ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

GEMINI ♊

(22 մայիսի – 21 հունիսի)

Ազդեցությունը` Մերկուրի (Փայլածու)
Խորհրդանիշերը` Երկվորյակներ, դիմակ, ձեռք, աստղ
Գույները` Մանուշակագույն, մոխրագույն, բաց դեղին, մոխրակապտագույն, նարնջագույն: Կանաչ գույնն անհաջող է:
Ծաղիկները` Մարգարտածաղիկ, կանաչ գորտնուկ, հասմիկ, նարգիզ
Քարերը` Խրիզոպրազ (ոսկեզմրուխտ), բյուրեղաքար, նռնաքար, լեռնային բյուրեղ, ագաթ, հասպիս
Մետաղները` Ոսկի, սնդիկ, արծաթ
Թալիսմանները` Օձ, դիմակ
Ոդիսևսի խոսքը` Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ: Երկվորյակների համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն:

ԵՐԱԶ

Ոդիսևսը հորիզոնական ճյուղերով մի հսկա ծառից (նման է լիբանանյան մայրու) զանազան պտուղներ է քաղում: Դա տարօրինակ ծառ է, քանի որ դրա վրա աշխարհի բոլոր հայտնի (ցածր ճյուղերին) ու անհայտ (ավելի բարձր ճյուղերին) պտուղներն են հասնում: Նա փորձում էր ավելի վեր նայել` դեպի ծառի կատարը, սակայն արևի շլացուցիչ լույսերը թույլ չեն տալիս:

ԱՆՑՔ

Ափերից մեկում Ոդիսևսը արևելքից եկած մոգերի հանդիպեց: Առանց մի բառ ասելու նրանցից գլխավորը ծոցից մի փաթեթ հանեց: Անհյատ լեզվով ինչ-որ բառեր արտասանեց ու Ոդիսևսին արամեերեն լեզվով գրված մի հին երազահան մատուցեց `խունացած կաշվի մեջ փաթաթված:

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Նրան լոտոփագոսների մոտ հանդիպեցի: Բրիտների կղզիներից էր եկել տարիներ առաջ: Անունն ասաց, սակայն մոռացել եմ: Խրթին ու հույներիս համար տարօրինակ անուն էր: Իմիջիայլոց պատմեց, որ անզեն աչքով Արես մոլորակի երկու արբանյակ է հայտնաբերել ու դրանք կոչել Վախ և Սարսափ, բայց դա ինձ համար անիմաստ տեղեկություն էր: Ինքն էլ էր ճաշակել քաղցր լոտոսի պտուղները, ուստի գրեթե մոռացել էր իր հայրենի երկիրն ու փափագում էր մնալ լոտոփագոսների մոտ: Իր ասելով` այս վայրենիները շատ ավելի առաջադեմ էին ու մոտիկ աստվածային կատարելությանը, քանի իր հեռավոր հայրենիքի ամբարտավան մարդիկ:

Հետո մի զարմանալի պատմություն հրամցրեց ինձ, թե ինչպես է իր հայրենի եզերքը լքելուց հետո բազում արկածների հանդիպել: Նախ ընկել է իրենից տասներկու անգամ փոքր մարդուկների կղզին, ուր ամեն ինչ այդ մարդկանց պես փոքրիկ էր: Հետո փախել է ու, կրկին անգամ նավաբեկության ենթարկվելուց հետո, հայտնվել հսկաների կղզում, ուր թե՛ մարդիկ, թե՛ առարկաներն ու անգամ կենդանիներն իրենից տասներկու անգամ մեծ էին: Հետո, իբր, ընկել է հեռավոր մի այլ կղզի, ուր մարդիկ շեղ աչքեր ունեին ու ուտելիքը (հիմնականում բրինձ ու ջրիմուռներ),  փայտիկներով էին ուտում: Իսկ վերջում հայտնվել է մարդկային լեզվով խոսող ձիերի կղզում, ուր ամեն ինչ մոտ էր կատարելությանը:

Ես ինքս հյուրի կարգավիճակում էի լոտոփագոսների մոտ, ուստի ականջալուր եղա տարօրինակ բրիտանացու հեքիաթներին, քանի դեռ միասին խնջույքի սեղան էինք նստած: Սակայն առավոտյան, երբ լոտոսի ու գինու ազդեցությունը գրեթե ցնդել էր, կրկին հանդիպեցի այդ օտարականին ջրավազանի մոտ ու մենք շարունակեցինք մեր նախորդ օրվա զրույցը:

– Սիրելի բարեկամ, – Ես ինքս զարմանալի արկածների եմ ականատես եղել ու երևի դեռ պիտի լինեմ: Սակայն քո պատմածները խռովեցին իմ հոգին ու վանեցին քունն իմ աչքերից: Խնդրում եմ հիմա ինձ պատմես եղելությունը, որպեսզի ես էլ գտնեմ մտքիս նախկին խաղաղությունը:

Տարօրինակ ճանապարհորդը լռելյայն երկար ու նայեց ինձ, ապա խոնարհեց հայացքն ու ասաց.

– Անհնար է քեզ մոլորեցնել, խորամանկ հույն:

Ի պատասխան ես միայն ժպտացի, իսկ նա շարունակեց.

– Ինքդ էլ գիտես, որ այս աշխարհում ոչ թզուկներ կան և ոչ էլ հսկաներ: Էլ չեմ ասում մարդկային լեզվով խոսող կենդանիների մասին: Այդ ամենը, ինչ պատմեցի (ի դեպ, նաև մի գրքույկ եմ գրել դրա մասին) իրականում իմ մեջ է եղել: Քանի ջահել էի և ուժով ու սպասումներով լի` ինձ հսկա էի զգում: Իսկ իմ շրջապատի մարդիկ այնքան ճղճիմ ու ստոր էին, որ հիրավի նման էին ողորմելի թզուկների: Հետո, տարիներ անց, երբ ինքս տարիք առա ու վարակվեցի աշխարիս ախտերով, այնքան ստոր ու երկնամերձ զգացի ինձ, որ առաքինի մարդիկ, որպիսին Տրոյան խորտակած հերոսներդ եք, իմ աչքին հսկաներ թվացին… Սա է ամբողջ իրականությունը… Իսկ ձիերը… Դա էլ երևի պարզ է. Ոչ մի մարդ երբեք չի հասնի կենդանու կատարելությանը, այն էլ այնպիսի աստվածատուր կենդանու, ինչպիսին ձին է…

– Իսկ փայտիկներով բրինձ ու ջրիմուռ ուտող մարդի՞կ…

– Չգիտեմ: Միգուցե և ճիշտ է: Ինքս դեղին մաշկով ու շեղաչք մարդկանց մոտ չեմ եղել ու երբևէ չեմ տեսել: Մի հոլանդացի նավաստի է ինձ պատմել: Համենայն դեպս նրա պատմության մեջ անհավանական բան ես ինքս չեմ տեսնում… Լսի՛ր, Ոդիսևս, ես այնքան զզվել եմ ամեն ինչից` մարդկանցից, մասնագիտություններից, ազգերից… Ես չեմ ուզում վերադառնալ այդ ամենին, ես հոգնել եմ դրանցից… Ես ուզում եմ մնալ այստեղ, վայելել լոտոսի քաղցր համն ու կենդանու պես պարզ ու հասարակ այս մարդկանց չպարտադրված ընկերակցությունը:

– Մի՞թե չես ուզում վերադառնալ քո երկիրն ու հարազատներիդ մոտ:

– Ինչի՞ համար… Այնտեղ մարդիկ անգամ իրենց հերոսների գերեզմանաքարերը չեն ցանկանում մաքրել փոշուց ու աղբից… (Ի դեպ, ես արդեն հորինել եմ տապանաքարիս հուշագիրը): Եվ, որ ամենացավալին է, ինձ ոչ ոք չի սպասում այնտեղ` ոչ Պենելոպեն, ոչ Տելեմաքսը, և ոչ էլ անգամ Արգոս անունով հավատարիմ մի շուն… Ես հոգնել եմ, Ոդիսևս…

Այսքանն ասելուց հետո լռեց տարօրինակ անունով օտարերկրացին: Ես հասկացա, որ նրա ցավը շատ խորն է, ուստի ավելորդ հարցեր այլևս չտվեցի: Ինչ-որ պատրվակով շտապեցի հեռանալ ու մենակ թողնել նրան: Ավելի ուշ ծովագնացներից իմացա, որ տարաբախտ ծերունին իր մահկանացուն է կնքել լոտոսի պարգևած մոռացության ու հոգու ցավի մեջ: