ARIES ♈
(21 մարտի – 20 ապրիլի)
Ազդեցությունը` | Արեգակ, Մարս (Հրատ), Վեներա (Արուսյակ) |
Խորհրդանիշերը` | Խոյ, եղջերու |
Գույները` | Վառ կարմիր, բոսորագույն, նարնջագույն, երկնագույն, մանուշակագույն |
Քարերը` | Ալմաստ, սուտակ, ամետիստ, արյունաքար, հասպիս, լուսնաքար, ծովաբյուրեղ, զմրուխտ, բոլոր կարմիր քարերը |
Ծաղիկները` | Ալոճենի, հողմածաղիկ, բուրավետ ոլոռ, մանուշակ, կապույտ տերեփուկ |
Մետաղները` | Երկաթ, պողպատ |
Թալիսմանները` | Մուրճ, Ոսկեգեղմ |
Ոդիսևսի խոսքը` | Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ: Խոյի համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն: |
ԵՐԱԶ
Աստվածները երեխաներ են ստեղծում և Սուրբ լեռան բարձունքից սկիզբ առնող արագահոս գետակի հունով ուղարկում ցած, որտեղ ջահել կանայք որսում են դրանց: Յուրաքանչյուր երեխայի վրա փոքրիկ դրոշմ կա, որի վրա նշված է նրա անունը, կենդակերպի նշանը և էլի ինչ-որ տվյալներ:
Ոդիսևսը համրաքայլ մոտենում է, զննում երեխաներին ու հարցնում կանանց.
– Սա շատ տարօրինակ է: Մի՞թե ծնվելու օրով չի որոշվում կենդանակերպի նշանը… Եվ մի՞թե հայրը չի իր որդուն անուն տալիս:
Կանայք զարմացած նրան են նայում ու պատասխանում.
– Իհարկե ոչ: Դա աստվածներն են որոշում: Երեխայի ծնվելու օրը, սեռը, անունը, կենդանակերպի նշանը և անգամ ճակատագիրը…
– Անգամ ճակատագի՞րը: Այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ ունեն մարմնի և հոգու տվայտանքները մեր կյանքի օրերում:
Կանայք է՛լ ավելի զարմացան.
– Ճակատագիրդ գտնելու համար: Մենք տեսնում ենք սեռը, կռահում անունը, բայց անկարող ենք կարդալ ճակատագրի նշանները:
ԵՐԱԶ
Ոդիսևսը երազում հարյուր ձիուց բաղկացած քարավան տեսավ: Բայց, երբ իրեն հատուկ պրպտող հայացքով ուշադիր նայեց, նկատեց, որ դրանք սովորական բեռնակիր ձիեր չեն, այլ սևաթույր ու շատ բարետես նժույգներ` արժանի թագավորական կամ գոնե իշխանական նշաններով սանձեր ու թամբեր կրելու: Ու անգամ երազում Ոդիսևսը հասկացավ, որ այդ տեսիլքը մեծ իմաստ ունի և ինչ-որ բան է ակնարկում: Երազում կանացի մի ձայն լսեց. «Ոդիսևս, Լաերտի որդի, այս նույն պատկերը քեզնից առաջ Տիբեթ անունով հեռավոր երկրում մի քուրմ է տեսել, սակայն նրան հրամայվեց չմեկնել և չպատմել այն մարդկանց, այլ պահել քեզ համար: Ուրեմն` արա ա՛յն, ինչ պիտի անես»:
ԵՐԱԶ
Ոդիսևսը երազում տեսավ, որ իր բոլոր մտքերն ու երազները օդում սառած գոլորշու պես տեսանելի ու հասանելի են ուրիշ մարդկանց: Ու սարսափեց նա, քանի որ Տրոյան կործանելու հրեշավոր մի ծրագիր էր փայփայում: Եթե այդ ամենը դառնար բոլորի մտքի առարկան, ապա ամեն ինչ գլխիվար շուռ կգար…
ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
– Տասը տարի… Օ՜, հավերժական աստվածներ… Ինչու՞ դուք ինձ ձեր գժտության գերին դարձրեցիք… Դուք անմահ եք, և ձեզ համար մեր տասը տարին միգուցե մի ակնթարթ է, իսկ այս զարհուրելի պատերազմը` սոսկ մի զավեշտալի խաղ: Բայց իմ ու մյուս մահկանացուների համար ջահելության տասը տարին մի հավերժություն է` տնից ու հարազատներից կտրված…
Այսպես պարպեցի սրտումս կուտակված անձկությունը, երբ կռթնել էր ծավափնյա մի ժայռի` հայացքս հառած մշուշոտ հեռուներին ու վստահ, որ ինձ որևէ մեկը չի լսում:
Հետո առափնյա սուճուց մի հաստ ճյուղ ջարդեցի ու ձեռքիս դանակով սկսեցի տաշել: Տաշում էի ու մտածում… Որոշ ժամանակ անց զարմանքով նկատեցի, որ փոքրիկ մի ձիուկ եմ կերտել: Մտքիս ու երազներիս թելը բռնած` գնացի դեպի Ագամեմնոնի վրանը: Գաղափարն արդեն կար: Մնում էր այն իրագործել: Որքան ավելի հանդուգն է միտքը` այնքան ավելի իրագործելի է այն, ուստի շատ ժամանակ չպահանջվեց Ագամենոնին համոզելու համար` հատկապես որ նա արդեն գրեթե հուսահատության շեմին էր:
Հոմերոսը, երևի իր երկին գեղարվեստական լրացուցիչ հմայք տալու համար, ինչ-որ աներևեկայելի պատմություններ է անում ամեհի ռազմիկներով լցված փայտաշեն հսկայական ձիու, Լաոկոոն անունով քուրմի և նրա որդիների, Աթենաս-Պալլասի կամոք ծովից դուրս ելած օձանման հրեշների և գիտակցաբար գերի հանձնված Սինոնի հեքիաթների ու մտացածին զոհաբերության մասին… Այս ամենը միգուցե և հետաքրքիր է, բայց իրականությունից հեռու:
Իսկ իրականությունը, ինչպես միշտ, շատ ավելի պարզ է, քան երևում է առաջին հայացքից: Տրոյան, անգամ տասը տարվա պաշարումից հետո, մնում էր անառիկ, և այն գրավելու միակ ձևը պղնձակուռ դռները ներսի կողմից բացելն էր: Ոչ մի ամրոց չի հանձնվում թշնամուն, եթե ներսից դարպասները բացող չլինի: Ես տեղյակ էր այս ճշմարտությանը: Ագամեմնոնին համոզելն էլ դժվար չեղավ: Կաշառքի ու խաբեության միջոցով հնարավոր եղավ խռովություն գցել քաղաքի պաշտպանների մեջ: Մտատանջության ու կասկածի որդն ամենասպան է: Անգամ առյուծի մագիլներն ու ժանիքները չեն կարող համեմատվել դրա հետ: Այդ մի քանի ծախվածների միջոցով լուր տարածեցինք, որ աստվածների կամոք Տրոյան պետք է հանձնվի հույներին` հանուն հետագա բարօրության և երկար սպասված խաղաղության: Եվ նաև այն մասին, որ հույներն ու տրոյացիներն իրականում արյունակից եղբայրներ են և բաժանելու բան, որպես այդպիսին, չունեն: Անգամ քաղաքը հանձնելուց հետո բոլորը կշարունակեն ապրել խաղաղ ու ստեղծագործ կյանքով, իսկ խաղաղությունը կնպաստի հզոր Հունաստանի և ոչ պակաս հզոր Տրոյայի եղբայրացմանն ու հետագա բարեկեցությանը: Միասին նրանք մի այնպիսի ուժ կդառնան, որից կսոսկան աշխարհի մյուս տիրակալները:
Առավել տատանվողների համար մի փիլիսոփայական հեքիաթ էլ մոգոնեցինք. ամեն ինչ անցողիկ է այս կյանքում, որը մի անգամ է տրվում: Թող հանգստանան զինվորները, ու թող գործի անցնեն դարբինները` սրերից գութաններ կռելու համար: Ու թող հոսի ոչ թե արյունը, այլ խաղաղության ու սիրո գինին… Մի բառով` ազատություն, հավասարություն, եղբայրություն և նման այլ դատարկաբանություններ:
Քաղաքում ծիլ առան կասկածները: Շատացան խաղաղության շինծու տռփանքից կուրացած մարդիկ, ու շուտով խռովության որդն արեց իր սև (կամ էլ` սպիտակ – ո՞վ է դատավորը) գործը: Մի մթին գիշեր մեր մարդիկ ներսից բացեցին հավերժական թվացող Տրոյայի դարպասները, ու հույն ռազմիկերի կատաղի ու հուսահատ բազմությունը առնետների պես ներխուժեց քաղաք: Մնացածի մասին իմ ռոմանտիկ տարեգիրը մանրամասն պատմել է:
Անբարո Հեղինեին մազերից կապած հանձնեցինք Մենելաոսին, որը նրան ցից հանեց բոլորիս աչքի առջև: Այդ պահին ես քմծիծաղով հիշեցի, թե ինչպես էի ինքս տարիներ առաջ առաջարկել, որ Հեղինեն անձամբ ընտրի իր փեսացուին, որպեսզի խուսափենք ավելորդ գժտություններից և արյունահեղություններից: Եվ նա հենց Աթեոսի պարթևատես որդուն` Մենելաոսին ընտրեց: Ոչ ոք չբռնացավ նրա կամքի վրա այդ ժամանակ: Որեմն թող ոչ ոք ինձ չհանդիմանի նրան անբարո անվանելուս համար: Անգամ գերեվարված տրոյացիները պատմեցին, որ Պարիսի մահից հետո գեղագանգուր մազերով այս կինը ևս մի ամուսին է ունեցել հանձինս տրոյացի Դեիփոբոսի:
Իլիոնի բնակիչներին` այդ թվում` Պրիամոսին, նրա ողջ տոհմն ու պայծառատես Կասանդրային, որի գուշակություններին մեր բախտից ոչ ոք չէր հավատում, սրի քաշեցինք: Նրանց գանձերը բաժանեցինք մեր մեջ (բացառությամբ Մինելաոսից հափշտակվածների), իսկ քաղաքը հիմնահատակ ավերեցինք: Լուսաբացին հազար կեռեղջյուր խոյ զոհաբերեցինք աստվածներին և առանք նրանց բարեհաճությունը: Գործն արված էր: Մնում էր վերադառնալ տուն:
(Ասում են` իբր տարիներ անց Շլիման անունով մեկը գտել է քաղաքի ավերակները, բայց չհավատաք այդ մանկական թոթովանքներին. ցանկությունն իբրև իրականություն ներկայացնելով պատմություն չեն կերտում: Տրոյան հնարավոր չէ գտնել, քանի որ այն չկա: Հույն զինվորները, դարերը, հողն ու քամին արել են իրենց գործը):