SCORPIO ♏
(24 հոկտեմբերի – 22 նոյեմբերի)
Ազդեցությունը` | Պլուտոն |
Խորհրդանիշերը` | Կարիճ, օձակիր, արծիվ, մահվան նշան, լուսամփոփ, բուրգ |
Գույները` | Դեղին, մուգ կարմիր, ալ մորեգույն |
Ծաղիկները` | Մեխակ, քաջվարդ, քրիզանթեմ (ոսկեծաղիկ) |
Քարերը` | Ծովաբյուրեղ, կարմիր նռնաքար, մարջան, բերիլ, սուտակ, լուսնաքար, բյուրեղապակի, տպազիոն (տոպազ), մալախիտ |
Մետաղները` | Երկաթ, պողպատ |
Թալիսմանները` | Մայիսյան բզեզ, կարիճ, մահվան նշան |
Ոդիսևսի խոսքը` | Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ: Կարիճի համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն: |
ԵՐԱԶ
Երազում Ոդիսևսը ծաղիկների հոտը տեսավ ու երաժշտության գույները լսեց` դեղին, մուգ կարմիր ու ալ մորեգույն: Աշխարհը աստվածների աչքից թաքցնող օդային քողի վրա մի քերծվածք տեսավ: Դրանով թիթեռնիկների կերպարանք առած հրեշտակներն էին ելումուտ անում: Հետո մահվան նշանը տեսավ, ու դող անցավ մարմնով, քանի որ մինչ այդ վստահ էր, որ մահ չկա: Ու գերեզմանային տխրության հոտն ու սառնությունը պարուրեցին երազը: Մուգ կարմիր մի կարիճ սողում էր դեպի Ոդիսևսի գարշապարը…
ԵՐԱԶ
Չնայած փակ աչքերին` Ոդիսևսն ամեն ինչ տեսնում էր: Հրաշալի գիտակցում էր, որ աչքերը փակ են, և ինքը մի հոգեպարար թմբիրի մեջ է: Փորձում էր հիրավի փակել աչքերը, որ ոչինչ չտեսնի, այլ միայն իր ներանձնական հաճույքներին տրվի, սակայն անգամ փակ ու սեղմած կոպերի ետևից ամեն ինչ երևում էր` աշխարհում կատարվող ամեն մի անցք: Տեսավ մայրամուտը, որը միաժամանակ լուսաբաց էր մի այլ երկրի համար: Տեսավ կործանված Տրոյայի ավերակները ու դրանց տարածքում արածող վայրի խոզերին… Տեսավ այն կետը, որն արևելքից եկած մոգերի երազահանում Ալեֆ էր կոչվում: Մի պահ միայն նայեց այդ կետին ու սարսափից արթնացավ, քանի որ տեսել էր այն, ինչը մահկանացուն իրավունք չունի տեսնելու:
ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Նրան հանդիպեցի Կիկոնների կազում: Ասում են` մարդն անվերջ կարող է երեք բանի նայել` կրակին, ջրին և այլ մարդկանց: Ընդ որում, ուշադրության են արժանանում միայն արտառոց մարդիկ. պատմությունը միջակություններին չի սիրում և չի պահում իր էջերում: Այդպիսի արտառոց արտաքին ուներ իմ նոր ծանոթը` Եզոպոս անունով: Ծագումով Փռյուգիայի կողմերից էր: Որևէ բառ չեմ ուզում ասել նրա արտաքին տեսքի մասին, թեև երևի հենց այդ տեսքն էր, որ առաջինը գրավեց ինձ: Դրա մասին պատմագիրները շատ են պատմել: Բայց զրույցի բռնվելով շուտով հասկացա, որ եթե մարդկանց իրական դեմքն արտացոլող մի կախարդական հայելի լիներ (նման նրան, որով Պերսևսը կռվում էր Գորգոնա Մեդուզայի դեմ), ապա Եզոպոսը դրանում Ապոլոնի կերպարից պակաս հրաշագեղ չէր լինի:
Հարցրեցի այս կողմերում նրա հայտնվելու պատճառի մասին:
– Երբ աստվածների կամքով ազատություն ստացա տիրոջիցս, որոշեցի ճամփորդել ու աշխարհ տեսնել: Եղա Բաբելոնում, Հայաստանում, Փյունիկիայում, Պաղեստինում և այլ վայրերում: Շատ բան տեսա, շատ արքաների ու իմաստունների հետ սեղան նստեցի ու խոհ արեցի: Պատմեցի առակներս ու նորերը լսեցի այդ կողմերի իմաստուններից: Հետո որոշեցի վերադառնալ այնտեղ, որտեղից սկսել էի: Բայց ավա՜ղ, դու էլ գիտես` մարգարեն իր հայրենիքում տեղ չունի:
– Այո, կարդացել եմ այդ միտքը արևելքից եկած մոգերի երազահանում:
– Շարունակեցի թափառումներս: Երևի բան չկա, որ տեսած չլինեմ` միակնանի Կիկլոպ Պոլիփեմոսին չհաշված, – Եզոպոսը ժպտաց, ու ես նրա խոսքում թեթևակի հեգնանք նշմարեցի:
– Դրա մասին իմ տարեգրի` Հոմերոսի հետ խոսիր: Նրա երևակայությունը սահմաններ չի ճանաչում:
– Արդեն խոսել եմ: Զմյուռնիայի մոտ հանդիպեցինք: Խեղճը լրիվ կուրացել է, բայց պատվով շարունակում է իր ստանձնած պարտականությունը: Ի դեպ, հավատա՛ ինձ, եթե նա նման հնարքների չդիմեր, ապա ընթերցող չէր ունենա: Մարդիկ սիրում են ներկայացումներ:
– Այդ մեկը ես լավ գիտեմ, – իմ ձայնում անգամ ինքս հոգոց լսեցի: Եզոպոսը դա նկատեց, ուստի շտապեց փոխել խոսակցության հունը: Նա, հիրավի, հոգու անցքերի մեծ վարպետ էր:
– Ոդիսևս, իմ տեսած մեծագույն չարիքը մարդկային ցեղի տխմարությունն է եղել, Զևսի շանթերն ու Հելիոսի լույսը վկա: Եվ իմ ողջ գիտակից կյանքում ես հենց դա եմ ծաղրել: Նպատակս մեկն էր` բացել մարդկանց աչքերը սեփական անձի հանդեպ: Եվ այդ փնրումներս էին, որ ինձ Դելփիք բերեցին: Առաջին գործս Ապոլոնի տաճար այցելելն էր: Կեղծ գուշակուհիներին չէի ուզում տեսնել, քանզի ես գիտեի, որ դա ընդամենը շինծու աչքակապություն է: Մարդիկ որքան ավելի տխմար, այնքան ավելի սիրահար են ճոխ ու սին ներկայացումների: Ես այլ բան էի ցանկանում տեսնել` սրբարանի վերևում դաջված բառերը: Այն է` Ծանիր զքեզ: Եվ որքան մեծ էր իմ զարմանքը, որ այն, ինչ դրված է ամենատեսանելի տեղում` հենց դա՛ է վրիպում մարդկանց աչքից: Տխմար ու ապաշնորհ մարդիկ մտնում են տաճար, ընծաներ ու զոհեր մատուցում աստվածներին ու Պյութիային, մինչդեռ ամենամեծ ճշմարտությունը, որի համար անգամ վճարել պետք չէ, իրենց աչքի առջև է: Ու ոչ ոք դա չի տեսնում: Եթե անգամ նկատում են ու կարդում, ապա որևէ մեկին դա ոչինչ չի տալիս:
– Կարծում եմ` դա աստվածների հեգնանք է:
– Այո, հենց հեգնանքը: Երևի աստվածներն իրենք էլ հոգնել ու հիասթափվել են մարդկային հոտի անիմաստասեր բարքից:
– Թերևս… Մի բան ասա ինձ, Եզոպոս, ի՞նչը քեզ կործանման բերեց: Ի՞նչ կա, որ ես պիտի իմանամ, բայց դեռ չգիտեմ:
Փռյուգիացի իմաստունը միանգամից չպատասխանեց: Մի քար առավ գետնից ու նետեց ծովի ջրերի մեջ: Ուշադրությամբ զննեց դրանից տարածվող օղակներին: Ապա ցույց տվեց գոտուցս կախված սուրն ու հարցրեց.
– Ոդիսևս, ի՞նչ է սա:
– Սա իմ սուրն է, – զարմացա ես:
– Իսկ ինչի՞ համար է քո այդ սուրը:
– Թշնամիներից պաշտպանվելու, – առանց վարանելու պատասխանեցի ես: – Մեծ Ծովի ափերն անվտանգ չեն ճամփորդների համար:
– Իսկ երբևէ չե՞ս մտածել, որ այդ սուրդ ոչ այնքան պաշտպանվելու, որքան քո հնարավոր մահն արդարացնելու միջոց է: Անզեն Ոդիսևսին սպանելը որևէ մեկին պատիվ չի բերի: Մինչդեռ զինված հերոսին սպանելն ինքնին հերոսություն է:
– Ուրե՞մն…
– Ուրեմն` քո սրից վախեցիր, Ոդիսևս:
Ես ինքս ինձ երբեք տհաս կամ կարճ խելքի տեր չեմ համարել, սակայն Եզոպոսի մտքին հասնելն ինձանից հսկայական ջանքեր էր պահանջում: Աստվածները` զրկելով նրան արտաքին գեղեցկությունից, փոխարենը պայծառ ուղեղ ու անբասիր բանականություն էին շնորհել:
Զգալով, որ ես դժվարանում եմ, Եզոպոսը շարունակեց իր խոսքը.
– Ծնված օրվանից ես ոչ միայն արտաքուստ այլանդակ էի, այլ նաև խոսելու ու մարդկային խոսքով հաղորդակցվելու շնորհից էի զրկված: Հետո հրաշքի պես մի բան տեղի ունեցավ: Մի օր քուն մտա դաշտում, իսկ երբ արթնացա` արդեն խոսում էի մարդկանց լեզվով ու մարդկանց պես: Ինձ համար դա հրաշք էր: Երևի դա այն անցքերից մեկն էր, որոնք մարդիկ աստվածային շնորհի հետ են կապում: Ինչևէ: Իմ միտքն ու լեզուն ինձ (և ոչ միայն ինձ) մեծ ծառայություններ մատուցեցին: Սակայն տարիներ անց այդ նույն միտքս ու լեզուս ինձ մահվան շեմը հասցրին, երբ հանդգնեցի դելփիքցիների ճակատին ասել ողջ ճշմարտությունը: Կամ, միգուցե, դա Ապոլոնի վրեժն էր… Չգիտեմ: Համենայն դեպս` սուր լեզուն, ինչպես և պողպատե սուրը, երկու ծայր ունի, կարիճի երկու խայթ: Դրանի՛ց զգուշացիր: Տրոյային իրականում իր հզոր պարիսպները կործանեցին: Եթե դրանք չլինեին` ոչ պատերազմ կլիներ, ոչ էլ կործանում, քանզի ոչ ոք չէր նկատի այդ քաղաքի գոյությունը:
Երկար լռություն տիրեց: Երկուսս էլ լռելյայն խորհում էինք ու զմայլվում ծովի գույներով:
– Հիմա ու՞ր ես գնալու, Եզոպոս, – ի վերջո հարցրեցի ես: – Միգուցե միանա՞ս ինձ: Իթակեում իմ անձնական խորհրդականը կլինես, երբ հասնենք ու տեղավորվենք:
– Շնորհակալ եմ քեզանից, բայց պիտի մերժեմ բարի և խորամանկ առաջարկդ, Ոդիսևս: Նախ` դու դեռ շուտ չես հասնելու տուն, և քեզ դեռ բազում արկածներ են սպասում: Իսկ ամենակարևորն այն է, որ ես պիտի ի՛մ ճանապարհով գնամ, այլ ոչ թե քո: Ապաշնորհ ու ապիկար դելփիքցիներն ինձ են սպասում` Ապոլոն աստծո հրամանով: Ես աստվածավախ մարդ եմ, Ոդիսևս:
Երբ արդեն բավականաչափ հեռացել էի ափից, մեծ փիլիսոփան կանչեց ինձ.
– Ծանիր զքեզ, Ոդիսևս…
Ես նրա դեմքին գրեթե անհասկանալի մի ժպիտ նշմարեցի, որը շուտով խառնվեց ծովի գույներին ու կորավ: