Երևանի պետական համալսարանի նիստերի մեծ դահլիճը լեփ-լեցուն էր: Ոչ միայն բոլոր նստատեղերն էին զբաղված, այլև միջանցքներում, դահլիճի ետնամասում ու դռների մոտ ահագին մարդ էր խռնված՝ հիմնականում ուսանողներ, դասախոսներ ու պարզապես ադմինիստրատիվ աշխատողներ: Նկատեցի, որ մեր ամբիոնի կանանցից մեկն անգամ փորձում էր իր դպրոցահասակ որդուն մի կերպ տեղավորել ներսում: Նախագահությունում արդեն իրենց տեղերն էին զբաղեցրել համալսարանի ռեկտորն ու ռեկտորատի անդամները, ֆակուլտետների դեկանները և, իհարկե, այդքան սպասված արտասահմանյան հյուրերը:
1991 թիվն էր: Երկաթե վարագույրը նոր էր բացվում, համացանց չկար, իսկ էլեկտրոնային նամակագրությունը դեռևս միայն ընտրյալներին էր հասանելի: Արտասահմանյան գիտական մամուլը մեզ էր հասնում ամիսների ուշացումով, տեղականը գրեթե չէր հրատարակվում: Ուստի զարմանալի չէ, որ բոլորս շտապում էինք տեղ զբաղեցնել շքեղ դահլիճում, որ ունկնդրենք Ամերիկայից ժամանած հյուրերին՝ գիտական փորձի փոխանակման ծրագրի շրջանակում: Ամերիկան միայն ջինսերի, Հոլիվուդի ու հոտավետ մաստակների հետ չէր ասոցացվում, այլ նաև առաջավոր գիտական մտքի և ընդհանրապես՝ ազատության ու զարգացման: Հիշում եմ՝ մեզ համար գրեթե տոն էր, երբ Երևանում բացվեց Միացյալ Նահանգների դեսպանատունը, իսկ հետո սկսեց գործել Ամերիկյան համալսարանը, ուր ուսանելը հոմանիշ էր հաջողության և գործնականության:
Գրեթե տասնհինգ րոպե ուշացումով համալսարանի ռեկտորը խնդրեց լռություն պահպանել, ծածկել դահլիճի դռներն ու սկսել դասախոսությունը: Մի քանի րոպե ընդհանուր բնույթի արտահայտություններ անելուց և կանխավ շնորհակալություն հայտնելուց հետո նա ձայն տվեց հյուրերին:
Բայց պետք էր տեսնել այդ պատկերը. նախագահության տեղում, որի ետևի արնագույն վարագույրի վրա դեռ ամիսներ առաջ շողշողում էր Լենինի պրոֆիլը, երկու տեսակի մարդիկ էին առանձնանում: Կոստյումներով ու փողկապներով, լուրջ հայացքներով նստած էին մեր ակադեմիկոսներն ու պրոֆեսորները, իսկ ամերիկյան հյուրերն աչքի էին ընկնում երիտասարդ տարիքով ու փոքր-ինչ փնթի արտաքինով: Մի մասը պարզապես շապիկներով էին՝ վրան անգլերեն ինչ-որ գովազդային բառեր, իսկ նրանց գլխավորը ծաղկավոր վերնաշապիկով էր, որի վրա հապշտապ ինչ-որ անհարիր փողկապ էր հարմարեցրել: Մազերը գզգզված էին, դեմքը՝ պզուկոտ ու չսափրված, որը սակայն հեռվից չէր նկատվում, քանի որ դիմագծերը շեկ էին: Սրա նմաններին Ամերիկայում «իռլանդացի» են հորջորջում:
Ամերիկացի գիտնականն իր ելույթը սկսեց ընդհանուր արտահայտություններով, թե որքան կարևոր է գիտության դերը հասարակության համար, թե ինչ կարևոր է առաջավոր փորձի փոխանակումը և այլն, և այլն: Խոսում էր անգլերեն՝ ընդգծված ամերիկյան արտասանությամբ, իսկ ճարպիկ ու սիրունատես թարգմանչուհին թարգմանում էր.
– Սոցիալական հասարակարգի անհատ անդամը հաճախ տեղեկություններ է ստանում տեսողական, նշանային պատկերների միջոցով…
Ես ինքս էլ քչից-շատից անգլերեն գիտեմ, նույնիսկ տեխնիկական թարգմանչի եռամյա դասընթաց եմ ավարտել, ուստի մի կերպ կարողացա ինքս ինձ համար թարգմանել վերը հնչած բարդ արտահայտությունը, որը հնչում էր այսպես. «Մարդը կարդում է»: Մտքերի հետագա շարադրանքն այսպիսին էր.
– …Նշանային պատկերների ներընկալումը, մասնավորապես, դետերմինացնում է վերբալ ադդիտիվությունը…
Կրկին միացրեցի ներքին թարգմանիչս ու այս արտահայտությունն էլ վերծանեցի «Ընթերցանությունը ընդլայնում է բառապաշարը» նախադասության:
Վստահ չեմ, որ ներկաների գոնե մի մասը հասկանում էր ամերիկացուն և նրա սիրունատես ու քաղցրալեզու թարգմանչուհուն: Բարեբախտաբար պատվիրակության ղեկավարը շուտով սահմանափակեց իր ելույթն ու ձայնը փոխանցեց գլխավոր մասնագետին:
Ձևական ծափահարություններից հետո ամբիոնին մոտեցավ «փնթիներից» մեկը, չգիտես ինչու՝ աղավաղված ու տգեղ հայերենով բարևեց ներկաներին, ապա անգլերենով անցավ բուն նյութին, որը վերաբերում էր էլեկտրականությանը և նրա կիրառությանը կենցաղում: Հույսս չդնելով սիրունիկ թարգմանչուհու վրա՝ խոսքը մեջբերում եմ միանգամից իմ թարգմանությամբ.
– …Բոլոր պատերի վրա կան էլեկտրական վարդակներ, որոնց վրա մենք կարող ենք տեսնել երկու անցք, որոնք ճշտությամբ համապատասխանում են էլեկտրական խրոցի ոտքերին:
Այդ պահին հրաշք տեղի ունեցավ. դասախոսողը ինչ-որ մեկին նշան արեց, ու նրա ետևում մի փոքրիկ գրատախտակ հայտնվեց՝ թղթե մեծ պաստառներով: Առաջին պաստառի վրա հենց վարդակն էր պատկերված: Ոգևորությամբ ցուցադրելով վարդակի նկարը՝ նա շարունակեց իր խոսքը.
– Մենք կարող ենք էլեկտրական սարքերը միացնել այս վարդակներին և նրանք կսկսեն աշխատել: Որպես օրինակ դիտարկենք հեռուստացույցը: Ովքեր չգիտեն, բացատրեմ. դա մի սարք է, որի միջոցով մենք շարժվող պատկերներ ենք տեսնում և լսում ձայնը տարածության մեջ:
Ամերիկացին ծալեց վարդակի պաստառը ու մեր առջև հայտնվեց հեռուստացույցի պատկերը:
Մնացածը պարզ էր: Լսելու բան չկար: Շուտով դահլիճի քար լռությունը խախտվեց, ապա շշուկները շատացան, և հիասթափության ու դժգոհության ակնարկներ լսվեցին այստեղից-այնտեղից… Հետո դահլիճը սկսեց դատարկվել՝ նախ վախվորած ու զգույշ, ապա փոքրիկ խմբերով ու անգամ շարքերով: Ամերիկացիները տարակուսած նայում էին մերթ դահլիճին, մերթ պրոֆեսորներին ու չէին հասկանում, թե ինչու են Երևանի պետական համալսարանի լավագույն ուսանողները լքում այդքա՜ն հետաքրքիր դասախոսությունը…
* * *
Ես նայում էի ռեկտորի պատկառազդու դեմքին՝ մի մարդու, որի դասագրքերով ոչ միայն մենք ենք սովորել ու սովորում, այլև հեռավոր եվրոպաներում ու ամերիկաներում… Տարին մի քանի անգամ նա հրավիրվում էր արտասահման՝ դասախոսություններ կարդալու: Ընդ որում՝ կարդում էր անգլերեն, առանց թարգմանչուհու ծառայություններից օգտվելու: Ու հիմա այդ մարդը նստել էր գլուխը կախ… Միայն կռահել կարելի էր, թե ինչ էր մտածում նա այդ պահին… Միգուցե Մերգելյանի անվան ինստիտուտում իր մասնակցությամբ ստեղծված խորհրդային առաջին գերհզոր համակարգչի մասին կամ էլ՝ թե ինչպես պիտի տաքացնի իր տունն ու հաց ապահովի իր ընտանիքին…
* * *
Իսկ ես շարունակում էի համառորեն Ֆիզիկայի ինստիտուտ գնալ, քանի որ այնտեղ էր անցնում իմ գիտական պրակտիկան: Եվ ամեն անգամ հաստ երեսով մի կին անցագրային կետում երկար ու բարակ հարցեր էր տալիս ինձ իմ այցելության նպատակի մասին: Երևի ուզում էր համոզվել, որ ես Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գաղտնիքները չեմ հասցնի արտասահմանյան հատուկ ծատայություններին: Մինչդեռ Ալիխանյան եղբայրների ջանքերով հիմնված Ֆիզիկայի ինստիտուտում միայն մի գաղտնիք էր մնացել. այն, որ ինստիտուտի օրերը հաշված էին:
Շուտով գիտության այս օջախն էլ փակվեց, քանի որ հոսանք չկար, և գիտնականները ցրվեցին աշխարհով մեկ կամ էլ վերամասնագիտացան գյուղագործության ու առևտրի ոլորտներում: Շուկայի պահանջներին համապատասխան:
Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա: