ՑՈՒԼ

TAURUS ♉

(21 ապրիլի – 21 մայիսի)

Ազդեցությունը` Լուսին, Վեներա (Արուսյակ)
Խորհրդանիշերը` Թևավոր ցուլ կամ կով
Գույները` Կիտրոնագույն, դեղին, վառ կապույտ, մուգ նարնջագույն, կիտրոնագույն-կանաչ, բոլոր գարնանային գույները
Ծաղիկները` Հովտաշուշան, յասաման
Քարերը` Փիրուզ, շափյուղա, ագաթ, ծիածանաքար, զմրուխտ, էսմերալդ, կանաչ մարմար, նեֆրիտ, կարիսոլ, սպիտակ մարջան
Մետաղը` Պղինձ
Թալիսմանները` Բու, ոսկե ցլիկ
Ոդիսևսի խոսքը` Այս ամենը հետաքրքիր է, բայց անհեթեթ: Ցուլի համաստեղության տակ ծնվածները թող միայն աստվածների կամքին և իրենց ողջամտությանը ապավինեն:

ԵՐԱԶ

Ոդիսևսը երազում Մինոտավրոսին տեսավ` անվերջ լաբիրինթոսի մթին մի անկյունում ծվարած: Ջահի աղոտ լույսից փայլատակեց սուրը, սակայն կատարվեց անսպասելին. Մինոտավրոսը դառնագին հևոց արձակեց ու մարդկային ձայնով դիմեց նրան.

– Դու կանե՞ս այն, ինչ Յասոնը չհամարձակվեց անել: Դու կսպանե՞ս ինձ:

– Ինչի՞ համար, – ակամայից զարմացավ Ոդիսևսը:

– Ես հոգնել եմ… Այս անվերջ լաբիրինթոսում ես ինքս անվերջ եմ ու անմահ: Ես հոգնել եմ, ես իմ մահն եմ փնտրում…

– Դրա համար դու պիտի դուրս գաս լաբիրինթոսից: Այստեղ դու երբեք քո մահը չես գտնի:

– Ես դա գիտեմ, ո՜վ իմաստուն, ես գիտեմ… Բայց ես վախենում եմ: Վախենում եմ լքել այս լաբիրինթոսը: Այստեղ մութ է, բայց ես ինձ ապահով եմ զգում: Վախենում եմ լույսից ու մարդկանցից: Մարդիկ չեն սիրում նրանց, ովքեր տարբերվում են իրենցից: Բայց ես այնքա՜ն եմ հոգնել այս անհոգությունից ու այս մտքերից… Երանի՜ դու սպանեիր ինձ…

Մինոտավրոսին մի կողմ թողնելով` Ոդիսևսը ջահի աղոտ լույսի օգնությամբ տեսնավ կնքված դռների մի շարք: Առաջինի վրա գրված էր «Դավաճանություն», երկրորդի վրա` «Ատելություն», երրորդի վրա` «Արծաթասիրություն»… Հաջորդների վրա գրությունները լղոզված էին: Միայն վերջինի վրա կարդում է «Անմահություն» բառը:

ԵՐԱԶ

Ոդիսևսը երազում տեսավ, որ ինքը քնել ու երազ է տեսնում: Ու երազի երազում նա իրականությունը տեսավ` այն աշխարհը, որում ինքը հանդգնել էր քնել: Ոդիսևսը հասկացավ, որ իրականությունը իր տեսած երազներն են, այսինքն` երազներում ինքը տեսել է իրականությունը, մինչդեռ արթուն վիճակը, որը մարդիկ «իրականություն» են անվանում, արտացոլված մի պատրանք է` ինչ-որ մեկ ուրիշի երազները:

(Գիշերային բվեճի ծղրտոցը ջնջեց երազի բոլոր պատկերները):

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Արկածախնդիր էր Աթենքից եկած այդ երիտասարդը: Անունը Թեսևս էր: Սիրում էր պարծենալ, թե իր հայրը ծովերի տիրակալ Պոսեյդոնն է: Բայց դե ուժերի ծաղկման շրջանում այդ ո՞ր երիտասարդը, այն էլ` մի քիչ գինովցած, չի սիրում ինքն իրեն աստված կամ գոնե կիսաստված համարել: Բայց նա մաքուր սրտով ազնիվ տղա էի, ուստի շուտով մենք լավ ընկերներ դարձանք:

Միգուցե հոր սիրտը շահելու կամ էլ, որ ավելի հավանական է, ինքնահաստատման համար, նա մի վտանգավոր ձեռնարկ մոգոնեց` գնալ Կրետե անունով հեռավոր կղզին, գտնել այնտեղ թաքցրած լաբիրինթոսն ու դրանում պահվող անհաշիվ գանձերը: Այսքան մի բան: Ավելի շուտ պարապությունից և արկածախնդրությունից, քան գանձ գտնելու հույսով, մենք ճամփա ընկանք դեպի Կրետե:

Այդ կղզու տիրակալը Մինոս անունով մի բարի ծերուկ էր: Մեզ տեսնելով` շատ ուրախացավ: Խնդրեց իրեն պատմել մեր կյանքի ամենահետաքրքիր դրվագները: Պիտի տեսնեիք նրա ծիծաղն ու հրճվանքը, երբ Թեսևսը ամազոնուհիների մասին էր պատմում:

– Այսինքն` դրանք այն կանայք են, որոնք նախընտրում են առանց տղամա՞րդ ապրել, – անկեղծորեն զարմացավ Մինոսը:

– Այո, նման մի բան…

– Դե թող ապրեն, – հանգստացավ Մինոսը: – Ես շատ բան եմ տեսել իմ կյանքում, բայց ամենաշատը` մարդկային հիմարություն: Գիտե՞ք, որդյակներ, հիմարությունը եղել, կա և միշտ լինելու է: Բայց ես միշտ ափսոսացել եմ, որ դա գալիս ու կպչում է այն մարդկանց, որոնց համար աստվածները մեծ վիճակ են կանխատեսել: Արդյունքում` մարդը, որ պիտի քաղաք կամ երկիր կառուցեր կամ էլ մի հզոր հարստություն հիմներ, իր օրերն ավարտում է մի անշուք ու ժամանակավրեպ խրճիթ շինելով: Ափսոս, հազա՜ր ափսոս չկայացած հերոսներին:

Օգտվելով առիթից, ես հարցրեցի հռչակավոր թաբիրինթոսի մասին: Մինոսը ժպտաց ու պատասխանեց.

– Մի՞թե կարծում եք, որ ես, իմ բանն ու գործը թողած, պիտի նման մի անհեթեթ ու անիմաստ շինարարություն ձեռնարկեմ ու քամուն տամ իմ ողջ հարստությունը: Ի՞նչ իմաստ ունի քարերից ու շաղախից նսեմ մի բավիղ մոգոնելը, երբ ողջ աշխարհն ինքնին անվերջ ու անսահման թաբիրինթոս է: Դրա համար ոչ պատեր են պետք, ոչ դռներ ու ոչ էլ ինչ-որ առասպելական էակներ:

– Ինչպե՞ս առաջնորդվենք քո նկարագրած թաբիրինթոսում: Դրա համար մեզ առնվազն մի թել է պետք, որ գոնե չմոլորվենք, – գաղտնի ակնարկով դիմեցի ես նրան:

– Ոչ մի թել էլ պետք չէ, – պատասխանես իմաստուն ծերունին: – Այն, ինչ ձեզ պետք է, ձեր ձեռքին է: Ավելորդ բաներ մի վերցրեք` դժվար կլինի քայլելը: Իսկ քո կապած թելի ծայրը լավագույն դեպքում քեզ ընդամենը ետ կբերի քո նախկին տեղը: Միայն կյանքիդ օրերը անիմաստ կվատնես:

Խնջույքի ավարտին Մինոսն ինձ ու Թեսևսին մի կողմ կանչեց ու ասաց.

– Թող ինձ ներեն հավերժական աստվածները, եթե ես նրանց կամքին հակառակ եմ խորհում և արտահայտվում, բայց ձեզ մի բան պիտի ասեմ: Ոչ լաբիրինթոսներ սարքեք ու ոչ էլ ուրիշների սարքած լաբիրինթոսները փնտրեք: Դա ուժերը ջլատող ու ավարտ չունեցող մի զբաղմունք է: Լավ է, երբ այս իմաստությանը կյանքիդ մայրամուտին չես հանգում: Հասկացողը կհասկանա:

Հաջորդ առավոտյան, նախաճաշի ժամին, Մինոսը մեզ ներկայացրեց իր որդուն, որին մեծ գլխի պատճառով պալատում Տավրոս էին անվանում: Բարի սրտով ու ժպտերես մի պատանի էր Տավրոսը: Շուտով մենք ընկերացանք նրա հետ և իր հոր պատվին Մինոտավրոս կոչեցինք: Քրքջում էր մեր նոր ընկերը, երբ Թեսևսը նրան իր աներևակայելի արկածներն էր պատմում:

Հենց այդտեղ էր, որ մեր աչքին երևաց նաև Մինոսը գեղեցկուհի դուստրը` Արիադնե անունով: Բնականաբար բոլորս անմիջապես սիրահարվեցինք նրան, քանզի կախարդուհու պես դյութել գիտեր նա: Երևի մեր Թեսևսն էլ կընկներ այդ ուռկանը, եթե ես նրան չհիշեցնեի իմաստուն ծերունու հորդորը` զերծ մնալ գայթակղություններից:

– Իսկ եթե սա իմ բա՞խտն է, – փորձեց ընդվզել Թեսևսը:

– Քո բախտը հենց դու ես, Թեսևս: Ինչ վերցնես կյանքից` այն էլ քո բախտը կդառնա: Աշխատիր վերցնել այն, ինչ քոնն է: Գնա՛ լողացի՛ր աղբյուրի սառը ջրերում, որ գինին ու գայթակղությունը հեռանան քեզնից: Ու մտածի՛ր: Ծերուկ Մինոսը հիմար չէ և հիմար խորհուրդ չէր տա քեզ:

– Բայց ես սիրում եմ նրան, Ոդիսևս: Հասկանու՞մ ես: Սիրու՜մ եմ…

– Ոչինչ, ուրիշին կսիրես: 

– Իսկ դու կարո՞ղ էիր Պենելոպեի փոխարեն ուրիշին սիրել:

– Անկեղծ ասած` երբեք չեմ մտածել դրա մասին:

– Իսկ դու ինչու՞ ես վստահ, որ Արիադնեն իմը չէ:

– Որովհետև խելքդ այդքան է: Քեզ մեծ գործեր են սպասում: Մի՛ նսեմացիր ու մի՛ մանրացիր:

Սառը ջուրն արեց իր գործը: Թեսևսը հրաժարվեց Արիադնեից: Աղջիկն ի վերջո բաժին ընկավ Դիոնիսոս անունով մի գինեգործ վաճառականի, և, որքան հնարավոր էր դատել նրան չլքող ժպիտից ու երեխաների առատությունից, երջանիկ կյանքի արժանացավ` հուրախություն իր ծնողների:

Իսկ մենք շուտով սկսեցինք ճամփի պատրաստություն տեսնել: Այդ պահին Մինոտավրոսը մոտեցավ և ցանկություն հայտնեց միանալ մեզ: Նախապես ստանալով նրա հոր համաձայնությունն ու օրհնանքն, մենք մեզ հետ առանք թոթովախոս պատանուն, քանզի մեզ էլ հաճելի էր նրա ընկերակցությունը: Հայրը ցանկանում էր, որ որդին առնականություն ձեռք բերի, և մեզ պես ընկերների հետ նա պարզապես դատապարտված էր դրան:

Իսկ Թեսևսն այդպիսին էլ մնաց` երբեմն արկածախնդիր, երբեմն էլ`հուսահատության աստիճան ամբարտավան: Մարաթոնի կողմերում մի ամեհի ցուլ բռնեց ու այն զոհաբերեց Զևսին: Հետո առևանգեց գեղեցկուհի Հեղինեին ու Արկադիայի լեռները տարավ: Եվ երևի ինքն էլ չհասկացավ, թե ինչ փորձանքից պրծավ, երբ Հեղինեի եղբայրները եկան Սպարտա, գտան իրենց քրոջն ու ետ տարան նրան: Մասնակցեց ինչ-որ անիմաստ կռիվների: Հետո միացավ յոլքոսցի Յասոնին և թեսալացի Արմենոսի ուղեկցությամբ վիշապապաշտների Կողքիս երկիրը հասավ` Ոսկեգեղմը բերելու: Որքան ինձ է հայտնի` ի վերջո բերեցին, սակայն այդպես էլ չհասկացան, թե ինչի համար: Ասում են` այն անօգուտ գցված է դռան շեմին, որ ներս մտնողները սրբեն իրենց ոտքերը:

Այսքանը թող բավական լինի Ցուլի, Մինոսի, ցլագլուխ պատանու, նրա քրոջ, Կրետեի մտացածին լաբիրինթոսի և աթենացի ընկերոջս մասին: Մնացածը թող Հոմերոսն ու նրա գրչընկեր Պլուտարքոսը պատմեն: