ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

CAPRICORN 

(22 դեկտեմբերի – 20 հունվարի)

Ազդեցությունը` Սատուրն (Երևակ), Մարս (Հրատ)
Խորհրդանիշերը` Այծ, սանդուղք, աշտարակ-ժամացույց
Գույները` Մուգ կանաչ, սև, գորշ մոխրագույն, կապտավուն, դալկադեղին, մուգ դարչնագույն, բոլոր մուգ երանգները
Ծաղիկները` Սպիտակ մեխակ, սև կակաչ, բաղեղ
Քարերը` Սուտակ, եղեգնաքար, նռնաքար, լուսնաքար, լազուրիտ (լաջվարդ)
Մետաղը` Արճիճ
Թալիսմանները` Սև կատու, սատանա
Ոդիսևսի խոսքը` Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ:
Այծեղջյուրի համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն:

ԵՐԱԶ

Մի գեղանի կին Ոդիսևսին ուղեկցում է Հադեսի թագավորություն: Սկզբում նրան թվում էր, թե դա Պենելոպեն է, բայց բոլորը նրան Բեատրիչե անունով էին կոչում: Ահավոր պատկերներ էին բացվում Ոդիսևսի աչքին, սական ամենաանսպասելին ցավի ու տառապանքի այդ մթին բավիղներում Կրետեի Մինոս արքայի որդուն` Տավրոսին հանդիպելն էր, որը յոթերորդ պարունակում իբրև պահնորդ էր ծառայում` Հադեսի այս կամ այն հանձնարարությունները կատարելով… Երազում արցունքները հոսեցին Ոդիսևսի աչքերից ու նա անկարող էր տիրապետել իրեն. չէ՞ որ ինքն այնքան սիրում էր այդ թոթվախոս ու մաքրասիրտ պատանուն…

ԵՐԱԶ

Երազում Ոդիսևսն ինչ-որ բան տեսավ, բայց բառեր չգտավ դա նկարագրելու համար: Դա մի այնպիսի բան էր, որին համապատասխան բառ դեռևս չէր ստեղծվել: Միայն ինչ-որ պատկեր-եզրույթներ անցան մտքով` դալկադեղին, վերևում, անէանալ, Սիզիփոս, մազերի փոխարեն սպիտակ մեխակներով ծածկված կատու, սանդուղք…

(Հոմերոսը չկարողացավ մեկնել այս երազը, ուստի հրաժարվեց գրի առնել այն):

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Կարծեմ երկվորյակներ էին: Անունները` Դանթե և Վերգիլիոս: Դրանց հանդիպեցի կիմերիացիների թախծալի երկրի ափին, որտեղից սկիզբ են առնում Օվկիանոսի ջրերը: Այս երկիրը մշտապես պատված է ցուրտ մառախուղով և բոսորագույն աղջամուղջով: Այնպիսի տպավորություն է, թե Հելիոսի ճաճանչներն անկարող են հասնել այստեղ:

Խարիսխ նետեցինք ու ափ ելանք: Հենց այդտեղ էր, որ հանդիպեցի այդ բանաստեղծ երկվորյակներին` Դանթեին և Վերգիլիոսին: Ինձ տեսնելով նրանք շատ զարմացան, սակայն որևէ բան չասացին: Սակայն Հոմերոսն էլ ուրախ էր արհեստակիցների հանդիպելու համար, ուստի շուտով, երբ դժնդակ եղանակից պատսպարվեցինք մեր ճգնակյաց ընկերների քարայրում ու կրակ վառեցինք, հետաքրքիր մի զրույց սկիզբ առավ:

Դանթեն պայծառատես էր: Համենայն դեպս, ինքն էր այդպես ասում: Զարմանալի տեսիլքներ էր տեսնում իր հայրենիքից վտարված այդ մարդը, ապա եղբոր հետ միասին փորձում էին մեկնել դրանք: Հոմերոսը հետաքրքրությունից վառվում էր, ուստի խնդրեց մի երկու դրվագ պատմել:

– Երևի ամենախոսունը այն մեկն էր, որին ականատես եղա լիալուսնի օրը, երբ ամենաերկար գիշերն էր: Ես սարսափից կքարանայի, եթե հավատարիմ եղբայրս ինձ հետ չլիներ: Մթին մի ձորակով երկար քայլելուց հետո Դժոխքի դարպասների մոտ հայտնվեցինք: Ամենաահարկուն դարպասների վերևում զետեղված գրությունն էր… Երևի այդ պահին Մեծն Հերակլեսը հնազանդեցրել էր եռագլուխ Կերբերին ու տարել Էվրիսթևսի մոտ, այլապես մենք չէինք կարողանա ներս սողոսկել այդ դժնդակ դարպասներից: Առաջին կինը, որին տեսա գեղեցկուհի Հեղինեին էր…

– Տեղն է դրան, – ուրախ բացականչեցի ես: – Այդ կնոջ երեսից շատ մեծ հերոսներ ու հավերժական քաղաք Տրոյան է ավերվել: (Թեև, ի՞նչ թաքցնեմ, մի անգամ նա փրկել է կյանքս, լողացրել ու կերակրել, երբ մուրացկանի կերպարով հետախուզության էի գնացել Տրոյա):

– Թերևս դու ճիշտ ես, Ուլիս, – պատասխանեց Դանթեն ու շարունակեց:

– Շատերին տեսա այնտեղ: Այդ թվում` Մինոտավրոսին: Նա ցուլի մարմին ու մարդու գլուխ ուներ:

– Դա ինձ մեծ ցավ է պատճառում, – հոգոց հանեցի ես: – Ես սիրում էի այդ տղային և անկարող եմ հասկանալ, թե ինչու՞ անգամ քո տեսիլքներում նա նման բախտի է արժանացել: Նա ինքը բռնության զոհ է դարձել…

– Մեղքի զոհը որոշակի պատասխանատվություն է կրում իր հանդեպ կիրառված բռնության համար, – բացատրեց Վերգիլիոսը: – Մե՛նք չէ, որ պիտի դատենք և դատաստան տեսնենք: Դա աստվածների կամքն է: Շարունակի՛ր, եղբայր իմ:

– Շատերին տեսա Դժոխքի պարունակներում` չկնքված երեխաների, իմաստունների, բանաստեղծների, Եգիպտոսի տիրուհի Կղեոպատրային, որկրամոլների, ժլատների, ծույլերի… Իմ տարաբախտ քաղաքից շատ պատվավոր մարդկանց տեսա: Ութերորդ պարունակում տեսա կանանց գայթակղիչներին և գողերին: Աստվածներին հայհոյողներին ու գողերի տեսա: Խառնարկիչներին տեսա… Բայց երևի դրանք ձեզ հետաքրքիր չեն: Պարունակներից մեկում հույն զինվոր Սինոնին տեսա:

– Սինոնի՞ն, – զարմացա ես: – Այդ քաջարի զինվորին, որն իր կյանքը կորցնելու վտանգով և իմ հանձնարարությամբ խաբեց տրոյացիներին… Նա ի՞նչ մեղք ունի…

– Ես չգիտեմ, Ուլիս, բայց նա էլ էր այնտեղ: Միգուցե ստախոսության համար…

– Դե լավ, շարունակիր:

– Հետո մենք հայտնվեցինք Քավարանում:

– Դա ի՞նչ է, – այս անգամ զարմացավ Հոմերոսը:

– Դա այն վայրն է, ուր գտնվող հոգիներին հնարավորություն է տրված մաքրվել: Դրանք անհույս կորած հոգիներ չեն, – բացատրեց Վիրգիլիոսը:

– Քավարանում մի ծանոթի հանդիպեցի: Նա ինձ հետաքրքիր բան ասաց: Սխալ է աշխարհիս երեսին կատարվող ամեն բան վերագրել միայն աստվածների կամքին: Այդ դեպքում մերժվում է մարդկային կամքի ազատությունը:

– Այ սա արդեն հետաքրքիր է, – նկատեցի ես ոգևորությամբ, քանի որ ձանձրույթից սկսել էի հորանջել: – Մի՞թե ձեզ թվում էր, թե միայն աստվածներն են կառավարում աշխարհը:

– Նշաններն ու խորհրդանիշերն են ղեկավարում աշխարհը, – նկատեց Վերգիլիոսը:

– Դա մոտ է ճշմարտությանը, սակայն լիարժեք չէ: Աստվածները մեզ ճանապարհներ են ցույց տալիս, սակայն դրանք մենք ենք ընտրում: Վա՜յ նրան, ով սխալ ճանապարհով գնաց:

– Բայց ինչպե՞ս իմանանք` ճի՞շտ, թե՞ սխալ ճանապարհն ենք ընտրել, – անկեղծորեն հետաքրքրվեցին եղբայրները:

– Ամեն մարդ իր համար նախասահմանված միայն մեկ ճանապարհ ունի: Այդ ճանապարհով պիտի գնա: Հենց դրա համար էլ մեզ ողջամտություն ու խելք է տրված:

– Քո ձայնը տաք տեղից է գալիս, Ուլիս: Դու խելացի ես, անգամ` խորամանկ, և կարողանում ես կողմնորոշվել: Իսկ հասարակ մահկանացուներն ի՞նչ անեն:

– Թող իրենց կյանքն ապրեն: Ամուսնանան, երեխաներ ու թոռներ ունենան, հետո խառնվեն իրենց ծնած ու սնած հողին ու երջանիկ լինեն դրանով: Պատմությունը հասարակ մահկանացուները չեն կերտում, այլ աստվածների ընտրյալները:

– Դաժան մարդ ես դու, – նկատեց Դանթեն: – Եթե այդքան քաջ ես, ապա քեզ մի բան էլ կասեմ: Դժոխքում ես նաև քեզ տեսա: Քո հոգին մարդկային ձայնով խոսող կրակի ճիրանների մեջ էր այրվում: Դու մերժեցիր հեշտ ու խաղաղ կյանքը: Արկածախնդիր մի խումբ կազմեցիր քո խելքի տեր ընկերներիցդ ու ճամփա ընկար դեպի անհայտություն` անհասանելին հասկանալու մտադրությամբ: Հեռավոր ծովերում` մարդկանցից հեռու, նավաբեկության ենթարկվեցիր ու հայտնվեցիր Դժոխքի կրակներում:

– Ա՜յ քեզ բան, – քրքջացի ես: – Հետաքրքիր տեսիլք է, բան չունեմ ասելու:

– Իսկ ինչպիսի՞ն է երկնային կյանքը: Դու ի՞նչ տեսար, – մեջ ընկավ Հոմերոսը լարվածությունը ցրելու համար:

– Դա Դրախտն է, – բացատրեց Դանթեն: – Մենք այդպես ենք անվանում: Մաքուր և սուրբ հոգիները մոլորակների ու Արեգակի վրա են ապրում` ինը երկինքներում: Բայց նախքան այդտեղ հասնելը ես քննություն բռնեցի Հավատի, Հույսի և Սիրո մասին:

– Եվ վստահ եմ, որ հաջողությամբ բռնեցիր այդ քննությունը, – թեթևակի հեգնեցի ես:

– Այո, միանգամայն: Եվ միայն դրանցի հետո ինձ իրավունք տրվեց տեսնել վերջին` իններորդ երկինքը, ուր Աստված և նրա հրեշտակներն են ապրում:

Ես զարմացած նայեցի եղբայրներին, ապա Հոմերոսին: 

– Զևսին և նրա շքախմբին, – շտապեց բացատրել դիվանագետ տարեգիրս:

– Իսկ ի՞նչ են անուն նրանք այնտեղ, ինչո՞վ են զբաղված: – հետաքրքրվեցի ես:

– Ոչինչ էլ չեն անում: Նրանք կարիք չունեն խորհելու, ցանկանալու կամ հիշելու: Նրանք ինքնաբավ են:

Սրանք վերջին խոսքերն էին, որ լսեցի, քանի որ Մորփեուսը խոր քուն բերեց ինձ:

Առավոտյան նախաճաշի նստեցինք ու շարունակեցինք մեր կիսատ մնացած զրույցը:

– Ես մտածեցի քո տեսիլքի մասին, Դանթե: Հետաքրքիր էր, սակայն քեզ մի բան եմ ուզում ասել, – սկսեցի ես:

Եղբայրները զգաստացան ու ինձ հառեցին հոգնած հայացքները: Վստահ չեմ, որ նրանք վայելել էին գիշերվա քունը:

– Ձեր պատմությունն ինձ Տրոյայի տիրակալ Պրիամոսի դստերը` գուշակուհի Կասանդրային հիշեցրեց: Թեև նրա բոլոր գուշակությունները ճշմարիտ էին, սակայն նա աստվածների անբարեհաճությանն էր արժանացել, ուստի ոչ ոք նրան չէր հավատում: Իսկ դա, ընդունեք, մեծագույն անեծք և դժբախտություն է ցանկացած գուշակի համար: Նույնը ձեր պատումներին է վերաբերում. մարդիկ կարդալու են, սակայն չեն հավատալու:

– Հիմա երկու խոսք ձեր այդ տեսիլքի մասին: Դժոխքի (մենք դա Հադեսի թագավորություն ենք կոչում) նկարագրությունը միգուցե մոտ է իրականությանը, թեև շատ բան անհասկանալի է: Քավարանը, թերևս, մտացածին է: Իսկ ձեր ասած Դրախտը (Օլիմպո՞ս) պարզապես չի տեղավորվում գլխումս: Ես այլ պատկերացում ունեմ այդ ամենի մասին: Մենք ծնվում ենք ու ապրում այս հողի վրա: Եթե ուզում եք` դա հենց ձեր նկարագրած քավարանն է: Այս աշխարհում մարդու վարքով է որոշվում, թե նա ուր կընկնի մահից հետո: Իմ խորին համոզմամբ` ոչ մի տեղ էլ չի ընկնում, այլ մնում է հենց այստեղ, քանի որ Դրախտն ու Դժոխքը վերացական են: Դրանք մարդու և աշխարհի փոխադարձ վերաբերմունքն են արտահայտում: Երջանիկ եղիր այս հողի վրա ու քեզ Դրախտում կզգաս: Դժբախտ եղիր ու քեզ Դժոխքում կզգաս: Մի՛ խաբեք ինքներդ ձեզ ու երջանիկ եղեք: Այդքան մի բան: Մեր գնալու ժամանակն է: Հոմերո՛ս, զինվորնե՛ր, հավաքվե՛ք: Մենք ճամփա ենք ելնում:

– Բայց ու՞ր պիտի գնաս, Ուլիս, – հարցրեցին երկվորյակ եղբայրները միաձայն:

– Այնտեղ, ուր աստվածներն են ինձ ուղարկում: Ես ապավինում եմ նրանց ու իմ առողջ բանականությանը: Ի դեպ, ահա ձեզ մի երազահան, որ արևելքից եկած մոգերն են ինձ հանձնել: Կարդացեք վերջին գլուխը: Ձեզ հետաքրքիր կլինի: Երբ վերջացնեք` ետ ուղարկեք ինձ: Հուսամ` այդ ժամանակ ես արդեն Իթակեում կլինեմ` ընտանիքիս հետ ու գահիս բազմած: