ԱՌՅՈՒԾ

LEO ♌

(23 հուլիսի – 23 օգոստոսի)

Ազդեցությունը` Արեգակ
Խորհրդանիշերը` Առյուծ, կարապ
Գույները` Ծիրանի, ոսկեգույն, նարնջագույն, ալ: Սպիտակ գույնն անհաջող է:
Ծաղիկները` Քաջվարդ, նարգիզ, գլադիոլուս (թրաշուշան), քրիզանթեմ (ոսկեծաղիկ)
Քարերը` Սաթ, խրիզոլիթ (դահանակ), տոպազ, սուտակ, եղեգնաքար, ալմաստ, էսմերալդ
Մետաղը` Ոսկի
Թալիսմանները` Զատիկ, առյուծ, արծիվ
Ոդիսևսի խոսքը` Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ: Առյուծի համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն:

ԵՐԱԶ

Լքված միջնաբերդի կենտրոնում բաց տանիքով մեծ տարածություն է: Ամենուր էգ առյուծներ են` հզոր ու ամեհի, ծանր թաթերով ու սարսափազդու ժանիքներով: Նրանց դեղին աչքերում տափաստանների արևն է մայր մտնում: Քանի դեռ չես վախենում` նրանք, կարծես, քեզ չեն էլ նկատում: Սակայն մի պահ վախ մտավ անկոչ հերոսի սիրտը, ու այդ պահին առյուծները սկսեցին դանդաղ, բայց հաստատ քայլերով շարժվել դեպի Իթակեի արքան: Առյուծների ամեն մի քայլն ասես ծովափնյա ժայռերին փշրվող ալիքի վայրագ շաչյունը լիներ: Ոդիսևսը, փորձելով թաքցնել վախը, զգուշորեն ետ-ետ գնաց ու փակվեց մի խցի մեջ, սակայն հաջորդ վայրկյանին նկատեց, որ խուցը հետին  պատ չունի, և իր հետևում էլ են առյուծներ: Դրանք ամենուր էին: Միակ փրկությունը վախը սրտից հանելն էր: Միայն այդ դեպքում առյուծները չտեսնելու կտային մարդու անհարկի գոյությունն իրենց աշխարհում:

ԵՐԱԶ

Ոդիսևսը երազում անձրև տեսավ: Ջրի պաղ կաթիլները թափվում էին ցած, խառնվում նրա քրտնքին, հոսում մազերի տակով, քունքերի ու այտերի վրայով ու ներծծվում հողի մեջ: Երազի մեջ արթնացավ ու տեսավ, որ դա երազ չէ, այլ իրականություն: Իրոք անձրև էր գալիս, սակայն ոչ թե վերից վար, այլ հակառակը` երկրից դեպի երկինք…

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Լեստրիգոնների կղզում կատարված ողբերգությունից հետո, երբ կորցրեցի տասնմեկ նավերս ու դրանց ողջ անձնակազմը ու մի կերպ ճողոպրեցի դեպի բաց ծով, անսահման կսկիծն ու վիշտը համակեցին ինձ: Լողում էինք աննպատակ մինչև որ հասանք Թրակիայի կողմերը: Հենց այդտեղ էր, որ կրկին հանդիպեցինք Ալկիդաս անունով հերոսին: Տրոյայի կործանումից ի վեր նրան չէի տեսել և կարծում էի, թե խորտակվել է ու մահկանացուն կնքել Ծավի փոթորիկների մեջ:

Նա պակաս տրտում չէր, քան մենք: Տխրությունն ու վիշտը մարդկանց հաճախ ավելի են միավորում ու հարազատացնում, քանի խնջույքի սեղաններն ու ուրախությունը: Երևի դա էր պատճառը, որ շուտով մտերմացանք այնքան, որ Ալկիդասը բացեց իր սիրտն իմ առջև: Վերջերս իր երեք զավակներին էր կորցրել, ուստի անդարման վշտի մեջ էր իմ հին ընկերը: Վերհիշեցինք մեր արկածները Տրոյայի ափերի մոտ:

– Աստվածներն ինձ ահռելի ուժ են տվել, Ոդիսևս, բայց աստվածների օրենքն է. մի բան տալիս են, իսկ մյուս հարցերում` զլանում: Ես կուզեի պակաս ուժեղ լինել, բայց ավելի խելացի ու բախտավոր:

– Բախտն էլ են աստվածները տալիս, – նկատեցի ես:

– Այո, դու ճիշտ ես: Հենց դա՛ եմ ասում: Ես կուզեի Մեծն Շանթարձակն ինձ քիչ ավելի խելք տար, քան ուժ: Ես տառապում եմ իմ ամեհի ուժից: Կուզեի քեզ պես հնարամիտ լինել: Ժամանակին տատիկս պատմում էր, որ մանուկ հասակում մի օձ եմ խեղդամահ արել, մինչդեռ ավելի ճիշտ կլիներ խույս տալ օձից: Հիմա եմ մտածում, որ միգուցե դա ինձ իմաստություն բերող օձն էր…

– Մի կարծիր, թե խելքը դժբախտություններից ու կործանարար արկածներից խույս տալու գրավական է, Ալկիդաս: Պահ է եղել, երբ ես ինքս հակառակն եմ տենչացել` ավելի ուժեղ լինել և պակաս խելացի: Կարծում եմ` դրանք հավասարակշռում են իրար:

– Միգուցե և դու ճիշտ ես: Բայց, եթե ամեն ինչ նախասահմանված է, ապա մարդ պիտի որ երջանիկ լինի իր ճակատագրով:

– Նախասահմանվա՞ծ է, – հարցրեցի ես:

– Դու համամիտ չե՞ս, – իր հերթին զարմացավ Ալկիդասը: – Վերջերս Դելփիք էի գնացել` Պյութիայի մոտ: Նա ամեն ինչ ասաց:

Ես ինքս Պյութիայի մոտ տակավին չէի եղել, ուստի շտապեցի բավարարել հետաքրքրասիրությունս.

– Ինձ կպատմե՞ս դրա մասին: Ե՞րբ կարելի է գնալ նրա մոտ և ինչպես:

– Երբ ներքուստ զգում ես, որ եկել է քո ժամը, այդ պահին պիտի գնաս նրա մոտ: Նա նստում է եռոտանու վրա ու պատասխանում քո հարցերին: Ավելի ճիշտ` նրա բերանով դու աստվածների պատասխանն ես լսում:

– Հա, ես լսել եմ այդ պատմությունը: Երբ Քսերքսեսի հրեշտակները հասան Դելփիք` նրանք հարցով դիմեցին պատգամախոսին ու ստացան իրենց պատասխանը. «Եթե Արքայից Արքան ոտք դնի հունական հողի վրա, մի մեծ թագավորություն կկործանվի»: Եվ այդպես էլ եղավ:

– Ուզում ես ասել, որ Պյութիան երկիմա՞ստ պատասխան է տալիս:

– Փաստորեն դու այնքան էլ մանկամիտ չես, Ալկիդաս: Պյութիան պատասխան չի տալիս: Պյութիան ընդամենը կրկնում է քո բառերը: Պատասխանն ինքդ քեզ ես տալիս քո մեջ: Ամեն դեպքում լինում է այն, ինչ պիտի լինի, պարզապես մենք չգիտենք դրա մասին: Եվ պետք չէ միամտաբար կարծել, թե Հերմեսը կամ մեր սիրելի Պյութիան մեզ որևէ նոր բան կասեն, որը մենք չգիտենք:

Ալկիդասը զարմացած ինձ էր նայում: Տհաճ իրավիճակը ցրելու համար ես որոշեցի շեղել խոսակցության թեման` հաստատ իմանալով, թե ինչը բերկրանք կբերի հերոսի սրտին:

– Ինձ և ուղեկիցներիս կպատմե՞ս քո արկածներից մի քանիսը: Մեծ Ծովի բոլոր ափերին թնդում է քո անունը և քո սխրագործությունների համբավը:

Խորամանկությունս կրկին օգնեց ինձ: Ալկիդասի աչքերը փայլեցին, ու նա պատմեց.

– Ամենահետաքրքիրը ամազունուհիների երկիր իմ արշավանքն էր: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու էին նրանք այդքան ատելությամբ լցված տղամարդկանց հանդեպ: Տղամարդն այնտեղ ոչինչ էր: Հասկանու՞մ ես: Ապրում էին ծառաների պես ու մոտենում կանանց միայն սերունդ տալու համար: Ուղղակի սրտխառնոց էր առաջացնում այդ ամենը: Աթենացի Թեսևսն առաջարկեց վերացնել այդ զազրելի ցեղը, սակայն շուտով հասկացանք, որ այդ ամբարիշտ կանայք ինքնին դատապարտված են վերացման, ուստի պարզապես վերցրեցինք այն, ինչ մեզ պետք էր ու հեռացանք դրանց մոտից:

– Դրանից հետո ի՜նչ ասես արել եմ: Հիմնականում որսորդությամբ եմ զբաղվել. այս լեռները լիքն են վարազներով, հավքերով ու եղջերուներով: Խնձորներ ու հատապտուղներ եմ հավաքել: Անգամ ախոռապան եմ աշխատել Ավգիաս անունով մի կալվածատիրոջ մոտ: Ես չեմ խորշում որևէ աշխատանքից: Թեսևսի հետ ցլերի որսի եմ գնացել: Այդքանը…

– Իսկ Նեմեյան առյու՞ծը, – չդիմացավ ու հարցրեց ընկերներիցս մեկը: – Ինչու՞ չես պատմում, թե ինչպես ես սպանել այդ առյուծին:

Ալկիդասը զարմանքով նայեց նրան ու պատասխանեց.

– Ի՞նչ առյուծ: Դու չգիտե՞ս, որ հունական հողի վրա առյուծներ չկան:

– Հապա այդ ի՞նչ մորթի ես փաթաթել ուսերիդ:

Ալկիդասը ժպտաց ու ասաց.

– Սա Եթովպացի մի առևտրական է ինձ նվիրել իր կովերին տիրություն անելու համար:

Բոլորս ծիծաղեցինք: Հետո անձնատուր եղանք գինուն, ու Մորֆեոսը շուտով քուն բերեց մեր հոգնած մարմիններին և գլուխներին:

Ես նայում էի առյուծի մորթու վրա մեկնված Ալկիդասին: Հիրավի գեղեցիկ էր նա` պարթևահասակ ու գեղագանգուր: Մանկական մի բան էր մնացել նրա դեմքին: Զևսը վկա` մի պահ նախանձեցի նրան: Ավելի լավ է պարզ ու մաքուր սրտով ապրել: Շատ խելքի հետ շատ էլ տառապանք կա: (Այս միտքը արևելքից եկած մոգերի երազահանում եմ կարդացել):

Հետագայում Պյութիան Ալկիդասին Հերակլես կոչեց: Մարդու անունը հենց այդ մարդն է: Այդ անունով Հերակլեսին ժամանակին երևի իր տատիկն է դիմել: Ու ինքն էլ Դելփիքի պատգամախոսին շշնջացել է իր տենչացած անունը: Միգուցե հեքիաթ է, բայց ո՞վ է այն մարդը, որն իր մանկության հեքիաթներով չի ապրում ու ի վերջո կնքում սեփական մահկանացուն: