Մնացածը շատ լավ պատմել է Հոմերոսը: Քսանչորս տարի բացակայելուց հետո Իթակե վերադառնալով` գտա հորս և որդուս` Տելեմաքոսին: Նրանց օգնությամբ և աստվածների բարեհաճությամբ շուտով կոտորեցի իմ իշխանության վրա աչք դրած բոլոր ստահակներին և վերակագնեցի Իթակեի նախկին հզորությունն ու փառքը:
Պենելոպեին չգտա և անգամ չփորձեցի գտնել: Հեռացել էր ինկնակոչ փեսացուներից մեկի հետ: Յուրաքանչյուրին իրենը: Երևի ճիշտ էր Դանեմարքայից վտարված շրջիկ-դերասանը, որն իր սիրեցյալին առաջարկում էր կուսանոց մտնել: Ամբարիշտ կնոջ համար դա ավելի լավ է, քան սրիկաներ լույս աշխարհ բերելը:
ԱՆՑՔ
Արևելքի մոգերից նվեր ստացած երազահանը, որը վերջապես հասել էր իրեն, Ոդիսևսը խնամքով փաթաթեց կաշվի նույն կտորի մեջ ու քարավաններից մեկով ետ ուղարկեց մոգերին:
ԱՆՑՔ
Ոդիսևսն իր սրով խորունկ մի փոս փորեց, երեք անգամ մեղրի, գինու և ջրի հեղում կատարեց, ապա այդ բոլորի վրա գարու ալյուր ցանեց: Հետո այդ փոսի վրա մորթեց զոհաբերության համար նախատեսված խոյերին ու արջառներին ու դրանց արյունը հեղեց ալյուրի վրա: Ապա ձեռքերը կարկառեց դեպի երկինք ու խնդրեց աստվածներին, որ իրեն կրկին այցելեն իր մանկության երազները:
ՎԵՐՋ
(Առաջին երազը տեսա 2005 թ.: Ավարտեցի` 29 փետրվարի 2016 թ.` 11 տարի մտրոելով և տասնմեկ օր ու գիշեր գրի առնելով):