Ալեքսանդր Պոպը անգլերենի թարգմանեց Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»` բրիտանական դասականության շնչով: Նա վստահ էր, որ մեծն հույնի գործը չափից դուրս բարդ է տասնութերորդ դարի ընթերցողի համար, ուստի փոխեց բանաստեղծական չափը և փորձեց հնարավորինս պարզություն և սեղմություն հաղորդել այդ երկու անմահ ստեղծագործություններին: Թե դրանից ինչ շահեց անգլալեզու ընթերցողը, բնավ մեր քննության առարկան չէ: Սակայն նման մոտեցումը դարձավ ոչ միայն սովորական, այլև ինչ-որ իմաստով` հրամայական: Քսանմեկերորդ դարի ընթերցողը շատ ավելի զբաղված է, իսկ տեղեկությունների քանակն օրեցօր աճում է երկրաչափական պրոգրեսիայի աղետալի արագությամբ: Ուստի, մենք էլ որոշեցինք հանուն ընթերցողի և նրա թանկագին ժամանակի խնայողության` հնարավորինս հակիրճ, բայց ճշմարտացի շարադրել Իթակեի արքայի երազները, մտքերն ու արկածները: