ԿՇԵՌՔ

LIBRA 

(24 սեպտեմբերի – 23 հոկտեմբերի)

Ազդեցությունը` Վեներա (Արուսյակ), Սատուրն (Երևակ)
Խորհրդանիշերը` Կշեռք, գիրք
Գույները` Մուգ կապույտ, կանաչ, ծովի ալիքի գույն, գունամատիտային (պաստելային) երանգներ
Ծաղիկները` Նարգիզ (վաղինակ), կալենդուլա, վարդ, մանուշակ
Քարերը` Արևակն, ծիածանաքար (օպալ), լազուրիտ (լաջվարդ), մարջան, ալմաստ, սապփիր (շափյուղա), մարգարիտ, բերիլ (կապույտ զմրուխտ), լուսնաքար, կանաչ հասպիս, բյուրեղապակի, խրիզոլիտ (ոսկեբյուրեղ)
Մետաղը` Բրոնզ
Թալիսմանները` Սիրտ, գիրք
Ոդիսևսի խոսքը` Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ:
Կշեռքի համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն:

ԵՐԱԶ

Երազում Ոդիսևսը ճատրակի տախտակ տեսավ` ամենատարբեր գույների ու երանգների դաշտերով: Անգամ զարմացավ, որ գունային նման բազմազանություն գոյություն ունի: Տախտակը սահմանափակված չէր մեկ հարթությամբ և վաթսունչորս վանդակներով, այլ անսահման էր ու բազմահարկ: Դաշտերն էլ երկրաչափական քառակուսիներ չէին, այլ շատ բազմազան ու բազմակող պատկերներ` եռանկյունիներ, քառանկյունիներ, հնգանկյունիներ, և այլն: Եվ ֆիգուրների թիվն էլ ասես անսահման էր` բոլոր հարթությունների ու բոլոր հարկերի վրա սփռված: Եվ պայքարն էլ երկու կողմերի միջև չէր, այլ հարյուրավոր կամ, միգուցե, հազարավոր թագավորությունների` իրենք արքաներով, թագուհիներով և բովանդակ զորքով… Ամբողջ աշխարհի պատմությունն էր այդ եռաչափ տախտակի մեջ ամփոփված` առաջին օրերից մինչև վերջ:

ԵՐԱԶ

Ոդիսևսն իրեն լուսնի վրա տեսավ: Կանգնել էր սառը լույսի մեջ ու հետաքրքրությամբ զննում էր հորիզոնի վրա կախված Երկիր մոլորակը: Փորձում էր Իթակեն ու իր տունը գտնել, բայց ապարդյուն: Ու շարունակ այլ մարդկանց ներկայությունն էր զգում իր հետևում: Շրջվում էր, որ տեսնի նրանց, սակայն ոչ ոք չկար: Համատարած, սառը լռություն էր ու մենություն:

ՄԵՆԿՈՒԹՅՈՒՆ

Կալիպսոյի դյութանքներից ազատվելուց հետո քամիներն ինձ բաց ծով հանեցին: Առանց որևէ արտառոց արկածի հասա Սիրենների կղզիներին: Ներքուստ զգացի, որ նոր գայթակղության շեմին եմ, սակայն ինչ-ինչ, բայց Կալիպսոյի հետ անցկացրած յոթ տարիներն ինձ սովորեցրել էին հեռու մնալ գայթակղություններից: Ուստի Սիրենների գաղտնի երգը մի ականջովս մտավ ու մյուսով դուրս եկավ: Այդպիսով ես խուսափեցի անդառնալի կործանումից: Միայն թե չհարցնեք ինձ, թե ինչ էին երգում Սիրենները…

Ծովում երկու շաբաթ անհույս թափառելուց հետո (լաստանավով հեռու չես գնա) հիսուն թիականոց մի հսկա նավ հանդիպեց ինձ: Նավի տերն իմ հին բարեկամն էր` Լիբիայի տիրակալ Դանայոսը: Թիավարներից բացի նավի վրա էին նաև նրա յոթ գեղանի աղջիկները` մեկը մյուսից ցանկալի:

Դանայոսն ինձ իր նավի վրա առավ, հրամայեց լողացնել ու նոր շորեր հագցնել, իսկ նրա սիրասուն դուստրերը ջրախառն գինի ու հաց բերեցին: Քաղցս ու ծարավս հագեցնելուց հետո Դանայոսի հետ առանձնացանք նավախելի մոտ ու նա ինձ իր պատմությունն արեց: Պարզվեց, որ փախչում են Եգիտոսի տիրակալի յոթ որդիներից, որոնք ցանկանում են կնության առնել իր աղջիկներին: Ինձ թվաց, թե պատճառը արնապղծությունից խույս տալու ցանկությունն է (Դանայոսն ու Եգիպտոսի տիրակալը հարազատ եղբայրներ են), սակայն պարզվեց, որ դա ընդամենը դուստրերի քմահաճույքն է, և ծեր արքան պարզապես չգիտի իր անելիքը:

– Հիմա մտածում եմ հասնել Արգոլիսի արգասաբեր ափերին ու այնտեղ ձիթենու ճյուղեր զոհաբերել Ամպահալած Զևսին, որ ազատի ինձ այս փորձանքից, – խոստովանեց Դանայոսը:

– Իսկ չե՞ս կարծում, որ դրանով իսկ հարվածի տակ կդնես Արգոլիսի տիրակալ Պերգալոսին ու նրա տունը, – հետաքրքրվեցի ես: – Չէ՞ որ Եգիպտոսի զավակները կհասնեն ձեր ետևից` որտեղ էլ որ լինեք:

– Իսկ ի՞նչ ես առաջարկում, Ոդիսևս: Մի բա՛ն ասա: Չէ՞ որ դու քո հնարամտությամբ հայտնի վերջին մարդը չես:

– Տու՛ր աղջիկներիդ Եգիպտոսի զավակներին և խաղաղություն կնքիր նրանց հետ:

– Բայց աղջիկներիս ինչպե՞ս համոզեմ, – կարկամեց ծերունին:

– Քո մեղքն է, Դանայոս: – Իսկ ինչու՞ ես աղջիկներիդ կարծիքը հարցնում և նրանց ընտրելու իրավունք տալիս: Որքան գիտեմ` Եգիպտոսի տղաները արժանավոր ու քաջ մարդիկ են:

– Դու ճիշտ ես, բայց ես անկարող եմ որևէ բան անել:

– Գոնե չարի՛ք մի գործիր: Քո թեթև ձեռքով կկործանվեն Արգոլիսի անմեղ մարդիկ: Եվ նրանց արյան մեղքն ի վերջո քեզ վրա կմնա:

– Ես երևի ընտրություն չունեմ, Ոդիսևս…

– Իմ ավագ ընկեր, դու իմ հայր Լաերտի տարիքին ես, և ամոթ է, որ ես քեզ ասեմ դա, բայց կյանքն ու ստահակ Սիզիփոսն ինձ թերևս մեկ բան են սովորեցրել, որ ընտրություն անգամ Հադեսի խավարչտին թագավորությունում կա: Մի՞թե կարծում ես, որ դուստրերիդ ընտրության իրավունք տալով, նրանց համար բարիք ես գործում: Կամ, միգուցե, Սիրենների ե՞րգն է մթագնել քո բանականությունը: Քանի դեռ ուշ չէ, ձեռքդ վերցրու նավիդ ղեկն ու հեռացիր Արգոլիսի ափերից: Վստահ եմ` շուտով կհանդիպես եգիպտական նավերին, եթե հակառակ ուղղությամբ նավարկես:

– Ոդիսևս, դու ամեն ինչ չգիտես: Անձամբ Զևսն ու Աթենասն են պաշպանում ինձ ու դուստրերիս: Դա ինձ Հռոդոսի Պյութիան ասաց:

– Միամիտ բաներ ես ասում: Ինչու՞ ես վստահ, որ ճիշտ ես մեկնաբանում Պյութիայի խոսքերը: Իսկ միգուցե Զևսն ու Աթենասը ձեզ պաշտպան են կանգնել, որ բարով-խերով հանձնեն Եգիպտոսի որդիների՞ն: Սրա մասին չե՞ս մտածել: Ինչու՞ ես նույնացնում աստվածների ու դուստրերիդ ցանկությունը:

– Ես վստահ եմ, որ Ամպահալածը մեզ խաղաղություն կբերի: Մենք նրա կամքին ենք ապավինում:

– Դու ճշմարտության միայն մի կեսն ասացիր, իմ բարեկամ: Ապավինիր աստվածներին, բայց մի՛ արհամարհիր քո սեփական ողջամտությունը, որն, ի դեպ, ևս աստվածների պարգևն է: Թույլ մի տուր, որ Սիրենների երգը քեզ կործանման տանի: Դու ունե՛ս ընտրություն, ուստի ողջախո՛հ եղիր: Թվացյալ ու սին բարօրության քողի տակ դու քեզ և զավակներիդ կործանման ես տանում: Ե՛տ կանգնիր քանի դեռ ուշ չէ: Պյութիան քեզ այլ բան է ասել: Պարզապես դու լսել ես այն, ինչը կցանկանայիր լսել: Դու մոլորության մեջ ես:

– Օ՜, անմահ աստվածներ, մի՞թե ինձ տրված չէ օր ծերության մի քիչ անհոգ ապրել:

– Երջանկությունը նախ և առաջ երջանիկ լինելու կարողությունն է: Իսկ կուրությունն ու խլությունը հաստատ երջանկություն չեն:

– Ես ողջ կյանքս աստվածների բարի կամքին եմ ապավինել… Ինչու՞ պիտի այսպես լիներ…

– Ես մի այլ բան գիտեմ` մարդու բոլոր դժբախտությունները սեփական հիմարության և անողջամտության արդյունք են: Եվ աստվածներն այս հարցում, հավատա ինձ, անզոր են…

Այլայլվեց ծերունի Դայանոսը և հրամայեց նավաստիներին ինձ իջեցնել նավից: Ես կրկին հայտնվեցի լաստիս վրա, իսկ Դայանոսն ու իր գեղանիկ դուստրերը շարունակեցին իրենց ճամփան: Հետո իմացա, որ նրանց հաջողվել է ճողոպրել ու թաքնվել բարեկամների մոտ` դեմքներին մուր քսելով, որ սքողեն իրենց գեղեցկությունը և անճանաչելի մնան: Յոթ գեղանի դուստրերն այդպես էլ մնացին չամուսնացած` մի ահավոր պատիժ դառնալով իրենց հոր համար: Նաև պատմում են, թե Դայանոսն ի վերջո խելագարվել է: Խեղճ մարդ: Այն, ինչ պիտի քեզ երջանկություն բերեր, քո դժբախտությունն ու կործանման պատճառը դարձավ: Թող Հադեսի մութ բավիղներում անվերջանալի տանջանքների արժանանան ամբարիշտ ու գոռոզ բոլոր որդիները: