CANCER ♋
(22 հունիսի – 22 հուլիսի)
Ազդեցությունը` | Լուսին |
Խորհրդանիշերը` | Խեցգետին, ծովախեցգետին, սիրտ |
Գույները` | Սպիտակ, բաց կապույտ, երկնագույն, արծաթագույն, կանաչ ոլոռի գույն: Մոխրագույնն անհաջող գույն է: |
Ծաղիկները` | Ցախկեռաս, ջրաշուշան, հասմիկ, բոլոր սպիտակ ծաղիկները |
Քարերը` | Լուսնաքար, զմրուխտ, սուտակ |
Մետաղը` | Արծաթ |
Թալիսմանները` | Երեքնուկ, սիրտ |
Ոդիսևսի խոսքը` | Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ: Խեցգետնի համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն: |
ԵՐԱԶ
Ամառ է: Մեծ գետի կիսաչոր հունով բարակ առու է հոսում: Տեղ-տեղ ջրափոսեր են մնացել: Այդ ջրափոսերում Ոդիսևսը խեցգետիններ է որսում: Սակայն դրանք գրեթե անմիջապես ճողոպրում են ու կրկին թաքնվում ջրերի մեջ:
ԵՐԱԶ
Ոդիսևսը երազում դատարկություն տեսավ: Այնտեղ չկային մարդիկ, չկային աստղեր, չկար լույս, և անգամ ինքը չկար: Բացարձակ դատարկություն էր: Երազում Ոդիսևսը փորձեց սարսափել, սակայն` ապարդյուն, քանի որ այդ համատարած դատարկության մեջ անգամ զգացումներ ու մտքեր չկային:
ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Բախտավոր ու անխռով կյանքով էր ապրում Էոլոսը: Երբ հասանք նրա կղզին, նա արդեն տասներկու զավակ ուներ` վեց ուստր և վեց դուստր: Իր ասելով` անգամ քամիներն են ենթարկվում իրեն: Մի ամբողջ ամիս նա մեզ հիրավի աստվածային հյուրասիրությամբ մեծարեց: Այն աստիճան, որ սկսեցինք ձանձրանալ թե՛ համեղ ուտեստներից, թե՛ անմահական գինուց, թ՛ե գեղանի կանանցից, և թե՛ ականջալուր երաժշտությունից: Այդ խնջույքներին մի մարդ էր ներկա, որը նստում էր սեղանի վերջում, ու մի փոքր սնվելուց հետո, հեռանում էր դեպի ծովափ ու ժամեր շարունակ նայում հեռվում հազիվ նշմարվող լեռներին: Ի վերջո հետաքրքրասիրությունս հաղթեց, և ես մոտեցա նրան, որ ճամփա ընկնելուց առաջ գոնե մի քանի բառ փոխանակեմ հետը:
Օտարերկրացի էր: Անունը` Էսքիլես:
– Պրոմեթևսի հայրն եմ, – բացատրեց նա` հայացքը ծովից չկտրելով:
– Պրոմեթևսի հա՞յրը … – զարմացա ես:
– Այո, – ինձ օգնության շտապեց ծերունին, – հայրը: Ամեն ինչ խառնվել է հիմա: Ես Պրեմեթևսի հայրն եմ և Պրոմեթևսի որդին: Պապիս անունն էլ է Էսքիլես եղել, իսկ նրա հոր անունը` Պրոմեթևս… Արդեն չենք էլ հիշում թե քանի սերունդ է անցել մեծն տիտանից, ու որքան է ջրիկացել նրա արյունը մեր երեկներում:
– Ինձ երկու բառով կպատմե՞ս եղելությունը: – Թախանձեցի ես:
– Երկու բառո՞վ, – ծերունին առաջին անգամ ժպտաց: – Դու շատ խորամանկ ես, Ոդիսևս: Գիտես, որ կարճ պատումի մեջ ես միայն ամենակարևոր բաները կասեմ քեզ: Բայց հույս չունենաս, թե կբացեմ քեզ Պրոմեթևսի գաղտնիքը:
– Ես գաղտնիք չեմ ուզում լսել: Պարզապես ինձ եղելությունն ասա: Առանց բանաստեղծական շղարշի: Առանց այդ էլ իմ Հոմերոսն արդեն կյանքս կերել է…
Էսքիլեսը ժպտաց ու սկսեց իր պատմությունը.
– Պրոմեթևսը հիրավի մեծ ծառայություն է մատուցել Զևսին: Օգնել է նրան տիտանների դեմ ճակատամարտում, ապա հորդորել, որ դրանց Տարտարոս անունով հեռավոր մի երկիր աքսորի, որտեղից վերադարձ չկա: Միայն այդպես Զևսը կարող էր միանձնյա իշխանության գալ: Բայց դու գիտես, Ոդիսևս, որ իշխանության գալուց հետո առաջին հերթին պիտի քո երբեմնի համախոհներին վերացնես: Դա օրենք է: Պրոմեթևսը սա կռահում էր, ուստի ժամանակին հոգ էր տարել դաշնակիցներ ձեռք բերելու հարցում: Նա հեռացավ դեպի արևելք, այնտեղ, ուր չորս գետերն են սկիզբ առնում, ու մի ուշիմ ցեղի հանդիպեց: Նա այդ մարդկանց հույս տվեց: Դա ամենակարևորն էր: Հետո գիտելիքներ տվեց: Համրել, գրել ու կարդալ սովորեցրեց: Ապա ցույց տվեց մետաղ ստանալու ու դրանից զանազան գործիքներ կոփելու գաղտնիքը: Զսպեց վայրի ցուլերին ու լուծ դրեց նրանց վրա, որ մարդկանց դաշտերը մշակեն: Ապա ձիուն հնազանդեցրեց ու մարդկանց տակ դրեց: Առաջին նավը կառուցեց, որի վրա առագաստ պարզեց… Սովորեցրեց բույսերից դարման պատրաստել ու պայքարել հիվանդությունների դեմ:
Օլիմոպսում բազմած Զևսին դուր չեկավ այս ամենը, քանի որ մարդկային այդ ուշիմ ցեղն այլ աստծո էր պաշտում: Այդ մարդիկ ավելի առաջ գնացին իրենց զարգացման մեջ, քան Զևսին պաշտող հույները: Ու շուտով ցուրտ լեռներին գամված այդ ցեղը սկսեց լույս, գիտություն ու իմաստություն տարածել բոլոր ազգերի ու լեզուների վրա: Անգամ ցլագլուխ ձիեր բուծեցին, որոնցից ամենավայրագին հետո նվիրեցին Ալեքսանդրոս Մեծին:
Այդ օրերին Կիլիկիա աշխարհում մի այլ հերոս ծնվեց` Տիփոն անունով: Նա ձեռնոց նետեց Օլիմպոսի աստվածների մենաշնորհ իշխանությանը: Վախից Զևսը խոյի կերպարանք առավ, Հերան` սպիտակ կովի, Ապոլոնը` ագռավի, Դիոնիսոսը` այծի, Արտեմիսը` կատվի, Ափրոդիտեն` ձկան, Հերմեսը` եգիպտահավի, Արեսը` վարազի, և այլն… Սարսափից նրանք Եգիպտոս փախան: (Եվ շատ տարիներ անց միայն և խարդախությամբ հաջողվեց նրանց պարտության մատնել Տիփոնին և վերադարձնել իշխանությունը: Այս անցքերի մասին տարեգիրները նախընտրում են չգրել և չխոսել):
Այլայլվեցին Օլիմպոսի բնակիչներն ու սկսեցին իրենց երկրորդական զգալ: Հույների քաղաքներում անգամ լուր տարածվեց, թե աստվածները մեռել են… Հուսահատության մեջ Զևսը հրամայեց Պրոմեթևսին, որ կործանի Կովկասի լեռների պես սառը ու հպարտ այդ մարդկային ցեղը, որպեսզի միայն օլիմպական աստվածների փառքը թևածի հողի ու ջրերի վրա: Ու ամեն ինչ արեցին Զևսն ու իր շքախումբը, որ մոռացվի Պրոմեթևսն ու նրա իմաստությանն ապավինած հպարտ ու զորավոր մարդկային ցեղը, որը չորս գետերի երկրում էր ապրում ու բազմանում:
Բայց Պրոմեթևսը, եթե անգամ ցանկանար, անկարող էր ջնջել ու վերացնել իր ցանած բարի պտուղների բերքը, քանի որ սերմերը շատ պարարտ հողի վրա էին ընկել:
Սակայն անվերջ են իշխանության ձգտումն ու դրա համար հեղվող արյունը: Դրանից հետո սկիզբ առավ պայքարը ամբարիշտ Զևսի ու նրա համախոհների և Կովկասի լեռներին գամված իմաստասեր ցեղի ու նրանց աստվածների միջև: Հիմա Պրոմեթևսն այլևս չկա: Երևի Զևսն էլ չկա (իր անփառունակ մահկանացուն է կնքել Եգիպտոսում), թեև դա մեզանից թաքցնում են, սակայն այդ պայքարը եղել է ու կա: Եվ հավատա՛ ինձ, բազմաշնորհ Ոդիսևս, որ հենց այդ պայքարի արդյունքից է կախված ողջ մարդկության ապագան: Եթե մենք` հույներս, գնանք լույսի ճանապարհով, ապա Ոսկեդարին կհասնենք: Եթե ընտրեցինք` խավարը, որը խաբուսիկ լույս է հիշեցնում, ապա կործանում է սպասում մեզ…
– Ուրեմն պատճառը կրակը չէ՞ր:
– Քեզ սազական չեն անմիտ հարցերը: Կրակից օգտվել մարդիկ դեռևս առաջին օրերում են սովորել:
– Իսկ Թետիսի հետ ամուսնությունից խուսափելը… Չէ՞ որ այս գաղտնիքն էր ցանկանում Պրոմեթևսից կորզել Օլիմպոսի տիրակալը:
– Զևսն ինքն էլ գիտեր, որ իր կործանումը ներսից է լինելու: Մի՞թե դուք կգրավեիք Տրովադան, եթե ներսից դռները բացող չլիներ, – Էսքիլեսը խորամանկ ժպիտով ինձ նայեց:
– Բայց ի՞նչ ես առաջարկում անել:
– Ես ոչինչ էլ չեմ առաջարկում: Դու ազատ ես տնօրինել քո բախտն ու ճակատագիրը: Մի՞թե դրա համար չեն Հունաստանի բոլոր հերոսները պայքարել առաջին օրերից մինչ հիմա:
– Բայց ո՞րն է գատնիքը… Ասա՛ ինձ, խնդրում եմ:
– Գաղտնիքն այն է, որ ոչ մի գաղտնիք էլ չկա: Պարզապես մարդիկ սիրում են գաղտնիք մոգոնել ու հետո փնտրել դրա բանալին: Ինքնակործան մի ճանապարհ…
Այլևս ոչինչ չկարողացա իմանալ այդ մեծ մտածողից:
Հաջորդ առավոտ հրամայեցի պատրաստել նավը: Հրաժեշտ տվեցի հյուրասեր Էոլոսին, նրա կնոջն ու տասներկու զավակներին ու, Զեփյուռին ապավինած, շարունակեցի ճամփաս դեպի հեռավոր Իթակե: