(Հետադարձ ուսումնասիրության մի փորձ)
Տաք ու ոսկեգույն աշուն է: Արևի ծույլ շողերը տաքացրել են Աշտարակի գերեզմանատան հնամենի ու նոր տապանաքարերը: Հատուկենտ մարդիկ են գնում-գալիս, կանգնում իրենց անցավորների շիրիմների մոտ, սրբում քարերի փոշին, թարմ ծաղիկներ դնում: Ոմանք խունկ են վառում, ու տրվում միայն իրենց հասանելի հուշերին ու ցավերին: Այստեղ ուրախություն չկա: Միայն տխրություն է ու թախիծ, ու ոչ ոք պարտադրված չի գալիս այստեղ: Գալիս են կարոտով ու հեռացած հարազատների հետ ևս մեկ անգամ շփվելու ու զրուցելու հույսով: Ո՞վ գիտե, թե ինչեր են ասում ու ինչեր են լսում նրանք հանդերձյալ աշխարհի իրենց մտերիմներից ու սիրելիներից…
Այս յոթ քարերը վաղուց էի նկատել: Իրար կողքի շարված ու շատ մոտիկ, ասես ցանկանալով մահից հետո էլ հնարավորինս մոտիկ մնալ իրար: Վաղուց ոչ ոք չի խնամել, ու չորացած տատասկներն ու վայրի տուղտերը պարուրել են նրանց. ինձ թվաց՝ չար աչքից ու չար մարդկանցից պաշտպանելու համար: Բույսերը հաճախ ավելի մարդկային են, քան մարդիկ:
Մատներս ծակծկելով՝ հեռացնում եմ տատասկներն ու կարդում.
Շահազիզյան Թեոդորոս Կարապետի, 1886–1937
Շահազիզյան (Փարվանյան) Արուսյակ Հովհաննեսի, 1889–1975
Շահազիզյան Սուրեն Թեոդորոսի, 1917–1943
Շահազիզյան Գուրգեն Թեոդորոսի, 1919–2000
Շահազիզյան Աշոտ Թեոդորոսի, 1924–2007
Շահազիզյան Սոֆիա Թեոդորոսի, 1928–2002
Շահազիզյան Աննա Թեոդորոսի, 1930–1937
Մի հրաշքով բացվում է անտեսանելի քողը, ու տխուր մի պատմություն է հայտնվում մեզ:
* * *
Գայթակղություն ունեի միայն վերը նշված անունների ու ծննդյան/մահվան տարեթվերի հիման վրա ինքս մի պատմություն հորինել, սակայն թեմայի լրջությունն ինձ ստիպեց առավել առարկայորեն մոտենալ այս նյութին: Ընկերոջս՝ Հրայր Փարվանյանի օգնությամբ հանդիպեցի Կարեն Շահազիզյանին, որը նույնանուն տոհմի շառավիղներից է: Ստորև բերված պատմությունը շարադրում եմ նրա կողմից բարեհաճորեն տրամադրված տեղեկությունների և պատմական փաստերի գեղարվեստական համադրությամբ:
Տասնվեցերորդ դարից պահպանվող աղբյուրների համաձայն՝ Աշտարակ քաղաքում երեք հզոր գերդաստաններ կային՝ երեք երևելի ընտանիքներ, որ մեր ազգի վսեմ իշխանական արյունն ու փառքն էին կրում՝ Շահազիզյաններ, Փարվանյաններ, Վարդազարյաններ: Առաջինները հմուտ գինեգործներ էին և Աշտարակի ոսկեգույն խաղողից անմահական գինի էին քամում: Վարդազարյանները հիմնականում կոնյակի արտադրությամբ էին զբաղվում, իսկ Փարվանյանների գործը այդ անմահական խմիչքների տարածումն էր Ռուսաստանում, Եվրոպայում և այլուր: Սակայն նրանց կյանքը միայն տնտեսական գործունեությամբ չէր սահմանափակվում, այլև բազմաբնույթ հասարակական և քաղաքական աշխատանքով: Մասնավորապես, Շահազիզյանների տոհմից էր սերում Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսը (Թորոս Հարությունի Շահազիզյան, 1770–1857 թթ.): Իսկ Լևոն Շահազիզյանի ջանքերով Աշտարակում հիմնադրվել էր առաջին գրադարանը: Հատկանշական է, որ այս երեք գերդաստաններն իրար էին կապված խնամիական կապերով, քանի որ այլ արյունների հիմնականում աղջիկ չէին տալիս:
1918 թ. Բաշ-Ապարանի ճակատամարտից առաջ Հովհաննես Շիրվանյանի տուն է այցելել Դրոն՝ Դրաստամատ Կանայանը, ու տան ջահել հարսերն ու աղջիկները նրան դիմավորել են ոտքերի տակ ծաղիկներ ու ծաղկաթերթեր շաղ տալով…
Այս երեք տոհմերի պատմությունն առավել խոր ու մանրամասն ուսումնասիրություն է պահանջում: Որոշ դրվագներ ներկայացված են Երվանդ Շահազիզի «Աշտարակի պատմություն» աշխատության մեջ, սակայն երեք գերդաստանների պատմությունն այնքան հարուստ և ուսանելի է, որ, թերևս, հանրագիտարանային մոտեցում է պահանջում: Մենք կբավարարվենք միայն Շահազիզյան անունով մի ընտանիքի կարճ պատումն անելով, որքանով որ թույլ է տալիս այս ուսումնասիրության ծավալը:
1886 թ. Աշտարակում ծնվեց Թեոդորոս անունով մի տղա, որ Կարապետի որդին էր ու շառավիղը Շահազիզյանների հանրահայտ իշխանական տոհմի: Թեոդորոսը մասնագիտությամբ բուժակ էր: 1916 թ., Մեծ Եղեռնից անմիջապես հետո և Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ ռուսական բանակը հայկական զորամիավորումների աջակցությամբ ազատագրում էր Արևմտյան Հայաստանի մեր հողերը, Թեոդորոս Շահազիզյանը, որն արդեն երեսուն տարեկան էր, սիրահարվում ու կնության է առնում Արուսյակ անունով մի աղջկա: Արուսյակը դուստրն էր Հովհաննես Փարվանյանի՝ այն երևելի մարդու, որը Վան-Վասպուրականի հերոսամարտի ակտիվ մասնակիցներից էր և Հայ Հեղափոխական Դաշնակցության Աշտարակի կոմիտեի նախագահը (գնդակահարվել է 1937 թ.):
1917 թ., այդ զարհուրելի ու անիծյալ տարում, երբ Ռուսաստանը գլորվեց կոմունիզմի տարտարոսը՝ քիչ անց իր հետ տանելով նաև Հայաստանն ու այլ ազգեր ու լեզուներ, ծնվում է Թեոդորոսի և Արուսյակի անդրանիկ զավակը՝ Սուրեն Շահազիզյանը:
Ցավով ու հուսահատությամբ լի տարիներ էին Հայաստանում: Արևմտահայությունն ու Արևմտյան Հայաստանն այլևս չկային: Արևելահայաստանը լի էր գաղթականներով: Անտուն ու անտեր մնացած հարյուրավոր մարդիկ ապաստան ու խնամք էին գտել Շահազիզյանների, Փարվանյանների, Վարդազարյանների և այլոց կալվածքներում: Ռուսական զորքերի անփառունակ նահանջից հետո 700 կիլոմետրանոց ռազմաճակատը բաց էր, ու թուրքերի ոհմակները սրընթաց արշավում էին ողջ մնացած հայության վրա: Հետո Սարդարապատն ու Բաշ-Ապարանը եղան, կարճատև խաղաղություն տիրեց, ու բազմահալած հայությունը մի պահ շունչ քաշեց: Առաջին Հանրապետության ամենալուսավոր պահին՝ 1919 թ., ծնվում է Թեոդորոսի ու Արուսյակի երկրորդ զավակը՝ Գուրգենը, որին տանը փաղաքշորեն Գոգո էին ասում:
Բայց Առաջին Հանրապետությունը դատապարտված էր. մոխրագույն չարիքին փոխարինելու եկավ բոլշևիզմի անեծքը, ու մեր Եռագույն դրոշը յոթանասուն տարով կարմիր դարձավ, որ մեր թափված ու թափվելիք արյան գույնն էր: Եվ այս մռայլ օրերին, երբ Հայաստանն արդեն կոմունիզմի ճիրաններում էր, ու կարմիր տեռորն էր մոլեգնում մեր սուրբ հողի վրա, ու երբ մութ զնդաններում աթարբեկովները կացնահարում էին Սարդարապատի հերոսներին, Թեոդորոսն ու Արուսյակը հանդգնում են երրորդ զավակն ունենալ՝ 1924 թ. ծնվում է Աշոտ Շահազիզյանը:
Երբեմն ձեռքս են ընկնում այն ժամանակների խունացած սևուսպիտակ լուսանկարները՝ հիմնականում ընտանեկան տեսարաններով: Աստվա՜ծ իմ, ինչ անելանելի հուսահատություն են պատմում այդ պատկերները… Հիմա զննում եմ Շահազիզյանների ընտանեկան լուսանկարը, որը մոտավորապես 1905 թ. է արվել: Վերին շարքում տղամարդիկ են, նրանց մեջ՝ Լևոն Շահազիզյանը: Նույնիսկ հարյուրամյա խունացած պատկերից նկատելի է նրա պատկառազդու հայացքը: Ակամայից պատկերացնում ես այդ մարդու կենդանի ներկայությունը, ու սարսուռ է անցնում մարմնովդ, որը փոխվում է անսահման լրջության, ու ամաչում ես, որ նստած ես նայում նրանց դեմքերին… Միջին շարքում կանայք են, իսկ ներքևում՝ երեխաները: Ինչքա՜ն խոհեր ու ապրումներ է ծնում այս միակ պատկերը…
Արդեն երեսնականներն էին: Գյուղերում հրով ու սրով կոլեկտիվացում էր կիրառվում՝ կոլխոզներ ու սովխոզներ էին ստեղծվում: Միաժամանակ լավագույն գյուղացիները սպանդի էին ուղարկվում հեռավոր վայրեր, իսկ առավել ըմբոստները պարզապես գնդակահարվում էին Չեկայի նկուղներում ու ներքին բակերում: Քաղաքներում հետապնդվում էին բոլոր մտավորականները, առաջավոր գործիչները, հայրենասերներն ու պարզապես կարմիր հասարակարգի համար վտանգավոր ու կասկածելի մարդիկ: Անգամ «Հայրենիք» բառն արգելված էր: Թիրախի կենտրոնում էին մտավորականությունը, գործարար մարդիկ ու ազնվականությունը: Նրանց մեջ էր նաև Թեոդորոս Շահազիզյանը: Մութ ամպեր էին կուտակվում նրա գլխին: Բայց որքան ուժեղ պիտի լինի մարդը, որ այս պայմաններում սիրտ անի անսալ կյանքի ու հարատևման ձայնին. 1928 թ. լույս աշխարհ է գալիս Սոֆիան՝ առաջին դուստրը, իսկ 1930 թ. ծնվում է նրանց հինգերորդ զավակը՝ Աննա Թեոդորոսի Շահազիզյանը:
Հիմա ես պատկերացնում եմ, թե ինչ նուրբ ու մաքուր զգացմունքներով են կապված եղել Թեոդորոսը, իր կին Արուսյակն ու հինգ զավակները… Ի՜նչ անուշ ընտանիք է՝ ամուսիններ, երեք ուստր և երկու դուստր՝ իրենց տոհմական տան մի անշուք անկյունում սեղան նստած (տոհմական տունը բռնազավթված է): Երեխաները շատախոսում են, մայր Արուսյակը համեստ ճաշի սեղան է բացում, իսկ սեղանի գլխին Թեոդորոսն է… Երանի՜ այդպես էլ մնար, ու այդ երեկոն չմթներ երբեք…
Բայց ո՛չ, կարմիր վիշապը նոր արյուն էր տենչում: Թվում էր՝ արնաքամ Հայաստանում այլևս արյուն չէր մնացել, բայց անհագուրդ էր կոմունիզմի հրեշը: Ընդսմին, առաջին հարվածը հասավ ո՛չ թե Թեոդորոսին, այլ նրա երկրորդ որդուն՝ Գուրգենին, որը ձերբակալվեց չարահուշ 1937-ին: Նրան վերագրված հիմնական հանցանքն այն էր, որ արգելված գրականություն էր ընթերցում՝ Ավետիս Ահարոնյան և Րաֆֆու «Կայծերը»: Դա էլ բավական էր, որ Գուրգեն Շահազիզյանը հայտնվեր Չեկայի երևանյան բանտում՝ Եղիշե Չարենցի բանտախցի դիմաց, որտեղից գիշեր ու ցերեկ թմրաքաղցից տառապող մեծ պոետի գոռոցներն ու հայհոյանքներն էին հասնում նրան…
Հիրավի, մարդիկ չեն կերտում պատմությունը, այլ նշաններն ու խորհրդանիշերը: Այդ դարաշրջանի նշանը կարմիր աստղն էր, իսկ խորհրդանիշը՝ մահ սփռող մանգաղը: Ու այդ մանգաղը ահագնացող թափով մոտենում էր Թեոդորոսի սրբազան ընտանիքին: Յոթնամյա Աննան շարունակ եղբորն էր կանչում՝ «Ո՞ւր է Գոգոն… Ուզում եմ Գոգոն գա տուն…»: Ու չդիմացավ փոքրիկ Աննայի մատղաշ սիրտը. նույն 1937 թ. նա իր մահկանացուն կնքեց ու տեղ գրավեց հին գերեզմանատան մի անկյունում:
Թեոդորոսի սիրտը չդիմացավ որդու ձերբակալությանն ու դստեր մահվանը: Գիտեր, որ հաջորդն ինքն է այդ չարաբախտ հերթում: Ասես չցանկանալով ճակատագրի հլու և հնազանդ գերին մնալ՝ մի գիշեր նա թույն խմեց ու վերջ տվեց հոգեկան անտանելի ապրումներին:
…Աննայի գերեզմանաքարը ծվարել է հոր քարի ետևում՝ ասես օգնություն է խնդրում նրանից… Լուռ է Թեոդորոսի քարը, բայց ջերմ մի ալիք է անցնում նրանից դեպի աղջկա մասունքները…
* * *
Հետո պայթեց Հայրենական պատերազմը: Թեոդորոսի ավագ տղա Սուրենը քսանչորս տարեկան էր, ուստի անմիջապես զորակոչվեց գործող բանակ: 1942 թվականին՝ խորհրդային բանակի անփառունակ նահանջի օրերին, Ստալինգրադում, Կերչում կամ էլ մեկ այլ օտար ճամփի վրա ծանր վիրավորվեց Սուրենն ու զորացրվեց: Սակայն դեռ մեկ տարի չբոլորած՝ նրան վիճակված էր հավերժորեն փակել աչքերն ու տեղ գտնել հոր ու քրոջ կողքին՝ տուֆ քարի տակ…
Նույն թվին՝ 1942-ին, բանտից ազատվում է հոգեկան հավասարակշռությունը կորցրած Գուրգենը: Ու կոտրվում է երիտասարդը՝ իրեն տալով գինու թմբիրին…
Արուսյակի աչքերն այդպես էլ չչորացան: Գալիս էր գերեզմանոց, նստում ամուսնու, ավագ որդու ու փոքրիկ Աննայի գերեզմանների մոտ, լռելյայն ողբում իր սև բախտը… Երևի նրա արցունքներից են բուսնել ու աճել այս մեղկ տուղտերը տուֆի քարերի չորս դին…
Աշոտն ու Սոֆիան կենդանի մնացին: Հոր ճամփով ցանկացան գնալ ու ընդունվեցին Բժշկական ինստիտուտ: Հետագայում Աշոտը դարձավ Աշտարակի գլխավոր բժիշկը, իսկ Սոֆիան բժշկական մի հանդեսի խմբագրի տեղակալն էր:
1975 թ. Հովհաննեսի դուստր Արուսյակն էլ հավերժ փակեց դառնացած կոպերը: Ութսունվեց տարի ապրեց այս կյանքում: Բայց մենք չգիտենք, թե քանի անգամ է այդ տարիների ընթացքում նա մտովի գնացել այն աշխարհն ու ետ եկել և ինչեր է խոսել հին գերեզմանատան այս քարերի հետ…
2000-ին Գուրգենը մահացավ, 2002-ին Սոֆիան հրաժեշտ տվեց կյանքին, իսկ 2007-ին արդեն Աշոտը գնաց: Գնացին ու միացան իրենց ծնողներին, եղբորն ու մանկահասակ քրոջը: Ու պառկեցին նույն հողում, որ հիմա աշնան դալուկ արևն է տաքացնում…
* * *
Մենք պաշտոնական տվյալներ չունենք, բայց ոչ պաշտոնական տվյալներով կոմունիզմի կայացման տարիներին գրեթե կես միլիոն հայ է բռնադատվել, սպանվել, աքսորվել ու անհետ կորել: Միայն Շահազիզյանների գերդաստանից երեսուն մարդ է ոչնչացվել, Փարվանյաններից՝ ավելի շատ, իսկ Վարդազարյաններից այսօր միայն տարեց կանայք են մնացել, որոնք այլ ազգանուններ են կրում ու ցրված են աշխարհով մեկ:
Կես միլիոն հայ: Ոչ միայն բուն Հայաստանում, այլև այն բոլոր վայրերում, ուր բնակություն էին հաստատել մեր հայրենակիցները: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ավելի քան 300000 հազար հայ է զոհվել՝ հիմնականում ջահել տղամարդիկ, որոնք պիտի ընտանիքներ կազմեին ու հայ զավակներ ծնեին: Դա նշանակում է նաև, որ 300000 հայ կին առանց ամուսին է մնացել: Մեծ եղեռնին երկու միլիոն հայ է զոհ գնացել: Գիտնականների հաշվարկով՝ եթե միայն 1915 թ. ողբերգությունը չլիներ, ապա այսօր Հայաստանը 35–40 միլիոնանոց պետություն կլիներ և, իհարկե, այլ սահմաններում: Եվ դա Երկիր կլիներ, որի հետ հնարավոր չէր լինի հաշվի չնստել… Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին:
* * *
Աշտարակի ավագանու որոշմամբ քաղաքում բռնադատվածների հուշակոթող է կանգնեցվելու: Մեծ ցանկություն կա, որ այն վեր հառնի Ազգային անվտանգության ծառայության՝ նախկին Չեկայի շենքի դիմաց, որ կողքով անցնող մարդիկ ու հատկապես այդ ծառայության աշխատակիցները Ձերժինսկու սրբապատկերը պաշտելուց առաջ գոնե մի պահ գլուխ խոնարհեն ու չմոռանան, թե ում խաչն են իրենք կրում: