(Այս պատմության առաջին երկու էջերը մեզ չհաջողվեց գտնել կամ վերծանել):
…Ոդիսևսը երկար տարիներ տառապում էր անքնությունից: Արդեն ծնվել էր նրա անդրանիկ որդին` Տելեմաքոսը, և կյանքը նրան հրաշագեղ օրեր էր խոստանում հայրենի Իթակե կղզում իր գեղանի կնոջ` Պենելոպեի հետ միասին: Սակայն մի օր, որը երկար պիտի անիծեին Պենելոպեն, Տելեմաքոսը և հենց ինքը` Լաերտի որդի Ոդիսևսը, վերջինիս հյուր են գալիս Տրոյական արշավի ռահվիրանները` Միքենայի արքա Ագամեմնոնը, նրա եղբայր Մենելաոսը, որը կանանց մեջ գեղեցկագույնի` Հեղինեի խաբված ամուսինն էր, Փիլոսի արքա Նեստորը և Էվրեայի թագավորի իմաստուն որդին` Պալամեդեսը:
Խորամանկ Ոդիսևսը ցանկացավ խույս տալ ճակատագրի հարկադիր թվացող քմահաճույքից: Ցնորված ձևանալով, եզն ու էշը գութանին լծած, նա սկսեց վարել իր դաշտերն ու աղ ցանել: Սակայն իմաստուն Պալամեդեսը կռահեց Ոդիսևսի խորամանկ վարքը և որոշեց նույնատիպ խորամանկությամբ մերկացնել «ցնորված» հերոսին: Նա ձեռքն առավ բարուրված Տելեմաքոսին ու դրեց ակոսի մեջ, որի միջով պիտի անցներ գութանը: Կանգ առավ Ոդիսևսը: Որքան էլ մեծ էր Իթակեում մնալու և խաղաղ կյանքը վայելելու նրա ցանկությունը, բայց նա անկարող էր հանուն դրա զոհել իր միակ որդուն: Կեղծիքի բացահայտումից հետո Ոդիսևսը ստիպված էր հրաժեշտ տալ Պենելոպեին ու Տելեմաքոսին և լքել հայրենի Իթակեն` որևէ վստահություն անգամ չունենալով, թե երբևիցե կվերադառնա տուն: Դրա համար ատեց նա Պալամեդեսին ու վճռեց վրեժխնդիր լինել նրանից` վստահ լինելով, որ մարդկային վրեժը աստվածների կամքի դրսևորումներից է, քանզի Երկրի երեսին չկա մի բան, որի մասին երկնային արարածները նախօրոք խորհած և որոշում կայացրած չլինեն, այդ թվում` մարդկային մտքերի և վարքի վերաբերյալ:
(Եթե ծնվել է մի միտք, ապա այդ միտքը նախապես ծնվել է Օլիմպոսում, ուստի ոչինչ նոր չէ երկրի վրա, որը մահկանացու մարդկաց հանգրվանն է և աստվածների արկածների թատերաբեմը):
Հաջորդ օրը Իթակեի արքան` փոքր-ինչ ճարահատյալ, բայց գաղտնի մի հույսով, հարյուր եզ ողջակիզեց ի պատիվ Օլիմպոսի շանթարձակ տիրակալի, քնի ու երազների աստված Մորֆեոսի և մյուս բոլոր աստվածների: Ու աստվածները նրան քուն ու երազներ պարգևեցին` պայմանով, որ նա պիտի լքի բարեբեր Իթակեն, քսանչորս տարի թափառի տասներկու համաստեղություններով, քսանչորս տարում հազար երազ տեսնի ու մարդկանց պատմի իր արկածները` ի փառս անմահ աստվածների: Ոդիսևսը համաձայնեց և հանձն առավ այդ մեծ ձեռնարկը: Հոմերոս անունով տակավին անհայտ մի ուսյալ վարձեց Զմյուռնիայի կողմերից ու հանձնարարեց նրան ուղեկցել իրեն որպես հանձնակատար և տարեգիր: Հոմերոսն իր հերթին զոհեր ու ընծաներ մատուցեց ինը մուսաներին ու միացավ Իթակեի արքային:
Բազմահանճար հերոսը ճամփորդեց տասներկու համաստեղություններով, ճաշակեց թույն ու համադարման, մեռցվեց ու կենդանի մնաց, ապրեց ու տենչաց իր մահը, բայց անցավ այդ ամենի միջով ու հասավ իր բաղձալի վերջին: Իսկ Հոմերոս անունով տարեգիրը, Ոդիսևսի արկածներին զուգահեռ հմտանալով ճարտասանության մեջ, գրի առավ ու բանաստեղծական հմայք տվեց այդ անցքերին, որոնք իրականում Իթակեի արքայի երազների պատումն ու դրանց մեկնությունն են: