ՋՐՀՈՍ

AQUARIUS ♒

(21 հունվարի – 20 փետրվարի)

Ազդեցությունը` Սատուրն (Երևակ)
Խորհրդանիշերը` Ջրհոս, արծաթե ձեռքեր, թևեր, թռչուններ, զիգզագներ, պատանեկություն, իմաստնություն
Գույները` Գորշ, բաց մանուշակագույն, կապտականաչագույն:
Սև գույնը անհաջող է:
Ծաղիկները` Մանուշակ, մրտենի, նարգիզ
Քարերը` Նռնաքար, բաց շափյուղա, արևակն, մեղեսիկ, լազուրիտ (լաջվարդ)
Մետաղը` Անագ
Թալիսմանները` Բանալի, սրբապատկեր
Ոդիսևսի խոսքը` Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ:
Ջրհոսի համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն:

ԵՐԱԶ

Անթիվ-անհամար ու միատեսակ դռներով անծայրածիր թաբիրինթոս է: Ոդիսևսի ձեռքին միայն մի բանալի է, որը պետք է բանա այդ դռներից մեկը, որի ետևում իր փրկությունն է: Աղոթքով դիմում է իր պահապան Աթենաս-Պալլասին, սակայն պատասխան չի ստանում: Երազում հասկանում է, որ հասել է իմաստնության պահը, երբ ինքը մենակ պիտի մնա ճակատագրին դեմ-հանդիման, ու միայն ինքը կարող է հանել իրեն գերեզմանային սառնությամբ շնչող այդ բավիղից: Բայց հանկարծ դռներից մեկի ետևում թռչունների թևերի թափահարում է լսում ու հասկանում, որ միայն այդ դուռը կարող է կապ ունենալ արտաքին աշխարհի հետ: Որտեղ թռչուններ, այնտեղ ծառեր, երկինք ու արև: Համարձակ մտցնում է բանալին կողպեքի մեջ: Այդ պահին համատարած մի ձայն է լսում. «Արծաթե ձեռքերով ջրհոսին հետևիր…»

ԵՐԱԶ

Ոդիսևսը երազում տասնչորս օրական Լուսինը տեսավ` շատ մոտ: Թվում էր` ձեռքը կերկարացնի ու կբռնի այն: Անգամ փորձեց, սակայն ձեռքերն անցան Լուսնի միջով ինչպես շանթը` ամպերի: Երազում մտածեց, որ դա իրական Լուսինը չէ, այլ միգուցե հոգին կամ տեսիլքը կամ էլ շողքը: Փորձեց մի կողմ քաշվել, որ տեսնի Լուսնի հակառակ երեսը, սակայն ապարդյուն` միշտ նույն պատկերն էր: Նաև հասցրեց մտածել, որ Լուսնի վրա ապրող տարաբախտ մի հոգի ցանկանում է նույն ձևով Երկիր մոլորակը բռնել:

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Ամենահավոր բանն է, երբ գիտես մտերիմներիդ սպառնացող աղետի մասին, սակայն ոչինչ չես կարող անել նրանց օգնելու համար: Անգամ չես կարող նրանց տեղյակ պահել այդ աղետի մասին, քանի որ այդ դեպքում կորուստները շատ ավելի մեծ կլինեն: Այդպես Քարիբդիսի մոտ կորցրեցի իմ ուղեկիցներից վեցին: Զուր էին այդ դժբախտները օգնության կանչում ինձ ու պաղատագին կարկառում իրենց ձեռքերը: Ես անկարող էի որևէ բան անել: Չի՛ կարելի խառնվել աստվածների կամքին և փորձել փոխել այն, քանի որ մեզ անհասանելի են նրանց իրական նպատակները:

Այս դառն մտքերով և տրամադրությամբ հասանք Հելիոս աստծո կղզին: Մահվան սպառնալիքով ուղեկիցներիս կարգադրեցի չուտել սրբազան ցուլերին, այլապես չենք խուսափի զարհուրելի պատժից: Երկու անգամ կրկնելու կարիք չեղավ, քանի որ բոլորս էլ կուշտ էինք արկածներից և շտապում էինք օր առաջ վերադառնալ Իթակե: Զինվորներս գնացին անտառ` վայրի մսացու և արմատիք գտնելու հույսով: Մի քանիսն էլ փորձում էին ձուկ որսալ ափամերձ ջրերում: Հենց այդ պահին էր, որ վազեվազ ինձ մոտ եկավ Հոմերոսն ու շուտասելուկի պես վրա տվեց.

– Տեր իմ, մենք բախտավոր ենք, որ ափ ենք իջել հենց այս կղզում: Հելիոսի ցուլերի նախրապանը հյուսիսային կողմերից եկած շրջիկ մի դերասան է, որը Պրիամոսի մասին է պատմում:

– Բեր դրան այստեղ: Հետաքրքիր պատմությունները հանգստություն կբերեն մեր հոգնած գլուխներին: Հատկապես որ գինին վերջացել է:

Նրա անունը Համլետոս էր: Հյուսիսի բարբարոսների երկրից էր եկել: Ավելի ճիշտ` արտաքսվել, երբ հանդգնել էր իր երկրի արքային Պրիամոսի պատմության սեփական մեկնաբանությունն անել: Դանեմարքայի (այդպես նա անվանեց իր երկիրը) տիրակալը ահեղ մարդ էր, և հիմարություն կլիներ նրա կամքին հակառակ գնալը:

– Տրոյայի տիրակալ Պրիամոսին Աքիլլեսի որդի Նեոպտոլեմոսն է շանսատակ արել իմ աչքի առջև: Այն, ինչ չհասցրեց անել քաջազուն հայրը, ավարտին հասցրեց նրա որդին: Սուրը մխրճեց Պրիամոսի կուրծքը` նախապես նրա որդի Պոլիտեսի վերջը տալուց հետո: Ահա, Հոմերոսն է վկա իմ խոսքերին:

Տարեգիրս գլխով արեց, իսկ Համլետոսը ժպտաց.

– Ես դա գիտեմ, Ոդիսևս: Պարզապես ինձ պետք էր բուն ներկայացման մեջ մի փորքիկ ենթաներկայացում խաղալ:

– Ներկայացու՞մ… Ես կուշտ եմ բոլոր ներկայացումներից:

– Այո, բայց ո՞վ կարող է պնդել, թե հաճախ ներկայացումն ավելի մոտ չէ իրականությանը, քան այն, ինչ ներկայացնում են պատմությունը խեղաթյուրելու սիրահարները, – դիվանագիտորեն շաղակրատեց Համլետոսը:

– Դե Հոմերոսն էլ է երբեմն սիրում թանձրացնել գույները: Այն, ինչ կարելի էր տասն էջի վրա շարադրել, իմ տարեգրի մոտ հազարների է հասնում, և դեռ վերջը չի երևում: Նստիր, խաշնարած Համլետոս, և ինձ քո պատմությունն արա: Ինչու՞ քեզ արտաքսեց քո տերը, եթե կարող էր պարզապես վերջ տալ կյանքիդ սրի մի հարվածով:

– Պատմությունը շատ խճճված է, և ես չեմ ծանրաբեռնի քո միտքը երկրորդական անցքերով: Ոդիսևս, իսկ դու երբևէ մտածե՞լ ես, որ կարող ես դանակի մի շարժումով վերջ տալ բոլոր տառապանքներիդ:

– Ոչ, չեմ մտածել: Եվ անգամ մտքովս չի անցել: Տառապանքները նախասահմանված են, և մեզ հաճախ տրված չէ հասկանալ դրանց իմաստն ու նշանակությունը: Դրանցից պետք չէ փախչել, այլ անհրաժեշտ է պատվով անցնել դրանց միջով: Միայն դա է արդարացնում մեր գոյությունը, այլապես ամեն ինչ անիմաստ կդառնար:

– Ուրեմն` ցավերն ու վշտերը մեր մի մասն են, և անիմա՞ստ է անգամ փորձել դրանցից ձերբազատվել: Մի՞թե հնարավոր չէ զենք վերցնել այդ բոլոր վշտերի ու ցավերի դեմ ու դիմադրելով վերջ տալ բոլորին:

– Կարծում եմ` հնարավոր չէ: Դա Պանդորայի արկղի պես է: Եթե այս պահին վերջ տաս ցավերիդ, հաջորդ վայրկյանին նորերն են ելնելու: Պետք է համակերպվել դրանց գոյությանը, բայց և կուլ չգնալ:

– Ավելի լավ չէ՞ քուն մտնել ու պատկերացնել, որ դրանով իսկ վերջ ենք տալիս այդ բոլոր բնական անձկություններին, որոնց ժառանգը մեր հեք մարմինն է:

– Ա՜խ, երանի թե միայն մեր մարմինը ժառանգեր այդ ցավերը… Երբ աստվածներն անսացին իմ աղերսանքներին ու ինձ քուն պարգևեցին, այդպիսի պայման չկար, որ քնի մեջ ես մոռանալու էի բոլոր ցավերս: Որքան էլ որ մարմինդ հանգչի` հոգիդ շարունակում է ապրել ու տառապել: Երազներ եմ տեսել, որ անգամ երազում չէի ցանկանա դրանք կրկին տեսնել, էլ ուր է, թե իրականության մեջ: Եթե ուզում ես իմ կարծիքը լսել, ես քեզ կասեմ, Համլետոս: Երազիդ մեջ դու ոչ թե վախենում ես, քանի որ Գորգոնային ես տեսել, այլ ճիշտ հակառակը` դու Գորգոնային ես տեսնում, որ մարմնավորվի քո վախը: Սպանի՛ր երազիդ մեջ այդ վախը, եթե կարող ես: Եթե անկարող ես երազում` արթնանալուց հետո սպանիր, քանզի հակառակ դեպքում նա կտիրի քեզ: Իսկ վախը, հավատա հին զինվորիս, վատագույն ուղեկիցն է աստվածների նախանշած ճանապարհին, որով քայլում է մարդը:

– Ցավն այն է, որ ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ է գալիս այն գծից անդին, որը մենք «վերջ» ենք անվանում:

– Այդ հարցն անգամ չպետք է առաջանա: Որևէ կապ չեմ տեսնում այդ երկու աշխարհների միջև: Մեկում երջանիկ լինելու համար մյուսում դժբախտ կամ քնած կամ երազներին տրված լինելն ինձ համար իբրև մեծագույն հիմարություն է հնչում: Ես չգիտեմ ինչ է կատարվում ձեր երկրում և ձեր ժամանակներում, բայց ձեր աստվածները ձեզնից հեռացել են: Մարդը աստվածների ծնունդն է, ուստի չի կարող ուժեղ և կատարյալ չլինել ինչպես իրեն ստեղծողը: Որպես արդյունք` դուք ինքներդ թուլացել եք և հեռացել ձեր աստվածներից:

– Եթե մենք իմանայինք, թե ինչ կա մահից այն կողմ…

– Միամտություն է ասածդ, Համլետոս: Ոչինչ էլ չկա: Ա՛յդ մտքով ապրիր: Եվ, հավատա բախտախույզ թափառականիս, այդպես ավելի առաքինի կյանքով կապրես, և անիմաստ հարցերն էլ չեն տանջի քեզ:

– Բայց պատմում են, թե դու իջել ես Հադեսի թագավորությունը…

Ես մի խեթ հայացք նետեցի Հոմերոսի կողմն ու պատասխանեցի.

– Միայն իմ երազներում, բարեկամս, և, միգուցե, տարեգրիս ռապսոդներում:

– Եթե դա վստահորեն իմանայինք, ապա լրիվ այլ կյանքով կապրեինք: Այսպես մեզ միշտ վախն է հետապնդում ու տանջում` զօր ու գիշեր: Խոհեմությունը բոլորիս վախկոտ է դարձնում:

– Ես կասեի` ավելորդ խոհեմությունը: Բաներ կան, որ պիտի անես ու առաջ անցնես: Ավելորդ խոհեմությունը պակաս վտանգավոր չէ, քան դրա իսպառ բացակայությունը:

– Եվ շատ ձեռնարկենր` մեծ ու կարևոր, շեղվում են իրենց հոսանքից ու «գործ» կոչվելու անարժան դառնում…

– Այո, դու ճիշտ ես: Բայց մի բան էլ է քեզ տանջում, եթե սիրտս ինձ չի խաբում:

– Դու շատ խորաթափանց ես, Ոդիսևս: Դժվար է քեզնից որևէ բան թաքցնելը:

– Դե ասա` տեսնեմ:

– Ես կարող էի ինքս Դանեմարքայի տիրակալից վրեժս լուծել սրի մի հարվածով, սակայն զսպեցի ինձ: Թող աստվածները նրանից վրեժս լուծեն:

– Զարմացնում ես ինձ, ո՜վ Համլետոս: Կամ էլ դու իրոք շրջիկ թատրոնի կատակերգու-դերասան ես (թեև ազնվական ծագում եմ կռահում քո մեջ): Այսինք` դու վրեժ լուծելու հնար ես ունեցել և դա չե՞ս արել: Ճի՞շտ հասկացա:

– Այո, ճշմարիտ…

– Եվ սպասում ես, որ քո փոխարեն աստվածնե՞րը վրեժ լուծեն:

– Այո, սպասում եմ…

– Հմմ… Իսկ քեզ ո՞վ է իրավունք տվել քո խղճի բեռն աստվածների ուսերին բարդել, ո՜վ մահկանացու:

– Վախը երևի…

– Ուրեմն` սեփական վախդ ու անճարությունդ աստվածների ու նրանց արդարադատության հետ մի՛ կապիր երբեք: Ավելին ասեմ` նրանք քեզ հնարավորություն են տվել, որ լուծես վրեժդ, իսկ դու վախեցել ես: Ինչի՞ց…

– Ես չեմ ցանկանում մեղքի տակ ընկնել ու դրանով ապրել:

– Դե ուրեմն` ապրիր սեփական ոչնչության և անկարողության զգացողությամբ: Դու աստվածներից բողոքելու բան չունես: Գնա և ինքդ քե՛զ խարազանիր:

– Ես կվերադառնամ Դանեմարքա ու կլուծեմ վրեժս:

– Երևի չի ստացվի: Դու մի կարևոր բան մոռացար. ամեն բան իր ժամանակն ունի: Եվ քո ժամանակն անցել է: Դու արդեն մեռած ես: Դե ասա՛ ինձ, Համլետոս, ինչպիսի՞ն է Հադեսի աշխարհը: Դու հենց ա՛յդ աշխարհում ես հիմա:

– Իսկ իմ սիրելի կնոջը հորդորեցի կուսանոց մտնել…

– Որ քրմուհի՞ դառնա, – հեգնեցի ես:

– Պարզապես, որ ինձ պես սրիկաներ չծնի:

– Դու վերադառնալու բան չունես այլևս: Մեկը, որն իր վրեժը թողնում է աստվածների հաճությանը, իսկ սիրելի կնոջը կուսանոց է ուղարկում, ավելի լավ է մնա այս տարաբախտ կղզում և Հելիոսի ցլերին արածեցնի: Դա է քո վարձը, Համլետոս: Մի՞թե դու չէիր անփորձանք ու խաղաղ կյանքի ձգտում: Իսկ մենք շուտով կլքենք քեզ, որ չխանգարենք քո դժխեմ ու դառնասիրտ մտորումները:

– Եթե միայն իմանայիր, թե ինչքան են ինձ տանջում մտքերս ու երազներս:

– Ջրհոսին պատմիր: Նա ամեն ինչ կքաշի-կտանի միջիցդ: Ես չեմ հասկանում` քեզ ի՞նչ են դասավանդել քո ուսուցիչները դպրոցում: Ցավերդ պիտի հոսող ջրին պատմես: Ամենակարևոր բաները չգիտես…

– Ես գիտեմ, որ պետք է սպասել և հուսալ:

– Սպասել և հուսալ… Մի ամիս առաջ Կիմերիացիներ երկրում երկվորյակ եղբայրների հանդիպեցի: Նրանցից ավագն ինձ մի բան ասաց, որ մտքիցս դուրս չի գալիս: Հադեսի ամենադժնդակ անկյունները նախատեսված են նրանց համար, ովքեր ճակատագրի մեծագույն ցնցումների ժամանակ չեզոքություն են պահպանել: Գործելու պահին սպասելն ու հուսալը առնվազն թուլություն է, Համլետոս:

Լուսաբացին, երբ փչեց բարեբեր Զեփյուռը, մենք լքեցինք Տրինակրիա կղզին ու բաց ծով դուրս եկանք: