ՁԿՆԵՐ

PISCES ♓

(21 փետրվարի – 20 մարտի)

Ազդեցությունը` Վեներա (Արուսյակ), Յուպիտեր (Լուսնթագ)
Խորհրդանիշերը` Հակադիր լողացող երկու ձուկ, խեցի, ալիք
Գույները` Ծիրանագույն, մանուշակագույն, ծովախոտի գույն, երկնագույն, բաց մանուշակագույն, ծովի ալիքի գույն, պողպատագույն
Ծաղիկները` Նարգիզ, քրքում, հասմիկ, մանուշակ, անմոռուկ
Քարերը` Մարգարիտ, մեղեսիկ, զմրուխտ, շափյուղա, լուսնաքար
Մետաղը` Ցինկ
Թալիսմանները` Անվանագիր (վենզել), նարգիզ
Ոդիսևսի խոսքը` Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ:
Ձկների համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն:

ԵՐԱԶ

Ոդիսևսը երազում իր մանկության այգին ու ծառերը տեսավ: Ամառվա տոթակեզ կեսօրին տերևների արանքից աչքով էին տալիս արեգակի ցոլքերը: Անսահման լռություն էր, և միայն քամու մեղմիկ սոսափյունն էր հուշում, որ ժամանակը կանգ չի առել: Հանկարծ այդ սոսափյունի մեջ Ոդիսևսը մեղմիկ ձայներ լսեց: Ականջ դրեց ու հասկացավ, որ դա իր ծառերն էին կանչում իրեն` խաղալու ու ջրվելու հույսով: Իսկ ճյուղերը կռացել էին. ասես ուզում էին շուրջպար բռնել ու պտտվել… Խոհանոցից մի հոտ հասավ, ու աշխարհը երջանկությունից ասես շուռ եկավ:

ԵՐԱԶ

Ոդիսևսը երազում կրկին մրջյուններին տեսավ ու նրանց երկխոսությունից մի հատված լսեց: Ավագ մրջյունը կիսաձայն պատմում էր իրենից ջահելին.

– Այս ամենն իրականում Մարդ անունով աստվածն է ստեղծել: Այս ամենը, ինչ տեսնում ես` տերևները, փշերը, հողը, ջուրը… Ամեն ինչ:

– Բայց ինչու՞ մենք նրան երբեք չենք տեսնում: Միգուցե նա չկա՞…

– Չհամարձակվե՛ս այդպիսի բան ասել: Նա կա՛ և, եթե ցանականա, կարող է պատժել ու վերացնել մեզ մեկ վայրկյանում: Կամ էլ կարող է կյանք պարգևել: Նա ամենազոր է: Պարզապես մեզ`մահկանացուներիս տրված չէ նրան տեսնել: Մահկանացուն անկարող է տեսնել անմահին ու կենդանի մնալ:

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Ծովի ալիքների գույնը փոխվում էր բաց մանուշակագույնից պողպատագույն, ապա ծովախոտի գույն առնում, որ հետո կրկին մանուշակագույնի երանգ ստանար: Հենց այս նշաններից ես հասկացա, որ արդեն մոտ եմ Իթակեի ափերին: Եվս մեկ, ամենաշատը` երկու օր, և ես ափ կիջնեմ իմ հայրենի հողի վրա: Սիրտս հանգիստ էր, և ծովի վրա որևէ նոր արկած չէի ակնկալում: Ուստի, երբ հեռվում մի առագաստանավ տեսա, բնավ չանհանգստացա: Թիավարներիս հրամայեցի մոտ լողալ: Երկու ժամից արդեն դրա մոտ էինք:

Ծիրանագույն առագաստներից կռահեցի, որ նավի վրա արքայական կամ առնվազն իշխանական տոհմից մեկը պիտի լինի, բայց որքան մեծ էր զարմանքս, երբ անձամբ Ալեքսանդրոս Մեծին հանդիպեցի` Մակեդոնացի Փիլիպոսի աշխարհակալ որդուն:

Պատիվը պահանջում էր, որ ե՛ս բարձրանամ նրա նավը: Ողջունելուց հետո հայտնեցի իմ զարմանքը.

– Ո՜վ Մեծն Ալեքսանդրոս, որևէ մեկը երբեք չի տեսել, որ դու նավով ճամփորդես: Ու՞ր է քո ցլագլուխ ձին, որ Արևելյան երկրի արքաներն էին քեզ ընծայել:

– Եթե դու հավատում ես Հադեսի թագավորության գոյությանը, ապա նա, թերևս, Հադեսում է` Կրետեի արքայի ցլագլուխ որդու հետ միասին: Եթե չեմ սխալվում` նրանք միասին են հանգիստ առնում: Համենայն դեպս` երկուսն էլ հանգստի կարիք ունեն: Լավն էր իմ նժույգը… Ես նրան Խենթաձի էի անվանում, թեև Խելաձի անունն էլ կսազեր նրան:

– Բայց սա ի՞նչ նավ է: Որտեղի՞ց ես գալիս դու և ու՞ր ես գնում:

– Սա իմ նավերից վերջինն է: Երբ իմ զորքը հոգնեց հաղթանակներից ու ցանկացավ Պելլա վերադառնալ, ես ինքս թողեցի նրանց, քանզի վայել չէ աշխարհակալ արքայից արքային կախ գլխով տուն դառնալը: Ահռելի նավատորմիղս ուղարկեցի աշխարհի մյուս ծայրը: Միառժամանակ դադար առա Բաբելոնում, ապա գտա իմ հսկայական նավատորմից փրկված այս միակ նավն ու որոշեցի վերջին անգամ թիավարել Մեծ Ծովի ջրերում:

– Բայց մի՞թե չես ցանկանում քո ծննդավայր Պելլան և մորդ` Օլիմպիադային տեսնել:

– Բնավ ոչ: Ինձ խորթ է կարոտի զգացումը, Ոդիսևս: Ես կարողացա վերանալ նման մարդկային, թող ինձ ներվի` բնազդային զգացմունքներից: Երբ տիրում ես աշխարհին` նրա ամեն մի կետն արդեն քեզ համար ծննդավայր է դառնում, իսկ ամեն մի մայր` Օլիմպիադա:

– Օլիմպիադան, որ քեզ կյանք է տվել…

Ալեքսանդրոսի երեսով մի թեթև ժպիտ անցավ: Նա հայացք նետեց հեռուներին ու ասաց.

– Մեր կյանքն ընդամենը մեր մանկության իրականացած երազներն են. երբեմն` բարի, երբեմն` դաժան, իսկ երբեմն էլ` գարնան հողի միջից ելնող քրքումի պես պարզ ու անսեռ:

– Բայց ի՞նչ պիտի անես հիմա: Ու՞ր են տանում մտքերդ քեզ:

– Կյանքն ավարտվում է, երբ ավարտվում են մանկության երազները: Հավատա, Ոդիսևս, որ իմ երազներն ավարտվել են: Վերջինը ծովային զբոսանք կատարելն էր: Միայն քեզ հետ հանդիպել երբևէ չեմ երազել: Արի այս մեկը համարենք քո՛ մանկության երազը: – Մեծ զորապետը կրկին ժպտաց: Գրեթե անհնար էր պատկերացնել, որ երկաթե գավազանով աշխարհը կառավարող կիսաստվածն այսպես մաքուր ու անկեղծ ժպտալ գիտի:

– Մտածի՛ր մի պահ, Ոդիսևս, Էլ ի՞նչ պիտի երազեմ ես, եթե ստացել եմ ամեն ինչ: Անգամ դժվարանում եմ թվարկել` Արիստոտելի պես դաստիարակ, Փիլիպոսի պես հայր, ասիացիների պես թշնամիներ, անսահմանափակ իշխանություն, փառք, սեր և ատելություն, բոլոր կանանց ու բոլոր մարդկանց, բոլոր ժամանակների լավագույն նժույգին` Ցլագլուխ անունով, աշխարհի ամբողջ ոսկին, բոլոր գրադարանների և նախնիների իմաստությունը, կյանք շնորհելու կամ մահվան դատապարտելու միանձնյա իրավունք: Կա՞ մի բան, որը ես մոռացա ասել: Բաբելոնում Մարդուկ աստծո քրմերն ինձ աստված հռչակեցին: Նախ սրտնեղվեցի, քանի որ, ի տարբերություն աստվածների, ես անմահ չեմ: Հետո համակերպվեցի այդ մտքին` ինձ խաբելով, թե մարդու գործն է նրան անմահ դարձնում: Իսկ ավելի ուշ հասկացա, թե ի՜նչ երջանկություն է մահկանացու լինելը: Այն ինչ ունի սկիզբ, պիտի նաև վերջ ունենա: Սկիզբ ունեցող երևէ բան չի կարող անվերջ լինել: Մե՜ծ է աստված լինելու պատասխանատվությունը:

– Քո անունն ու փառքը հավերժ կապրեն:

– Դու գիտե՞ս, որ ինձ հետ միասին նույն օրը և նույն ժամին Հերոստրատ անունով մի ավազակ է ծնվել: Հետո, հանուն փառքի (կամ, միգուցե, մերժված սիրո ցավից), նա հրկիզեց Արտեմիսի տաճարը Եփեսոսում: Դե հիմա ասա` երկուսիցս ու՞մ անունն ու փառքն ավելի երկար կապրեն:

– Դու օրինակ ես հերոսների համար, և ոչ թե ապիկարների:

– Սա ինձ իմաստուն Ոդիսև՞սն է ասում: – Ալեքսանդրոսը կրկին ժպտաց: – Ի՞նչ ես կարծում` իմ հոգին Հադեսի թագավորության մթին բավիղներում ազատվելու՞ է տառապանքից, եթե մարդիկ ինձ հավերժ հիշեն: Բնավ ոչ: Միգուցե նաև` ճիշտ հակառակը: Որքան քիչ հիշեն ինձ, այնքան քիչ կմղկտա իմ հոգու սիրտը: Բայդ դա արդեն իմ մասին չէ: Ես գիտեմ, որ ոչ Հադեսը կա, և ոչ էլ նրա դժնդակ ստորգետնյա թագավորությունը: Մահ կոչվածը թույլերի ու տկարների հույսն է ու փրկությունը: Մահը կա, եթե հավատում ես դրան: Չէ՞ որ մեր մանկության երազներում ոչ ես և ոչ էլ դու մահ չենք տեսել: Նմանապես չենք տեսել նաև աստվածներին: Եվ ինչպես ասացի քեզ` մեր կյանքը մեր մանկության նյութականացած երազներն են: Անձամբ ես երազումս միայն փաղանգ էի տեսնում, Բաբելոնը, ոտքերիս տակ փռված Պերսեպոլիսն ու Դարեհին, Ցլագլուխ իմ նժույգին և բարբարոսների ցեղից սերած մի գեղեցկուհու, որն իմ կինը պիտի դառնար:

– Բայց քեզ մի՞թե չի հուզում, որ քեզանից հետո քո անծայրածիր կայսրությունը տրոհվելու է: Եվ քո հետևից ոչ միայն սիրո և օրհնանքի, այլև ատելության և անեծքի բառեր են հնչելու:

– Իսկ ինչու՞ դա ինձ պիտի հուզի: Ես արել եմ իմ անելիքը: Ես անցել եմ իմ կյանքի ճամփան: Եթե ամեն հաչացող շան համար կանգ առնես ու քար նետես նրա վրա` երբեք չես հասնի քո վերջնակետին:

Երբ արդեն հրաժեշտ էի տալիս Մեծն արքային, որ իմ նավը բարձրանամ, նա թեքվեց դեպի ինձ ու շշնջաց ականջիս.

– Երբ Արևելքում էի (Պաղեստինի կողմերում)` մի մարգարեի հանդիպեցի: Իմ տարիքին էր` երեսուներեք տարեկան: Նա ինձ մի բան ասաց, որը երբեք չեմ մոռանում: Ինձ շա՜տ թանկ նստեց այդ ճշմարտությունն ըմբռնելը, բայց քեզ ես այն նվիրում եմ. «Երանի՜ վեր բարձրացողներին և վա՜յ վար իջնողներին»:

Հեռվից, ծովի բաց-մանուշակագույն գոլորշիներ շղարշի ետևում, Ալեքսանդրոս Մեծն ինձ հսկա թվաց` ցուլի ոսկեկուռ գլխով և աշտարակաչափ մարմնով: