Օրուելը զերծ չէր ռոմանտիզմից: Փոքրիկ մի գյուղաքաղաքում նպարեղենի համեստ խանութ էր պահում, իսկ ազատ րոպեներին «1984» ֆուտուրիստական վեպի վրա էր աշխատում: «Անասնաֆերմայից» հետո որոշեց մի քայլ առաջ գնալ ու կարծես գաղտնի մի հույս ուներ, որ այն ամենը, ինչ նկարագրում էր նորաթուխ վեպում, պիտի շրջանցեր իրեն ու, միգուցե, նաև մարդկությանը: Բայց կասկածները տանջում էին նրան… Երկար տատանվում էր գրքի վերնագրի ընտրության հարցում: Ի վերջո, եկավ այն կարծիքին, որ ճշգրիտ տարեթվի նշումն այնքան էլ էական չէ: Չար լեզուներն ասում են, որ դա պարզապես Օրուելի խմբագրի հնարքն էր՝ պարզապես տեղերով փոխել էր վիպակի ստեղծման տարեթվի նշաններն ու 48-ի փոխարեն ստացել 84: Ամեն դեպքում՝ դրանից հարցի էությունը չի փոխվում: Մի քանի տարի ավելի շուտ կամ մի քանի տարի ավելի ուշ… Մի բան հաստատ էր՝ 1984 թիվը գալու էր, և դա լինելու էր մարդկության պատմության սև էջը: Գրքի վրա աշխատելիս միաժամանակ մոգոնեց «մեծ եղբայր» և «սառը պատերազմ» բառակապակցությունները: Վերջինը շուտով մարգարեական իմաստ ձեռք բերեց և քաղաքագետների բառացանկում պարզապես անփոխարինելի դարձավ:
Մի ցանկություն ուներ՝ ինչ-որ հրաշքով մի հիսուն տարի առաջ գնալ ու տեսնել ապագան: Նախ՝ դա շատ հետաքրքիր էր: Իսկ երկրորդ պատճառը զուտ մասնագիտական էր՝ նոր գրքում հնարավորինս իրական պատկերել ապագայի անցքերը: Սակայն Աստված Օրուելի այդ երազանքն իրականություն չդարձրեց: Դա չափից դուրս ռոմանտիկ կլիներ: Հետագայում քննադատները «1984» վեպը որակեցին որպես հակաուտոպիստական: Ինչևէ, Օրուելը ստիպված էր բավարարվել զուտ իր երևակայության գծած էսքիզներով ու «Անասնաֆերմայի» անցքերի հնարավոր զարգացումներով: Դրան գումարվեցին նաև անձնական կենսափորձը, որ Հնդկաստանից մինչև Իսպանիայի քաղաքացիական պատերազմ էր հասնում, և լրագրողական անսխալ հոտառությունը: Իսկ թվականը մնաց որպես պայմանական սահման, որի մասին սովորաբար ասում են՝ դրանից առաջ և դրանից հետո:
Մեծն անգլիացուց վաթսունհինգ տարի անց մենք ձեռնամուխ ենք լինում նրա անմահ վեպի վերաիմաստավորմանը: Կրկին պայմանականորեն ընտրում ենք մի որևէ թվական: Թող լինի 2084: Ճշգրտությունը աստվածային հատկանիշ է: Մենք պարզապես համեստ դիտորդներ ենք, ուստի ընդամենը մի քիչ ժամանակակից շունչ կտանք Օրուելի դաժան կանխատեսումներին՝ հաշվի առնելով աշխարհի և դեպքերի ահագնացող զարգացումները: Ընդսմին, կաշխատենք խուսափել ռոմանտիկական շղարշից, որն այսօր բացարձակապես անհիմն է, եթե չասենք՝ ծիծաղելի: Եվ եթե Օրուելի հերոսի ճակատագիրն ինչ-որ տեղ և ինչ-որ չափով կախված էր մեկ այլ հերոսի կամքից, ապա արդի դարում նման քնքշություններին արդեն տեղ չկա: Ռոմանտիզմի և սենտիմենտների ամպը վաղուց ցրվել-գնացել է իր թոռանը հեքիաթ պատմող վերջին տատիկի հետ:
* * *
Մենք ո՛չ հրաշքով, և ո՛չ էլ մտովի հիսուն տարի առաջ գնալու կարիք բնավ չունենք: 2084-ի հիմնական առանցքներն այսօր արդեն իսկ ուրվագծվում են: Պարզապես փորձենք մի քիչ տարանջատել աշխարհի լղոզված ու միաձուլված պատկերները:
Աշխարհը ղեկավարվում է Համաշխարհային կառավարության կամ Բարձրագույն ատյանի կողմից, որը նաև «Կլոր սեղան» կամ ակումբ է հորջորջվում: Հրամաններն անձնականացված չեն: Ստորագրվում են հենց այդպես՝ Բարձր ատյան, և ենթակա են կատարման բոլորի կողմից առանց խտրականության և մեկնաբանությունների: Այդ փակ ակումբից դուրս որևէ մեկը նրա մասին տեղեկություն չունի, իսկ կազմը պարբերաբար թարմացվում է: Յուրաքանչյուր անդամ ընտրում է մեկ աշակերտ և նրան նախապատրաստում հետագա աշխատանքի համար:
«Մեծ եղբոր» կերպար չկա: Աստվածացվում են միայն գաղափարական լոզունգները, կարգախոսները, նշանները և խորհրդանիշերը, որոնցից հիմնականներն են հնգաթև աստղը և ամենատես աչքը:
Օսֆալդ Շպենգլերի մտավախությունները հաղթահարված են: Մշակութային առանձնացումներն այլևս անցյալում են: Երկրագնդով մեկ ցրված է մարդկանց խառնիճաղանջ, բայց մոնոմշակութային բազմությունը:
Գլոբալիզացիա կոչվածն այլևս համատարած է: Վերացված են բոլոր սահմանները, այդ թվում՝ ոչ միայն քարտեզագրական: Պետությունների նախկին անվանումները հիմա պարզապես աշխարհագրական տեղանուններ են: Սակայն ազատ տեղաշարժման իրավունքը խիստ սահմանափակված է, քանի որ յուրաքանչյուր անհատ պարտավոր է աշխատել, այլապես պարզապես կմեռնի քաղցից: Փախուստի գոտիներ չեն մնացել. ողջ մոլորակը, բացառությամբ հյուսիսային և հարավային բևեռների և դրանց հարող շրջանների, ամբողջությամբ ուսումնասիրված և բնակեցված է:
Ոսկու և թանկարժեք մետաղների հանքավայրերը գտնվում են համաշխարհային կառավարության խստագույն հսկողության տակ: Այդ մետաղներն ու հազվագյուտ տարր են, ունեն լոկ արդյունաբերական իմաստ, քանի որ փող կոչվածը վաղուց ընդամենը վիրտուալ բնույթ ունի: Ոսկու կտորը նույնքան անարժեք է մարդու ձեռքին, որքան սովորական քարը կամ հողը: Նավթի և գազի հայտնի բոլոր պաշարները վաղուց սպառվել են: Էներգիայի հիմնական աղբյուրներն են՝ արեգակը, օվկիանոսը և քամիները: Միջուկային էներգետիկան արգելված է: Միջուկային զենքը հիմնականում վերացված է, ինչպես նաև քիմիականը և բակտերիոլոգիականը:
Ընտանիք հասկացողություն չկա: Կանայք և տղամարդիկ այլևս համայնական են: Երեխաները հանդիսանում են կառավարական սեփականություն: Խիստ արգելք է դրված երեխաների քանակի վրա: Պահպանվում են միայն առողջ երեխաները՝ նախապես գենետիկ խստագույն ստուգման ենթարկվելուց հետո: Այս վերլուծությունը հնարավորություն է տալիս ի սկզբանե ոչնչացնել հնարավոր անընդունելի վարք ունեցողներին: Հաստատված միջինից ցանկացած շեղում համարվում է վտանգավոր և չի խրախուսվում: Ուստի վերացվում են թե՛ պոտենցիալ արատավորները, թե՛ հանճարները: Սովորական միջին վիճակից տարբերվելը հղի է լուրջ հետևանքներով:
Ազգ հասկացողությունը ևս վերացված է: Միայն որոշ տեղերում դեռևս պահպանվում են համեմատաբար մեծ խտությամբ որոշ ազգային միավորներ (չինացիներ, արաբներ, և այլն): Մյուս բոլոր վայրերում ազգային չափանիշ գոյություն չունի: Մարդիկ տարբերակվում են միայն գույներով ու գուներանգներով՝ առանց դրան որևէ հատուկ նշանակություն տալու: Խրախուսվում են միայն խառը-ռասայական և գունային հետերո-հարաբերությունները: Միասեռականությունը, մանկապղծությունը (հիմա դա կոչվում է մանկացանկություն) վաղուց համարվում են նորմալ սեռական դրսևորումներ: Դրանցով զբաղվելը ոչ միայն չի հետապնդվում, այլ նաև խրախուսվում է, քանի որ բացառում է անցանկալի հղիության դեպքերը:
Թմրանյութերի գործածությունն ազատ է: Միակ սահմանափակումն այն է, որ դրանց օգտագործումը չպետք է խանգարի աշխատելուն: Միաժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր աշխատանքից առաջ ստանում է իմունային համակարգը պաշտպանող և ամրացնող դեղահաբ, առանց որի մարդը շատ արագ ուժասպառվում է և հիվանդանում: Ինչպես արդեն նշեցինք՝ բոլոր մարդիկ, սկսած 12 տարեկանից, պարտավոր են աշխատել: Փոքրահասակների աշխատանքը ավելի շուտ խորհրդանշական բնույթ է կրում. կարևորը որևէ բանով զբաղված լինելն է անպայմանորեն հասարակական որևէ հաստատության կամ հիմնարկի շրջանակներում:
Անձնանունները պայմանական բնույթ են կրում: Ծննդյան պահին յուրաքանչյուր երեխայի տրվում է անհատական համար, որը կապված է նրա գենետիկ կոդի հետ: Համարի բացակայության դեպքում վայրկյանների ընթացքում հնարավոր է դա վերականգնել պարզագույն սարքի օգնությամբ: Դրանով իսկ փաստաթղթային զեղծարարությունները բացառվում են: Այդ անհատական համարը միաժամանակ հանդիսանում է Facebook (Ճակատի գիր) կոչվող համակարգում գրանցման և մուտքի բանալին: Այս համակարգում սկսում են կուտակվել մարդ արարածի մասին բոլոր հնարավոր տեղեկությունները՝ կապերը այլ մարդկանց հետ, կենսագրական տվյալները, շրջագայությունները (եթե այդպիսիք կան), լուսանկարները, գենետիկ կոդավորման թվային տվյալները, և այլն: Սույն համակարգին ըստ էության հնարավոր չէ չմիանալ, քանի որ բոլոր գործարքները կատարվում են միմիայն դրա միջոցով, այդ թվում՝ հացի և իմունային հաբի բաշխումը: Համակարգին մաս չկազմելը հավասարազոր է սովահարությանը:
Գիտություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Կան մի քանի լաբորատորիաներ, որտեղ հիմնականում դեղահաբեր են արտադրում: Այլ բնագավառներից զարգացած են հիմնականում ռադիոէլեկտրոնիկան և ևս մի քանի ճյուղեր: Տեսական ուղղություններն ու ուսումնասիրություններն արգելված են, ֆինանսավորումը՝ զրոյացված: Աշխատանքային գործընթացը հեշտացնող սարքերի ստեղծումը ևս արգելված է: Ըստ ընդունված գաղափարախոսության՝ միակ ընդունելի գործիքներն են՝ բահը, սայլակը, քլունգը և նմանատիպ պարզունակ այլ բաներ: Ընդհանրապես, ֆիզիկական աշխատանքը համարվում է պատվաբեր, իսկ մտայինը լոկ համաշխարհային կառավարության անդամների մենաշնորհն է:
Արվեստները ևս միաձուլված և լղոզված են: Նոր տեսության համաձայն՝ յուրաքանչյուր ոք արվեստագետ է և ցանկացած ստեղծագործություն համարվում է արվեստի գործ: Ակադեմիական նմուշները վաղուց մոռացվել են համընդհանուր անհետաքրքրության պատճառով: Իմաստավորված, ուստի և կենսական են համարվում միայն ապառեալիստական գործերը: Սակայն որևէ մեկը փառքի հավակնել չի կարող, քանի որ տաղանդները վերացվում են անմիջապես («գոլորշացվում են»): Համատարած միջակություն է տիրում:
Զինվորական ուժեր գոյություն չունեն: Կան միայն խղճի ոստիկանության ստորաբաժանումներ: Բոլոր ընդվզումներին, թե դրանք անգամ առաջանում են, անմիջապես հետևում են ընդհանուր գրանցման համակարգում հացի և իմունային հաբի տրամադրման կոդի անջատմանը: Դրան հետևում է ֆիզիկական մահը: Որևէ բացատրություն չի ընդունվում, և որևէ ներում չկա, քանի որ մարդկության քանակի կրճատումը կառավարության հիմնական նպատակներից մեկն է: Բարձրագույն կառավարության բոլոր հրամանները կատարվում են անմիջապես և առանց երկմտանքի:
Կառավարության անդամները որևէ արտոնություն կամ առավելություն չունեն: Համենայնդեպս, ոչ ոք դրանից տեղյակ չէ: Ամենակարևոր ֆունկցիաները ավտոմատացված են, և որոշումներն ընդունվում են մարդկանցից անկախ:
Հիմնական գաղափարական սկզբունքներն են՝ մարդիկ պետք է ապրեն «միջին» վիճակում՝ կիսաքաղց, կիսաբավարարված, կիսահագնված: Դա համարվում է հասարակական և մարդկային կատարելության գերագույն աստիճանը, քանի որ դրանից ավելին բերում է այլասերման և մարդկային առողջ բնազդների կորստին:
Համատարած իշխում է մեկ լեզու՝ անգլերենի պարզագույն տարբերակը (Simplified English): Մյուս բոլոր լեզուներն ինքնըստինքյան մեռել կամ մեռնում են: Լեզվաբանությամբ զբաղվելն արգելվում է: Ընդունված է լեզվի տարերային զարգացման և աստիճանական պարզեցման հայեցակարգը: Ընդսմին, գոյություն չունի նաև ձեռքի գիր: Ձեռագիրը գործածությունից դուրս է եկել: Գրությունները կատարվում են միայն համակարգչով և նմանատիպ այլ սարքերով, որոնք ձայնային ազդանշանները փոխակերպում են գրավոր տեքստի: Ցանկացած գրություն անմիջապես մուտքագրվում է սերվերային շտեմարան և, նախքան հասցեատիրոջը հասնելը, ֆիլտրվում և մանրազնին ստուգվում է: Այլախոհական կամ պարզապես նորմաներից շեղված ցանկացած միտք միանգամից ջնջվում է, իսկ հեղինակը հայտնվում է հատուկ հսկողության տակ:
Երաժշտությունը ևս դարձել է միատարր: Մեղեդայնությունը համարվում է հերետիկոսություն և ենթակա է վերացման, իսկ հեղինակն առաջին անգամ ենթարկվում է խիստ տույժի: Երկրորդ փորձին հետևում է վերացման հրահանգը: Նույն պատկերն է գրականության և այլ ոլորտներում: Հին գրքերը չեն ընթերցվում, իսկ նոր գրքեր չկան: Պատահմամբ հայտնաբերված հին գրքերն այրելը համարվում է ժամանակակից ուղղափառության օրինակելի նշան:
Ուտելիքի հիմնական տեսակներն են՝ հացազգիները, բրինձը, ինչպես նաև այգեգործական և բանջարաբոստանային կուլտուրաները: Միս և օրգանական սննդամթերք գոյություն չունեն: Ընդ որում՝ բոլոր սննդամթերքները գենետիկորեն մոդիֆիկացված են: Դա արվում է երկակի նպատակով: Նախ՝ սննդամթերքի ծավալն ավելացնելու, և ապա դրա միջոցով մարդկանց առավել կառավարելի դարձնելու համար: Մասնավոր բուսաբուծությունն արգելված է և գործնականում անհնար, քանի որ ջրամատակարարումը կատարվում է միայն կառավարության որոշմամբ և միայն կառավարական այգիներում:
Խղճի ասպարեզում ևս համատարած անտարբերություն է: Միայն մի կրոն գոյություն ունի՝ մարդկության մասնիկ լինելու առաքելությունը: Կրոնական բնույթի բոլոր շինություններն ու հաստատությունները լքված են կամ հողահատակ ավերված: Կրոնական բնույթի գրականությունն արգելված չէ, սակայն հետաքրքրություն չկա: Եթե որևէ արվեստի գործ մի որոշ ժամանակ հայտնվում է հետաքրքրությունից դուրս, ապա այն մտնում է «սպիտակ» ցուցակ և աստիճանաբար ջնջվում համընդհանուր համացանցային շտեմարանից՝ որպես ավելորդ և իրեն սպառած արժեք:
Հսկողությունը համատարած է: «Հեռէկրանների» կարիք չկա. ամենատես արբանյակները և հեռախոսային սարքերը հարյուր տոկոսանոց ծածկույթ են ապահովում Երկիր մոլորակի ամբողջ տարածքում և ցանկացած կետում: Ընդ որում՝ չկան «փակ» տարածքներ: Անգամ ննջարանները, արտաքնոցներն ու բաղնիքները օրական քսանչորս ժամ նկարահանվում են: Որևէ դժգոհություն լինել չի կարող: Նկարահանված նյութերը պահվում են հատուկ արխիվներում և օգտագործվում են միայն կասկածելի գործողությունների լուսաբանման համար: Առանց հատուկ անհրաժեշտության դրանք զննելը արգելվում է: Սեռական ակտիվ կյանքով ապրելը չի դրվատվում: Դրա համար պոռնոգրաֆիկ բնույթի հեռուստահաղորդումներն ու համացանցային գրականությունը հասանելի են ամենուր և բոլորին: Ինքնաբավարարումով զբաղվելը համարվում է կենսական անհրաժեշտություն և սոցիալապես գնահատելի զբաղմունք, քանի որ փոխարինում է սովորական սեռական հարաբերություններին, որոնք սպառնում են ավարտվել հղիությամբ: Միաժամանակ արհեստական անպտղությունը լայնորեն գովազդվում և դրվատվում է կառավարության կողմից:
Որևէ դժգոհություն համակարգից չկա, քանի որ համեմատելու եզրեր չկան: Հնարավոր որևէ այլախոհություն խեղդվում է սաղմնային վիճակում: Որևէ հակափաստարկներ լսելու և դրա վրա անտեղի ժամանակ վատնելու անհրաժեշտություն չկա:
Ժամանակ առ ժամանակ անցկացվում են տարբեր շոուներ՝ մարդկային մեծ զանգվածների ներգրավմամբ: Դրանք սպորտային կամ այլ միջոցառումներ են: Մասնակցությունը բոլորի պարտադիր է՝ բացառությամբ այդ ժամերին աշխատողների: Երբեմն անգամ գլադիատորական մարտեր են կազմակերպվում: Այս դեպքում Կառավարության և գաղափարախոսության դեմ մեղանչածներին օգտագործում են որպես թույլ կողմ: Նրանց տալիս են պարզունակ փայտե զենքեր միայն, իսկ ախոյաններին՝ իսկական երկաթե սպանության գործիքներ:
Զվարճալիքների շարքից թույլատրվում են նաև վիճակախաղերը՝ խիստ պետական վերահսկողությամբ: Շահումները շատ են, բայց հիմնականում մանր: Խոշոր շահումները, ինչպես և Օրուելն էր նկարագրում, բաժին են հասնում մտացածին մարդկանց միայն, այսինքն՝ հենց պետությանը:
Քանի որ մասնավոր տնտեսական գործունեություն գոյություն չունի, և ամեն ինչ կազմակերպվում է համաշխարհային կառավարության կողմից, ապա բոլոր հարկատեսակները հանգել են մեկին՝ Համացանցի հարկին, որը պարտավոր են մուծել բոլորը (կյանքն առանց համացանցի անհնար է): Սակայն սա էլ, ըստ էության, ձևական բնույթ է կրում, քանի որ աշխատավարձ, որպես այդպիսին, ևս գոյություն չունի: Մարդը ստանում միայն իրեն հասանելիք մինիմումը:
Բժշկական համակարգն անվճար է և համընդհանուր, սակայն ֆիզիկական աշխատունակությունը կորցրած մարդկանց չեն բուժում, այլ պարզապես զրկում են սնուցման աղբյուրից՝ անջատելով համացանցային սպասարկումը: Ինքնակամ կյանքից հեռանալը համարվում է մեծ առաքինություն և օրինակ է բերվում գովազդի միջոցով: Մի գնդակով լուծվում է ծեր և անաշխատունակ բնակչությանը խնամելու և կերակրելու կրնկակի խնդիրը:
* * *
Չկան գերեզմանոցներ: Բոլոր դիակները հրկիզվում են, իսկ փոշին խառնվում է հողին: Ոչ այնքան որպես պարարտանյութ, որքան այլ գործնական նշանակության բացակայությունից:
Հին գերեզմանոցներն էլ վերացված են: Եվ մի փորձեք գտնել Օքսֆորդշիրում ծվարած մեծն Օրուելի գերեզմանը: Նա էլ վերացվել է, խառնվել հողին ու դարերի անհուշ մառախուղին…
Մարդիկ երջանիկ են, քանզի վերջապես ստացել են այն, ինչի համար պայքարում էին Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից ի վեր՝ Ազատություն, Եղբայրություն, Հավասարություն: