ԱՂԵՂՆԱՎՈՐ

SAGITTARIUS ♐

(23 նոյեմբերի – 21 դեկտեմբերի)

Ազդեցությունը` Յուպիտեր (Լուսնթագ)
Խորհրդանիշերը` Կենտավրոս-նետաձիգ, աստղեր, գավազան, վեր բարձրացրած ցուցամատ
Գույները` Երկնագույն, կապույտ, մանուշակագույն, բոսորագույն
Ծաղիկները` Մեխակ, նարգիզ, կապույտ տերեփուկ, արմավենի
Քարերը` Տոպազ, մեղեսիկ, խրիզոլիթ, փիրուզ, արևակն (ծիածանաքար), կարմիր նռնաքար, շափյուղա, զմրուխտ, ագաթ
Մետաղը` Ցինկ
Թալիսմանները` Պայտ, սալամանդր
Ոդիսևսի խոսքը` Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ:
Աղեղնավորի համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն:

ԵՐԱԶ

Քիրոն անունով կենտավրոս-նետաձիգի հետ Ոդիսևսը հայտնվում է դժնդակ մի կղզում, որի տերն ու տիրակալը միակնանի հսկաներն էին` զազրելի և խոժոռադեմ արարածներ, որոնց հիմնական զբաղմունքը խաշնարածությունն ու ձիապահությունն էին: Ամենաարտառոցն ու սարասափելին այն էր, որ ձիերին նրանք բուծում էին ուտելու համար, իսկ խոզերին, այծերին ու ոչխարներին հիմնականում զոհ էին մատուցում իրենց հորը` ծովերի տիրակալ Պոսեյդոնին: Տեսնելով անկոչ հյուրերին` հսկաներից մեկը, որին մյուսները Պոլիփեմոս էին կոչում, խիստ բարկացավ ու խոստացավ, որ Ոդիսևսին կուտի, իսկ Քիրոնին նախ կխաչաձի իր հոտի մատակների հետ, որից հետո նրան էլ կուտի: Անգամ երազում սարսափը տիրեց տարաբախտ ընկերներին: Սակայն խելացի ու անվեհեր էր Ոդիսևսի նետաձիգ ընկերը: Նա իր նետի ծայրն այրեց ու այդ այրվող սլաքն իր լայնալիճ աղեղի օգնությամբ մխրճեց անհյուրընկալ հսկայի միակ աչքը: Վրա հասնելով` Իթակեի արքան իր սրով կտրեցի այդ անհեթեթ ու վիթխարի արարածի քներակը: Կապույտ կամ բոսորագույն արյան հոտը տարածվեց Ոդիսևսի երազում: Սակայն վերջին վայրկյանին մահամերձ Պոլիփեմոսը մահացու վերք հասցրեք Քիրոնին ու անիծեց Ոդիսևսին իր հոր` Պոսեյդոնի անունից: Երազում վշտացավ Իթակեի արքան, քանի որ կորցրել էր իր հավատարիմ ընկերոջը և ծովերի տիրակալի նզովքին արժանացել:

ԵՐԱԶ

Երկնագույն տերեփուկներով պատված մի բացատում քուն մտած, Ոդիսևսը մրջյունների խոսակցությունը լսեց: Չհասկացավ` ի՞նքն էր մրջյունների լեզվին տիրապետում, թե՞ նրանք էին մարդկային լեզու առել: Պատմությունը շատ երկար էր, բայց միայն մի դրվագ տպավորվեց: Ավագ մրջյունը կրտսերին պատմում էր մի հին ավանդություն: Իբր անհիշելի ժամանակներում իրենց նախահայր Մրջյուն Մեծը մի մեծ ճամփորդություն է կատարել միջատակերպի տասներկու համաստեղություններով, որոնք հիմա «Տասներկու անտառներ» անունն են կրում…

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Երկար դեգերելումներից հետո ի վերջո հասա Էյա կղզուն: Ի մեծ ուրախություն ինձ` այստեղ գտա իմ նավի անձնակազմի հերոսներին, որոնց մեռած էի համարում: Իմ հարցին, թե որտեղ ենք մենք, և ում է պատկանում այդ հողը, նրանք պատասխանեցին, թե կղզու տերը Կիրկե անունով պատվախնդիր մի կին է, որն իրեն Հելիոս աստծո դուստրն է համարում և համապատասխան պատիվներ պահանջում:

Կիրկեն քաջածանոթ էր հյուրընկալության օրենքներին: Նա մի հրաշալի սեղան բացեց, ուր աշխարհի ամենահամեղ ուտեստներն էին` ամենահմուտ խոհարարների ձեռքի տակով անցած: Գինին հիրավի աստվածային էր: Կիրկեն խոստովանեց, որ այն ոչ թե աղբյուրի սովորական ջրի այլ լեռների ձյան հետ է խառնում: Սեղանը գեղանի կույսեր էին սպասարկում, որոնց տեսքն անգամ մեզ խելքահան էր անում: Մի խոսքով` կար գեղեցկություն և կար գինի: Եթե աստվածները երկրի վրա դրախտի մի կտոր են ստեղծել, ապա դա հաստատ Կիրկեի կղզին է:

Թող ոչ ոք չմեղադրի հոգնած հերոսներիս: Ի վերջո, մենք էլ մսից ու արյունից ենք կերտված: Եթե անգամ աստվածներին խորթ չեն սերն ու սիրո թովչանքը, ապա որքան ավելի հակված ենք դրանց մենք` մարդկային արարածներս: Եթե Զևսը հանուն իր տռփանքի կարող էր անգամ կարապ կամ ոսկե անձրև դառնալ ու սողոսկել Դանայայի ստորերկրյա սենյակը, ապա մենք անգամ դրա կարիքը չունեինք` Կինն ու Գինին մեզ տրված էին առանց որևէ սահմանափակման և առանց որևէ պայմանի: Ես ինքս դեմ չէի դրան, քանի որ հրաշալի հասկանում էի ուղեկիցներիս հոգնությունն ու կարոտը: Տեսնելով այս ամենը, Կիրկեն իր ոսկեզօծ հովհարով ծածկեց բերանը, ու շշնջաց ականջիս.

– Ոդիսևս, իսկ չե՞ս վախենում, որ քո հերոս ընկերները երկրային հաճույքների գերին դառնան ու ի վերջո խոզերի նմանվեն:

– Մի՞թե խոզություն է մարդկային կյանքով ապրելու ցանկությունը, – հարցին հարցով պատասխանեցի ես:

Կիրկեն բազմանշանակ ժպտաց, սակայն որևէ բան չավելացրեց:

Մի ամբողջ տարի ես և ընկերներս հյուր էինք երկրային վայելքների այս կղզում: Անմահական գինին արել էր իր գործը, ու սթափ բանականությունը լքել էր մեզ:

Սակայն մի օր վերջացավ սարերի ձյունը, ու Կիրկեի մատռվակը ստիպված աղբյուրի սովորական ջրով բացեց գինին: Նույն օրը Հոմերոսն ինձ մի ներբող մատուցեց` սիրո և մեղրամսի մասին: Ես հակված եմ հավատալ նշաններին, քանի որ նույն օրն առավոտյան իմ ննջասենյակի պատից ընկավ ու փշրվեց Կիրկեի նվիրած ոսկե պայտը: Ես պատռեցի Հոմերոսի թշվառ գրերը, թափով դուրս թռա իմ սենյակից ու ականատես եղա մի տեսարանի, որ սրտիս ամենանուրբ լարերը խոցեց: Իմ երբեմնի հզոր ընկերները դարձել էին սովորական մահկանացուներ` տրված կանանց, գինուն ու այլ երկնային գայթակղություններին: Այնքան մեծ էին հուսահատությունս ու կատաղությունս, որ գոռացի հրեշավոր ձայնով.

– Ողորմելի խոզեր, այս ի՞նչ եք դառել: Մի՞թե իմ առջև Տրովադան գրաված հերսներն են: Մի՞թե ձեզ է գովերգելու Հոմերոսն իր ռապսոդներում: Մի՞թե Օլիմպոսի տիրակալները ձեզանով են հպարտանալու և հանգստանալու: Եվ մի՞թե ձեր զավակներին արժանի հայրեր եք դուք կոչվելու և մի՞թե ձեզնով են նրանք պարծենալու: Ջարդե՛ք գինու գավաթները ու տե՛ր կանգնեք ձեր սրերին, ով մեծն հերոսներ, որ Ոդիսևսի ընկերները լինելու և աստվածների կամքը կատարելու պատիվն ունեք:

Ցասումս այնքան ամեհի էր, որ վավաշոտ ու հեշտ կյանքի թմբիրը ամպի պես ցրվեց հերոսների գլուխներից: Մի քանի րոպե անց նրանք կրկին նույն հերոսներն էին` պատրաստ արհամարհելու տռփանքը հանուն պողպատի վեհանձնության:

Միայն Կիրկեն փորձեց ընդդիմանալ.

– Մեծն հերոս Ոդիսևս, ինչու՞ ես կարծում, թե կարող ես ընկերներիդ զրկել իրենց վաստակած մարդկային երջանկությունից: Ինչու՞ ես վստահ, որ աստվածների կամոք չեն քո հերոսներն այսօր վայելում իրենց կյանքի օրերը իմ հյուրընկալ հողի վրա:

– Լռի՛ր, գայթակղություն: Եթե հերոսներին աստվածները զուտ մարդկային երջանկություն ցանկանային, ապա Աքիլլեսն այսօր դեռևս թաքնված կլիներ կանանց մեջ` փոխանակ Հեկտորի հախից գալու: Պրոմեթևսն իր թոռների հետ ճատրակ խաղալիս կլիներ, իսկ Ալկիդասը երբեք Հերակլես չէր դառնա: Եվ այդ դեպքում ի՞նչ պիտի մոգոներ կուրացող աչքերով իմ տարեգիրը, որն իր հերթին թողել է երկրամերձ բարիքների իր տունը ու ինձ հետ միասին թափառական ասպետ դարձել: Ծաղիկների ու ծովի ալիքների մասի՞ն պիտի գրեր, թե՞ ամուսնական կյանքի երջանկության:

– Լավ, Ոդիսևս, թող հենց քո՛ խոսքերով քեզ դատապարտեն աստվածները: Արկածնե՞ր ես փնտրում` կստանա՛ս արկածներ: Դեռ կհիշե՛ս ինձ ու երանի՛ կտաս այս օրերին, երբ կցավա աներախտապարտ ու գարշելի քո սիրտը: – Ասաց Կիրկեն արհամարհանքով ու հեռացավ:

Ես լվացի ձեռքերս աղբյուրի թարմ ջրով և նույնը պահանջեցի իմ զինվորներից: Վերանորոգեցինք մեր նավն ու թիակները, ոչխար ու սև խոյ զոհեցինք` ի պատիվ աստվածներին ու ճամփա ընկանք` կանանց աղիողորմ հեծկլտոցների ու լացի ձայների տակ: