակները տարա խոհանոց ու դուրս եկա տնից:
* * *
Մեծավորս այդ օրը, չգիտեմ ինչու, կատաղած էր: Աջ ու ձախ հայհոյում էր բանվորներին, վարորդներին: Ինձ տեսավ, բայց բան չասաց: Երևի տարիքիցս ամաչեց: Համենայնդեպս՝ իրեն հոր տեղ էի գալիս ու երբեք առիթ չէի տվել ինձ հետ վիրավորական բառերով խոսելու:
Մի քիչ էլ թրև եկավ քարերի ու անավարտ պատերի արանքում և մոտեցավ ինձ:
– Լսիր, վարպետ,– ասաց,– սրանք գործից բան չեն հասկանում: Մի քիչ օգնի, հա՞: Որ ազատ լինես՝ այս փոսերը լցրու ու վրայից բետոն արա: Բոլոր գործիքներն այստեղ են, բետոնն էլ, գիտես, մեքենայի մեջ է: Մի շաբաթից շենքի տերերն են գալու: Որ տեսան՝ կիսատ-պռատ ենք արել՝ ոչ մեկիս աշխատավարձ չեն տա:
Ես նայեցի նրա ցույց տված կողմը: Հիմքը, երկու հարկ խորությամբ, որ հետագայում մեքենաների կայանատեղի էր լինելու, հիմնականում ավարտված էր: Միայն մի քանի փոսեր էին մնացել հենասյուների համար: Դրանք տեղադրելու համար պետք էր փոսերը լցնել ու բետոն անել: Ես լուռ տվեցի համաձայնությունս: Մեծ գործ չէր. կարող էի անել: Հատկապես, որ ողջ կյանքս բանվորություն էի արել: Ձեռքերս դեռ ամուր էին:
Մեծավորս բավականությամբ նայեց ինձ: Հետո ասաց.
– Չխոսկան մարդ ես, վարպետ:
– Ես իմ խոսելիքն ասել եմ: Էլ ասելու բան չունեմ:
– Դե լավ: Բայց որ շենքի տերերը գան՝ չասես, որ դու ես լցրել փոսերը: Պայմանավորվեցի՞նք:
– Իսկ ի՞նչ իմանամ, որ իրենք են:
Մեծավորս աչքերը պլշեց վրաս.
– Այ մարդ, դու այս կյանքից չե՞ս: Բոլորն էլ գիտեն նրանց:
– Ես չգիտեմ:
– Ո՞նց… Դե լավ, ուրեմն՝ իմացիր: Սիմոնենք են: Ինքն ու հայրը: Գոնե ճանաչո՞ւմ ես:
– Լսել եմ…
– Դե լավ, վարպետ, հետդ խոսել չի լինում: Դու այդ փոսերը սկսիր լցնել՝ ես էլ լավության տակ չեմ մնա:
Ասաց ու գնաց:
Ես իջա ներքև, զննեցի տեղերը: Հետո ձեռնոցներ հագա, ձեռքս առա բահը և սկսեցի քարերի ու հողի կույտը լցնել փոսերի մեջ:
Արդեն մթնում էր, երբ առաջին փոսն ավարտեցի: Բետոնը ճկախողովակով ջրեցի ու գնացի իմ պահատնակը: Հոգնել էի, բայց ինչ-որ անսովոր եռանդ էր համակել ինձ: Ժամն արդեն ուշ էր, երբ զգացի, որ մի բան պակաս է: Ճնշումս կարգավորող կաթիլներն էի մոռացել տանը: Երկար տատանվում էի՝ գնամ-չգնամ… Արդեն գիշերն էր գալիս: Ի վերջո, չդիմացա. գլխացավս գնալով ուժեղանում էր: Շինարարությունում վաղուց մարդ չկար, ու թեթև անձրև էր մաղում: Վրաս գցեցի բանվորներից մեկի սև բուշլատը, կամացուկ բացեցի ցանկապատի փոքրիկ դռնակն ու նայեցի չորս կողմը: Մութ գիշեր էր: Մի քանի թափառական շներ միայն, որոնք իմ հոտը լավ գիտեին, քուջուջ էին անում աղբարկղերի մոտ:
Ես ստվերի պես անձայն անցա՝ պատերը շոշափելով, ու շուտով հասա իմ շենքին: Այդտեղ էլ ոչ ոք չէր երևում: Անձրևն ուժեղանում էր: Մտա մուտք ու առանց լույսը վառելու բարձրացա երկրորդ հարկ, ուր բնակարանս էր:
Նույնիսկ տան լույսը չվառեցի: Ամեն ինչի տեղն անգիր գիտեի: Մոտեցա սեղանիս, վերցրի դեղը, աչքաչափով մի քանի կաթիլ լցրեցի բերանս ու դուրս եկա:
Աստիճանավանդակի մոտ ձայն լսեցի: Մթության մեջ ինչ-որ մեկը փորձում էր բարձրանալ վեր: Ականջ դրեցի: Կասկած չկար՝ Սիմոնի ձայնն էր: Նրանց տունը վերջին հարկում էր: Հայհոյում էր: Հասավ ինձ, նկատեց, ու մի այլանդակ ժպիտ հայտնվեց դեմքին:
– Բիձա՞: Ես կոստյումդ փոխե՞լ ես: Լավ էլ նստացրել ես վրադ: Երևի տղայիդ ժառանգությունն է, հա՞…
Ու մինչ կհասցներ հռհռալ իր սրախոսության վրա՝ ինքս էլ չիմացա, թե ինչպես աջ բռունցքիս ողջ ուժով հարվածեցի նրա այլանդակ երեսին: Էլ ոչինչ չասաց, միայն երերաց ու պատին քսվելով՝ փռվեց հատակին:
Նայեցի վեր: Մարդ չկար: Ներքևում էլ նույն դատարկությունն էր: Հիշեցի, որ թիկնապահներին ցրել են ու լուր տարածել, որ տղան արտասահմանում է: Միայն սաստկացող անձրևի ձայնն էր հասնում բակի կողմից: Համենայնդեպս, իջա ներքև ու նայեցի մուտքից դուրս: Ոչ ոք չկար: Այդ ուշ ժամին հազվադեպ էր մարդ անցնում մեր մութ բակով: Շներից էին վախենում: Բայց ես շներից չէի վախենում՝ վաղուց էի ընկերացել նրանց հետ: Այդ էակների մեջ շատ ավելի մարդկություն կար, քան բազում մարդկանց…
Գրպանումս մի սև տոպրակ ունեի, որով խանութից գնումներ էի անում: Դրանով փաթաթեցի Սիմոնի գլուխը, որ քթից ու բերանից հոսող արյունը չթափվեր: Գրկեցի նրա մարմինը, դրեցի ուսիս ու զգուշորեն դուրս եկա բակ տանող դռնից: Ստվերի պես անցա պատերի տակով ու մեկ-երկու րոպե անց արդեն շինարարության մոտ էի: Ուրվականի պես ներս մտա ու իմ ծանր բեռը դրեցի գետնին: Անձրևը կտկտում էր ցեխի վրա:
* * *
Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ էր, բայց ինձ պետք էր մի բանում համոզվել: Որ Սիմոնը կենդանի է: Հանեցի տոպրակն ու նայեցի դեմքին: Կամաց շնչում էր: Ծամածռեց երեսը: Կարծես ուշքի էր գալիս: Էլ ժամանակ չկորցրեցի: Նրան տարա ներքև՝ փոսերի մոտ, հանեցի շորերը, կոշիկները, կրծքի մեծ ոսկյա խաչը, ժամացույցը, ադամանդե մատանին ու մարմինը նետեցի փոսերից մեկի մեջ՝ դեմքով դեպի վեր: Ու սկսեցի քարեր լցնել մարմնին: Ամեն քարի հետ նա տնքոց էր արձակում: Երբ արդեն բավական քար էի լցրել՝ նա լրիվ ուշքի եկավ: Փորձեց շարժվել, բայց չէր կարող. քարերի ծանրությունը կաշկանդել էր նրան: Նայեց իմ կողմը, փորձեց ճանաչել, բայց շատ մութ էր: Ես նրան օգնության հասա:
– Ես եմ, Սիմոն, երկրորդ հարկի բիձա հարևանդ:
Նա փորձեց ինչ-որ բան ասել, բայց ես մի բահ հող շփեցի նրա երեսին. ձայնը կտրեց:
– Լսի՛ր, Սիմոն: Լսո՞ւմ ես…
– Այ բիձա, հիմա ես քո…– Փորձեց խոսել նա, բայց հողը լցվեց բերանն ու չկարողացավ շարունակել:
Ես մեղադրականի պես մի կարճ ճառ էի մտածել, բայց հասկացա, որ ոչ դրա կարիքը կա, ոչ էլ ես հավես ունեմ: Պարզապես ձեռքս առա բահն ու սկսեցի հող լցրնել նրա երեսին, մինչև որ ձայնը կտրեց: Հետո մյուս քարերն էլ լցրեցի փոսը, վրայից հաստ շերտով բետոն արեցի, հավասարեցրի: Մնացած գործն անձրևը կանի: Բետոնի համար անձրևը լավ է:
Վերցրի բահը, մյուս գործիքները, հավաքեցի շորերը, կոշիկներն ու գնացի պահատնակը: Վառարանի վրա կախեցի բանվորական բուշլատը, որ չորանա, իսկ շորերն ու կոշիկները կրակին տվեցի: Սև տոպրակս էլ, մի քիչ ափսոսալով, նետեցի բոցերի մեջ: Ոսկե զարդերը հանգրվանեցին բանվորական արտաքնոցի հատակին:
Դրսում հորդառատ անձրև էր արդեն…
* * *
Երազում հաճախ կնոջս եմ տեսնում, որդուս: Երկուսն էլ ժպտում են ու կանչում ինձ:
Սիմոնին երկար փնտրեցին, բայց ապարդյուն: Նույնիսկ ոստիկանությունից խուզարկու շներ բերեցին, բայց դրանք հետքը չգտան: Անձրևը լվացել էր ամեն ինչ: Սիմոնն էլ մոռացվեց ու գնաց: Լուր տարածվեց, որ իրոք արտասահման է փախել: Երևի միայն նրա լուսանկարը մնաց ծնողների հսկա բնակարանում:
Մեծավորս գոհ էր իմ աշխատանքից: Մի շիշ օղի նվիրեց, որ բանվոր-տղերքով խմեցինք: Իսկ գեղեցիկ շենքը, որն ի վերջո ուրիշ մարդու անցավ, մնաց, որ զարդարի մեր հնամենի քաղաքը: