VIRGO ♍
(24 օգոստոսի – 23 սեպտեմբերի)
Ազդեցությունը` | Մերկուրի (Փայլածու) |
Խորհրդանիշերը` | Կույս, խորանարդ, գորտաքար |
Գույները` | Սպիտակ, կապույտ, մանուշակագույն, կանաչ |
Ծաղիկները` | Աստղածաղիկ, խոճիկ, կարմիր կակաչ |
Քարերը` | Նեֆրիտ, սարդիոն, դեղին շափյուղա (Կատվի աչք), ագաթ, կարնելիտ, հասպիս, մալախիտ, խրիզոպրազ (ոսկեզմրուխտ), մարմար, տոպազ |
Մետաղները` | Անագ, պղինձ |
Թալիսմանները` | Ծղրիդ, աստղածաղիկ |
Ոդիսևսի խոսքը` | Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ: Կույսի համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն: |
ԵՐԱԶ
Սիրենների անուշալուր երգը կանչում էր ու կանչում… Հրաշալի գիտակցելով, որ այդ երգն իրեն կործանման է տանում, Ոդիսևսն անկարող էր դիմադրել…. Մի պահ նավախելից ցած նայեց ու առափնյա խութերի ջրերում ջրիմուռներ տեսավ: Դրանք կանանց հոլանի ձեռքերի ու մատների պես կանչում էին ծովային ճամփորդներին իրենց գիրկը, որ խեղդամահ անեն ծովի կանաչ ջրերում…
ԵՐԱԶ
Երազում Ոդիսևսը տեսավ, որ ինքը ծառ է: Սրունքներն ու ոտնաթաթերը թաղվել էին հողի մեջ ու արմատներ դարձել, իսկ ձեռքերն ու ձեռքերի մատները ճյուղերի տեսքով տարածվել էին շուրջ բոլորն ու ձգվում էին վեր` դեպի երկինք: Իսկ աչքերն ամենուր էին` ծառի բնի ու ճյուղերի մեջ: Երազում մեծ հերոսը մտածեց, որ ծառի արմատներն իր նախնիներն են, իսկ ճյուղերը` սերունդները: Ու իր ողջ մարմնով զգաց, թե ինչ հզոր կապ կա հեռավոր ճյուղերի ու ամենախոր արմատների միջև:
ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Ինձ վիճակված չէր դյուրությամբ հասնել Իթակե: Երկար դեգերումների ընթացքում կորցրեցի բոլոր զինվորներիս ու ընկերներիս մինչև որ ալիքներն ինձ`տարաբախտիս, նետեցին Ծովի կենտրոնում գտնվող Օգիգիա կղզու ավազների վրա: Ուժասպառ ու հալածված փռվեցի գետնին ու գրեթե անմիջապես քուն մտա: Հենց այդտեղ էր, որ ինձ գտավ Կալիպսո անունով գեղանի մի կին ու իր տուն տարավ: Ու՞մ մտքով կանցներ, որ յոթ երկար ու ձիգ տարիներ ես Կալիպսոյի գերին եմ լինելու… Եվ ո՞վ կարող է ինձ ասել, թե որ փորձությունն էր առավել դժնդակ` Տրովադայի պաշարման ու պատերազմի տասը տարին, թե՞ հավերժահարս Կալիպսոյի հմայքների ու դյութանքների յոթ տարին…
(Հիմա կարդում եմ Զմյուռնանցի տարեգրիս տողերը, ու անկարող եմ զսպել ծիծաղս: Ա՜խ, Հոմերոս… Աստվածներն, հիրավի, շռայլորեն են քեզ օժտել բանաստեղծական արվեստի հմայքներով ու նաև անսահման երևակայությամբ: Բայց դու արժանի ես նման պատվին: Եթե գրի առնեիր այն, ինչն իրականում է եղել, ապա մարդիկ քեզ չէին կարդա: Դու էլ կմոռացվեիր-կկորչեիր տարիների մեջ)…
Ինչևէ: Կալիպսոն պարզապես գեղեցկուհի չէր: Ավելի ճիշտ, բնավ գեղեցկուհի չէր, քանի որ նրա կանացի հմայքն ու բացառիկ խելքը խամրում էին արտաքին գեղեցկության կողքին: Բայց նա կին էր… Կին, որին տեսնելով մոռանում ես ամեն ինչ, բացառությամբ, որ դու տղամարդ ես: Եվ երկար ու ձիգ յոթ տարիներ էին պետք, որ ես հասկանայի, թե որն է կնոջ առեղծվածը: Կնոջ, որի թեթև ձեռքով Տրոյան կործանվեց: Կնոջ, որի համար շատ հանճարեղ գլուխներ են վարի գնացել: Կնոջ, որը Յասոնին հանեց թաբիրինթոսից, բայց և պատրաստ էր սպանել անհավատարմության համար… Եվ ամենատխուրն ու զավեշտալին այն է, որ այդ պատմությունները կրկնվում են ամեն օր: Ու ոչ ոք դրանցից որևէ դաս երբեք չի առնում: Սրանում արդեն հաստատ աստվածների մատն է խառը: Նրանց հեգնանքը «մարդ» կոչվող մահկանացուի նկատմամբ…
Կալիպսոն ինձ միայն մի բան առաջարկեց` իր սերն ու համատեղ անսահման երջանկություն Օգիգիա կղզում գտնվող նրա ապարանքում: Եվ յոթ տարի էր ինձ անհրաժեշտ այդ գայթակղությունը մերժելու համար: Անկեղծ ասած` հույս չունեի, թե Պենելոպեն Իթակեում դեռ սպասում է ինձ: Ծովի ճամփորդներից լուր էի ստացել, թե նա տղամարդկային ուշադրության պակաս չի զգում: Իմ մտահոգությունը որդիս էր` Տելեմաքոսը: Եվ յոթ տարի պահանջվեց ինձանից, որ մի պարզ բան հասկանամ: Կալիպսոն ոչ թե իմ կամ մեր համատեղ երջանկությունն էր ուզում, այլ պարզապես ցանկանում էր, որ հենց ի՛նքը երջանկացնի ինձ: Դա է սիրող կնոջ փափագը: Բայց ես ինքս իմ երջանկությունն ունեի, ուստի նրան պետք էր, որ ես, նախ և առաջ, ի չիք դարձնեի իմ սեփական երջանկությունը, դառնամ «Ոչ ոք» ինչպես մի անգամ արդեն արել էի կիկլոպների կղզում: Ինձ ոչնչություն դարձնելուց հետո նա ցանկանում էր զրոյից կրկին երջանիկ դարձնել ինձ, բայց այս անգամ արդեն` իր ձևով ու իր ձեռքերով:
Դրա համար ես պետք է տրվեի նրան ու նրա հմայքներին: Բայց ես Ոդիսևսն էի և արդեն իսկ ունեի իմ սեփական երջանկությունը: Կալիպսոյին առաջարկեցի պարզապես խառնվել դրան ու դրանով երջանիկ լինել, սակայն նա կտրուկ մերժեց ինձ` կամ ամեն ինչ կամ ոչինչ: Եվ, տեսնելով իմ հաստատակամությունը, շրջվեց ու հեռացավ:
Հետո նա ինձ ընթրիքի հրավիրեց: Ողջ երեկո նա ինձ համզում էր մնալ: Անգամ ինձ անմահություն խոստացավ` որքանով որ սերը կարելի է անմահություն կոչել: Երբ դա էլ չօգնեց` սկսեց վախեցնել ինձ ապագա փորձություններով ու սպառնալիքներով:
Ես գիտեի, որ դրան հետևելու են ատելությունն ու վրեժը: Կալիպսոյի պես կանայք միջին վիճակ չեն ընդունում: Դա նրանց մահն է: Ուստի, երբ ինձ առաջարկեց ծառերից լաստանավ պատրաստել ու լքել իր կղզին, ես է՛լ ավելի զգուշացա: Մի փոքրիկ ճյուղ կտրեցի նրա ցույց տված ծառից ու նետեցի ջուրը: Ճյուղը խորտակվեց: Մի քիչ փնտրելով` գտա ջրից թեթև փայտատեսակ, գաղտագողի կտրեցի ու դրանից պատրաստեցի իմ լաստանավը: Ու, երբ Օլիմպոսի պատգամաբեր Հերմեսը վերջապես ինձ ավետիս բերեց, ես պարզեցի առագաստն ու համարձակ ծով դուրս եկա: Ափամերձ ժայռի վրա կանգնած` Կալիպսոն անքթիթ հայացքով հետևում էր ինձ` սպասելով իմ խորտակվելուն, որ փրկի ու «երջանկացնի» ինձ, սակայն դա տեղի չունեցավ: Գայթակղությունն այս անգամ էլ իմ կողքով անցավ: Իսկ ինչ վերաբերում է անմահությանը, ապա պիտի հուսախաբ անեմ Կալիպսոյին. նրան կհիշեն միայն այն պատճառով, որ ես եմ հյուրընկալվել նրա կղզում:
Այսքանը Կալիպսոյի, նրա կղզու և նրա սիրո մասին: